ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 58 |
քաղ. Մոսկվա |
«ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1–ին հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 19-ի «Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 113 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 19-ի թիվ 58 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:
Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է ՝ համաձայնեցված (կոորդինացված) ագրոարդյունաբերական քաղաքականություն վարելու, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 94-րդ և 95-րդ հոդվածներին համապատասխան գյուղատնտեսության պետական աջակցության, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ծրագրերի ու նախագծերի իրագործման հարցերով:
2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգով, ինչպես նաև՝ սույն Հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) հանձնաժողովի համար հանձնարականների մշակում՝ ագրոարդյունաբերական համաձայնեցված (կոորդինացված) քաղաքականություն իրականացնելու հարցերով,
բ) անդամ պետությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ ագրոարդյունաբերական համաձայնեցված (կոորդինացված) քաղաքականության հարցերով,
գ) հանձնաժողովի համար առաջարկությունների մշակում՝ Միության շրջանակներում ագրոարդյունաբերական համաձայնեցված (կոորդինացված) քաղաքականություն իրականացնելու ժամանակ միասնական մոտեցումների ձևավորման հարցերով:
4. Կոմիտեն, իր վրա դրված խնդիրների կատարման համար, իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) Հանձնաժողովի համար նախապատրաստում է առաջարկություններ հետևյալ հարցերի շուրջ.
Միության շրջանակներում՝ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունների սահմանում,
Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխանող՝ համաձայնեցված (կոորդինացված) ագրոարդյունաբերական քաղաքականության արդյունավետ մեխանիզմների ու գործիքների ձևավորում,
Միության շրջանակներում՝ ագրոարդյունաբերական համալիրում միջազգային ծրագրերի և նախագծերի մշակում ու իրագործում,
Միության իրավունքի մաս կազմող ագրոարդյունաբերական քաղաքականության և անդամ պետությունների կողմից գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու ոլորտում միջազգային ակտերի ու պայմանագրերի նախագծերի մշակում,
ագրոարդյունաբերական ոլորտում արտադրատեխնիկական կոպերացիայի և արտադրական ինտեգրացիայի շուկայական ձևերի զարգացմանը տրամադրվող աջակցություն,
անդամ պետությունների կողմից՝ «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 29 հավելված) համապատասխան՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ցուցաբերում,
ագրոարդյունաբերական համալիրի մրցունակությունը և դրա նորարարական ու արտահանման ներուժի բարձրացման նպատակով՝ գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը տրամադրվող աջակցություն,
բ) քննարկում է Միության շրջանակներում՝ պահանջարկի կանխատեսումային հաշվեկշիռների և գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների վերաբերյալ առաջարկի ձևավորման միասնական կանոնները,
գ) իրականացնում է այլ գործառույթներ:
III. Կոմիտեի կազմը
5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) և լիազորված ներկայացուցիչներից:
Կոմիտեի կազմի ձևավորման համար Կոլեգիան անդամ պետություններին հարցում է անում՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկությունների մասով:
Անդամ պետությունների առաջարկությամբ Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները Կոլեգիային ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում են առաջարկություններ՝ իր կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:
6. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի՝ ագրոարդյունաբերական համալիրի և արդյունաբերության հարցերով իրավասու անդամը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
7. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման մասով աշխատանքները,
բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը,
գ) վարում է Կոմիտեի նիստերը,
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները,
ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված հանձնարարականների մասին,
զ) հաստատում է աշխատանքային (փորձագիտական) խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը,
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի ու Հանձնաժողովի խորհրդի նիստերում և այլ մարմինների հետ փոխհարաբերություններում,
ը) նշանակում է Կոմիտեի նախագահի տեղակալին,
թ) իրականացնում է այլ գործառույթներ՝ Կոմիտեի իրավասության շրջանակներում:
8. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի դեպարտամենտի՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների հարցերով իրավասու ղեկավարը:
9. Կոմիտեի նախագահի բացակայության պատճառով կամ նրա հանձնարարությամբ՝ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է սույն Կարգի 7-րդ կետով նախատեսված Կոմիտեի նախագահի գործառույթները:
10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղությունների մասով հարցերը:
11. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը,
բ) հսկողություն է իրականացնում օրակարգի նախագծին և Կոմիտեի նիստին առնչվող նյութերը նախապատրաստելու և ներկայացնելու նկատմամբ,
գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկվում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգն ու դրան կից նյութերը,
4) համաձայնեցնում և Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին,
ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
զ) կազմում է Կոմիտեի նիստերի պլանները և դրա մասին տեղեկացնում Կոմիտեի անդամներին,
է) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփիչ փաստաթղթերի պատրաստումը և Կոմիտեի անդամներին ներկայացնելը:
ը) հսկողություն է իրականացնում Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ:
12. Կոմիտեի նախագահի հրավերով՝ անդամ պետություններից Կոմիտեի նիստին կարող են մասնակցել անհրաժեշտ որակավորում ունեցող անկախ փորձագետներ:
Կոմիտեի նախագահի հրավերով՝ Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստում քննարկվող հարցերը:
13. Կոմիտեին կից կարող են Կոմիտեի գործունեության ուղղությունների հարցերով աշխատանքային (փորձագիտական) խմբեր ստեղծվել:
Աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների, ճյուղային հասարակական միավորումների, կազմակերպությունների թվից, որոնց իրավասությանն են վերապահված ագրոարդյունաբերական համալիրի հարցերը:
IV. Կոմիտեի աշխատակարգը
14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
15. Կոմիտեի նիստերի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին:
Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերի շուրջ Կոմիտեի պատասխանատու քարտուղարին տեղեկությունները և նյութերը ներկայացնելը:
17. Կոմիտեի նախագահն իրավունք ունի անդամ պետությունների գործադիր իշխանության լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից սահմանված կարգով պահանջել Կոմիտեի իրավասությանն առնչվող նյութերն ու տեղեկությունները։
18. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ,
բ) քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում),
գ) արձանագրային որոշումների նախագծեր,
դ) Հանձնաժողովի համար հանձնարարականների նախագծեր,
դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։
19. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով, Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ:
20. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում։
Հանձնաժողովի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Հանձնաժողովի նախագահի որոշմամբ, որն ընդունվում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցերում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
21. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետության առնվազն մեկ անդամի ներկայացուցչությունը:
Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։
Նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում՝ նա քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք գրավոր ներկայացնելու իրավունք ունի։
22. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի կողմից անցկացվող քննարկումից հանել հարցը, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:
23. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի որոշումներն ընդունվում են Կոմիտեի նիստին մասնակցող անդամների պարզ մեծամասնությամբ: Անդամ պետությունից Կոմիտեի անդամներն ընդհանուր առմամբ օժտված են մեկ ձայնով:
«Կողմ» և «դեմ» ձայների հավասարության դեպքում՝ հարցն ուղարկվում է լրամշակման:
Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները։
Այն դեպքում, երբ քննարկվող հարցի շուրջ Կոմիտեի անդամն ունի առանձնահատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստերի արձանագրությանը նույնպես կարող են կցվել քննարկվող փաստաթղթերի նախագծերի մասով առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:
Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:
Կոմիտեի նիստի արձանագրությունը ստորագրվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից, հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո:
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը ուղարկում է Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի բոլոր անդամներին՝ Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում :
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող է ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցած հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:
24. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի նիստերին գործարար համայնքի ներկայացուցիչների, գիտական և հասարակական կազմակերպությունների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:
25. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: