ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 ապրիլի 2016 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ հետևյալ միջազգային պայմանագրերի նախագծերին (կցվում են), և դրանք ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցման համար։
Համաձայնագիր «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում կիրառելու առանձնահատկությունների մասին.
Արձանագրություն «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին.
Արձանագրություն 2010 թվականի մայիսի 21-ի ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի հունիսի 1-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի նախագծերի ներպետական համաձայնեցման արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում կիրառելու առանձնահատկությունների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա,
ընդունելով անդամ պետությունների տնտեսական ինտեգրման զարգացման անհրաժեշտությունը,
հաշվի առնելով միջազգային առևտրի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,
ղեկավարվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման անհրաժեշտությունը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ դրա փոխգործակցության հնարավորությունն իրագործելու նպատակով,
ընդունելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման համակարգի զարգացման անհրաժեշտությունը, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Նպատակները
Սույն համաձայնագրի նպատակներն են՝
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման համակարգը կատարելագործելը.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու կարգը պարզեցնելը.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործառնություններն արագացնելն ու պարզեցնելը:
Հոդված 2
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրով սահմանվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում կիրառելու առանձնահատկությունները:
Հոդված 3
Սահմանումները
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում»՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, որը տրամադրվում է մի քանի տարանցման գործառնություններ կատարելու համար.
«մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկանգամյա ապահովում»՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, որը տրամադրվում է մեկ տարանցման գործառնություն կատարելու համար.
«տարանցման գործառնություն»՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրում՝ տարանցիկ փոխադրման մեկ հայտարարագրի օգտագործմամբ:
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են այն իմաստներով, որոնք ներկայացված են Մաքսային միության մաքսային օրենսգրքում և Միության մասին պայմանագրում:
Հոդված 4
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում կիրառելու ընդհանուր պայմանները
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտականության կատարումն ապահովելու նպատակով տրամադրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկանգամյա ապահովում կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում:
Մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկանգամյա ապահովումը տրամադրվում է ուղարկող մաքսային մարմնին կամ նշանակման մաքսային մարմնին:
Մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովումը տրամադրվում է ուղարկող մաքսային մարմնին կամ նշանակման մաքսային մարմնին կամ այն անդամ պետության այլ մաքսային մարմնի, որի տարածքում գտնվում է ուղարկող մաքսային մարմինը կամ նշանակման մաքսային մարմինը, և որը սահմանված է այդ պետության օրենսդրությամբ:
2. Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվելու է մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է այն անդամ պետության մաքսային մարմնին, որտեղ գտնվում է նշանակման մաքսային մարմինը, ապա կիրառվում է մաքսային փաստաթուղթ՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հավաստագիր (այսուհետ՝ ապահովման հավաստագիր), որով հավաստվում է մաքսային մարմնին այդպիսի ապահովման տրամադրումը:
Եթե «մաքսային տարանցում» ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվելու է այն մաքսային մարմնի կողմից, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը, ապա թույլատրվում է ապահովման հավաստագրի կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը հաստատող այլ փաստաթղթի կիրառումը, որի ձևը և օգտագործման կարգը սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ:
3. Ապահովման հավաստագիրը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
Ապահովման հավաստագիրը թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ձևակերպելը թույլատրվում է անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ մաքսային մարմինը ապահովման հավաստագրի տրամադրումն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով չի կարող ապահովել՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների («Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի, հեռահաղորդակցության ցանցերի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով:
4. Ապահովման հավաստագրում պարունակվող տեղեկությունների կազմը, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հավաստագրի ձևաչափն ու կառուցվածքը, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ապահովման հավաստագրի ձևը, ապահովման հավաստագիրը լրացնելու կարգը, ապահովման հավաստագիրն օգտագործելու կարգը, այդ թվում՝ դրա գործողության ժամկետը սահմանելու կարգը, այն մաքսային մարմին ներկայացնելու, գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ հայտարարելու, գործողությունը դադարեցնելու (մարելու) կարգը (այդ թվում՝ ապահովման հավաստագրի գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ հայտարարելու, գործողությունը դադարեցնելու (մարելու) հիմքերը), ինչպես նաև ապահովման հավաստագրի կիրառմամբ մաքսային գործառնություններ կատարելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
5. Ապահովման հավաստագիրը ձևակերպվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրած անձի կողմից սահմանված գումարի չափով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար տրամադրված ապահովման սահմաններում, բացառությամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում օգտագործելիս պարզեցված ընթացակարգեր կիրառելու դեպքերի՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան :
Բոլոր գրանցված ու չմարված ապահովման հավաստագրերի ընդհանուր գումարի նկատմամբ հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ այն մաքսային մարմնի կողմից, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը:
6. Մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկանգամյա ապահովում օգտագործելու դեպքում մեկ տարանցման գործառնության համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը հավաստվում է մեկ կամ մի քանի ապահովման հավաստագրերով:
Մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում օգտագործելու դեպքում մի քանի մաքսային գործառնությունների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կարող է հավաստվել ապահովման մեկ հավաստագրով:
7. Մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկանգամյա ապահովում օգտագործելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի համար որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրման հավաստում են հանդիսանում՝
էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագիրը, որը գրանցված է մաքսային մարմնի կողմից և ստացվել է ուղարկող մաքսային մարմնի կողմից՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ.
թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ձևակերպված ու մաքսային մարմնի կողմից գրանցված ապահովման հավաստագիրը և այդ ապահովման հավաստագրի վերաբերյալ ու այդ ապահովման հավաստագրից տեղեկությունները, որոնք ուղարկող մաքսային մարմինն ստացել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ:
8. Մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում օգտագործելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի համար որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրման հավաստում են հանդիսանում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագիրը և մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարի պահուստավորման վերաբերյալ տեղեկությունները, որոնք ուղարկող մաքսային մարմինն ստացել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ.
Ապահովման հավաստագիրը գրանցած մաքսային մարմինը տարանցման գործառնության համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը պահուստավորում, ապապահուստավորում է մաքսատուրքերի, հարկերի վճարման համար տրամադրված ապահովման գումարից:
Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարների պահուստավորման, ապապահուստավորման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
9. Ուղարկող մաքսային մարմինը որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու հավաստում չի ընդունում այն ապահովման հավաստագիրը, որի վերաբերյալ տեղեկությունները հայտագրված են տարանցիկ փոխադրման հայտարարագրում, եթե՝
տարանցիկ փոխադրման հայտարարագիր ներկայացնելու պահին լրացել է ապահովման հավաստագրի գործողության ժամկետը.
էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրում նշված տեղեկությունները կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրի վերաբերյալ և (կամ) ապահովման այդ հավաստագրից տեղեկությունները, որոնք ներառված են մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում, չեն համապատասխանում տարանցիկ փոխադրման հայտարարագրում նշված տեղեկություններին.
ուղարկող մաքսային մարմինը չի ստացել սույն հոդվածի 7-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված՝ ապահովման հավաստագրի վերաբերյալ և (կամ) ապահովման հավաստագրից տեղեկությունները՝ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագիր կիրառելիս:
Հոդված 5
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում օգտագործելիս կիրառվող պարզեցված ընթացակարգերը
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում օգտագործելիս կարող են կիրառվել այնպիսի պարզեցված ընթացակարգեր, որոնցով նախատեսվում է ապահովման հավաստագրի (հավաստագրերի) ձևակերպման հնարավորություն այն ընդհանուր գումարի չափով, որը մաքսատուրքերի, հարկերի վճարման համար տրամադրված համալիր ապահովման չափը գերազանցում է՝
ա) 20 տոկոսով՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում.
բ) 30 տոկոսով՝ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում.
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են, եթե պահպանվում են հետևյալ պայմանները՝
ա) այդ պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձ է, որի մաքսային մարմին ներկայացվել է սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը.
բ) այդ պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձը սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը ներկայացնելուն նախորդող 2 տարվա ընթացքում պարբերաբար (ամիսն առնվազն 4 անգամ) հանդես է գալիս որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտարարատու՝ օգտագործելով մաքսատուրքերի, հարկերի վճարման համալիր ապահովում.
գ) այդ պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձը սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ չունի սահմանված ժամկետում չկատարված պարտականություն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման գծով, ինչպես նաև չկան փաստեր մաքսատուրքերի, հարկերի վճարման համար տրամադրված համալիր ապահովման վրա մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու մասին.
դ) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող պայմանները պահպանելու դեպքում:
4. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձը դիմում է ուղարկում մաքսային մարմին:
Դիմումի ձևը, դրանում նշվող տեղեկությունների ցանկը, դրա ուսումնասիրման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառելու վերաբերյալ որոշում ընդունելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Սույն հոդվածի 2-րդ կետով կամ 3-րդ կետով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում մաքսային մարմինն որոշում է ընդունում սույն հոդվածի 1-ին կետի համապատասխանաբար «ա» ենթակետով կամ «բ» ենթակետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառելու վերաբերյալ:
5. Մաքսատուրքերի, հարկերի վճարման համար տրամադրված համալիր ապահովման վրա մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցվում է այդպիսի բռնագանձում տարածելու օրվանից: Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարզեցված ընթացակարգերի կիրառումը վերսկսվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտականությունը դադարելուց հետո 3 ամիսը լրանալուց հետո:
Հոդված 6
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ երաշխավորության կիրառման առանձնահատկությունները
1. Տարանցման գործառնություններ կատարելիս որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման միջոց երաշխավորություն օգտագործելու դեպքում երաշխավորը, որը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան ճանաչվել է որպես ազգային՝ երաշխիք տված անձ, կարող է կիրառել պարզեցված ընթացակարգեր այն մասով, որով մաքսային մարմինների առջև իր պարտավորությունների պատշաճ կատարման համար տրված երաշխիքի նկատմամբ երաշխավորի՝ երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների չափը գերազանցում է՝
ա) երաշխավորին որպես ազգային՝ երաշխիք տված անձ ճանաչելու օրվա դրությամբ տրամադրված երաշխիքի չափի 20 տոկոսը.
բ) երաշխավորին որպես ազգային՝ երաշխիք տված անձ ճանաչելու օրվանից 3 տարին լրանալուց հետո տրամադրված երաշխիքի չափի 50 տոկոսը.
գ) երաշխավորին որպես ազգային՝ երաշխիք տված անձ ճանաչելու օրվանից 5 տարին լրանալուց հետո տրամադրված երաշխիքի չափի 100 տոկոսը:
2. Երաշխավորը ճանաչվում է որպես ազգային՝ երաշխիք տված անձ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
ա) երաշխավորը անդամ պետության իրավաբանական անձ է.
բ) մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումի գրանցման օրվա դրությամբ երաշխավորի և այն անդամ պետության մաքսային մարմնի միջև գործող երաշխավորության պայմանագրի առկայություն, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է երաշխավոր հանդիսացող իրավաբանական անձը.
գ) մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումի գրանցման օրվա դրությամբ սահմանված ժամկետում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման գծով չկատարված պարտականության բացակայություն, ինչպես նաև մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի վրա մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում տարածելու փաստերի բացակայություն.
դ) մինչև մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումի գրանցման օրը 3 օրացուցային տարվա ընթացքում տարանցման գործառնություններ կատարելիս երաշխավորության տրամադրում՝ մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների՝ սահմանված ժամկետում պատշաճ կատարման համար բանկային երաշխիքի և (կամ) դրամական միջոցների (փողերի) տեսքով երաշխիքի պայմանով.
ե) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման համար երաշխիքի տրամադրում՝ բանկային երաշխիքի և (կամ) դրամական միջոցների (փողերի) տեսքով.
զ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման համար երաշխիքը տրվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարի չափով, սակայն 5 մլն եվրոյին համարժեք գումարից ոչ պակաս՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ երաշխավորության պայմանագիրը կնքելու կամ այդ պայմանագրում փոփոխություններ կատարելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
է) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայությունը.
ը) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):
3. Ազգային՝ երաշխիք տված անձ ճանաչվելու և սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառելու համար երաշխավորն իրեն ազգային՝ երաշխիք տված անձ ճանաչելու և կնքված երաշխավորության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին դիմումն ուղարկում է այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը:
Սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող ազգային՝ երաշխիք տված անձը կնքված երաշխավորության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին դիմումն ուղարկում է այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը:
