ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` ԿԴ2/0014/01/19
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
18 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ստեփան Միխաիլի Միրզոևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ պաշտպան Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 20860118 քրեական գործը, որի նախաքննությունը 2018 թվականի նոյեմբերի 14-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում։
2018 թվականի նոյեմբերի 13-ին Ստեփան Միխաիլի Միրզոևը ձերբակալվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով։
2018 թվականի նոյեմբերի 16-ին Ստեփան Միրզոևը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Միրզոևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 1 (մեկ) ամիս ժամկետով, կալանավորման սկիզբը հաշվելով մեղադրյալին փաստացի արգելանքի վերցնելու պահից, որում հաշվակցվել է մեղադրյալի 3 օր արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Ս.Միրզոևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, մերժվել է։
2018 թվականի դեկտեմբերի 14-ին Ս.Միրզոևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2019 թվականի հունիսի 7-ին՝ Ս.Միրզոևին առաջադրված մեղադրանքի մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, վերացվել է, առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
2019 թվականի հունիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հունվարի 19-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Միրզոևը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ ամբաստանյալ Ս.Միրզոևի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, պատժի կրման սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Ս.Միրզոևի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշվել է նաև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ս.Միրզոևի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնել։
3. Պաշտպան Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ս.Միրզոևի պաշտպան Գ.Գրիգորյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները Ս.Միրզոևի մեղքի հարցը գնահատելիս անտեսել են այն փաստը, որ ձեռք բերված ապացույցները հակասական տվյալներ են պարունակում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ապացուցվածության վերաբերյալ, հետևաբար նշված ապացույցները հավաստիության և բավարարության տեսանկյունից չեն համապատասխանում Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված չափանիշներին, ուստի Ս.Միրզոևին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ս.Միրզոևը կատարել է իրեն մեղսագրված արարքը։
Բողոքաբերը գտել է նաև, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, քանի որ մեղադրական եզրակացության մեջ առկա չէ որևէ տեղեկություն առ այն, թե երբ է սկսվել և ավարտվել Ս.Միրզոևին մեղսագրված հանցավոր արարքը, որպիսի պայմաններում խնդիրներ են առաջանում վաղեմության ժամկետի որոշման հարցում, քանի որ այն իր հերթին հնարավորություն կտար Ս.Միրզոևին ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Բացի այդ, մեղադրողը հաստատել է մեղադրական եզրակացությունն այն պայմաններում, երբ դրանում նշված չեն Ս.Միրզոևի անձը բնութագրող տվյալներն ամբողջությամբ, մասնավորապես՝ առողջական վիճակը: Ավելին՝ մեղադրական եզրակացության մեջ չեն նշվել ի պաշտպանություն Ս.Միրզոևի ձեռք բերված ապացույցները:
Նախաքննության ընթացքում քննիչի կողմից չի նշանակվել նաև փորձաքննություն՝ պարզելու համար Ս.Միրզոևի փորձանմուշներում հայտնաբերված կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդները հնարավո՞ր է արդյոք, որ առաջանան վերջինի կողմից ցավազրկող կամ այլ դեղամիջոցների օգտագործման արդյունքում, թե՝ ոչ:
5.1. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանի կողմից խախտվել է նաև Ս.Միրզոևի հակընդդեմ հարցման իրավունքը, քանի որ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հիմքում որպես Ս.Միրզոևին մեղսագրված արարքը հաստատված լինելու հանգամանք նշվել են վկաներ Ա.Եդիգարյանի և Գ.Բուլությանի նախաքննական ցուցմունքները, որոնք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ վերջինները չեն պնդել նշված ցուցմունքները դատարանում և պաշտպանական կողմը զրկված է եղել դատարանում նրանց հարցաքննելու իրավունքից։
5.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև բողոք ներկայացնելուց հետո կատարված օրենսդրական փոփոխությունները։ Մասնավորապես՝ համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 396-րդ հոդվածները, բողոքաբերը եզրահանգել է, որ Ս.Միրզոևին մեղսագրված արարքը նախկինում համարվել է ծանր հանցագործություն, այժմ այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։
