ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 մայիսի 2015 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին, «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտե։
2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։
3. Սահմանել, որ մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթներ ամրագրելու մասին որոշման ընդունումը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նախագահի պարտականություններն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն.Կորեշկովի կողմից։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 25-ի թիվ 59 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին և «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան:
Կոմիտեն Հանձնաժողովի՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման հարցերով խորհրդատվական մարմին է, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների շահերը տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից պաշտպանելու նպատակով հավասար պայմաններ ձևավորելուն, Հանձնաժողովի համար սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների կիրառման հարցերով հանձնարարականներ նախապատրաստելուն։
2. Կոմիտեն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման միասնական մոտեցումների ձևավորման հարցերով խորհրդակցությունների անցկացումը,
բ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը,
գ) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համար Հանձնաժողովի հանձնարարականների նախագծերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը,
դ) խորհրդատվությունների անցկացման շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի այլ հարցերի քննարկումը, այդ թվում՝ Կոլեգիայի այն անդամի հանձնարարությամբ, որի իրավասությանն են վերապահված սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը, ինչպես նաև նշված հարցերով առաջարկությունների նախապատրաստումը։
4. Կոմիտեն իր վրա դրված խնդիրների իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) մասնակցում է հետևյալի վերլուծության անցկացմանը՝
Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրության,
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության իրագործման իրավակիրառ պրակտիկայի,
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային կազմակերպությունների և սպառողների հասարակական միությունների գործունեության,
բ) նախապատրաստում է առաջարկություններ հետևյալ հարցերի շուրջ` սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում,
արդյունավետ մեխանիզմների ձևավորում և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության իրականացման սկզբունքների մշակում,
անդամ պետությունների տարածքներում անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կանխարգելելու և անորակ ապրանքների (ծառայությունների) իրացումը չթույլատրելու նպատակով միջոցների ձեռնարկում,
սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային կազմակերպությունների, սպառողների հասարակական միությունների և Հանձնաժողովի միջև համագործակցության կազմակերպում,
անդամ պետությունների կողմից Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների կատարման դիտանցում և հսկողություն անցկացնելու կարգի կատարելագործում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում,
գ) իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում այլ հարցերի շուրջ համագործակցություն։
III. Կոմիտեի կազմը
5. Կոմիտեի կազմը ձևավորվում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից)։
Կոմիտեի կազմի ձևավորման համար Կոլեգիան դիմում է անդամ պետություններին՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:
Անդամ պետությունների առաջարկությամբ Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները Կոլեգիային ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:
6. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
7. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման վերաբերյալ աշխատանքները,
բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը,
գ) վարում է Կոմիտեի նիստերը,
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները,
ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված հանձնարարականների մասին,
զ) հաստատում է ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին դրույթներն ու դրանց կազմերը,
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների հետ փոխհարաբերություններում։
8. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը:
9. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը,
բ) իրականացնում է օրակարգի նախագծին և Կոմիտեի նիստին առնչվող նյութերը նախապատրաստելու ու ներկայացնելու նկատմամբ հսկողություն,
գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան առնչվող նյութերը,
դ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին,
ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը,
զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և դրանք Կոմիտեի անդամներին հասցնելը,
է) իրականացնում է Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ հսկողություն։
10. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:
11. Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստերին քննարկվում են նիստի օրակարգում չընդգրկված հարցեր, որոնք առաջարկվել են Հանձնաժողովի դեպարտամենտների կողմից քննարկման համար, որոնց իրավասությանն են վերապահված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր և այլ լրացուցիչ հարցեր։
12. Կոմիտեին կից կարող են ստեղծվել ենթակոմիտեներ՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում՝ փորձագիտական և աշխատանքային խմբեր, այդ թվում՝ աշխատանքային խմբեր՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար:
Ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների ներկայացուցիչներից և փորձագետներից, որոնց իրավասությանն են վերապահված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը։
IV. Կոմիտեի աշխատակարգը
13. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
14. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
15. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին:
Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերի շուրջ Կոմիտեի պատասխանատու քարտուղարին տեղեկատվություն և նյութեր ներկայացնելը:
16. Կոմիտեի նախագահն իրավունք ունի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկատվություն:
17. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ,
բ) քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում),
գ) արձանագրային որոշումների նախագծեր,
դ) Հանձնաժողովի համար հանձնարարականների նախագծեր,
ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։
18. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և դրա վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 20 աշխատանքային օր առաջ:
19. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում։
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, որն ընդունվում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստերի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
20. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են ոչ պակաս, քան դրա անդամների երկու երրորդը, և ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետության առնվազն 1 անդամի ներկայացուցչությունը:
Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։
Նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա ունի քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք, գրավոր ներկայացնելու իրավունք։
21. Կոմիտեի անդամները կարող են հանձնարարել Կոմիտեի քննարկումից հանել հարցը, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:
22. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Անդամ պետությունից Կոմիտեի անդամներն ընդհանուր օժտված են 1 ձայնով: «Կողմ» և «դեմ» ձայների հավասարության դեպքում հարցն ուղարկվում է լրամշակման։
Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները։
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամն ունի հատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստերի արձանագրությանը նաև կարող են կցվել քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:
Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:
Կոմիտեի նիստի արձանագրությունը հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո։
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի արձանագրությունն ուղարկում է Կոմիտեի բոլոր անդամներին Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող են ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցող հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:
23. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի նիստերին գործարար համայնքի ներկայացուցիչների, գիտական և հասարակական կազմակերպությունների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:
24. Կոմիտեի գործունեության կազմակերպական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: