ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԻՄԵՋԻՆ ԵՐԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1346-Ա

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԻՄԵՋԻՆ ԵՐԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Իմեջին Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սահմանել, որ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 29.40061 հա ընդհանուր մակերեսով հողամասում՝ համաձայն N 2 hավելվածի, որից` 5.5601 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը։

3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 04-002-0306-0022 կադաստրային ծածկագրով 16.51441 հա, 04-002-0305-0043 կադաստրային ծածկագրով 7.0331 հա և 04-002- 1407-0004 կադաստրային ծածկագրով 0.293 հա մակերեսներով հողամասերը (այսուհետ՝ հողամաս) ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարելուն՝ համաձայն N 3 hավելվածի։

4. Հաստատել ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 4 hավելվածի։

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարել հողամասն ու ընկերության հետ կնքել հողամասն ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ համապատասխան պայմանագիրը՝ հիմք ընդունելով սույն որոշման N 4 hավելվածով հաստատված պայմանները։

6. Սահմանել, որ՝

1) ծրագրի ժամկետի ընթացքում սահմանված ներդրումն ամբողջությամբ պետք է ուղղել բացառապես ծրագրի իրականացմանը: Այլ նախագծերի իրականացմանն ուղղված ծախսերը չեն կարող ներառվել ծրագրի իրականացման ներդրման հաշվարկներում.

2) հողամասը ծրագրի ժամկետի ընթացքում կարող է օգտագործվել բացառապես ծրագրի իրականացման նպատակով.

3) հողամասի օտարման գումարը գնորդի կողմից ենթակա է վճարման առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում.

4) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի մեկնարկ է համարվում հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի կնքման օրը։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարին սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասն ընկերության կողմից 5 (հինգ) տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` 5 (հինգ) տարին լրանալուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով հանդես գալ նախաձեռնությամբ և առանց դատարան դիմելու սույն որոշման 8-րդ կետով գրավադրված հողամասի վրա բռնագանձում տարածել՝ ապահովելով հողամասերի վերադարձը համայնքին:

8. Օտարվող հողամասը ձեռք բերողի կողմից անմիջապես առաջնային գրավի իրավունքով կգրավադրվի Վաղարշապատ համայնքի օգտին՝ մինչև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարման ավարտը։

9. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո՝

1) եթե ընկերությունը չի իրականացրել ներդրումների առնվազն 80%-ը, ապա այն պարտավորվում է 60 (վաթսուն) օրվա ընթացքում համայնքային բյուջե վճարել տվյալ հողամասի օտարման պահին գործող շուկայական արժեքի և ձեռք բերված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերությունը, որը կազմում է 3,945,155,274 (երեք միլիարդ ինը հարյուր քառասունհինգ միլիոն հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ։ Վճարումը կատարելուց հետո ընկերությունը ձեռք է բերում հողամասի սեփականության իրավունքը՝ առանց որևէ լրացուցիչ պարտավորության.

2) եթե ընկերությունը չի իրականացրել ծրագիրն ամբողջ ծավալով, այն է՝ չի կատարել 7,002,000,000 (յոթ միլիարդ երկու միլիոն) դրամ ներդրում, ապա ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո յուրաքանչյուր տարվա մեկնարկից 60 (վաթսուն) օրվա ընթացքում պարտավորվում է պետական բյուջե վճարել 700,200,000 (յոթ հարյուր միլիոն երկու հարյուր հազար) դրամ տուգանք՝ մինչև նշված ներդրման ծավալն ամբողջությամբ կատարելը։ Այս պահանջը չի կիրառվում, եթե ընկերությունն արդեն կատարել է սույն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի պայմանը.

3) եթե ընկերությունը չի իրականացրել ծրագիրն ամբողջ ծավալով և չի կատարել սույն որոշման 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված որևէ պարտավորություն, այդ թվում՝ սահմանված ժամկետում չի վճարել տուգանքները, ապա Վաղարշապատ համայնքն իրավունք ունի սահմանված կարգով հանդես գալ նախաձեռնությամբ և առանց դատարան դիմելու սույն որոշման 8-րդ կետով գրավադրված հողամասի վրա բռնագանձում տարածել՝ ապահովելով հողամասերի վերադարձը համայնքին:

10. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրերի նոտարական ձևակերպման, հողամասի նկատմամբ իրավունքի (սեփականության կամ այլ) պետական գրանցման և հողամասի չափորոշիչների ճշգրտման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1346-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1346-Ա որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1346-Ա որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1346-Ա որոշման