ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
4 ապրիլի 2017 թվականի |
քաղաք Մինսկ |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիան հետևյալ կազմով՝
նախագահող՝ Ա. Ա. Ֆեդորցովի,
զեկուցող դատավոր՝ Տ. Ն. Նեշատաևայի,
դատավորներ՝ Ա. Մ. Աժիբրաիմովայի, Է. Վ. Հայրիյանի, Ժ. Ն. Բաիշևի, Դ. Գ. Կոլոսի, Վ. Հ. Սեյտիմովայի, Գ. Ա. Սկրիպկինայի, Ա. Է. Թումանյանի, Կ. Լ. Չայկայի,
քարտուղարությամբ՝ դատական նիստի քարտուղար Ա. Ա. Պանովի, ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով զեկուցող դատավորին,
ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 46-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 72-րդ, 85-րդ հոդվածներով,
տրամադրում է հետևյալ խորհրդատվական եզրակացությունը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի պարզաբանման մասին Բելառուսի Հանրապետության դիմումի համաձայն։
I. Դիմողի հարցը
Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ դիմող) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 74-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածների դրույթների պարզաբանման մասին դիմումով դիմել է Եվրասիական տնտեսական միության դատարան (այսուհետ՝ Դատարան)։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնություններն արգելվում են՝ բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք համապատասխանում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածը հանդիսացող «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն) սահմանված թույլատրելիության չափորոշիչներին։
Արձանագրության II բաժնի 6-րդ կետով սահմանված է, որ «ուղղահայաց» համաձայնությունները թույլատրվում են, եթե դրանք առևտրային կոնցեսիայի պայմանագրեր [համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրեր] են. նման համաձայնության մասնակից յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) բաժնեմասը «ուղղահայաց» համաձայնության առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը։
Դիմողը խնդրում է Դատարանին պարզաբանել նշված դրույթները Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ, Միություն) անդամ պետությունների օրենսդրության մեջ «ուղղահայաց» համաձայնությունների թույլատրելիության այլ չափորոշիչներ սահմանելու հնարավորության մասով։
II. Դատարանի իրավասությունը
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի (այսուհետ՝ Դատարանի կանոնակարգ) 72-րդ հոդվածի համաձայն՝ պարզաբանման մասին դիմումների հիմքով դատական վարույթը ներառում է պարզաբանման մասին դիմում, պարզաբանման մասին դիմումի մեջ նշված հարցին վերաբերող այլ փաստաթղթեր և նյութեր կամ այդ փաստաթղթերի և նյութերի հաստատված պատճեններ ներկայացնելը, ինչպես նաև Դատարանի կողմից խորհրդատվական եզրակացություն պատրաստելը։
2017 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Դատարանը քննության է առել Պայմանագրի պարզաբանման մասին Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարցումը՝ նշելով հետևյալը։
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 2-րդ հավելվածը հանդիսացող՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (այսուհետ՝ Դատարանի ստատուտ) 46-րդ կետին համապատասխան՝ Դատարանը, անդամ պետության կամ Միության մարմնի դիմումի համաձայն, իրականացնում է Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթների պարզաբանում, ինչպես նաև Միության մարմինների և Դատարանի աշխատակիցների և պաշտոնատար անձանց դիմումի համաձայն, աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված՝ Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթների պարզաբանում։
Դատարանի ստատուտի 49-րդ կետի համաձայն՝ պարզաբանման մասին դիմումով անդամ պետության անունից Դատարան դիմում են անդամ պետության այն լիազորված մարմինները և կազմակերպությունները, որոնց ցանկը սահմանվում է յուրաքանչյուր անդամ պետության կողմից և դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Դատարան։
2015 թվականի փետրվարի 27-ի թիվ 18-31/4374 նոտայով Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Դատարանին ծանուցել է, որ ««Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի իրագործման միջոցների վերաբերյալ» Բելառուսի Հանրապետության նախագահի 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 43 հրամանագրի 1-ին կետով սահմանվել է, որ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարությունը Պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթները պարզաբանելու դիմումով Բելառուսի Հանրապետության անունից Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու լիազորություն ունեցող մարմին է։
Հիմք ընդունելով Դատարանի կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետը՝ պարզաբանման մասին դիմումը ստորագրվում է Դատարանի կանոնակարգի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձի կողմից։
Դատարանի կանոնակարգի 31-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ որպես անդամ պետությունների ներկայացուցիչներ Դատարանում կարող են հանդես գալ անդամ պետությունների՝ Դատարանի ստատուտի 49-րդ կետի համաձայն սահմանված լիազորված մարմինների և կազմակերպությունների ղեկավարները։ Դիմումը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Դատարանի ստատուտի 46-րդ և 49-րդ կետերով նախատեսված կարգով Դատարան դիմելու լիազորություն ունեցող մարմնի ղեկավարի կողմից։
III. Ընթացակարգը դատարանում
Դատարանի ստատուտի 68-րդ կետի համաձայն՝ պարզաբանման մասին գործերի քննության կարգը սահմանվում է Դատարանի կանոնակարգով։
Դատարանի ստատուտի 73-րդ կետով նախատեսվում է, որ Դատարանը պարզաբանման մասին գործերը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի նիստերի ժամանակ։
Գործը քննության նախապատրաստելու շրջանակներում Դատարանը հարցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, անդամ պետությունների՝ մրցակցության ոլորտում հսկողության համար պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների, հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերն ուսումնասիրող գիտական հաստատությունների հասցեով և ստացել Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի՝ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի՝ ակադեմիկոս Դ. Ա. Ալիշբաևի անվան տնտեսագիտության ինստիտուտի, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության, Ե. Տ. Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի պատասխանները։
Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարությունը Դատարան է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ու Բելառուսի Հանրապետության օրենսդրության և իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի եզրակացությունները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Դատարան է ուղարկել իր եզրակացությունները և Դատարանի կողմից պահանջված լրացուցիչ փաստաթղթերը։
IV. Դատարանի եզրահանգումները
Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ իրականացնում է միջազգային իրավական նորմերի պարզաբանում՝ հաշվի առնելով «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը։
1. Դատարանը պետք է պարզի՝ արդյոք հակամենաշնորհային կարգավորման ոլորտը վերապահված է Միության իրավասությանը, թե Միության անդամ պետությունները տվյալ ոլորտում կարող են ընդունել ազգային օրենսդրության նորմեր։
Պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ Միությունն իր գործունեությունն իրականացնում է անդամ պետությունների կողմից Պայմանագրին համապատասխան իրեն վերապահվող իրավասության շրջանակներում, ի թիվս այլ հարցերի՝ շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանման հիման վրա։
Պայմանագրի 1-ին հոդվածով սահմանված է, որ Միությունում իրականացվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն, ինչը նախատեսում է իրավական կարգավորման միատեսակության մեկ այլ աստիճան։
Պայմանագրի 2-րդ հոդվածում «միասնական քաղաքականությունը» սահմանվում է որպես անդամ պետությունների կողմից սահմանված՝ Պայմանագրով նախատեսված ոլորտներում իրականացվող քաղաքականություն, որը ենթադրում է անդամ պետությունների կողմից միասնականացված իրավական կարգավորում, այդ թվում՝ Միության մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակներում կայացված որոշումների հիման վրա:
«Համաձայնեցված քաղաքականությունը» տարբեր ոլորտներում անդամ պետությունների կողմից իրականացվող քաղաքականությունն է, որը ենթադրում է իրավական կարգավորման այն չափով ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության մարմինների որոշումների հիման վրա, որն անհրաժեշտ է Միության՝ Պայմանագրով նախատեսված նպատակներն իրագործելու համար։
«Համակարգված քաղաքականությունը» այն քաղաքականությունն է, որը ենթադրում է անդամ պետությունների համագործակցություն՝ Միության մարմինների շրջանակներում հավանության արժանացած ընդհանուր մոտեցումների հիման վրա, որոնք անհրաժեշտ են Միության՝ Պայմանագրով նախատեսված նպատակներն իրագործելու համար։
Պայմանագրի 2-րդ հոդվածը թույլ է տալիս Դատարանի մեծ կոլեգիային եզրահանգում անել այն մասին, որ որոշակի ոլորտ որպես միասնական քաղաքականություն դասակարգելու համար անհրաժեշտ է, որ այն համապատասխանի հետևյալ պայմաններին՝
1) միասնականացված իրավական կարգավորման առկայություն.
2) անդամ պետությունների կողմից տվյալ ոլորտի իրավասության փոխանցում Միության մարմիններին՝ դրանց վերազգային լիազորությունների շրջանակներում։
Հասարակական հարաբերությունների ոլորտը որպես համակարգված քաղաքականություն դասակարգելու համար բավական են ընդհանուր, այդ թվում՝ Միության մարմիններում հավանության արժանացած մոտեցումների սահմանումը և Միության նպատակների իրականացմանը դրանց ուղղվածությունը։
Հակամենաշնորհային կարգավորման ոլորտի միասնականացումն իրականացվում է Պայմանագրի 76-րդ հոդվածի, ինչպես նաև Արձանագրության շրջանակներում, որոնք, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, սահմանում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները։ Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի «Շուկան որպես անդրսահմանային որակելու չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 29 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ շուկան որակվում է որպես անդրսահմանային, եթե դրա աշխարհագրական սահմանները ներառում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներ։
Անդրսահմանային շուկաներում մրցակցային քաղաքականության ոլորտում վերազգային մարմնի իրավասության առկայության մասին վկայում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կողմից անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև ֆիզիկական անձանց և անդամ պետությունների՝ տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների խախտումները կանխելու ձևով մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունները Միության մարմնին պատվիրակելը, եթե այդպիսի խախտումները բացասաբար են ազդում կամ կարող են ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ մասնավորապես տուգանային պատժամիջոցների կիրառման ձևով (Արձանագրության 1-ին կետ):
Այսպիսով, անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության ոլորտի կանոնները կարգավորված են Միության իրավունքով և դասվում են միասնական քաղաքականությանը (վերազգային կարգավորում)։
Ազգային շուկաներում մրցակցության պաշտպանության առնչությամբ Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ տվյալ ոլորտում իրավական կարգավորումը սահմանված է Պայմանագրի 75-76-րդ հոդվածներով մրցակցության այն ընդհանուր սկզբունքների և կանոնների ամրագրման միջոցով, որոնք կարող են զարգանալ անդամ պետությունների օրենսդրության մեջ։
Ընդ որում, Պայմանագրի 74-րդ հոդվածի 3-րդ կետն անդամ պետություններին իրավունք է վերապահում իրենց օրենսդրությամբ սահմանելու Պայմանագրի 75–րդ և 76–րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ։
Իրավունքի վերոնշյալ նորմերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգում անել այն մասին, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանությունը Միության միասնական քաղաքականությունն է, մինչդեռ ազգային շուկաներում մրցակցության պաշտպանությունը համակարգված քաղաքականությունն է։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ անդամ պետություններն իրենց հերթին երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների նկատմամբ իրականացնում են համաձայնեցված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն, եթե այդպիսի գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ անդամ պետությունների ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի վրա։
Այսպիսով, Միության մրցակցային իրավունքը ներառում է քաղաքականության բոլոր այն երեք տեսակները, որոնց կիրառությունը կախված է այնպիսի չափորոշիչներից, ինչպիսիք են՝ 1) շուկայի բնույթը (ազգային կամ անդրսահմանային) և 2) տնտեսավարող սուբյեկտի` համապատասխան երկրի ծագում ունենալը (անդամ պետության շուկայի սուբյեկտ կամ երրորդ երկրների շուկայի սուբյեկտ)։
2. Վերը շարադրվածը Դատարանի մեծ կոլեգիային թույլ է տալիս եզրահանգում անել այն մասին, որ մրցակցության ընդհանուր կանոններն ուղղակի գործողություն ունեն և անդամ պետությունների կողմից պետք է անմիջականորեն կիրառվեն որպես միջազգային պայմանագրում ամրագրված նորմեր։
Ազգային օրենսդրությունն իր հերթին կարող է լրացուցիչ պահանջներ, սահմանափակումներ և արգելքներ պարունակել սահմանված ընդհանուր մոտեցումների (Պայմանագրի 74-րդ հոդվածի 3-րդ կետ) նկատմամբ։
Միությունում մրցակցությունը կարգավորելու առնչությամբ Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ Պայմանագրի 74-րդ հոդվածն անդամ պետություններին հայեցողության որոշակի ազատություն է տալիս իրենց ներքին շուկայում մրցակցային հարաբերությունները կարգավորելիս։
Հայեցողության այս ազատությունը ենթադրում է, որ իրավունքի նորմեր ընդունելիս պետությունները պետք է գտնեն իրենց ներքին շուկայի զարգացման և անդրսահմանային շուկայի արդյունավետ գործունեության միջև այնպիսի խելամիտ հավասարակշռություն, որը ենթադրում է, որ ո՛չ անդամ պետությունները, ո՛չ Միության մարմինները չպետք է միջամտեն միմյանց իրավասություններին։
Հաշվի առնելով, որ Միության անդամ պետությունները Պայմանագրի 4-րդ հոդվածով հայտարարել են Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ձևավորելու իրենց ձգտման մասին, Դատարանի մեծ կոլեգիան ենթադրում է, որ այդ նպատակով Միության անդամ պետություններն օրենսդրությունը պետք է ներդաշնակեցնեն այնպես, որ խուսափեն այլ իրավակիրառ պրակտիկա ձևավորելուց և որպես հետևանք՝ Միության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհավասար պայմաններ ստեղծելուց։
3. Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետով նշվում է, որ Պայմանագրի XVIII բաժնի առարկան անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործողությունների, ինչպես նաև երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործողությունների հայտնաբերումն ու կանխումն ապահովող՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներ ու կանոններ սահմանելն է։
Պայմանագրով նախատեսվում է, որ այն պարունակում է ինչպես անդամ պետությունների տարածքներում, այնպես էլ անդրսահմանային շուկաներում մրցակցության հարցերը կարգավորող ընդհանուր սկզբունքներ և կանոններ։
Հիմք ընդունելով Պայմանագրի 74-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Պայմանագրի XVIII բաժնի դրույթների կատարումն իրականացվում է Արձանագրության համաձայն։
Արձանագրության 1-ին կետով նշվում է, որ տվյալ Արձանագրությունը, ի թիվս այլնի, մշակվել է Պայմանագրի XVIII բաժնին համապատասխան, և զարգացնելով դրա դրույթները՝ Արձանագրությամբ սահմանվում են «ուղղահայաց» համաձայնությունների թույլատրելիության չափորոշիչներ՝ հետևյալ եղանակով։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «ուղղահայաց» համաձայնություն» ասելով՝ հասկանում ենք համաձայնություն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկը ձեռք է բերում ապրանքը կամ դրա հավանական ձեռք բերողն է, իսկ մյուսը մատակարարում է ապրանքը կամ դրա հավանական վաճառողն է։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնություններն արգելվում են՝ բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք, Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան, թույլատրելի են համարվում։
Պայմանագրում «ուղղահայաց» համաձայնությունների մասով արգելքները շարադրված են 76-րդ հոդվածի 4-րդ կետում և վերաբերում են համաձայնությունների բովանդակությանը՝
1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.
2) այդպիսի համաձայնություններով նախատեսվում է գնորդի` այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։
Թվարկված պայմանները պարունակող համաձայնություններն արգելված են՝ բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք, Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան, թույլատրելի են համարվում։
Արձանագրության 6-րդ կետով ամրագրված է «ուղղահայաց» համաձայնությունների թույլատրելիության երկու չափորոշիչ՝
1) նման համաձայնություններն առևտրային կոնցեսիայի պայմանագրեր [համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրեր] են.
2) նման համաձայնության մասնակից յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) բաժնեմասը «ուղղահայաց» համաձայնության առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը։
Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ թվարկված չափորոշիչներից երկրորդը հաշվարկվում է՝ ելնելով՝
սուբյեկտի բնութագրից՝ այդ համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ).
