ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Գ. Մարգարյան |
ԿԴ/0129/01/20 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
11 հուլիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աշոտ Սահակի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2020 թվականի մայիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 86155420 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Աշոտ Սահակի Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ Ա.Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով:
2020 թվականի օգոստոսի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2․ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռով Աշոտ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակի գումարվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասից 2 (երկու) տարին, և Ա.Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2023 թվականի մարտի 15-ից:
3․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), մեղադրյալ Ա.Աբրահամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, 2023 թվականի օգոստոսի 28-ին որոշմամբ այն բավարարել է մասնակի, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել, մեղադրյալ Ա.Աբրահամյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով մասնակիորեն գումարել է սույն դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը, և Ա.Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 8 (ութ) ամիս ժամկետով (հաշվանցելով համաներման կիրառման արդյունքում պատժաչափի կրճատումը)՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի հուլիսի 9-ից:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել առերևույթ լուրջ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռի դեմ բերված բողոքը, չի կիրառել համապատասխան քրեական օրենքը, ինչի արդյունքում մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ Աշոտ Աբրահամյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարել է նախքան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, բողոքաբերը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված չէ որևէ դրույթ, որի պայմաններում կարելի է գալ եզրահանգման, որ խոսքը գնում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին, և Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների կիրառման համար արհեստականորեն, ինքնուրույն լրացուցիչ պայման է նախատեսել, ինչը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներից։
Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Աշոտ Աբրահամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռից հետո՝ 2020 թվականի ապրիլի 27-ին, որպիսի պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, վերջինիս նկատմամբ նշանակված պատիժները ենթակա են գումարման ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սահմանող 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով, այլ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սահմանող 67-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Այսպիսով, բողոքաբերը գտել է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել քրեական օրենքը՝ գալով սխալ եզրահանգման և մեղադրյալ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով գումարելով՝ թույլ է տրվել լուրջ դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Ա․Մկրտչյանը Վճռաբեկ դատարանին՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է իրավաչափ դատական ակտ։ Մասնավորապես, պաշտպանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների փոխարեն նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ վերջնական պատժի նշանակումը կհանգեցներ իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածի խախտմանը, քանի որ՝ «մարդու իրավունքների տեսանկյունից իրավաչափ է դիտարկել միայն՝ նախքան առաջին գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը»։
Պաշտպան Ա․Մկրտչյանն, ի թիվս այլնի, փաստարկել է նաև, որ «Վերաքննիչ դատարանի կողմից կայացված ակտը բխում է contra legem (օրենքին հակառակ) իրավունքի զարգացման (իրավակիրառման) տեսակից», երբ «առկա է օրենքի կարգավորում, սակայն իրավակիրառ մարմինը, ելնելով որոշակի իրավաչափ նպատակներից (օրինակ՝ արդարության կամ իրավունքի այլ սկզբունքների աննահանջ պահանջից), կայացնում է օրենքի կարգավորմանը հակառակ որոշում»։ Նշվածից ելնելով, պաշտպան Ա․Մկրտչյանը գտել է, որ՝ «առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի մեկնաբանման, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման հիմնավորման կարիք, ուստի պաշտպանական կողմը ևս ակնկալում է Վճռաբեկ դատարանի իրավունքահեն մոտեցումն ու մեկնաբանությունն այս հարցում՝ առանց վճռաբեկ բողոքը բավարարելու»։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա․Մկրտչյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, որ «ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Վաչագանի Աբրահամյանի նկատմամբ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նպատակ է հետապնդել խոչընդոտել վերը նշված հիմնարկի բնականոն գործունեությանը, որն արտահայտվել է հետևյալում.
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Գագիկ Աբրահամյանը, 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, զոդման աշխատանքներ կատարելու համար գտնվել է նույն քրեակատարողական հիմնարկի 4-րդ հարկի մասնաշենքի միջանցքում: Հիշյալ աշխատանքները կատարելու ընթացքում, թիվ 66-րդ խցի կալանավոր Հրանտ Շաբոյանը, կալանավորված անձանց համար ոչ որակյալ հաց մատակարարելու հարցի պարզաբանման առիթով իր մոտ է կանչել Գագիկ Աբրահամյանին և վերջինի հետ սկսել է խոսել բարձրաձայն տոնով և գոռգոռալով: Գ.Աբրահամյանը փորձել է հանդարտեցնել Հ.Շաբոյանին՝ ասելով, որ կալանավորներին ամեն օր ստացած թարմ հաց է մատակարարվում, սակայն Հ.Շաբոյանը խցի դռան կերակրադռնակից ձեռքը հանելով փորձել է բռնել Գ.Աբրահամյանի ձեռքից, որը չի ստացվել: Գ.Աբրահամյանը Հ.Շաբոյանի պարզած ձեռքը ներս է հրել և փորձել փակել կերակրադռնակը, նույն պահին էլ կալանավոր Աշոտ Սահակի Աբրահամյանը, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Մհեր Թովմասյանի ուղեկցությամբ խցից բաղնիք գնալու ընթացքում լսելով Հ.Շաբոյանի և Գ.Աբրահամյանի խոսակցությունը, հասկանալով, որ Գագիկ Աբրահամյանն իրականացնում է իր ծառայողական պարտականությունները և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով՝ նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դիտավորությամբ ձեռքով մեկ անգամ հարվածել է Գ.Աբրահամյանի պարանոցին՝ պատճառելով պարանոցի աջ կեսի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Կատարվածի արդյունքում, Գագիկ Աբրահամյանը դադարեցնելով իր ծառայողական պարտականությունները կատարելը դուրս է եկել հիմնարկի թիվ 4-րդ մասնաշենքից և համապատասխան զեկուցագիր ներկայացրել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետին»1:
10. Ա․Աբրահամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը՝ «(...)[Առաջին ատյանի] դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը 24.12.2019թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով` վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 (տաս) տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով քրեական պատասխանատվությունից ազատվել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: Պատժի կրման սկիզբը հաշվել 2018 թվականի հուլիսի 9-ից, իսկ ներկա գործով արարքը կատարել է 2020 թվականի ապրիլի 27-ին (...)։
Այլ խոսքով, արձանագրելով, որ ամբաստանյալ Ա.Աբրահամյանը չի կրել նախորդ դատավճռով իր նկատմամբ նշանակված պատիժն ամբողջությամբ, իսկ նոր՝ մեղսագրված հանցանքը կատարել է գտնվելով պատժի կրման ընթացքում, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ օրենսդրական վերը նշված դրույթների պահպանմամբ ամբաստանյալի նկատմամբ սույն դատավճռով նշանակված պատժին պետք է մասնակի գումարել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրահավսության դատարանի 24.12.2019թ-ին դատավճռով նշանակված պատժի չկրած մասից՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը»2։
11. Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը․ «(...) մեղադրյալ Աշոտ Սահակի Աբրահամյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Աշոտ Սահակի Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով քրեական պատասխանատվությունից ազատվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2018 թվականի հուլիսի 9-ից,
- ՀՀ վճռաբեկ դատարանի 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ Աշոտ Սահակի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ պաշտպան Ի.Ավագյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է,
- Սույն գործով մեղադրյալ Աշոտ Սահակի Աբրահամյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2020 թվականի ապրիլի 27-ին:
Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Աշոտ Սահակի Աբրահամյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարել է նախքան ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որպիսի պայմաններում պետք է փաստել, որ վերջինիս նկատմամբ նշանակված պատիժները ենթակա են գումարման ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի՝ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սահմանող 67-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները սահմանող 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով գումարելով թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչն էլ իր հերթին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք է:
Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Աշոտ Սահակի Աբրահամյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԿԴ/0129/01/20 քրեական գործով 2023 թվականի մարտի 15-ի դատավճիռը պատիժները 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով գումարելու մասով փոփոխել, մեղադրյալ Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժին 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով մասնակիորեն գումարել սույն դատավճռով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը և Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկման ձևով` 9 (ինը) տարի 8 (ութ) ամիս ժամկետով (հաշվանցելով համաներման կիրառման արդյունքում պատժաչափի կրճատումը), պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի հուլիսի 9-ից»3։
12. 2025 թվականի մայիսի 12-ին ստացվել է մեղադրյալ Ա.Աբրահամյանի դիմումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով սույն քրեական վարույթը կարճելու խնդրանքով4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք):
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործությունների համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
14. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
(․․․)։
6. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը»:
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»։
14.1. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատիժ նշանակելու կանոնի մեկնաբանմանն անդրադարձել է Էդուարդ Ներսիսյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով հետևյալը. «ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ կանոններն են.
1. քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել,
2. անձը պետք է մեղավոր ճանաչվի այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը,
3. հանցանքների համակցությամբ, յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժ պետք է նշանակի նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով,
4. վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցվի առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»5։
15. Անդրադառնալով հանցանքների և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնների հարաբերակցությանը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանց տարբերակման հիմքում ընկած է անձի դատապարտման՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի առկայության հանգամանքը։ Այսպես՝ հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կանոնները կիրառելի են անձի կողմից մեկից ավելի հանցավոր արարքներ կատարելու դեպքում, եթե վերջինս դրանցից որևէ մեկի համար դատապարտված չի եղել, մինչդեռ, դատավճիռների համակցության դեպքում անձը կատարում է հանցանք կամ հանցանքներ՝ իր նկատմամբ մեղադրական դատավճռի առկայության պայմաններում։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պատիժը նշանակելու կանոնին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ կարգով պատիժ է նշանակվում այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվում այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, ինչն էլ հենց ընկած է պատիժ նշանակելու վերոնշյալ կանոնների տարանջատման հիմքում, քանզի դատավճիռների համակցության կանոնը գործում է, եթե անձը հանցանքը կատարում է իր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվելուց հետո։
Այսպիսով, դատավճիռների համակցության կանոնի կիրառման համար բավարար է միայն մեղադրյալի կողմից նոր արարք կատարելը՝ իր նկատմամբ արդեն իսկ մեկ այլ դատավճիռ կայացված լինելու պայմաններում, անկախ այն հանգամանքից՝ նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, թե ոչ։ Այս առումով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը չի նախատեսում դատավճռի օրինական ուժի մեջ մտած լինելու պարտադիր պայման։
15.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտած լինելու պայմանի բացակայությունը պատահական չէ, քանզի պատիժ նշանակելու առավել խիստ կանոնի կիրառման հիմքը պետության անունից անձի արարքին տրված բացասական իրավական գնահատականից՝ մեղադրական դատավճիռ կայացնելուց հետո, վերջինիս կողմից իր ենթադրյալ հանցավոր վարքագիծը շարունակելն է։ Ընդ որում, օրենսդրի նշված տրամաբանությունը չի հակասում անմեղության կանխավարկածի սկզբունքին, քանի որ խոսքն ընդամենը պատիժ նշանակելու վերաբերելի կանոնի կիրառման մասին է, ինչն ամենևին չի զրկում անձին իր նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման հնարավորությունից։ Հետևաբար, հնարավոր այն մեկնաբանությունը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառումը հնարավոր է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում, հակասում է ինչպես օրենքի տառացի մեկնաբանմանը, այնպես էլ դրա էությանը և օրենսդրի կամքին։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ քրեական օրենսգրի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ, Աշոտ Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով քրեական պատասխանատվությունից ազատվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2018 թվականի հուլիսի 9-ից։ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 15-ին6։
- ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքը Աշոտ Աբրահամյանը կատարել է 2020 թվականի ապրիլի 27-ին7։
- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճռով Աշոտ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակի գումարվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասից` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, և Աշոտ Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվվելով 2023 թվականի մարտի 15-ից8։
- Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճիռը՝ պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով գումարելու մասով, փոփոխվել է. նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով` հանցանքների համակցությամբ, մասնակիորեն գումարվել է 2023 թվականի մարտի 15-ի դատավճռով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը, Աշոտ Աբրահամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 8 (ութ) ամիս ժամկետով (հաշվանցելով համաներման կիրառման արդյունքում պատժաչափի կրճատումը)՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2018 թվականի հուլիսի 9-ից:
Վերաքննիչ դատարանը հիշյալ որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ մեղադրյալ Աշոտ Աբրահամյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարել է նախքան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա․Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով գումարելով, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչն էլ իր հերթին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք է9։
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները վերլուծելով սույն որոշման 14-15.1-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Աշոտ Աբրահամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2020 թվականի ապրիլի 27-ին՝ իր նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռի կայացումից հետո, հետևաբար վերջինիս նկատմամբ պատիժ պետք է նշանակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով՝ դատավճիռների համակցության կանոններով։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ արարքի կատարման պահին Աշոտ Աբրահամյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չէր մտել և, հետևաբար, դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնը վերջինիս նկատմամբ կիրառելի չէր, չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներից, քանի որ հիշյալ նորմը որևէ կերպ չի պարունակում կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած լինելու պարտադիր պայման։
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պատիժ նշանակելու կանոնին, ապա այն կիրառելի է այն դեպքում, երբ անձը մեղավոր է ճանաչվում այնպիսի հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, մինչդեռ սույն դեպքում Աշոտ Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարել է ոչ թե նախքան 2019 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը կայացնելը, այլ դրանից հետո՝ 2020 թվականի ապրիլի 27-ին։
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործությունների համակցության կանոններով վերջնական պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։
18․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ուստի անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, փաստում է, որ անհրաժեշտ է ի շահ մեղադրյալի դուրս գալ վճռաբեկ բողոքի սահմաններից, քանի որ ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելուց հետո հայտնաբերվել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք։
ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի աշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը, այդ հաստատությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով՝
(...)
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց, ինչպես նաև պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում գտնվող անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը նույն նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (...)»:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Աշոտ Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2020 թվականի ապրիլի 27-ին10, Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի մարտի 15-ին, Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի օգոստոսի 28-ին, իսկ նշված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ11։
20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Աշոտ Աբրահամյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով, այլ կերպ՝ այն հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի։
Աշոտ Աբրահամյանին մեղսագրվող հանցավոր արարքը կատարվել է 2020 թվականի ապրիլի 27-ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Աշոտ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է։
21. Այսպիսով, նկատի ունենալով, որ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշումը պետք է բեկանել՝ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնել և քրեական վարույթը՝ կարճել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Աշոտ Սահակի Աբրահամյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի որոշումը՝ բեկանել։
2. Աշոտ Սահակի Աբրահամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 148-158:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթ 158:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5-րդ, թերթեր 105-106:
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթ 75։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդուարդ Ներսիսյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԷԴ/0124/01/09 որոշման 17-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 2-4-րդ կետերը։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|