ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ/0180/01/12 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության

առաջին ատյանի դատարան, 

նախագահող դատավոր՝ Հ. Դավթյան

ՍԴ/0180/01/12

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Ա. Հովհաննիսյան

դատավորներ՝

 Լ. Թադևոսյան

 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

 քարտուղարությամբ՝

ԳՔՈԼՈԶՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ՝ 

Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝

Ն. ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

   7 փետրվարի 2025 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի և տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի բացառիկ վերանայման բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ կայազորային քննչական բաժնի կողմից, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 91251312 քրեական գործը՝ թիվ 38401 զորամասի թիվ 121 մարտական դիրքի դիտակետում նույն զորամասի ժամկետային զինծառայող Գոռ Արայիկի Ալավերդյանի կողմից 2012 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, մարտական հերթապահություն կատարելիս, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 1160214 համարի ինքնաձիգից կրակոց արձակելու, նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գոռ Արայիկի Ալավերդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով։

2 2012 թվականի օգոոստոսի 7-ին, թիվ 91251312 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։ 

3. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Գոռ Արայիկի Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

4. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի պաշտպան Ա.Ապրեսյանի և տուժողի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2013 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի պաշտպան Ա.Ապրեսյանի և տուժողի իրավահաջորդ Ա.Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ վերադարձվել են։

6. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է Մարատ Դիմաքսյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածի նյութաիրավական և  դատավարական հայեցակետերի, ինչպես  նաև  Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումներ։

7. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը և տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, բացառիկ վերանայման բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է բողոքների քննության բանավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

8. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը, վկայակոչելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումները, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ձևավորված մոտեցումները, նշել է, որ համաձայն այդ վճռի՝ քննությունը լիարժեք չի բացահայտել Մ.Դիմաքսյանի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները, իշխանությունները չեն իրականացրել նրա մահվան հանգամանքների բացահայտմանն ուղղված լրիվ և բազմակողմանի քննություն, համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում։ Արդյունքում, բողոքաբերը գտել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի արձանագրված ընթացակարգային խախտումը վերացնելու պատշաճ միջոցը՝ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի՝ «Վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը վերանայելն է։ 

9. Տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանը, վկայակոչելով Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվող՝ կյանքի իրավունքի դատաիրավական և նյութաիրավական խախտումները, գտել է, որ կայացված վճիռը հիմք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործը ՀՀ իրավասու մարմնում վերանայելու համար։ Արդյունքում, բողոքաբերը խնդրել է հարուցել բացառիկ վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 29-ի և Վճռաբեկ դատարանի՝ 2013 սեպտեմբերի 30-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ՝ Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշման շրջանակներում։

 

Բացառիկ վերանայման բողոքների պատասխանը.

10. Ամբաստանյալ Գոռ Ալավերդյանը և նրա պաշտպան Ա.Ապրեսյանը Վճռաբեկ դատարանին՝ 2024 թվականի հուլիսի 26-ին ներկայացրած բացառիկ վերանայման բողոքների պատասխանում նշել են, որ թիվ ՍԴ/0180/01/12 քրեական գործով վիճարկվող դատական ակտերը վերաբերում են բացառապես Գոռ Ալավերդյանին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ոչ թե արդար դատաքննության իրավունքի խախտում, այլ Մ.Դիմաքսյանի կյանքի իրավունքի խախտում, եզրահանգելով, որ իշխանությունները սույն գործով չեն կատարել Մ.Դիմաքսյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պոզիտիվ պարտականությունները, քանի դեռ նա գտնվում էր իրենց վերահսկողության տակ. մասնավորապես, իշխանությունները չեն կատարել իրենց պարտականությունները՝ զենքի հետ վարվելու անվտանգության համապատասխան կանոնների արդյունավետ ապահովումը, ինչպես նաև իշխանությունները գործողության մեջ չեն դրել զինծառայողների անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպումը կարգավորող գործող նորմատիվային բազան՝ դրանով իսկ չկարողանալով արդյունավետորեն կանխել կյանքի համար զինվորական ծառայության հետ կապված ռիսկերը։

11. Վերոգրյալի հիման վրա, բացառիկ վերանայման բողոքների պատասխանի հեղինակները եկել են հետևության, որ Գոռ Ալավերդյանի նկատմամբ կայացված դատական ակտերը բեկանելու դատավարական հիմքերը բացակայում են, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները ըստ էության չեն կատարվել Գ.Ալավերդյանի կողմից և չէին կարող ազդել Գ.Ալավերդյանի նկատմամբ իրականացված վարույթի արդյունքների վրա։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի մայիսի 25-ի դատավճռով Գոռ Արայիկի Ալավերդյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(...) [Ն]ա հանդիսանալով ժամկետային զինծառայող` ՊԲ թիվ 38401 զորամասի 3-րդ գումարտակի 8-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի նռնականետի օգնական, կոչումով շարքային, 2012թ. փետրվարի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում հերթապահություն կատարելիս, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ 74 տեսակի 1160214 համարով ինքնաձիգը և չփակելով ապահովիչը` մատը հպել ձգանին, որի հետևանքով կրակոց է արձակել իր ձախ ուղղությամբ և նույն ուղղությամբ, նշված դիրքում մարտական հերթապահություն իրականացնող համածառայող, շարքային Մ.Դիմաքսյանին անզգուշությամբ պատճառել մահ, այսինքն խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, որը անզգուշությամբ առաջացրել է Մ.Դիմաքսյանի մահը, որով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի։

(...)

Ամբաստանյալ Գ.Ալավերդյանը մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից ձայներ լսելով և ինքնաձիգը լիցքավորելով, այնուհետև Մ.Դիմաքսյանի կողմից զգուշացված լինելով, որ ինքնաձիգը գտնվում է լիցքավորված վիճակում, տվյալ պարագայում դրսևորելով անփույթ վերաբերմունք և խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, չի նախատեսել իր անգործողության հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել (...)»1: 

13 Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 25-ի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանը, դատական ակտ կայացնելիս, որպես ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի անձը բնութագրող տվյալներ դիտելով այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, բնութագրվում է դրական, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի ու համաչափ պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործումը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Վերոշարադրյալը հիմք է տալիս վերջնական եզրահանգման գալու այն մասին, որ ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակն ու չափը որոշելիս, առաջին ատյանի դատարանը քրեական օրենքը ճիշտ է կիրառել, իսկ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին, հետևաբար բավարար հիմքեր չկան պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը բեկանելու համար:

(...)

Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում շարադրված փաստարկներին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդպիսիք արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատման են ենթարկվել, ուստի տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար (...)»2:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռն արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:

15.  ՀՀ  քրեական  դատավարության օրենսգրքի  401-րդ  հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

(...)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, (…).

(…)

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»։

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով

(…)

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»։

16. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։ 

17. Այսպես, Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է սույն գործով տուժող Մարատ Դիմաքսյանի՝ Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումներ: Մասնավորապես, Եվրոպական դատարանը Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճռով արձանագրել է, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական3  և դատավարական4 հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի5 խախտումներ։

18. Հիմք ընդունելով Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից անձի` Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստի արձանագրումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:

 

II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման հիմքերը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանելու հիմք է:

20. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»:6

Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»:7

21.  ՀՀ  քրեական  դատավարության օրենսգրքի  408-րդ  հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:

2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (…)»:

22. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի (որն ունի նույն բովանդակությունը, ինչ վերը նշված հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:

23. Դատական վարույթի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:

Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

24. Գործի վերաբացումը Եվրոպական դատարանի կողմից ևս գնահատվում է որպես «restitutio in integrum»-ը հնարավորինս ապահովելու միջոց: Ընդ որում, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հանձնարարականին և համարելով, որ վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ «բացառիկ» հիմքերով, այդպիսիք է համարում հատկապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերը, երբ գործի քննությունն իրականացվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում շեշտել է, որ այս դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Եվրոպական դատարանի համար կայուն պրակտիկա է դարձել նաև գործերի վերաբացման վերաբերյալ դրույթներն ընդգրկել վճռի մեջ8: 

Այսպիսով, Եվրոպական դատարանի որդեգրած մոտեցման համաձայն` համապատասխան անհատական միջոցառումների կիրառումը, մասնավորապես գործի վերաբացումն անհրաժեշտ է և ըստ այդմ, մինչև խախտումը եղած իրավիճակի վերականգնումը՝ հնարավոր, որպես կանոն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում9:

25. Եվրոպական դատարանը Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է հետևյալը.

«(…) i) Նյութաիրավական հայեցակետը

70. Դիմումատուի որդին՝ Մ.Դիմաքսյանը, ժամկետային զինծառայող էր, որն իշխանությունների խնամքի և պատասխանատվության ներքո իրականացնում էր իր պարտադիր զինվորական ծառայությունը, երբ մահացավ ծառայակցի կողմից պատահաբար կրակելու հետևանքով։

71. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն կասկածի տակ չի դրել ներպետական իշխանությունների՝ և՛ քրեական վարույթի, և՛ ներքին քննության պաշտոնական եզրակացությունն այն մասով, որ իր որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հետևանքով՝ իր ծառայակից Գ.Ա.-ի կողմից զենքի օգտագործման անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով (տե՛ս վերևում՝ 14-րդ, 15-րդ, 18-րդ և 23-րդ պարբերությունները):

72. Կառավարությունը կարծես կասկածի տակ է դրել ներքին քննության եզրակացությունների հավաստիությունը՝ դրանք անվանելով որպես միայն «նախնական» (…): Այդուհանդերձ, Կառավարությունն ինքն իր հետագա պնդումներում հիմնվել է այն փաստի վրա, որ վեց զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի զորամասի հրամանատարության թերացումների համար, որոնք բացահայտվել են ներքին քննության ընթացքում (…):

73. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ նախկինում զինվորական ծառայության ընթացքում մահացու դեպքերի հետ կապված այլ գործերով որոշել է, որ այդ տեսակի ներքին քննության եզրակացությունները չեն կարող համարվել «վերջնական որոշում» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակներով այնքանով, որքանով որ դրանք կրում են զուտ ներքին բնույթ և չեն առնչվում մահացած զինծառայողների հարազատներին (տե՛ս Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia] գործը, թիվ 2169/12 և 29887/14, §§ 97-99, 2022 թվականի նոյեմբերի 8, և Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Malkhasyan v. Armenia] գործը, թիվ 35814/14, §§ 70 և 71, 2022 թվականի հոկտեմբերի 11): Միևնույն ժամանակ առկա չէ որևէ հիմք՝ ենթադրելու, որ սույն գործում Դատարանն իր գնահատականներում չպետք է հիմնվի այդպիսի ներքին քննության փաստացի եզրակացությունների վրա, ինչպես որ արել է նախորդ դեպքերում (տե՛ս, օրինակ, Միրզոյանի գործը, § 72, Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 147 և 149, և Աշոտ Մալխասյանի գործը, § 96, բոլորը վերևում հիշատակված):

1) Զենքի օգտագործման կանոնները և կանոնակարգերը

74. Ինչպես նշված է վերևում՝ 71-րդ պարբերությունում, ներպետական վարույթում միանշանակ հաստատվել է, որ դիմումատուի որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել նրա ծառայակից Գ.Ա.-ի կողմից զենքի օգտագործման անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։

75. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ ներպետական իշխանությունները պարտավոր են սահմանել կանոններ և ձեռնարկել գործնական միջոցներ՝ ժամկետային զինծառայողներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելու նպատակով, և ապահովել համապատասխան ընթացակարգեր՝ հայտնաբերելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող են կատարվել տարբեր մակարդակների պատասխանատուների կողմից (…):

76. Դատարանը վերահաստատում է, որ իր խնդիրն է սովորաբար ոչ թե վերանայել համապատասխան օրենքը և գործելակերպը in abstracto (վերացական ձևով), այլ որոշել, թե արդյոք այն ձևը, որով դրանք կիրառվել կամ ազդել են դիմումատուի կամ մահացածի վրա, առաջացրել է Կոնվենցիայի խախտում (տե՛ս Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia] գործը, թիվ 8663/08, § 85, 2021 թվականի հոկտեմբերի 12): Հետևաբար միայն այն փաստը, որ կարգավորող շրջանակը կարող է որոշ առումներով թերի լինել, ինքնին բավարար չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն հարց բարձրացնելու համար: Պետք է ապացուցվի, որ այն գործել է ի վնաս անձի (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 144):

77. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հիմնական օրենսդրությունը «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքն է (Ներքին ծառայության կանոնագիրք), որին նույնպես Կառավարությունը հղում է կատարել (…): Ներքին ծառայության կանոնագիրքը պարունակում է մանրամասն կանոններ և կանոնակարգեր, որոնք վերաբերում են զինվորական ծառայության տարբեր հայեցակետերին, այդ թվում՝ անվտանգությանը, պահանջելով անվտանգության կանոնների պահպանում և դրանց կատարում ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ նրանց ենթակաների կողմից (տե՛ս մասնավորապես՝ (…) Ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ, 78-րդ, 94.2-րդ, 451-րդ և 452-րդ հոդվածները):

78. Ինչ վերաբերում է մասնավորապես զենքի անվտանգությանը, ապա 78-րդ հոդվածով պարտավորություն է դրվում հրամանատարների վրա պատշաճ կերպով տեղեկացնելու իրենց ենթականերին անվտանգության պահանջների մասին, պահանջելու դրանց խիստ պահպանումը հրազենի հետ գործ ունենալիս և համոզվելու, ի թիվս այլնի, որ իրենց ենթականերն իրականում հասկացել են անվտանգության պահանջները և ունեն անհրաժեշտ գործնական հմտություններ դրանք իրականացնելու համար (…): Բացի այդ, 94.2 հոդվածով սահմանվում է, որ հրամանատարի՝ մարտական հերթապահության համար պատասխանատու տեղակալը վերահսկում է զենքի և սպառազինության ճիշտ օգտագործումը մարտական հերթապահության իրականացման ժամանակ (…):

79. Դատարանը չի գտնում որևէ հիմնավորում վերոնշյալ կանոնակարգերի համարժեքությունը որպես ամբողջություն կասկածի տակ դնելու համար (ի հակադրություն, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 140): Հետևաբար այն գտնում է, որ Հայաստանում գործող կարգավորող շրջանակով նախատեսվում էին համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված զենքի հետ վարվելու հետ կապված վտանգներից ժամկետային զինծառայողների արդյունավետ պաշտպանությանը, և հետևաբար այն համապատասխանում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին:

80. Այսպիսի հանգամանքներում Դատարանը նշում է, որ ո՛չ ներպետական դատարաններում, ո՛չ էլ Դատարանում ընթացող վարույթի ընթացքում դիմումատուն չի վիճարկել զինվորական ծառայության անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ հրազենի օգտագործման առնչությամբ վերոնշյալ ներպետական դրույթներով նախատեսված կարգավորող շրջանակի համապատասխանությունը: Նա, այնուամենայնիվ, պնդել է, որ ռազմական մարմինները չեն կիրառել անվտանգության համապատասխան միջոցները՝ չապահովելով, որ հերթապահության նշանակված զինծառայողներն անվտանգության համապատասխան կանոնների վերաբերյալ պատշաճ պատրաստվածություն ունենան, ինչպես նաև չեն վերահսկել զենքի և սպառազինության ճիշտ օգտագործումը (…):

81. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ կարգավորելու մասով պետությունների պարտավորությունը պետք է ընկալվի ավելի լայն իմաստով, որը ներառում է կարգավորող շրջանակի արդյունավետ գործողությունն ապահովելու պարտականությունը: Այսպիսով, կարգավորող պարտականությունները ներառում են այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են իրականացումը, այդ թվում՝ հսկողությունը և կատարումն ապահովելու համար (տե՛ս, ենթադրյալ բժշկական անփութության հետևանքով մահվան համատեքստում, Լոպես դե Սոուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]] գործը, թիվ 56080/13, § 189, 2017 թվականի դեկտեմբերի 19): Դատարանի կարծիքով՝ դա ճիշտ է նաև զինվորական ծառայության համատեքստում, որն ի սկզբանե վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ ներառում է ամենօրյա կտրվածքով հրազենի հետ գործ ունենալը:

82. Դեպքի առթիվ ներքին քննության արդյունքներն ամփոփող զեկույցի համաձայն՝ անվտանգության կանոնների ծանուցման վրա Գ.Ա.-ի որոշ ստորագրություններ կեղծվել են, ինչը ենթադրում է, որ նա այդ կանոնների վերաբերյալ պատշաճ պատրաստվածություն չի անցել, և միևնույն ժամանակ հենակետի ավագ սպայակազմի անդամը չի կատարել իր ծառայողական պարտականությունները (…): Այնուհետև նույն զեկույցում ենթադրություն է արվել, որ պատահական կրակոցը եղել է գումարտակի ղեկավարության և հենակետի ավագ սպայակազմի վատ հսկողության հետևանքը (նույն տեղում): Դրանից հետևում է, որ զորամասի հրամանատարությունը չի ապահովել անվտանգության համապատասխան կանոնակարգերի արդյունավետ իրականացումը, որի համար նրանք իրենց տրամադրության տակ ունեին անհրաժեշտ մեխանիզմներ (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը): Այս համատեքստում Կառավարության այն փաստարկը, որ պատահարը չէր կարող կանխատեսվել՝ հաշվի առնելով մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը (…), չի կարող ընդունվել։ Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ իր խնդիրը ոչ թե անհատական պատասխանատվություն սահմանելն է, այլ ավելի շուտ՝ որոշելը, թե արդյոք պետությունը կատարել է կյանքի իրավունքը պաշտպանելու իր պարտավորությունը՝ համապատասխան կարգավորող շրջանակի ընդունման և արդյունավետ իրականացման միջոցով (…):

83. Թեև Դատարանը չի կարող ենթադրություն անել, թե արդյոք իրադարձություններն այլ ընթացք կունենային, եթե պատասխանատու անձինք այլ կերպ վարվեին և ապահովեին համապատասխան կարգավորող շրջանակի արդյունավետ իրականացումը գործնականում, 2-րդ հոդվածի համաձայն իրականացվող համապատասխան ստուգմամբ չի կարող պահանջվել ապացուցել, որ «եթե չլիներ» իշխանությունների ձախողումը կամ բացթողումը, մահը վրա չէր հասնի (տե՛ս, mutatis mutandis, Բլյակայը և այլք ընդդեմ Խորվաթիայի [Bljakaj and Others v. Croatia] գործը, թիվ 74448/12, § 124, 2014 թվականի սեպտեմբերի 18): Ավելի շուտ, 2-րդ հոդվածի համաձայն պետությանը պատասխանատվության ենթարկելու համար կարևոր և բավարար է ապացուցել, որ համապատասխան կարգավորող շրջանակի գործողության առկա թերությունները վնաս են հասցրել անհատին (…), ինչը, Դատարանի կարծիքով, տեղի է ունեցել սույն գործում:

84. Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն գործով իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ ապահովելու զենքի հետ վարվելու անվտանգության համապատասխան կանոնակարգերի արդյունավետ իրականացումը, այդ թվում՝ դրանց վերահսկողությունն ու կատարումը, այդպիսով առաջացնելով պետության պատասխանատվությունը վերջինիս՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորության մասով (տե՛ս (…) mutatis mutandis, և ճանապարհային անվտանգության կանոնակարգերի իրականացման համատեքստում, Սմիլյանիչն ընդդեմ Խորվաթիայի [Smiljanić v. Croatia] գործը, թիվ 35983/14, § 85, 2021 թվականի մարտի 25):

85. Այս եզրակացությունը բավարար է, որպեսզի Դատարանը գտնի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում: Այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում Դատարանը կքննի, թե արդյոք այդ հայեցակետը խախտվել է նաև պատահարից հետո դիմումատուի որդուն հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու մասով:

2) Շտապ բժշկական օգնությունը

86. Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները պատշաճ կերպով չեն կազմակերպել վնասվածք ստանալուց հետո Մ.Դիմաքսյանին հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու հարցը, քանի որ, ի թիվս այլնի, նրան տեղափոխել են զինվորական բեռնատարով, այնուհետև հրատապ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով չհամալրված սանիտարական տրանսպորտով, և որը, բացի այդ, ճանապարհին երկու անգամ խափանվել է (…):

87. Դատարանը նշում է, որ այն փաստերը, որոնց մասով դիմումատուն բողոքել է, զգալիորեն տարբերվում են այն դեպքերից, որոնք վերաբերում են բժշկական անփութության հետ կապված մեղադրանքների համատեքստում հրատապ փրկարար օգնություն ցուցաբերելու մերժմանը կամ գիտակցաբար (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ հղի կնոջ մահվանն առնչվող՝ Մեհմեդ Շենթուրքի և Բեքիր Շենթուրքի գործը, երբ բժիշկները հրաժարվել են շտապ վիրահատություն կատարել, քանի որ նա չէր կարող վճարել բժշկական վճարները) կամ հիվանդանոցային ծառայություններում համակարգային կամ կառուցվածքային խախտումների արդյունքում հիվանդի կյանքը վտանգի ենթարկելուն, որի հետևանքով հիվանդը զրկվում է հրատապ փրկարար օգնության հասանելիությունից, երբ իշխանություններն իմացել են կամ պետք է իմանային այդ ռիսկի մասին և չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ ռիսկի նյութականացումը կանխելու համար (տե՛ս, օրինակ, շտապ օգնության մեքենայում դիմումատուի նորածին երեխայի մահվանն առնչվող՝ Ասիյե Գենչն ընդդեմ Թուրքիայի [Asiye Genç v. Turkey] գործը, թիվ 24109/07, 2015 թվականի հունվարի 27, այն բանից հետո, երբ նրան մերժել են ընդունել մի շարք պետական հիվանդանոցներ՝ իրենց նորածնային բաժանմունքներում տարածքի կամ համապատասխան բժշկական սարքավորումների բացակայության պատճառով, և հանգամանքների համակցությամբ, մասնավորապես՝ կոնկրետ տարածաշրջանում առողջապահական համակարգում խախտումների պատճառով երեխայի վաղաժամ մահվանն առնչվող՝ Այդողդուն ընդդեմ Թուրքիայի [Aydoğdu v. Turkey] գործը, թիվ 40448/06, 2016 թվականի օգոստոսի 30)։

88. Համապատասխանաբար Դատարանը համարում է, որ վերոնշյալ նախադեպային իրավունքում մշակված չափորոշիչներն ու սկզբունքները (տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Լոպես դե Սոուսա Ֆերնանդեսի գործը, §§ 190-196), որոնք ձևակերպվել են էապես տարբեր, այն է՝ բժշկական անփութության համատեքստում, չեն կարող ուղղակիորեն փոխանցվել սույն գործին, սակայն, այնուամենայնիվ, գործի հանգամանքները գնահատելիս պետք է առաջնորդվել դրանցով այնքանով, որքանով շոշափվում է հրատապ բժշկական օգնության հարցը:

89. Դատարանը վկայակոչում է վերևում՝ 61-րդ պարբերությունում նշված նախադեպային իրավունքի սկզբունքները, համաձայն որոնց, երբ սովորական քաղաքացիները զորակոչվում են զինվորական ծառայության, պետության առաջնային պարտականությունն է սահմանել այդ քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկի մակարդակին համապատասխան կանոններ։

90.  Դատարանը տեղյակ  է,  որ  Ներքին ծառայության  կանոնագրքի 351-րդ և 356-րդ հոդվածներով նախատեսվում է, որ վիրավոր զինծառայողները պետք է անհապաղ ուղարկվեն բուժկետ, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում պետք է ուղարկվեն զորամասից դուրս՝ բուժօգնություն ստանալու համար, որի դեպքում նրանք համապատասխան բժշկական հիմնարկ են տեղափոխվում զորամասի սանիտարական տրանսպորտով՝ ռազմական բժշկի կամ բուժակի ուղեկցությամբ (…):

91. Այսպիսով, համաձայն գործող կանոնակարգերի (…) զորամասերը պետք է ունենան բժիշկ (կամ բուժակ)՝ հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակի դեպքում վիրավոր զինծառայողները պետք է հիվանդանոց ուղարկվեն սանիտարական տրանսպորտով, որը, ըստ երևույթին, պարտադիր չէ, որ հագեցված լինի կենսաապահովման հիմնական սարքավորումներով (տե՛ս Ներքին ծառայության կանոնագրքի 356-րդ հոդվածը՝ ամփոփված վերևում՝ 37-րդ պարբերության վերջում, ինչպես նաև վերևում՝ 47-րդ պարբերությունում նշված դիմումատուի փաստարկը` կապված տվյալ տրանսպորտի մեջ հրատապ բժշկական սարքավորումների բացակայության հետ, ինչը Կառավարությունը Դատարանում վարույթի իրականացման որևէ պահի չի վիճարկել):

92. Հաշվի առնելով զինծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգին բնորոշ աստիճանը (…), հատկապես հեռավոր վայրում ակտիվ մարտական հերթապահության նշանակվելիս, ինչպես որ սույն դեպքում է, երբ դիմումատուի որդին ծանր վիրավորվել է (…), հազիվ թե կարելի է պնդել, որ գոյություն ունեցող կարգավորող շրջանակը (…) գործնականում իրականացվել է այնպես, որ ապահովվեր այդ աստիճանի ռիսկին համապատասխան հրատապ բժշկական օգնության հասանելիությունը: Անկասկած, սույն գործով առկա՝ և՛ քրեական, և՛ ներքին քննությունների ընթացքում հաստատված փաստերը (…) հակառակն են ապացուցում։

93. Այսպիսով, հակառակ համապատասխան կարգավորումների՝ (…) զորամասում որևէ բժիշկ (կամ բուժակ) չի եղել, երբ Մ.Դիմաքսյանի վրա կրակել են։ Նա ծառայակիցների կողմից, կրկին առանց բժշկական անձնակազմի ներկայության, սովորական պատգարակով տեղափոխվել է խրամատ։ Այնուհետև զինծառայողները Մ.Դիմաքսյանին դրել են զինվորական մեքենայի մեջ. նրանք դժվարություններ են ունեցել պատգարակը կայուն վիճակում պահելու հարցում, քանի որ ճանապարհն այնքան անհարթ է եղել, որ նրանցից պահանջվել է տասնհինգ րոպե 400 մետր մեքենայով անցնելու համար։ Այնուհետև Մ.Դիմաքսյանին կրկին տեղաշարժել են՝ սանիտարական տրանսպորտ տեղափոխելու համար, որն, ինչպես արդեն նշվեց վերևում՝ 91-րդ պարբերությունում (…), չի եղել կենսաապահովման սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենա կամ որևէ այլ տեսակի հիվանդանոցային տրանսպորտ (տե՛ս, mutatis mutandis, և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում, Տարարիևան ընդդեմ Ռուսաստանի [Tarariyeva v. Russia] գործը, թիվ 4353/03, §§ 112-117, ՄԻԵԴ 2006-XV (քաղվածքներ))՝ դեպի մոտ հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող զինվորական հոսպիտալ ճանապարհը շարունակելու համար։ Այնուամենայնիվ, բժշկական մեքենան ուղևորության ընթացքում երկու անգամ կանգ է առել, քանի որ այն անընդհատ գերտաքանում էր։ Արդյունքում ստիպված են եղել ևս մեկ անգամ տեղաշարժել Մ.Դիմաքսյանին, այս անգամ այն բեռնատարի մեջ տեղափոխելու համար, որին զինծառայողները պատահաբար հանդիպել են ճանապարհին, մինչև որ նրանց դիմավորել է հիվանդանոցի շտապօգնության մեքենան, սակայն արդեն ուշ է եղել (…):

94. Այսպիսի հանգամանքներում Դատարանը նկատում է, որ քննությամբ չի պարզվել, թե կոնկրետ որքան ժամանակ է Մ.Դիմաքսյանը եղել ճանապարհին՝ դեռ ողջ լինելով (…): Սակայն ամեն դեպքում այն պայմանները, որոնցում նրան տեղափոխել են, ինչպես որ նկարագրված է նախորդ պարբերությունում, ներառյալ՝ այն փաստը, որ չնայած հրազենային վնասվածք ստացած լինելուն՝ նա առնվազն երեք անգամ տեղափոխվել է տարբեր տրանսպորտային միջոցներ, որոնցից ոչ մեկը հագեցված չի եղել հիմնական կենսաապահովման սարքավորումներով, ակնհայտորեն այնպիսին չեն եղել, որ բարձրացնեին դրական արդյունք ունենալու հնարավորությունները:

95. Դատարանը չի կարող ենթադրություններ անել, թե արդյոք Մ.Դիմաքսյանի կյանքը կփրկվեր, եթե նրան ավելի վաղ տեղափոխեին հիվանդանոց, կամ որ ավելի կարևոր է, եթե նրան տեղափոխեին համապատասխան կերպով հագեցված շտապօգնության մեքենայով կամ հիվանդանոցային այլ տրանսպորտով։ Ավելի շուտ, Դատարանի խնդիրն է որոշել, թե արդյոք իշխանություններն արել են այն, ինչ խելամտորեն կարելի էր ակնկալել նրանցից, և մասնավորապես, թե արդյոք նրանք կատարել են կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պարտավորությունը (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մեհմեդ Շենթուրքի և Բեքիր Շենթուրքի գործը, § 89)՝ հատկապես բավարար կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու և համապատասխան կարգավորող շրջանակը գործնականում արդյունավետ կերպով կիրառելու միջոցով՝ ապահովելու ժամանակին և պատշաճ հրատապ բժշկական օգնության ցուցաբերումը։ Բացի այդ, դրա խնդիրն է սովորաբար ոչ թե վերանայել համապատասխան օրենքը և գործելակերպը in abstracto, այլ որոշել, թե արդյոք այն ձևը, որով դրանք կիրառվել կամ ազդել են դիմումատուի կամ մահացածի վրա, առաջացրել է Կոնվենցիայի խախտում (…): Այդ կերպ Դատարանը սույն գործով նշանակություն է տալիս այն իրադարձությունների հաջորդականությանը, որոնք հանգեցրել են Մ.Դիմաքսյանի ողբերգական մահվանը, ինչպես նշված է գործի նյութերում (տե՛ս (…) վերևում հիշատակված՝ Մեհմեդ Շենթուրքի և Բեքիր Շենթուրքի գործը, § 89):

96. Դատարանը համարում է, որ հաշվի առնելով զինվորական ծառայությանը բնորոշ հայտնի ռիսկերը, որոնք կարող են հանգեցնել կյանքի համար վտանգավոր միջադեպերի՝ հատկապես շարունակվող ռազմական գործողությունների համատեքստում (այս առնչությամբ տե՛ս (…) դիմումատուի պնդումները), պատասխանող պետությունն ունի հատկապես պարտադիր պատասխանատվություն զինծառայողների նկատմամբ, որոնք ստիպված են ամենօրյա կտրվածքով բախվել զինված ուժերում ծառայելուց բխող իրական վտանգներին (տե՛ս, mutatis mutandis, Չեվրիօղլին ընդդեմ Թուրքիայի [Cevrioğlu v. Turkey] գործը, թիվ 69546/12, § 67, 2016 թվականի հոկտեմբերի 4): Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի բացատրել, թե ինչու պետական մարմինների վրա անհնարին կամ անհամաչափ բեռ կլիներ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ակնկալվել նրանցից՝ այդ ռիսկերը կանխելու համար, ներառյալ՝ պատշաճ կերպով հագեցված շտապօգնության մեքենայի, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում օդային շտապօգնության առկայությունը՝ վիրավոր զինծառայողներին տեղափոխելու համար, երբ հնարավոր չէր լինի տեղում կազմակերպել շտապ օգնությունը՝ նկատի ունենալով այն օպերատիվ ընտրությունները, որոնք պետք է կատարվեին առաջնահերթությունների և ռեսուրսների առումով (…):

97. Վերոգրյալի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կիրառել զինծառայողներին հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու կազմակերպումը կարգավորող՝ գործող կարգավորման շրջանակը՝ այդպիսով չկարողանալով արդյունավետ կերպով կանխել զինվորական ծառայությունից բխող՝ կյանքին սպառնացող ռիսկերը:

3) Եզրակացություն

98. Հաշվի առնելով վերևում՝ 84-րդ և 97-րդ պարբերություններում նշված իր եզրահանգումները՝ Դատարանը եզրակացնում է, որ սույն գործով իշխանությունները չեն կատարել իրենց հսկողության ներքո գտնվելու ընթացքում Մ.Դիմաքսյանի կյանքի իրավունքը պաշտպանելու մասով իրենց դրական պարտավորությունը։

99. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով:

ii) Դատավարական հայեցակետը

100. Դատարանն ի սկզբանե նշում է, որ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունն իր սեփական նախաձեռնությամբ քննություն է սկսել միջադեպի օրը, այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 5-ին (…)։ Բացի այդ, քրեական գործով քննությունը, որը հանգեցրել է Մ.Դիմաքսյանի ծառայակցի՝ Գ.Ա.-ի քրեական հետապնդմանը և դատապարտմանը, ավարտվել է շատ արագ՝ դեպքի օրվանից հետո կես տարվա ընթացքում, այսինքն՝ մոտավորապես 2012 թվականի օգոստոսին (…), իսկ դատավարությունն ավարտվել է 2013 թվականի ապրիլին (…), այսինքն՝ մինչդատական փուլից հետո մեկ տարուց պակաս ժամկետում։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, և քննության մասով անհիմն ձգձգումներ չեն եղել։

101. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը վերահաստատում է, որ քննությունը պետք է մանրակրկիտ լինի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (…):

102. Դատարանը նկատում է, որ չնայած ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներին (…)՝ քննությամբ չի պարզվել Մ.Դիմաքսյանի մահվան հետ կապված որոշ կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են վնասվածքն ստանալուց հետո նրան հիվանդանոց տեղափոխելու ընդհանուր ժամանակը (…), ինչպես նաև մի շարք ոչ հրազենային վնասվածքների բնույթն ու ծագումը, որոնք հայտնաբերվել են դիահերձման ժամանակ, ներառյալ՝ կապտուկները և արյունազեղումները նրա դեմքի և գլխի տարբեր հատվածներում, ինչպես նաև աջ դաստակին, աջ ոտքին և ուսագոտու ձախ կողմում: Ըստ դիահերձման եզրակացության՝ այդ վնասվածքները հասցվել են բութ գործիքով, երբ Մ.Դիմաքսյանը դեռ ողջ է եղել՝ նրա մահից կարճ ժամանակ առաջ կամ մահանալու ժամանակ, և կապված չեն եղել մահվան պատճառի հետ (…)։

103. Բացի այդ, թեև թվում է, որ ներքին քննության մասով զեկույցը, որը պարունակում էր մի շարք կարևոր փաստական եզրահանգումներ՝ կապված Մ.Դիմաքսյանի մահվան հանգամանքների հետ, այդ թվում՝ հենակետում անվտանգության վատ վերահսկողությունը և նրան հիվանդանոց տեղափոխելու հետ կապված խնդիրները (…), ներառվել է քրեական գործին առնչվող նյութերում, քննչական մարմինների կողմից հաստատված իրադարձությունների վարկածում պատշաճ կերպով չէին արտացոլվել այդ եզրահանգումները՝ (…) չհաշված դրանց պատշաճ իրավական գնահատական տալը: Քրեական գործով քննությամբ և դատաքննությամբ չի հաստատվել, թե արդյոք զորամասի հրամանատարները և անհապաղ բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման համար պատասխանատու անձինք որևէ պատասխանատվություն կրել են դիմումատուի որդու մահվան համար:

104. Դատարանն այս մասով վերահաստատում է, որ քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննությամբ արված եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա (…), ինչը, ինչպես որ ցույց տրվեց վերևում՝ 102-րդ և 103-րդ պարբերություններում, չի եղել Մ.Դիմաքսյանի մահվան հանգամանքների քննության դեպքում։

105. Այս համատեքստում Դատարանը լուրջ կասկածներ ունի քրեական գործով ներպետական քննության պատշաճորեն իրականացված լինելու վերաբերյալ: Այն գտնում է, որ սույն գործով իրականացված քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել, ինչի հետևանքով չի հաջողվել ամբողջությամբ լույս սփռել պատահական կրակոցների և Մ.Դիմաքսյանի մահվանը հանգեցրած հաջորդող դեպքերի հետ կապված հանգամանքների վրա։

106. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումն այն մասով, որ Մ.Դիմաքսյանի մահվան հանգամանքների քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել, Դատարանը եզրակացնում է, որ ներպետական իշխանությունները սույն գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել:

107. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով:

108. Այս եզրահանգումն այլևս ավելորդ է դարձնում ուսումնասիրել քննության մյուս հայեցակետերը (տե՛ս, mutatis mutandis, Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia] գործը, թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործը, թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7), այդ թվում՝ դրա անկախությունը և հանրային վերահսկողության աստիճանը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ.

 

(...)

112. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հետ կապված իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունը)՝ Դատարանը համարում է, որ սույն գործով անհրաժեշտ չէ քննության առնել, թե արդյոք տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան փաստով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով (տե՛ս, mutatis mutandis, Մուրադյանի գործը, § 161, և Անահիտ Մկրտչյանի գործը, § 105, երկուսն էլ վերևում հիշատակված):

113. Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին այն մասով, որ Հայաստանի Հանրապետության իրավունքով չեն նախատեսվում միջոցներ իր որդու մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջի համար (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունում նշված՝ տվյալ ժամանակ գործող համապատասխան ներպետական կանոնակարգերը), ապա Դատարանը նշում է, որ այն արդեն գտել է, որ ցանկացած անձի երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կիրառելու հնարավորություն տվող օրենսդրական դրույթների բացակայությունը խախտում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրզոյանի գործը, §§ 79-83): Դատարանը սույն գործով այլ եզրահանգման գալու որևէ պատճառ չի տեսնում։

114. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավական հնարավորության բացակայության մասով (...)»:

26. Սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 20-25-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների, Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև Եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտումներ, որոնցով լրջորեն կասկածի տակ է դրվել ներպետական մարմինների կողմից իրականացվող քննության համապատասխանությունը, սակայն, միևնույն ժամանակ կասկածի տակ չի դրել ստորադաս դատարանների դատական ակտերով հաստատված՝ սույն գործով դատապարտված անձի հանցավոր արարքի հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչպես նաև դատապարտյալի արարքին տրված քրեաիրավական գնահատականը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված նյութաիրավական և դատավարական իրավունքի խախտումները մասնավորապես վերաբերել են՝

- իշխանության մարմինների հսկողության ներքո գտնվող Մ.Դիմաքսյանի կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտավորությունը չկատարելուն10. մասնավորապես իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ ապահովելու զենքի հետ վարվելու անվտանգության համապատասխան կանոնակարգերի արդյունավետ իրականացումը, այդ թվում՝ դրանց վերահսկողությունն ու կատարումը11, չեն կիրառել զինծառայողներին հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու կազմակերպումը կարգավորող՝ գործող կարգավորման շրջանակը՝ այդպիսով չկարողանալով արդյունավետ կերպով կանխել զինվորական ծառայությունից բխող՝ կյանքին սպառնացող ռիսկերը12,

- գործի քննության իրականացման գործընթացում մի շարք լուրջ թերությունների առկայությանը, ինչի հետևանքով չեն պարզվել Մ.Դիմաքսյանի մահվան հետ կապված որոշ կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են վնասվածքը ստանալուց հետո նրան հիվանդանոց տեղափոխելու ընդհանուր ժամանակը, ինչպես նաև մի շարք՝ ոչ հրազենային վնասվածքների բնույթն ու ծագումը, որոնք հայտնաբերվել են դիահերձման ժամանակ, ներառյալ՝ կապտուկները և արյունազեղումները նրա դեմքի և գլխի տարբեր հատվածներում, ինչպես նաև աջ դաստակին, աջ ոտքին և ուսագոտու ձախ կողմում, որոնք, ըստ դիահերձման եզրակացության, հասցվել են բութ գործիքով, երբ Մ.Դիմաքսյանը դեռ ողջ է եղել՝ նրա մահից կարճ ժամանակ առաջ կամ մահանալու ժամանակ, և կապված չեն եղել մահվան պատճառի հետ13,

- քրեական գործով քննությամբ և դատաքննությամբ չհաստատված այն հանգամանքին, թե արդյո՞ք զորամասի հրամանատարները և անհապաղ բժշկական օգնության կազմակերպման ու տրամադրման համար պատասխանատու անձինք որևէ պատասխանատվություն կրել են Մ.Դիմաքսյանի մահվան համար14,

- սույն գործով արդյունավետ քննություն չիրականացնելուն15:

Եվրոպական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ դիմումատուն կասկածի տակ չի դրել ներպետական իշխանությունների՝ և քրեական վարույթի, և ներքին քննության պաշտոնական եզրակացությունն այն մասով, որ իր որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հետևանքով՝ իր ծառայակից Գոռ Ալավերդյանի կողմից զենքի օգտագործման անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով16։

27. Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոռ Ալավերդյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը և նրա վերաբերյալ գործի կրկին քննությունը՝ որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, չի նպաստի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության և թույլ տրված հնարավոր դատական սխալների վերացման անհրաժեշտության միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը և չի կարող ծառայել «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչև խախտումը եղած իրավիճակը։

28. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, որով արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումներ, սույն գործով Գոռ Ալավերդյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանելու հիմք չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 34-րդ, 66-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի և տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում Գոռ Արայիկի Ալավերդյանի վերաբերյալ 2003  թվականի  ապրիլի 18-ին  ընդունված ՀՀ  քրեական  օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

_______________________

1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 287-294։

2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 96-99։

3 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2024 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 29906/14, կետ 99:

4 Տե՛ս, նույն վճիռը, կետ 107:

5 Տե՛ս, նույն վճիռը, կետ 114:

6 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։

7 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։

8 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլոց, Gencel v. Turkey գործով 2003 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 53431/99, Ceylan v. Turkey գործով 2005 հոկտեմբերի             11-ի վճիռը, գանգատ թիվ 46454/99, Bracci v. Italy գործով 2005 թվականի հոկտենբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 36822/02, Somogyi v. Italy գործով 2004 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 67972/01։

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Մուրադխանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/13, Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13 և Կարինե Համբարձումյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0121/01/10 որոշումները։

10 Տե՛ս, նույն վճիռը, կետ 98։

11 Տե՛ս, նույն վճիռը, կետ 84։

12 Տե՛ս, նույն վճիռը, կետ 97։

13 Տե՛ս, նույն վճիռը, կետ 102։

14 Տե՛ս, նույն վճիռը, կետ 103։

15 Տե՛ս, նույն վճիռը, կետ 106։

16 Տե՛ս, նույն վճիռը, կետ 71։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

հ. գրիգորյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: