ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Թաիլանդի Թագավորության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,
ցանկություն հայտնելով հիմք դնել Կողմերի բազմակողմանի համագործակցության համար,
ընդունելով Կողմերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու Թաիլանդի Թագավորության միջև առևտրի ընդլայնման և բազմազանեցման համար փոխշահավետ տնտեսական համագործակցություն ու աջակցություն ապահովելու նպատակով երկխոսություն ստեղծելու ձգտումը,
հաստատելով միջազգային իրավունքի սկզբունքներին, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին հավատարմությունը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ.
1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանը աջակցությունը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, առևտրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցառումների իրագործման համար, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով առավել սերտ համագործակցության համար։
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
տարածաշրջանային տնտեսական ինտեգրում,
առևտրային քաղաքականություն,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Թաիլանդի Թագավորութունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական վիճակի վերլուծություն,
մաքսային կարգավորում,
տեխնիկական կարգավորում,
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում,
ֆինանսական շուկաներ,
տրանսպորտ,
էներգետիկ քաղաքականություն,
ագրոարդյունաբերական համալիր,
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
արդյունաբերություն,
մտավոր սեփականություն,
սպառողների իրավունքների պաշտպանություն,
տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն,
ծառայությունների առևտուր և ներդրումներ,
ձեռնարկատիրության զարգացում,
պետական գնումներ,
աշխատանքային միգրացիա,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ տնտեսական ուղղություններ։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ իրավասությանը վերաբերող ոլորտներում համագործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ։
3. Սույն հուշագրի իրագործման նպատակներով փոխգործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող՝ փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի 2 համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։
Աշխատանքային խմբի համանախագահների մակարդակով նիստերը կանցկացվեն առնվազն տարին 1 անգամ։
Աշխատանքային խմբի նիստերին հրավիրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանությունների մարմինների ներկայացուցիչները։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման ամսաթիվը և վայրը, աշխատանքային խմբի կազմը և նիստերի օրակարգը կսահմանվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից՝ համատեղ։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն փաստաթղթերով։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:
4. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել, այդ թվում՝ հետևյալ միջոցներով՝
տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների, ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին փորձի և տեղեկատվության փոխանակում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակում,
առևտրային արգելքների նվազեցման ու վերացման և տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում,
Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում,
համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների անցկացման համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Թաիլանդի Թագավորության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։
5. Աշխատանքային խմբի շրջանակներում կուսումնասիրվեն Կողմերի միջև համագործակցության հետագա զարգացումները, ինչպես նաև կարող են մշակվել համատեղ գործունեության իրականացման համար համագործակցության պլաններ և ծրագրեր։
6. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Թաիլանդի Թագավորության օրենսդրություններին համապատասխան։
7. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրագործման նպատակով, և առանց այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության այն չեն հայտնի երրորդ կողմի։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին է տրամադրում Թաիլանդական կողմից ստացված տեղեկատվությունը՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության։
8. Սույն հուշագրի իրագործմանը և կիրառմանը վերաբերող հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
9. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
10. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
11. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։ Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակ սկսած միջոցառումներն ու նախագծերն ավարտին հասցնելու վրա։
12. Սույն հուշագրում Կողմերի պայմանավորվածությամբ կարող են կատարվել փոփոխություններ։ Այդ փոփոխությունները կլինեն սույն հուշագրի անբաժանելի մասը։
Ստորագրված է __________ քաղաքում, 20__ թվականի __________ «____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, թաիլանդերենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից |
Թաիլանդի Թագավորության կառավարության կողմից |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|