Դիմումի ձևը, դրանում նշվող տեղեկությունների ցանկը, դրա ուսումնասիրման կարգը, ինչպես նաև երաշխավորին որպես ազգային` երաշխիք տված անձ ճանաչելու և (կամ) սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառելու վերաբերյալ որոշում ընդունելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Մաքսային մարմնի և ազգային՝ երաշխիք տված անձի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը պետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնց համաձայն սահմանված ժամկետներում երաշխավորության պայմանագրին համապատասխան ստանձնած պարտավորությունները ազգային՝ երաշխիք տված անձի կողմից չկատարվելու դեպքում ազգային՝ երաշխիք տված անձը պարտավոր է իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար լրացուցիչ երաշխիքներ տրամադրել՝ երաշխավորության պայմանագրին համապատասխան սահմանված պարտավորությունների չափով: Մինչև ազգային՝ երաշխիք տված անձի կողմից իր պարտավորությունների կատարման համար լրացուցիչ երաշխիքներ տալը՝ մաքսային մարմինները գրանցման համար ընդունում են ապահովման այնպիսի հավաստագրեր, որոնց ընդհանուր գումարը՝ ավելի վաղ գրանցված և չմարված ապահովման հավաստագրերի հաշվառմամբ, չի գերազանցում մաքսային մարմինների առջև պարտավորությունների պատշաճ կատարման համար այդ ազգային՝ երաշխիք տված անձի կողմից տրամադրված երաշխիքը:
Ազգային՝ երաշխիք տված անձի կողմից երաշխավորության պայմանագրին համապատասխան ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը չեն կիրառվում՝ մինչև երաշխավորության պայմանագրին համապատասխան պարտավորությունները կատարելուց և (կամ) դադարելուց հետո 3 ամիսը լրանալը:
Այն ժամկետը, որի ընթացքում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը չեն կիրառվում սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, չի ներառվում սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ժամկետի մեջ:
5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել ազգային՝ երաշխիք տված անձանց կողմից երաշխիքային հիմնադրամի ստեղծում, որի միջոցները կարող են օգտագործվել բացառապես Մաքսային միության մաքսային օրենսգրքի 227-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը վրա հասնելու դեպքում դրանց բռնագանձման նպատակով: Երաշխիքային հիմնադրամ ստեղծելու կարգը, ինչպես նաև երաշխիքային հիմնադրամի միջոցների հաշվին մաքսատուրքեր, հարկեր բռնագանձելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
6. Մաքսային մարմիններն ապահովում են ազգային՝ երաշխիք տված անձանց ցուցակների հրապարակումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, մաքսային մարմինների պաշտոնական կայքերում:
Հոդված 7
Մաքսային մարմինների փոխգործակցությունը
Սույն համաձայնագրի իրագործման նպատակով՝ մաքսային մարմինները փոխանակում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրերը, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ձևակերպված՝ գրանցված ապահովման հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունները և դրանց մեջ նշված տեղեկությունները, ինչպես նաև գործողությունը դադարեցված ապահովման հավաստագրերի վերաբերյալ (մարված հավաստագրերի վերաբերյալ) տեղեկատվությունը, ապահովման հավաստագրերը չօգտագործելու, ապահովման հավաստագրի գրանցումը մերժելու, ապահովման հավաստագրի գրանցումը չեղյալ հայտարարելու, ապահովման հավաստագրի գործողությունը դադարեցնելու (մարելու) հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը:
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում տեղեկատվության ցանկը, էլեկտրոնային փաստաթղթերի ձևաչափը և կառուցվածքը, էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
Հոդված 8
Անցումային դրույթներ
1. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ապահովման հավաստագիրը կարող է ձևակերպվել թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով՝ անկախ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերից:
2. Սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի դրույթները կիրառվում են 2020 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի դրույթները Ղազախստանի Հանրապետությունում կիրառվում են 2020 թվականի հունվարի 1-ից:
Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի նվազագույն չափը, որը նախատեսված է սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով, սահմանվում է այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Այն դեպքում, երբ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսային մարմնի և Բելառուսի Հանրապետությունում գրանցված ու սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող երաշխավորի միջև կնքված պայմանագրին համապատասխան նախատեսված է պարզեցված ընթացակարգերի՝ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծավալի համեմատ ավելի մեծ ծավալ՝ մաքսային մարմինների առջև իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար տրամադրված երաշխիքի նկատմամբ երաշխավորի պարտավորությունների չափը գերազանցող մասով, ապա կիրառվում են այդ պայմանագրով նախատեսված պարզեցված ընթացակարգերը:
Հոդված 9
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, որոնք անհրաժեշտ են, որ ուժի մեջ մտնեն՝
«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 20 թվականի -ին ստորագրված արձանագրությունը.
2010 թվականի մայիսի 21-ի ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 20 թվականի -ին ստորագրված արձանագրությունը.
սույն համաձայնագիրը:
2. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Միության մասին պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Կատարված է _________ քաղաքում, 20__ թվականի _______ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման կիրառումը կատարելագործելու նպատակով,
«Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 4-րդ հոդվածին համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանագրի 2-րդ հոդվածում կատարել փոփոխություններ՝ այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 2
Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով։»։
Հոդված 2
Պայմանագրի անբաժանելի մասը կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքում կատարել փոփոխություններ՝ սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող Արձանագրության հավելվածի համաձայն։
Հոդված 3
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Կատարված է _________ քաղաքում, 20__ թվականի _______ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
|
ՀԱՎԵԼՎԱԾ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության մաքսային օրենսգրքում կատարվող
1. 85-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կատարվում է մաքսատուրքեր, հարկեր վճարողի կողմից՝ բացառությամբ սույն կետի երկրորդ մասով սահմանված դեպքի։
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կատարվում է մաքսատուրքեր, հարկեր վճարողի և (կամ) բեռնառաքողի կողմից կամ վճարողի փոխարեն մեկ այլ անձի կողմից, եթե այդ անձն իրավունք ունի տիրապետելու, օգտվելու և (կամ) տնօրինելու այն ապրանքները, որոնց մասով կատարվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ։»․
բ) 5-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայանագրին համապատասխան։»։
2. 86–րդ հոդվածի 4–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման եղանակները կիրառելու կարգը, մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու օրը, ինչպես նաև այն արժույթը, որով տրամադրվում է ապահովումը, սահմանվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնին տրամադրվում է ապահովումը, եթե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրով այլ բան սահմանված չէ։»։
3. 87–րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 87. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ընդհանուր ապահովումը
1. Այն դեպքում, երբ միևնույն անձի կողմից որոշակի ժամանակահատվածում կատարվում է մի քանի մաքսային գործառնություն, մաքսային բոլոր այդպիսի գործառնությունները կատարելու դեպքում առաջացող՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարումն ապահովելու համար կարող է տրամադրվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովում հետևյալ դեպքերից ցանկացածի ժամանակ՝
բոլոր մաքսային գործառնությունները կատարվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է ընդհանուր ապահովումը.
մաքսային գործառնությունները կատարվում են Եվրասիական տնտեսական միության մի քանի անդամ պետությունների տարածքներում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման դեպքում։
Մաքսային մարմիններն ընդունում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ընդհանուր ապահովումը, եթե այդպիսի ընդհանուր ապահովման հաշվին սույն Օրենսգրքի 93-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում իրականացնող ցանկացած մաքսային մարմնի կողմից կարող են բռնագանձվել այն մաքսատուրքերը, հարկերը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվել է այդպիսի ընդհանուր ապահովմամբ։
2. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ընդհանուր ապահովում կիրառելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, մինչդեռ այդպիսի միջազգային պայմանագրով չկարգավորվող մասով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ։»։
4. 88–րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը որոշվում է՝ ելնելով այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը, եթե տարանցման հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի չառնելով համապատասխանաբար սակագնային առանձնաշնորհումները և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունները կամ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները, բայց ոչ պակաս այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններում, որոնց տարածքներով, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, իրականացվելու է ապրանքների փոխադրումն այնպես, եթե ապրանքը Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետությունների տարածքներում ձևակերպվեր «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի չառնելով համապատասխանաբար սակագնային առանձնաշնորհումները և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունները կամ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունները:»։
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
«Տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմանն առնչվող որոշ հարցերի, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և գանձված գումարների փոխանցումների կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13–րդ հոդվածին համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին հոդվածում «այն փաստաթղթերի ձևը, լրացնելու և ներկայացնելու կարգը, որոնցով հաստատվում է Մաքսային միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունելու փաստը» բառերը հանել.
բ) 2-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապահովման հավաստագիր՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները փոխադրելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրով.».
գ) 3-րդ և 4-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել.
դ) 5-րդ հոդվածում «Հավաստագրում» բառերը փոխարինել «ապահովման հավաստագրում» բառերով.
ե) 6-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել.
զ) 8-րդ հոդվածում «Հավաստագրի» բառը փոխարինել «ապահովման հավաստագրի» բառերով.
է) 10–րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10
Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով Կողմերի մաքսային մարմինները փոխանակում են՝
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարները փոխանցելու մասին տեղեկություններ.
այլ տեղեկություններ՝ կենտրոնական մաքսային մարմինների համաձայնեցմամբ։
Սույն հոդվածում նշված տեղեկությունների փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ կենտրոնական մաքսային մարմինների միջոցով։
Տեղեկությունների կազմը, կառուցվածքը, ձևաչափն ու դրանց փոխանակման մասին կանոնակարգը, այդ տեղեկությունների պաշտպանության եղանակները սահմանվում են կենտրոնական մաքսային մարմինների կողմից՝ ըստ համաձայնեցման։».
ը) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 12
Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:»․
թ) Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածները ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, սակայն «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում
փոփոխություններ կատարելու մասին 20_ թվականի ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Կատարված է _________քաղաքում, 20__ թվականի _______ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |