ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ-ՕՐԹՈՊԵԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» սեպտեմբեր 2025 թ.

N 124-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ-ՕՐԹՈՊԵԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մանկական վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

18.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» սեպտեմբեր 2025 թվականի

թիվ 124-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ–ՕՐԹՈՊԵԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական վնասվածքաբան-օրթոպեդն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական վնասվածքաբանության բնագավառում (0-18 տարեկան), վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում: Օրթեզավորում և պրոթեզավորում իրականացնող բուժհաստատություններում` որպես խորհրդատու մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բնագավառում:

2. Մանկական վնասվածքաբան–օրթոպեդ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Մանկական վնասվածքաբան–օրթոպեդը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Մանկական վնասվածքաբան–օրթոպեդն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական վնասվածքաբան–օրթոպեդ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական վնասվածքաբան-օրթոպեդ.

3) Օրթեզավորում և պրոթեզավորում իրականացնող բուժհաստատություններում խորհրդատու` մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բնագավառում.

4) Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է առաջնորդվի ապացուցողական բժշկության սկզբունքներով և ունենա գիտելիքներ հետևյալ բժշկական ոլորտներում.

1) Անատոմիա և ֆիզիոլոգիա. ոսկրերի, հոդերի, մկանների, կապանների և ջլերի, դրանց նյարդավորման և անոթավորման կառուցվածքը և ֆունկցիաները, հոդերի կենսամեխանիկան և շարժման ֆիզիոլոգիան, երեխաների ոսկրային, մկանային, նյարդային համակարգի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները.

2) Պաթոֆիզիոլոգիա. ոսկրամկանային հյուսվածքի վերականգնման մեխանիզմները, վնասվածքների, կոտրվածքների և երեխաների մոտ հանդիպող հենաշարժիչ համակարգի այլ ախտաբանական վիճակների (բնածին և զարգացող) առաջացումը, զարգացումը.

3) Ախտորոշում. ֆիզիկական զննում, կլինիկական ախտանիշների գնահատում, ռադիոլոգիական հետազոտություններ (ռենտգեն, մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), ուլտրաձայնային հետազոտություն), լաբորատոր հետազոտությունների կիրառման անհրաժեշտության գնահատում, նշված հետազոտությունների ընթերցում.

4) Մանկական վնասվածքների և օրթոպեդիկ հիվանդությունների դասակարգում և բուժման սկզբունքներ. պոլիտրավմայի կառավարում, շոկային վիճակների կանխարգելում և բուժում.

5) Վիրաբուժական բուժում. կոտրվածքների վիրահատական բուժման տեխնիկան (օստեոսինթեզ, արտաքին ֆիքսատորներ), ոսկրամկանային համակարգի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների վիրահատական բուժումը.

6) Կոնսերվատիվ բուժում. գիպսային կապերի տեղադրում, դրանց առանձնահատկությունների իմացություն վնասվածքների և օրթոպեդիկ հիվանդությունների դեպքում, օրթեզների և բրեյսերի կիրառություն, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժում նշանակելու գիտելիքներ, դեղորայքային թերապիա (հակաբորբոքային, անալգետիկ, հակակալցիֆիկացիոն միջոցներ).

7) Մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է ունենա`

ա. վիրաբուժական հմտություններ.

բ. կլինիկական հմտություններ.

գ. կոգնիտիվ հմտություններ.

դ. վերլուծական հմտություններ.

8) Մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է կարողանա`

ա. կատարել ֆիզիկական զննում և ախտորոշում. hիվանդի ընդհանուր և հատուկ վնասվածքաբանական և օրթոպեդիկ զննում, hոդերի, մկանների, կապանների, ջլերի ֆունկցիոնալ թեստերի կատարում, կլինիկական ախտորոշման հիման վրա որոշումների կայացում.

բ. կատարել ռադիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերլուծություն. (ռենտգեն, մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), ուլտրաձայնային հետազոտություններ (ՈւՁՀ).

գ. կատարել դիֆերենցիալ ախտորոշում՝ պատկերային հետազոտությունների հիման վրա.

դ. կատարել վիրաբուժական միջամտություններ. մինիմալ ինվազիվ և բաց վիրահատություններ, կոտրվածքների ֆիքսացիա (օստեոսինթեզ, արտաքին ֆիքսատորներ), փափուկ հյուսվածքների և մկանա-կմախքային համակարգի վիրաբուժական վերականգնում.

ե. կատարել օրթոպեդիկ սարքերի կիրառման հմտություններ. օրթեզների, բրեյսերի, կորսետների ճիշտ ընտրություն, գիպսային իմոբիլիզացիա, վնասվածքների այլ պահպանողական բուժման տեխնիկաներ.

զ. կիրառել վերականգնողական բժշկության բազային հմտություններ. հիվանդի ռեաբիլիտացիոն պլանավորման կարողություն, կինեզոթերապիայի, ֆիզիոթերապիայի և ֆունկցիոնալ վերականգնման մեթոդների նշանակում.

է. դրսևորել արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակություն. արտակարգ իրավիճակներում (պոլիտրավմա, արնահոսություն, շոկ) օպտիմալ որոշումների ընդունում, վիրաբուժական միջամտության անհրաժեշտության գնահատում.

ը. կատարել տվյալների համակողմանի վերլուծություն և դիֆերենցիալ ախտորոշում:

6. Բժշկական hատուկ գիտելիքներ. մանկական վնասվածքաբան-օրթոպեդը պետք է իմանա`

1) Հետվնասվածքային վերականգնման սկզբունքները. ռեաբիլիտացիոն ծրագրերի մշակման հիմունքները, կինեզոթերապիայի և ֆիզիկական թերապիայի մեթոդները, սոցիալական հարմարվողականության և հիվանդների կյանքի որակի բարելավման մոտեցումները.

2) Կանխարգելիչ բժշկության սկզբունքները. ոսկրամկանային հիվանդությունների կանխարգելման հիմունքները, մանկական, սպորտային և արդյունաբերական վնասվածքների կանխարգելիչ միջոցառումների հիմունքները.

3) Մանկական տարիքում օրթոպեդիկ խնդիրների վաղ հայտնաբերման սկզբունքները (սկոլիոզ, կոնքազդրային հոդախախտ և այլն).

4) Արտակարգ իրավիճակների կառավարման հիմուքները. շոկային վիճակների կառավարում (հեմոռագիկ, տրավմատիկ շոկ), ցավի կառավարում և անզգայացման սկզբունքներ, պոլիտրավմայի բուժման տակտիկա (Damage Control Surgery).

ա. մանկական վնասվածքաբան-օրթոպեդը պետք է տիրապետի` մասնագիտական նորարարություններին և տեխնոլոգիաներին. նոր վիրաբուժական տեխնիկաների կիրառմանը.

բ. կլինիկական պրակտիկայում բժշկական 3Դ (3D) տպագրության և պացիենտ-սպեցիֆիկ իմպլանտների կիրառման մեթոդներին, բժշկական ինֆորմատիկայի և թվային տեխնոլոգիաների ինտեգրմանը.

գ. հիվանդների բուժման մարտավարության մշակմանը. հիվանդների անհատական բուժման պլանավորմանը, պոլիտրավմայի, բազմակի օրթոպեդիկ խնդիրների բուժման համակարգված մոտեցմանը.

դ. բժշկական փաստաթղթերի վարման հմտություններին. տեղեկատվության ճիշտ գրանցմանը (ախտորոշումներ, պատմագրեր, ցուցումներ), միջազգային չափանիշներին համապատասխան բուժական գրառումների վարմանը.

ե. հիվանդանոցի կամ կլինիկայի կառավարման հիմունքներին. բուժման որակի վերահսկման մեթոդներին:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական հմտություններ. մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Մանկական վնասվածքաբան–օրթոպեդը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ–ՕՐԹՈՊԵԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկական վնասվածքաբան–օրթոպեդի վրա։

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի.

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան