ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» սեպտեմբեր 2025 թ.

N 126-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նյարդավիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

18.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի սեպտեմբեր «18»-ի

թիվ 126-Ն հրամանի

 

ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նյարդավիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն նյարդավիրաբուժություն (մեծահասակների և մանկական) մասնագիտությամբ ստացիոնար հիվանդանոցային պայմաններում՝ մասնագիտացված բաժանմունքներում կամ վիրաբուժական բաժանմունքների նյարդավիրաբուժության ծառայության շրջանակներում։

2. Նյարդավիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում բուժական գործ մասնագիտությամբ և հետդիպլոմային կրթություն նյարդավիրաբուժություն (մանկական և մեծահասակների) մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Նյարդավիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Նյարդավիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության նյարդավիրաբույժ.

2) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական նյարդավիրաբույժ.

3) Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ.

4) Նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. նյարդավիրաբույժը պետք `

1) Իմանա մեծահասակների և մանկական կենտրոնական նյարդային համակարգի անատոմիա, տոպանատմիա և վիրաբուժական անատոմիա.

2) Իմանա նեյրոռադիոլոգիա (նաև՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների ծավալով).

3) Կարողանա նախնական (մինչև ռադիոլոգի վերջնական պաշտոնական պատասխանը)`

ա. մեկնաբանել գլխուղեղի, ողնաշարի, ողնուղեղի, դեմքի, պարանոցի, ինչպես նաև ծայրամասային նյարդային համակարգի ռենտգեն հետազոտությունների, մագնիսա-ռեզոնանսային, համակարգչային շերտագրությունների արդյունքները.

բ. կատարել գլխուղեղի և ողնուղեղի անգիոգրաֆիական հետազոտություններ և մեկնաբանել ստացված արդյունքները.

4) Ունենա ապացուցողական բժշկության վրա հիմնված գիտելիքներ (նաև՝ հնարավոր շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների վերաբերյալ), որոնք թույլ կտան ժամանակին կողմնորոշվել անհրաժեշտ նախնական հետազոտության, էթիոլոգիայի և բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ.

5) Կարողանա ուղղորդել նեղ մասնագետի մոտ անհրաժեշտ խորհրդատվության՝ ախտորոշումը ճշտելու, ժամանակին բուժօգնություն տրամադրելու նպատակով, հետևյալ հիվանդությունների դեպքում.

ա. սուբարախնոիդալ (ներուղեղային, ներփորոքային) արնազեղում.

բ. իշեմիկ կաթված.

գ. սուր հիդրոցեֆալիա.

դ. սուր սուբդուրալ (էպիդուրալ) հեմատոմա.

ե. գանգոսկրի և ողնաշարի ներհրված (նյարդային) կառուցվածքն անմիջական վնասող կոտրվածքներ.

զ. նյարդային կառուցվածքի տրավմատիկ վնասում.

է. ցնցում:

6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. նյարդավիրաբույժը պետք է`

1) Ունենա ապացուցողական բժշկությանը վերաբերող ինֆորմացիայի կիրառման հմտություններ (ինֆորմացիայի հավաստի աղբյուրներ, կատարված հետազոտությունների որակի գնահատման պարամետրեր).

2) Կարողանա կատարել հիմնական նյարդավիրաբուժական վիրահատություններ, (բացի խիստ նեղ մասնագիտական հմտություններ պահանջող հիվանդություններից), մակերեսային տեղակայված ծավալային նորագոյացությունների (հեմատոմայի) ինֆեկցիայի աղբյուրների հեռացում.

3) Կարողանա իրականացնել հիմնական նյարդավիրաբուժական միջամտություններ (տվյալ կենտրոնի բաժանմունքի հնարավորության սահմաններում, հակառակ դեպքում հիվանդին ուղղորդել համապատասխան մասնագիտացված կենտրոններ)`

ա. կրանիոպլաստիկա.

բ. լամինոպլաստիկա.

գ. վերտեբրոպլաստիկա (կիֆոպլաստիկա).

դ. սպոնդիլոդեզ.

ե. ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ.

4) Կարողանա իրականացնել վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորում.

5) Կարողանա իրականացնել ցերեբրալ կամ սպինալ անգիոգրաֆիա. (էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն) (համապատասխան մասնագիտացում անցնելուց հետո).

6) Կարողանա իրականացնել դեկոմպրեսիոն կրանիէկտոմիա (լամինէկտոմիա). 

արտաքին փորոքային (գոտկային) դրենավորում.

7) Կարողանա կատարել խորանիստ տեղակայման ծավալային նորագոյացությունների, հեմատոմաների, ինֆեկցիայի աղբյուրների թարախաօջախային և թարախաբորբոքային հեռացում, այն է.

ա. IV փորոք, III փորոք, կողմնային փորոքներ (համապատասխան մասնագիտացում անցնելուց հետո).

բ․ պինեալ շրջան.

գ․ խիազմալ-սելյալ շրջան.

դ․ ուղեղիկ-կամրջային անկյուն.

ե. ուղեղաբուն.

զ. սֆենոիդ թև.

է. օլֆակտոր ակոս.

ը. մակերեսից տարածում դեպի բազալ հանգույց (թալամուս), բրտամարմին.

թ. պետրո-կլիվալ շրջան.

ժ. ներողնուղեղային հատված.

8) Կարողանա կատարել ռեկոնստրուկտիվ և դեկոնստրուկտիվ միջամտություններ (առնվազն մեկը) (համապատասխան մասնագիտացում անցնելուց հետո).

ա. մեխանիկական թրոմբէկտոմիա (էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն).

բ. զարկերակի ստենտավորում և բալոն-անգիոպլաստիկա (էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն).

գ. զարկերակային անևրիզմի ներանոթային օբլիտերացիա (էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն).

դ. գլխուղեղի զարկերակ-երակային մալֆորմացիայի (ֆիստուլայի) ներանոթային օբլիտերացիա (էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն).

ե. ողնուղեղի զարկերակ-երակային մալֆորմացիայի (ֆիստուլայի) ներանոթային օբլիտերացիա (էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն).

զ. զարկերակ-զարկերակային բերանակցում.

է. զարկերակային անևրիզմի կլիպավորում.

ը. էպիլեպսիայի (նեյրոդեգեներատիվ ) ախտահարումների վիրաբուժություն.

9) Կարողանա կատարել խորանիստ տեղակայման ծավալային նորագոյացությունների հեռացում.

ա. խիազմալ-սելյալ շրջան.

բ. պինեալ շրջան.

գ. պետրո-կլիվալ շրջան.

դ. ուղեղաբուն.

ե. փորոքային համակարգ.

զ. ներողնուղեղային հատված.

10) Մանկական նյարդավիրաբուժությունում կարողանա`

ա. իրականացնել հիմնական նյարդավիրաբուժական վիրահատությունների տեսակները.

բ. իրականացնել միջամտություններ կենտրոնական նյարդային համակարգի զարգացման արատների դեպքում (կրանիոսինոստոզներ, հիդրոցեֆալիա, բաց և փակ սպինալ դիսռաֆիզմ և այլն).

գ. իրականացնել նեյրոէնդոսկոպիկ միջամտություններ.

դ. կատարել էպիլեպսիայի (նեյրոդեգեներատիվ) ախտահարումների վիրաբուժություն.

ե. նեոնատալ նյարդավիրաբուժություն:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Նյարդավիրաբույժը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. նյարդավիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. նյարդավիրաբույժը պետք է կարողանա`

1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր.

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

5) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին՝ իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Նյարդավիրաբույժը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7. ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են նյարդավիրաբույժի վրա։

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ (ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բժշկական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական
միջամտություն

Կոմպետենտության
աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

3

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական: