ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0233/01/17 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2025

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Դ. Բալայան

ԵԿԴ/0233/01/17

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Վ. Ռշտունի  

դատավորներ՝

 Մ. Հարությունյան

 

 Ա Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

11 հուլիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմեն Սլավիկի Թումանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60109516 քրեական գործը։

 Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Արմեն Սլավիկի Թումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

2017 թվականի օգոստոսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Արմեն Թումանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

3 Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 17-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպես, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալ ԱԹումանյանին ներկայացված մեղադրանքը հաստատվում է քրեական վարույթով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների ամբողջությամբ։ Անդրադարձ կատարելով դատարանների՝ ներկայացված մեղադրանքում ԱԹումանյանի արդարացման հիմքում դրված հիմնավորումներին, բողոքաբերը փաստարկել է, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) վերաբերելի նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ եզրակացություն տալու համար փորձագետը վարույթն իրականացնող մարմնից կարող է պահանջել նաև այնպիսի փաստական տվյալներ, որոնք վարույթի նյութերում առկա չեն և պետք է ձեռք բերվեն քրեական հետապնդման մարմնի կողմից որոշակի դատավարական գործողությունների կատարմամբ։

«ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի արագության մեծության մասին վկա ԿՀակոբյանի ցուցմունքը համալիր փորձագիտական եզրակացությամբ օգտագործվել է տուժողի կողմից ճանապարհատրանuպորտային պատահարը կանխելու հնարավորությունը պարզելու տեսանկյունից, իսկ մեղադրյալի կողմից ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ (այսուհետ՝ նաև Ճանապարհային երթևեկության կանոններ) սահմանված կանոնի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտումը հիմնավորվել է վարույթի մյուս փաստական հանգամանքներով՝ անկախ ճանապարհատրանuպորտային պատահարը կանխելու տուժողի հնարավորության առկայությունից։ Հետևաբար՝ վկայի ցուցմունքի արժանահավատ չլինելը չի կարող կասկածի տակ դնել վթարի և մեղադրյալի գործողությունների պատճառական կապի մասով փորձագիտական եզրակացությունը։

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերն արձանագրել է, որ նույնիսկ փորձագիտական համալիր եզրակացությունն անարժանահավատ համարելու դեպքում, սույն վարույթով ապացուցված է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը։ Որպես հիմնավորում, բողոքի հեղինակը փաստարկել է, որ եթե վթարը կանխելու տեխնիկական հնարավորության կամ որոշակի բարդ մեխանիզմով վթարի հանգամանքների պարզման համար պահանջվում են որոշակի բնագավառի հատուկ գիտելիքներ, ապա քննարկվող դեպքում, մեղադրյալի գործողություններում Ճանապարհային երթևեկության կանոնների 90-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջների խախտումը կարող է հաստատվել առանց հատուկ գիտելիքների կիրառման։ Մասնավորապես՝ վարույթի նյութերից, հատկապես համապատասխան տեսագրությունից, ակնհայտ է, որ խաչմերուկում, լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններում ձախ շրջադարձ կատարելիս, մեղադրյալը ճանապարհը չի զիջել երթևեկության հանդիպակաց ուղեմասով ուղիղ երթևեկող՝ տուժողի կողմից վարած տրանսպորտային միջոցին՝ այդ կերպ չի պահպանել համապատասխան պահանջները և իր գործողությամբ ստեղծել է վթարայի իրադրություն։ Այս համատեքստում բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջը կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանգամանքը բացառապես դատաավտոտեխնիկական փորձագիտական եզրակացությամբ հաստատելու քրեադատավարական պահանջ նախատեսված չէ։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը փոփոխել մեղադրյալ ԱԹումանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

 

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արմեն Թումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա«2016 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 34 AN 407 հ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի կողմից՝ Սայաթ-Նովա փողոցով դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ, իր ուղեմասի ձախ շարքով, հոծ գծի կողքով: Հասնելով Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկին՝ թույլ է տվել ՀՀ Կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 90-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ լուսացույցի թույլատրող՝ կանաչ ազդանշանի առկայության պայմաններում, ձախ շրջադարձ կատարելիս ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ, 80 կմ/ժամ արագությունը չգերազանցող արագությամբ, ուղիղ ընթացող՝ ԿՍանթրոսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմեքենային և ավտոմեքենայի առջևի ձախ մասով ընդհարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային մասին, որի արդյունքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ուղղությունը շեղելով դեպի աջ, ընդհարվել է խաչմերուկի անկյունում գտնվող սյանը, շրջվել, որի հետևանքով Կ.Սանթրոսյանին անզգուշությամբ պատճառել է մահ՝ ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից»1:

8 Դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննության թիվ 31771608 եզրակացության՝ «հետևություններ» բաժնի համաձայն՝ «(․․․) Առաջադրված պայմաններում «MERCEDES-BENZ C240» մակնիշի 34 AN 407 հ/հ ավտոմոբիլի վարորդը, տվյալ խաչմերուկում լուսացույցի թույլատրող՝ կանաչ ազդանշանի առկայության պայմաններում, ձախ շրջադարձ կատարելիս, ուշադրությունը շեղելով երթևեկությունից և ճանապարհը չզիջելով հանդիպակաց ուղղությամբ ուղիղ ընթացող «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլին, թույլ է տվել ՃԵԿ-ի 90-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

«BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի արագության 80 կմ/ժամ մեծության դեպքում ու նաև «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի արագության 100-110 կմ/ժ մեծությունների և «MERCEDES-BENZ C240» մակնիշի 34 AN 407 հ/հ ավտոմոբիլի կողմից հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս մուտք գործելուց հետո մինչ ընդհարումը տևած ժամանակի 1.5 վայրկյան մեծության համակցությունների դեպքում «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի վարորդը, տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել, նրա կողմից էլեկտրոսյան հետ բախումը կանխելու տեխնիկական հնարավորություններ, և թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասելով ՃԵԿ-ի պահանջներին պայմանավորած լինեին տվյալ պատահարի առաջացումը, չեն դիտվել: Իսկ «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի վարորդը, ավտոմոբիլը վարելով բնակավայրերում սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող (80-100-110) կմ/ժ արագությամբ, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջին հակասող գործունեություն, ինչը վերոհիշյալ դեպքերում տեխնիկական տեսակետից պատճառական կապի մեջ չէ տվյալ պատահարի առաջացման հետ:

«BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի արագության 100-110 կմ/ժ մեծությունների և «MERCEDES-BENZ C240» մակնիշի 34 AN 407 հ/հ ավտոմոբիլի կողմից հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս մուտք գործելուց հետո մինչև ընդհարումը տևած ժամանակի 2.0 վայրկյան մեծության համակցությունների դեպքում «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի վարորդը, ավտոմոբիլը վարելով բնակավայրերում սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող (100-110) կմ/ժ արագությամբ, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջին հակասող գործունեություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»2։

81 Հիշյալ եզրակացության պարզաբանման նպատակով հարցաքննված փորձագետ ԱՀարությունյանը հայտնել է, որ «(․․․) Թիվ 31771608 եզրակացությունում նշված երկու տարբերակների դեպքում էլ երթևեկության համար վտանգավոր իրավիճակը տեխնիկական տեսակետից ստեղծվել է «MERCEDES-BENZ C240» մակնիշի 34 AN 407 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից՝ խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս ուշադրությունը երթևեկությունից շեղելու և ճանապարհը հանդիպակաց ուղղությամբ ուղիղ ընթացող «BMW 318I» մակնիշի 34 TQ 085» հ/հ ավտոմոբիլին չզիջելու առումով։ Իսկ հիշյալ փորձաքննության ընթացքում «BMW 318I» մակնիշի 34 TQ 085» հ/հ ավտոմոբիլի վարորդի գործողությունները վերլուծվել են տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու (կամ չունենալու) տեսանկյունից»3։

Դատաքննության ընթացքում փորձագետ ԱՀարությունյանը, ի թիվս այլնի, հայտնել է, որ վտանգի առաջացման պահը կարող է որոշվել նաև փորձագետի նախաձեռնությամբ։ Տեխնիկական տեսանկյունից վտանգն առաջանում է ճանապարհի կենտրոնը հատելու և հանդիպակաց երթևեկելի ուղեմաս մուտք գործելու պահին4։

9 Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ «(․․․) [Ա]պացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանք, ինչպիսին է՝ ԱԹումանյանի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:

(․․․)

Անդրադառնալով դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննության թիվ 31771608 եզրակացությանը՝ [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ (․․․) փորձագետ Ա.Հարությունյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել միջնորդություն՝ որում մասնավորապես հայտնել է. «ըստ տեսաձայնագրային հետազոտության արդյունքների՝ մինչ ընդհարումը «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի արագությունը որոշել հնարավոր չէ, և մինչ ընդհարումը նույն ավտոմոբիլի արագությունը հնարավոր չէ որոշել նաև ավտոտեխնիկական հետազոտությունների արդյունքում, ուստի ՀՀ քր. դատ. օր-ի 85 հոդվածի սահմանված կարգով միջնորդում եմ քննչական եղանակով պարզել և փորձաքննությանը լրացուցիչ կերպով առաջադրել մինչ ընդհարումը «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի արագության մեծությունը, (․․․

[Առաջին ատյանի դ]ատարանն, անդրադառնալով փորձագետի ներկայացրած միջնորդությանը և դրանով լրացուցիչ նյութեր պահանջելուն, արձանագրում է, որ փորձագետը չի ունեցել նման տվյալ պահանջելու իրավասություն:

Այսպես.

(․․․) [Փ]որձաքննության կատարման համար քննիչի կողմից ներկայացված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը պարտավոր է պատճառաբանել ներկայացված նյութերով փորձաքննություն իրականացնելու անհնարինությունը, իսկ եթե այդ անհնարինությունը պայմանավորված է այնպիսի նյութերի անբավարարությամբ, որոնք գտնվում են վարույթն իրականացնող մարմնի տիրապետության ներքո, ապա փորձագետն իրավունք ունի պահանջել դրանք՝ համեմատական հետազոտություն կատարելու նպատակով: Այն պարագայում, երբ քննիչին հայտնի չէ կամ նրա տիրապետության ներքո առկա չէ պահանջվող տվյալը, հետևաբար նա չի կարող բավարարել փորձագետի միջնորդությունը, փորձագետը պետք է կայացնի համապատասխան եզրակացություն՝ նշելով իրեն առաջադրված հարցին պատասխանելու անհնարինության պատճառը: Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում փորձագետի այն պատճառաբանությանը, որ ինքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն իրավունք ունի քննիչից պահանջել փորձաքննության համար անհրաժեշտ նյութեր և այլ տվյալներ, և նույն իրավունքի իրականացման շրջանակներում նաև իրավունք ունի պահանջել նոր նյութեր, ապա [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ փորձագետի նման պնդումն անհիմն է, քանի որ սույն գործով, ինչպես երևում է գործի նյութերից, փորձագետը քննիչից ոչ թե միջնորդել է տրամադրել նրա տիրապետության տակ առկա և իրեն անհրաժեշտ տվյալները, այլ միջնորդել է քննիչին՝ կատարել համապատասխան քննչական գործողություններ, այլ կերպ ասած ցուցում է տվել քննիչին՝ պարզել «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլի մինչ ընդհարումը ունեցած արագության մեծությունը, և այն փոխանցել իրեն որպես ելակետային տվյալ: [Առաջին ատյանի դ]ատարանի համար ընդունելի չէ փորձագետի կողմից ներկայացված միջնորդության մեջ վերոհիշյալ տվյալի ձեռք բերման պահանջ քննիչին ներկայացնելը, այն պայմաներում, երբ քննիչն իր՝ 28.07.2016 թվականի՝ համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ ի թիվս այլ հարցերի փորձագետին առաջադրել է նաև՝ «BMW 318 I» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմեքենայի արագությունը մինչև ընդհարում որոշելու հարցը: Այլ կերպ ասած, փորձագետը քննիչից միջնորդությամբ պահանջել է այն տվյալը, որը քննիչն է ակնկալել ստանալ համալիր փորձաքննության արդյունքում: Ավելին, վերը հիշատակված քրեադատավարական նորմերի համաձայն փորձագետը պետք է հրաժարվեր փորձաքննություն կատարելուց՝ նշելով առաջադրված հարցին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:

Փորձագետի վերը նշված միջնորդությունից հետո, քննիչը հանձնարարություն է տվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու մասին: Ինչից հետո՝ 2017 թվականի մարտի 17-ին հայտնաբերվել են փնտրվող վկաները, որոնցից միայն ԿՀակոբյանն է, որ 2017 թվականի ապրիլի 3-ին որպես վկա հարցաքննվելիս, ցուցմունք տվել այն մասին, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարից առաջ ավտոմեքենան վարել է, իր կարծիքով, 80 կմ/ժամ արագությամբ: Դրանից հետո 10.04.2017 թվականին քննիչը քրեական գործը ստացված տվյալի հետ միասին ուղարկել է փորձագետին, ով իր հերթին տվյալը համարելով հավաստի, դրանով իրականացրել է փորձաքննություն և 20.05.2017 թվականին ուղարկել համապատասխան եզրակացությունը՝ անտեսելով, որ փորձաքննությանը առաջադրված հարցերից է «BMW» մակնիշի ավտոմեքենայի արագությունը որոշելը:

Անդրադառնալով վկա Կ.Հակոբյանի ցուցմունքին և դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննության եզրակացությանը, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ դրանք արժանահավատ համարվել չեն կարող և դրանք պետք է հանել ապացույցների զանգվածից՝ հաշվի առնելով այն փաստը, որ վկա Կ.Հակոբյանին վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերել և հարցաքննել է 2017 թվականի ապրիլի 3-ին, այսինքն՝ դեպքից շուրջ 10 ամիս անց, իսկ վերջինս «BMW» մակնիշի ավտոմեքենայի՝ մինչև վթարն ունեցած արագության մեծության մասին հայտնել է զուտ իր պատկերացումների մակարդակում և մոտավորապես՝ հիմնվելով ենթադրությունների վրա:

(․․․) Ընդ որում, վկան դատաքննության ընթացքում ցուցմունք տալիս նշել է, որ արագության մասին տվյալը հայտնել է ենթադրելով և դրա մեծությունը հստակ չի կարող նշել: [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ նման պայմաններում վկայի ցուցմունքը և մասնավորապես նրա հայտնած՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ 80կմ/ժամ արագության մասին տվյալը չի կարող համարվել հավաստի և արժանահավատ:

Ինչ վերաբերում է վերը նշված համալիր փորձաքննության եզրակացությանը, ապա [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ այն հիմնված է ելակետային մի տվյալի վրա, որը վերաբերում է «BMW» մակնիշի ավտոմեքենայի արագության հնարավոր մեծություններին՝ 100-110 կմ/ժամ, 80 կմ/ժամ: Ընդ որում, «BMW» մակնիշի ավտոմեքենայի արագության 80կմ/ժամ լինելու դեպքում, փորձագետը հանգել է եզրակացության, որ վերջինիս վարորդը թեև թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջին հակասող գործողություն՝ գերազանցելով բնակավայրերում սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը, սակայն տվյալ դեպքում դա պատճառական կապի մեջ չէ ավտովթարի առաջացման հետ: Իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի արագության 100/110 կմ/ժամ մեծության դեպքում, ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջին հակասող գործողություն՝ այդպիսով պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Հիմք ընդունելով, որ 80 կմ/ժամ արագության մասին տվյալը հայտնել է վկա Կ.Հակոբյանը, ինչը վերը նշված պատճառաբանությամբ անարժանահավատ տվյալ է, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ դրա հիման վրա կատարված փորձաքննության արդյունքները ևս չեն կարող համարվել արժանահավատ: Ինչ վերաբերում է՝ 100/110 կմ/ժամ արագությանը, ապա այն հաշվի առնելու դեպքում կասկած է ձևավորվում, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գործողություններն իրենց հերթին պայմանավորել են վթարի առաջացումը, և զրկել են վերջինիս այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

[Առաջին ատյանի դ]ատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև դատաքննության ընթացքում պաշտպանության կողմի ներկայացրած թիվ 17-0007-EFI-MK մասնագիտական կարծիքին, ըստ որի՝ վթարին մասնակից «BMW» մակնիշի 34 TQ 085 հ/հ ավտոմոբիլը մինչև արգելակման դիմելու սկզբնապահը ընթացել է մոտ 117 կմ/ժ արագությամբ, (․․․):

Պաշտպանության կողմի ներկայացված փորձագիտական եզրակացության թիվ 4100/14-6 ակտի համաձայն՝

1. «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժման արագությունը մինչև «Մերսեդես» ավտոմեքենային բախվելը կազմում է առնվազն 87 կմ/ժամ և առավելագույնը՝ 118 կմ/ժամ:

2. Մերսեդես ավտոմեքենայի կանգ գիծը հատելու պահից և մինչև ԲՄՎ ավտոմեքենայի բախվելու պահը շարժման ժամանակը կազմում է առնվազն 3.0 վայրկյան և առավելագույնը 4.0 վայրկյան:

(․․․)

Այսպիսով, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի՝ մինչև վթարն ունեցած արագության մասին, վկա Կ.Հակոբյանի կողմից հայտնած տեղեկությունը, ինչպես նաև դրա հիման վրա կատարված թիվ 31771608 փորձագիտական եզրակացությունը չեն կարող համարվել արժանահավատ: Այլ կերպ ասած՝ վկայի, աչքաչափով հայտնած տեղեկությունը չի կարող համարվել հավաստի և դրվել ինչպես փորձաքննության այնպես էլ՝ մեղադրական եզրակացության հիմքում, ուստի դրանով չի կարող հիմնավորվել Ա.Թումանյանին մեղսագրվող արարքում նրա մեղքի առկայությունը: Դեռ ավելին, վերը նշված մասնագիտական կարծիքը և փորձագիտական եզրակացության թիվ 4100/14-6 ակտում առկա տվյալներն կասկած են ձևավորում այն մասին, որ Ա.Թումանյանն ավտովթարի առաջացման և այն կանխելու տեխնիկական հնարավորություն չունենալու հարցում մեղք չունի, ինչը չի հաղթահարվում գործով ձեռք բերված մյուս ապացույցներով:

Այսպիսով, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ հնարավոր չէ հաստատված համարել, որ ամբաստանյալ ԱԹումանյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, ուստի նախաքննական մարմնի հետևությունները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջության վրա, այլ հակասում են դրանց, հետևաբար հիմնավորված ու պատճառաբանված չեն դատական նիստի ժամանակ մեղադրողի հետևություններն այն մասին, որ ԱԹումանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով և այն ճիշտ է որակված»5:

10 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է «(…) [Ե]թե նույնիսկ ընդունելի համարվի, որ տվյալ դեպքում փորձաքննություն իրականացնելիս փորձագետն ունեցել է քննիչին միջնորդություն ներկայացնելու և դրանով լրացուցիչ նյութեր պահանջելու իրավասություն, ապա դատարան ներկայացված ապացույցները բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու ամբաստանյալի մեղավորությունը մեղսագրված արարքում, իսկ փորձագետի եզրակացության հիմքում դրված ապացույցները, ինչպես իրավացիորեն արձանագրել է առաջին ատյանի դատարանը, խիստ գնահատողական են։ Մասնավորապես՝ փորձագետի եզրակացության հիմքում դրված՝ դեպքի հանգամանքների և պատահարի մասնակից ավտոմեքենաների արագության մասով վկաների և ամբաստանյալի ցուցմունքներում առկա են հակասություններ, ավելին՝ դրանց մասով հայտնած տեղեկությունները վերջինների սուբյեկտիվ ենթադրություններն ու ընկալումներն են։

(…) [Ա]ռանց փորձագետի եզրակացության վարույթն իրականացնող մարմինը չի կարող հաստատված համարել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների խախտման և դրանց ու հետևանքի միջև պատճառական կապի առկայությունը։ Ուստի այս առումով բողոքաբերի պնդումներն ընդունելի չեն։

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մյուս ավտոմեքենայի արագությունը և վերջինի կողմից սահմանված նորմերի խախտումներ թույլ տրված լինելու հանգամանքը չի կարող նշանակություն չունենալ ամբաստանյալի մեղավորության և վերջինի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտման ու դեպքի միջև պատճառահետևանքային կապի պարզման համար, քանի որ նշված տվյալները հաշվի առնելով միայն կարող է հաստատված համարվել, որ ամբաստանյալը զրկված չի եղել հետևանքը կանխելու հնարավորությունից։

Ինչ վերաբերում է դատախազի այն պնդմանը, որ փորձագետի կողմից վթարի մասնակից ավտոմեքենաների արագության վերաբերյալ տվալը պահանջվել է տուժողի կողմից վթարը կանխելու հնարավորության հարցը պարզելու համար և օգտագործվել է բացառապես այդ նպատակով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածը նաև կարևոր է ամբաստանյալին մեղսագրված արարքում մեղավոր ճանաչելու համար, քանի որ, եթե քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվեր, որ տուժողի մեքենայի արագությունն այնպիսին է եղել, որ ամբաստանյալը, նույնիսկ խախտումներ թույլ չտալու պայմաններում, զրկված է եղել վթարը կանխելու հնարավորությունից, ապա այդ դեպքում հնարավոր չէր լինի վերջինին քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար։ Հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս առումով առկա են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի։

(…)

Վերոնշյալ պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով ձեռք բերված տվյալներով չի հիմնավորվել ամբաստանյալ Արմեն Թումանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայությունը»6:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ԱԹումանյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք առաջադրված մեղադրանքում մեղադրյալ ԱԹումանյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը։

131998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի ու մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով7:

Փորձաքննության արդյունք հանդիսացող փորձագիտական եզրակացությունը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, ևս գնահատվում է առաջնորդվելով ապացույցների գնահատման ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները8:

14 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- ԱԹումանյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «Մերսեդես» մակնիշի 34 AN 407 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան քաղաքի ԱՄանուկյան փողոցի կողմից՝ Սայաթ-Նովա փողոցով դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ, երթևեկության գոտու ձախ շարքով՝ հոծ գծի կողքով։ Հասնելով Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների հատման խաչմերուկին, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 90-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ։ Մասնավորապես՝ լուսացույցի թույլատրող՝ կանաչ ազդանշանի առկայության պայմաններում, ձախ շրջադարձ կատարելիս, ԱԹումանյանն ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ, 80 կիլոմետր ժամում արագությունը չգերազանցող, ուղիղ ընթացող «ԲՄՎ» մակնիշի 34 TQ 085 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցին և իր վարած ավտոմեքենայի առջևի ձախակողմյան մասով ընդհարվել նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով այդ ավտոմեքենայի շարժման ուղղությունը շեղվել է դեպքի ձախ, այնուհետև այն բախվել է խաչմերուկի անկյունում գտնվող սյանը և շրջվել, ինչի արդյունքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ԿՍանթրոսյանին անզգուշությամբ պատճառել է մահ՝ ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից9,

- դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ապացուցված չէ մեղադրյալ ԱԹումանյանի կողմից իրեն վերագրված արարքը կատարելը։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը փաստարկել է, որ դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննության թիվ 31771608 եզրակացությունն ունի որոշիչ նշանակություն մեղադրյալի մեղավորությունը հիմնավորելու համար: Այս ապացույցի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը նախ նշել է, որ փորձաքննության ընթացքում, գտնելով, որ կոնկրետ դեպքում փորձագիտական եղանակով հնարավոր չէ պարզել մինչ ընդհարումը «ԲՄՎ» մակնիշի 34 TQ 085 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի արագության մեծությունը՝ փորձագետ ԱՀարությունյանը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է քննչական եղանակով պարզել և փորձաքննությանն առաջադրել մինչ ընդհարումը նշված տրանսպորտային միջոցի արագության մեծությունը, այն պայմաններում, երբ համապատասխան փորձաքննություն նշանակելու որոշմամբ առաջադրված էր որոշել նաև այդ հարցը։ Այս համատեքստում Առաջին ատյանի դատարանը նաև արձանագրել է, որ փորձաքննության ընթացքում փորձագետի կողմից կարող են պահանջվել բացառապես այնպիսի տվյալներ, որոնք գտնվում են վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, ուստի, սույն վարույթով փորձագետն այդպիսի տվյալ պահանջելու իրավասություն չի ունեցել և իր եզրակացությամբ պետք է արձանագրեր խնդրո հարցին պատասխանելու անհնարինությունը։

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ փորձագիտական հիշյալ եզրակացությունը տրվել է, հիմքում դնելով ելակետային այնպիսի տվյալ, ըստ որի՝ մինչ ընդհարումը «ԲՄՎ» մակնիշի 34 TQ 085 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի արագության հնարավոր մեծությունը եղել է 80 կմ/ժամ կամ 100-110 կմ/ժամ։ Ընդ որում՝ փորձագետը եզրահանգել է, որ 80 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում վարորդը թեև թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ կետի պահանջին հակասող գործողություն, սակայն տվյալ դեպքում դա պատճառական կապի մեջ չէ ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացման հետ։ Իսկ 100-110 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ կետին հակասող գործողություն՝ այդպիսով պայմանավորել է ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացումը։ Այս առումով Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ 80 կմ/ժամ արագության մասին տվյալը նախ ստացվել է փորձագետի հիշյալ միջնորդությունից հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից ականատես վկային հայտնաբերելու և հարցաքննելու արդյունքում, և երկրորդը, վկայի կողմից հայտնած այդ տվյալը չի կարող համարվել հավաստի և արժանահավատ, հետևաբար փորձագետի եզրակացությունն այդ մասով չի կարող համարվել արժանահավատ։ Իսկ երթևեկության արագության մասին մյուս տվյալը կասկած է ձևավորում, որ «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի գործողություններն իրենց հերթին պայմանավորել են վթարի առաջացումը, և վերջինիս զրկել են այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։ Ավելին՝ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը ներկայացրել է մասնագիտական կարծիք և փորձագիտական եզրակացության ակտորպես «ԲՄՎ» մակնիշի տրամսպորտային միջոցի արագություն առաջինի դեպքում արձանագրվել է մոտ 117 կիլոմետր ժամ, իսկ երկրորդի դեպքում՝ առնվազն 87 և առավելագույնը 118 կիլոմետր ժամ։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ սույն վարույթով առկա է կասկած առ այն, որ ԱԹումանյանն ավտովթարի առաջացման և այն կանխելու տեխնիկական հնարավորություն չունենալու հարցում մեղք չունի, ինչը չի հաղթահարվել վարույթով ձեռք բերված մյուս ապացույցներով10,

- Վերաքննիչ դատարանը, անփոփող թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ եթե նույնիսկ փորձագետը սույն վարույթով իրավասու է եղել պահանջել լրացուցիչ նյութեր, այնուամենայնիվ, փորձագետի եզրակացության հիմքում դրված՝ դեպքի հանգամանքների և ճանապարհատրանuպորտային պատահարի մասնակից տրանսպորտային միջոցների արագության մեծության վերաբերյալ տվյալները հակասական են, սուբյեկտիվ ենթադրություններ և ընկալումներ են, ինչն իրավացիորեն արձանագրել է Առաջին ատյանի դատարանը։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի արագությունն ու համապատասխան նորմերի պահանջների խախտումներ թույլ տրված լինելու հանգամանքը չի կարող նշանակություն չունենալ մեղադրյալի մեղավորության և նրա կողմից թույլ տրված ենթադրյալ խախտման ու դեպքի միջև պատճառական կապի պարզման համար, քանի որ նշված տվյալները հաշվի առնելով միայն կարող է հաստատված համարվել, որ մեղադրյալը զրկված չի եղել հետևանքը կանխելու հնարավորությունից։ Արագության մեծության վերաբերյալ տվյալների առկայությունը Վերաքննիչ դատարանը կարևորել է նաև այն հիմնավորմամբ, որ եթե քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հաստատվի, որ «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի արագությունն այնպիսին է եղել, որ մեղադրյալը, նույնիսկ խախտումներ թույլ չտալու պայմաններում, զրկված է եղել վթարը կանխելու հնարավորությունից, ապա այդ դեպքում հնարավոր չէր լինի վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար11։

15 Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավադրույթների ու արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները եզրահանգելով, որ ճանապարհատրանuպորտային պատահարի մասնակից՝ տուժող ԿՍանթրոսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի տրամսպորտային միջոցի արագության մեծությունն ունի որոշիչ նշանակություն՝ ամբաստանյալ Ա.Թումանյանի մեղավորությունը հիմնավորելու համար, պատշաճ ուշադրության չեն արժանացրել սույն վարույթի ստորև նշված փաստական հանգամանքները։

Այսպես, գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ճանապարհատրանuպորտային պատահարը տեղի է ունեցել հետևյալ մեխանիզմով

Լուսացույցի թույլատրող ազդանշանի պայմաններում, Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների հատման խաչմերուկ մուտք գործած «ԲՄՎ» մակնիշի 34 TQ 085 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ուղիղ երթևեկության ժամանակ փոխազդեցության մեջ է մտել իր երթևեկելի ուղեմաս մուտք գործած և ձախ շրջադարձ կատարող «Մերսեդես» մակնիշի 34 AN 407 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի ձախակողմյան առջևի հատվածի հետ, որի արդյունքում «ԲՄՎ» մակնիշի 34 TQ 085 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի շարժման ուղղությունը շեղվել է դեպքի աջ, այնուհետև այն բախվել է խաչմերուկի անկյունում գտնվող սյանը և շրջվել։

Համալիր փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է, որ Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների հատման խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանի պայմաններում, «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը, ձախ շրջադարձ կատարելիս, ուշադրությունը շեղելով երթևեկությունից և ճանապարհը չզիջելով հանդիպակաց ուղղությամբ ուղիղ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 90-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություն, տեխնիկական տեսանկյունից ստեղծել վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից12։

Պայմանավորված «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի արագության մեծության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից երկու տարբերվող տվյալ առաջադրված լինելու հանգամանքով, փորձագիտական եզրակացությամբ «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի կողմից ճանապարհային երթևեկության կանոններին հակասող գործողություններ թույլ տված լինելու հարցը քննարկվել է երկու տարբերակով13։ Այս առումով ուշադրության է արժանի հիշյալ եզրակացության պարզաբանման նպատակով հարցաքննված փորձագետ ԱՀարությունյանի ցուցմունքը, համաձայն, որի՝ փորձաքննության շրջանակներում «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի գործողությունները վերլուծվել են ճանապարհատրանuպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու տեսանկյունից։ Եզրակացությամբ նշված երկու տարբերակի դեպքում էլ երթևեկության համար վթարային իրադրությունը տեխնիկական տեսանկյունից ստեղծվել է «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի կողմից՝ խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս ուշադրությունը երթևեկությունից շեղելու և ճանապարհը հանդիպակաց ուղղությամբ ուղիղ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլին չզիջելու առումով14։

151 Ողջ վերոգրյալից հետևում է, որ «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդ՝ մեղադրյալ ԱԹումանյանը, Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհը չզիջելով այն հատելու հերթականության առումով առավելություն ունեցող, ուղիղ երթևեկող, «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլի վարորդ՝ տուժող ԿՍանթրոսյանին և մուտք գործելով հանդիպակաց՝ «ԲՄՎ» մակնիշի տրանսպորտային միջոցի երթևեկության ուղեմաս, դարձել է նշված ավտոմեքենայի երթևեկությանը խոչընդոտ, այսինքն, ճանապարհատրանuպորտային քննարկվող իրադրությունում վթարային իրադրությունը ստեղծվել է մեղադրյալի գործողությունների հետևանքով։ Այլ խոսքով՝ ակնհայտ է, որ տվյալ դեպքում վթարի հիմնական պատճառը մեղադրյալի գործողություններն են, քանի որ եթե վերջինս ճանապարհը զիջեր, ինչը քննարկվող դեպքում «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդ՝ մեղադրյալ ԱԹումանյանի պարտականությունն էր, վթար տեղի չէր ունենա, անկախ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի արագության մեծությունից, այսինքն, մեղադրյալ ԱԹումանյանի գործողություններով է պայմանավորված եղել ճանապարհատրանuպորտային պատահարի առաջացումը։

Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույն արագության գերազանցումը չի բացառում «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդ՝ մեղադրյալ ԱԹումանյանի մեղավորությունը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում մեղադրյալ ԱԹումանյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ։

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ճանաչելով և հռչակելով ԱԹումանյանի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրված էին մեղադրանքի հիմքում, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ են տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա։ Այսինքն, թույլ է տրվել 2022 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, առաջադրված մեղադրանքում ԱԹումանյանի մեղավորության հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, 2022 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Արմեն Սլավիկի Թումանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 17-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

____________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 311-319:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 128-139:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 263:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 190-191։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 192-215:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 63-77:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 ու Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Պետրոսյանի գործով 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԴ/0205/01/20 որոշումը։

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

13 Տե՛ս նույն տեղում։

14 Տե՛ս սույն որոշման 8․1-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան