ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ս. Մարդանյան |
ՏԴ1/0011/01/19 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ լ. թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
25 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Մաթևոս Սոնդիչի Լազարյանի, Վահե Մարտիկի Դանիելյանի և Արմեն Երվանդի Շառյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի ապրիլի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56100519 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Մաթևոս Սոնդիչի Լազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վահե Մարտիկի Դանիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Արմեն Երվանդի Շառյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
2019 թվականի օգոստոսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Մ․Լազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 452-րդ հոդվածի 3-րդ մասին, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Վ․Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը և նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Ա․Շառյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս 8 (ութ) օր ժամկետով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Նույն դատավճռով ներկայացված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել նաև Հրայր Ժորայի Լազարյանը։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2024 թվականի մայիսի 7-ին որոշում է կայացրել մեղադրյալներ Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի, Ա․Շառյանի և Հ․Լազարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործով վարույթը կարճելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, սույն վարույթի փաստական հանգամանքները վերլուծելով Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ բողոք բերած անձն արձանագրել է, որ Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին և Ա․Շառյանին վերագրվող արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը նրանց համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ թույլ են տալիս վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով մեղադրյալներին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Տվյալ դեպքում անցել է հինգ տարի։
5․1․ Բողոքաբերն անդրադարձել է նաև Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի և Ա․Շառյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությանը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի, և Ա․Շառյանի մասով Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 7-ի որոշումը փոփոխել, վերացնել մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն ու նշանակել համաչափ պատիժ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մաթևոս Լազարյանին, Վահե Դանիելյանին և Արմեն Շառյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են ներկայացվել 2019 թվականի ապրիլի 15-ին, նախնական համաձայնությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար, որը կապված է եղել վերջինի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ1:
8․ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտով արձանագրել է, որ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալների մեղավորությունն ապացուցված է՝ հանցավոր արարքները համապատասխանեցնելով ՀՀ գործող քրեական օրենսգրքին, կատարած հանցանքների համար մեղադրյալները ենթակա են ազատազրկման ձևով պատժի, որն էլ պետք է պայմանականորեն չկիրառել2:
9․ Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Առաջին ատյանի դատարանի դատավճռով (․․․) Մ․Լազարյանը [մեղավոր է ճանաչվել] 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին), Վ․Դանիելյանը՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում է 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին/, Ա․Շառյանը՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին), որոնք միջին ծանրության հանցագործություններ են:
Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ մեղադրյալներ (․․․) Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին, Ա․Շառյանին վերագրվող արարքի կատարումն ավարտվել է 2019 թվականի ապրիլի 15-ին:
Հաշվի առնելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (․․․) 316-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, որը միջին ծանրության հանցագործություն է) նախատեսված հանցանքների կատարման համար 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրը 2024 թվականի ապրիլի 15-ն է:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության պահին (2024 թվականի մայիսի 7-ին) մեղադրյալներ (․․․) Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին, Ա․Շառյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի (․․․) 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած են եղել, իսկ մեղադրյալներն ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը և չեն առարկել քննարկվող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին և Ա․Շառյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունը։
11․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է (․․․):
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
12․ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսդրությունների վերաբերելի իրավակարգավորումների համադրված վերլուծությամբ Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված՝ միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ4:
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին և Ա․Շառյանին վերագրվել է 2019 թվականի ապրիլի 15-ին, նախնական համաձայնությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, որը կապված է եղել վերջինի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են դրանք կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով5,
- դատական քննության արդյունքով Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել վերագրված հանցանքը կատարելու մեջ մեղադրյալների մեղավորությունը՝ հանցավոր արարքները համապատասխանեցնելով ՀՀ գործող քրեական օրենքին, և արձանագրել, որ կատարած հանցանքների համար մեղադրյալները ենթակա են ազատազրկման ձևով պատժի, որն էլ պետք է պայմանականորեն չկիրառել6,
- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին և Ա․Շառյանին վերագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նույն օրենսգրքի համաձայն, համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով։ Տվյալ դեպքում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքի համար նախատեսված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության հինգ տարվա ժամկետ, որը դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ լրացած է7։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի և Ա․Շառյանի կատարած արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի և Ա․Շառյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ, ստորադաս դատարանի մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող արարքները կատարելուց շուրջ հինգ տարի անց Մ․Լազարյանը, Վ․Դանիելյանը և Ա․Շառյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ․Լազարյանին, Վ․Դանիելյանին և Ա․Շառյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետևությունն իրավաչափ չէ։
Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում նշված փաստարկին և դրա հետ փոխկապակցված պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով8, իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս չի կարող քննության առարկա դարձնել մեղադրյալներ Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի և Ա․Շառյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունն այն պարագայում, երբ Վերաքննիչ դատարանն այդ հարցին անդրադարձ չի կատարել։
16․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալներ Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի և Ա․Շառյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով և քրեական վարույթը կարճելով, թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, մեղադրյալներ Մ․Լազարյանի, Վ․Դանիելյանի և Ա․Շառյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ու վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու հիմք է։ Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննարկման առարկա դարձնի դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Մաթևոս Սոնդիչի Լազարյանի, Վահե Մարտիկի Դանիելյանի և Արմեն Երվանդի Շառյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 7-ի որոշումը բեկանել և նրանց մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
2. Ստորադաս դատարանի դատական ակտը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 233-258:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 18-րդ, թերթեր 85-107:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 65-80:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռուբիկ Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշումները։
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
|
|
հ. գրիգորյան Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: