ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 159 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՍՏԵՂԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին» հիմնադրույթի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին» հիմնադրույթի մասին «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի իրականացման նպատակներով և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին» հիմնադրույթը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հիմնադրույթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 4.5.2 կետն իրագործելու նպատակներով։
2. Սույն հիմնադրույթով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների տարեկան դիտանցում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, դիտանցում) անցկացնելու կարգը, որն ուղղված է Միության ընդհանուր շուկայում և երրորդ երկրների շուկաներում արդյունաբերական ապրանքների տեղաշարժը, ինչպես նաև Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացումը սահմանափակող խոչընդոտների (այսուհետ՝ արգելքներ) բացահայտմանը։
3. Համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում ներառված ձեռնարկությունների դիտանցումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ անդամ պետությունների հետ համատեղ, ամենամյա հիմունքով։
II. Դիտանցման նպատակները և խնդիրները
4. Մոնիթորինգի նպատակը արգելքների բացահայտումն է՝
ա) Միության ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ժամանակ.
բ) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման համար.
գ) երրորդ երկրների շուկաներում արդյունաբերական ապրանքների առաջխաղացման ժամանակ:
5. Դիտանցման խնդիրը բացահայտված արգելքների վերացման վերաբերյալ առաջարկներով տարեկան զեկույցի (այսուհետ՝ զեկույց) պատրաստումն է։
III. Դիտանցում անցկացնելու կարգը
6. Դիտանցումն անցկացվում է՝
ա) անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների հարցման, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի օգտագործմամբ՝ Միության պաշտոնական կայքում հարցաթերթիկը (անկետան) զետեղելու միջոցով.
բ) արդյունաբերական զարգացման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծության միջոցով.
գ) անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից և ոլորտային ասոցիացիաներից ստացվող՝ Միության շրջանակներում համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեությունը սահմանափակող արգելքների առկայության մասին տեղեկատվությունը վերլուծելու միջոցով։
7. Դիտանցումն անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների հարցման հիման վրա անցկացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համաձայնեցված հարցաթերթիկի (անկետայի) ձևով՝ համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկին համապատասխան։
8. Անդամ պետությունների լիազորված մարմիններն ապահովում են համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում ներառված իրենց ազգային ձեռնարկությունների մասնակցությունը սույն հիմնադրույթի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված հարցմանը։
9. Անդամ պետությունների լիազորված մարմինների որոշմամբ՝ համակարգաստեղծ ձեռնարկությունների հարցումն անցկացվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
անդամ պետությունների լիազորված մարմիններն իրականացնում են ձեռնարկությունների կողմից լրացված հարցաթերթիկի (անկետայի) հավաքումը, մշակում են ստացված տեղեկատվությունը և մշակման արդյունքներն ուղարկում են Հանձնաժողով.
անդամ պետությունների լիազորված մարմինները համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում ներառված իրենց ազգային ձեռնարկություններին տեղեկացնում են հարցում անցկացնելու մասին։ Ձեռնարկությունները լրացնում են հարցաթերթիկը (անկետան) և այն ուղարկում անդամ պետությունների լիազորված մարմիններ և Հանձնաժողով։
10. Դիտանցում անցկացնելու արդյունքներով ստացված տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի զեկույց է պատրաստվում։
IV. Զեկույցի կառուցվածքը
11. Զեկույցը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
ա) դիտանցում անցկացնելու հիմնական պարամետրերի նկարագրությունը.
բ) ստացված տվյալների և նախորդ տարիներին անցկացված համանման դիտանցումների արդյունքների համեմատական վերլուծությունը.
գ) դիտանցում անցկացնելու ընթացքում բացահայտված արգելքների վերլուծությունը.
դ) բացահայտված արգելքների վերացման վերաբերյալ առաջարկները, որոնք պատրաստված են Միության ընդհանուր շուկայի ներուժը, արդյունաբերական կոոպերացիայի ներուժը և անդամ պետություններում արտադրությունների զարգացումը հաշվի առնելով.
ե) լրացուցիչ այլ տեղեկատվություն։
V. Եզրափակիչ դրույթները
12. Զեկույցի պատրաստման ժամանակ կարող է հաշվի առնվել Հանձնաժողովի կողմից ստացված տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 135-րդ կետով նախատեսված կարգին համապատասխան։
13. Զեկույցի նախագիծը ներկայացվում է Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտե՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցվելուց հետո։
14. Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկման արդյունքներով զեկույցի նախագիծը քննարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:
15. Հանձնաժողովի կոլեգիայի քննարկման արդյունքներով զեկույցն ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ և կարող է հաշվի առնվել դիտանցում անցկացնելու ընթացքում բացահայտված արգելքների վերացման համար այդ պետությունների կողմից միջոցներ ձեռնարկելիս։
16. Զեկույցը հաշվի է առնվում Հանձնաժողովի կողմից՝ արգելքների վերացմանն ուղղված գործունեություն իրականացնելիս։
________________