ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացված Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգը:
2. Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ծրագիրը մշակելիս հաշվի առնել Բելառուսի Հանրապետության հատուկ կարծիքը (կցվում է):
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 12 որոշմամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն Հայեցակարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման նպատակներով (այսուհետ՝ Պայմանագիր):
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտների միջև հարաբերությունների համակարգ է՝ կապված էլեկտրական էներգիայի (հզորության) առք ու վաճառքի հետ, որը գործում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև համապատասխան պայմանագրերի հիման վրա:
Սույն Հայեցակարգն ուղղված է անդամ պետությունների կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումն ապահովելուն:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումն իրականացվում է` հաշվի առնելով
միջազգային պայմանագրերով սահմանվող՝ անդամ պետությունների առկա փոխհարաբերությունները.
անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեության և զարգացման առանձնահատկությունները.
անդամ պետությունների ներքին սպառողներին էլեկտրական էներգիայով առաջնահերթ ապահովումը.
անդամ պետությունների փոխգործակցությունը՝ դրանց էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի շրջանակներում.
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկաների ձևավորման միջազգային փորձը:
Սույն Հայեցակարգում օգտագործվող հասկացություններն ընկալվում են Պայմանագրում և սույն Հայեցակարգի համապատասխան բաժիններում բերված նշանակություններով:
II. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման նպատակները և խնդիրները
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումն իրականացվում է՝
անդամ պետությունների տնտեսությունների և էներգետիկական անվտանգության կայուն զարգացման ապահովման,
անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համալիրների տնտեսական արդյունավետության և աշխատանքի հուսալիության բարձրացման,
միջազգային շուկայում անդամ պետությունների և առհասարակ Միության մրցունակության բարձրացման,
էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների միասնական տնտեսական տարածքի ձևավորման,
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի սպառողների պահանջարկի բավարարման,
բարեխիղճ մրցակցության սկզբունքի հիման վրա Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների տնտեսական շահերի հավասարակշռության ապահովման նպատակներով:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման խնդիրներն են՝
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի շուկայական մեխանիզմների զարգացումը և արդյունավետության բարձրացումը.
անդամ պետությունների տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի առևտրում մրցակցության մակարդակի բարձրացումը.
գնագոյացման թափանցիկության բարձրացումը.
տեխնիկական հնարավորության շրջանակներում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիության ապահովման համար պայմանների ստեղծումը՝ անդամ պետությունների ներքին կարիքների ապահովման համար էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու ժամանակ նշված ծառայություններն առաջնահերթ օգտագործելու պայմանով.
շուկաների ինտեգրման համապատասխան փուլում անդամ պետությունների էլեկտրական էներգիայի շուկաներ էլեկտրական էներգիայի արտադրողների և սպառողների հասանելիության ապահովման համար պայմանների ստեղծումը՝ հաշվի առնելով ազգային տնտեսությունների շահերը.
էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի համար հնարավորությունների ընդլայնումը.
վերջնական օգտագործողների համար էլեկտրական էներգիայի գների աճի տեմպերի նվազումը.
էլեկտրաէներգետիկայի օբյեկտներում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
III. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման սկզբունքները
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումն իրականացվում է «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության (Պայմանագրի 21-րդ հավելված) 5-րդ կետում նշված հետևյալ սկզբունքների հիման վրա՝ իրավահավասարության, փոխշահավետության և անդամ պետություններից յուրաքանչյուրին տնտեսական վնաս չհասցնելու վրա հիմնված համագործակցություն.
էլեկտրական էներգիա արտադրողների և սպառողների, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ սուբյեկտների տնտեսական շահերի հավասարակշռության պահպանում.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության փուլային ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից տեղեկատվության բացահայտման մասով.
շուկայական հարաբերությունների և բարեխիղճ մրցակցության վրա հիմնված մեխանիզմների առաջնահերթ օգտագործում գործունեության մրցակցային տեսակներում էլեկտրական էներգիայի (հզորության) պահանջարկի բավարարման կայուն համակարգի ձևավորման համար.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիության ապահովում տեխնիկական հնարավորությունների սահմաններում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու ժամանակ անդամ պետությունների ներքին պահանջների ապահովման համար՝ նշված ծառայություններն առաջնահերթ օգտագործելու պայմանով.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում ազգային ուղղահայաց ինտեգրված ընկերությունների կառուցվածքի փուլային փոխակերպություն՝ գործունեության մրցակցային և մենաշնորհային տեսակների առանձնացման նպատակով.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների միջպետական հարաբերությունների զարգացում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի համաձայնեցված մոդելին համապատասխան.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ձևավորում անդամ պետությունների՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա` հաշվի առնելով անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական շուկաների առկա մոդելների առանձնահատկությունները.
անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական և տնտեսական առավելությունների օգտագործում՝ զուգահեռ աշխատանքի փոխհամաձայնեցված պայմանների պահպանմամբ.
շուկաների ինտեգրման համապատասխան փուլում էլեկտրական էներգիա արտադրողների և սպառողների համար անդամ պետությունների էլեկտրական էներգիայի շուկաների հասանելիության ապահովում` հաշվի առնելով ազգային տնտեսությունների շահերը.
անդամ պետությունների սուբյեկտների միջև էլեկտրական էներգիայի առևտրի իրականացում` հաշվի առնելով անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը։
IV. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործառույթները
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործառույթներն են՝
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների տնտեսական շահերի հավասարակշռության պահպանման ապահովումը.
էլեկտրական էներգիայի պահանջարկի և առաջարկի հավասարակշռության ապահովումը՝ մրցակցային գնագոյացման հիման վրա:
V. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործառական կառուցվածքը
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գործում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի հիման վրա՝ հաշվի առնելով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման փուլերին համապատասխան որոշվող առանձնահատկությունները: Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է հետևյալ ձևերով՝
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր ազատ երկկողմանի պայմանագրերով՝ սույն բաժնի վեցերորդ պարբերությանը համապատասխան.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր կենտրոնացված սակարկությունների միջոցով, այդ թվում՝ մեկ օր առաջվա սակարկությունների միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման համապատասխան փուլում՝ տնտեսական նպատակահարմարության պայմանով (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր կենտրոնացված սակարկությունների միջոցով).
պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո–փոխհոսքի ժամային շեղումների կարգավորում:
Ազատ երկկողմանի պայմանագրերով և կենտրոնացված սակարկությունների միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի տեխնոլոգիական հիմքը ստեղծվում է անդամ պետությունների կողմից՝ միջպետական էլեկտրահաղորդման գծերի թողունակության բաշխման մեխանիզմի մշակման միջոցով:
Էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն ազատ երկկողմանի պայմանագրերով իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի երկկողմանի պայմանագրերի կնքման միջոցով՝ պայմանագրերի կողմերի կողմից ինքնուրույն սահմանվող մատակարարման գներով, ծավալով և պայմաններով՝ հաշվի առնելով միջպետական հատվածքների թողունակությունը, այլ տեխնոլոգիական և կանոնակարգող սահմանափակումներ: Էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն ազատ երկկողմանի պայմանագրերով իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերին համապատասխան:
Կենտրոնացված սակարկությունների միջոցով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից առևտրի էլեկտրոնային համակարգում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերին համապատասխան: Կենտրոնացված սակարկությունների անցկացման նպատակն է՝ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի գների և ծավալների որոշումը՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցված ալգորիթմին համապատասխան:
Պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո–փոխհոսքի ժամային շեղումների կարգավորումն իրականացվում է անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների միջև պայմանագրերի հիման վրա՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերին համապատասխան:
VI. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտները
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կազմում ընդգրկված են՝
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կազմում ընդգրկված են՝
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիայի վաճառք (մատակարարում) իրականացնող և անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների մասնակիցներ հանդիսացող իրավաբանական անձինք.
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիայի գնում իրականացնող և անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների մասնակիցներ հանդիսացող իրավաբանական անձինք.
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո–փոխհոսքի ժամային շեղումների կարգավորմանը մասնակցող իրավաբանական անձինք:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կազմում ընդգրկված են՝
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված սակարկությունների կազմակերպման ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ կենտրոնացված սակարկությունների օպերատորներ).
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաներում պարտավորությունների և պահանջների հաշվարկման և ֆինանսական հաշվարկների կատարման ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական օպերատորներ).
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատիվ-կարգավարական կառավարում իրականացնող, ինչպես նաև այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ համակարգային օպերատորներ).
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ ցանցային օպերատորներ):
Համակարգային և ցանցային օպերատորների գործառույթները կարող են իրականացվել մեկ կազմակերպության կողմից այն դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերով:
VII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումը
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումը ներառում է՝
էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը՝ Միության իրավունքի հիման վրա և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
Պայմանագրի XVIII բաժնին համապատասխան իրականացվող հակամենաշնորհային կարգավորումը՝ հաշվի առնելով Պայմանագրի XIX և XX բաժիններով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները:
VIII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումը և դրա գործունեության ապահովումը
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման և դրա գործունեության ապահովման շրջանակներում իրականացվում է՝
անդամ պետությունների կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և գործունեության տեխնոլոգիական, կանոնակարգող և առևտրային ապահովման մասով պետական քաղաքականության մշակում և իրագործում.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի մշակում.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման և գործունեությունն ապահովող կառույցների և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխգործակցություն:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման և գործունեությունն ապահովող կառույցներին են դասվում՝
անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորման համար լիազորված պետական մարմինները.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի օժանդակ մարմինները (անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հատուկ հանձնաժողովներ, որոնք կարող են ձևավորվել անդամ պետությունների պետական մարմինների, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների, ենթակառուցվածքային կազմակերպությունների փոխգործակցության ապահովման համար՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և գործունեության ժամանակ): Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի օժանդակ մարմիններն ստեղծվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և գործունեության նպատակներով անդամ պետություններն ապահովում են՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման և գործունեությունն ապահովող կառույցների և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխգործակցությունը.
անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորման համար լիազորված պետական մարմինների փոխգործակցությունը. համակարգային օպերատորների փոխգործակցությունը. ցանցային օպերատորների փոխգործակցությունը.
կենտրոնացված սակարկությունների օպերատորների և ֆինանսական օպերատորների փոխգործակցությունը:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման և գործունեության ապահովման կառույցների ու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխգործակցությունն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և զարգացման ընդհանուր հարցերի մասով՝ ներառյալ
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում առևտրի կանոնների և գնագոյացման կատարելագործման վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունների մշակումը.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության դիտանցման կազմակերպումը.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև վեճերի կարգավորումը՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերով նախատեսված դեպքերում.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգի գործունեությունն ապահովող տեղեկատվական համակարգերի գործունեությունը և փոխգործակցությունը՝ կենտրոնացված սակարկությունների միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր իրականացնելիս. այլ հարցեր:
Անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորման համար լիազորված պետական մարմինների փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի մշակում.
նպաստում էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերին համապատասխան.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության դիտանցման տվյալների քննարկում.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության միասնական կանոնների կիրառում:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության պայմաններում համակարգային օպերատորների փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմի բազային հաշվարկային մոդելների ձևավորում.
համակարգային օպերատորների միջև տեղեկատվական փոխանակման կազմակերպում (պլանավորման նպատակներով).
էլեկտրաէներգետիկական ռեժիմների հաշվարկների իրականացում՝ համակարգային օպերատորներից ստացված տվյալների հիման վրա, և անդամ պետությունների էլեկտրական էներգիայի սալդո–փոխհոսքի պլանային արժեքների սահմանում.
միջպետական հատվածքների թողունակության և աշխատանքի հուսալիության վրա ազդող էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների գրաֆիկների համաձայնեցում.
նորմալ ռեժիմում և աշխատանքի նորմալ ռեժիմի խախտումների վերացման ժամանակ էլեկտրաէներգետիկական համակարգերի աշխատանքը կանոնակարգող փաստաթղթերի մշակում:
Համակարգային օպերատորներն իրականացնում են ազգային էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատիվ-կարգավարական կառավարում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Համակարգային օպերատորները պատասխանատու են էլեկտրական էներգիայի միջպետական սալդո–փոխհոսքի՝ իրենց կողմից համաձայնեցված գրաֆիկների պահպանման համար:
Ցանցային օպերատորների փոխգործակցությունն իրականացվում է հաղորդման ցանցերի զարգացման պլաններով տեղեկատվության փոխանակման նպատակով՝ անդամ պետությունների պլանավորման համակարգերին համապատասխան:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կենտրոնացված սակարկությունների օպերատորների և ֆինանսական օպերատորների փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ հարցերով՝
կենտրոնացված սակարկությունների միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև հաշվարկներ.
