ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հուլիսի 2015 թվականի |
թիվ 82 |
քաղ. Մոսկվա |
«ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հավանություն տալ «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ հսկողական միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
Նախագիծ |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ հսկողական միջոցառումների անցկացման մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ՝
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 53-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) իրագործման նպատակներով,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
ելնելով ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) (այսուհետ՝ ներմուծման մաքսատուրքեր) գումարները որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ ամբողջականությամբ ու ժամանակին մուտքագրելու ապահովման անհրաժեշտությունից,
հայտարարելով փոխշահավետ համագործակցության պահպանման վերաբերյալ իրենց մտադրության մասին,
համաձայնվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումը յուրաքանչյուր տարի իրականացվում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի (այսուհետ՝ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմիններ) կողմից՝ համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում։
2. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանմանն ուղղված համատեղ հսկողական միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են սույն Համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ։
3. Համատեղ հսկողական միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրվում են ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով դրանց ռուսերեն թարգմանությունը)։
4. Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:
Հոդված 2
Համատեղ հսկողական միջոցառումների նպատակները
Համատեղ հսկողական միջոցառումների հիմնական նպատակներն են ստուգումն ու հսկողությունը՝
անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին ներմուծման մաքսատուրքերի բաշխման ենթակա գումարների հաշվեգրման նկատմամբ.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների բյուջեների միջև բաշխման ենթակա՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների ամբողջական ու ժամանակին փոխանցման նկատմամբ.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների պահպանման նկատմամբ։
Հոդված 3
Համատեղ հսկողական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը
1. Համատեղ հսկողական միջոցառումներն ամեն տարի անցկացվում են յուրաքանչյուր անդամ պետության լիազորված մարմնում և պետք է ավարտվեն բոլոր անդամ պետությունների տարածքներում ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ը։
Համատեղ հսկողական միջոցառումներ անցկացնելու նպատակով անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի ներկայացուցիչների գործուղման ծախսերն իրականացվում են այդ անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին։
2. Համատեղ հսկողական միջոցառում անցկացնելու համար կազմվում է համատեղ հսկողական միջոցառում անցկացնելու ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։
Հերթական հաշվետու տարվա ծրագիրը մշակվում է այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից, որին այդ հաշվետու տարում նախագահում են Եվրասիական տնտեսական միության մարմինները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։
Ծրագրով որոշվում են համատեղ հսկողական միջոցառման առարկան, օբյեկտները, նման միջոցառման շրջանակներում լուծվող հարցերը, օբյեկտներում դրա անցկացման ժամկետները, անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներից կազմված՝ հսկողության համատեղ խմբի կազմը (այսուհետ՝ հսկողության համատեղ խումբ), անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների համատեղ կոլեգիայի նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը (այսուհետ՝ համատեղ կոլեգիա)։
Ծրագիրը հաստատվում է անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից ոչ ուշ, քան մինչև հաջորդ հաշվետու տարվա ապրիլի 1-ը։
Այն անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները, որոնց տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը, իրենց պետությունների լիազորված մարմիններ ուղարկում են ծրագիրը՝ կից ներկայացնելով նշված միջոցառման կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
3. Անդամ պետությունների լիազորված մարմինները հսկողության համատեղ խմբի անդամների համար ապահովում են աշխատանքի պատշաճ պայմաններ (կազմակերպում են լիազորված մարմնի տարածքի հասանելիությունը, տրամադրում են առանձին շինություն, օրգտեխնիկա, կապի ծառայություններ) և աջակցում են համատեղ հսկողական միջոցառման անցկացմանը։
Հսկողության համատեղ խմբի անդամները որոշում են այս կամ այն հսկողական գործողությունների, տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ձևերի ու եղանակների, վերլուծական ընթացակարգերի անցկացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկությունների ու ապացույցների հավաքումն ապահովող տվյալների ընտրության ծավալը։
Հսկողության համատեղ խմբի անդամները պարտավոր են պահպանել ժամանման պետության օրենսդրությունը, ինչպես նաև համատեղ հսկողական միջոցառումների անցկացման՝ այդ պետությունում կիրառվող կանոններն ու ընթացակարգերը։
4. Անդամ պետությունների լիազորված մարմինները հսկողության համատեղ խմբի անդամներին տրամադրում են ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման, անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ դրանց փոխանցման հետ կապված տեղեկատվություն և փաստաթղթեր։
Այն դեպքում, երբ համատեղ հսկողական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններից և ազգային (կենտրոնական) բանկերից լրացուցիչ տեղեկատվության ու փաստաթղթերի ստացումն այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը, այդպիսի մարմիններ (բանկեր) ուղարկվում են հարցումներ՝ համապատասխան տեղեկատվության ու փաստաթղթերի տրամադրման մասին։
Հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը կամ պարզաբանումները (եթե հարցվող տեղեկատվության ու փաստաթղթերի ներկայացումն անհնար է) ուղարկվում են այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի հարցման մեջ նշված ժամկետներում։
Հարցվող փաստաթղթերը ներկայացվում են պատճենների տեսքով՝ թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային տեսքով։
5. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանցումը թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային տեսքով իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը:
Հոդված 4
Համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքների ձևակերպումը
1. Համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքներով ձևակերպվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) ակտեր՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ստուգմանն ուղղված համատեղ հսկողական միջոցառման արդյունքների վերաբերյալ (այսուհետ՝ ստուգման ակտեր).
բ) անդամ պետությունների լիազորված անձանց գրավոր առարկություններ (առկայության դեպքում).
գ) ամփոփ հաշվետվություն՝ համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքների մասին (այսուհետ՝ ամփոփ հաշվետվություն)։
2. Անդամ պետության լիազորված մարմնի ստուգմանն ուղղված համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքները ձևակերպվում են ստուգման ակտով։
Ստուգման ակտը կազմվում է մեկական օրինակից՝ անդամ պետության լիազորված մարմնի և յուրաքանչյուր անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի համար, ստորագրվում է հսկողության համատեղ խմբի անդամների և անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) կողմից։
Անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարին (նրա կողմից լիազորված անձին), որի նկատմամբ անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը, տրամադրվում է 3 աշխատանքային օր՝ ստուգման ակտի հետ ծանոթանալու համար։
Ստուգման ակտի վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը) ստորագրում է այն՝ առարկությունների առկայության վերաբերյալ վերապահումով։ Գրավոր առարկությունները, անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի կցմամբ, ստուգման ակտի ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են այն անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվել է համատեղ հսկողական միջոցառումը, և հաշվի են առնվում ամփոփ հաշվետվության պատրաստման ժամանակ։
Համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքներով՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ հսկողական միջոցառումը։
3. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինը, համատեղ հսկողական միջոցառման անցկացման արդյունքներով, ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա նոյեմբերի 1-ը, կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ, որի մեջ ներառվում են ստուգման ակտում շարադրված փաստերը, տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում՝ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հարցումների հիման վրա ստացված տեղեկատվության և փաստաթղթերի վերլուծության արդյունքներն ու անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկությունների քննարկումները (առկայության դեպքում), եզրահանգումներն ու բացահայտված խախտումների վերացման վերաբերյալ առաջարկությունները:
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինը ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացմանը նախորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով հրավեր է ուղարկում այդ նիստին դրա ներկայացուցիչների մասնակցության համար (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)։
Անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացմանը նախորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում իրենց պետությունների լիազորված մարմիններ, կենտրոնական մաքսային մարմիններ, ազգային (կենտրոնական) բանկեր հրավերներ են ուղարկում՝ համատեղ կոլեգիայի նիստին դրանց ներկայացուցիչների մասնակցության համար (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)՝ յուրաքանչյուր մարմնի (բանկի) իրավասության շրջանակներում։
Ամփոփ հաշվետվությունը ստորագրվում է անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից՝ համատեղ կոլեգիայի նիստին։
Համատեղ կոլեգիայի նիստն անցկացվում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ը։
Անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների որոշմամբ համատեղ կոլեգիայի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով՝ ստորագրվող ամփոփիչ փաստաթղթերի հետագա փոխանակմամբ։
4. Ամփոփ հաշվետվությունը, դրա ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է՝
անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ իրենց պետությունների կառավարություններ.
սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
5. Համատեղ կոլեգիայի որոշմամբ ամփոփ հաշվետվությունը՝ Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում հրապարակման ենթակա մասով՝ անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից տեղադրվում է իրենց պաշտոնական կայքերում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում։
Հոդված 5
Բացահայտված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման մեխանիզմը
1. Անդամ պետության կառավարությունն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր պետության՝ ամփոփ հաշվետվության մեջ նշված պետական մարմիններ՝ կատարման համար։
Անդամ պետության պետական մարմիններն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում պարտավոր են վերացնել բացահայտված խախտումները, ձեռնարկել միջոցներ՝ դրանում նշված առաջարկությունների իրագործումն ապահովելու ուղղությամբ և դրա մասին տեղեկացնել իրենց պետության կառավարությանն ու ֆինանսական հսկողության բարձրագույն մարմնին։
Անդամ պետությունների բյուջեներ բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարներն անդամ պետության բյուջե հաշվեգրելիս՝ խախտումների վերացումն իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան։
Անդամ պետության՝ ներմուծման մաքսատուրքերի բաշխման գումարների փոխանցման գծով պարտավորությունները չկատարելու, ոչ ամբողջությամբ և (կամ) ոչ ժամանակին կատարելու դեպքում, Արձանագրությանը համապատասխան, կետանցի դիմաց վճարվում են տոկոսներ, ինչպես նաև կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, որի տարածքում բացահայտվել են այդպիսի խախտումները։
Անդամ պետության ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինն անդամ պետության պետական մարմնի կողմից տեղեկատվությունը սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է բացահայտված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման արդյունքների մասին։
2. Ամփոփ հաշվետվության մեջ նշված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման մասին տեղեկատվությունն արտացոլվում է հաջորդ հաշվետու տարվա ամփոփ հաշվետվության մեջ։
Հոդված 6
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
4. Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։
Կատարված է ______________ քաղաքում, 2015 թվականի ________ -ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |