ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 մարտի 2016 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և ներպետական համաձայնեցման նպատակով այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի մայիսի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված՝ Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքների մասին:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ՝
ղեկավարվելով 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» պայմանագրով (այսուհետ՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագիր) և հաշվի առնելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 99-րդ հոդվածը,
ընդունելով տեղեկատվության և տեղեկությունների ժամանակին փոխանակման անհրաժեշտությունը՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների օգտագործումը թույլ չտալու նպատակով,
հիմնվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի վրա,
որպես համարժեք և համապատասխան ճանաչելով տեղեկատվության գաղտնիության պաշտպանության՝ անդամ պետությունների կողմից կիրառվող միջոցները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
Հոդված 2
1. Անդամ պետությունները սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված մարմինների միջոցով իրականացնում են փոխգործակցություն և տեղեկատվության փոխանակում (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով:
2. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում՝ «Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների հայտարարագիր» լրացուցիչ ձևում հայտագրված տեղեկությունները ներկայացնելու միջոցով:
Հոդված 3
Անդամ պետությունը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազան ձևավորելու և դրանում ներառված տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմին (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմին) և, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 1 ամսվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է մյուս անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Անդամ պետությունը տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմնի փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է մյուս անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Հոդված 4
1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ըստ տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմինների հարցումների՝ գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (հարցումներին և պատասխաններին կցելով ռուսերեն թարգմանությունը):
2. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումը ձևակերպվում է գրավոր, ստորագրվում տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից, և պարունակում է՝
ա) հարցում ներկայացնող մարմնի անվանումը,
բ) հարցում ստացող մարմնի անվանումը,
գ) հղում սույն Համաձայնագրին,
դ) հարցում ներկայացնելու հիմքերը,
ե) հարցման էության համառոտ նկարագիրը,
զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը,
է) ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որոնց համար ներկայացվում է տեղեկատվության հարցումը,
ը) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
3. Հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացող մարմնի կողմից այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը: Ավելի կարճ ժամկետում հարցումը կատարելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ նշելով հարցումը կատարելու հիմքը և ցանկալի ժամկետը։
Շտապ հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացող մարմնի կողմից այն ստանալու օրվանից 10 օրացուցային օրը:
Այն դեպքում, երբ հարցումը կատարելու համար հարցում ստացող մարմնին լրացուցիչ տեղեկատվություն է անհրաժեշտ հարցում ներկայացնող մարմնից, հարցումը կատարելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով:
Սույն կետով նախատեսված ժամկետներում հարցումը մասնակի կամ ամբողջությամբ կատարելու անհնարինության դեպքում հարցում ստացող մարմինը տեղեկացնում է հարցում ներկայացնող մարմնին հարցումը կատարելու ենթադրվող ժամկետի վերաբերյալ:
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման կատարումը մերժվում է, եթե՝
ա) հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին,
բ) հարցում ներկայացնող մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը հարցում ստացած մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրելու մասին իրեն հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում,
գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացող մարմնից անկախ պատճառներով:
2. Հարցման կատարումը մերժելու՝ սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում հարցում ներկայացնող մարմինը դրա մասին ծանուցվում է գրավոր՝ հարցում ստացող մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է և առանց նման տեղեկատվությունը տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, չի կարող օգտագործվել այն նպատակներից բացի այլ նպատակներով, որոնց համար այն հարցվել և ներկայացվել է:
Տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմինները ձեռնարկում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և ոչնչացմանն ուղղված միջոցներ՝ իրենց անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 7
Անդամ պետությունների կողմից սույն Համաձայնագրի և 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրի դրույթների իրագործման դիտանցում իրականացնելու համար Եվրասիական տնտեսական միությունն իրավունք ունի պահանջելու տեղեկատվություն տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմինների կողմից կատարված հարցումների թվի, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու փաստերի թվի, ինչպես նաև այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերաբերյալ կայացված որոշումների մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում դիտանցման արդյունքների մասին տեղեկացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդին:
Հոդված 8
Այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, որոնց առարկան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն են, իրականացվում է անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 10
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում։
Կատարված է ________ քաղաքում, 20_____ թվականի ________ «________»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ղրղզստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|