ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կից ներկայացվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացման կարևորությունը,
ձգտելով բացահայտել Կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության նոր հեռանկարներ,
հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,
հաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրության սկզբունքներին,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է աջակցություն ցուցաբերել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, առևտրի զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ավելի սերտ համագործակցության համար։
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
առևտրի ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցների մշակում,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում տնտեսական զարգացման ու մակրոտնտեսական վիճակի վերլուծություն,
տեխնիկական կանոնակարգում,
մաքսային կարգավորում,
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառում,
ֆինանսական շուկաներ,
տրանսպորտ,
էներգետիկ քաղաքականություն,
ագրոարդյունաբերական համալիր,
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
արդյունաբերություն,
մտավոր սեփականություն,
ծառայությունների առևտուր և ներդրումներ,
սպառողների իրավունքների պաշտպանություն,
ձեռնարկատիրության զարգացում,
տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, պետական գնումներ,
աշխատանքային միգրացիա,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ տնտեսական ուղղություններ։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ իրավասության մեջ մտնող ոլորտներում համագործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ։
3. Սույն հուշագրի կիրարկման շրջանակներում համագործակցությունը կազմակերպելու նպատակով՝ Կողմերը ձևավորում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով աշխատանքային խումբ։
Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումն իրականացվում է երկու համանախագահների կողմից համատեղ, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։
Աշխատանքային խմբի նիստերին հրավիրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։
Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման օրը և վայրը, աշխատանքային խմբի կազմը և նիստերի օրակարգը սահմանվում են աշխատանքային խմբի համանախագահների կողմից։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները ձևակերպվում են համապատասխան փաստաթղթերով։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումն իրականացնում է ընդունող Կողմը:
4. Սույն հուշագրի կիրարկման շրջանակներում Կողմերը փոխգործակցում են հետևյալ եղանակներով՝
փոխադարձ առևտրի վրա ազդեցություն ունեցող միջոցների վերաբերյալ տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրային հոսքերի դինամիկայի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական և այլ համառոտ ակնարկների նախապատրաստում.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության գործարար համայնքների, այդ թվում՝ գործարար միավորումների ու ասոցիացիաների համագործակցությանն աջակցելու նպատակով առաջարկությունների մշակում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ համագործակցության համատեղ պլանների և ծրագրերի մշակում։
5. Կողմերը պետք է փորձեն պարբերաբար կապ հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության համապատասխան նախարարների միջև։
6. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
7. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
8. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
9. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը պետք է օգտագործեն միայն սույն հուշագրի կիրարկման նպատակով, և չպետք է այն հաղորդեն երրորդ կողմին առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։ Նշված դրույթը պետք է կիրառվի նաև սույն հուշագրի կիրառումը դադարեցնելուց հետո։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին տրամադրում է Բանգլադեշի կողմի ներկայացուցչից ստացված տեղեկատվությունն առանց վերջինիս գրավոր համաձայնության։
10. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։ Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակ սկսած միջոցառումներն ու նախագծերն ավարտին հասցնելու վրա։
Ստորագրված է ___________ քաղաքում, 20__ թվականի_______ «_____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, բենգալերենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից՝ |