ապրանքային շուկայի բնութագրից՝ «ուղղահայաց» համաձայնության առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկա։
Այսպիսով, ԵԱՏՄ-ի իրավունքի նորմերը տարանջատում են «թույլատրելիության չափորոշիչ» և «արգելք» հասկացությունները, ընդ որում, թույլատրելիության չափորոշիչների ցանկը չի պարունակում Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված արգելքները։
Թույլատրելիության չափորոշիչները սահմանվում են միայն «ուղղահայաց» համաձայնությունների համար, հրամայական բնույթի են և կարևոր նշանակություն ունեն տնտեսավարող սուբյեկտի գործողությունների օրինական և խելամիտ լինելը գնահատելու համար, բայց նաև գործիք են, որն ապահովում է ինչպես ապրանքային շուկայում մասնակիցների փաստացի հավասարությունը, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակներում «ուղղահայաց» համաձայնությունների միատեսակ իրավական կարգավորումը։
Հաշվի առնելով, որ Պայմանագրի 76-րդ հոդվածն իր հերթին արգելքներ է սահմանում տնտեսավարող սուբյեկտների, ապրանքների և համաձայնագրերի որոշակի կատեգորիաների համար, պետք է եզրահանգել, որ ներդաշնակեցված ազգային օրենսդրության մեջ նշված պահանջից բացի՝ նույն այդ կատեգորիաների համար կարող են սահմանվել նաև պետությունների ներքին ապրանքային շուկայի գործունեության պայմանները հաշվի առնող լրացուցիչ պահանջներ, սահմանափակումներ և արգելքներ։
Տվյալ նորմը մեկնաբանելու համար սկզբունքային է համարվում դրանում օգտագործված «արգելք» և «թույլատրելիության չափորոշիչ» եզրույթների ընկալումը դրանց սովորական նշանակությանը համապատասխան։ Բացի այդ, հարկավոր է հստակեցնել «լրացուցիչ» և «այլ» ածականների միջև տարբերությունը։
«Արգելքը» ինչ-որ բան անել թույլ չտալն է, արգելելն է, իսկ «թույլատրելիության չափորոշիչը» կարելի է սահմանել որպես «հատկանիշ, որի հիման վրա կատարվում է կարելիի, թույլատրելիի, հնարավորի, ընդունելիի գնահատում»։ Անհրաժեշտ է լրացուցիչ նշել, որ համապատասխան համատեքստում գործածվող «պահանջ» և «սահմանափակում» եզրույթները ունեն հետևյալ նշանակությունները. պահանջ՝ «նորմ, պայման, պայմանների ամբողջություն, որոնց ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը պետք է համապատասխանի». սահմանափակում՝ «այն, ինչը կաշկանդում է, ինչ-որ մեկին, ինչ-որ բան ինչ-որ սահմանների, շրջանակների մեջ է դնում» («Ռուսաց լեզվի բառարան» չորս հատորով, խմբագրությամբ՝ Ա. Պ. Եվգենևայի)։
Այսպիսով, Պայմանագրի 74-րդ հոդվածի 3-րդ կետի նորմի բառացի պարզաբանումը թույլ է տալիս եզրահանգել, որ տվյալ նորմն անդամ պետություններին իրավասություն է վերապահում սահմանելու արգելող նորմեր, այլ ոչ թե թույլատրող նորմեր։
Դատարանի մեծ կոլեգիան ուշադրություն է դարձնում այն փաստին, որ դիմողը խնդրում է պարզաբանել Պայմանագրի դրույթները՝ ազգային օրենսդրության մեջ թույլատրելիության այլ չափորոշիչներ սահմանելու հնարավորության առումով։
Համաձայն նշված բառարանում բերված սահմանումների՝ «լրացուցիչ» ածականը նշանակում է «ինչ-որ բանի լրացնող, հավելյալ», իսկ «այլ» բառը՝ «ուրիշ, ոչ այդ, ոչ այդպիսի, դրանից (կամ նախորդից) տարբերվող»։
Հետևաբար Պայմանագրի 74-րդ հոդվածի 3-րդ կետի նորմով անդամ պետություններին իրավունք է տրվում իրենց ազգային օրենսդրության մեջ լրացնել Պայմանագրի 75-76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների, ինչպես նաև արգելքների նկատմամբ պահանջների և սահմանափակումների ցանկը։
Պայմանագիրը չի պարունակում դրույթներ, որոնք թույլ են տալիս անդամ պետությունների օրենսդրության նորմերում սահմանել «ուղղահայաց» համաձայնությունների թույլատրելիության այլ չափորոշիչներ։
4. Դատարանի մեծ կոլեգիան անհրաժեշտ է համարում պարզաբանել նաև «ցանկացած ապրանքային շուկա» և ««ուղղահայաց» համաձայնության առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկա» հասկացությունների հարաբերակցության հարցը։
Արձանագրության 2-րդ կետի 19-րդ ենթակետը պարունակում է «ապրանքային շուկայի» սահմանումը որպես այն ապրանքի շրջանառության ոլորտ, որը չի կարող փոխարինվել այլ ապրանքով, կամ փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմաններում (այդ թվում՝ աշխարհագրական), ելնելով տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորությունից կամ նպատակահարմարությունից, գնորդը կարող է ձեռք բերել ապրանքը, և որի սահմաններից դուրս նման հնարավորությունը կամ նպատակահարմարությունը բացակայում է։
Արձանագրության II բաժնի 6-րդ կետի 2-րդ ենթակետը պարունակում է նորմ «ուղղահայաց» համաձայնության առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայի, բայց ոչ ցանկացած ապրանքային շուկայի մասին։
Այս առումով Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ Միության իրավունքով գործում է «ապրանքի ապրանքային շուկա» հասկացությունը, որը սահմանվում է՝ ելնելով երկու բաղկացուցիչներից՝ ապրանքատեսակային սահմաններից (փոխարինող այն ապրանքներից կազմված ապրանքային խմբից, որոնց շուկաները գնահատվում են որպես մեկ ապրանքային շուկա) և աշխարհագրական սահմաններից (տարածքից, որտեղ ապրանքի ձեռքբերումը տնտեսապես նպատակահարմար է գնորդի համար)։
Այսպիսով, Դատարանի մեծ կոլեգիայի կարծիքով՝ ազգային օրենդրության մեջ այն մասին կանոն սահմանելը, որ տնտեսավարող սուբյեկտի բաժնեմասը պետք է վերլուծվի ցանկացած ապրանքային շուկայում, կնշանակի, որ մի ապրանքի ապրանքային շուկայում մրցակցության կանոնները խախտելը կարող է հանգեցնել պատասխանատվության առաջացման մեկ այլ այնպիսի ապրանքային շուկայում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս, որտեղ տնտեսավարող սուբյեկտները բարեխիղճ են գործում։ Վերջինս չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և հակամենաշնորհային օրենսդրությունը պահպանելու հսկողության դեպքում անսահմանափակ հայեցողության ազատություն կտա պետական մարմիններին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներին կվերապահի իրենց գործունեությունն այնպես կազմակերպելու պարտականություն, որ նրանք չզբաղեցնեն ցանկացած ապրանքային շուկայի որոշակի տոկոսից ավելին, ինչը, Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, չի համապատասխանում Միության հիմնական նպատակներին։
Եզրահանգում
5. Այսպիսով, Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգման, որ Պայմանագրի 4-րդ, 74-76-րդ հոդվածների, Արձանագրության II բաժնի փոխկապակցված ընթերցումը չի նախատեսում Միության անդամ պետությունների՝ «ուղղահայաց» համաձայնությունների թույլատրելիության սահմանված չափորոշիչները փոխելու իրավունք։
V. Եզրափակիչ դրույթներ
Սույն Խորհրդատվական եզրակացության պատճենն ուղարկել դիմողին:
Խորհրդատվական եզրակացությունը տեղադրել Դատարանի պաշտոնական ինտերնետային կայքում:
|
Նախագահող` |
Ա.Ա. Ֆեդորցով |
|
Զեկուցող դատավոր՝ |
Տ.Ն. Նեշատաևա |
|
Դատավորներ՝ |
Ա.Մ. Աժիբրաիմովա |
|
Է.Վ. Հայրիյան | |
|
Ժ.Ն. Բաիշև | |
|
Դ.Գ. Կոլոս | |
|
Վ.Խ. Սեյտիմովա | |
|
Գ.Ա. Սկրիպկինա | |
|
Ա.Է. Թումանյան | |
|
Կ.Լ. Չայկա |