ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 120 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավանություն տալ Նավագնացության մասին համաձայնագրի նախագծին (կցվում է), և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ներպետական համաձայնեցման արդյունքների մասին։
3. Հավանություն տալ «Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Նավագնացության մասին համաձայնագրի նախագծի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 2-րդ կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրություն» թիվ 24 հավելվածի 16-րդ կետը կատարելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Նավագնացության մասին համաձայնագրի նախագծին (կցվում է)։
2. Նավագնացության մասին համաձայնագրի նախագիծն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2015 թվականի նոյեմբերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Նավագնացության մասին համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման արդյունքների մասին։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
նավագնացության մասին
Նախագիծ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված)՝ իրականացման նպատակով,
ցանկանալով աջակցել ջրային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը,
հիմնվելով իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
«ներքին ջրային ուղիներ»՝ անդամ պետությունների բնական կամ արհեստականորեն ստեղծված ջրային հաղորդակցության ուղիները, որոնք նշվում են տեղորոշման նշաններով կամ այլ եղանակով և օգտագործվում են նավագնացության նպատակով.
«երկկողմ փոխադրումներ»՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրումներ, նավի դրոշի քարշակում անդամ պետություններից մեկի ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի այդ նավահանգիստներ) դեպի մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներ (այդ նավահանգիստներից).
«նավապետ»՝ անդամ պետություններից մեկի քաղաքացի, որը նավի դրոշի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան թեստավորվել և նշանակվել է այդ պաշտոնին, իրականացնում է նավի կառավարումը, այդ թվում՝ նավավարումը, նավի ընթացքի անվտանգության ապահովումը, նավի վրա կարգուկանոնի պահպանումը, ջրային միջավայրի պաշտպանությունը, նավին, նավի վրա գտնվող մարդկանց և բեռին վնաս հասցնելը կանխելու միջոցների ձեռնարկումը, և նավատիրոջ ներկայացուցիչն է.
«հարակից ներքին ջրային ուղիներ»՝ անդամ պետությունների ներքին ջրային ուղիների տեղամասեր, որոնք մտնում են երկու կամ ավելի սահմանակից անդամ պետությունների տարածքներում միաժամանակ տեղակայված մեկ ջրային օբյեկտի ավազանի մեջ.
«նավ»՝ անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող ցանկացած նավ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ներառված է ազգային նավային ռեեստրում կամ նավերի այլ համապատասխան պաշտոնական ցանկում և օգտագործվում է նավագնացության նպատակով։ Նշված հասկացությունը չի ներառում սպորտային առագաստանավերն ու զբոսաշրջային նավերը, ռազմական նավերը, սահմանային և մաքսային հսկողություն իրականացնող մարմինների նավերը, պարեկային նավերը և պետական սահմանին իրավակարգի պահպանման համար օգտագործվող նավերը, ինչպես նաև ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավեր.
«նավատեր»՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր անունից շահագործում է նավը՝ անկախ այն հանգամանքից՝ նա այդ նավի սեփականատերն է, թե օգտագործում է այն այլ օրինական հիմքով.
«նավագնացություն»՝ նավերի՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման, նավերի և այլ լողացող օբյեկտների քարշակման հետ կապված գործունեություն.
«ներքին ջրային ուղիներով տարանցում»՝ անդամ պետություններից մեկի նավերի նավարկումը մյուս անդամ պետության ջրային ուղիներով՝ առանց մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներում բեռների բեռնման և դատարկման, ուղևորների նստեցման և իջեցման, եթե այդ նավարկումն սկսվում և ավարտվում է անդամ պետության պետական սահմանի հատմամբ.
«անձնակազմի անդամ»՝ ցանկացած անձ, որն ուղերթի ընթացքում նավի վրա փաստացի զբաղված է նավի շահագործման կամ սպասարկման, այդ թվում՝ ուղևորների սպասարկման հետ կապված պարտականությունների կատարմամբ, և որն ընդգրկված է նավի անձնակազմի ցուցակում։
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը սահմանում է անդամ պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության կարգն ու պայմանները։
2. Անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերն իրավունք ունեն իրականացնելու բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրում, հարակից ներքին ջրային ուղիներով նավի դրոշի անդամ պետության և այլ անդամ պետության միջև քարշակում, անդամ պետությունների ներքին ջրային ուղիներով տարանցում, երկկողմ փոխադրումներ՝ բացառությամբ այլ անդամ պետության և երրորդ երկրների նավահանգիստների միջև մեկ այլ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերով փոխադրման և քարշակման և դեպի նավահանգիստներ (նավահանգիստներից) փոխադրումների։
3. Անդամ պետության ներքին ջրային ուղիներում նավի գտնվելու ժամանակ դրա վրա տարածվում է այդ անդամ պետության օրենսդրությունը։ Յուրաքանչյուր անդամ պետություն այլ անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերին վերապահում է նույնպիսի իրավունքներ, ինչպիսիք վերապահում է իր դրոշի ներքո նավարկող նավերին։
4. Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ հաղորդակցման լեզուն ռուսերենն է։
5. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի՝ մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ նավատերն ապահովում է այդ անդամ պետության ներքին ջրային ուղիներում տրամադրված ծառայությունների համար սահմանված բոլոր վճարների և գանձումների վճարումը այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով, որի ներքին ջրային ուղիներով իրականացվում է նավարկությունը։
Հոդված 3
1. Անդամ պետության ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի նավարկությունն իրականացվում է ներքին ջրային ուղիների անդամ պետության իրավասու մարմնին նավատիրոջ կողմից ուղարկվող ծանուցման հիման վրա։
2. Նշված ծանուցումն ուղարկվում է այն անդամ պետության պետական սահմանին նավի մոտենալու ծրագրվող ամսաթվից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր հետո, որի ներքին ջրային ուղիներում ծրագրվում է իրականացնել նավարկությունը, և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
ա) նավի անվանումը՝ նավի փաստաթղթերին համապատասխան.
բ) նավատիրոջ անվանումն ու վավերապայմանները.
գ) նավի գրանցման նավահանգիստը.
դ) նավի տեսակը.
ե) նավի հիմնական չափերը (երկարություն, լայնություն, առավելագույն և փաստացի նստվածքը, վերջրյա եզրաչափը).
զ) ներքին ջրային ուղիներով նավի անցման ժամկետներն ու նպատակը.
է) նավարկության երթուղին.
ը) տեղեկություններ փոխադրվող բեռների և ուղևորների մասին.
թ դասակարգման վկայականը։
3. Անդամ պետության ներքին ջրային ուղիներ (ներքին ջրային ուղիներից) նավերի մուտք գործելու (դուրս գալու) դեպքում անդամ պետությունները պարտավոր են անդամ պետության պետական սահմանի հատման վայրին ամենամոտ գտնվող անցակետում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանային և այլ տեսակի հսկողություն անցնել։
4. Անդամ պետության ներքին ջրային ուղիներով կարող են նավարկել միայն այդ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանող նավերը։
5. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ներքին ջրային տրանսպորտի ոլորտում պետական հսկողություն (պետական նավահանգստային հսկողություն) իրականացնելու լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմիններն իրենց իրավասության շրջանակներում իրավունք ունեն իրականացնելու նավագնացության անվտանգության պահանջներին նավերի համապատասխանության, ինչպես նաև այդ նավերի անձնակազմի անդամների կողմից նավագնացության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության և հակահրդեհային անվտանգության ստուգում։
6. Անդամ պետության ներքին ջրային ուղիների առանձին տեղամասերում նավերի տեղաշարժի սահմանափակումը կամ արգելումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
7. Անդամ պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ինչպես նավահանգիստներում, այնպես էլ պետական սահմանին սահմանային, մաքսային, սանիտարական և այլ ձևական պահանջների առավելագույնս արագացման և պարզեցման համար:
8. Անդամ պետությունների իրավասու մարմինները տեղեկատվություն են փոխանակում անդամ պետությունների ներքին ջրային տրանսպորտի ոլորտի օրենսդրության և այն փոփոխելու վերաբերյալ։
9. Նավատարի կողմից նավերի ստուգման անցկացումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 4
Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ չի թույլատրվում՝
անդամ պետությունների օրենսդրությամբ իրենց տարածքներում ներմուծման և տեղափոխման համար արգելված բեռների փոխադրումը.
ներքին ջրային ուղիներով նավերի անցման հետ չկապված ձկնորսական, ջրագրական (հիդրոգրական), հետազոտական և այլ գործունեության իրականացում։
Հոդված 5
1. Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ նավագնացության անվտանգության նկատառումներից ելնելով՝ անդամ պետությունների իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են տեղորոշման սարքավորումների միջոցների կատեգորիաների, նավերի ընթացքի երաշխավորված եզրաչափերի, նավագնացային ջրատեխնիկական կառույցների աշխատանքի ժամկետների, ինչպես նաև ներքին ջրային ուղիներով նավերի տեղաշարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումների և արգելքների մասին։
2. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի, այդ թվում՝ քարշակվող օբյեկտների եզրաչափերը՝ ներառյալ վերջրյա եզրաչափերը, չպետք է գերազանցեն նավարկության երթուղու՝ ներքին ջրային ուղիների համար սահմանված եզրաչափերը՝ հաշվի առնելով համապատասխան անդամ պետության օրենսդրության պահանջները։
3. Նավագնացային շրջանում անդամ պետություններն անվտանգ պայմաններ են ապահովում իրենց ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի անարգել ընթացքի համար։
Հոդված 6
1. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավերը մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներով տարանցման ժամանակ կարող են օրվա ցանկացած ժամի կանգ առնել այդ անդամ պետության կողմից սահմանված՝ անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի մուտքի համար ազատ նավահանգիստներում՝ նավային պաշարները համալրելու, մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված գործողություններ կատարելու համար, ինչպես նաև արտակարգ հանգամանքների և այլ պատահարների բերումով։
Նշված կայանման ժամանակ չի թույլատրվում կատարել բեռնման գործողություններ, ուղևորների նստեցում (իջեցում), այլ առևտրային գործունեություն։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում նավի կանգառի, տրանսպորտային պատահարի, տարերային աղետի և այլ բացառիկ դեպքերում նավապետը կամ նրա կողմից լիազորված անձը պետք է այդ մասին տեղեկացնի ներքին ջրային ուղիների ավազանի վարչությանը կամ ներքին ջրային ուղիների տվյալ տեղամասում նավագնացությունը կարգավորող մարմնին։
Հոդված 7
1. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը։
2. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ անձնակազմի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերն են՝
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության նավաստու անձը հաստատող ազգային վկայականը կամ Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վկայականը, անձնագիրը կամ նավաստու անձը հաստատող վկայականը,
Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության նավաստու անձը հաստատող վկայականը, քաղաքացու անձնագիրը կամ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիրը։
3. Անդամ պետությունները ճանաչում են նավապետի և նավերի անձնակազմի անդամների որակավորման փաստաթղթերը, որոնք հաստատում են դրանց կազմն ու որակավորումը, տրվում են նավի դրոշի անդամ պետության անունից, անձնակազմի նվազագույն կազմի և անձնակազմի անդամների որակավորման այն պահանջներին համապատասխան, որոնք առաջադրվում են այն անդամ պետության նավերի համար, որի ներքին ջրային ուղիներով իրականացվում է նավարկությունը։
Հոդված 8
1. Անդամ պետությունների տարածքներում նավերի անձնակազմերի անդամների մուտքը, ելքը, գտնվելն ու տեղափոխումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
2. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամները մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներում և տարածքում գտնվելու ժամանակ պատասխանատվություն են կրում այդ անդամ պետության օրենսդրության պահպանման համար։
3. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամների՝ մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներում կամ տարածքում գտնվելու ժամանակ այդ անդամ պետության քաղաքացիական իրավազորությունը չի կիրառվում այն դեպքերում, երբ վեճը վերաբերում է նավի ներքին կանոնակարգին և աշխատանքային հարաբերություններին։
Հոդված 9
1. Վթարների, տրանսպորտային պատահարների և դժբախտ դեպքերի ժամանակ յուրաքանչյուր անդամ պետություն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի իր ներքին ջրային ուղիներում գտնվող այլ անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերին և նավերի անձնակազմերի անդամներին։
2. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի՝ մեկ այլ պետության տարածքում աղետի ենթարկվելու դեպքում նավին կտրամադրվեն նույն ծառայությունները, առավելություններն ու արտոնությունները, ինչպիսիք նմանատիպ դեպքերում այդ անդամ պետությունը մատուցում է իր դրոշի ներքո նավարկող նավերին:
3. Ներքին ջրային ուղիներում տրանսպորտային պատահարների, վթարների և դժբախտ դեպքերի քննությունն ապահովում է այն անդամ պետության իրավասու մարմինը, որի տարածքում տեղի են ունեցել այդ տրանսպորտային պատահարները, վթարներն ու դժբախտ դեպքերը։ Նշված քննության անցկացմանը մասնակցելու իրավունք ունի այն անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի իրավասու մարմինը, որի մասնակցությամբ տեղի է ունեցել տրանսպորտային պատահարը, վթարը կամ դժբախտ դեպքը։
4. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի կամ դրա մասնակցությամբ տեղի ունեցած տրանսպորտային պատահարի կամ վթարի արդյունքում պատճառված վնասի հատուցման հայցերի քննությունը և վնասի հատուցումը իրականացվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի ներքին ջրային ուղիներում տեղի է ունեցել այդ տրանսպորտային պատահարը կամ վթարը, եթե փոխադրման (քարշակման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
Հոդված 10
1. Սույն Համաձայնագիրը չի շոշափում անդամ պետությունների այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են իրենք, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում իրենց անդամակցությունից։
2. Անդամ պետությունները նպաստում են իրենց կողմից լիազորված և իրավասու մարմինների գործարար հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը և նրանց միջև, ինչպես նաև ջրային տրանսպորտի տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցությանը։
Հոդված 11
1. Անդամ պետություններն են սահմանում սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններին։
2. Անդամ պետությունները սույն Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում։
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, անդամ պետությունները փոխանակում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված փաստաթղթերի նմուշները, ինչպես նաև դրանց տրամադրման կանոնները։
Նշված փաստաթղթերի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում անդամ պետություններն այդ փոփոխությունների կատարման օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, նոր փաստաթղթերի նմուշներն ու դրանց տրամադրման կանոններն ուղարկում են մյուս անդամ պետություններին։
Հոդված 12
1. Սույն Համաձայնագրի իրականացման հարցերի և ներքին ջրային տրանսպորտի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները անդամ պետություններից մեկի խնդրանքով կարող են հանդիպել վերջինիս տարածքում։
2. Անդամ պետությունները կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ներքին ջրային ուղիներով նավագնացության իրականացման և դրա անվտանգության ապահովման պահանջների մասով իրենց օրենսդրության ներդաշնակեցման (մոտարկման և միասնականացման) ուղղությամբ։
Հոդված 13
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 14
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
2. Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։
3. Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։
Կատարված է __________ քաղաքում, 20 թվականի __________ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից` |
Բելառուսի Հանրապետության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության կողմից` |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից` |