5.3. Անդրադառնալով ամբաստանյալ Ս.Միրզոևի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, բողոքաբերը նշել է, որ Ս.Միրզոևը տարեց անձ է, ունի առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ ունեցել է քաղցկեղ, բուժում է ստացել տուբերկուլյոզի դեմ, դրանից հետո վերջինի մոտ հայտնաբերվել է պոլիտրավմա, ինչը հաստատվում է դատարան ներկայացված փաստաթղթերով, որպիսի պայմաններում, բողոքաբերի գնահատմամբ, պատժի նպատակների իրագործման տեսանկյունից հնարավոր է փաստել, որ ամբաստանյալ Ս.Միրզոևի նկատմամբ նշանակվող պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է՝ ամբողջությամբ բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 28-ի որոշումը, ճանաչել և հռչակել Ս.Միրզոևի անմեղությունը՝ համարելով վերջինին անպարտ և արդարացված, կամ ամբողջությամբ բեկանել նշված դատական ակտը և բեկանված մասով վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, կամ որոշում կայացնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Ս.Միրզոևի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ՝ սահմանելով փորձաշրջան։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ստեփան Միրզոևին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, 2018 թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին, իր՝ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի թիվ 21 տան այգում հայտնաբերելով վայրի աճած կանեփի բույսեր, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, նշված բույսերը ամբողջությամբ արմատախիլ անելով դրանք չորացրել է, մանրացնելու եղանակով ապօրինի պատրաստել է քննությամբ չպարզված քանակությամբ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու եղանակով գործածել է, իսկ մնացած մասը՝ ընդհանուր խոշոր չափի՝ 1890,37 գրամ հաստատուն քաշով «կանեփ» և առանձնապես խոշոր չափի՝ 187,066 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցները՝ իր հետագա օգտագործման համար, պահել է իր տան տարբեր հատվածներում, որից 0,3 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրարմիջոցը նրա տանը վերցրել է Արման Եդիգարյանը, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, 0,026 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը պահել է իր գրպանում, ինչը հայտնաբերվել է իր անձնական խուզարկությամբ, իսկ մնացած 186,74 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» և 1890,37 գրամ հաստատուն քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներն էլ 2018 թվականի նոյեմբերի 13-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նրա տանը (…)»1:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով սույն գործով ձեռք բերված ապացույցները և դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ ապացուցված է համարում Ստեփան Միխաիլի Միրզոևին մեղսագրվող արարքը և այն նրա կողմից մեղավորությամբ կատարե[լը]։
(…)
[Դ]ատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով վարույթի ընթացքում՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին և 2018 թվականի նոյեմբերի 20-ին ամբաստանյալ Ստեփան Միրզոևն առերեսվել է վկաներ Արման Եդիգարյանի և Գոհար Բուլությանի հետ, որի ընթացքում ամբաստանյալ Ստեփան Միրզոևին իրավունք է վերապահվել հարցեր տալ իր հետ առերեսվողներին։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վկաներ Արման Եդիգարյանի և Գոհար Բուլությանի տված ցուցմունքների առնչությամբ նրանցից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության բացակայությունը՝ Դատարանը գտնում է, որ վկաներ Արման Եդիգարյանին և Գոհար Բուլությանին դատաքննության ընթացքում չհարցաքննելու պայմաններում ամբաստանյալ Ստեփան Միրզոևի պաշտպանության իրավունքի սահմանափակում տեղի չի ունեցել, հետևաբար՝ վկաների նախաքննական ցուցմունքներն ամբաստանյալ Ստեփան Միրզոևին առաջադրված մեղադրանքի հիմքում դնելու արգելքներ առկա չեն։
ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործով ձեռք բերված ապացույցները և հիմք ընդունելով վկաներ Արման Եդիգարյանի և Գոհար Բուլությանի տված ցուցմունքները, Արման Եդիգարյանին, ինչպես նաև Ստեփան Միրզոևին բերման ենթարկելու և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունները, Ստեփան Միրզոևի բնակարանում խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, դատաքիմիական փորձաքննության թիվ 575 Ք-18, թիվ 576 Ք-18, թիվ 607 Ք-18 և թիվ 18-2662 եզրակացությունները, դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 09-19 եզրակացությունը, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները, Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված է համարում այն, որ Ստեփան Միրզոևը 2018 թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին, իր՝ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի թիվ 21 տան այգում հայտնաբերելով վայրի աճած կանեփի բույսեր, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, նշված բույսերը ամբողջությամբ արմատախիլ անելով դրանք չորացրել է, մանրացնելու եղանակով ապօրինի պատրաստել է քննությամբ չպարզված քանակությամբ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու եղանակով գործածել է, իսկ մնացած մասը՝ զգալի չափի՝ 1890.37 գրամ հաստատուն քաշով «կանեփ» և առանձնապես խոշոր չափի՝ 187,066 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցները՝ իր հետագա օգտագործման համար, պահել է իր տան տարբեր հատվածներում, որից 0.3 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նրա տանը վերցրել է Արման Եդիգարյանը, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, 0.026 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը պահել է իր գրպանում, ինչը հայտնաբերվել է իր անձնական խուզարկությամբ, իսկ մնացած 186.74 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» և 1890.37 գրամ հաստատուն քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներն էլ 2018 թվականի նոյեմբերի 13-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նրա տանը։
Վերոհիշյալի առնչությամբ Դատարանն արձանագրում է նաև, որ Ստեփան Միրզոևին առաջադրված մեղադրանքում նրա կողմից ապօրինի շրջանառված «կանեփ» տեսակի թմրամիջոցի չափի փոփոխմամբ, այն է՝ 1890.37 գրամ հաստատուն քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցը համարելով զգալի չափերի՝ Դատարանը դուրս չի գալիս նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից, ինչպես նաև դրա արդյունքում ամբաստանյալի համար չեն առաջանում անբարենպաստ հետևանքներ։
Անդրադառնալով ամբաստանյալ Ստեփան Միրզոևին առաջադրված մեղադրանքում նրան մեղսագրվող արարքի ավարտման պահը նշված չլինելու հիմնավորմամբ առաջադրված մեղադրանքի անորոշության վերաբերյալ պաշտպան Գ.Գրիգորյանի դիտարկումներին՝ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թմրամիջոցներն ապօրինի պահելը համարվում է տևող հանցագործություն, որի կատարումն ավարտված է համարվում նշված առարկաներն իրավապահ մարմիներին կամովին ներկայացնելու կամ դրանք հայտնաբերելու պահից։
Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ստեփան Միրզոևին առաջադրված մեղադրանքում նշվել է վերջինիս կողմից ապօրինի շրջանառված թմրամիջոցների հայտնաբերման օրը՝ Դատարանը գտնում է, որ Ստեփան Միրզոևին առաջադրված մեղադրանքի անորոշության վերաբերյալ պաշտպան Գ.Գրիգորյանի առարկություններն անհիմն են։
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ստեփան Միրզոևին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և այդ արարքի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, որը նա պետք է կրի։
Անդրադառնալով ամբաստանյալ Ստեփան Միրզոևի անձին, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության հարցերին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
Որպես ամբաստանյալ Ստեփան Միրզոևի անձը բնութագրող հանգամանք Դատարանը հաշվի է առնում, որ նա վատառողջ է, չի աշխատում և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ համարվում է դատվածություն չունեցող։
Դատարանն արձանագրում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված Ստեփան Միրզոևի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ քրեական գործում առկա չեն։
(…)
[Հ]աշվի առնելով Ստեփան Միրզոևի կողմից ապօրինի շրջանառված թմրամիջոցի քանակությունը՝ Դատարանն արձանագրում է, որ վերջինիս մեղսագրվող արարքն օժտված է բարձր հանրային վտանգավորությամբ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով, և հաշվի առնելով ամբաստանյալ Ստեփան Միրզոևի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում՝ նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ տարիքը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար պատիժ է սահմանված բացառապես ազատազրկման ձևով, գալիս է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով՝ 2 (երկու) տարի ժամկետով։
(…)
ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով ամբաստանյալ Ստեփան Միրզոևի նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին և հաշվի առնելով նրա կատարած արարքի՝ հանրային վտանգավորության բարձր աստիճանը և բնույթը, Դատարանն արձանագրում է, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից հնարավոր չէ փաստել, որ ամբաստանյալ Ստեփան Միրզոևի նկատմամբ նշանակվող պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը բացակայում է և ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու: Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ստեփան Միրզոևի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, հետևաբար՝ պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու նպատակով Ստեփան Միրզոևը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (…)»2:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(…) Առաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված՝ քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, և Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը հաստատում է ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու փաստը:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել դատարանում հարցեր ուղղել վկաներ Արման Արթուրի Եդիգարյանին և Գոհար Հարությունի Բուլությանին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ և ողջամիտ գործողություններ է կատարել վկաների ներկայությունն ապահովելու և հարցաքննելու ուղղությամբ, այդ թվում՝ ուղարկել համապատասխան ծանուցագրեր, ստացել սահմանահատումների պատմությունը (տե՛ս, քրեական գործ հատոր 4, թերթ 104), համապատասխան հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը (տե՛ս, քրեական գործ հատոր 4, թերթ 63,69,), սակայն դա անել չի հաջողվել, քանի որ քրեական գործով դատաքննության փուլում չի հաջողվել վկաներին հանձնել ծանուցագրեր կամ առհասարակ հայտնաբերել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դեռևս նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի և վկաների միջև կատարվել են առերեսումներ, որոնց ժամանակ ըստ էության պաշտպանական կողմը կարողացել է իրացնել վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը՝ հրաժարվելով հարցեր ուղղել վկաներին (տե՛ս, քրեական գործ, հատոր 1, թերթ 73-75, 109-112):
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հիմնավոր չեն Բողոքաբերի այն պնդումները, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածով նախատեսված պահանջներին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանում պատշաճ կերպով արտացոլված են մեղադրյալին բնութագրող հանգամանքները, վերջինիս մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները:
(…)
[Ա]նդրադառնալով ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, ընտանեկան դրությունը, գտնում է, որ նշանակված պատժի միայն ռեալ (իրական) կիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը։
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրևենտիվ) բնույթը չի կարող հաղթահարված համարվել ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի նկատմամբ նշանակված սանկցիայի նվազագույն չափով նշանակված պատժում, ինչպես նաև նրա կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ հետևություններում:
Վերը նշված եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա չեն օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և նման պարագայում վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները:
(…)
[Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ստեփան Միխաիլի Միրզոևի նկատմամբ նշանակվել է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործության սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափը, հետևաբար նոր օրենսդրությանը հետադարձ ուժ տալու անհրաժեշտությունը բացակայում է: (…)»3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս.Միրզոևի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ս.Միրզոևի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքում Ս.Միրզոևի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում Ս.Միրզոևի մեղքը հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են գործով ձեռք բերված և դատական ակտերում շարադրված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այն է՝ ամբաստանյալ Ս.Միրզոևի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, վկաներ Ա.Եդիգարյանի և Գ.Բուլությանի նախաքննական ցուցմունքներով, Ս.Միրզոևի և Ա.Եդիգարյանի, ինչպես նաև Ս.Միրզոևի և Գ.Բուլությանի առերես հարցաքննությունների արձանագրություններով, Ս.Միրզոևին պատկանող՝ Արզնի գյուղի 5-րդ փողոցի 21-րդ տանը խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, Ա.Եդիգարյանին, ինչպես նաև Ս.Միրզոևին բերման ենթարկելու և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություններով, դատաքիմիական փորձաքննության թիվ 575 Ք-18, թիվ 576 Ք-18, թիվ 607 Ք-18 և թիվ 18-2662 եզրակացություններով, դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 08-19 եզրակացությունով, ինչպես նաև՝ իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցներով4։
12.1. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով բողոքաբերի փաստարկին առ այն, որ ամբաստանյալ Ս.Միրզոևը հնարավորություն չի ունեցել իրացնելու իր դեմ ցուցմունք տված անձանց՝ վկաներ Ա.Եդիգարյանին և Գ.Բուլությանին հարցեր ուղղելու իր իրավունքը, որպիսի պարագայում պաշտպանության կողմի հակընդդեմ հարցման իրավունքը խախտվել է5, Վճռաբեկ դատարանը Արտուշ Ղուլյանի գործով որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում6՝ նախ հարկ է համարում նկատել, որ Ս.Միրզոևը նախաքննության փուլում առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձանց՝ վկաներ Ա.Եդիգարյանի և Գ.Բուլությանի հետ7։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում վկաներ Ա.Եդիգարյանի և Գ.Բուլությանի ցուցմունքները Ս.Միրզոևի մեղքը հիմնավորող միակ կամ վճռորոշ ապացույցները չեն, դրանց ապացուցողական կշիռն աննշան է, և առկա է հակակշռող բավարար գործոն` գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում վերլուծված այլ հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որոնցով հաստատվում է ամբաստանյալ Ս.Միրզոևի մեղավորությունը։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ս.Միրզոևի մեղքը հիմնավորելու համար վկաներ Ա.Եդիգարյանի և Գ.Բուլությանի նախաքննական ցուցմունքների օգտագործումն ընդհանուր առմամբ չի հանգեցնում քրեական վարույթի անարդարացիության և չի խախտում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը։
13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ս.Միրզոևի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:
14. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով ամբաստանյալին մեղսագրվող արարքը նախատեսող հոդվածում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերոնշյալ փոփոխություններն ամբաստանյալ Ս.Միրզոևի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցին։
14.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Ս.Միրզոևին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Մասնավորապես՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(…)
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(…)
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Մեջբերված նորմերի համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի համեմատ, մեղմացել է՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նախատեսելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում, դրանով իսկ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը այժմ դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Հետևաբար, հաշվի առնելով, որ նոր քրեական օրենսգիրքը մեղմացնում է Ս.Միրզոևին վերագրվող արարքի պատժելիությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի ուժով, Ս.Միրզոևին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրված հանցավոր արարքը պետք է որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նոր օրենսդրությանը հետադարձ ուժ տալու անհրաժեշտության բացակայությունը պայմանավորել է Ս.Միրզոևի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործության սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափը նշանակված լինելու փաստով, անտեսելով այն հանգամանքը, որ հետադարձության հիշատակված կանոնի համաձայն՝ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ և տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած բոլոր այն անձանց վրա, որոնց վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
15. Անդրադառնալով բողոքաբերի այն պնդումներին, որ մեղադրական եզրակացության մեջ արարքի կատարման ժամանակը նշված չլինելու պայմաններում խնդիրներ են առաջանում վաղեմության ժամկետի որոշման հարցում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ ամբաստանյալին վերագրվող տևող հանցանքն ավարտվել է թմրամիջոցները հայտնաբերելու պահից, ինչը տվյալ դեպքում առկա է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին։
Ավելին՝ ամբաստանյալ Ս.Միրզոևին վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ բողոքաբերի պնդումները գնահատելով Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով արտահայտված դիրքորոշումների8 լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ս.Միրզոևին վերագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի վերաբերելի նորմերի համադրված վերլուծությունը վկայում է այն մասին, որ նոր օրենսդրությունը Ս.Միրզոևի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի, ուստի բողոքաբերի պնդումները նշված մասով ևս անհիմն են։
16. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով նաև ամբաստանյալ Ս.Միրզոևի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների9 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Ս.Միրզոևի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ տարիքը, քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով Ս.Միրզոևի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա հաշվակցելով 2018 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինի արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով։
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.3.-րդ կետում բարձրացված՝ Ս.Միրզոևի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Միրզոևի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական տվյալները, մեղսագրված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, այդ թվում՝ թմրամիջոցի չափը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները՝ տարիքը և առողջական վիճակը, հանգել են հիմնավորված հետևության, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրագործմանը:
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական օրենքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու համար։ Արդյունքում, անհրաժեշտ է ամբաստանյալ Ս.Միրզոևին մեղսագրված հանցավոր արարքը որակել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա հաշվակցելով 2018 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում վերջինի արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով։
19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ստեփան Միխաիլի Միրզոևի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունվարի 19-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 28-ի որոշումը փոփոխել:
2. Ստեփան Միխաիլի Միրզոևի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա Ստեփան Միխաիլի Միրզոևի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցել արգելանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիսը, և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվել Ստեփան Միխաիլի Միրզոևին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
__________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 259-260։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 52-74։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 114-135:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 10-11, 19-20, 21-23, 32-37, 47-49, 51-60, 68-75, 82-83, 109-112, 118-119, 134-136, 191-192, 223-229, 232-233, և դատական նիստերի արձանագրությունները։
5 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը։
6 Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) ենթարկելու իրավունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշումը:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 73-75, 109-112։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|