ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2019-23.11.2025)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՔԳՀՆԻԱԺ 2019.06.28/2(64) Հոդ.614
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թ. N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համաքաղաքային կանոնները և չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշումը։

 

Համայնքի ղեկավարի

տեղակալ

Դ. Հայրապետյան

 

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

2019 թվականի մարտի 29-ի 

թիվ 20-Ն որոշման

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Կապան համայնքում արտաքին գովազդի տեղաբաշխման կարգն ու պայմանները, ծավալը, քանակությունը, արտաքին գովազդի տեղադրման այլ չափորոշիչները, տեղադրման թույլտվության տրամադրման կարգը, գովազդի համար սահմանված տեղական տուրքերի վճարման կարգը և պայմանները։

2. Համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղադրումն իրականացվում է «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

3. Համայնքի տարածքում գովազդի տեղադրման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը։ Արտաքին գովազդի տեղադրման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը /այսուհետև՝ դիմող/ համայնքապետարան է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա/ դիմում համայնքի ղեկավարի անունով,

բ/ արտաքին գովազդի նախատեսվող էսքիզը, տեղադրման տարածքի հատակագիծը, որտեղ պետք է նշված լինի գովազդային վահանակի փաստացի տեղադրման վայրը,

գ/ գովազդատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը,

դ/ բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու դեպքում՝ շենքի կառավարման լիազոր մարմնի համապատասխան որոշումը,

ե/ ճանապարհների վրա արտաքին գովազդի տեղադրման դեպքում երթևեկության անվտանգության մասով գրավոր համաձայնություն ճանապարհային ոստիկանությունից՝ ներկայացված հատակագծի վրա համապատասխան նշումով,

զ/ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների արտաքին գովազդի դեպքում առողջապահության նախարարության թույլտվությունը։

4. Համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումը սույն կանոններ 3-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում իրականացնում է.

ա/ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն,

բ/ գովազդի տեղադրման վայրի զննում,

գ/ տեղադրվող գովազդի համապատասխանությունը գործող պահանջներին,

դ/ եզրակացության կազմում։

5. Արտաքին գովազդի թույլտվության տրամադրման մասին դիմումի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ,

6. Արտաքին գովազդի թույլտվության տրամադրման դեպքում դիմումատուին տրամադրվում է գովազդի էսքիզի համաձայնեցված տարբերակը՝ ստորագրված և կնքված համայնքի ղեկավարի կողմից, անհրաժեշտության դեպքում նաև տեխնիկական պայմաններ, որտեղ նշվում են արտաքին գովազդի տեղադրման աշխատանքները իրականացնելու ժամկետները։

7. Արտաքին գովազդի տեղադրման դիմումը կարող է մերժվել, եթե՝

ա/ ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից պատշաճ ձևով նախազգուշացվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում դիմողը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը,

բ/ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի կամ սույն կարգի պահանջներին,

գ/ արտաքին գովազդը տեղադրվելու է ճանապարհի վթարավտանգ հատվածների, հենապատերի, ծառերի կամ ժայռերի վրա և այլ դեպքերում։

8. Արտաքին գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը։

 

1. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Գովազդային վահանակի հենասյունը պետք է պատրաստվի այնպիսի նյութերից, որ քամու կամ կողմնակի ազդեցության հաշվարկային բեռնվածության տակ և շահագործման ընթացքում ապահովվի բավարար կայունություն։

10. Ճանապարհի բաժանարար գոտում գովազդային վահանակի տեղաբաշխման ժամանակ.

ա/ եթե գովազդային վահանակի լայնությունը գերազանցում է բաժանարար գոտու լայնությանը, ապա գովազդային վահանակի ներքևի եզրը պետք է գտնվի ճանապարհի մակերևույթից 6 և ավելի մետր բարձրության վրա,

բ/ եթե գովազդային վահանակի լայնությունը չի գերազանցում բաժանարար գոտու լայնությանը, ապա գովազդային վահանակի ներքևի եզրը պետք է գտնվի ճանապարհի մակերևույթից 2.5 և ավելի մետր բարձրության վրա։

11. Գովազդի լուսավորությունը՝

ա/ լուսավորության համար թույլատրվում է օգտագործել հակահրդեհային անվտանգության պահանջները բավարարող էլեկտրական լուսավորման սարքեր,

բ/ լուսավորման սարքերի ամրացումը պետք է ապահովի դրանց հուսալի միացումը գովազդային կառուցվածքի հետ այնպես, որ դիմանան ձյան և քամու ազդեցության հնարավոր բեռնվածություններին, տատանվող և հարվածային ազդեցություններին,

գ/ երթևեկության մասնակիցներին չկուրացնի լույսով, այդ թվում և անդրադարձով,

դ/ շարժվող տարրեր պարունակող գովազդային պատկերների օգտագործումը գովազդային վահանակի վրա պետք է իրականացվի այնպես, որ գովազդային տեղեկությունը միաժամանակ ամբողջությամբ հայտնվի գովազդային վահանակի վրա,

ե/ լուսավորությունը պետք է իրականացվի փողոցային արտաքին լուսավորության հետ միասին։

12. Ճանապարհին տեղադրված գովազդը պետք է ապահովի՝

ա/ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը և երթևեկության մասնակիցների կողմից դրանց ընկալումը,

բ/ ինժեներական կառույցների ճակատային մասի վրա տեղադրելու դեպքում չփոքրացնի կառույցի տեսանելի չափերը,

գ/ հետիոտների կողմից այն ընկալելը առանց ճանապարհի երթևեկելի մաս դուրս գալու։

13. Գովազդակիր կազմակերպությունը պարտավոր է ապահովել գովազդային վահանակի պատշաճ վիճակը /ժամանակին ներկել, փոխել պատռված պաստառները և այրված լամպերը/։

14. Գովազդակիր կազմակերպությունն իր ցանկությամբ իրավունք ունի փոխելու գովազդային վահանակի պաստառը, դրա մասին 7 օր առաջ տեղյակ պահելով համայնքի ղեկավարին։

 

3. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՎԱՐՏԻ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ

 

15. Դիմողը տեխնիկական պայմանների հիման վրա կատարում է գովազդի տեղադրման աշխատանքները՝ ներկայացված նախագծերին համապատասխան և տեղեկացնում համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը աշխատանքների ավարտի մասին, որից հետո ստորաբաժանման աշխատակիցն իրականացնում է կատարված աշխատանքների ուսումնասիրություն։

16. Կատարված աշխատանքները սույն կարգի պահանջներին և ներկայացված նախագծերին համապատասխանության դեպքում /եթե կատարվել են նաև գովազդային վահանակի շինարարական աշխատանքներ/, համայնքապետարանի կողմից կազմվում է շինարարական աշխատանքների ավարտման ակտ։

 

4. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

17. Արտաքին գովազդի տեղադրման աշխատանքների ավարտի փաստագրումից հետո հաջորդող օրվանից սկսած իրականացվում են սահմանված տեղական տուրքերի հաշվառումը և գանձումը։

18. Դատարկ գովազդային վահանակը հետագայում գովազդով համալրելու դեպքում գովազդատուն պարտավոր է այդ մասին նախօրոք տեղեկացնել համայնքապետարան, որից հետո կատարվում է տեղական տուրքի վերահաշվարկ՝ ավագանու կողմից ընդունած տեղական տուրքերի չափերին համապատասխան։

 

5. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

19. Արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում հետևյալ դեպքերում, երբ՝

ա/ գովազդատուն խախտել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, գովազդի վերաբերյալ այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջները,

բ/ խախտվել են թույլտվության և տեխնիկական պայմաններով սահմանված ժամկետները կամ պահանջները,

գ/ գովազդատուն ներկայացրել է գրավոր դիմում։

20. Արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում գովազդատուն սեփական միջոցների հաշվին պարտավոր է գովազդի տեղադրման համար հատկացված հատվածը /տարածքը/ բերել նախկին տեսքի։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2025, N 115-Ն 29.03.2019, N 20-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան