ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 186 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծի մասին
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի ապրիլի 20-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով, և հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածը,
ընդունելով տեղեկատվության և տեղեկությունների ժամանակին փոխանակման անհրաժեշտությունը՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների օգտագործումը թույլ չտալու նպատակով,
հիմնվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի վրա,
ճանաչելով գաղտնի տեղեկատվության պաշտպանության նպատակով անդամ պետությունների կողմից կիրառվող միջոցները համարժեք և համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին՝
Հոդված 1
Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում սահմանված իմաստով։
Հոդված 2
1. Անդամ պետություններն իրականացնում են փոխգործակցություն և տեղեկատվության փոխանակում (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով:
2. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում և ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունները ներկայացնելու միջոցով:
Հոդված 3
Անդամ պետությունը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազան ձևավորելու և դրանում պարունակվող տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմինը (այսուհետ՝ պատասխանատու մարմին) և սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 1 ամսվա ընթացքում դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդպիսի մարմնի, ինչպես նաև անդամ պետության՝ տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող լիազորված մարմնի, իրավապահ և մաքսային մարմինների մասին։
Նշված մարմինների փոփոխության դեպքում անդամ պետությունը 10-օրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծանուցումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում մյուս անդամ պետություններին է ուղարկում սույն հոդվածի՝ համապատասխանաբար առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը։
Հոդված 4
1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մեկ անդամ պետության լիազորված, իրավապահ և մաքսային մարմինների (այսուհետ՝ հարցում ներկայացրած մարմին) այն հարցումների հիման վրա, որոնք գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը) ուղարկվում են այլ անդամ պետության պատասխանատու մարմին (այսուհետ՝ հարցում ստացած մարմին)։
2. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու մասին հարցումը ստորագրվում է հարցում ներկայացրած մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից և պարունակում է.
ա) հարցում ներկայացրած մարմնի անվանումը,
բ) հարցում ստացած մարմնի անվանումը,
գ) հղում սույն համաձայնագրին,
դ) հարցում ներկայացնելու հիմքերը և նպատակները,
ե) հարցման էության համառոտ շարադրանքը,
զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը,
է) ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որի համար տեղեկատվության հարցում է արվում,
ը) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
3. Հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը: Ավելի կարճ ժամկետում հարցումը կատարելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ դրա հիմքի և հարցումը կատարելու ցանկալի ժամկետի մասին։
Շտապ հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից դրա ստացման օրվանից 10 օրացուցային օրը:
Եթե հարցում ստացած մարմնին հարցումը կատարելու համար անհրաժեշտ է հարցում ներկայացրած մարմնից լրացուցիչ տեղեկատվություն, ապա հարցումը կատարելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով:
Սույն կետով նախատեսված ժամկետներում հարցումը մասնակի կամ ամբողջությամբ կատարելու անհնարինության դեպքում, հարցում ստացած մարմինը գրավոր տեղեկացնում է հարցում ներկայացրած մարմնին հարցումը կատարելու ենթադրյալ ժամկետի վերաբերյալ:
Հոդված 5
1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման կատարումը մերժվում է, եթե՝
ա) հարցումը չի համապատասխանում սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին,
բ) հարցում ներկայացրած մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հարցում ստացած մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու մասին իրեն հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում,
գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացած մարմնից անկախ պատճառներով,
դ) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել հարցում ստացած մարմնի անդամ պետության ինքնիշխանությանը և (կամ) ազգային անվտանգությանը։
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում հարցման կատարումը մերժելու դեպքում, հարցում ներկայացրած մարմինը հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցվում է մերժման պատճառների մասին:
Հոդված 6
1. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է և առանց այդպիսի տեղեկատվություն տրամադրած մարմնի գրավոր համաձայնության չի կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, որոնց համար հարցում է արվել և ներկայացվել է:
Տեղեկատվական փոխգործակցության մեջ մասնակցող անդամ պետության մարմինները ձեռնարկում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և վերացմանն ուղղված միջոցներ՝ իրենց անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Նշված տեղեկատվությունը չի պահվում ավելի երկար, քան պահանջում են այն նպատակները, որոնց համար դա փոխանցվել է։
Սույն hամաձայնագրի՝ ավելի վաղ ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովումը նախատեսող դրույթներն ուժի մեջ են մնում սույն hամաձայնագրի գործողության դադարեցման կամ դրա մասնակիցների կազմից անդամ պետության դուրս գալու դեպքում։
2. Անդամ պետությունների պետական գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկությունների փոխանակման կարգը, դրանց պաշտպանության պայմաններն ու միջոցները որոշվում են անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող առանձին միջազգային պայմանագրերով։
Հոդված 7
Այն վարչական կամ քրեական գործերի մասին տեղեկատվության փոխանակումը, որոնց առարկան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն են, իրականացվում է անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Հոդված 8
Սույն hամաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 9
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն hամաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն hամաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 10
Սույն hամաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն hամաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Սույն hամաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։
Կատարված է ___________ քաղաքում, 20___ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։
Սույն hամաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն hամաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |