ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 138

քաղ. Մոսկվա

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավանություն տալ «Ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետություններին՝ մինչև 2015 թվականի նոյեմբերի 30–ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

«Ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին»

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի,

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու, ծառայությունների ոլորտներում (բանկային ոլորտում, ապահովագրության ոլորտում, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտում) գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների փոխադարձ ճանաչման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ֆինանսական շուկաներ ոչ խտրական հասանելիությունն ապահովելու նպատակներով,

ելնելով պետական կարգավորման կատարելագործման և անդամ պետությունների ֆինանսական շուկաներում հսկողություն և վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից,

հաշվի առնելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 70-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները և ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակներով, համաձայնեցին հետևյալ մասին.

 

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագիրը սահմանում է ֆինանսական ոլորտում (բանկային ոլորտում, ապահովագրական ոլորտում, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտում) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները, կարգը և ժամկետները, այդ թվում՝

ֆինանսական շուկաների մասնակիցներին ներկայացվող համաձայնեցված պահանջների ընդունման մասով՝ բանկային, ապահովագրական, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտներում դրանց ստեղծման, հիմնադրման և գործունեության մասով,

ֆինանսական ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցման մասով՝ միջազգային չափանիշներին համապատասխան,

վերահսկողական պահանջների և ֆինանսական շուկայի մասնակիցների վերահսկողության իրականացման կարգի ներդաշնակեցման մասով,

լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար պայմանների ապահովման մասով,

ֆինանսական ոլորտում տեղեկատվության բացահայտման պահանջների ներդաշնակեցման մասով,

անդամ պետությունների ներդրողների կողմից ֆինանսական շուկայի մասնակիցների կանոնակարգային կապիտալում մասնաբաժինների (բաժնետոմսերի) ձեռքբերման հարցով,

ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պահանջների համաձայնեցման մասով։

 

Հոդված 2. Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

 

Հոդված 3. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցները

 

1. Ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակներով սույն Համաձայնագրի մասնակիցները միջոցներ կձեռնարկեն, որոնք ներառում են՝

փոխգործակցություն՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պատրաստման ժամանակ,

այլ միջոցներ, որոնք սույն Համաձայնագրի մասնակիցները նպատակահարմար և հնարավոր կհամարեն՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործման համար։

2. Անդամ պետություններից յուրաքանչյուրը որոշում է ընդունում այն մասին, թե անդամ պետությունների որ նորմատիվ իրավական ակտերն են ենթակա մերձեցման՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև որոշում է ընդունում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործման հերթականության սահմանման մասին։

Այդ որոշումները կարող են նախատեսել օրենսդրության ներդաշնակեցման միջոցների ընդունում՝ ինչպես առանձին ուղղություններով, այնպես էլ՝ բանկային, ապահովագրական և արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտներում իրավական կարգավորման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ:

 

Հոդված 4. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները

 

1. Ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործումը կատարվում է ֆինանսական ծառայությունների արձանագրության 22-26 և 30-րդ կետերով սահմանված ուղղություններով (2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 17 հավելված):

2. Անդամ պետություններն իրականացնում են ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ներդաշնակեցված պահանջների մշակում:

3. Անդամ պետությունների ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման կոնկրետ պահանջների ներդաշնակեցումը պետք է իրականացվի այն պայմանով, որ պահպանվող տարբերությունները չեն խոչընդոտի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի արդյունավետ գործունեությանը։

4. Անդամ պետությունները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կավարտեն ֆինանսական ոլորտում իրենց օրենսդրության ներդաշնակեցման գործընթացը՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ուղղություններին համապատասխան:

 

Հոդված 5. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման սկզբունքները

 

Սույն Համաձայնագրի մասնակիցները ֆինանսական ոլորտում իրենց պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի ընթացքում առաջնորդվում են բանկային վերահսկողության գծով Բազելի հանձնաժողովի՝ արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքներով, Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի ապահովագրական վերահսկողության հիմնարար սկզբունքներով, Արժեթղթերի հարցերով հանձնաժողովների միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության սկզբունքներով և լավագույն միջազգային փորձով, Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱՏՖ), փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի միջազգային սկզբունքներով, ինչպես նաև ֆինանսական շուկայի կարգավորման ոլորտի այլ միջազգային սկզբունքներով և չափորոշիչներով:

 

Հոդված 6. Համաձայնագրի իրականացման մեխանիզմը

 

1. Սույն Համաձայնագրի մասնակիցները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ինն ամիսների ընթացքում մշակում են անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ծրագիրը՝ նշելով անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման անցկացման փուլերն ու ժամկետները, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:

2. Ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման (այդ թվում՝ միջազգային համաձայնագրերի ընդունման միջոցով) վերաբերյալ անդամ պետությունների կողմից համաձայնեցված առաջարկությունները, որոնք մշակվել են ներդաշնակեցման ծրագրին համապատասխան, և անդամ պետությունների օրենսդրության մեջ առաջարկների կիրարկման ժամկետները հաստատվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համակարգում է ներդաշնակեցման և առաջարկությունների ծրագրի մշակման գործունեությունը՝ այդ ծրագրի կետերին համապատասխան անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, յուրաքանչյուր տարի հաշվետվություն է պատրաստում դրա կատարման մասին, և այդ հաշվետվությունը ներկայացնում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը:

 

Հոդված 7. Փոփոխություններ կատարելը

 

Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

 

Հոդված 8. Վիճելի հարցերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 9. Ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Կատարված է _____________ քաղաքում 2015 թվականի _______-ի_ «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից

   

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից

Բելառուսի Հանրապետության ազգային բանկի կողմից

   

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից

Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի կողմից

   

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից

Ղրղզստանի ազգային բանկի կողմից

   

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից