ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԻԲՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 173
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (27.11.2017-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 173

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԻԲՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանության տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի միջև փոխըմբռնման մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը (ԼԱԿՏՀ), այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ու ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 1948 թվականի փետրվարի 25-ի 106(VI) բանաձևի վրա,

ընդգծելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 բանաձևով հաստատված՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառի օրակարգում ներառված՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու կարևորությունը,

ցանկություն հայտնելով հիմք դնել Կողմերի բազմակողմանի համագործակցության համար,

ընդունելով, որ Կողմերի միջև համագործակցությունը հիմնվում է փոխադարձ շահերի վրա,

հաշվի առնելով տարբեր ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման բնագավառում Կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները,

հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա,

հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝

1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է Եվրասիայում և Լատինական Ամերիկայում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման նպատակներով։

2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են փոխգործակցել հետևյալ ուղղություններով՝

փորձի փոխանակում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում.

համագործակցություն և հետազոտական գործունեություն, այդ թվում՝ կայուն զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, մակրոտնտեսության, տարածաշրջանային և ներտարածաշրջանային առևտրի, տարածաշրջանային մակարդակով աշխատանքային ռեսուրսների շուկայի զարգացման և այլ բնագավառներում.

համաժողովների, ֆորումների, սեմինարների և կլոր սեղանների անցկացում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։

3. Կողմերը միմյանց հրավիրում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով միջոցառումների և հանդիպումների՝ Կողմերից յուրաքանչյուրում գործող կանոններին և ընթացակարգերին համապատասխան։

4. Սույն հուշագրով չի ենթադրվում Կողմերի միջև ֆինանսական միջոցների փոխանցում։ Սույն հուշագրի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները պլանավորվում են՝ ելնելով Կողմերի ֆինանսական ռեսուրսների առկայությունից։

5. Կողմերի կողմից համաձայնեցված համատեղ նախագծերն առանձին համաձայնագրերի առարկա են։ Այդ համաձայնագրերը, սույն հուշագրի շրջանակներում, պետք է նախագծի մասին տեղեկատվություն պարունակեն՝ ներառյալ նպատակները, խնդիրները, պլանավորված միջոցառումները, ակնկալվող արդյունքները, անհրաժեշտ ռեսուրսների և Կողմերից յուրաքանչյուրի պատասխանատվության վերաբերյալ տեղեկությունները։ Այդ նախագծերի վերաբերյալ Կողմերի ֆինանսական պայմանավորվածություններն առանձին համաձայնագրերի առարկա են։ Սույն հուշագրի և համատեղ նախագծերի վերաբերյալ առանձին համաձայնագրերի իրագործման համար ԼԱԿՏՀ-ից ստացած միջոցները պետք է բաշխվեն Միացյալ ազգերի կազմակերպության վարչական և ֆինանսական կանոններին համապատասխան։

6. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում գործունեությունից ստացված ցանկացած արդյունք պատկանում է երկու Կողմերին էլ։ Հեղինակային իրավունքները, ֆինանսավորման ծագումը պատշաճորեն ճանաչելու և մտավոր ու արդյունաբերական սեփականության նկատմամբ բոլոր համապատասխան իրավունքները պահպանելու դեպքում այդ արդյունքները կարող են օգտագործվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից։ Կողմերից մեկի կողմից (տրամադրող Կողմ) մյուս Կողմին (ընդունող Կողմ) տրամադրվող ցանկացած նյութ համարվում է տրամադրող Կողմի սեփականություն։ Ընդունող Կողմը նշված նյութերն օգտագործում է տրամադրող Կողմի գրավոր համաձայնությամբ։

7. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի ստացած տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց միայն այն Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում, որը տրամադրել է այդ տեղեկատվությունը։

8. Կողմերից ոչ մեկը չի օգտագործում մյուս Կողմի, նրա փոխկապակցված և (կամ) լիազորված գործակալների խորհրդանշանները, անվանումները կամ տարբերանշանները կամ նրանց որևէ հապավում Կողմերի կողմից պատրաստված և (կամ) կազմակերպված հրապարակումների, փաստաթղթերի, շնորհանդեսների մեջ, բաններների և ցանկացած այլ կրիչի վրա (ներառյալ տպագիր և էլեկտրոնային նյութերը) առանց այդ Կողմի նախնական գրավոր համաձայնության յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։

9. Սույն հուշագրի իրագործման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև ուղղակի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

10. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացվում է՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի կողմից.

բ) ԼԱԿՏՀ-ի կողմից՝ Ծրագրային պլանավորման և կառավարման բաժանմունքի կողմից։

11. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և ոչ մի ֆինանսական պարտավորության չի հանգեցնում։

12. Սույն հուշագրի մեջ ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ուղիղ արտահայտված կամ ենթադրյալ հրաժարում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով տրամադրվող որևէ արտոնությունից կամ անձեռնմխելիությունից։

Սույն հուշագրի մեջ ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ուղիղ արտահայտված կամ ենթադրյալ հրաժարում «ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» 1946 թվականի փետրվարի 13-ի կոնվենցիայով տրամադրվող որևէ արտոնությունից կամ անձեռնմխելիությունից։

13. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

14. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից 5 տարվա ընթացքում։ Հուշագրի կիրառումը կարող է երկարաձգվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

15. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 60 օր հետո։ Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակ սկսած միջոցառումները և նախագծերն ավարտին հասցնելու վրա։

Ստորագրված է __________ քաղաքում, 20_____ թվականի ________ «____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, իսպաներենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝

Լատինական Ամերիկայի և
Կարիբյան ավազանի համար
ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի կողմից՝