ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» մայիսի 2015 թ. |
թիվ 1 |
քաղ. Բուրաբայ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 17-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թ. |
№ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները (այսուհետ` Հիմնական ուղղություններ)։
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) կառավարություններին, ազգային (կենտրոնական) բանկերին մակրոտնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել Հիմնական ուղղությունները։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել առաջարկություններ տնտեսության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների, ինչպես նաև այդ ներուժի կիրառմանն ուղղված միջոցների մասին։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անցկացնել անդամ պետությունների տնտեսությունների ցուցանիշների և զարգացման մակարդակի, դրանց ինտեգրման աստիճանի ցուցանիշների դիտանցում՝ հաշվի առնելով Հիմնական ուղղությունները։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի –ի թիվ – որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ և սահմանում է սոցիալ–տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները, որոնց իրականացմանն են ձգտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման և անդամ պետությունների մրցակցային առավելությունների հաշվին՝ յուրաքանչյուր անդամ պետության կողմից լրացուցիչ տնտեսական էֆեկտ ստանալու նպատակով։
Սույն փաստաթուղթը փոխկապակցված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ` Միության մասին պայմանագիր) նախատեսված ճյուղային (հատվածային) ծրագրային փաստաթղթերի հետ։
Սույն փաստաթղթով նախատեսվում է Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների (այսուհետ` հիմնական ուղղություններ) իրագործում՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածը՝ հաշվի առնելով Միության կազմի հնարավոր փոփոխությունները և համապատասխանաբար, անդամ պետությունների միջև համագործակցության պոտենցիալ ինտեգրացիոն էֆեկտները։
II. Սահմանումներ
Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
«լրացուցիչ տնտեսական էֆեկտ»՝ անդամ պետության տնտեսության վիճակը, դրա զարգացումը և կայունությունը բնութագրող այն ցուցանիշների արժեքների բարելավում և (կամ) կայունություն, որոնք ձեռք են բերվում ինտեգրացիոն միջոցների և գործողությունների իրագործման հաշվին.
«ինտեգրացիոն գործողություններ»՝ ինտեգրացիոն միջոցների իրագործմանն ուղղված գործողություններ.
«ինտեգրացիոն միջոցներ»՝ շահագրգիռ սուբյեկտների համատեղ (համակարգված, համաձայնեցված) գործունեություն.
«Միության ինտեգրացիոն ներուժ»՝ հնարավորությունների ամբողջություն, որոնք ծագում են ինտեգրացիոն գործընթացների արդյունքում, և որոնց օգտագործումը նպաստում է անդամ պետությունների կողմից լրացուցիչ տնտեսական էֆեկտների ստացմանը.
«անդամ պետության կոնկրետ առավելություններ»՝ ներկա կամ ապագա պայմանների և գործոնների ամբողջություն, որոնք ապահովում են անդամ պետության տնտեսության առաջանցիկ զարգացումը, և որոնց օգտագործումը հնարավոր է ի շահ անդամ պետությունների և ընդհանուր առմամբ՝ Միության.
«Միության մրցակցային առավելություններ»՝ անդամ պետությունների մրցակցային առավելությունների ամբողջություն, որոնք կարող են օգտագործվել Միության տնտեսական զարգացման նպատակին հասնելու համար.
«տնտեսական զարգացման ուղղություններ»՝ ուղղություններ, որոնք բնութագրում են անդամ պետությունների և ընդհանուր առմամբ՝ Միության տնտեսությունների մրցունակությունը, և որոնցում ինտեգրացիոն համագործակցությունը տնտեսապես նպատակահարմար է.
«տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտներ»՝ տնտեսության բնագավառներ, գործունեության տեսակներ, հատվածներ (այդ թվում՝ սահմանված այն փաստաթղթերում, որոնց մշակումը նախատեսված է Միության մասին պայմանագրով), որոնցում ինտեգրացիոն միջոցները և գործողությունները կնպաստեն դրանց տնտեսական ներուժի օգտագործմանը և (կամ) ավելացմանը և (կամ) կստեղծեն զգալի դրական բազմապատկիչ էֆեկտներ անդամ պետությունների տնտեսությունների այլ ոլորտների համար։
Սույն փաստաթղթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Միության մասին պայմանագրով սահմանված իմաստներով:
III. Անդամ պետությունների և ընդհանուր առմամբ՝ Միության տնտեսական զարգացման մարտահրավերները և ռիսկերը
Միությունը սկսեց գործել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում տեղի են ունենում տնտեսական գործընթացների էական փոփոխություններ, որոնք անդրադառնում են երկրների և մայրցամաքների միջև տնտեսական զարգացման գործոնների վերաբաշխման, տնտեսական զարգացման նոր կենտրոնների առաջացման վրա, մասնավորապես Ասիայում և Հարավային Ամերիկայում։ Նման պայմաններում փոխվում է գլոբալ մակարդակով որոշումների ընդունման տեխնոլոգիան։
Միևնույն ժամանակ անդամ պետությունները բախվում են և հեռանկարում կբախվեն հետևյալ գլոբալ մարտահրավերներին՝
գլոբալ մրցակցության ուժեղացում, համաշխարհային տնտեսությունում անդամ պետությունների արդյունավետ դիրքավորման համար ապրանքային և աշխարհագրական շուկաների կրճատում, անբարենպաստ արտաքին իրավիճակ.
սոցիալ–ժողովրդագրական գործընթացների զարգացման, այդ թվում՝ բնակչության տարիքային կառուցվածքի և թվաքանակի, աշխատուժի հավասարակշռության փոփոխության հետ կապված մի քանի բացասական միտումների փոխադարձ ուժեղացում.
տեխնոլոգիական զարգացման բարձր կարևորություն՝ որպես ռիսկերի աղբյուր և որպես տնտեսության զարգացման համար հնարավորությունների առաջացման գործոն.
անդամ պետությունների առկա մրցակցային առավելությունների աստիճանական սպառում (ամենից առաջ կապված տնտեսությունների հումքային կողմնորոշման հետ) և նոր առավելություններ ձևավորելու անհրաժեշտություն։
Բացի այդ, պահպանվում են անդամ պետությունների տնտեսությունների վրա բացասական ազդեցության ավանդական գործոնները, և դեռևս ուժեղ են ճգնաժամային երևույթների տարածման ռիսկերը, ինչը կարող է վտանգի ենթարկել անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացումը։
Չնայած առկա համաշխարհային մարտահրավերներին և միտումներին, ինչպես նաև տնտեսական առաջընթացի համար ներքին սահմանափակումներին՝ անդամ պետություններն ակտիվ քաղաքականություն են վարում իրենց տնտեսական ներուժը ձևավորելու և ուժեղացնելու ուղղությամբ և իրագործում են հետագա զարգացման ազգային երկարաժամկետ ռազմավարություններ։
Միությանն անդամակցությունը հանդիսանում է գործոն՝ անդամ պետությունների տնտեսությունների լրացուցիչ կայունությունն ու զարգացումն ապահովելու համար և միաժամանակ հանդիսանում է պատասխան՝ նշված մարտահրավերներին՝ ինտեգրացիոն միջոցների և գործողությունների շնորհիվ։
IV. Միության տնտեսական զարգացման նպատակը և խնդիրները
Երկարատև ժամանակաշրջանի համար Միության տնտեսական զարգացման նպատակն է անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Միության որակյալ և կայուն տնտեսական աճի ձեռքբերմանն ու դրա պահպանմանն աջակցելը՝ նրանց մրցակցային առավելությունների օգտագործման հաշվին։
Միությունում նշված նպատակին հասնելու իրատեսականությունը որոշվում է հետևյալ նախադրյալներով։
Առաջին՝ անդամ պետությունների տնտեսական քաղաքականության երկարաժամկետ կողմնորոշիչները (անդամ պետությունների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության պահպանումը և մրցունակության բարձրացումը) կանխորոշում են ինտեգրացիոն միջոցների և գործողությունների լայն համալիրի իրագործման հնարավորությունը։ Դրանց իրագործումը թույլ կտա մոտենալ ազգային նպատակային կողմնորոշիչներին հասնելուն այն դեպքերում, երբ այդ կողմնորոշիչները չեն հակասում այլ անդամ պետությունների շահերին, կատարել անդամ պետությունների առջև ծառացած խնդիրներն ավելի բարձր արդյունավետությամբ և ապահովել տնտեսական աճի և զարգացման նոր աղբյուրներ: Զարգացման ազգային առաջնահերթությունների տարբերությունները հիմք են ստեղծում անդամ պետությունների տնտեսությունների փոխադարձ լրացվելիության համար:
Երկրորդ՝ ինտեգրացիոն գործընթացները նպաստում են ընդհանուր (միասնական) շուկայի ձևավորմանը՝ միմյանց փոխլրացնող մեխանիզմների միջոցով` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի (այդ թվում` բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների կրճատման), Միության մասին պայմանագրի դրույթներին չհակասող համակարգված (համաձայնեցված, միասնական) քաղաքականության վարման միջոցով:
Երրորդ՝ ինտեգրացիոն մեծ ներուժ ունեն տնտեսության՝ բազմապատկիչ էֆեկտ ապահովող ոլորտները, ինչպես նաև նոր ուղղությունները և ոլորտները, որոնք կզարգանան` հաշվի առնելով նոր տեխնոլոգիական տնտեսաձևի մարտահրավերները: Լրացուցիչ զարգացում կունենան նաև անդամ պետությունների տնտեսությունների գործնականորեն բոլոր այն ոլորտները, որոնց համար շուկայի ծավալը նշանակություն ունի:
Չորրորդ՝ ինտեգրացիոն գործընթացներում անդամ պետությունների մասնակցությունն իրականացվում է այդ թվում՝ անդամ պետությունների արտադրանքի՝ համաշխարհային շուկայում հասանելիության պայմանների ազատականացման և ներդրումների ներգրավման համար ձեռնարկատիրական միջավայրի բարելավման նպատակներով։ Միության առկա մրցակցային առավելությունները (տարածքի մեծությունը, շուկայի ծավալները, բնական ռեսուրսները, տարանցման ներուժը, սոցիալ–մշակութային գործոնը) կարող են ապահովել անդամ պետությունների տնտեսությունների բարձր գրավչություն՝ օտարերկրյա և ազգային ներդրողների համար՝ հաշվի առնելով պոտենցիալ ինտեգրացիոն ծրագրերը։
Առկա մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում նշված նպատակին հասնելը կապահովի հետևյալ խնդիրների համատեղ լուծումը՝
անդամ պետությունների տնտեսությունների կայունությունն ու մրցունակությունը բարձրացնելու համար ազգային երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակներին հասնելուն աջակցություն.
անդամ պետությունների և Միության մրցակցային առավելությունների օգտագործման հիմքով տնտեսական զարգացման լրացուցիչ աղբյուրների ձևավորում.
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների կրճատման միջոցով անդամ պետությունների տնտեսությունների փոխադարձ թափանցիկության և նշանակության բարձրացում.
աջակցություն՝ երրորդ երկրների շուկաներում և միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների դիրքի ուժեղացմանը։
Նշված նպատակին հասնելը և առաջադրված խնդիրների լուծումը կապահովվի ինտեգրացիոն միջոցների և գործողությունների իրագործման հաշվին՝ սույն փաստաթղթի V բաժնում նշված հիմնական ուղղություններով, տնտեսության՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտներում, որոնց սահմանման չափորոշիչները նախատեսված են սույն փաստաթղթի VI բաժնում։
V. Տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները
1. Մակրոտնտեսական կայունության ապահովումը
Մակրոտնտեսական կայունության ապահովումը հանդիսանում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ խնդիր։ Այս խնդիրը լուծելու միջոցները, գործիքները և մեխանիզմները պետք է լինեն փոփոխվող պայմաններին հարմարվող։ Մյուս կողմից՝ դրանք պետք է դառնան երկարաժամկետ զարգացման պայման, չհակասեն մյուս ռազմավարական խնդիրներին։
Մակրոտնտեսական հաստատունությանը հասնելը կապահովի անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաստատունությունը, վարվող տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը, պատկերացում կտա անդամ պետություններում առկա՝ առաջացող անհավասարակշռություններին ժամանակին արձագանքելու համար բավարար ռեսուրսների և գործիքների առկայության մասին։
Միության մասին պայմանագրով նախատեսված մակրոտնտեսական ցուցանիշների պահպանման, մակրոտնտեսական անհավասարակշռությունների կանխման, մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսման ապարատի կատարելագործման, փոխադարձ ներգործության էֆեկտների գնահատման միջոցով նշված ուղղության իրագործումը կարող է լրացվել համաձայնեցված ոչ ցիկլային և խթանիչ միջոցների մշակմամբ։
Անդամ պետությունների՝ նշված ուղղության իրագործմանն ուղղված համագործակցությունը պետք է նպաստի, մասնավորապես, տեխնոլոգիական մակարդակի զարգացմանը և բարձրացմանը և ազգային արտադրության և արտահանման բազմազանեցմանը, անդամ պետությունների տնտեսություններում վճարային հաշվեկշիռների և խնայողությունների բավարար մակարդակի կայուն վիճակի պահպանմանը, անդամ պետությունների արտաքին պարտքի նվազեցմանը և կայուն ցածր մակարդակի վրա պահպանմանը։
2. Գործարարական ակտիվության և ներդրումային գրավչության բարձրացման համար պայմանների ստեղծումը
Ռիսկերի պահպանմամբ և գլոբալ զարգացման անորոշությամբ, ապրանքային կարևորագույն շուկաների բարձր անկայունությամբ, միջազգային մրցակցության և շուկայում սահմանափակ հասանելիության հետագա ուժեղացմամբ բնորոշվող համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումները անդամ պետությունների համար արդիական են դարձնում ներքին գործարարական ակտիվության և անդամ պետությունների արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանման խնդիրը։
Ներդրումների և բիզնեսի զարգացման համար գրավիչ միասնական տնտեսական տարածքի ձևավորումը կարող է ապահովվել, այդ թվում, ինտեգրացիոն միջոցների և գործողությունների իրագործման եղանակով՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցության համար բարենպաստ միջավայր ձևավորելու, ներդրումային ֆորումներում և տոնավաճառներում տնտեսավարող սուբյեկտների մասնակցությանը նպաստելու, անդամ պետությունների տարածքներում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և իրականացման համար տնտեսավարող սուբյեկտների համար լրացուցիչ ծախքեր ստեղծող ձեռնարկատիրական գործունեության ավելորդ կարգավորման հայտնաբերման և կրճատման, անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից պետական գործառույթներ իրականացնելիս և պետական ծառայություններ մատուցելիս արդյունավետության բարձրացման և ծախքերի պակասեցման, տնտեսավարող սուբյեկտների և պոտենցիալ ներդրողների (այդ թվում՝ երրորդ երկրներից) տեղեկատվական ապահովման մակարդակի բարձրացման նպատակով։
Ինտեգրացիոն գործիքներ են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մեջ տեղեկատվական փոխգործակցության ապահովումը և այդ մեխանիզմների զարգացման համակարգված քաղաքականության վարումը, ինչը կնպաստի արտաքին տնտեսական գործունեության հետ կապված պետական գործընթացների և բիզնես ընթացակարգերի կատարելագործմանը։
Նշված ուղղության իրագործումը կուղեկցվի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների կրճատմամբ, Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության զարգացմամբ, այլ անհրաժեշտ իրավական, ինստիտուցիոնալ և ֆինանսական պայմանների ստեղծմամբ։
3. Ներդրումային զարգացումը և տնտեսության արդիականացումը
Ժամանակակից պայմաններում զարգացած երկրների տնտեսական աճն ապահովվում է գիտատեխնիկական ներուժի մակարդակով և գիտության վրա հիմնված ոլորտների ձեռքբերումներով:
Անդամ պետությունների նորարարական զարգացման հիմնական ցուցանիշների փոփոխությունը ցույց է տալիս դրական դինամիկա, սակայն աճի տեմպերը անբավարար են համաշխարհային տնտեսությունում Միության դիրքը հեռանկարում ամրապնդելու համար: Անդամ պետություններն ունեն ցածր ցուցանիշ՝ ներքին համախառն արդյունքում բարձ տեխնոլոգիական արտահանման մասնաբաժնի առումով, և միևնույն ժամանակ մի շարք ոլորտներում տիրապետում են զգալի մրցակցային գիտական և արտադրական ներուժի:
Նշված ուղղության իրագործման գծով անդամ պետությունների համագործակցությունը պետք է նպաստի նորարարական կառուցվածքային առաջընթացի համար պայմանների ձևավորման մասով (ներառյալ՝ անդամ պետությունների տնտեսությունների արդիականացման, առևտրականացման և գիտական մշակումների հարցերը) ազգային պլանների (ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի) առավել արագ իրագործմանը, աշխատանքի արտադրողականության ավելացմանը գերազանցող նորարարական արտադրանքի ու տեխնոլոգիայի արտադրության և արտահանման ծավալի աճին, նորարարական, այդ թվում` անդամ պետություններում արտադրված արտադրանքի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտների շահագրգռվածության բարձրացմանը, տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներում ներդրումների և այդպիսի ներդրումներից ստացված արգասիքների մասշտաբի մեծացմանը:
Տնտեսությունների նորարարական զարգացման և արդիականացման համար անհրաժեշտ իրավական, ինստիտուցիոնալ, ֆինանսական պայմանների ստեղծման միջոցով նշված ուղղության իրագործման ժամանակ հարկավոր է հաշվի առնել համաշխարհային փորձը, որը վկայում է այն մասին, որ ինտեգրացիոն միջոցները և գործողությունները կարող են նպաստել նոր տեխնոլոգիական կարգի կայացման հարցում անդամ պետությունների ակտիվ մասնակցությանը, նորարարությունների՝ համատեղ հիմունքով տնտեսապես ձեռնտու մշակմանը և ներդրմանը, բյուջետային միջոցների տնտեսմամբ և անդամ պետությունների գիտատեխնոլոգիական ներուժի օգտագործմամբ՝ փոխշահավետ հիմունքով ինտեգրացիոն միավորման ներսում համատեղ օգտագործման համար զարգացած երկրներից տեխնոլոգիաների փոխանցմանը:
4. Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը և Միության արդյունավետ ֆինանսական շուկայի ձևավորումը
Երկարաժամկետ հեռանկարում համաշխարհային ֆինանսական համակարգում համակարգային ռիսկերը նվազագույնին հասցնելու և ֆինանսական կայունության ապահովման նպատակով տեղի կունենա ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարգավորման խստացում` միջազգային ստանդարտների և համաշխարհային լավագույն գործելակերպերի հիման վրա: Այս պայմաններում ծագում են ֆինանսական շուկայի մասնակիցների թվի կրճատման ռիսկեր և ներդրողների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության դժվարություններ:
Առանցքային նշանակություն ունի անդամ պետությունների համագործակցությունը արժութային–ֆինանսական ոլորտում, որն իրականացվում է ֆինանսական շուկաների ոլորտում համակարգված կարգավորման, համաձայնեցված արժութային քաղաքականության վարման, ինտեգրացված բորսային տարածության ձևավորման, այդ թվում` ֆինանսական շուկայի մասնակիցների փոխադարձ հասանելիության ընդլայնման միջոցով (ներառյալ` ներդրողների և պրոֆեսիոնալ մասնակիցների` անդամ պետությունների ֆինանսական շուկաների ուղղակի հասանելիության ապահովումը), արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքների (այդ թվում` արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման մասով) կարգավորման կատարելագործման, անդամ պետությունների ֆինանսական շուկաներում հաշվարկների կատարման միջոցով:
Անդամ պետությունների համագործակցության գործիքներից մեկը կարող է դառնալ բորսային ապրանքների ինտեգրացված շուկայի ստեղծումը, որը կոչված է ապահովելու ապրանքային շուկաներին մասնակիցների հավասար և մրցակցային հասանելիություն:
Նշված համագործակցությունը կխթանի ապրանքների, ծառայությունների և կապիտալի տեղաշարժի ազատությունը, անդամ պետությունների օրենսդրությունների` ֆինանսական ծառայություններ մատուցելու առաջադեմ ստանդարտների հետ ներդաշնակեցման հիմունքով Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացումը՝ համակարգային ռիսկերի նվազեցման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ու ֆինանսների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության թափանցիկության միջոցով:
Համաձայնեցված արժութային քաղաքականություն վարելու նպատակով անդամ պետությունները ձեռնարկում են միջոցներ՝ անդամ պետությունների ռեզիդենտների փոխադարձ հաշվարկներում անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն ապահովելու համար ազգային արժույթների փոխարժեքի հետ կապված քաղաքականության համակարգման, այդ թվում` փոխարժեքի հետ կապված քաղաքականության միջոցառումներ մշակելու և դրանք համակարգելու նպատակով փոխադարձ խորհրդատվություններ անցկացնելու ուղղությամբ:
Ֆինանսական ռեսուրսների, նախ և առաջ՝ վարկային ռեսուրսների հասանելիությունը հանդիսանում է անհրաժեշտ պայման՝ իրական հատվածի և ծառայությունների ոլորտի զարգացման համար, և ենթադրում է արտահանման զարգացման ուղղությամբ համատեղ միջոցների (մասնավորապես` արտահանման ապահովագրման և վարկավորման, միջազգային լիզինգի ուղղությամբ) ձեռնարկում` հաշվի առնելով Միության մասին պայմանագրի և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի դրույթները:
5. Ենթակառուցվածքների զարգացումը և տարանցիկ ներուժի օգտագործումը
Միության ընդհանուր (միասնական) շուկայի ձևավորման համար առանցքային նշանակություն ունի երթակառուցվածքը: Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը կախված է ենթակառուցվածքի զարգացման մակարդակից:
Նշված ուղղության իրագործման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցությունը կնպաստի անդամ պետությունների շահերից բխող ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծմանը և զարգացմանը, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և ջրային տրանսպորտի ենթակառուցվածքի զարգացման, Միության տարանցիկ ներուժի օգտագործման հետ կապված ընդհանուր շահերի խթանման նպատակով միջազգային հարթակներում համաձայնեցված դիրքորոշման մշակման, տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցով՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ տրանսպորտի և մաքսային իրավահարաբերությունների վերաբերյալ բազմակողմ համաձայնագրերում և կոնվենցիաներում ամրագրված սկզբունքները՝ անդամ պետությունների տրանսպորտային համակարգերը համաշխարհային տրանսպորտային համակարգին ինտեգրացնելու և խոշոր միջազգային տրանսպորտային ծրագրերում անդամ պետությունների մասնակցությունը ընդլայնելու նպատակով:
Տարանցիկ ներուժի օգտագործման հարցերը չեն սահմանափակվում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմամբ: Առանցքային դեր են խաղում միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման խթանումը, տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացումը, մաքսային, սահմանային ընթացակարգերի և տրանսպորտային վերահսկողության ընթացակարգերի կատարելագործումը` հաշվի առնելով տրանսպորտի տեսակների գործառական հնարավորությունները:
Պոտենցիալ պահանջարկ ունեցող երթուղիներով տրանսպորտային միջանցքների ձևավորումը՝ հետագայում տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների ստեղծման և զարգացման հնարավորությամբ, կբարձրացնի անդամ պետությունների արտադրանքի մրցունակությունը, այդ թվում` տրանսպորտային ծախքերի (ֆինանսական և ժամանակավոր) կրճատման, երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով տարանցիկ անցնող և նոր, նախկինում չիրականացված փոխադրումներ գրավել թույլատրող երթուղիների հատվածներում անդամ պետությունների փոխադրողների կողմից համաձայնեցված միջանցիկ սակագների կիրառման հաշվին:
Որպես վերջնական էֆեկտ՝ կավելանան նաև անդամ պետությունների բյուջեներում եկամտային մասի մուտքերը:
Մաքսային գործառնությունների իրականացումը դյուրացնելու, օպտիմալ լոգիստիկ շղթաների ստեղծման, անդամ պետության տարածք ապրանքների ներկրման և այդ տարածքից արտահանման պայմանագրերի կատարման նպատակով կարևոր է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների ֆինանսական ծախքերի կրճատումն ապահովելը:
6. Կադրային ներուժի զարգացումը
Մարդկային կապիտալը տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է նորարարական տնտեսության մեջ, որին անցում կատարելը բոլոր անդամ պետությունների ռազմավարական փաստաթղթերում ամրագրված է որպես առաջնահերթություն:
Նշված ուղղության իրագործման հրատապությունն անդամ պետություններում և, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կապված է բարձր որակավորում ունեցող աշխատանքային ռեսուրսների պակասուրդի կանխատեսումների, մարդկային կապիտալի պահուստի ձևավորման անհրաժեշտության, միջճյուղային մոտեցում և գիտելիքների մշտական նորացում պահանջող բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման, ինչպես նաև անդամ պետությունների բնակչության զարգացման և հարմարավետ կեցության և մարդկանց ստեղծագործական ներուժի համար պայմանների ստեղծման անհրաժեշտության հետ: Նշված գործոնները կարևոր բաղկացուցիչ են հանդիսանում աշխատանքի արտադրողականության հետևողական բարձրացման համար։
Նշված ուղղության իրագործումը կապահովվի անդամ պետությունների տնտեսությունների կառուցվածքում անհրաժեշտ իրավական, ինստիտուցիոնալ, ֆինանսական պայմանների, այդ թվում` սպառողների իրավունքների պաշտպանության քաղաքականության, անդամ պետությունների աշխատողների հաշվառման ոլորտում համագործակցության և աշխատուժի տեղաշարժի դիտանցման, համաշխարհային և ներքին աշխատաշուկայում փոփոխվող միտումներին ժամանակին արձագանքելու նպատակով աշխատանքի շուկայի արդյունավետ գործունեության ապահովման հարցերով համագործակցության համակարգման միջոցով:
7. Ռեսուրսախնայողությունը և էներգաարդյունավետության բարձրացումը
Տնտեսության մրցունակության բարձրացման հեռանկարային ուղղություն է դառնում ոչ միայն էներգաարդյունավետության բարձրացումը, որը, հաշվի առնելով տնտեսությունների բնակլիմայական պայմանները և կառուցվածքները, անդամ պետությունների էներգատար տնտեսությունների համար ունի սահմանափակումներ, այլ նաև ռեսուրսախնայողությունը, որի ներքո հասկացվում է բնական և նյութական ռեսուրսների ռացիոնալ և խնայողաբար օգտագործումը:
Նշված ուղղության ակտուալությունը պայմանավորվում է նաև այն բանով, որ ներքին շուկայում և երրորդ երկրների շուկաներում կոշտ մրցակցության պայմաններում խստանում են արտադրանքի նկատմամբ պահանջները: Սպառողի իրազեկվածության բարձրացումը և էլեկտրոնային առևտրային հարթակների զարգացումը հանգեցնում են անդրսահմանային շուկաների մրցակցության ավելացմանը: Սա նշանակում է, որ սպառողների կողմից պահանջվող արտադրվող արտադրանքի ոչ մեծ տարբերությունները կարող են ստեղծել զգալի մրցակցային առավելություններ: Այս պայմաններում ներքին շուկայում և երրորդ երկրների շուկաներում արտոնյալ դիրք ապահովող գործոններից մեկը ռեսուրսախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման (էներգատարության նվազում) միջոցով ծախքերի կրճատումն է արտադրական ցիկլի ամբողջ ընթացքում:
Բացի այդ, անդամ պետությունների առաջ դրված է իրենց տնտեսությունների և բնակչության` էներգակիրների հետ կապված պահանջները բավարարելու խնդիր` շրջակա միջավայրի վրա ծանրաբեռնվածության իջեցման ժամանակ արդյունավետ օգտագործման հաշվին: Նշված խնդրի լուծումը հնարավոր է, այդ թվում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման եղանակով։
Նշված ուղղության իրագործումը ենթադրում է, այդ թվում` անդամ պետությունների տարածքներ ներմուծվող և շրջանառության մեջ դրվող արտադրանքի նկատմամբ էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության միասնական պահանջների և ստանդարտների մշակում, շրջակա միջավայրի համար նվազագույն բացասական հետևանքներ ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար էներգառեսուրսների մշակման խորությունը մեծացնելուն ուղղված էներգաարդյունավետ տեխնոլոգիաների մշակման և առևտրականացման համար համատեղ գիտական հարթակների ձևավորում, էներգախնայող արտադրական տեխնոլոգիաների արտադրություն (երրորդ երկրներից ներմուծում), էներգիա և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների, այդ թվում` լավագույն և հասանելի տեխնոլոգիաների կիրառման խթանում, թափոնների մշակման համակարգերի կատարելագործում և երկրորդային հումքի օգտագործման ավելացում, ինչպես նաև տնտեսության` վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրների ցածր էներգատար հատվածների զարգացում, ներառյալ՝ ատոմային էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրագործման հարցում անդամ պետությունների մասնակցության ընդլայնում` հաշվի առնելով միջազգային ստանդարտները:
Նշված ուղղության իրագործման գծով անդամ պետությունների համագործակցությունը պետք է նպաստի անդամ պետությունների էներգա և ռեսուրսատարության նվազեցմանը, արտադրությունների, այդ թվում` դրանց էկոլոգիական բաղադրիչի մրցունակության բարձրացմանը, մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատմանը, էներգա և ռեսուրսախնայողության ոլորտում աշխատանքի և ծառայությունների շուկայի զարգացմանը, թափոնների վերամշակմանը:
8. Տարածաշրջանային զարգացումը (միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցությունը)
Հիմնական ուղղությունների իրագործումը, այդ թվում` իրական հատվածում և ծառայությունների ոլորտում կպահանջի անդամ պետությունների վարչատարածքային կազմավորումների (միավորների), ներառյալ՝ այլ անդամ պետությունների վարչատարածքային կազմավորումների (միավորների) հետ ընդհանուր սահման ունեցող այն վարչատարածքային կազմավորումների (միավորների) փուլային ներգրավում, որոնք զգալի դեր են կատարում ազգային տնտեսություններում և մեծամասամբ որոշում են ինտեգրացիոն փոխգործակցության մակարդակը: Նման վարչատարածքային կազմավորումներին (միավորներին) բաժին է ընկնում փոխադարձ առևտրի, ծառայությունների փոխանակման զգալի մասը և ընդհանուր համախառն ներքին արդյունքի ձևավորման էական մասը:
Ներկայումս անդամ պետությունների միջև տարածաշրջանային համագործակցությունն իրականացվում է երկկողմ հիմունքով, ինչն ապահովում է փոխադարձ առևտրի զարգացումը: Միևնույն ժամանակ արդյունաբերական համագործակցության և արտադրական կոոպերացիայի ոլորտում փոխգործակցությունը կարող է ստանալ զարգացման լրացուցիչ խթան Միության շրջանակներում բազմակողմ հիմունքով տարածաշրջանային նախաձեռնություններին աջակցելու դեպքում, այդ թվում` փոխգործակցության և փորձի փոխանակման համար պայմանների ստեղծման միջոցով, ինչը կնպաստի անդամ պետությունների ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի փոխադարձ կարևորության աճին, նոր արտադրական կապերի ձևավորմանը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը (մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսում):
9. Արտաքին առևտրային ներուժի օգտագործումը
Գլոբալիզացիայի պայմաններում անդամ պետությունների տնտեսական զարգացումը ենթադրում է դրանց կողմից մշտական հիմունքով տնտեսության արդիականացման իրականացում, այդ թվում` ներքին շուկայում և երրորդ երկրների շուկաներում մրցունակ արտադրանքի արտադրության խթանման և ապրանքային հոսքերի աշխարհագրական բազմազանեցման հաշվին, ինչպես նաև երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ գործընկերային հարաբերությունների պահպանում, տնտեսությունում ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ապահովում և գործարքների գծով ծախքերի կրճատում, այդ թվում` արտաքին առևտրում:
Արտաքին և ներքին պահանջարկի սահմանափակումների հետ միասին՝ տնտեսության մեջ անհավասարակշռությունները պատճառ են հանդիսացել արտաքին և ներքին առևտրի աճի տեմպերի դանդաղման միտման համար:
Անդամ պետությունների տնտեսությունների արդիականացման պահանջարկի պահպանման պայմաններում անդամ պետությունների արտադրանքի գնային մրցունակությունը չի կարող դիտվել որպես այդ արտադրանքի իրացման երաշխիքի միակ բաղադրիչը: Համաշխարհային իրացման շուկաների համար մրցակցային պայքարի թեժացումը արտադրված արտադրանքի արտահանման ապահովումը դարձնում է անդամ պետությունների տնտեսական քաղաքականության առանձին խնդիր, որն ունի լուծման առանձնահատուկ մոտեցումներ և գործիքներ:
Միության ներքին առևտրային ներուժի օգտագործումը ենթադրում է, այդ թվում, տնտեսության ոլորտների զարգացմանն աջակցություն, երրորդ երկրների և դրանց ինտեգրացիոն միավորումների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացում: Ընդ որում, Միության ներքին առևտրային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը պետք է համարել Միության ապրանքների առաջխաղացման ինստիտուցիոնալ, կազմակերպական և տեղեկատվավերլուծական ապահովումը:
Միության ներքին առևտրային ներուժի օգտագործման առումով առավել ակտուալ խնդիրներից են անդամ պետությունների արտադրողների կողմից նոր ապրանքային և աշխարհագրական շուկաների գրավումը, ինչպես նաև արտահանման մեջ վերամշակող արդյունաբերության արտադրանքի (այդ թվում` բարձր տեխնոլոգիական ապրանքների) մասնաբաժնի պլանաչափ բարձրացումը:
Այս առնչությամբ կարևոր նշանակություն է ստանում նաև երրորդ երկրների հետ Միության միջազգային համագործակցության զարգացումը: Երրորդ երկրների և դրանց ինտեգրացիոն միավորումների հետ Միության և անդամ պետությունների միջազգային համագործակցութունը ենթադրվում է իրականացնել երկխոսության միջոցով փոխգործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հարցերով առանձնաշնորհային (պրեֆերենցիալ) և ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմանագրերի կնքման եղանակով: Միջազգային առևտրի կանոնները ձևավորող միջազգային կազմակերպությունների հետ անդամ պետությունների և Միության համագործակցությունը պետք է հետապնդի անդամ պետությունների, դրանց ձեռնարկատիրական համայնքի և սպառողների շահերն ապահովելու նպատակ:
Պետք է նաև ապահովել Միության իրավասության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության կարգավորում ենթադրող առևտրային քաղաքականության տարրերի արդյունավետ իրագործում: Միության արտաքին առևտրային ներուժի օգտագործմանն ուղղված գործունեությունը կնպաստի անդամ պետությունների արտադրանքի իրացման շուկայի ընդլայնմանը և համաշխարհային շուկայում դրա մասնաբաժնի մեծացմանը, համագործակցային կապերի հաստատմանը և նոր հեռանկարային գործընկերների հետ փոխադարձ առևտրի ծավալների մեծացմանը, օտարերկրյա առևտրային գործընկերների և հնարավոր ներդրողների կողմից Միության նկատմամբ վստահության աճին, գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը, առաջադեմ տեխնոլոգիաների և «նոու–հաու»-ի մշակմանը և կիրառմանը, միջպետական փոխգործակցության առանցքային հարցերի գծով տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև ոչ գնային գործոնների հաշվին անդամ պետությունների արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
VI. Հիմնական ուղղությունների իրագործումը
Հիմնական ուղղությունների իրագործումն ապահովվում է հետևյալ՝ միմյանց լրացնող մեխանիզմների միջոցով՝
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատության ապահովում, այդ թվում՝ սահմանափակումների և խոչընդոտների կրճատում,
Միության մասին պայմանագրին համապատասխան համակարգված (համաձայնեցված, միասնական) քաղաքականության վարում, այդ թվում՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտներում։
Միասնական տնտեսական տարածքի առկայությունը կնպաստի տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը, արտադրությունների աճին և զարգացմանը, առևտրային հոսքերի ազատ տեղաշարժին և հարմարեցմանը, կազմակերպությունների (շահույթի և ներդրումների կենտրոնների, աշխատանքային ռեսուրսների) գտնվելու վայրի ընտրությանը, ինչպես նաև անդրսահմանային շուկաներում մրցակցության զարգացմանը և մրցակցության պաշտպանության արդյունավետ գործիքների օգտագործմանը։ Բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների կրճատումը կուժեղացնի անդամ պետությունների իրավազորությունների մրցակցությունը, ինչն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա յուրաքանչյուր անդամ պետության և ընդհանուր առմամբ Միության ներդրումային և գործնական մթնոլորտի վրա։
Միության մասին պայմանագրին համապատասխան համակարգված (համաձայնեցված, միասնական) քաղաքականության վարումը թույլ է տալիս իրականացնել համալիր միջոցառումներ, կրճատել արտաքին բացասական երևույթներից, ներառյալ՝ ճգնաժամային երևույթներից կախվածության մակարդակը, և նվազեցնել անդամ պետությունների տնտեսական կայուն աճի ռիսկերը, ինչը դյուրացնում է ազգային երկարաժամկետ կողմնորոշիչներին հասնելը, խթանում է տնտեսական համագործակցությունը, համապատասխան արտադրական շղթաների ստեղծումը և այլն։
Հիմնական ուղղությունների իրագործումը չի պահանջի ֆինանսավորում, որոնք ուղղված չեն ազգային ռազմավարական խնդիրների լուծմանը։
Նշված մեխանիզմների գործնական կիրառումն իրականացվելու է համալիր միջոցառումների միջոցով, որոնք իրականացվում են կարճ և միջին ժամկետներում։ Միության մասին պայմանագրով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի մշակում, որոնցով սահմանվում են յուրաքանչյուր անդամ պետության կողմից լրացուցիչ տնտեսական էֆեկտ ստանալու հնարավորությունները և պայմանները՝ հաշվի առնելով տնտեսության ոլորտների առանձնահատկությունները, որոնցում ձեռք են բերվում համագործակցության մասին պայմանավորվածությունները։
Հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված ինտեգրացիոն միջոցները և գործողությունները արտացոլվում են մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից հիմնական ուղղությունների իրագործման ընթացքի մասին տեղեկությունների ստացման նպատակով իրականացվում է դիտանցում։
Հիմնական ուղղությունների իրագործումը դիտանցելու շրջանակներում հնարավոր է նախապատրաստել Միության տնտեսական զարգացման երկարաժամկետ կանխատեսում տարբերակային (սցենարային) հիմունքով մինչև 2030 թվականը, որում գնահատվում են ինտեգրացիոն համագործակցության մակրոտնտեսական արդյունքները։
Անդամ պետությունների մոտ՝ ծագող տնտեսական մարտահրավերներին ժամանակին արձագանքելու բավարար ռեսուրսների և գործիքների առկայությունն արտացոլող մակրոտնտեսական ցուցանիշների արժեքների դրական փոփոխությունները և (կամ) կայունությունը կապահովվի անդամ պետությունների կողմից համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման շրջանակներում։ Ընդ որում, առաջարկվում է ինտեգրացիոն գործողություններն ուղղել բացասական տնտեսական երևույթների բացահայտմանը և նախազգուշացմանը, անդամ պետությունների տնտեսությունների համար դրանց հետևանքների մեղմացմանը։
Անդամ պետությունների տնտեսական զարգացման ցուցանիշների արժեքների դրական փոփոխությունը և (կամ) կայունությունը կապահովվի բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների կրճատման միջոցով և անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Միության տնտեսությունների մրցունակությունը սահմանող ուղղություններով համակարգված (համաձայնեցված, միասնական) քաղաքականություն իրականացնելու միջոցով, ինչպես նաև ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության այն ոլորտներում համակարգված (համաձայնեցված, միասնական) քաղաքականություն իրականացնելու միջոցով, որոնց զարգացմամբ անդամ պետությունները հետաքրքրված են։
Միության մասին պայմանագրով նախատեսված՝ տնտեսությունների՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտները հայտնաբերելու նպատակով կարող են կիրառվել չափորոշիչներ, որոնք համապատասխանում են անդամ պետությունների և Միության տնտեսական զարգացման նպատակներին և խնդիրներին։ Նման չափորոշիչների թվին են պատկանում՝
տնտեսության (օրինակ՝ էներգետիկայի, ֆինանսական, տեղեկատվական, տրանսպորտային ծառայությունների և այլն) մի շարք ոլորտներում բազմապատկիչ էֆեկտի առկայությունը և (կամ) այն ձևավորելու ներուժը, որը կապահովի ոչ միայն դրանց սեփական զարգացումը, այլև բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսության այլ ոլորտների արագացված զարգացման համար.
անդամ պետությունների համագործակցության հաշվին ներմուծման փոխարինման խիստ ակտուալությունը և (կամ) ներուժը, այդ թվում՝ տնտեսության՝ ներքին սպառման համար երրորդ երկրներից արտադրանքի ներմուծման բարձր մասնաբաժին ունեցող ոլորտներում.
երրորդ երկրներ արտահանումը ընդլայնելու և բազմազանեցնելու բարձր ներուժը, որը կանխորոշում է տնտեսության համապատասխան ոլորտների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման գծով անդամ պետությունների գործողությունների համակարգման մասով ինտեգրացիոն փոխգործակցության հնարավորություն, ներառյալ՝ իրացման և շուկայահանման քաղաքականության մասով համագործակցություն և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը աջակցություն.
անդամ պետությունների տնտեսությունների մասնագիտացման և մրցակցային առավելությունների օգտագործման հաշվին ներքին շուկայում ապրանքների և ծառայությունների մատակարարումների մեծացման հեռանկարները, ինչը չի նշանակում ձգտում դեպի այլ անդամ պետություններում նմանատիպ արտադրանքի արտադրության արգելքի, սակայն նպաստում է արտադրության գործոնների՝ առավել արդյունավետ ընկերություններին վերաբաշխելուն և հանգեցնում է անդամ պետությունների տնտեսությունների ընդհանուր արդյունավետության բարձրացմանը.
անդամ պետությունների մասնակցության և ներկայության ընդլայնման հեռանկարները ավելացված արժեքի ստեղծման միջազգային արտադրական շղթաներում և Միության շրջանակներում արտադրական շղթաներում, ինչով կապահովվի անդամ պետությունների դերի բարձրացումը համաշխարհային ավելացված արժեք ստեղծելու հարցում.
«հետ ընկած» զարգացման հասկացությունից հրաժարվելու հնարավորությունը և ինտեգրացիոն ջանքերի կենտրոնացումը համաշխարհային ցուցանիշները գերացանզող տեմպերով նոր տեխնոլոգիաների ստեղծման և ներգրավման հաշվին անդամ պետությունների տնտեսությունների ոլորտների զարգացման վրա («ապագայի ճյուղերի» ձևավորում).
պետական կարգավորման և (կամ) պետական մասնակցության բարձր մակարդակը, ինչը թույլ կտա ուղղակիորեն իրականացնել ինտեգրացիոն միջոցները և գործողությունները և ստանալ զգալի տնտեսական էֆեկտ։
Տնտեսության առանձին ոլորտներ կարող են համապատասխանել միանգամից մի քանի չափորոշիչների, ինչը բնորոշում է դրանց ինտեգրացիոն զարգացման բարձր ներուժը։
VII. Միության տնտեսական զարգացման ինտեգրացիոն պոտենցիալ էֆեկտը
Գլոբալ տնտեսությունում ռեգիոնալիզացիայի գործընթացները բարենպաստ պայմաններ են ձևավորում միասնական տնտեսական տարածքում հետևողականորեն ուժի սեփական կենտրոն ստեղծելու համար (սցենար՝ «Ուժի սեփական կենտրոն»), այն է՝ նորարարությունների, ներդրումների, բարձր որակավորման կադրերի և համաշխարհային շուկաներում մրցունակ արտադրանքի արտադրության ներգրավման կենտրոն, ինչը ենթադրում է երկարաժամկետ հեռանկարում անդամ պետությունների տնտեսական աճի որակի բարելավման համար պայմանների ստեղծում։ Ինտեգրացիոն գործիքների և մեխանիզմների գործածությունը կապահովի տնտեսական զարգացման ուղղությունների համընդհանուր համակարգային իրագործումը, ինչպես նաև տնտեսությունների ոչ հումքային ոլորտներում համագործակցության ակտիվացումը։ Հատուկ դերակատարում կունենա ապագա ոլորտների ձևավորման համար պայմանների ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացման համար ռեսուրսների համախմբումը, արտադրության արդիականացումը, անդամ պետությունների բնակչության կացության բարենպաստ պայմանների ձևավորումը, տեխնոլոգիական հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը, դրանց առևտրականացումը։
Նշված սցենարի իրագործումը թույլ կտա անդամ պետություններին համաշխարհային տնտեսությունում մեծացնել իրենց մասնաբաժինը ներքին շուկաներում և երրորդ երկրների շուկաներում մրցունակ արտադրանքի արտադրության և իրացման հաշվին, բազմազանեցնել արտահանումը և մեծացնել ոչ նավթագազային արտահանման ծավալները, փոքրացնել կախվածությունը երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից և ծառայություններից, ապահովել առևտրի ատեղծման էֆեկտ, ծավալի էֆեկտից, տեխնոլոգիական էֆեկտից խնայողություն, բարձրացնել բնակչության կյանքի որակը և մակարդակը։
Միության տնտեսական զարգացման մակարդակի վրա ինտեգրացիայի ազդեցության պոտենցիալ էֆեկտը, որը սահմանվում է որպես ինտեգրացիայի ընթացիկ և առավելագույն մակարդակներով սցենարների միջև տարբերություն («Երկարացված ստատուս-քվո» և «Ուժի սեփական կենտրոն»), գնահատվում է 210 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմաններում` ընթացիկ գներով, կամ 140 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմաններում` 2012 թվականի գներով արտահայտված գնողունակության պարիտետով:
Միությունում ունեցած մասնակցությունից էֆեկտը 2030 թվականի դրությամբ անդամ պետությունների համար գնահատվում է մինչև համախառն ներքին արդյունքի լրացուցիչ աճի 13 տոկոսը:
Անդամ պետությունների ինտեգրացիոն համագործակցությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ ներմուծման փոխարինման մակարդակի վրա, այդ թվում` ներքին արտադրողի մրցունակ արտադրանքի վրա՝ Միության սպառողների վերակողմնորոշման արդյունքում: Որպես հետևանք` փոխադարձ առևտրի աճի ինտեգրացիոն պոտենցիալ էֆեկտը առավել էական է նախ և առաջ միջանկյալ սպառման ապրանքների համար (աճը կարող է կազմել մինչև 80 տոկոս` ամբողջ Միության համար):
Պետք է նշել, որ առտևրային հոսքերի վերադասավորման հաշվին փոխադարձ առևտրի աճի տեսքով ինտեգրացիոն էֆեկտը (առտևրի փոխարինման էֆեկտ) ազատ առևտրի գոտում և Մաքսային միությունում իրականացվող գործունեության շրջանակներում շատ հարցերում հասել է զգալի մասշտաբների: Համապատասխանաբար փոխադարձ առևտրի զգալի աճ հնարավոր է սիներգետիկ էֆեկտների օգտագործման պայմանով (ծավալի հաշվին խնայողություն, տեխնոլոգիական էֆեկտ, առևտրի ստեղծում), ինչպես նաև բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների վերացման աշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում:
Ընդհանուր (միասնական) շուկայի ստեղծումը և ինտեգրացիոն ծրագրերի իրականացումը կստեղծեն նոր հնարավորություններ՝ երրորդ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու համար, որոնք մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կարող են զգալի դերակատարում ունենալ համընդհանուր ինտեգրացիոն էֆեկտում: Երրորդ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների լրացուցիչ հոսքը կարող է հասնել 90 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ մինչև 2030 թվականը: Ընդ որում, փոխադարձ ներդրումների մասնաբաժինը անդամ պետությունների համախառն ներքին արդյունքում աստիճանաբար կաճի, իսկ երրորդ երկրներից ներդրումների մասնաբաժինը կնվազի:
Ներքին և արտաքին գործոնները կարող են ազդել Միության գործունեության շրջանակներում տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով ինտեգրացիոն համագործակցության արագության և խորության, ինչպես նաև իրական հատվածում և ծառայությունների ոլորտում ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվության և բնույթի վրա։ Նշված գործոնները կարող են հանգեցնել այլ սցենարների (օրինակ` «Տարանցիկ-հումքային կամուրջ» սցենարի կամ «Երկարացված ստատուս-քվո» սցենարի) իրագործմանը։
«Տարանցիկ-հումքային կամուրջ» սցենարով ենթադրվում է Միության աշխարհագրական դիրքի և առկա հումքային բազայի (վերականգնվող և չվերականգնվող բնական ռեսուրսների) հնարավոր առավելագույն օգտագործում: Ինտեգրացիայի խորացման խթան է ծառայում ուժի տարածաշրջանային կենտրոնների (օրինակ` Եվրոպական միության և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի) փոխգործակցությունը, որոնց շրջանակներում եվրասիական տարածքը դառնում է առավել գրավիչ բնական ռեսուրսների տեղափոխման և արտադրանքի տարանցման, ինչպես նաև տրանսպորտային զարկերակների մոտակայքում վերամշակող արտադրության զարգացման համար:
Նշված սցենարի իրագործումը ենթադրում է ինտեգրացիոն համագործակցության զգալի ակտիվացում տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ, այդ թվում` հումքի տեղափոխման և արտադրանքի տարանցման, ինչպես նաև համապատասխան ծառայությունների ոլորտների խթանման նպատակներով տրանսպորտային միջանցքների ձևավորման, համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման եղանակով:
Միության տնտեսական զարգացման մյուս ուղղությունների իրագործումը տեղի է ունենում առավելապես զգալի բազմապատկիչ էֆեկտ ունեցող ոլորտներում` էներգետիկա և արդյունահանող արդյունաբերություն, այդ թվում` բնական ռեսուրսների յուրացման հասանելիության մասնակի ազատականացման, միասնական իրացման ուղիների ձևավորման, ռեսուրսների արդյունահանման և վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների համատեղ զարգացման ու օգտագործման և էներգետիկ մեքենաշինության միջոցով:
Նշված սցենարով ենթադրվում է արդյունավետ տարանցիկ միջանցքների ստեղծմանը խոչընդոտող առկա բացառումների, սահմանափակումների և խոչընդոտների առավելագույն օպերատիվ վերացում, ինչպես նաև առկա գործընթացների կառավարման համակարգերի ստեղծում։
Այս դեպքում ինտեգրացիոն էֆեկտը կարող է որոշ չափով ցածր լինել «Ուժի սեփական կենտրոն» սցենարի իրականացման պոտենցիալ էֆեկտից։ Հիմնական ինտեգրացիոն էֆեկտները կարտահայտվեն անդամ պետությունների տարածքներով բեռնափոխադրումների ավելացման ձևով՝ բեռների առաքման արագացման, համապատասխան ընթացակարգերի առավելագույն պարզեցման հաշվին։ Ակտիվ կերպով կաճի տրանսպորտային ծառայությունների մասնաբաժինը անդամ պետությունների համախառն ներքին արդյունքում։ Նշված սցենարը կապահովի նաև հումքային ռեսուրսների արտահանման աշխարհագրական բազմազանեցում, ներդրումների աճ արդյունահանող ճյուղերում, ինչպես նաև դրանց հետ կապակցված՝ արդյունահանող արդյունաբերության վերամշակող ճյուղերում։
«Երկարացված ստատուս–քվո» սցենարի շրջանակներում անդամ պետությունների տնտեսությունները ներքին և արտաքին գործոնների ազդեցության տակ գործում են առավելապես անկախ։ Այս պայմաններում անդամ պետությունների տնտեսական զարգացումը հիմնվում է աճի սեփական ավանդական աղբյուրների վրա, որոնցով ապահովվում են տնտեսական զարգացման ոչ բարձր համահավասար տեմպեր, պահպանվում են ենթակառուցվածքային սահմանափակումները։
Նշված սցենարով ենթադրվում է ձեռք բերված ինտեգրացիոն պայմանավորվածությունների կատարում՝ հաշվի առնելով առաջացող նոր բացառումները, սահմանափակումները և խոչընդոտները։ Ընդ որում, նոր սիներգետիկ էֆեկտները (ծավալի հաշվին խնայողություն, տեխնոլոգիական էֆեկտ, առևտրի ստեղծում) մասշտաբային բնույթ ձեռք չեն բերում։
Որպես հետևանք՝ անդամ պետությունների տնտեսությունների համար համընդհանուր ինտեգրացիոն զգալի էֆեկտը «Երկարացված ստատուս–քվո» սցենարի շրջանակներում փոխադրվում է առավելապես 2025 թվականից հետո ընկած ժամանակահատված (Միության մասին պայմանագրով նախատեսված բոլոր անցումային դրույթների կատարումը ավարտելուց հետո)։
Հիմնական ուղղությունները մշակված են՝ հաշվի առնելով տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացումը և անդամ պետությունների տնտեսությունների մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, որի առնչությամբ հեռանկարային է համարվում անդամ պետությունների զարգացումը «Սեփական ուժի կենտրոն» սցենարով։