ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ա. Մելիքսեթյան |
ԵԴ/1157/01/19 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
11 հուլիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր
ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ռուստամ Ռաֆայելի Շավալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա
Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11197619 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Էռնա Ազոյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ռուստամ Շավալյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ռուստամ Շավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամանակով:
2019 թվականի հոկտեմբերի 14-ին Ռ.Շավալյանը հայտնաբերվել է, ձերբակալվել, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
2019 թվականի հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, վերահաստատել է Ռուստամ Շավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, որի ժամկետը հետագայում երկարացվել է:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճռով, Ռուստամ Շավալյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրվող արարքը վերաորակել է և վերջինիս մեղավոր է ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 191-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում` 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով:
Նույն դատական ակտով ամբաստանյալ Ռ․Շավալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և նա ազատ է արձակվել արգելանքից:
3. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Հ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ, նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել և կիրառվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը, ինչի արդյունքում հանցանք կատարած անձը դատապարտվել է նվազ ծանրության հանցանքի կատարման համար, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է բեկանման։
Բողոքի հեղինակը, անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքը որակյալ դարձնող հատկանիշին, նշել է, որ «մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա կամ միջոց» հասկացության ներքո պետք է հասկանալ այն կենցաղային նշանակության առարկաները, որոնց կիրառմամբ հանցավորը կարող է վնաս պատճառել տուժողի առողջությանը, ինչպես նաև այն առարկաները, որոնք զենք չեն հանդիսանում արտադրման կամ պատրաստման պահին կամ ի սկզբանե առողջությանը վնաս պատճառելու հատկություն չունեն, բայց նախապես՝ մինչև հանցանք կատարելը, հարմարեցվել են այդպիսի հատկանիշ ձեռք բերելու համար։
Բողոքաբերը, անդրադառնալով դանակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի իմաստով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա հանդիսանալու հարցին, նշել է, որ այն, ի սկզբանե, ունի անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն, և հանցավորի կողմից այն նախապես հարմարեցնելու կամ պատրաստելու անհրաժեշտությունը բացակայում է։ Հետևաբար, եթե հանցավորն արարքը կատարում է դանակի գործադրմամբ, արդեն իսկ ենթադրվում է, որ անձն օգտագործում է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկա, և դանակը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը չի նույնանում հանցավորի կողմից այն նախապես վերցնելու հետ։
Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված ծանրացնող հանգամանքը։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առանց վկաներ Ստյոպա Խուդոյանի և Արտյոմ Սարգսյանի նախաքննական ցուցմունքների՝ չի հաստատվում այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռուստամ Շավալյանը դանակը նախապես վերցրել է, այսինքն՝ նախապես այն պատրաստել է կամ հարմարեցրել, որպիսի պարագայում եկել է այն եզրահանգման, որ վկաների հիշյալ նախաքննական ցուցմունքներն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում չդնելու պայմաններում, ամբաստանյալ Ռուստամ Շավալյանին մեղսագրվող արարքը չի կարող որակվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքով։
Մինչդեռ, ըստ բողոքաբերի, ամբաստանյալ Ռուստամ Շավալյանի արարքը ծանրացնող հանգամանքով որակելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ հաստատվեր գործադրված դանակն ամբաստանյալի կողմից նախապես վերցված լինելու հանգամանքը։ Բացի այդ, բացի վկաներ Ստյոպա Խուդոյանի և Արտյոմ Սարգսյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների, Ռուստամ Շավալյանի կողմից որպես զենք օգտագործվող առարկա հանդիսացող դանակի գործադրմամբ մարդուն առևանգելու մասին հայտնել են նաև տուժող Է․Ազոյանը և վկա Ա.Ավդալյանը։ Այսինքն՝ ամբաստանյալ Ռուստամ Շավալյանի արարքում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ծանրացնող հանգամանքի առկայությունը փաստվում է վիճարկվող իրադարձություններին անմիջականորեն ականատես վկա Ա.Ավդալյանի և տուժողի ցուցմունքներով, որոնք բավարար են հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու Ռուստամ Շավալյանի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի՝ դանակի գործադրմամբ առևանգման հանցակազմի առկայությունը։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ռուստամ Շավալյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար․ «[Ն]ա, առևանգում կատարելու դիտավորությամբ, 2019 մայիսի 31-ին, ժամը 11-ի սահմաններում քննությամբ չպարզված տաքսի ավտոմեքենայով իր ընկերներ Ստյոպա Խուդոյանի և ոմն Արտյոմի հետ միասին գնացել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 70 հասցեի մոտ, խնդրել վարորդին կայանել նշված հասցեի մոտակայքում կանգնած մարմնավաճառությամբ զբաղվող Էռնա Ազոյանի և Աստղիկ Ավդալյանի մոտ, որից հետո միայնակ իջնելով ավտոմեքենայից և իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող առարկա հանդիսացող դանակը ցուցադրելով՝ Է.Ազոյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն դրել է վերջինիս երիկամի շրջանին, այնուհետև միմյանց հետ զվարճանալու նպատակով հրահանգել է նրան նստել տաքսի ավոմեքենան և գնալ իր մատնանշած վայր: Այդ ամենից դրդված Էռնա Ազոյանն իր կամքին հակառակ նստել է տաքսի ավտոմեքենան, որից հետո Ռուստամ Շավալյանն ուղղորդելով վարորդին վարել դեպի Երևան քաղաքի Հին Երևանցի փողոց՝ Է.Ազոյանին կտրել է իր միկրոսոցիալական վայրից և տեղափոխել նշված վայր` այդ կերպ բացահայտ առևանգելով նրան (…)»1։
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Դատաքննությամբ հետազոտվել են հետևյալ ապացույցները. (...) Վկա Ա.Ավդալյանի դատաքննական ցուցմունքն այն մասին, որ «(...) Դեպքի օրն ինքը և Էռնա Ազոյանը կանգնած են եղել, երբ տաքսիով երեք հոգի եկել են իրենց մոտ, ինչից հետո Ռուստամ Շավալյանը մոտեցել է իրեն: Այդ ժամանակ Էռնա Ազոյանն իրենից մի քիչ հեռու է կանգնած եղել, այնուհետև մոտեցել է իրենց և հանդիմանել Ռուստամ Շավալյանին, թե ինչու է իր հետ այդպես խոսում: Ինչից հետո նկատել է, թե ինչպես է Ռուստամ Շավալյանն իր վերնաշապակի ներսից Էռնա Ազոյանի երիկամի հատվածում դանակի նմանվող իր պահում և ստիպում, որպեսզի վերջինս նստի ավտոմքենան: Ռուստամ Շավալյանն Էռնա Ազոյանին նստեցրել է ավտոմեքենան և տարել: (…)»։
Ամբաստանյալը միջնորդեց հրապարակել վկա Ա.Ավդալյանի նախաքննական ցուցմունքները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգի պահպանմամբ հրապարակվել է վկա Ա.Ավդալյանի նախաքննական ցուցմունքները, որոնց համաձայն՝ «(...) 2019 թվականի մայիսի 31-ին՝ առավոտյան, Էռնա Ազոյանի հետ գտնվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող «Նաիրիտ» գործարանի մոտ: Այդ ժամանակ իրենց մոտ է կայանվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է Ռուստամը և մոտեցել իրեն ու հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին: Այդ պահին Էռնա Ազոյանը, ով փոքր ինչ հեռու է կանգնած եղել, մոտեցել է Ռուստամին և վերջինիս հորդորել իրեն հանգիստ թողնել: Նրանք լեզվակռիվ են ունեցել, որի ժամանակ Ռուստամն իր մոտ գտնվող դանակը դրել է Է.Ազոյանի երիկամի հատվածին և ասել, որ որտեղ հրահանգի վերջինս պետք է գնա, հակառակ պարագայում կվնասի նրան: Է.Ազոյանը վախենալով այդ ամենից՝ նստել է նշված ավտոմեքենան ու վերջիններս հեռացել են: Հետագայում Է.Ազոյանից տեղեկացել է, որ Ռուստամը նրան տարել է Հին Երևանցու փողոց, որտեղից նա մի կերպ զանգահարել է դստերը և տեղեկացրել, որ առևանգվել է, ով իր հերթին այդ մասին հայտնել է ոստիկանությանը (...)»:
Վկա Ա.Ավդալյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում որևէ մեկը չի ազդել իր կողմից տրվող ցոցմունքի ճշմարտացիության վրա:
Մահվան փաստի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգի պահպանմամբ հրապարակվեցին վկաներ Ստյոպա Խուդոյանի և Արտյոմ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները: Ստյոպա Խուդոյանի նախաքննական ցուցմունքն այն մասին, որ «(...) շուրջ 6 ամիս է ինչ ճանաչում է Ռուստամ Շավալյանին, նրա հետ ունի մտերիմ հարաբերություններ: 2019 թվականի մայիսի 31-ին հանդիպել է Ռուստամ Շավալյանին, որից հետո վերջինիս հետ գնացել է Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող իր բնակության վայր, որտեղ ալկոհոլ են օգտագործել: Իր բնակության վայրից պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Բագրարտունյաց փողոց, որտեղից իրենց է միացել Ռուստամի ընկեր Արտյոմը: Նախքան այդ Ռուստամի խնդրանքի համաձայն նրան է տվել իր մոտ գտնվող դանակը: Ռուստամը վարորդին հրահանգել է վարել «Տեցի Կռուգ» կոչվող վայր: Հասնելով նշված վայր՝ դանակը ձեռքին Ռուստամն իջել է ավտոմեքենայից և մոտեցել է փողոցում կանգնած երկու մարմնավաճառների: Ինքը և Արտյոմը ավտոմեքենայից չեն իջել: Քիչ անց մարմնավաճառ Էռնան Ռուստամի հետ նստել է ավտոմեքենան, որի ժամանակ դանակը եղել է Ռուստամի ձեռքում: Վերջինս հրահանգել է վարորդին գնալ դեպի Հին Երևանցու փողոց: Հասնելով նշված փողոց՝ ինքը, Ռուստամը և Էռնան իջել են ավտոմեքենայից, իսկ վարորդը և Արտյոմը հեռացել են: Ինքը փոքր ինչ հեռու է գնացել Էռնայից և Ռուստամից, որից քիչ հետո եկել են ոստիկանները, որի ժամանակ Ռուստամը դանակը տվել է իրեն, ինչից հետո էլ իրենց տարել են ոստիկանության բաժին (...)»:
Արտյոմ Սարգսյանի նախաքննական ցուցմունքն այն մասին, որ «(...) շուրջ երկու տարի է ինչ ճանաչել է Ռուստամ Շավալյանին, նրա հետ ունեցել է մոտ հարաբերություններ: Ճանաչել է նաև Ստյոպին: 2019 թվականի մայիսի վերջերին՝ ստույգ օրը չի հիշում, առավոտյան կողմերը գտնվել է առաջին մասի տարածքում: Այդ ժամանակ իրեն է զանգահարել Ռուստամը և հարցրել, թե որտեղ է: Նրան հայտնել է, որ գտնվում է առաջին մասում և պատրաստվում է գնալ աշխատանքի, ով հայտնել է, որ քիչ հետո կգան տաքսի ավտոմեքենայով իրեն վերցնելու, իրեն կտանեն աշխատանքի վայր, բացի այդ, ասել է նաև, որ տաքսի ծառայության գումարն էլ վճարել է: Քիչ անց «Օպել» մակնիշի ավտոմեքենայով եկել են իր գտնվելու վայր: Ռուստամն իջել է առջևից և նստել հետևը, իսկ ինքը նստել է վարորդի կողքին: Դրանից հետո Ռուստամը վարորդին ասել է, որ գնան «Տեցի կռուգ» կոչվող վայրի կողմ: Այնտեղ գնալու ժամանակ Ռուստամը Ստյոպի ձեռքում գտնվող դանակը վերցրել է իր մոտ: Երբ հասել են նշված վայր, Ռուստամն իջել է ավտոմեքենայից և գնացել: Քիչ հետո մի մարմնավաճառի հետ եկել նստել են մեքենայի հետնամասում: Ռուստամը վարորդին հրահանգել է վարել դեպի «Օպերայի» կողմ: Այնտեղ գնալու ճանապարհն Ռուստամի ձեռքում է գտնվել Ստյոպի դանակը, որը թափահարելիս է եղել: Դրանից հետո հասել են Հին Երևանցի փողոց, որտեղ Ռուստամը, Ստյոպան և մարմնավաճառը իջել են ավտոմեքենայից, որից հետո ինքն այդ նույն տաքսի ավտոմեքենայով գնացել է Մոսկովյան փողոց (...)»:
(...)
Հաշվի առնելով, որ սպառվել էին տուժողին դատական նիստին ներկայացնելու միջոցները (Դատարանի կողմից կայացվել էին նաև բերման ենթարկելու մի շարք որոշումներ), հրապարակվեց տուժող Էռնա Ազոյանի նախաքննական ցուցմունքն այն մասին, որ «(...) 2019 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 10-ից 11-ի սահմաններում, Աստղիկ Ավդալյանի հետ գտնվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող «Նաիրիտ» գործարանի մոտակայքում: Այդ ժամանակ իրենց մոտ կայանվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է մի տղամարդ, ում անունը Ռուստամ է: Վերջինս մոտեցել է Ա.Ավդալյանին, զրույց վարել նրա հետ, որի ժամանակ հայհոյել է նրան: Ինքը մոտեցել է Ռուստամին և հորդորել, որ չհայհոյի Ա.Ավդալյանին: Դրանից հետո Ռուստամը մոտեցել է իրեն, և դանակի շեղբը դնելով երիկամի շրջանին` ասել է, որ նստի ավտոմեքենան, հակառակ դեպքում կվնասի: Վախենալով այդ ամենից` նստել է ավտոմեքենայի հետնամասի նստատեղին, որտեղ նստած է եղել մի տղամարդ: Ռուստամը նույնպես նստել է հետնամասում, իսկ առջևում նստած է եղել ևս մի տղամարդ: Դրանից հետո Ռուստամը վարորդին հրահանգել է վարել դեպի Հին Երևանցու փողոց, որտեղ հասնելուն պես ինքը, Ռուստամը և հետնամասում նստած տղամարդն իջել են մեքենայից, իսկ վարորդն ու առջևում նստած տղամարդը հեռացել են: Ռուստամի ձեռքին դանակ է եղել, որից վախենալով փախուստի փորձ չի կատարել, բացի այդ էլ հագին եղել է բարձրակրունկներով կոշիկներ և հասկացել է, որ դրանցով չի կարող վազել և փախչել: Թաքուն զանգահարել է դստերը և հայտնել, որ վերջինս զանգահարի ոստիկանություն և հայտնի, որ իրեն առևանգել են: Երբ եկել են ոստիկանության աշխատակիցները, Ռուստամն իր մոտ գտնվող դանակը տվել է ընկերոջը, որից հետո նրանց տարել են ոստիկանության բաժին (...)»:
(...) [Վ]կաներ Ստյոպա Խուդոյանի և Արտյոմ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները չեն կարող դրվել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում: Դատարանի նշված դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն դեպքում վկաների ցուցմունք[ներ]ը վճռորոշ են առևանգման ծանրացնող հանգամանքը (հատկապես հանցագործության գործիքի նախապես հարմարեցված կամ պատրաստված լինելու առումով) փաստելու համար, բացի այդ, ամբաստանյալ Ռ.Շավալյանը նախաքննության ընթացքում հնարավորություն չի ունեցել հարցեր ուղղել իր դեմ ցուցմունք տվող վկաների (առերեսումներ չեն կատարվել): Հետևաբար Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովված չլինելու պայմաններում վճռորոշ փաստական տվյալները (Ս․Խուդոյանի և Ա.Սարգսյանի ցուցմունքները) չեն կարող դրվել առաջադրված մեղադրանքի հիմքում:
Անդրադառնալով մյուս վկաների ցուցմունք[ներ]ի՝ մեղադրանքի հիմքում դնելու հարցին, Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը հրաժարվել է Հ․Մաթևոսյանի, Ա․Ղազարյանի և վկաների հակընդդեմ հարցման իրավունքից, գտնում է, որ դրանք կարող են դրվել մեղադրանքի հիմքում:
Անդրադառնալով վկա Աստղիկ Ավդալյանի ցուցմունքին, Դատարանն արժանահավատ է համարում վկայի նախաքննական ցուցմունքը, քանզի այն հնարավոր է հավաստել նաև տուժողի ցուցմունքով:
Անդրադառնալով տուժող Է.Ազոյանի նախաքննական ցուցմունքը մեղադրանքի հիմքում դնելու հարցին, Դատարանն արձանագրում է, որ նախ՝ առևանգման փաստի վերաբերյալ տուժողի ցուցմունքը միակը չէ, բացի այդ, ամբաստանյալի կոնֆրոնտացիայի իրավունքը մասամբ իրացվել է առերեսման ժամանակ, հետևաբար տուժողի ցուցմունքը կարող է դրվել մեղադրանքի հիմքում:
(...) Դատարանը, (...) արձանագրում է, որ Ռ.Շավալյանին մեղսագրվող արարքը ենթակա է վերաորակման (...)
[Ի] տարբերություն նախորդ կարգավորումների՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելը, նոր նյութական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ որպես առևանգման ծանրացնող հանգամանք, բացի այդ, նոր Քրեական օրենսգրքով միայն առարկայի կամ միջոցի գործադրումը դեռևս բավարար չէ արարքն այդ ծանրացնող հանգամանքով որակելու համար, քանզի նոր օրենսգրքի պայմաններում արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար բացի գործադրման փաստից, անհրաժեշտ են նաև այլ փաստեր հանցավորի կողմից դրանք մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստելու կամ հարմարացնելու վերաբերյալ: Այլ կերպ՝ [ՀՀ գործող քրեական օրենսգիրքը], որպես արարքի հանցավորությունը մասնակի վերացնող օրենքը, հետադարձ ուժ ունի և կիրառելի է Ռ. Շավալյանի մեղսագրվող արարքին իրավական գնահատական տալիս:
Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտված ապացույցները բավարար չեն արձանագրելու ամբաստանյալի կողից օգտագործվող առարկայի մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելու մասին, իսկ մյուս ծանրացնող հանգամանքը բացակայում է նոր օրենսգրքով, արձանագրում է, որ Ռ. Շավալյանի արարքը ենթակա է վերաորակման [ՀՀ գործող քրեական օրենսգրքի] 191-րդ հոդվածի 1-ին մասով (…)»2։
9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանի արձանագրումը, որ վկաների ցուցմունք[ներ]ը վճռորոշ են առևանգման ծանրացնող հանգամանքը (հատկապես հանցագործության գործիքի նախապես հարմարեցված կամ պատրաստված լինելու առումով) փաստելու համար, բացի այդ, ամբաստանյալ Ռ.Շավալյանը նախաքննության ընթացքում հնարավորություն չի ունեցել հարցեր ուղղել իր դեմ ցուցմունք տվող վկաների (առերեսումներ չեն կատարվել) և հետևությունն առ այն, որ ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովված չլինելու պայմաններում վճռորոշ փաստական տվյալները՝ Ս.Խուդոյանի և Ա.Սարգսյանի ցուցմունքները չեն կարող դրվել առաջադրված մեղադրանքի հիմքում, հիմնավոր է, բխում է քրեական վարույթի նյութերով ու Եվրոպական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումներից:
(...)
(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նոր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված զենքի գործադրմամբ կատարվող առևանգման հետ։ Մասնավորապես, ի տարբերություն նախորդ կարգավորումների՝ միայն առարկայի կամ միջոցի գործադրումը դեռևս բավարար չէ արարքը ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ են նաև այլ փաստեր հանցավորի կողմից այդ առարկան կամ գործիքը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու վերաբերյալ։
Այլ կերպ՝ արարքը նշված ծանրացնող հատկանիշով որակելու համար պետք է հաստատվի, որ հանցավորն այն վերցրել՝ նախապես պատրաստել է տվյալ հանցագործությունը կատարելու դիտավորությամբ: Մինչդեռ նման հետևության կարելի է հանգել միայն վկաներ Ս.Խուդոյանի և Ա.Սարգսյանի նախաքննական ցուցմունքներով, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևությունը՝ հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված վկաների ցուցմունքները՝ Ռ.Շավալյանի արարքը որակյալ՝ ծանրացնող հատկանիշով որակելու համար վճռորոշ լինելու և ըստ էության՝ քրեական գործում դրանց հակակշռող բավարար գործոնների բացակայության վերաբերյալ հիմնավոր է:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Առաջին ատյանի դատարանի հետևությունը՝ Ռ.Շավալյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով որակելու և նրան նշված արարքում մեղավոր ճանաչելու մասին, հիմնավոր է, բավարար չափով պատճառաբանված»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ռուստամ Շավալյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք):
10. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարդուն առևանգելու հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Ռուստամ Շավալյանի արարքում առևանգման հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(…)
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
(…)
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(...)
7) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ (…)»:
ՀՀ գործող և նախկին քրեական օրենսգրքերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկին օրենսգրքի բազմաթիվ հանցակազմերում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված՝ հանցանքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարելու որակյալ հատկանիշն էական բովանդակային փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսդրության շրջանակներում կարևորվել է առարկայի կամ միջոցի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելու հանգամանքը։
12. Հարկ է նկատել, որ համանման կարգավորում էր նախատեսված նաև 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մասով, որն ուժը կորցրել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից։ Մասնավորապես, վերոնշյալ նորմով որպես խուլիգանության ծանրացնող հանգամանք էր նախատեսված խուլիգանությունը հրազենի կամ դանակի, կաստետի կամ այլ սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ կամ դրանց գործադրման փորձով կատարելը։
Խուլիգանության վերոնշյալ ծանրացնող հանգամանքը համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ խուլիգանությունը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարելու որակյալ տեսակի հետ՝ Վճռաբեկ դատարանը Սերյոժա Հովակիմյանի գործով արձանագրել է հետևյալը. «[2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշ է արարքը «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» կատարելը։
Մինչ այդ գործող օրենսդրությամբ, այն է՝ ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքով տվյալ հանցակազմի ձևակերպումն այլ էր։ Այդ օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մասում (վերջին խմբագրություն) օգտագործվում էր «հրազենի կամ դանակի, կաստետի կամ սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրում» արտահայտությունը։
Ինչպես երևում է, գործող և նախկին քրեական օրենսգրքերը ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանության հանցակազմի քննարկվող հատկանիշը նկարագրելիս օգտագործում են տարբեր ձևակերպումներ. մեկը՝ «որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում» (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդված), իսկ մյուսը՝ «մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված առարկաների գործադրում» (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 222-րդ հոդված)։
Դատարանը գտնում է, որ նշված ձևակերպումների միջև առկա է ոչ միայն խմբագրական (ոչ նորմատիվային), այլև նորմատիվային տարբերություն. ՀՀ նոր քրեական օրենսգրքի 258 հոդվածի տեքստից բացակայում է մարմնական վնասվածքներ հասցնելու (կենդանի նշանակետ խոցելու) համար օգտագործվող առարկայի այն հատկանիշը, որ դա պետք է հատուկ հարմարեցված լինի մարմնական վնասվածքներ հասցնելու համար։
Հետևաբար 2003 թվականի օգոստոսի 1-ից` նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, արարքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ չէ, որ այդ առարկաները հատուկ հարմարեցված լինեն. դրանք կարող են վերցված լինել նաև դեպքի վայրում։
Քննարկվող իրավանորմի դիսպոզիցիայի կառուցվածքից որպես զենք օգտագործվող առարկաների՝ հատուկ հարմարեցված լինելու հատկանիշի դուրս բերումը պետք է գնահատել որպես խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրի մոտեցման ակնհայտ փոփոխություն՝ պայմանավորված դեպքի վայրում վերցված առարկաները որպես զենք օգտագործելու հետ զուգորդված խուլիգանության հանրային վտանգավորության վերագնահատմամբ։ Եթե նախկինում դրա աստիճանը գնահատելիս օրենսդիրն էական նշանակություն էր տալիս որպես զենք օգտագործվող առարկայի գործադրման վաղօրոք ծագած դիտավորությանը, ապա ներկայում առավել էական է ինքնին գործադրման փաստը։ Այսպիսով, օրենսդրի դիրքորոշման փոփոխության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ խուլիգանության արդյունքում խաթարվող հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես պայմանավորված չէ այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը՝ որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ հարմարեցված է, թե ոչ, և այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից (…)»4։
13. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետերում իրականացված վերլուծությունը և մեջբերված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ գործող քրեական օրենսդրության շրջանակներում որպես հանցակազմը ծանրացնող հանգամանք դիտարկելով կոնկրետ հանցանքը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելը, ի համեմատություն ՀՀ նախկին քրեական օրենսդրության, նեղացրել է վերոնշյալ որակյալ հանգամանքի բովանդակությունը։ Մասնավորապես, եթե նախկինում արարքը ծանրացնող հանգամանքով որակելու համար ինքնին բավարար էր որպես զենք օգտագործվող առարկաների գործադրման փաստը, ապա կատարված փոփոխության պայմաններում, անհրաժեշտ է ոչ միայն հավաստել անձի կողմից համապատասխան առարկան կամ միջոցը գործադրելու, այլև դրանք մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու հանգամանքը։
Օրենսդրի վերոնշյալ մոտեցման հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հանցանքը նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելն է իրականում վկայում հանցավորի անձի բարձր վտանգավորության մասին, այլ ոչ թե պարզապես որպես զենք օգտագործվող առարկաների գործադրումը, երբ համապատասխան առարկան կարող է վերցվել նաև դեպքի վայրից5։
14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը, ինչպես նաև վերհանելով կատարված փոփոխության բովանդակությունը և օրենսդրի նպատակը, ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգտագործումը, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար որոշակի նախապատրաստական գործողությունների իրականացումը, այն է՝ առարկան կամ միջոցը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը։ Այլ կերպ՝ արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը և վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին։
Մասնավորապես, վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարևոր է, որ վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է՝ պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը։ Հաշվի առնելով «պատրաստել» կամ «հարմարեցնել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում։ Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որևէ ներգործության իրականացում՝ լրիվ կամ մասնակի կառուցվածքային փոփոխության ենթարկում, կարգավորում կամ ձևափոխում, որպեսզի դրանք առավել արդյունավետ կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ՝ մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը և այլն)։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հանցագործության նախապատրաստության ինստիտուտի վերլուծության շրջանակներում համանման դիրքորոշում է արտահայտել հանցագործության գործիքները կամ միջոցները հարմարեցնելու հասկացության վերաբերյալ՝ փաստելով, որ հանցագործության գործիքները և միջոցները հարմարեցնել է համարվում դրանց կառուցվածքի և ձևի այնպիսի փոփոխությունը, որն անհրաժեշտ է հանցավոր ոտնձգությունն իրականացնելու համար6:
14.1. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման 11-14-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ առևանգումը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Ռուստամ Շավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր մոտ գտնվող՝ որպես զենք օգտագործվող առարկա հանդիսացող դանակը ցուցադրելով, Է.Ազոյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրել է այն տուժողի երիկամի շրջանին, այնուհետև միմյանց հետ զվարճանալու նպատակով հրահանգել է նրան նստել տաքսի ավոմեքենան և գնալ իր մատնանշած վայր, ինչի արդյունքում Է․Ազոյանին իր կամքին հակառակ կտրել է իր միկրոսոցիալական միջավայրից և տեղափոխել Երևան քաղաքի Հին Երևանցի փողոց` այդ կերպ բացահայտ առևանգելով նրան7։
- Առաջին ատյանի դատարանը Ռուստամ Շավալյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրված արարքը համապատասխանեցրել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասին՝ արձանագրելով, որ նշված օրենսգրքով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով առևանգում կատարելն առհասարակ նախատեսված չէ որպես ծանրացնող հանգամանք, իսկ ինչ վերաբերում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ առևանգմանը, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների պայմաններում միայն առարկայի կամ միջոցի գործադրումը դեռևս բավարար չէ արարքն այդ ծանրացնող հանգամանքով որակելու համար, քանզի բացի գործադրման փաստից, պետք է լինեն նաև տվյալներ հանցավորի կողմից դրանք մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու վերաբերյալ: Մինչդեռ, հետազոտված ապացույցները բավարար չեն արձանագրելու ամբաստանյալի կողմից գործադրված առարկայի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելու մասին8:
- Վերաքննիչ դատարանն իր հերթին ընդգծել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների, ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ միայն առարկայի կամ միջոցի գործադրումը դեռևս բավարար չէ արարքը ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ են նաև փաստեր՝ հանցավորի կողմից այդ առարկան կամ գործիքը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու վերաբերյալ, այսինքն՝ տվյալներ առ այն, որ անձն առարկան կամ գործիքը նախապես պատրաստել է տվյալ հանցագործությունը կատարելու դիտավորությամբ։ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ սույն գործով նման հետևության կարելի էր հանգել միայն վկաներ Ս.Խուդոյանի և Ա.Սարգսյանի նախաքննական ցուցմունքներով, մինչդեռ ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովված չլինելու պայմաններում վերոնշյալ վճռորոշ փաստական տվյալները չեն կարող դրվել առաջադրված մեղադրանքի հիմքում, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված վկաների ցուցմունքները՝ Ռուստամ Շավալյանի արարքը որակյալ՝ ծանրացնող հատկանիշով որակելու համար վճռորոշ լինելու և ըստ էության՝ քրեական գործում դրանց հակակշռող բավարար գործոնների բացակայության վերաբերյալ, հիմնավոր են9։
16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 11-14.1-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ռուստամ Շավալյանի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առևանգման ծանրացնող հանգամանքի բացակայության և կատարված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով որակելու հարցում եկել են ճիշտ հետևության։ Մասնավորապես, ստորադաս դատարաններն իրավաչափորեն փաստել են, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքում կատարված փոփոխության պայմաններում համապատասխան առարկայի կամ միջոցի գործադրման փաստը դեռևս բավարար չէ անձի արարքում ծանրացնող հանգամանքի առկայությունը հավաստելու համար, այլ նաև անհրաժեշտ են տվյալներ առ այն, որ անձն առարկան կամ միջոցը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է տվյալ հանցանքը կատարելու դիտավորությամբ։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առևանգման հանցակազմի քննարկվող որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալներով հաստատված համարել, որ առևանգումը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Մինչդեռ, սույն գործում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ ամբաստանյալ Ռուստամ Շավալյանը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է համապատասխան առարկան՝ հանցանքը կատարելու համար։
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ դանակն ի սկզբանե ունի անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն, և հանցավորի կողմից այն նախապես հարմարեցնելու կամ պատրաստելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևաբար, եթե հանցավորն արարքը կատարում է դանակի գործադրմամբ, արդեն իսկ ենթադրվում է, որ անձն օգտագործում է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկա։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ մեկնաբանությունը չի բխում ինչպես քննարկվող ծանրացնող հանգամանքի բովանդակությունից, այնպես էլ այդ հարցում օրենսդրի դրսևորած կամքից։ Մասնավորապես, կատարված օրենսդրական փոփոխության հիմքում ընկած է այն գաղափարը, որ հանցանք կատարած անձի առավել բարձր վտանգավորության մասին է վկայում այն, որ վերջինս որոշակի քայլեր է ձեռնարկում՝ նախապես պատրաստում կամ հարմարեցնում է համապատասխան առարկան կամ միջոցը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար։ Այլ կերպ՝ սույն ծանրացնող հանգամանքի դեպքում խոսք է գնում ոչ թե ընդհանրապես առարկայի կամ միջոցի՝ ի սկզբանե անձին մարմնական վնասվածք պատճառելու հատկություն ունենալու, այլ անձի կողմից այդ նպատակով՝ մարմնական վնասվածք պատճառելու համար, կոնկրետ գործողություններ իրականացնելու՝ նախապես պատրաստելու կամ հարմարացնելու մասին։ Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ողջամտորեն կվտանգի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) հանրահայտ սկզբունքը, որից, ի թիվս այլնի, բխում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանության ենթարկվի։ Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում և իրավունքի գերակայության կարևորագույն տարր է, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղումն անթույլատրելի է[10]:
17. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուստամ Շավալյանի արարքում առևանգման հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ռուստամ Շավալյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանեցնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, հետևաբար ներկայացված բողոքը ենթակա է մերժման։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուստամ Շավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունն անհրաժեշտ է վերացնել:
21․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ռուստամ Ռաֆայելի Շավալյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը թողնել անփոփոխ:
2. Ռուստամ Ռաֆայելի Շավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 116-122։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 146-151։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 96-103։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սերյոժա Հովակիմյանի գործով 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-125/07 որոշումը:
5 Տե՛ս ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույցը, 2022 թվական։
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հովհաննիսյանի և մյուսների վերաբերյալ գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշումը։
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ լ. թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: