ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ կետի, 43-րդ կետի 2-րդ ենթակետի և 44-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող «Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

«Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 15-ի թիվ 13 որոշման 2-րդ կետը.

«Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 85 որոշումը.

«Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 13 որոշումը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 28-ի

թիվ 128 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր (այսուհետ համապատասխանաբար՝ Կոլեգիա, Կոմիտե)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված):

Կոմիտեն հարկային քաղաքականության, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVII բաժնին համապատասխան փոխադարձ առևտրի ժամանակ հարկերի գանձման մեխանիզմների կատարելագործման, հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծրագրերի և նախագծերի մշակման և իրագործման ընթացքի հարցերով Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է:

2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

 

ա) համաձայնեցված ուղղությունների և խնդրահարույց իրավիճակների կարգավորման գծով՝ անդամ պետությունների հարկային օրենսդրության ներդաշնակեցման հարցերով հանձնաժողովի համար առաջարկությունների նախապատրաստում.

բ) Հանձնաժողովի համար առաջարկների մշակում հետևյալ հարցերի վերաբերյալ՝

համաձայնեցված ուղղությունների գծով՝ անդամ պետությունների հարկային քաղաքականության անցկացման մասով միասնական մոտեցումների կազմավորում.

անդամ պետությունների տարածքներում փոխադարձ առևտրի ժամանակ անուղղակի հարկման, անդամ պետությունների տարածքներում ենթաակցիզային ապրանքների (այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի) շրջանառության, ուղղակի հարկման ոլորտներին առնչվող՝ անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում.

անդամ պետությունների հարկային վարչարարության կատարելագործում, այդ թվում՝ հարկային հսկողություն տրանսֆերտային գնագոյացման նկատմամբ.

փոխադարձ առևտրի ժամանակ անուղղակի հարկերի գանձման և մեկ անդամ պետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մեկ այլ անդամ պետության տարածքում ստացվող (ձեռք բերվող) եկամուտների հարկման նկատմամբ հսկողության համար անհրաժեշտ՝ անդամ պետությունների հարկային մարմինների տեղեկատվական փոխգործակցության կատարելագործում.

գ) Միության իրավունքի մաս կազմող՝ հարկման ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի և ակտերի կիրառման պրակտիկայի քննարկում:

4. Իր վրա դրված խնդիրների իրագործման համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) նախապատրաստում է առաջարկներ՝Հանձնաժողովի համար՝ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտի հետևյալ հարցերով՝

անդամ պետությունների փոխադարձ առևտրի ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասով միասնական մոտեցումների մշակում.

փոխադարձ առևտուր և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև կատարվող այլ արտաքին տնտեսական գործարքներ իրականացնելիս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության խախտումների կանխարգելման և կանխման նպատակով փոխադարձ աջակցության ցուցաբերում.

անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կատարելագործում.

բ) քննարկում է Հանձնաժողովի առաջարկները Միության իրավունքի մաս կազմող՝ հարկման ոլորտին առնչվող ակտերի կատարելագործման հարցերով:

 

III. Կոմիտեի կազմը

 

5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) և լիազորված ներկայացուցիչներից:

Կոմիտեի կազմի ձևավորման համար Կոլեգիան դիմում է անդամ պետություններին՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:

Անդամ պետությունները ժամանակին տեղեկացնում են Կոլեգիային՝ Կոմիտեում անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:

6. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահվում հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտին առնչվող հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

7. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարմանն ուղղված աշխատանքը.

բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին՝ Կոմիտեի կողմից մշակված առաջարկությունների մասին.

զ) հաստատում է փորձագիտական խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը.

է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

ը) նշանակում է Կոմիտեի նախագահի տեղակալին:

8. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը:

9. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Կոմիտեի նախագահի տեղակալը կատարում է սույն Հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի նախագահի գործառույթները:

10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

11. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը՝ Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա, և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.

բ) իրականացնում է հսկողություն՝ Կոմիտեի օրակարգի նախագծին և նիստին առնչվող նյութերը նախապատրաստելու ու ներկայացնելու գործընթացի նկատմամբ.

գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կցվող նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով.

դ) համաձայնեցնում և տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.

ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.

զ) կազմում է Կոմիտեի նիստերի պլանները, և հասցնում դրանք Կոմիտեի անդամներին.

զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և դրանք Կոմիտեի անդամներին հասցնելը.

է) իրականացնում է հսկողություն՝ Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ։

12. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել անհրաժեշտ որակավորում ունեցող՝ անդամ պետությունների անկախ փորձագետներ:

Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահվում Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:

13. Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել փորձագիտական խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը կարգավորելու համար:

Փորձագիտական խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, ճյուղային հասարակական միավորումների, կազմակերպությունների այն լիազորված ներկայացուցիչներից, որոնց իրավասությանն են վերապահվում հարկման ոլորտին առնչվող հարցերը:

 

IV. Կոմիտեի աշխատանքի կարգը

 

14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:

15. Կոմիտեի նիստ անցկացնելու մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:

16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկները Կոմիտեի անդամների կողմից ուղղվում են Կոմիտեի նախագահին:

Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերին առնչվող տեղեկատվությունը և նյութերը Կոմիտեի պատասխանատու քարտուղարին ներկայացնելը:

17. Կոմիտեի նախագահն իրավունք ունի անդամ պետությունների գործադիր իշխանության լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին առնչվող նյութեր և տեղեկատվություն:

18. Կոմիտեի նիստի օրակարգին առնչվող նյութերը ներառում են՝

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) քննարկման դրվող փաստաթղթերի նախագծեր.

գ) արձանագրային որոշումների նախագծեր.

դ) Հանձնաժողովի համար առաջարկությունների նախագծեր.

ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

19. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը, ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվան նախորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կցվող փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով:

20. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում:

Հարկման ոլորտում լիազորված մարմինների առաջարկների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել յուրաքանչյուր անդամ պետությունում։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անկացվել տեսաժողովի ռեժիմով:

21. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետությունից առնվազն 1 անդամի ներկայացուցչությունը:

Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։ Եթե Կոմիտեի անդամի ներկայությունը նիստին անհնար է, նա իրավունք ունի Կոմիտեի նախագահին գրավոր ձևով նախօրոք ներկայացնելու իր կարծիքը՝ քննարկվող հարցերի վերաբերյալ։

22. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի քննարկումից հանել հարցը, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:

23. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։ Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայնի իրավունք՝ անկախ անդամ պետություններից Կոմիտեի անդամների թվից:

Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները:

Այն դեպքում, երբ Կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ Կոմիտեի անդամն ունի հատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր ձևով և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկներ, տեղեկատվական և վերլուծական նյութեր և համապատասխան հիմնավորումներ:

Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

Կոմիտեի նիստի արձանագրությունը ստորագրվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից, հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի արձանագրությունը ուղարկում է Կոմիտեի բոլոր անդամներին՝ Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատելու օրվանից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրանից քաղվածքը կարող են ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցող հրավիրված անձանց:

Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:

24. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:

25. Կոմիտեի գործունեության կազմակերպչական տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: