ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» սեպտեմբեր 2025 թվականի N 122-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել դատաբժշկական փորձագետի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
12.09.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետությանառողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «12»-ի N 122-Ն հրամանի |
ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դատաբժշկական փորձագետը, այդ թվում, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքիմիական, կենսաքիմիական, դատահյուսվածքաբանական և բժշկաքրեագիտական ենթատեսակներով փորձաքննություն կատարող փորձագետն իրականացնում է առողջապահական բնագավառի մասնագիտական գործունեություն դատաբժշկական փորձաքննություն բժշկական հիմնական մասնագիտությամբ հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դատաբժշկական փորձաքննություն հիմնական տեսակով, ինչպես նաև լաբորատոր ախտորոշիչ և ախտաբանաանատոմիական տեսակներով:
2. Դատաբժշկական փորձագետ կարող է հանդիսանալ այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն դատաբժշկական փորձաքննություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Դատաբժշկական փորձաքննություն տեսակի, այդ թվում, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքիմիական, կենսաքիմիական, դատահյուսվածքաբանական և բժշկաքրեագիտական ենթատեսակներով փորձաքննություն իրականացնող փորձագետ հանդիսացող անձանց բարձրագույն կրթության և որակավորման վերաբերյալ պահանջները կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ-ի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Դատաբժշկական փորձագետն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Դատաբժշկական փորձագետ, դատակենսաբան փորձագետ, դատագենետիկ փորձագետ, դատաքիմիկ (կենսաքիմիկ) փորձագետ, դատահյուսվածքաբան փորձագետ, բժշկաքրեագետ փորձագետ, ախտաբանաանատոմ, ախտաբանաանատոմ-հյուսվածաբան.
2) Կրթությանն ու որակավորմանը համապատասխան ստորաբաժանման ղեկավար (կենտրոնի պետ, ծառայության ղեկավար, բաժնի պետ, բաժանմունքի պետ).
3) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) տեղակալ.
4) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. բուժական գործ մասնագիտությամբ բժշկի որակավորմանը համապատասխան բժշկական գիտելիքների իմացություն` առողջապահական բնագավառի կրթական ծրագրերի և իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ`
1) Փորձագետի եզրակացության կազմում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների օրենսգրքերի և այլ իրավական ակտերի պահանջների.
2) Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված օբյեկտների (գործի նյութեր, բժշկական փաստաթղթեր, հետազոտելի նմուշներ և այլն) հետազոտություն.
3) Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված օբյեկտների հետազոտության արդյունքում ստացված տվյալների համադրում, վերլուծություն, մեկնաբանում և առաջադրված հարցերին համապատասխան հիմնավորված պատասխանների` եզրակացությունների կազմում.
4) Դիակի և կենսաբանական ծագման նմուշների (իրեղեն ապացույցների) հայտնաբերման վայրում անհրաժեշտ փորձագիտական նկարագրության և այլ գործողությունների իրականացում.
5) Դիակի հագուստների, կոշիկների ուսումնասիրություն, դրանց վիճակի, այդ թվում, վնասվածության և աղտոտվածության նկարագրություն.
6) Կենսաբանական ծագման նմուշների (իրեղեն ապացույցների) հայտնաբերման, նկարագրման, վերցման և փաթեթավորման գործընթացում վարույթն իրականացնող մարմնին փորձագիտական օժանդակություն:
7) Դատաբժշկական փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.
ա. դիակի դատաբժշկական փորձաքննության (հետազոտության) կատարում.
բ. դիակի և նրա մասերի արտաքին հետազոտության կատարում.
գ. դիակի և նրա մասերի ներքին հետազոտության կատարում.
դ. լրացուցիչ հետազոտությունների համար կենսաբանական օբյեկտների վերցնում, դրանց հետազոտությունների կազմակերպում և իրականացում.
ե. մահվան մասին բժշկական վկայականի լրացում.
զ. ուղեգրերի լրացում (անհրաժեշտության դեպքում).
է. մահվան վրա հասնելու ժամանակի որոշում.
ը. դիակի վնասվածքների հայտնաբերում, դրանց բնույթի և տեղակայության, պատճառման մեխանիզմի, առողջությանը պատճառված վնասի ծանրության, վնասվածքների և մահվան միջև պատճառահետևանքային կապի պարզում.
թ. դիակի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում, դրանց բնույթի և տեղակայության, ծագումնաբանության, վնասվածքների և ախտաբանական փոփոխությունների, ինչպես նաև անբարենպաստ, այդ թվում, մահվան ելքի միջև պատճառահետևանքային կապի պարզում.
ժ. անհայտ, կմախքացած, արտաշիրիմված, այրված, ուշ դիակային փոփոխությունների ենթարկված դիակների դատաբժշկական փորձաքննության իրականացում.
ժա. պտղի և նորածնի դիակների դատաբժշկական փորձաքննության իրականացում.
ժբ. դիակի և նրա մասերի ներքին հետազոտման կարգի և ծավալի պլանավորում` պայմանավորված հայտնաբերված վնասվածքներով, ախտաբանական փոփոխություններով և դեպքի հանգամանքների վերաբերյալ առկա տեղեկատվությամբ.
ժգ. դիակի և նրա մասերի լրացուցիչ գործիքային և լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության և ծավալի որոշում.
ժդ. դիակի և նրա մասերի ներքին հետազոտման արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն.
ժե. լրացուցիչ գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն.
ժզ. դիակի դատաբժշկական փորձաքննության (հետազոտության) արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն.
ժէ. մահվան պատճառի(ների) պարզում, դատաբժշկական ախտորոշման, դատաբժշկական փորձաքննության եզրակացության (կարծիքի) ձևակերպում.
ժը. կլինիկական և դատաբժշկական ախտորոշումների միջև համեմատական հետազոտություն, անհամապատասխանությունների, դրանց պատճառների պարզում.
ժթ. կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննության իրականացման պլանավորում.
իա. կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննության (հետազոտության) իրականացում վնասվածքների, հիվանդությունների և ախտաբանական փոփոխությունների կամ վիճակների բոլոր դեպքերում.
իբ. կենդանի անձանց վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակած մարմնի կողմից ներկայացված նյութերի, բժշկական և այլ փաստաթղթերի հետազոտություն.
իգ. փորձաքննվողի օբյեկտիվ հետազոտության իրականացում.
իդ. լրացուցիչ նեղ մասնագիտական, կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների անհրաժեշտության պարզում, դրանց կազմակերպում, ստացված արդյունքների վերլուծություն և կիրառում.
իե. առողջությանը պատճառված վնասի ծանրության պարզում.
իզ. աշխատունակության կորստի պարզման փորձաքննության կազմակերպում և իրականացում.
իէ. տարիքի պարզման փորձաքննության կազմակերպում և իրականացում.
իը. առողջական վիճակի փորձաքննության կազմակերպում և իրականացում, այդ թվում, սիմուլյացիայի, դիսիմուլյացիայի, ագրավացիայի, արհեստական հիվանդությունների և ինքնավնասման պարզում.
իթ. հղիության ընդհատման, դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակման, ինչպես նաև օրգանի կամ օրգանի գործառույթի կորստի, թմրամոլության, թունամոլության հասցնելու դեպքերում դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.
իժ. սեռական հանցագործությունների դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.
լա. անձի նույնականացման դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.
լբ. բուժաշխատողների մասնագիտական պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարզման դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.
լգ. փաստաթղթային նյութերի և այլ տվյալների հիման վրա դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.
8) Դատակենսաբան փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.
ա. փորձաքննությանը ներկայացված օբյեկտի (իրեղեն ապացույցի) ակնադիտական հետազոտություն, կենսաբանական ծագման կասկածելի հետքերի հայտնաբերում, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան դրանց առանձնացում և մշակում, հետքերում կենսաբանական ծագման նյութի (արյուն, սերմնահեղուկ, քրտինք, թուք, մեզ և այլն) առկայության հաստատում, դրանց տեսակային և խմբային պատկանելության որոշում, համեմատական հետազոտության և անհրաժեշտ վերլուծությունների իրականացում.
բ. կենսաբանական ծագման նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.
գ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.
դ. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.
9) Դատագենետիկ փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.
ա. փորձաքննությանը ներկայացված օբյեկտի (իրեղեն ապացույցի) ակնադիտական հետազոտություն, կենսաբանական ծագման կասկածելի հետքերի հայտնաբերում, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան դրանց առանձնացում և մշակում, ստացված նմուշներից ԴՆԹ-ի անջատում, այդ թվում, ավտոմատացված գործիքային մեթոդների և մանուալ մեթոդների կիրառմամբ.
բ. անջատված ԴՆԹ-ի որակական և քանակական ցուցանիշների գնահատում՝ քանակական ՊՇՌ մեթոդների կիրառմամբ, ԴՆԹ-ի դեգրադացիայի մակարդակի և հնարավոր ինհիբիտորների որոշմամբ.
գ. կարճ տանդեմային լոկուսների, ինպես նաև Y-կարճ տանդեմային լոկուսների ամպլիֆիկացման գործընթացի իրականացում՝ կոմերցիոն առկա համակարգերի կիրառմամբ, պրոֆիլացման գործընթացի իրականացում՝ ԴՆԹ սեքվենավորման և ԴՆԹ անալիզի ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմամբ.
դ. պրոֆիլացման արդյունքների որակական վերահսկման և վերծանման նպատակով GeneMapper (ԳենՄապպեր) ծրագրային ապահովման կիրառմամբ տվյալների կենսաինֆորմատիկական վերլուծություն.
ե. դեպքի վայրից վերցված նմուշներից և ռեֆերենս նմուշներից ստացված ԴՆԹ բնութագրերի գենետիկական նույնականացման կիրառվող համակարգերով համեմատական հետազոտության և վերլուծության իրականացում.
զ. ԴՆԹ խառնուրդների վերլուծություն, հիմնական և երկրորդային բաղադրիչների հնարավոր տարանջատմամբ, քիչ քանակությամբ ԴՆԹ պարունակությամբ նմուշների, վնասված և դեգրադացված կենսանյութի հնարավոր վերականգնում, հետազոտության և վերլուծության իրականացում.
է. դատագենետիկական փորձաքննության արդյունքների վիճակագրական վերլուծություն և հավանականության հաշվարկների ճշգրիտ իրականացում՝ կենսամաթեմատիկական տարբեր մոդելների կիրառմամբ, այդ թվում, պատահական համընկնման հավանականության և հավանականության հարաբերակցության հաշվարկմամբ, ինչպես նաև այլ պոպուլյացիոն գենետիկական տվյալների բազաների կիրառմամբ.
ը. կենսաբանական ծագման նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.
թ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.
ժ. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.
10) Դատաքիմիկ (կենսաքիմիկ) փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.
ա. փորձաքննությանը ներկայացված օբյեկտի (իրեղեն ապացույցի) ակնադիտական հետազոտություն, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան դրանց մշակում, հայտնաբերման ենթակա նյութերի (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ցնդելի նյութեր, դրանց մետաբոլիտներ և այլն) դուրս մղման, անհրաժեշտ քիմիական մշակման, ստացված լուծամզվածքի հետազոտման համար ոչ անհրաժեշտ այլ նյութերից մաքրման իրականացում.
բ. հետազոտելի նմուշում հայտնաբերման ենթակա նյութերի (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ցնդելի նյութեր, դրանց մետաբոլիտներ և այլն) առկայության պարզում` գործիքային (գազային, հեղուկային քրոմատոգրման և այլ) մեթոդների կիրառմամբ ստացված արդյունքների գնահատման և վերլուծության իրականացում.
գ. հայտնաբերված նյութերի քանակական ցուցանիշների պարզում.
դ. կենսաբանական ծագման նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.
ե. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.
զ. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.
11) Դատահյուսվածքաբան փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.
ա. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների վերցման, պահպանման, մշակման, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան մանրադիտակային և այլ հետազոտությունների համար անհրաժեշտ նմուշների պատրաստման, դրանց հետազոտման, արդյունքների գնահատման և վերլուծության իրականացում.
բ. վնասվածքային և ոչ վնասվածքային ծագման փոփոխությունների տարբերակիչ ախտորոշում, դրանց առաջացման վաղեմության պարզում.
գ. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.
դ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.
ե. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.
12) Բժշկաքրեագետ փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները`
ա. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների վերցման, պահպանման, մշակման, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան մանրադիտակային և այլ հետազոտությունների համար անհրաժեշտ նմուշների պատրաստման, դրանց հետազոտման, արդյունքների գնահատման և վերլուծության իրականացում.
բ. վնասվածքային ծագման փոփոխությունների, յուրահատկությունների, պատճառման մեխանիզմի, պատճառող առարկայի առանձնահատկությունների պարզման համար անհրաժեշտ հատկանիշների գնահատում, համեմատական հետազոտություն և վերլուծություն.
գ. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.
դ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.
ե. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Դատաբժշկական փորձագետը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. դատաբժշկական փորձագետը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. դատաբժշկական փորձագետը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Դատաբժշկական փորձագետը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են դատաբժշկական փորձագետի վրա։
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի.
13. Ախտորոշիչ և փորձագիտական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ փորձագիտական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և փորձագիտական հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|