կենտրոնացված սակարկությունների միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի իրականացման ժամանակ համակարգային օպերատորների հետ փոխգործակցություն:
IX. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գնագոյացման մեխանիզմները
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գնագոյացման մեխանիզմները ձևավորվում են՝ հաշվի առնելով անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական շուկաներում էլեկտրական էներգիայի և հզորության գնագոյացման առկա մեխանիզմներն ու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման փուլերը:
Ազատ երկկողմանի պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի ժամանակ ապրանք է համարվում էլեկտրական էներգիան, որի գնագոյացումն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի հիման վրա կնքված պայմանագրի կողմերի համաձայնությամբ:
Կենտրոնացված սակարկությունների միջոցով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի ժամանակ ապրանք է համարվում էլեկտրական էներգիան, որի գնագոյացումն իրականացվում է անդամ պետությունների կողմից համաձայնեցված ալգորիթմին համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի հիման վրա:
Պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո–փոխհոսքի ժամային շեղումների կարգավորման ժամանակ ապրանք է համարվում էլեկտրական էներգիան, որի գնագոյացումն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի հիման վրա:
Անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների և ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների գնագոյացումը (սակագնի գոյացումը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագները չպետք է գերազանցեն էլեկտրական էներգիայի ներքին շուկայի սուբյեկտների համար համանման ներքին սակագները։
X. Միջպետական էլեկտրական ցանցերի զարգացումը
Անդամ պետությունն իր տարածքում ապահովում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքի զարգացումը՝ ելնելով դրա մասնակիցների շահերից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Միջպետական էլեկտրական ցանցերի զարգացման մասով անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է՝
միջպետական էլեկտրահաղորդման գծերի կառուցման ժամկետների և պարամետրերի համաձայնեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման,
միջպետական էլեկտրահաղորդման գծերի զարգացման մեխանիզմների ստեղծման միջոցով:
XI. Ներդրումներ
Անդամ պետությունները նպաստում են անդամ պետությունների էլեկտրաէներգետիկայի ոլորտում ներդրումների ներգրավմանը՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և զարգացման նպատակներով:
XII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերը
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի համակարգը կազմում են՝
Պայմանագիրը.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, որը պարունակում է այդ թվում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության միասնական կանոնները և կնքվում է Պայմանագրի 81-րդ հոդվածի 3-րդ կետին և 104-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
Միության մարմինների ակտերը, որոնք սահմանում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների գործունեությունը և մշակվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր) համապատասխան, որը հաստատվում է Պայմանագրի 81-րդ հոդվածի 2-րդ կետին և 104-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի ցանկը, հաջորդականությունը և մշակման ժամկետները սահմանվում են Պայմանագրով, սույն Հայեցակարգով և ծրագրով:
Անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեությունը կարգավորող՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումները սահմանվում են ծրագրով:
XIII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման փուլերը
Անդամ պետություններն իրականացնում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ձևավորում՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա, հաշվի առնելով՝
անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման պլանները.
միջազգային պայմանագրերի շրջանակներում անդամ պետությունների պարտավորությունները.
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկաների ձևավորման միջազգային փորձը.
անդամ պետությունների մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեության առանձնահատկությունները.
անդամ պետությունների օրենսդրությունները:
Պայմանագրի, սույն Հայեցակարգի և ծրագրի հիման վրա անդամ պետություններն ապահովում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը՝ հետևյալ փուլերին համապատասխան՝
փուլ I (2015 թվական – 2016 թվականի I և II եռամսյակներ)՝ ծրագրի մշակում և հաստատում.
փուլ II (2016 թվականի III և IV եռամսյակներ – 2018 թվականի I և II եռամսյակներ)՝ ծրագրի միջոցառումների կատարում, այդ թվում՝ ուղղահայաց ինտեգրացված կառույցներում գործունեության մրցակցային և մենաշնորհային տեսակների բաժանում, էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության միասնական կանոնների մշակում.
փուլ III (2018 թվականի III և IV եռամսյակներ – 2019 թվականի I և II եռամսյակներ)՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի կնքումը և ուժի մեջ մտնելը, որն այդ թվում պարունակում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության միասնական կանոնները:
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգի վերաբերյալ
Նախքան գազի ընդհանուր շուկայի ստեղծումը՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը ենթադրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից լիազորված սուբյեկտների կազմով:
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ մրցակցային հիմունքներով լիամասշտաբ աշխատանքը նախատեսվում է գազի ընդհանուր շուկայի ստեղծումից հետո: