ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի և «Ռուսաստանի Դաշնության` «Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին» Մարաքեշի 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրին միանալու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 16-ի արձանագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության հարցերով աշխատանքային խմբի զեկույցի 527-րդ կետն իրագործելու նպատակով և «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել ապրանքների մաքսային արժեքը որոշելիս տոկոսավճարների հաշվառման կից ներկայացված կանոնները:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 118 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
ապրանքների մաքսային արժեքը որոշելիս տոկոսավճարների հաշվառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները մշակվել են «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրի, Առևտրի համաշխարհային կազմակերպության մաքսային արժեքի հարցերով կոմիտեի կողմից ընդունված «Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ տոկոսավճարների ներառման կարգը» 3.1 որոշման դրույթների հիման վրա և կիրառվում են ապրանքների մաքսային արժեքը որոշելիս ինչպես ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի մեթոդով (1-ին մեթոդ), այնպես էլ սույն Համաձայնագրի 6-10-րդ հոդվածներով սահմանված՝ մաքսային արժեքի որոշման մեթոդներով (2-6-րդ մեթոդներ):
2. Սույն Կանոններում տոկոսավճարներ ասելով ենթադրվում են տոկոսադրույքներով վճարումներ, որոնք գնորդի կողմից իրականացվում են ներմուծվող (գնահատվող) ապրանքների գնման հետ կապված ֆինանսական հարաբերությունների (այսուհետ՝ ֆինանսական հարաբերություններ) շրջանակներում:
Ընդ որում, կողմերի հարաբերությունները կարող են ձևակերպվել ինչպես առանձին պայմանագրի կամ ֆինանսավորման մասին համաձայնագրի (այսուհետ՝ ֆինանսական համաձայնագիր) տեսքով, այնպես էլ արտաքին տնտեսական այն պայմանագրի բաժնի տեսքով, որի համաձայն ապրանքները վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ արտահանման համար (այսուհետ համապատասխանաբար՝ արտաքին տնտեսական պայմանագիր, Միություն):
3. Այն դեպքում, եթե ֆինանսավորումը (ֆինանսական համաձայնագրի կամ արտաքին տնտեսական պայմանագրի շրջանակներում) իրականացվում է վաճառողի (այդ թվում՝ ապրանքի վճարումը հետաձգելու, տարաժամկետ կատարելու տեսքով) կամ բանկերի, վարկային կազմակերպությունների, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից, ապա տոկոսավճարները ենթակա չեն Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառման սույն կանոնների 5-րդ կետով նախատեսված պայմանների կատարման դեպքում (տե՛ս 1-ին և 2-րդ օրինակները):
4. Այն դեպքում, երբ վաճառողը, գնորդին ապրանքների վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելով, սահմանում է վճարում կատարելու պայմանները՝ առանց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից տոկոսավճարները առանձնացնելու, և արտաքին տնտեսական պայմանագրում սահմանում է ապրանքների ֆիքսված գներ՝ կախված դրանց վճարման ժամկետներից, ապա ներմուծվող (գնահատվող) ապրանքների գնման այդպիսի ֆինանսավորումն ազդում է այդ ապրանքների մաքսային արժեքի մեծության վրա: Այդ դեպքում ներմուծվող (գնահատվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք պետք է օգտագործվի գնորդի կողմից փաստացի վճարված գինը՝ ելնելով վճարում կատարելու կոնկրետ ժամկետից (տե՛ս 3-րդ օրինակը):
II. Պայմաններ, որոնց պահպանման դեպքում տոկոսավճարները ենթակա չեն ներմուծվող (գնահատվող) ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառման
5. Տոկոսավճարները չեն ներառվում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
1) տոկոսավճարները նշված են ներմուծվող (գնահատվող) ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից առանձին (օրինակ՝ առանձին տողով ներկայացված են հաշիվ-ապրանքագրում).
2) ֆինանսական հարաբերությունները ձևակերպվել են առանձին ֆինանսական համաձայնագրի կամ արտաքին տնտեսական պայմանագրի բաժնի տեսքով՝ գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով.
3) ներմուծվող (գնահատվող) ապրանքներն իսկապես վաճառվել են այն գնով, որը հայտագրվել է որպես փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին, այսինքն՝ վաճառողը գինը ձևավորելու ժամանակ հաշվի չի առնում տոկոսային վճարները, և նույնիսկ գնորդի հետ ֆինանսական հարաբերությունների բացակայության դեպքում ապրանքները կվաճառվեին նույն գնով.
4) ֆինանսական համաձայնագրում կամ արտաքին տնտեսական պայմանագրում սահմանված տոկոսադրույքը չի գերազանցում նույն երկրում և համապատասխան այն ժամանակահատվածում նույնանման ֆինանսական հարաբերություններին բնորոշ մակարդակը, որում կնքվել են համապատասխանաբար ֆինանսական համաձայնագիրը կամ արտաքին տնտեսական պայմանգիրը:
6. Այն դեպքում, երբ ֆինանսական համաձայնագրում կամ արտաքին տնտեսական պայմանագրում սահմանված տոկոսադրույքը գերազանցում է սույն կանոնների 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված մակարդակը, ապա ներմուծվող (գնահատվող) ապրանքների մաքսային արժեքի մեջ կարող է չներառվել միայն տոկոսավճարների այն գումարը, որը հաշվարկված է այդ մակարդակին համապատասխանող տոկոսադրույքով (տե՛ս 4-րդ օրինակը):
III. Օրինակներ
Օրինակ 1. Առք ու վաճառքի պայմանագրի համաձայն՝ գնորդը Միության մաքսային տարածք է ներմուծում կանանց համար նախատեսված կաշվե բաճկոններ, որոնց արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 50 000 դրամական միավոր:
Վճարի ընդհանուր գումարը վաճառողի կողմից գնորդին ներկայացված հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) կազմում է 50 750 դրամական միավոր:
Ընդ որում, վճարի ընդհանուր գումարից հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) առանձին տողով առանձնացվել է 750 դրամական միավորին հավասար տոկոսավճար՝ ապրանքների համար վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար:
Գնորդը Ա երկրում գտնվող վաճառողի հետ ստորագրել է ապրանքների համար վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու մասին ֆինանսական համաձայնագիր, որում նշվել են վճարման պայմանները: Ֆինանսական համաձայնագրի պայմանների համաձայն՝ գնորդին տրամադրվում է ապրանքների համար վճարումը հետաձգելու հնարավորություն 90 օր ժամկետով, ընդ որում, վճարման հետաձգման տոկոսադրույքը կազմում է 1,5 տոկոս 90 օրվա համար:
Հայտարարատուն փաստաթղթերով հաստատել է, որ տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում դրույքաչափերի գերակշռող մակարդակը, որը համապատասխան ժամանակահատվածում ձևավորվել է նույնանման ֆինանսական հարաբերությունների համար Ա երկրում:
Գործարքի հանգամանքների, այդ թվում՝ ֆինանսական համաձայնագրի, առք ու վաճառքի պայմանագրի վերլուծությունը ցույց է տվել, որ գնորդը կարող էր նշված ապրանքները ձեռք բերել՝ առանց 90 օրով վճարումը հետաձգելու՝ ապրանքների համար վճարելով 50 000 դրամական միավոր, այսինքն՝ գնորդը հնարավորություն կունենար տոկոսավճարների վճարման լրացուցիչ ծախսեր չկրել, եթե ունենար համապատասխան դրամական միջոցներ՝ ապրանքների վճարման համար:
Այսպիսով, ներմուծվող կաշվե բաճկոնների համար վճարման ենթակա գինը կազմում է 50 000 դրամական միավոր և ձևավորվել է՝ առանց հաշվի առնելու տոկոսավճարները, ինչի կապակցությամբ 750 դրամական միավոր արժողությամբ տոկոսավճարները չեն ներառվում Միության մաքսային տարածք ներմուծվող կաշվե բաճկոնների մաքսային արժեքի մեջ:
Օրինակ 2. Առք ու վաճառքի պայմանագրի համաձայն՝ գնորդը Միության մաքսային տարածք է ներմուծում ապրանքներ, որոնց գինը մեկ հատի հաշվով կազմում է 100 դրամական միավոր:
Տվյալ ապրանքները գնելու նպատակով գնորդի կողմից Բ երկրում գտնվող առևտրային բանկի հետ կնքվել է ֆինանսական համաձայնագիր (վարկավորման պայմանագիր), որի համաձայն բանկը տրամադրում է դրամական միջոցներ՝ (վարկ) տարեկան 10 տոկոս դրույքաչափով:
Այսպիսով, վաճառողի կողմից առք ու վաճառքի պայմանագրի համաձայն ներկայացված հաշվով ապրանքների վճարումից բացի գնորդը նաև վճարում է տոկոսավճարներ վարկի համար՝ բանկի կողմից ներկայացված առանձին հաշվով:
Մաքսային մարմինը տեղեկատվություն ունի այն մասին, որ վարկավորման պայմանագրում սահմանված տարեկան 10 տոկոս տոկոսադրույքը չի գերազանցում դրույքաչափերի գերակշռող մակարդակը, որը համապատասխան ժամանակահատվածում ձևավորվել է նույնանման ֆինանսական հարաբերությունների համար Բ երկրում, որտեղ գնորդին տրամադրվել են դրամական միջոցներ, և որ ներմուծվող (գնահատվող) ապրանքներն իսկապես վաճառվել են գնորդի կողմից որպես փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին հայտագրված գնով:
Հաշվի առնելով շարադրված հանգամանքները՝ գնորդի կողմից բանկին վճարվող տոկոսավճարները չպետք է ներառվեն ներմուծվող (գնահատվող) ապրանքների մաքսային արժեքի մեջ:
Օրինակ 3. Գնորդը ապրանքներ վաճառողի հետ կնքել է ապրանքների գնման արտաքին տնտեսական պայմանագիր: Այդ պայմանագրի պայմանների համաձայն՝ ապրանքի գինը սահմանվել է՝ կախված գնորդի կողմից ապրանքների համար վճարման ժամկետներից, այսինքն՝
այն դեպքում, երբ ապրանքների վճարումն իրականցվում է մինչև դրանց բեռնառաքումը գնորդին (կանխավճարով), գինը մեկ հատի հաշվով կազմում է 100 դրամական միավոր.
այն դեպքում, երբ ապրանքների վճարումն իրականցվում է ապրանքների բեռնառաքման օրը, գինը մեկ հատի հաշվով կազմում է 120 դրամական միավոր.
այն դեպքում, երբ ապրանքների վճարումն իրականցվում է դրանց բեռնառաքման օրվանից հետո, գինը մեկ հատի հաշվով կազմում է 240 դրամական միավոր:
Գնորդը վճարել է ապրանքների համար դրանց բեռնառաքման օրը։
Տվյալ դեպքում վաճառողը տրամադրում է ապրանքների վճարումը հետաձգելու հնարավորություն՝ սահմանելով այդպիսի վճարման կարգ՝ առանց տոկոսավճարների առանձնացման ֆիքսված գներ սահմանելու միջոցով:
Այսպիսով, քննարկվող դեպքում ներմուծվող (գնահատվող) ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք օգտագործվում է գին, որը կազմում է 120 դրամական միավոր՝ մեկ հատի հաշվով:
Օրինակ 4. Առք ու վաճառքի պայմանագրի համաձայն՝ գնորդը Միության մաքսային տարածք է ներմուծում ապրանքներ, որոնց արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 100 000 դրամական միավոր:
Վճարի ընդհանուր գումարը վաճառողի կողմից գնորդին ներկայացված հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) կազմում է 105 000 դրամական միավոր:
Ընդ որում, վճարի ընդհանուր գումարից հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) առանձին տողով առանձնացվել է 5 000 դրամական միավորին հավասար տոկոսավճար՝ ապրանքների համար վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար:
Գնորդը Կ երկրում գտնվող վաճառողի հետ ստորագրել է ապրանքների վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու մասին ֆինանսական համաձայնագիր, որում նշվել են վճարման պայմանները: Ֆինանսական համաձայնագրի պայմանների համաձայն՝ գնորդին տրամադրվում է ապրանքների համար վճարումը հետաձգելու հնարավորություն՝ 150 օր ժամկետով, ընդ որում, վճարումը հետաձգելու տոկոսադրույքը կազմում է 5 տոկոս՝ 150 օրվա համար:
Քանի որ հայտագրված տեղեկությունները հաստատելու նպատակով հայտարարատուի կողմից փաստաթղթերով ներկայացվել է հաստատում այն մասին, որ Կ երկրում համապատասխան ժամանակահատվածում նույնանման ֆինանսական հարաբերություններին բնորոշ դրույքաչափի մակարդակը կազմում է 3 տոկոս՝ 150 օրվա համար, ապա հայտարարատուի կողմից ապրանքների մաքսային արժեքի մեջ չի ներառվել տոկոսավճարների գումարը, որը, ելնելով դրույքաչափի ձևավորված մակարդակից, հաշվարկվել է որպես 3 տոկոս՝ 150 օրվա համար, այսինքն՝ 3 000 դրամական միավորի չափով:
2 000 դրամական միավորի չափով տարբերությունը հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված՝ վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար, այսինքն 5 000 դրամական միավոր կազմող տոկոսավճարի մեծության և սույն կանոնների 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված մակարդակին համապատասխանող տոկոսադրույքով հաշվարկված տոկոսավճարների այն մեծության միջև, որը կազմում է 3 000 դրամական միավոր, ներառվել է հայտարարատուի կողմից ներմուծվող (գնահատվող) ապրանքների մաքսային արժեքի մեջ: