ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 194 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ), ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի ապրիլի 14-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Համաձայնագրի նախագծի՝ սույն Կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
կիսելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունն ապահովելու ձգտումը,
ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի (այսուհետ՝ պահեստային վկայագրեր) կիրառման փորձի ընդլայնման և դրանց կայուն շրջանառելիության ապահովման, ինչպես նաև՝ պահեստային վկայագրերի իրավատերերի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության հարցում անդամ պետությունների շահագրգռվածությունից,
պահպանելով փոխադարձ հարգանքի, հավասարության և հրապարակայնության սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
պահեստային վկայագրի իրավատեր՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին պատկանում է պահեստային վկայագրով հավաստված՝ գյուղատնտեսական արտադրանքի որոշակի քանակի նկատմամբ սեփականության իրավունքը,
պահեստային վկայագրերի ռեեստր՝ պահեստային վկայագրերի իրավատերերի նույնականացումն ապահովող՝ թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերի և դրանց իրավատերերի, պահեստային վկայագրերի հետ գործառնությունների մասին, ինչպես նաև՝ պահեստային վկայագրերի շրջանառության կամ դրանց մասով իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումների (այդ թվում՝ դրանց բնույթի) առկայության մասին տեղեկությունների ամբողջություն,
պահեստ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքների պահատվությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ անդամ պետության իրավաբանական անձ, որն ապրանքների պահատվության հետ կապված ծառայություններ է մատուցում և սեփականության իրավունքով պահեստային ենթակառուցվածք ունի,
լիազորված մարմին՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որը պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման ոլորտում իրականացնում է պետական քաղաքականություն և նորմատիվ իրավական կարգավորում։
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրով կարգավորվում են Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանվում են պահեստային վկայագրերին ներկայացվող պահանջները։
2. Անդամ պետություններում պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը և մարումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները։
3. Անդամ պետություններում սույն Համաձայնագրին համապատասխան թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերը փոխադարձաբար ճանաչվում են անդամ պետությունների կողմից։
Հոդված 3
1. Պահեստային վկայագիրը ոչ էմիսիոն արժեթուղթ է, որը պահեստի կողմից թողարկվում (տրամադրվում) է՝ ի հաստատումն գյուղատնտեսական արտադրանքի որոշակի քանակ ի պահ ընդունելու, և որով հավաստվում է այդ արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև՝ գրավով ապահովված պարտավորությունների կատարումը պահանջելու իրավունքը։
Պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները ձևակերպվում են պահատվության պայմանագրով։ Պահատվության պայմանագրում ներառվող տեղեկությունների ցանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։
2. Պահեստային վկայագիրը թողարկվում (տրամադրվում) է փաստաթղթային (պահեստային և գրավային մասերից բաղկացած) և (կամ) ոչ փաստաթղթային տեսքով։
3. Պահեստային վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր տեղեկությունները՝
ա) պահեստային վկայագրի համարը և թողարկման (տրամադրման) ամսաթիվը,
բ) պահեստի անվանումը, դրա գտնվելու վայրն ու որպես անդամ պետության հարկ վճարող անձի նույնականացման համարը,
գ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ հանձնած՝ պահեստային վկայագրի իրավատիրոջ անվանումը, նրա գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի համար, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ ֆիզիկական անձի համար, որպես անդամ պետության հարկ վճարող անձի նույնականացման համարը (առկայության դեպքում),
դ) ի պահ ընդունված գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, դրա քանակական և որակական բնութագրերը,
ե) ժամկետը, որով գյուղատնտեսական արտադրանքն ի պահ է ընդունվել,
զ) պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվության վավերապայմանները,
է) գյուղատնտեսական արտադրանքի պահատվության համար վարձատրության մասին տեղեկությունները,
ը) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող ֆոնդի (ֆոնդերի) մասին և (կամ) պահեստային վկայագրի իրավատիրոջ նկատմամբ պահեստի ունեցած քաղաքացիաիրավական պատասխանատվության ապահովագրման մասին տեղեկությունները,
թ) գրավառուի անվանումը, գտնվելու վայրը, նրա՝ որպես անդամ պետության հարկ վճարողի նույնականացման համարը՝ գյուղատնտեսական արտադրանքի գրավադրման դեպքում,
ժ) պահեստային վկայագրի սերիան և ձևաթղթի համարը, ինչպես նաև՝ պահեստային վկայագրից բխող իրավունքների փոխանցման մասին տեղեկությունները (պահեստային վկայագրի փաստաթղթային ձևի համար)։
4. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը պահեստային վկայագիր չի համարվում։
5. Փաստաթղթային ձևով թողարկվող (տրամադրվող) պահեստային վկայագիրը ձևակերպվում է տպագրական եղանակով պատրաստվող և պաշտպանության առնվազն 4 աստիճան ունեցող ձևաթղթի վրա։
Ձևաթղթերի ձևը, դրանց պատրաստման, ձեռքբերման, պահպանման և ոչնչացման կարգը, պաշտպանության տեսակներն ու աստիճանները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։
Հոդված 4
1. Պահեստը մատուցում է պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ) գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայություններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրվող թույլտվության հիման վրա։
Պահեստն ապահովում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության կանոնների և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառում վարելուն ներկայացվող պահանջների պահպանումը։
2. Իրենց գործունեությունն անդամ պետության տարածքում իրականացնող պահեստների մասին տեղեկությունները մուտքագրվում են պահեստների ազգային ռեեստր։
Անդամ պետությունն ապահովում է պահեստների ազգային ռեեստրի ձևավորումն ու դրա վարումը, ինչպես նաև՝ պահեստների ազգային ռեեստրում պարունակվող տեղեկությունների ազատ հասանելիությունը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
3. Պահեստների ազգային ռեեստրը պարունակում է տեղեկություններ՝ պահեստի անվանման, տեսակի, տարողունակության, պահպանման հասանելի ծավալի և գտնվելու վայրի մասին, ինչպես նաև՝ պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվության մասին։
Հոդված 5
Անդամ պետությունն ապահովում է պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորումն ու վարումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով պահեստային վկայագրերի ռեեստրում ներառման ենթակա տեղեկությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից որոշվող կազմը։
Հոդված 6
Լիազորված մարմինն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ստորև ներկայացվածների տեղադրումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ (անվանումը, գտնվելու վայրը, վավերապայմանները),
անդամ պետությունում պահեստային վկայագրերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտեր, ինչպես նաև՝ այդ ակտերի նախագծերը,
պահեստային վկայագրի ձևաթղթի ձևը (պահեստային վկայագրի փաստաթղթային ձևի դեպքում),
պահեստային վկայագիրը լրացնելու կարգի մասին տեղեկատվություն,
պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող կարգի և պայմանների մասին տեղեկատվություն,
պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև կնքված պահատվության տիպային պայմանագիր։
Հոդված 7
1. Պահեստների կողմից պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման երաշխավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և դրանով նախատեսվում է պահեստների կողմից թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունները պահեստների կողմից չկատարելուց պահեստային վկայագրերի իրավատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված կազմակերպաիրավական միջոցառումների համալիր, այդ թվում՝ անդամ պետություններում պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող ֆոնդի (ֆոնդերի) ձևավորման և (կամ) պահեստային վկայագրերի իրավատերերի նկատմամբ պահեստների ունեցած քաղաքացիաիրավական պատասխանատվության ապահովագրման միջոցով։
2. Անդամ պետություններում ստեղծվող՝ պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։
3. Անդամ պետությունն ապահովում է թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իր տարածքում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 8
Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան։
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Հոդված 10
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է ________________ ում, 20___ թվականի ____________ «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|