ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3687-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3687-Ա

«09» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արեստակես Տերչանյանի 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Երևանի քաղաքապետի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 3564-Ա որոշմամբ 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգվել է:

Ուսումնասիրելով Արեստակես Տերչանյանի 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումը, ի լրումն ներկայացված՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ Դ-96337-25 դիմումը, գնահատելով նշված դիմումներին կից ներկայացված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 22-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումով Արեստակես Տերչանյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի մարտի 31-ին 04:00-06:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 10 հասցեին կից բակում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Volkswagen Jetta 2.5» մակնիշի «TU777ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը:

2025 թվականի ապրիլի 7-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KVA0219653 վկայագրի համաձայն՝ «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արեստակես Տերչանյանի սեփականությունը:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հուլիսի 30-ին տրված թիվ ՎՊ-25-217-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի տեսագրությունում, պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսագրությունում և պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ճյուղի ընկնել է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից, հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 30-ին տրված թիվ ՎՊ-25-217-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացությունը, 2025 թվականի սեպտեմբերի 2-ին տրվել է թիվ ՎՊ-25-223-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ, կազմել է շուրջ 595.000 (հինգ հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի օգոստոսի 7-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 31-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 10 հասցեի բակում մասնատել և դուրս են բերել տարածքից «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկած կենսունակության ավարտին մոտ գտնվող բարդու կոտրված չոր ճյուղը:

2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումին կից ներկայացված՝ 2025 թվականի հուլիսի 17-ի վճարման անդորրագրի համաձայն՝ «Էվոկաբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով Արեստակես Տերչանյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/217 պայմանագրով փորձաքննության վճար:

2025 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ Դ-96337-25 դիմումին կից ներկայացված՝ 2025 թվականի օգոստոսի 25-ի վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով Արեստակես Տերչանյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/223 պայմանագրով փորձաքննության վճար:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Արեստակես Տերչանյանի սեփականությունը հանդիսացող «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տրամադրված տեղեկատվությունը (հանձնարարական թիվ Դ-82989-25), «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների 2025 թվականի հուլիսի 30-ի թիվ ՎՊ-25-217-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2025 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ ՎՊ-25-223-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Արեստակես Տերչանյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-82989-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ ՎՊ-25-223-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Volkswagen Jetta» մակնիշի «TU 777 ZL» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 595.000 (հինգ հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև ընդհանուրը 160,000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Արեստակես Տերչանյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան