ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 փետրվարի 2015 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 269 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությանը համապատասխան՝ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակման ժամանակ օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները համաձայնեցնելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ 12 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակման ժամանակ օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները համաձայնեցնելու կարգը և այդ կարգի հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ 12 որոշման խմբագրությամբ) |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման
1. Սույն Կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությունն իրագործելու նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված), և որոշում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների հաջորդականությունը՝ անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները մշակելու ժամանակ օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների կանխատեսում կազմելիս առնվազն երեք տարի ժամանակահատվածի համար՝ ընթացիկ տարին (կանխատեսումը կազմելու տարին) չհաշված։
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«միջակայքային քանակական արժեքներ»՝ «Brent» ապրանքանիշի նավթի գնի, համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի միջակայքի վերին և ստորին արժեքները, որոնք օգտագործվում են անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները մշակելիս.
«կանխատեսումը մշակելու առաջին փուլ»՝ անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման նախնական կանխատեսումը մշակելու փուլը (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման նախագիծը միջնաժամկետ հեռանկարում, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման նախագիծը կարճաժամկետ հեռանկարում, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման նախագիծը 5-ամյա ժամանակահատվածի համար, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության գործունեության սցենարային պայմանները և Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման հիմնական պարամետրերը հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).
«կանխատեսումը մշակելու երկրորդ փուլ»՝ անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումը մշակելու փուլը (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացման կանխատեսումը հերթական ֆինանսական տարվա համար, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացման կանխատեսումը կարճաժամկետ հեռանկարում, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացման կանխատեսումը 5-ամյա ժամանակահատվածի համար, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ–տնտեսական զարգացման կանխատեսումը հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).
«լիազորված մարմիններ»՝ անդամ պետությունների գործադիր իշխանության այն մարմինները, որոնց իրավասության մեջ մտնում են սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակումը և (կամ) Հանձնաժողովի հետ փոխգործակցությունը։
3. Հանձնաժողովն իրականացնում է կազմակերպությունների (մարմինների) կողմից տրամադրվող հանրամատչելի տեղեկատվության դիտանցում՝ «Brent» ապրանքանիշի նավթի գնի կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների մասով։
Լիազորված մարմիններն իրավունք ունեն Հանձնաժողով ուղարկելու նշված կանխատեսումները ձևավորող կազմակերպությունների (մարմինների) վերաբերյալ առաջարկություններ։
4. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը «Brent» ապրանքանիշի նավթի գնի և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ սկզբնական առաջարկություններ է ձևավորում և այդ առաջարկություններն ուղարկում է լիազորված մարմիններ։
5. Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները կանխատեսումը մշակելու առաջին փուլում, յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 15-ը, Հանձնաժողով և Բելառուսի Հանրապետության լիազորված մարմիններ են ուղարկում միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ առաջարկություններ (հիմնավորումներով)։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները նշված ժամկետում Հանձնաժողով և այլ անդամ պետությունների լիազորված մարմիններ տեղեկատվություն են ուղարկում ներքին սպառման համար մատակարարվող բնական գազի կանխատեսվող գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից մակրոտնտեսական կանխատեսման նպատակներով տրամադրվող նշված տեղեկատվությունը կանխատեսվող ժամանակահատվածում անդամ պետություններ բնական գազի մատակարարման գնի մասով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունը չէ։
Բելառուսի Հանրապետության լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը Հանձնաժողով և այլ անդամ պետությունների լիազորված մարմիններ են ուղարկում միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ առաջարկություններ (հիմնավորումներով)։
6. Լիազորված մարմինները սույն Կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետներում տեղեկատվություն են փոխանակում արտաքին առևտրային գործառնությունների վիճակի մասին, այդ թվում՝ փոխադարձ առևտրում։
7. Միջակայքային քանակական արժեքների սահմանումն իրականացվում է պահանջներին համապատասխան՝ համաձայն հավելվածի։
8. Լիազորված մարմինների՝ սույն Կարգի 5-րդ կետին համապատասխան Հանձնաժողով ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակված միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ առաջարկությունները յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 15-ը քննարկվում են Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից՝ Հանձնաժողովի համար համապատասխան հանձնարարականներ նախապատրաստելու նպատակով։
Հանձնաժողովը, հաշվի առնելով նշված հանձնարարականները, իրականացնում է միջակայքային քանակական արժեքների համաձայնեցում անդամ պետությունների հետ։
9. Հանձնաժողովի կոլեգիան յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 25-ը հաստատում է միջակայքային քանակական արժեքները։
10. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի կոլեգիայի նիստի անցկացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմիններ։
11. Լիազորված մարմինները կանխատեսումը մշակելու երկրորդ փուլում ձևավորում են սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված միջակայքային քանակական արժեքները և դրանք ուղարկում են Հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 270 որոշմամբ հաստատված՝ Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակման կարգին համապատասխան։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ 12 որոշման խմբագրությամբ) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
«Brent» ապրանքանիշի նավթի գնի և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքների սահմանմանը ներկայացվող
I. Նավթի գնի կանխատեսում
1. Կանխատեսվում է «Brent» էտալոնային ապրանքանիշի նավթի միջին տարեկան գինը։
2. Կանխատեսվում են ցուցանիշի արժեքների վերին և ստորին սահմանները կանխատեսվող ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար։
3. «Brent» ապրանքանիշի նավթի ծավալի չափման միավորը ամերիկյան նավթային բարելն է, որը հավասար է 136,4 կգ նավթի։
4. Նավթի գինը սահմանվում է ԱՄՆ դոլարով՝ բարելի դիմաց (դոլար-բարել)։
5. Ցուցանիշի արժեքների միջակայքի վերին ու ստորին սահմանները սահմանվում են՝ դրանք կլորացնելով մինչև մեկ ԱՄՆ դոլարը։ Ընթացիկ տարվա դրությամբ սահմանները կարող են որոշվել մինչև 0,1 ԱՄՆ դոլարի ճշտությամբ։
6. Լիազորված մարմինները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող են վերահաշվարկել «Brent» ապրանքանիշի նավթի գներն այլ ապրանքանիշների նավթի գներով (ապրանքանիշների զամբյուղներ), ինչպես նաև գինը որոշել այլ արժույթներով և մետրական միավորներով։
II. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսում
7. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսման արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները որոշվում են տոկոսներով, տարեկան միջինով՝ նախորդ տարվա համեմատ։
8. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսման արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները սահմանվում են կանխատեսվող ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար ցուցանիշի արժեքի վերին ու ստորին սահմանները որոշելու միջոցով։
9. Համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող տեմպերի միջակայքի սահմանները որոշվում են մինչև 0,1 տոկոսի ճշտությամբ։ Ընթացիկ տարվա դրությամբ սահմանները կարող են որոշվել մինչև 0,01 տոկոսի ճշտությամբ։
10. Համաշխարհային տնտեսության աճի տեմպը հաշվարկվում է գնողունակության պարիտետով։»։