ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 144 |
քաղ. Մոսկվա |
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել «Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 199 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 144 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված):
Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ֆինանսական շուկաների կարգավորման, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության հարցերը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 64-րդ և 70-րդ հոդվածներին համապատասխան:
2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) Հանձնաժողովի համար հանձնարարականների մշակում հետևյալ հարցերի շուրջ՝
ֆինանսական շուկաների ոլորտում (բանկային, ապահովագրական ոլորտներում և արժեթղթերի շուկայում մատուցվող ծառայությունների ոլորտում) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում.
անդամ պետությունների՝ արժութային իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության մոտարկում և ազատականացման միջոցների ձեռնարկում.
բ) անդամ պետությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների անցկացում՝ ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտների կարգավորման հարցերով.
գ) Հանձնաժողովի համար առաջարկությունների մշակում հետևյալ հարցերի շուրջ՝
ֆինանսական ծառայությունների փոխադարձ առևտրի ընդլայնում և հեռանկարում անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծում.
անդամ պետությունների տարածքներում միջոցների ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծում:
4. Կոմիտեն իր վրա դրված խնդիրների կատարման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) մասնակցում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև անդամ պետությունների ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտների օրենսդրությունների վերլուծության անցկացմանը.
բ) համաձայնեցված մոտեցումներ է մշակում հետևյալ հարցերի շուրջ՝
ֆինանսական շուկաների ոլորտում (բանկային, ապահովագրական ոլորտներում և արժեթղթերի շուկայում մատուցվող ծառայությունների ոլորտում) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում.
անդամ պետությունների՝ արժութային իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության մոտարկում և ազատականացման միջոցների ձեռնարկում.
անդամ պետությունների՝ ֆինանսական շուկաների հասանելիության խոչընդոտների և այլ սահմանափակումների նվազեցում և վերացում.
ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտներում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակում.
ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության կիրառման վերլուծության արդյունքների հիման վրա բացահայտված խնդիրների լուծում.
Հանձնաժողովի և անդամ պետությունների՝ ֆինանսական շուկաների ոլորտում կարգավորում իրականացնելու համար լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) միջև տեղեկատվական փոխգործակցություն.
ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտներում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների՝ անդամ պետությունների կողմից կատարման դիտանցման և հսկողության անցկացում.
գ) Հանձնաժողովի համար առաջարկություններ է նախապատրաստում՝ ըստ ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտներում հերթական տարվա գիտահետազոտական աշխատանքների պլանի.
դ) Հանձնաժողովի համար առաջարկություններ է նախապատրաստում ֆինանսական շուկաների, արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտներում առկա այլ հարցերի վերաբերյալ.
ե) իրականացնում է այլ գործառույթներ:
III. Կոմիտեի կազմը
5. Կոմիտեի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) և ներկայացուցիչներից:
Կոմիտեի կազմի ձևավորման համար Կոլեգիան դիմում է լիազորված մարմիններին՝ այդ մարմինների ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:
Անդամ պետությունների առաջարկով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Լիազորված մարմինները Կոլեգիային ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում լիազորված մարմինների ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև առաջարկություններ են ներկայացնում դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:
6. Կոլեգիայի անդամը, որի իրավասությանն է վերապահված ֆինանսական շուկաների և արժութային քաղաքականության ոլորտներին առնչվող հարցերը, նախագահում է Կոմիտեի նիստերը և իրականացնում է Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
7. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված հանձնարարականների մասին.
զ) հաստատում է Կոմիտեին կից ստեղծվող աշխատանքային (փորձագիտական) խմբերի վերաբերյալ դրույթները և դրանց կազմը.
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին և այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
ը) նշանակում է Կոմիտեի նախագահի տեղակալին.
թ) Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացնում է այլ գործառույթներ:
8. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասությունների մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
9. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է սույն Հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի նախագահի գործառույթները:
10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
11. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկությունների հիման վրա պատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
բ) հսկողություն է իրականացնում Կոմիտեի նիստերի համար նյութեր պատրաստելու ու ներկայացնելու գործընթացի նկատմամբ.
գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.
դ) համաձայնեցնում և Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.
ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
զ) ձևավորում է Կոմիտեի նիստերի պլանը և դրանք ուղարկում Կոմիտեի անդամներին.
է) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփիչ փաստաթղթերի պատրաստումը և Կոմիտեի անդամներին դրանց ուղարկումը.
ը) հսկողություն է իրականացնում Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ։
12. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել անհրաժեշտ որակավորում ունեցող անկախ փորձագետներ՝ անդամ պետություններից:
Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստի ընթացքում քննարկվող հարցերը:
13. Կոմիտեին կից կարող են ստեղծվել աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի լուծման համար:
Աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ներկայացուցիչներից:
Լիազորված մարմինների հետ համաձայնեցնելու դեպքում աշխատանքային (փորձագիտական) խմբերում կարող են ընդգրկվել գործարար համայնքի ներկայացուցիչներ:
IV. Կոմիտեի աշխատակարգը
14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 3 անգամ։
15. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 աշխատանքային օր առաջ:
Կոմիտեի նիստի օրակարգում ներառելու համար հարցեր առաջարկող Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և նյութերի տրամադրումը Կոմիտեի պատասխանատու քարտուղարին։
17. Կոմիտեի նիստերի ընթացքում լրացուցիչ հարցերի քննարկումն իրականացվում է Կոմիտեի նախագահի որոշմամբ։
18. Կոմիտեի նախագահն իրավունք ունի լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկություններ:
19. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.
բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
գ) արձանագրային որոշումների նախագծեր.
դ) Հանձնաժողովի համար հանձնարարականների նախագծեր (անհրաժեշտության դեպքում):
20. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրա վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ:
21. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շենքերում:
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից ընդունված որոշմամբ։ Այդ դեպքում ընդունող լիազորված մարմինն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստերի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
22. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետության առնվազն մեկ անդամի ներկայացուցչությունը:
Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա իրավունք ունի նախօրոք (ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 3 աշխատանքային օր առաջ) Կոմիտեի նախագահին գրավոր տեսքով ներկայացնելու իր դիրքորոշումը՝ քննարկվող հարցերի վերաբերյալ, և (կամ) Կոմիտեի նիստին մասնակցելու համար ուղարկելու լիազորված պաշտոնատար անձի:
23. Կոմիտեի անդամները կարող են հանձնարարել Կոմիտեի քննարկումից հանել հարցը, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:
24. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ:
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Կոմիտեի կողմից ուսումնասիրվող հարցի առնչությամբ ունի հատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր ձևով և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը:
Կոմիտեի նիստի արձանագրությանը նաև կարող են կցվել քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութերը և համապատասխան հիմնավորումները:
Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:
Կոմիտեի նիստերի արձանագրությունը ստորագրվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից, հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի նիստերի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի արձանագրությունն ուղարկում է Կոմիտեի բոլոր անդամներին Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատելու օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող են ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցող հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:
25. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: