ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Գ. Շահբազյան |
ԿԴ/0099/01/21 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | |
|
Լ. Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
23 մայիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Սևակ Սամվելի Ծառուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20179020 քրեական գործը:
2021 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20108421 քրեական գործը և միացվել թիվ 20179020 քրեական գործին:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Սևակ Սամվելի Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմինը 2021 թվականի ապրիլի 12-ին որոշում է կայացրել Ս.Ծառուկյանի և Դ.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 20179020 քրեական գործից Ս.Ծառուկյանի մասն անջատվել է առանձին վարույթում, և անջատված մասին շնորհվել է 20109321 համարը:
2020 թվականի հունիսի 28-ին Ս.Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով Սևակ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Նույն դատավճռով Ս.Ծառուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ դատախազի և մեղադրյալ Ս.Ծառուկյանի պաշտպան Ս.Մինասյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, պաշտպան Ս.Մինասյանի միջնորդությունը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը փոփոխվել է և մեղադրյալին պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը՝ վերացվել: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս.Ծառուկյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թողնվել է առանց քննության, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ նույն օրվա որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ս.Ծառուկյանին մեղսագրված արարքի կատարման հանգամանքները, մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, հետևանքները, որի արդյունքում անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ինչ վերաբերում է մեղադրյալի նկատմամբ ընտրված պատժի կրման աննպատակահարմարության համար որպես հիմք գնահատված հանգամանքներին, ապա, ըստ բողոքաբերի, դրանք մեղադրյալի արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը չեն նվազեցրել այնքան, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանային:
Բողոքաբերը նշել է նաև, որ թեև մեղադրյալը Վերաքննիչ դատարանում՝ դատական նիստի ընթացքում, հայտնել է, որ ընդունում է մեղքը և զղջում կատարածի համար, որպիսի հանգամանքը ևս հաշվի է առնվել Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն մեղադրյալի կողմից մեղքն ընդունելը և զղջալը տվյալ պարագայում չի կարող իրական համարվել, քանի որ վերջինս պնդել է իր պաշտպանի կողմից ներկայացված՝ արդարացման հիմքով բերված վերաքննիչ բողոքը:
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
7. Սևակ Սամվելի Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքների համար, որ «(…) նա քննությամբ դեռևս չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է 9մմ տրամաչափի «ПМ» (Մակարով) տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտներ: Այնուհետև, 2020 թվականի մայիսի 29-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող «ПМ» (Մակարով) տեսակի ատրճանակից ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ առնվազն 14 կրակոց է արձակել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 66-րդ հասցեում գտնվող «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցի կաթսայատան դռան և մետաղապլաստե, վթարային (պահեստային), դռան ապակու ուղղությամբ` հանրավտանգ եղանակով վնասելով դրանք, որից հետո քննությամբ ինքնությունները չպարզված անձինք՝ 30.05.2020 թվականին փոխարինել են դրանք»1։
8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Որպես ամբաստանյալ Սևակ Ծառուկյանի անձը բնութագրող հանգամանք, Դատարանը հաշվի է առնում, որ նա երիտասարդ է, ամուսնացած չէ, աշխատում է և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ նախկինում դատված չի եղել:
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես ամբաստանյալ Սևակ Ծառուկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում մասնակիորեն խոստովանական (կրակոցներն իր կողմից կատարված լինելու վերաբերյալ) ցուցմունքներ տալը։
Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք քրեական գործում առկա չէ:
(...)
[Գ]նահատման արժանացնելով ամբաստանյալ Սևակ Ծառուկյանի կատարած հանցագործության և նրա անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ երիտասարդ տարիքը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը՝ Դատարանը գալիս է հետևության, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ամբաստանյալ Սևակ Ծառուկյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սևակ Ծառուկյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և նրա նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
Դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ մեկտեղ անհրաժեշտ է նրա նկատմամբ սահմանել փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից առաջարկվող վերասոցիալականացման (կրթական և մշակութային) միջոցառումներին մասնակցելու և բնակության վայրը փոխելու դեպքում վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություններ (...)»2։
9. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) [Հ]ամակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը (մեղադրյալը, Վերաքննիչ դատարանում՝ դատական նիստի ընթացքում հայտնել է, որ ընդունում է մեղքը և զղջում), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները (նախկինում դատված չի եղել, երիտասարդ է, աշխատում է), հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտնում է, որ նշանակված պատժի նաև ռեալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը։
Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Սևակ Ծառուկյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի կիրառելու աննպատակահարմարության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրևենտիվ) բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Սևակ Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատժում, ինչպես նաև նրա կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հետևություններում և նման պարագայում վերաքննիչ բողոքի փաստարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները: (...)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Սևակ Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։
11.1 Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Գառնիկ Գալստյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորության աստիճանն որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.
- հանցագործության առարկաները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու նպատակը և շարժառիթները,
- ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու միջոցները, հանգամանքները,
- առարկայի տեսակը, քանակը, հատկությունները:
Վկայակոչված հանգամանքներն այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս»4:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:
12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
12.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Սևակ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքների համար, որ քննությամբ դեռևս չպարզված վայրում և ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է 9մմ տրամաչափի «ПМ» (Մակարով) տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտներ: Այնուհետև, 2020 թվականի մայիսի 29-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող «ПМ» (Մակարով) տեսակի ատրճանակից, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, առնվազն 14 կրակոց է արձակել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոց փողոցի 66-րդ հասցեում գտնվող «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցի կաթսայատան դռան և մետաղապլաստե, վթարային (պահեստային), դռան ապակու ուղղությամբ` հանրավտանգ եղանակով վնասելով դրանք8:
- Առաջին ատյանի դատարանը, Ս.Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է օրենսդրական փոփոխության արդյունքում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Անդրադառնալով Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցին, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս.Ծառուկյանը երիտասարդ է, ամուսնացած չէ, աշխատում է և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ նախկինում դատված չի եղել, որպես ամբաստանյալ Ս.Ծառուկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել մասնակիորեն խոստովանական (կրակոցներն իր կողմից կատարված լինելու վերաբերյալ) ցուցմունքներ տալը: Արդյունքում, գնահատման արժանացնելով ամբաստանյալ Ս.Ծառուկյանի կատարած հանցագործության և նրա անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, Դատարանը եկել է հետևության, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, և ամբաստանյալ Ս.Ծառուկյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել9։
- Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ այն, որ Վերաքննիչ դատարանում մեղադրյալը հայտնել է, որ ընդունում է մեղքը և զղջում, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հատկանիշները՝ նախկինում դատված չի եղել, երիտասարդ է, աշխատում է, հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտել է, որ նշանակված պատժի նաև ռեալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Սևակ Ծառուկյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը փաստացի կիրառելու աննպատակահարմարության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրևենտիվ) բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով10։
14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանում մեղքն ընդունելը և դրա կատարման համար զղջալը, ինչպես նաև Ս.Ծառուկյանի անձը բնութագրող տվյալները՝ երիտասարդ լինելը, աշխատելը, նախկինում դատապարտված չլինելը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել հրազեն հանդիսացող «ПМ» Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2020 թվականի մայիսի 29-ին նա գործադրել է ատրճանակը և 14 կրակոց արձակել Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցի կաթսայատան դռան և մետաղապլաստե, վթարային (պահեստային) դռան ապակու ուղղությամբ,
գ) չնայած այն հանգամանքին, որ Ս.Ծառուկյանը Վերաքննիչ դատարանում մեղքն ընդունել է, սակայն ապօրինի պահվող հրազենն այդպես էլ չի հայտնաբերվել և չի պարզվել դրա ձեռքբերման աղբյուրը, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, էականորեն բարձրացնում է հանցավորի անձի վտանգավորության աստիճանը:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։
17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի անհրաժեշտ է Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Ս.Ծառուկյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սևակ Սամվելի Ծառուկյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հունվարի 22-ի որոշումը փոփոխել։ Սևակ Սամվելի Ծառուկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Սևակ Սամվելի Ծառուկյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 149։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 100-131։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 163-166։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 22-րդ կետը:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: