ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Խորհրդատվական եզրակացություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

1 նոյեմբերի 2016 թվականի

 

քաղաք Մինսկ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիան, հետևյալ կազմով՝

նախագահող՝ դատարանի նախագահ Ա. Ա. ՖԵԴՈՐՑՈՎ,

զեկուցող դատավոր՝ Ա. Մ. ԱԺԻԲՐԱԻՄՈՎԱ,

դատավորներ՝ Է. Վ. ՀԱՅՐԻՅԱՆ, Ժ. Ն. ԲԱԻՇԵՎ, Դ. Գ. ԿՈԼՈՍ, Տ. Ն. ՆԵՇԱՏԱԵՎԱ, Վ. Խ. ՍԵՅՏԻՄՈՎԱ, Գ. Ա. ՍԿՐԻՊԿԻՆԱ, Ա. Է. ԹՈՒՄԱՆՅԱՆ, Կ. Լ. ՉԱՅԿԱ,

դատական նիստի քարտուղար՝ Ա. Կ. ԱՍԱՆԱԼԻԵՎԱ,

լսելով զեկուցող դատավորին, ուսումնասիրելով գործի նյութերը,

քննելով Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության դիմումը,

առաջնորդվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 46-րդ, 47-րդ, 49-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 72-րդ, 85-րդ հոդվածներով,

տրամադրում է հետևյալ խորհրդատվական եզրակացությունը՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների՝ առաջադրված հարցին առնչվող դրույթների վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումի համաձայն:

 

Դիմողի հարցը

 

1. Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ դիմող) Եվրասիական տնտեսական միության դատարանին (այսուհետ՝ Դատարան) խնդրում է պարզաբանում տալ հետևյալ հարցի շուրջ՝ արդյո՞ք կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի՝ սահմանված ծավալի շրջանակներում ապրանքների ներմուծման համար նախատեսված ցածր դրույքաչափեր, եթե այն ապրանքների բացթողումը, որոնց վերաբերյալ ներկայացվել է նախնական մաքսային հայտարարագիր, իրականացվում է սակագնային քվոտաների սահմաններում ներմուծվող ապրանքների ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հետո:

 

Դատարանի իրավասությունը

 

2. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 2-րդ հավելվածը հանդիսացող՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (այսուհետ՝ Դատարանի ստատուտ) 46-րդ կետին համապատասխան՝ Դատարանը, անդամ պետության կամ Միության մարմնի դիմումի համաձայն, իրականացնում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր), Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթների պարզաբանում, ինչպես նաև Միության մարմինների և Դատարանի աշխատակիցների և պաշտոնատար անձանց դիմումի համաձայն՝ աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված՝ «Միության մասին» պայմանագրի, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթների պարզաբանում։

«Միության մասին» պայմանագրի VIII բաժնին առնչվող անցումային դրույթներին («Միության մասին» պայմանագրի 101-րդ հոդված) համապատասխան՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին և անդամ պետությունների՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնք կնքվել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում, և որոնք, «Միության մասին» պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան, կազմում են Միության իրավունքի մաս՝ հաշվի առնելով «Միության մասին» պայմանագրի 101-րդ հոդվածի դրույթները։

Մաքսային միության մաքսային օրենսգիրքը (այսուհետ՝ ՄՄ ՄՕ) «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածն է. այն Միության շրջանակներում գործող միջազգային պայմանագիր է և, շարադրվածի հիման վրա, Միության իրավունքի մաս է կազմում:

«Միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածը հանդիսացող՝ «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրությունը (այսուհետ՝ «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրություն) մշակվել է «Միության մասին» պայմանագրի IX բաժնին համապատասխան, դրանով սահմանվում են Միության տարածքում մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառման սկզբունքներն ու կարգը, և այն «Միության մասին» պայմանագրի անքակտելի մասն է:

««ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք լիցենզավորվող ապրանքների ներմուծման և այդ տարածքից դրանց արտահանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից հսկողության միասնական կարգի մասին» հիմնադրույթի (այսուհետ՝ «Հսկողության միասնական կարգի մասին» հիմնադրույթ) վերաբերյալ» Հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 687 որոշումը Միության գործող իրավական ակտ է՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններին, «Միության մասին» պայմանագրի 99-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Թվարկված միջազգային պայմանագրերն ու Միության մարմնի որոշումը, «Միության մասին» պայմանագրի 6-րդ հոդվածին համապատասխան, Միության իրավունքի մաս են կազմում, իսկ դրանց պարզաբանումը, Դատարանի ստատուտի 46-րդ կետի համաձայն, գտնվում է Դատարանի առարկայական իրավասության շրջանակներում:

Պարզաբանում ստանալու մասին դիմումով Դատարան դիմելու իրավունքով օժտված սուբյեկտներն են Միության անդամ պետությունները, Միության մարմինները, Միության մարմինների և Դատարանի աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք:

Պարզաբանում ստանալու մասին դիմումով անդամ պետության անունից Դատարան դիմելը, Դատարանի ստատուտի 49-րդ կետի համաձայն, իրականացվում է անդամ պետության այն լիազորված մարմինների և կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը սահմանվում է յուրաքանչյուր անդամ պետության կողմից և դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Դատարան։

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2015 թվականի մայիսի 20-ի թիվ 21-37596/1759 նոտայով Դատարանին ծանուցել է, որ, «Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու համար լիազորված մարմինների ու կազմակերպությունների մասին» Ղազախստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի մայիսի 6-ի թիվ 20 հրամանագրին համապատասխան, «Միության մասին» պայմանագրի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության մարմինների որոշումների դրույթները պարզաբանելու մասին դիմումով դիմելու համար լիազորված են Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ներդրումների և զարգացման հարցերով նախարարությունը, ազգային էկոնոմիկայի նախարարությունը և արդարադատության նախարարությունը:

Դիմումն ստորագրված է Միության անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարի կողմից, ինչը համապատասխանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի (այսուհետ՝ Դատարանի կանոնակարգ) 10-րդ հոդվածի 2-րդ կետին, 31-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին:

Այսպիսով, պարզաբանում ստանալու մասին դիմումը ներկայացված է լիազորված անձի կողմից՝ վերջինիս՝ Դատարանի ստատուտի 46-րդ և 49-րդ կետերով սահմանված իմաստով:

3. Դատարանի ստատուտի 73-րդ կետին համապատասխան՝ Դատարանը պարզաբանում ստանալու մասին գործերը քննում է Դատարանի մեծ կոլեգիայի նիստում:

Դատարանի կողմից Միության ակտերի դրույթների պարզաբանումն իրականացվում է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված՝ բարեխիղճ մեկնաբանման սկզբունքին համապատասխան:

 

Վարույթը Դատարանում

 

4. Դիմողի կողմից կցվել են հարցվող հարցին առնչվող նյութեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունից, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեից և Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունից:

Գործի քննությանը նախապատրաստվելու շրջանակներում Դատարանը տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցում է ուղարկել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև իրենց դիրքորոշումը ներկայացնելու վերաբերյալ հարցումներ է ուղարկել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություններ, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություններ, Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

Հարցումների պատասխաններ են ստացվել Համաշխարհային մաքսային կազմակերպության քարտուղարությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունից, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություններից:

Դատարանը լսել է Կ. Մ. Ալդաբերգենովին և Ն. Ն. Եֆիմչուկին՝ «Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների եվրասիական միություն» իրավաբանական անձանց միավորման ներկայացուցիչներին՝ այն հարցի կապակցությամբ, որի պարզաբանումը հարցվում է դիմողի կողմից:

 

Դատարանի մեծ կոլեգիայի եզրահանգումները

 

5. Դատարանի մեծ կոլեգիան գտնում է, որ դիմողի հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզաբանել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են սակագնային քվոտան, սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծման լիցենզիան, ինչպես նաև սակագնային քվոտաների շրջանակներում ներմուծվող ապրանքների ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ դրույքաչափերի կիրառման կարգը:

6. Սակագնային քվոտայի հասկացությունը ներառված է «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 2-րդ կետում և նշանակում է Միության մաքսային տարածք երրորդ երկրներից ծագող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծումը կարգավորող միջոց, որով նախատեսվում է կիրառել Միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի տարբերակված դրույքաչափեր՝ որոշակի ժամանակահատվածում սահմանված քանակությամբ (բնաիրային կամ դրամական արտահայտությամբ) և այդ քանակից ավելի ներմուծվող ապրանքների դեպքում:

Սակագնային քվոտաներ սահմանելու լիազորությունները վերապահված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) բացառիկ իրավասությանը՝ «Միության մասին» պայմանագրի 45-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա: Սակագնային քվոտաներ սահմանելուց բացի՝ Հանձնաժողովը բաշխում է սակագնային քվոտայի ծավալներն անդամ պետությունների միջև, որոշում է սակագնային արտոնությունների կիրառման մեթոդն ու կարգը, ինչպես նաև սահմանում է սակագնային արտոնությունների տրամադրման դեպքերն ու պայմանները, որոշում է սակագնային արտոնությունների կիրառման կարգը:

Հանձնաժողովը սակագնային քվոտա սահմանելու իր լիազորություններն իրականացնում է սակագնային քվոտայով նախատեսված ծավալի սահմաններում և դրանից ավելի ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների համար Միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ դրույքաչափերը հաստատելու միջոցով:

«Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 5-րդ կետով նախատեսված է, որ երրորդ երկրներից ծագող և Միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակի համար Հանձնաժողովի կողմից սահմանվող սակագնային քվոտայի ծավալը չի կարող գերազանցել Միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքի սպառման ծավալի և Միության մաքսային տարածքում նույնանման ապրանքի արտադրության ծավալի միջև եղած տարբերությունը։ Եթե, նշված Արձանագրության 6-րդ կետի համաձայն, նույնանման ապրանքի արտադրության ծավալը հավասար է Միության մաքսային տարածքում այդ ապրանքի սպառման ծավալին կամ գերազանցում է այդ ապրանքի սպառման ծավալը, ապա սակագնային քվոտա սահմանել չի թույլատրվում։

Հետևաբար սակագնային քվոտան կիրառվում է միայն այն ժամանակ, երբ գյուղատնտեսական ապրանքի առանձին տեսակի արտադրության և սպառման միջև գոյություն ունի անհավասարակշռություն, մասնավորապես՝ ապրանքի այդ տեսակի արտադրությունը չի բավարարում դրա սպառման նորմաները:

Այսպիսով, սակագնային քվոտավորման նպատակն է լրացնել այն ապրանքի ծավալը, որի քանակը չի բավարարում Միության ներքին շուկայի պահանջները:

Հանձնաժողովն իրականացրել է սակագնային քվոտաների ծավալը սահմանելու լիազորությունները՝ «2016 թվականին գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու համար սակագնային քվոտաներ, ինչպես նաև այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծելու համար սակագնային քվոտաների ծավալները սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 99 որոշումը (այսուհետ՝ թիվ 99 որոշում), ինչպես նաև «2017 թվականին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների մասով սակագնային քվոտաներ սահմանելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող այդ ապրանքների մասով սակագնային քվոտաների ծավալների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 97 որոշումը (այսուհետ՝ թիվ 97 որոշում) ընդունելու միջոցով:

Ինչպես հետևում է թիվ 99 որոշման 1-ին կետից և թիվ 97 որոշման 1-ին կետից, սակագնային քվոտաները սահմանված են մեկ օրացուցային տարի ժամկետով՝ 2016 և 2017 թվականների համար:

Անդամ պետությունները Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային քվոտաների ծավալները բաշխում են արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ ազգային օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև գործադիր իշխանության իրավասու մարմնին հանձնարարում են իրականացնել սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրումը (թիվ 99 որոշման 4-րդ կետ, թիվ 97 որոշման 4-րդ կետ):

7. Միության մաքսային տարածք մաքսատուրքերի արտոնյալ դրույքաչափով՝ սահմանված ծավալի շրջանակներում ապրանքներ ներմուծելու իրավունքը հաստատվում է համապատասխան լիցենզիայով:

Սակագնային քվոտաների շրջանակներում ապրանքների ներմուծման լիցենզավորումը նախատեսված է «Միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածը հանդիսացող՝ «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (այսուհետ՝ «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություն) 47-րդ կետով: Տվյալ Արձանագրության 2-րդ կետով «լիցենզիա» հասկացությունը սահմանվում է որպես «ապրանքների արտահանումը և (կամ) ներմուծումն իրականացնելու իրավունքը հավաստող հատուկ փաստաթուղթ»:

«Միության մասին» պայմանագրի 46-րդ հոդվածով սահմանված է ոչ սակագնային կարգավորման միջոցների սպառիչ ցանկը: Սակագնային քվոտայի իրացման շրջանակներում տրամադրման ենթակա լիցենզիան չի դասվում ոչ սակագնային կարգավորման միջոցների թվին:

«Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 47-րդ կետի համաձայն՝ լիցենզավորումն իրականացվում է Միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից արտաքին առևտրային գործունեության մասնակցին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա տրամադրելու միջոցով:

«Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 4-րդ կետին համապատասխան՝ այն ապրանքները, որոնց առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու որոշում է ընդունվել, ներառվում են այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ (այսուհետ՝ ապրանքների միասնական ցանկ): Ընդ որում, ապրանքների միասնական ցանկում ներառվում են նաև այն ապրանքները, որոնց առնչությամբ սակագնային քվոտա սահմանելու և լիցենզիա տրամադրելու որոշում է ընդունվել:

Սակագնային քվոտաները որպես միասնական մաքսասակագնային կարգավորման միջոցներ կիրառելուն առնչվող իրավահարաբերությունները գտնվում են երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման մեխանիզմի գործողության շրջանակներում, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ սակագնային քվոտայի ծավալի և գործողության ժամկետի սահմաններում ներմուծվող ապրանքների համար Հանձնաժողովի կողմից սահմանվող ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ դրույքաչափեր կիրառելու իրավական հիմքերը լրացվում են այդ ապրանքների ներմուծման գործող լիցենզիայի առկայությամբ:

Սակայն այդպիսի լիցենզիան միջոց է, որը չի կարող դիտվել այն սակագնային քվոտայից առանձին, որի շրջանակներում այն տրամադրվել է:

«Միության մասին» պայմանագրի 46-րդ հոդվածի, «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության և «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության վերլուծությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սակագնային քվոտայի շրջանակներում լիցենզավորումը սակագնային կարգավորման իրականացման առանձնահատուկ տեսակ է:

Առանց սակագնային քվոտան բաշխելու՝ այդպիսի լիցենզիա չի կարող տրամադրվել: Ուստի, հաշվի առնելով սակագնային քվոտայի շրջանակներում տրամադրվող ներմուծման լիցենզիայի նպատակային նշանակությունը, չկան հիմքեր՝ այն որպես ոչ սակագնային կարգավորման առանձին միջոց դիտելու համար:

Հաշվի առնելով շարադրվածը՝ Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգման, որ այն ապրանքը, որի ներմուծումը սակագնային քվոտայի շրջանակներում թույլատրվում է, լիցենզավորվող ապրանք է, որի առնչությամբ սահմանված է սակագնային կարգավորման միջոց և համապատասխանաբար՝ մաքսատուրքի արտոնյալ դրույքաչափ:

Ելնելով «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 2-րդ կետում ներառված սակագնային քվոտայի սահմանումից՝ ժամանակահատվածը, որի ընթացքում կատարվում է ապրանքի ներմուծումը, սակագնային քվոտայի սահմանման պարտադիր պայման է:

«Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 7-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պարտադիր պայմաններից մեկը, որը պետք է պահպանվի սակագնային քվոտա սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելիս, սակագնային քվոտան որոշակի ժամկետով սահմանելն է:

«Հսկողության միասնական կարգի մասին» հիմնադրույթի 10-րդ կետի առաջին մասին համապատասխան՝ Մաքսային միության մաքսային տարածքով լիցենզավորվող ապրանքների տեղափոխումը (բացառությամբ այն լիցենզավորվող ապրանքների, որոնց առնչությամբ սահմանված են ոչ սակագնային կարգավորման միջոցներ) և առաջին մաքսային ընթացակարգը հայտագրելիս մաքսային հայտարարագիր ներկայացնելն իրականացվում են լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում:

«Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության հավելվածը հանդիսացող՝ Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 9-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված է, որ այն ապրանքների դեպքում, որոնց նկատմամբ սահմանվել են սակագնային քվոտաներ, լիցենզիայի գործողության ժամանակահատվածն ավարտվում է այն օրացուցային տարում, որում սահմանվել է քվոտան:

Հետևաբար սակագնային քվոտայի շրջանակներում տրամադրված լիցենզիայի հիման վրա ապրանքների ներմուծում իրականացնող սուբյեկտի իրավունքներն ու պարտականությունները սահմանափակվում են լիցենզիայի գործողության ժամկետով:

Այսպիսով, տվյալ Հիմնադրույթի 10-րդ կետով սահմանվում են լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում լիցենզավորվող ապրանքների առնչությամբ կատարվող գործողությունների տարբեր ծավալներ՝ կախված նրանից, թե համապատասխան ապրանքների մասով ինչ միջոց (սակագնային կամ ոչ սակագնային) է կիրառվում: Այն ապրանքների համար, որոնց դեպքում կիրառվում է սակագնային քվոտա, այսինքն՝ սակագնային կարգավորման միջոց, նախատեսված է լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում մաքսային սահմանով լիցենզավորվող ապրանքների տեղափոխում և առաջին մաքսային ընթացակարգը հայտագրելիս մաքսային հայտարարագրի ներկայացում, իսկ այն ապրանքների համար, որոնց դեպքում կիրառվում են ոչ սակագնային միջոցներ, սահմանված է պահանջ՝ լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում բացթողումը թույլատրելու վերաբերյալ: Վերոնշյալ Հիմնադրույթի 10-րդ կետից երևում է, որ ապրանքների առաջին կատեգորիայի համար սահմանված է պահանջ՝ դրանք տեղափոխելու և մաքսային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ, իսկ երկրորդ կատեգորիայի համար՝ լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում բաց թողնելու վերաբերյալ:

ՄՄ ՄՕ-ի 4-րդ հոդվածի 1-ին կետի 22-րդ ենթակետի հիման վրա՝ «մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում» նշանակում է Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծում կամ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում: ՄՄ ՄՕ-ի 4-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումը մաքսային սահմանը հատելու հետ կապված գործողությունների իրականացումն է, որոնց արդյունքում ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք են ժամանել ցանկացած միջոցով՝ մինչև մաքսային մարմինների կողմից դրանց բացթողումը: Այսպիսով, մաքսային տարածք ապրանքների ներմուծումն այնպիսի գործողությունների ամբողջություն է, որոնց արդյունքում ապրանքը ժամանել է մաքսային տարածք, սակայն դեռ բաց չի թողնվել մաքսային մարմնի կողմից:

Հաշվի առնելով շարադրվածը՝ Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգման, որ արտոնյալ մաքսատուրքով քվոտավորվող ապրանքների ներմուծման լիցենզիայի ժամկետը գործում է Միության մաքսային տարածք դրանք ներմուծելու պահի դրությամբ:

8. ՄՄ ՄՕ-ի 4-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի համաձայն՝ մաքսային հայտարարագիրը սահմանված ձևով կազմված փաստաթուղթ է, որը պարունակում է ապրանքների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններ և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ապրանքների բացթողման համար։

ՄՄ ՄՕ-ի 183-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարագրին զուգահեռ պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այն լրացվել է: Ելնելով ՄՄ ՄՕ-ի 183-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի դրույթներից՝ այդպիսի փաստաթղթերից են այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում է արգելքների ու սահմանափակումների պահպանումը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա հայտագրվել է ապրանքի դասակարգման ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ): Արտոնյալ դրույքաչափով սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքի ներմուծման լիցենզիայի ներկայացմամբ հաստատվում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի՝ ապրանքի դասակարգման համապատասխան ծածկագրի ընտրության հիմնավորվածությունը:

ՄՄ ՄՕ-ի նշված նորմերը վկայում են այն մասին, որ ապրանքների բացթողման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ, այդ թվում՝ ապրանքի ներմուծման լիցենզիա տրամադրելու պահանջները նույնպես վերաբերում են մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին:

9. Նախնական մաքսային հայտարարագրման կիրառումը, այսինքն՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին ապրանքների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններ և (կամ) ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելը մինչև Միության մաքսային տարածք դրանց ներմուծումը, սահմանված է ՄՄ ՄՕ-ի 193-րդ հոդվածով և ուղղված է սակագնային քվոտաների շրջանակներում ներմուծվող լիցենզավորվող ապրանքների մաքսային ձևակերպման պարզեցմանը, ինչպես նաև արտաքին առևտրային շրջանառության մասնակիցների ժամանակային ու ֆինանսական ծախսերի կրճատմանը:

Դրա հետ մեկտեղ, Միության մաքսային սահմանով ապրանքի տեղափոխման փաստի բացակայության պայմաններում նախնական մաքսային հայտարարագրումը հիմք չէ սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծված ապրանքի համար սահմանված մաքսատուրքի արտոնյալ դրույքաչափի կիրառման համար: ՄՄ ՄՕ-ի 193-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանվում է, որ այն դեպքում, երբ ապրանքները չեն ներկայացվել մաքսային մարմին մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից 30 օրվա ընթացքում, այդ ապրանքների բացթողումը մերժվելու է:

10. ՄՄ ՄՕ-ի 4-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ ապրանքների բացթողումը մաքսային մարմինների գործողություն է, որով շահագրգիռ անձանց թույլատրվում է ապրանքներն օգտագործել հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան կամ այն ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված պայմաններին համապատասխան, որոնք ՄՄ ՄՕ-ին համապատասխան ենթակա չեն մաքսային ընթացակարգով ձևակերպման:

ՄՄ ՄՕ-ի 195-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով չեն սահմանվում պահանջներ՝ լիցենզիայի գործողության ժամկետի՝ որպես ապրանքների բացթողման համար անհրաժեշտ պայմանի վերաբերյալ, և չի սահմանվում բացթողման համար արգելք այն դեպքում, երբ բացթողման պահին լիցենզիայի գործողության ժամկետը լրացել է: Այս առումով ապրանքների բացթողման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ տրամադրելու պահանջը վերաբերում է մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին և հետևաբար, բացթողման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում գործող լիցենզիա տրամադրելու պահանջը նույնպես վերաբերում է մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին:

Շարադրվածի հիման վրա՝ Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգման, որ լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում մաքսատուրքի արտոնյալ դրույքաչափի կիրառման համար պետք է իրականացվի հետևյալ գործողությունների ամբողջությունը՝ Միության մաքսային տարածք այն ապրանքը ներմուծելը, որի մասով սահմանված է սակագնային քվոտա, և առաջին մաքսային ընթացակարգը հայտագրելիս մաքսային հայտարարագիր ներկայացնելը: Ընդ որում, մաքսային հայտարարագիրը կարող է ներկայացվել նաև նախնական մաքսային հայտարարագրման կարգով:

Դատարանի մեծ կոլեգիան առաջնորդվում է Միության արտաքին առևտրային քաղաքականության՝ «Միության մասին» պայմանագրի 33-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված հետևյալ նպատակներով. Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման այնպիսի միջոցների ու մեխանիզմների կիրառումը, որոնք անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների համար ծանրաբեռնող են ոչ ավելի, քան անհրաժեշտ է Միության նպատակներն արդյունավետ իրագործելու համար. անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի, ինչպես նաև ապրանքներ արտադրողների ու ծառայություններ մատուցողների ու դրանց սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

11. Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ Միությունում գործող իրավական կարգավորմամբ չի սահմանվում այնպիսի պարտականություն, ըստ որի՝ ապրանքը պետք է բաց թողնել փաստացի ներմուծման պայմանով և մաքսային հայտարարագրի հետ մեկտեղ ուղեկցող փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ, այդ թվում՝ ապրանքների ներմուծման պահին գործող լիցենզիա ներկայացնելու պայմանով:

Դատարանի մեծ կոլեգիան համարում է, որ արտաքին տնտեսական գործունեության այն մասնակցի համար, որը լիցենզիայի գործողության ժամկետի սահմաններում իրականացնում է սակագնային քվոտայի համաձայն ապրանքների ներմուծում Միության մաքսային տարածք և ներկայացնում է մաքսային հայտարարագիր, այդ թվում՝ նախնական հայտարարագրման օգտագործմամբ, չպետք է որպես հետևանք առաջ գա ոչ արտոնյալ դրույքաչափով մաքսատուրք վճարելու պարտավորություն:

Շարադրվածի հիման վրա՝ Դատարանի մեծ կոլեգիան հիմնավորված է համարում դիմողի հարցի վերաբերյալ տալ հետևյալ պարզաբանումը:

Սակագնային քվոտայի հատկացված չափի և գործողության սահմանված ժամկետի սահմաններում ապրանքների ներմուծման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ նախատեսված ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ դրույքաչափերը կիրառվում են՝ սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծվող ապրանքների ներմուծման լիցենզիայի գործողության ժամանակահատվածում ապրանքները ներմուծելու և մաքսային հայտարարագիր ներկայացնելու պայմանով:

 

Եզրափակիչ դրույթներ

 

12. Սույն Խորհրդատվական եզրակացության պատճենն ուղարկել դիմողին:

13. Խորհրդատվական եզրակացությունը տեղադրել Դատարանի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Նախագահող`

Ա.Ա. Ֆեդորցով

Զեկուցող դատավոր՝

Ա.Մ. Աժիբրաիմովա

Դատավորներ՝

Է.Վ. Հայրիյան

 

Ժ.Ն. Բաիշև

 

Դ.Գ. Կոլոս

 

Տ.Ն. Նեշատաևա

 

Վ.Խ. Սեյտիմովա

 

Գ.Ա. Սկրիպկինա

 

Ա.Է. Թումանյան

 

Կ.Լ. Չայկա

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան