ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

1 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 158

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ ներկայացնելու և փոխանակելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել պարտադիր նախնական տեղեկացում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծվող ապրանքներ):

2. Սահմանել, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը (այսուհետ՝ նախնական տեղեկատվություն) Միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ապրանքների ներմուծումն իրականացնող փոխադրողի կամ այդ փոխադրողի անունից կամ նրա հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից ներկայացվում է Միության այն անդամ պետության մաքսային մարմին (այսուհետ՝ մաքսային մարմին), որի տարածքում գտնվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (այսուհետ՝ ժամանման վայր):

3. Նախնական տեղեկատվությունն օգտագործվում է մաքսային մարմինների կողմից մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը օբյեկտների, մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրության մասին նախնական որոշումներ կայացնելու համար, այդ թվում՝ օդանավերի բեռնաթափման մասին որոշումներ պատրաստելու համար:

4. Նախնական տեղեկատվությունը ներառում է՝

ա) տեղեկություններ օդանավի և թռիչքի երթուղու մասին՝

օդանավի ազգային և գրանցման նիշեր,

օդանավը շահագործողի անվանումը,

ուղարկման չվերթի համարը,

թռիչքի մեկնարկային կետի և ուղարկման օդանավակայանի անվանումը,

ժամանման վայրի օդանավակայանի՝ նախորդ օդանավակայանից մեկնելու փաստացի ժամանակը,

ժամանման կետի և նշանակման օդանավակայանի անվանումը,

ժամանման պլանավորվող (հաշվարկային) ժամանակը,

վայրէջքի միջանկյալ կետերի անվանումները (առկայության դեպքում),

օդանավում այն ապրանքների, ինչպես նաև զենքի, զինամթերքի առկայության (բացակայության) մասին տեղեկություններ, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված կամ սահմանափակված է,

օդանավում այնպիսի դեղամիջոցների առկայության (բացակայության) մասին տեղեկություններ, որոնց բաղադրության մեջ մտնում են թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում).

բ) ներմուծվող ապրանքի մասին տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններ (տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ)՝

փաստաթղթի համարը,

ապրանքի անվանումը,

ապրանքի բեռնման կետի և բեռնաթափման կետի անվանումը,

տեղերի քանակը,

ապրանքի համաքաշը (կգ),

զտաքաշը (կգ) կամ ապրանքի ծավալը (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում),

ապրանքի ծածկագիրը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին վեց նիշերի մակարդակով (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում),

տեղեկություններ ապրանքն ուղարկողի կամ ստացողի մասին:

5. Եթե ներմուծվող ապրանքների նկատմամբ ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից գրանցվել է Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածին համապատասխան տրված և սույն Որոշման 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տեղեկություններ պարունակող ապրանքների հայտարարագիրը, ապա թույլատրվում է այդպիսի տեղեկությունների փոխարեն նշել ապրանքների այդ հայտարարագրի համարը:

6. Նախնական տեղեկատվությունն ոչ ամբողջական ծավալով ներկայացնելու, ինչպես նաև դրանց՝ Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված որոշակի տեխնիկական պահանջներին, կառուցվածքին և ձևաչափին չհամապատասխանելու դեպքում այդպիսի տեղեկատվություն ներկայացնող անձին է ուղարկվում նախնական տեղեկատվությունը՝ քննարկման համար ընդունելու մերժման մասին էլեկտրոնային հաղորդագրություն (նշելով մերժման պատճառները)։ Այս դեպքում համարվում է, որ նախնական տեղեկատվություն չի ներկայացվել:

Նախնական տեղեկատվությունը քննարկման համար ընդունելու մերժման պատճառները վերացնելուց հետո նախնական տեղեկատվությունը կարող է կրկին ներկայացվել մաքսային մարմին:

7. Եթե նախնական տեղեկատվություն ներկայացնող անձի կողմից հայտնաբերվել է այն նախնական տեղեկատվության մեջ պարունակվող տեղեկությունների անհամապատասխանություն տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում պարունակվող տեղեկություններին, որով մաքսային մարմնի կողմից տրվում է փոխադրման նույնականացման եզակի համար, ապա այդ անձը պարտավոր է մինչ օդանավի ժամանումը կրկին նախնական տեղեկատվություն ներկայացնել մաքսային մարմին: Այդ դեպքում կրկին ներկայացվող նախնական տեղեկատվությանը տրվում է փոխադրման նույնականացման նոր եզակի համար:

8. Ներմուծվող այն ապրանքները, որոնց վերաբերյալ՝ Համաձայնագրով և սույն Որոշման 7-րդ կետով սահմանված ժամկետներում նախնական տեղեկատվություն չի ներկայացվել մաքսային մարմին, գտնվում են ռիսկի ոլորտում: Մաքսային մարմինները միջոցներ են ձեռնարկում ռիսկը նվազեցնելու համար՝ իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան:

9. Եթե մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի՝ տեխնիկական խափանմամբ, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատմամբ, էլեկտրաէներգիայի անջատմամբ պայմանավորված անսարքության հետևանքով նախնական տեղեկատվությունը չի կարող ստացվել ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից, ապա ներմուծվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան:

10. Մաքսային գործի բնագավառում Միության անդամ պետությունների պետական մարմիններին մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը՝

ա) ավարտին հասցնել իրենց պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի մշակումը, այդ թվում՝ նախատեսել փոխադրման նույնականացման եզակի համարի կամ նախնական տեղեկատվությունը քննարկման համար ընդունելու մերժման մասին էլեկտրոնային հաղորդագրության՝ նախնական տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից ստանալու պահից 15 րոպեն չգերազանցող ժամկետում ուղարկումը.

բ) կատարել համապատասխան փոփոխություններ Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական պահանջների մեջ (անհրաժեշտության դեպքում):

11. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 1-9-րդ կետերի:

Սույն Որոշման 1- 9-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2017 թվականի ապրիլի 1-ից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո