ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 165 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի մասին» համաձայնագրի նախագծին և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Համաձայնագրի նախագծի` սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին մինչև 2018 թվականի մարտի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր),
ելնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացումն ապահովելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների հետ նրանց փոխգործակցությունը պարզեցնելու անհրաժեշտությունից,
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանն աջակցելու նպատակով,
առաջնորդվելով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նշման ենթակա տեղեկությունների ծավալը կրճատելու և այդ տեղեկությունների հավաստիությունը բարձրացնելու ձգտմամբ,
հիմնվելով հրապարակայնության ու արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նկատմամբ խտրականության բացառման սկզբունքների վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրով սահմանվում է անդամ պետությունների տարածքներում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի աշխատանքի կարգը։
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
օտարերկրյա անձ՝ անդամ պետության անձ չհանդիսացող անձ.
անձ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն.
անդամ պետության անձ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն, ինչպես նաև անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատեր.
նույնականացման եզակի համարների ազգային ռեեստր՝ անդամ պետության տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է համակարգված տեղեկություններ՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների մասին.
նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստր՝ Միության տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է նույնականացման եզակի համարների ռեեստրներից տեղեկություններ՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների մասին.
նույնականացման եզակի համար՝ տառաթվային ծածկագիր, որը տրամադրվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակցին՝ Միության շրջանակներում նրան նույնականացնելու նպատակով.
անդամ պետության լիազորված մարմին՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որին այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վերապահված են նույնականացման եզակի համար տրամադրելու և նույնականացման եզակի համարների ազգային ռեեստրը վարելու լիազորություններ.
արտաքին տնտեսական գործունեության մասնակից՝ անդամ պետության անձ կամ օտարերկրյա անձ, որն անդամ պետության տարածքում իրականացնում է արտաքին տնտեսական գործունեություն՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության տակ Միության մաքսային տարածքով դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանման, մաքսային հայտարարագրման և (կամ) մաքսային վճարների վճարման, ապրանքների բացթողման հետ կապված գործունեություն՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների։
Հոդված 3
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի նույնականացումը կատարվում է նրան նույնականացման եզակի համար տրամադրելու միջոցով։
2. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցին նույնականացման եզակի համարը տրամադրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից։
Նույնականացման եզակի համարը տրամադրվում է մեկ անգամ, չի փոփոխվում և չի կարող տրամադրվել արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակցի։
Նույնականացման եզակի համարի կառուցվածքն ու ձևավորման կանոնները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից։
3. Անդամ պետության անձ հանդիսացող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցին նույնականացման եզակի համարը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով տրամադրվում է այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ այդ անձին այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրված և հարկ վճարողների գրանցման ազգային համակարգում պարունակվող համարի հիման վրա։
4. Օտարերկրյա անձ հանդիսացող՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցին նույնականացման եզակի համարը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով տրամադրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից։
Հոդված 4
Նույնականացման եզակի համարն օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված դեպքերում։
Հոդված 5
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի և նրան տրամադրված նույնականացման եզակի համարի մասին տեղեկությունները մուտքագրվում են նույնականացման եզակի համարների ազգային ռեեստր՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
2. Նույնականացման եզակի համարների ազգային ռեեստրում պարունակվող տեղեկությունների հասանելիությունն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ապահովվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետության լիազորված մարմնի վեբ ծառայությունների օգտագործման միջոցով։
Հոդված 6
1. Նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրը ձևավորվում է նույնականացման եզակի համարների ազգային ռեեստրների տեղեկությունների հիման վրա։
2. Նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրում ներառվում են տեղեկություններ ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի։
3. Հանձնաժողովը ձևավորում է նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրը և ապահովում է դրանում պարունակվող տեղեկությունների հասանելիությունը։
Նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրի ձևավորման կարգը, դրա կառուցվածքն ու ձևաչափը, դրա ձևավորման ժամանակ օգտագործվող դասակարգիչները, ինչպես նաև այդ ռեեստրից տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
4. Նույնականացման եզակի համարների տրամադրման և նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրի վարման հարցերի շուրջ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ընդհանուր գործընթացների շրջանակներում՝ Միության մասին պայմանագրին համապատասխան։
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Միության մասին պայմանագրով սահմանված կարգով։
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց 2020 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։
4. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
Կատարված է _____________ քաղաքում 20___ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի մասին» համաձայնագրի
|
ՑԱՆԿ
նույնականացման եզակի համարների ընդհանուր ռեեստրում պարունակվող տեղեկությունների
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի նույնականացման եզակի համարը։
2. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի նույնականացման եզակի համարի գրանցման ամսաթիվը (տրամադրման ամսաթիվը)։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն լիազորված մարմնի լրիվ անվանումը, որն արտաքին տնտեսական գործունեության մասնակցին տրամադրել է նույնականացման եզակի համարը։
4. Հարկ վճարողի գրանցման համարը (օտարերկրյա անձանց համար)։
5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակից հանդիսացող իրավաբանական անձի (կազմակերպության) լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)։
6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի իրավաբանական հասցեն (բնակության վայրի հասցեն, գտնվելու վայրի հասցեն, պետական գրանցման հասցեն)։
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի վիճակը (կարգավիճակը) (գործող, չգործող, լուծարված և այլն), նրա վիճակի (կարգավիճակի) փոփոխման ամսաթիվը և նրա գործունեության դադարեցման ամսաթիվը (լուծարման ամսաթիվը)։
8. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարկային մարմնում արտաքին տնտեսական գործունեության մասնակցին հաշվառման վերցնելու ամսաթիվը (օտարերկրյա անձանց համար) (առկայության դեպքում)։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|