ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 162
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 162

քաղ. Մոսկվա

 

«««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «««Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրեր և նախագծեր մշակելու, ֆինանսավորելու և իրագործելու մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »       ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրեր և նախագծեր մշակելու, ֆինանսավորելու և իրագործելու մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրեր և նախագծեր մշակելու, ֆինանսավորելու և իրագործելու մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի ուսումնասիրմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »       ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրեր և նախագծեր մշակելու, ֆինանսավորելու և իրագործելու մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետը և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրեր և նախագծեր մշակելու, ֆինանսավորելու և իրագործելու մասին» հիմնադրույթը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի       ի թիվ        որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրեր և նախագծեր մշակելու, ֆինանսավորելու և իրագործելու մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) 4.4.3 ենթակետն իրագործելու նպատակով։

2. Սույն հիմնադրույթով սահմանվում են նորարարական և արդյունաբերական համագործակցության շրջանակներում միջպետական ծրագրեր և նախագծեր (այսուհետ համապատասխանաբար՝ ծրագրեր, նախագծեր) մշակելիս, ֆինանսավորելիս և իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ), անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համագործակցության ձևերը, կարգն ու մեխանիզմը, և այն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական զարգացման նպատակների և խնդիրների իրագործումն ապահովելուն։

3. Սույն հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակից, որը համապատասխան եվրասիական տեխնոլոգիական հարթակի կողմից օժտված է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնելու լիազորություններով։ Որպես նախաձեռնող կարող է հանդես գալ նաև անդամ պետության կառավարությունը կամ նրա կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինը.

կատարողներ՝ իրավաբանական անձինք, որոնք ներգրավվում են ծրագրի (նախագծի) մասնակից հանդիսացող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների հետ ազգային պատվիրատու-համակարգողի կամ ազգային պատվիրատուի կողմից կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին՝ համապատասխան ծրագրի (նախագծի) իրագործմանը մասնակցելու համար.

ազգային պատվիրատուներ՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք մասնակցում են ծրագրի (նախագծի) մշակմանը, իրագործմանը և ծրագրի (նախագծի) շրջանակներում անդամ պետության տարածքում կատարվող միջոցառումների և (կամ) կատարվող աշխատանքների ընթացքի նկատմամբ վերահսկողությանը.

ազգային պատվիրատու-համակարգող՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը ծրագիրը (նախագիծը) մշակելիս և իրագործելիս համակարգում է անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.

պատասխանատու կատարող՝ կատարողների գործունեությունը համակարգող իրավաբանական անձ, որը ներգրավվում է ծրագրի (նախագծի) մասնակից հանդիսացող՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակցի կամ ազգային պատվիրատու-համակարգողի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրին համապատասխան ծրագրի (նախագծի) իրագործումն ապահովելու համար.

ծրագրի (նախագծի) պատասխանատու՝ ազգային պատվիրատու-համակարգողներից մեկը կամ եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակից, որն իրականացնում է ծրագրի (նախագծի) մշակմանն ու իրագործմանն ուղղված գործունեության համակարգում՝ Հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան.

ծրագրի (նախագծի) մասնակիցներ՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներ և ազգային պատվիրատուներ, որոնք ապահովում են ծրագրի (նախագծի) մշակումն ու մասնակցում են դրա իրագործման ֆինանսավորմանը։

4. Ծրագիրը ներառում է ըստ ռեսուրսների, կատարողների և իրականացման ժամկետների փոխկապակցված համալիր ենթածրագրեր և (կամ) նախագծեր (կազմակերպատնտեսական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, արտադրական և այլն), որոնք իրագործվում են անդամ պետությունների՝ նորարարական և արդյունաբերական զարգացման ոլորտում դրված խնդիրների արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով։ Ծրագիրը կարող է ներառել մի քանի ենթածրագիր և (կամ) նախագիծ։

Ծրագիրը կարող է այնպիսի պետական ծրագրերի մասերի (հատվածների) ամբողջություն լինել, որոնք անդամ պետությունների կողմից իրագործվում են արդյունաբերության համապատասխան ճյուղերում, որոնց մշակման, իրագործման, ֆինանսավորման և կատարման նկատմամբ վերահսկողության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Ենթածրագիրը կամ նախագիծը ներառում է միջոցառումների և աշխատանքների համալիր, որով ապահովվում է նեղ մասնագիտական ճյուղային խնդիրների լուծումը։

Ենթածրագրերը մշակվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով ծրագրի խնդիրների քանակից և կիրառվում են որոշակի միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման միջոցով դրանցից յուրաքանչյուրը լուծելու համար։

Նախագծերը կարող են իրագործվել ինչպես ծրագրերից դուրս, այնպես էլ ծրագրերի և (կամ) ենթածրագրերի շրջանակներում։

 

II. Ծրագրին (նախագծին) ներկայացվող պահանջները

 

5. Ծրագրի (նախագծի) մասնակիցների կազմի մեջ պետք է մտնեն մասնակիցներ առնվազն 2 անդամ պետությունից։ Ծրագիրը մշակվում է դրանով սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի համար, սակայն ոչ ավելի, քան 5 տարվա համար, իսկ ենթածրագրի կամ նախագծի համար նախատեսված ժամանակահատվածը՝ ոչ ավելի, քան 3 տարվա համար։

6. Ենթածրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները համանման են ծրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին։

7. Ծրագիրը (նախագիծը) պետք է համապատասխանի՝

ա) միջպետական և (կամ) միջճյուղային կապերի համակարգման ու տեխնոլոգիական առումով կապակցված ճյուղերի և առանձին ձեռնարկությունների փոխգործակցության ապահովման, համագործակցային կապերի խորացման, արդյունաբերական արտադրությունը զարգացնելու համար օպտիմալ պայմանների ստեղծման նպատակներին.

բ) նորարարությունների լայն տարածման և արտադրանքի մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ տեխնիկական, կազմակերպական և այլ միջոցառումների սկզբունքորեն նոր ու հեռանկարային լինելուն։

8. Ծրագիրը (նախագիծն) իրականացվում է հետևյալ փուլերով՝

ա) այնպիսի ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկի նախաձեռնում, քննարկում և հաստատում, որը տեղեկատվություն է պարունակում դրա ենթադրյալ մասնակիցների և ծրագրի (նախագծի) պատասխանատուի վերաբերյալ։ Եթե անդամ պետությունների կառավարությունները և (կամ) դրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինները մասնակցում են ծրագրին (նախագծին), ապա առաջարկը պետք է պարունակի նաև տեղեկատվություն ենթադրյալ ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողների վերաբերյալ.

բ) ծրագրի (նախագծի) մշակում, որը ներառում է տեղեկատվություն ծրագրի (նախագծի) մասնակիցների և ծրագրի (նախագծի) պատասխանատուի վերաբերյալ, իսկ եթե ծրագրին (նախագծին) մասնակցում են անդամ պետությունների կառավարությունները և (կամ) նրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինները՝ առաջարկներ ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողների վերաբերյալ.

գ) ծրագրի (նախագծի) համաձայնեցում.

դ) ծրագրի (նախագծի) հաստատում և այն իրագործելու մասին որոշման ընդունում.

ե) ծրագրի (նախագծի) իրագործում և դրա կատարման նկատմամբ վերահսկողություն։

 

III. Ծրագրի (նախագծի) մշակման նախաձեռնում

 

9. Ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողը Հանձնաժողով է ուղարկում ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկ, որը պետք է պարունակի՝

ա) ծրագրի (նախագծի) ենթադրյալ անվանումը.

բ) դիտարկվող ոլորտում խնդրի սահմանումը, ծրագրի (նախագծի) մշակման նպատակահարմարության հիմնավորումը, իրավիճակի զարգացման բնութագիրն ու կանխատեսումը.

գ) ծրագրի (նախագծի) նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրանք իրագործելու համար անհրաժեշտ հնարավոր ենթածրագրերի, նախագծերի և հիմնական միջոցառումների ցանկը.

դ) ծրագրի (նախագծի) իրագործման, արձանագրած արդյունքների և մշակումների ներդրման արդյունավետության նախնական գնահատումը.

ե) ֆինանսավորման ենթադրյալ ծավալն ու աղբյուրները, ինչպես նաև ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման ժամկետները.

զ) ծրագիրը (նախագիծը) իրագործելու համար անհրաժեշտ ներդրումների տեխնիկատնտեսական հիմնավորումը.

է) ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողի, ծրագրի (նախագծի) ենթադրյալ մասնակիցների և ծրագրի (նախագծի) պատասխանատուի վերաբերյալ տեղեկատվություն։

10. Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության մեջ մտնում են արդյունաբերական համագործակցության հարցերը, ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկ ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում է նշված առաջարկը և, եթե այն համապատասխանում է սույն հիմնադրույթի 9-րդ կետում նշված պահանջներին, ապա նշված առաջարկն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ ուսումնասիրման համար։

Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողին տեղեկացնում է նշված առաջարկի ուսումնասիրման արդյունքների մասին։

11. Ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկի ուսումնասիրման արդյունքներով անդամ պետությունները կամ դրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինները մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին տեղեկացնում են ծրագրին (նախագծին) մասնակցելու հնարավորության և ենթադրյալ պայմանների մասին (ներառյալ ծրագրի (նախագծի) ենթադրյալ մասնակիցների և ազգային պատվիրատուների մասին տեղեկությունները), ներկայացնում են առաջարկներ այն ճշգրտելու վերաբերյալ կամ Հանձնաժողովին տեղեկացնում են ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման հարցում իրենց հետաքրքրված չլինելու մասին։

12. Հանձնաժողովը մեկամսյա ժամկետում ամփոփում է անդամ պետություններից կամ դրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմիններից ստացված առաջարկները և դրանք ուղարկում է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողին, որը լրամշակում է նշված առաջարկը և ուղարկում այն Հանձնաժողով։

13. Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկը սահմանված կարգով ներկայացնում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը։

14. Հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացնում առաջարկը հաստատելու, մերժելու կամ լրամշակելու մասին։

 

IV. Ծրագրի (նախագծի) մշակումը

 

15. Ծրագրի (նախագծի) մշակումն ապահովում է ծրագրի (նախագծի) պատասխանատուն։ Եթե անդամ պետությունների կառավարությունները կամ նրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինները մասնակցում են ծրագրին (նախագծին), ապա ծրագրի (նախագծի) պատասխանատուն այն համաձայնեցնում է ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների հետ։

Ծրագրի (նախագծի) մշակման ծախսերը կրում է ծրագրի (նախագծի) մշակումը նախաձեռնողը կամ ծրագրի (նախագծի) պատասխանատուն՝ սեփական կամ ներգրավված միջոցների հաշվին։ Ծրագրի (նախագծի) մյուս մասնակիցները դրա մշակման ծախսերն ինքնուրույն են կրում։

16. Ծրագիրը (նախագիծը) պետք է ներառի հետևյալ բաժինները՝

ա) խնդրի բովանդակությունը, որոշակի խնդիր լուծելու համար ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման արդիականության ու նպատակահարմարության հիմնավորումը.

բ) ծրագրի (նախագծի) իրագործման նպատակները, խնդիրները, ժամկետները և փուլերը.

գ) ծրագրի (նախագծի) նպատակներն իրագործելու և խնդիրները լուծելու գնահատման նպատակային ցուցիչները (ցուցանիշները).

դ) ֆինանսական ապահովումը (ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ռեսուրսներով ապահովումը՝ նշելով դրանց ֆինանսավորման հիմնական միջոցառումները, աղբյուրները և ծավալները՝ ըստ ծրագրի (նախագծի) իրագործման տարիների).

ե) ծրագրի (նախագծի) իրագործման կառավարումը, ինչպես նաև դրա կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմը.

զ) ծրագրի (նախագծի) իրագործման ակնկալվող արդյունքները.

է) ծրագրի (նախագծի) իրագործման արդյունավետության գնահատման մեթոդիկան՝ ներառյալ դրա իրագործման սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և այլ հետևանքների գնահատումը.

ը) ծրագրի (նախագծի) իրագործման համար անհրաժեշտ ներդրումների տեխնիկատնտեսական հիմնավորումը.

թ) ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքում ստեղծված, այդ թվում՝ մտավոր սեփականության բաշխման սկզբունքները և կարգը.

ժ) ենթածրագրերի, նախագծերի և միջոցառումների ցանկը՝ նշելով դրանց իրագործման ժամկետները, ծրագրի (նախագծի) մասնակիցներին։ Եթե անդամ պետությունների կառավարությունները և (կամ) դրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինները մասնակցում են ծրագրին (նախագծին), ապա նշվում են ազգային պատվիրատուները և ազգային պատվիրատու-համակարգողները.

ժա) ծրագրի անձնագիրը։

17. Նպատակային ցուցիչները, ցուցանիշներն արտացոլում են ընդհանուր առմամբ ծրագրի (նախագծի) նպատակների իրագործումը (խնդիրների լուծումը) գնահատելու, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պահանջվող բնութագրերը չափող առանձին միջոցառումների ամբողջությամբ կատարումը գնահատելու քանակական չափորոշիչները։ Նպատակային ցուցիչները (ցուցանիշները) պետք է համապատասխանեն ճշգրտության, հավաստիության, միանշանակության պահանջներին և կազմված լինեն այնպես, որ դրանց անվանումներն ամբողջությամբ արտացոլեն դրանց բովանդակությունը։

18. Ծրագրի (նախագծի) անձնագիրը պարունակում է ծրագրի (նախագծի) անվանումը, իրագործման ժամկետների, նպատակների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն, ենթածրագրերի, նախագծերի, միջոցառումների ցանկը, ծրագրի (նախագծի) իրագործման հիմնական նպատակային ցուցիչները (ցուցանիշները), ծրագրի (նախագծի) պատասխանատուի, ծրագրի (նախագծի) մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն։ Ծրագրի (նախագծի) անձնագիրը կարող է պարունակել նաև այլ տեղեկատվություն, որը, ծրագրի (նախագծի) մասնակիցների կարծիքով, անհրաժեշտ է նշել։

19. Ծրագրի (նախագծի) նախագծին կից ներկայացվում են՝

բացատրագիր՝ ծրագրի (նախագծի) իրագործման համար անհրաժեշտ ներդրումների սոցիալ-տնտեսական և տեխնիկատնտեսական հիմնավորումներով, ինչպես նաև ծրագրի (նախագծի) միջոցառումների ֆինանսավորման ծավալների համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով.

Հանձնաժողովի խորհրդի կողմից ծրագրի (նախագծի) մշակման վերաբերյալ առաջարկին հավանություն տալը հավաստող փաստաթղթեր.

մասնագիտացված փորձաքննությունների (տեխնիկական, էկոլոգիական, բժշկական և այլն) դրական արդյունքներն այն դեպքում, երբ դրանց անցկացումը պահանջվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում են միջոցառումներ և աշխատանքներ՝ ծրագրի (նախագծի) իրագործման շրջանակներում.

ծրագրի (նախագծի) մասնակիցների միջև կնքված՝ ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման ֆինանսավորման մասին քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները.

արտաբյուջետային աղբյուրներից ծրագրի (նախագծի) ֆինանսավորումը հավաստող մտադրությունների վերաբերյալ գրություններ (անհրաժեշտության դեպքում).

եվրասիական մասնագիտական տեխնոլոգիական հարթակի փորձագիտական եզրակացությունը (առկայության դեպքում).

ծրագրում ներառված՝ արտադրական բնույթի նախագծերի բիզնես-պլանները։

Ծրագրի (նախագծի) միջոցառումները և դրանք կատարելու հերթականությունը պետք է կապված լինեն ֆինանսավորման կանխատեսվող ծավալների հետ (ծրագրի (նախագծի) իրագործման ամբողջ ժամանակահատվածի համար)։

20. Ծրագրի (նախագծի) պատասխանատուն Հանձնաժողով է ուղարկում ազգային պատվիրատու-համակարգողների և ազգային պատվիրատուների հետ համաձայնեցված ծրագրի (նախագծի) նախագիծը։

 

IV. Ծրագրի (նախագծի) համաձայնեցումը

 

21. Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) նախագիծն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ պետական իշխանության շահագրգիռ մարմինների կողմից այն ուսումնասիրելու համար։

22. Անդամ պետություններից կամ դրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմիններից ստացված դիտողությունները և առաջարկները հաշվի առնելով՝ ծրագրի (նախագծի) պատասխանատուն կազմակերպում է ծրագրի (նախագծի) լրամշակում և լրացուցիչ մասնագիտացված փորձաքննությունների անցկացում այն դեպքում, երբ դրանց անցկացումը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ։

Հանձնաժողովը ծրագրի (նախագծի) լրամշակված նախագիծն ուղարկում է անդամ պետությունների կառավարություններ՝ այն համաձայնեցնելու համար։

 

VI. Ծրագրին (նախագծին) հավանություն տալը

 

23. Հանձնաժողովը ծրագրի (նախագծի)՝ անդամ պետությունների կառավարությունների կողմից համաձայնեցված նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ուսումնասիրմանը։

24. Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է կայացնում ծրագրին (նախագծին) հավանություն տալու մասին։

 

VII. Ծրագրի (նախագծի) իրագործումը և դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

25. Ծրագրի (նախագծի) պատասխանատուն և ազգային պատվիրատու-համակարգողները կազմում են կատարողների ցանկը մրցութային ընթացակարգերի անցկացման արդյունքներով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Պետական գնումների մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան մրցութային ընթացակարգեր անցկացնելիս ապահովվում են պետական գնումներին հասանելիության երաշխիքները և պայմանները, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով։

Ծրագիրը (նախագիծը) իրականացվում է այն քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա, որոնք սահմանված կարգով կատարողների հետ կնքվում են ծրագրի (նախագծի) պատասխանատուի, ծրագրի (նախագծի) մասնակիցների, ազգային պատվիրատուների և (կամ) ազգային պատվիրատու-համակարգողների կողմից։ Նշված պայմանագրերով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները և կարգավորվում են նրանց հարաբերությունները։

26. Ծրագրի (նախագծի) իրագործման շրջանակներում ծրագրի (նախագծի) պատասխանատուն յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Հանձնաժողով է ուղարկում ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքների վերաբերյալ նախորդ տարվա հաշվետվությունը։ Նշված հաշվետվությունը պետք է պարունակի՝

ա) տեղեկություններ՝ հաշվետու տարում ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքների վերաբերյալ.

բ) տեղեկություններ՝ հաշվետու ժամանակահատվածում, ըստ ենթածրագրերի և միջոցառումների վերծանումով, ծրագրի (նախագծի) ֆինանսավորման աղբյուրների և ծավալների վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ՝ ծրագրի (նախագծի) ֆինանսավորման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման, հաշվետու տարում ֆինանսական միջոցների ոչ ամբողջական ծախսման պատճառների վերաբերյալ, եզրահանգումներ և առաջարկներ ֆինանսական միջոցների՝ հաշվետու տարում գոյացած մնացորդները հաջորդ տարի օգտագործելու ուղղությունների վերաբերյալ.

գ) տեղեկություններ՝ նպատակային ցուցիչների (ցուցանիշների) արժեքներին հասնելու աստիճանի, փաստացի ծախսերի՝ հաստատված ծախսերին համապատասխանելու, անավարտ աշխատանքների առկայության, դրանց ծավալների և վիճակի վերաբերյալ.

դ) տեղեկություններ՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավորության , մշակումների ներդրման արդյունքների վերաբերյալ.

ե) տեղեկություններ՝ նորարարական մշակումների ներդրման և դրանց արդյունավետության վերաբերյալ.

զ) ծրագրի (նախագծի) իրագործման արդյունավետության գնահատումը.

է) առաջարկներ՝ ծրագրի (նախագծի) մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

27. Ծրագրի (նախագծի) կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ծրագրով (նախագծով) սահմանված կարգով՝ հետևյալ փուլերին համապատասխան՝

ա) կատարողները պատասխանատու կատարողին ներկայացնում են ծրագրի (նախագծի) միջոցառումները կատարելու, ոչ ամբողջ ծավալով կատարելու կամ չկատարելու (նշելով պատճառները) վերաբերյալ տարեկան հաշվետվություն և ծրագրի (նախագծի) նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու վերաբերյալ տեղեկություններ.

բ) պատասխանատու կատարողները կազմում և համապատասխան ազգային պատվիրատուին ուղարկում են ծրագրի (նախագծի) միջոցառումները կատարելու, ոչ ամբողջ ծավալով կատարելու կամ չկատարելու (նշելով պատճառները) վերաբերյալ տարեկան հաշվետվություն և ծրագրի (նախագծի) նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու վերաբերյալ տեղեկություններ.

գ) ազգային պատվիրատուները կազմում և ծրագրի (նախագծի) պատասխանատուին ուղարկում են ծրագրի (նախագծի) միջոցառումները կատարելու, ոչ ամբողջ ծավալով կատարելու կամ չկատարելու (նշելով պատճառները) վերաբերյալ տարեկան հաշվետվություն և ծրագրի (նախագծի) նպատակային ցուցիչներին (ցուցանիշներին) հասնելու կամ չհասնելու վերաբերյալ տեղեկություններ։

28. Եթե ծրագիրը (նախագիծը) սահմանված ժամկետում չի կարող իրագործվել ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսական ապահովման մասով ծրագրի (նախագծի) մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու հետ կապված, ապա Հանձնաժողովը, համապատասխան առաջարկներ մշակելու նպատակով, անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից, Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից և աշխատակիցներից ու ծրագրի (նախագծի) մասնակիցներից ստեղծում է աշխատանքային խումբ։

Աշխատանքային խումբը, ծրագրի (նախագծի) մասնակցի կողմից իր պարտավորությունները չկատարելու պատճառների ու հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, Հանձնաժողով ուղարկում է առաջարկներ՝ ծրագիրը (նախագիծը) ճշգրտելու վերաբերյալ։ Հանձնաժողովը նշված առաջարկները սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ուսումնասիրմանը։

29. Անհրաժեշտության դեպքում ծրագրի (նախագծի) պատասխանատուն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակից ոչ ուշ Հանձնաժողով է ներկայացնում առաջարկ՝ ծրագրի (նախագծի) մեջ փոփոխություններ կատարելու կամ դրա իրագործման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Ծրագրի (նախագծի) իրագործման ժամկետը երկարաձգելու հիմնավորումը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում դրա իրագործման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, այն պատճառների վերլուծությունը, որոնց արդյունքում ծրագիրը (նախագիծը), առանձին ենթածրագիրը և (կամ) միջոցառումը չեն իրագործվել սահմանված ժամկետում, ինչպես նաև չլուծված խնդիրների արդիականության հավաստումը և ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման աղբյուրների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։

30. Հանձնաժողովը, անդամ պետությունների կառավարությունների հետ համաձայնեցմամբ, քննարկում է իրագործման ժամկետը երկարաձգելու նպատակահարմարության կամ ծրագրի (նախագծի) մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները, և սահմանված կարգով դրանք ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ուսումնասիրմանը։

Ծրագրի իրագործման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 3 տարով, ենթածրագրի կամ նախագծի իրագործման ժամկետը՝ ոչ ավելի, քան 1 տարով։

31. Ծրագրի բոլոր միջոցառումների կատարման արդյունքներով ծրագրի (նախագծի) պատասխանատուն պատրաստում է հաշվետվություն դրա իրագործման վերաբերյալ, այն համաձայնեցնում է անդամ պետությունների կառավարությունների հետ և ուղարկում է Հանձնաժողով։ Հանձնաժողովը նշված հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ուսումնասիրմանը։

 

VIII. Ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորումը

 

32. Ծրագրի (նախագծի) իրագործումը պետք է ապահովվի ֆինանսական ռեսուրսներով։

33. Ծրագրերի (նախագծերի) իրագործման ֆինանսավորումը կարող է իրականացվել ծրագրի (նախագծի) մասնակիցների կողմից՝ անդամ պետությունների բյուջետային միջոցների և (կամ) արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ծրագրի (նախագծի) իրագործումը ֆինանսավորելու կարգը սահմանվում է ծրագրով (նախագծով)։

Անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ծրագրի (նախագծի) իրագործումը ֆինանսավորելիս յուրաքանչյուր անդամ պետություն պետական ծրագրերի իրագործման շրջանակներում ապահովում է ծրագրի (նախագծի) մի մասի ֆինանսավորումը՝ իր օրենսդրությանը համապատասխան։

34. Եթե ծրագրի (նախագծի) մասնակիցները եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներ են, ապա ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել արտաբյուջետային միջոցները (ներառյալ տնտեսության պետական և ոչ պետական հատվածների կազմակերպությունների ներդրումները)։ Արտաբյուջետային միջոցներ կարող են լինել պետական-մասնավոր գործընկերության նախագծեր իրագործելու համար մասնավոր գործընկերոջ կողմից նախատեսված միջոցները, կազմակերպությունների սեփական միջոցները, բանկային վարկերը, ծրագրի (նախագծի) կամ ծրագրի (նախագծի) առանձին միջոցառումների և այլնի իրագործման մեջ շահագրգիռ ներդրողների միջոցները։

35. Ծրագրին (նախագծին) անդամ պետությունների կառավարությունների և (կամ) դրանց կողմից լիազորված՝ պետական իշխանության մարմինների մասնակցության դեպքում, սույն հիմնադրույթի 34-րդ կետում նշված աղբյուրներին զուգահեռ, ծրագրի (նախագծի) իրագործման ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել անդամ պետությունների բյուջեներից՝ պետական ծրագրերի շրջանակներում համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, միջոցառումների ազգային մասերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները, պետական աջակցության գործիքները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

36. Արժույթը, որով իրականացվելու է ծրագրի (նախագծի) միջոցառումների իրագործման ֆինանսավորումը, սահմանվում է ծրագրով (նախագծով)։

37. Պետական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերը (նախագծերը) պետք է հաստատվեն մինչև անդամ պետությունների բյուջեների այն տարվա նախագծերը քննարկելը, որում այդ ծրագրերը ֆինանսավորվելու են։

 

IX. Սեփականության իրավունքների բաշխումը

 

38. Ծրագրի (նախագծի) իրագործման արդյունքում ստեղծված սեփականության բաշխման, գյուտերի, մշակումների արդյունքների նկատմամբ հեղինակային իրավունքների հարցերը, ինչպես նաև դրանց ներդրման հարցերը կարգավորվում են ծրագրի (նախագծի) համապատասխան բաժնով և ծրագրի (նախագծի) մասնակիցների միջև կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրով։

 

________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան