ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0761/01/18 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/0761/01/18

նախագահող դատավոր՝

 Մ. Արղամանյան

դատավորներ՝

 Ա. Ազարյան

 Լ. Աբգարյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

6 հունիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 23-ի որոշման դեմ ամբաստանյալ Կարինե Ռոբերտի Առաքելյանի և պաշտպան Ս.Ոսկանյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում,2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10852617 քրեական գործը, որն այնուհետև նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ թիվ 10852617 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր՝ թիվ 10101418 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

2018 թվականի փետրվարի 13-ին Կարինե Ռոբերտի Առաքելյանը ձերբակալվել է:

2018 թվականի փետրվարի 16-ին Կ.Առաքելյանն ազատվել է արգելանքից և նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Կ.Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2018 թվականի մարտի 30-ին թիվ 10101418 քրեական գործը միացվել է թիվ 10852617 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 10852617 համարով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ թիվ 10852617 քրեական գործից մեղադրյալ Կ.Առաքելյանի վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ՝ 10101418 համարով, և նույն թվականի նոյեմբերի 8-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականիի հուլիսի 1-ի դատավճռով Կարինե Առաքելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ճանաչվել է անմեղ և արդարացվել՝ մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2022 թվականի մայիսի 23-ի որոշմամբ մեղադրողի բողոքը մասնակի բավարարել է. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը բեկանվել է, Կ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և վերջինիս նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է վերջինիս անազատության մեջ գտնվելու ժամկետը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 6 (վեց) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից: Որպես դատական ծախս Կ.Առաքելյանից բռնագանձվել է 16.000 (տասնվեց հազար) ՀՀ դրամ, իսկ նրան պատկանող «BMW» մակնիշի 66 XX 660 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Երևան քաղաքի Շինարարների փողոցի 35-րդ շենքի 64-րդ բնակարանի՝ վերջինիս բաժնեմասի վրա դրված կալանքը, վերացվել է: Նույն դատական ակտով գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ 4.91 գրամ քաշով «MDMB(N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցը, ձեռքի պայուսակը, էլեկտրոնային կշեռքը, պոլիէթիլենային տոպրակները, ստվարաթուղթը, կաթուցիչի թվով երկու ապակյա խողովակները հանձնվել են թիվ 10112618 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի տնօրինությանը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Կ.Առաքելյանը և պաշտպան Ս.Ոսկանյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1:

Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

I. Պաշտպան Ս.Ոսկանյանի բողոքի փաստարկները.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Այսպես՝ բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով առկա չէ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն՝ Կ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ։ Մասնավորապես՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի նշել գեթ մեկ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Կ.Առաքելյանի մոտ որևէ անձի թմրամիջոց իրացնելու, այդպիսի որևէ պայմանավորվածություն ունենալու կամ դրա նպատակի առկայության հանգամանքները։

 Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ առկա է ողջամիտ կասկած, դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 31-ի խուզարկության ժամանակ, Կ.Առաքելյանի մահճակալի ներքնակի տակ թմրամիջոց թաքցված լինելու մասին, որը չի հայտնաբերվել նշված խուզարկությունը ոչ լրիվությամբ և անհրաժեշտ խորությամբ կատարված լինելու պատճառով: Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ՝ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին բնակարանի, առավել ևս՝ Կ.Առաքելյանի ննջասենյակի կամ անկողնային պարագաների խուզարկություն առհասարակ կատարված չլինելը հաստատվում է ոչ միայն տվյալ խուզարկության արձանագրության բովանդակային շարադրանքով, կատարված գործողությունների և դրա բուն ընթացքի նկարագրության բացակայությամբ, այլև տվյալ քննչական գործողության սկզբում մասնակցած ընթերակաների, այնուհետև ներկայացած ընթերակա Է.Գրիգորյանի, ինչպես նաև խուզարկությանը ներկա գտնված Լ.Համբարձումյանի և Կ.Առաքելյանի դատաքննական ցուցմունքներով:

Բողոքաբերն անհիմն է համարել նաև Կ.Առաքելյանի ննջասենյակում հայտնաբերված թմրամիջոցն այլ անձանց, այդ թվում՝ վերջինիս որդու՝ Հ.Համբարձումյանի կողմից նշված ննջասենյակի անկողնում պահելու կամ թաքցնելու խիստ ցածր հավանականության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, և նշել, որ այս առումով հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Կ.Առաքելյանի որդին՝ Հ.Համբարձումյանը 2017 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Բողոքաբերն ընդգծել է նաև, որ սույն գործի քննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեին այն մասին, որ Կ.Առաքելյանը գործուն միջոցներով կամ ակտիվ վարքագծով նպաստել է թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու գործընթացին, այսինքն՝ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ՝ դրանք երկար ժամանակով կամ կոնկրետ նպատակով թաքցնելու ուղղությամբ, ու եթե անգամ վերջինս իմացել է իր մահճակալի ներքնակի տակ թաքցված թմրամիջոցի մասին, ապա այդ մասին հնարավոր է, որ չի բարձրաձայնել իր որդուն չվնասելու կամ նրա իրավիճակը չբարդացնելու նպատակով:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 23-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դատավճռին կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

II. Ամբաստանյալ Կ.Առաքելյանի բողոքի փաստարկները.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, թույլ է տվել իր իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներ:

Բողոքաբերի պնդմամբ, սույն գործի փաստական տվյալները չեն հաստատում թմրամիջոցը փաստացի իրեն պատկանելու, առավել ևս իր կողմից դրանք իրացնելու նպատակով ձեռք բերելու և պահելու հանգամանքները:

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը փաստարկել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին մանրամասն խուզարկություն չի կատարվել, իսկ երկրորդ անգամ կատարվելու դեպքում էլ չի նշանակում, որ գտնված թմրամիջոցն իրեն է պատկանում:

8. Վերոգրյալի հաշվառմամբ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 23-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դատավճռին։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Կարինե Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ «(…) [Ն]ա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ գործով չպարզված օրը, գործով չպարզված անձից և հանգամանքներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 4.91 գրամ քաշով «MDMB(N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոց և ապօրինի պահել է իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Առաքելյան 64 հասցեում գտնվող տան իր ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ, որն էլ հայտնաբերվել է նույն վայրում 05.02.2018 թվականին Երևան քաղաքի Առաքելյան 64 հասցեում գտնվող տանն ու դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում»2։

10. Հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները՝ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում, ի թիվս այլնի, արձանագրել է. «Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Կարինե Առաքելյանը ցուցմունք է տվել, որ ինքը կյանքում թմրանյութ չի օգտագործել, որևէ մեկից չի գնել ու որևէ մեկին չի վաճառել: (...) Խուզարկության համար ոստիկանները խմբով եկել են իրենց բնակարան (...), այնուհետև Հայկի հետ միասին բարձրացել են երկրորդ հարկ: Երբ իմացել են, որ Հայկը երրորդ հարկում է ապրում, նրան առաջարկել են ներկայացնել թմրանյութը, իսկ Հայկն էլ ներկայացրել է իր օգտագործման համար պահվող թմրանյութը: Դրանից հետո խուզարկություն չի եղել, իջել են ավտոտնակ: Այդ ընթացքում ներկա են եղել իր հարևանները, որոնք որպես ընթերակա ներկայացել էին խուզարկությանը: Երրորդ հարկում ամեն ինչ նայել են, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Երկրորդ հարկում խուզարկություն չեն կատարել, այլ անմիջապես իջել են ավտոտնակ:

Գիշերը երկուսն անց էր, երբ թոռնիկը, ով իր հետ նույն սենյակում է քնում, բոլորին լսելի ձայնով բարձր լացում էր, դա էլ խանգարել է, ուստի նրանք երկրորդ հարկում ոչ մի բան չեն արել: Իջել են ավտոտնակ, կազմել են արձանագրություն, ընթերակաները ստորագրել են: Այդ ընթացքում Հայկը խոսքի մեջ ասել է, որ ընթերականերից մեկն իր (...) հոպարի կին[ն է]: Այդ պատճառով երկու ընթերականերին էլ դուրս են հանել տանից և հեռախոսազանգի միջոցով հրավիրել են երկու տղամարդ ընթերակայի, որոնց չի ճանաչել: Նրանք հինգ րոպեից եկել են, ստորագրել արձանագրությունը և գնացել: Այդ ընթերակաները վերև չեն բարձրացել, ստորագրել են ավտոտնակում:

Հաջորդ խուզարկությունը եղել է 2018 թվականի փետրվարի 5-ին: Դուռը չեն թակել, պատուհաններով մտել են տուն, իրենք եղել են սթրեսային վիճակում: Այդ ժամանակ խուզարկել են մանրամասն: Հայտնաբերվածից ինքն ընդհանրապես տեղյակ չէ, չի կարող ասել, թե որտեղից է հայտնվել իր անկողնու տակ: Իրենց տունը սեփական տուն է, շինարարություն են արել, բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Հայկի ընկերներն են եկել-գնացել: Կոնկրետ չի կարող ասել, թե ով կարող էր այն դնել իր մահճակալի ներքնակի տակ: Տան վերանորոգումն իրականացվել է երկու-երեք տարվա ընթացքում, տևել է մինչև որդու ձերբակալությունը: Հարևանների և բարեկամների հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվում: Իր ննջասենյակը սովորաբար մաքրում է ինքը, եթե չի հասցնում, աղջիկը: Չի կարող թվել, թե Հայկի ընկերներից ով երբ է եղել իրենց բնակարանում: (...) Թմրամիջոցը հայտնաբերվել է իր սենյակում՝ անկողնու ներքնակների տակ գտնվող պայուսակի մեջ: Այդ պայուսակը շուրջ 5-6 տարի առաջ է օգտագործել: Տեղյակ չի եղել, որ պայուսակը գտնվել է իր ննջարանում, չի կարող ասել, թե ոնց է այդ պայուսակը հայտնվել անկողնու տակ: Հնարավոր է, որ տանը չլինի ու իր սենյակ մարդ մտնի: Այդ պայուսակը պարֆումերիա պահելու համար է նախատեսված, իրեն որպես նվեր ուղարկել են Ամերիկայից, այն, ընդհանուր առմամբ, չի օգտագործել: Այդ պայուսակը եղել է տարբեր տեղերում, անգամ երեխաների խաղալիքների մեջ: Ամենօրյա բռնելու պայուսակ չէ: (...)

Մահճակալի տակ մաքրություն կատարվել է, եթե որդու ձերբակալումից հետո հայտնաբերեր այդ պայուսակը և դրա պարունակությունը կնետեր: Տան խուզարկության ընթացքում բոլոր տեղերում ներկա է եղել: Չի կարող բացատրել, թե ինչու է այդ պայուսակը հայտնվել իր մահճակալի տակ, սենյակի դուռը չի փակվում բանալիով, օրվա ընթացքում 5-6 ժամ բացակայում է տանից, չի կարող ասել՝ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մտել է ննջասենյակ, թե ոչ: (...) 

Դատաքննության ընթացքում վկա (փորձագետ) Մարինա Ակոպովան ցուցմունք է տվել, որ (...) փորձաքննությամբ Կարինե Առաքելյանի մազի և մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերել է կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ և նշել վաղեմություն՝ հինգ ամիս: (...) Կարինե Առաքելյանից վերցրել է 18 սմ երկարությամբ մազ: Ամեն 1 սմ մազի մեջ կարող է տրվել մեկ ամսվա վաղեմություն: Կանաբիոիդների կամ սինթետիկ կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոցները կարող են հայտնաբերվել նմուշներում, եթե դրանք ներթափանցել են օրգանիզմ, իսկ թե ինչ եղանակով են ներթափանցել, իրենք չեն կարող ասել: Միանշանակ պետք է գործածվի, որպեսզի հայտնաբերվի: (...) Միանշանակ հնարավոր են նաև իրավիճակներ, որ անձի մազի կամ մեզի նմուշում հայտնաբերվեն թմրամիջոցներ այն դեպքում, երբ փակ տարածության մեջ վերջինը մեկ ժամից ոչ պակաս գտնվում է թմրամիջոց գործածող մեկ այլ անձի հետ: Գիտականորեն հաստատված է, որ եթե անձի մոտ պարբերաբար գործածեն թմրամիջոց, ապա վերջինի օրգանիզմում ևս այն կներթափանցի շնչուղիների միջոցով: Նման դեպքում այդ անձը համարվում է պասիվ գործածող: (...) 

Կարինե Առաքելյանի դեպքում փորձանմուշ վերցվել է 2018 թվականի փետրվարի 16-ին, տրվել է հինգ ամսվա վաղեմություն: (...) Հնարավոր է անձի մազի նմուշներում հայտնաբերվեն թմրամիջոցներ, եթե նա մեկ ժամ շարունակ գործածողի հետ գտնվի փակ տարածքում: Այդ դեպքում միայն 12-13 օր անց պասիվ գործածողի մազի մեջ կսկսի կուտակվել թմրամիջոց: Իսկ մեզի մեջ մի քանի ժամից մինչև յոթ օր կամ եզակի դեպքերում՝ մինչև 10 օր՝ կախված թմրամիջոցի գործածման չափից ու հաճախականությունից:

(...) Այն հարցին, թե ինչու մյուս փորձաքննությամբ Կարինե Առաքելյանի նմուշներում թմրամիջոց չի հայտնաբերվել, ապա կարող է նշել, որ մեզի մեջից հնարավոր է թմրամիջոցն անհետանա, սակայն եթե մազը չի կտրվում, ապա թմրամիջոցը պահպանվում է: Իսկ մազի գունաթափումը հնարավոր է նվազեցնի թմրամիջոցի պարունակությունը (...)։ Մազի ներկումը հանգեցնում է քիմիական ռեակցիաների, ինչի դեպքում թմրամիջոցի քանակությունը նվազում է:

Դատաքննության ընթացքում վկա (փորձագետ) Կարինե Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ (...) Կարինե Ռոբերտի Առաքելյանը 2018 թվականի մայիսի 4-ին ներկայացել է Հանրապետական նարկոլոգիական կենտրոն, նրանից սահմանված կարգով վերցվել են մազի և մեզի փորձանմուշներ, որոնք հետազոտվել են և դրանցում թմրամիջոցներ չեն հայտնաբերվել:

Վերցվել է 10 սմ երկարությամբ մազ (...)։ Մազի ներկվածությամբ թմրամիջոցի քանակությունը հնարավոր է քչացնել:

(...) Եթե փակ տարածության մեջ անձի մոտ թմրամիջոց գործածեն, ապա նրա մազերը կկլանեն այդ թմրամիջոցը: Իսկ մեզի դեպքում ավելի զգայուն մեթոդներ պետք է կիրառեն: Համաձայն մասնագիտական գրականության՝ չի բացառվում, որ անձի մոտ թմրամիջոց գործածեն և վերջինի մոտ պահպանվի:
Կենդանի մարդու մոտ քիչ է հավանականությունը, որ լինի այնպես, որ հինգ ամիս առաջ անձի մոտ թմրամիջոց գործածեն և նրա մեզի մեջ թմրամիջոց պահպանվի: Քիչ է հավանականությունը նաև անձի մոտ պարբերաբար գործածման դեպքում: Եթե մազի մեջ հայտնաբերվում է, ապա մեծ հաշվով անձն օգտագործող է: Եթե հետո անձը չի օգտագործում, թմրամիջոցը վերանում է: (...) 

Դատաքննության ընթացքում վկա Անդրանիկ Եսայանը (...) հայտնեց, որ (...) խուզարկությունը կատարվել է ընդհանուր բնակարանում և օժանդակ կառույցներում, կատարվել է օրինական, մանրակրկիտ, ընթերակաների ներկայությամբ, հայտնաբերվածն արձանագրվել է, ինքը եղել է օպերատիվ խմբի կազմում: (...) Կարինե Առաքելյանի բնակարանը եղել է երեքհարկանի, բոլոր շինությունները և սենյակները, հատ-հատ խուզարկվել են: Քանի որ թմրամիջոց պետք է հայտնաբերեին, խուզարկել են անկողինների մեջ, շոշափել են բարձերը, գաղտնի հատվածները: (...) 

Դատաքննության ընթացքում հրապարկվեց վկա Անդրանիկ Եսայանի նախաքննական ցուցմունքի հակասություն պարունակող մասը: (...) [Վ]կա Անդրանիկ Եսայանը [հայտնել է, որ] Կարինե Առաքելյանի ննջասենյակ[ում] (...) մանրամասն խուզարկություն են (...) կատարել, պահարանը, դրա մեջ եղած իրերը, անկողինը, անկողնային պարագաները, այսինքն` անկողինը, սավանը, մատրասը խուզարկության են (...) ենթարկել՝ դրանք ամբողջությամբ տեղաշարժելով, սակայն ոչինչ, այսինքն` թմրանյութ, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր և առարկաներ չեն (...) հայտնաբերել: (...)

Դատաքննության ընթացքում վկա Լիլիթ Համբարձումյանը ցուցմունք է տվել, որ (...) Կարինե Առաքելյանի դուստրն է: (...) 2017 թվականի հոկտեմբերի 30-ի խուզարկության ժամանակ ամբողջ ընթացքում գտնվել է տանը (...) երկրորդ հարկում մանրամասն խուզարկություն չի կատարվել: (...) Երբ Հայկին նոր էին ձերբակալել, տարբեր մարդիկ, այդ թվում՝ Հայկի ընկերները, եկել-գնացել են իրենց տուն:

Առաջին խուզարկության ժամանակ (...) ոստիկանները (...) սենյակներ չեն մտել, ինքն այնտեղ է եղել և ամեն ինչ տեսել է: Երրորդ հարկի խուզարկությանը նույնպես ներկա է եղել: Առանձնապես խուզարկություն չի եղել, մեկ-երկու դարակ են բացել-փակել, երեխաների շորեր նայել:

(...) Հայկն ասել է, որ ընթերականերից մեկն իրենց բարեկամն է, ոստիկաններն ասել են, որ դա անթույլատրելի է: Դրանից հետո նրանք հեռախոսազանգ են կատարել, որի արդյունքում երկու անծանոթ անձինք են եկել ավտոտնակ, ստորագրել արձանագրությունը և գնացել:

(...) Մոր ննջասենյակը հարդարում է ինքը կամ մայրը: Մոր սենյակը մաքրելիս ավել, հատակի շոր օգտագործել է, սակայն պայուսակը չի նկատել: (...) Չի կարող ասել նաև, թե ինչու է թմրամիջոցը և կշեռքը հայտնաբերվել հենց Կարինե Առաքելյանի մահճակալի տակից:

Դատաքննության ընթացքում վկա Ելիզավետա Մխիթարյանը ցուցմունք է տվել, որ (...) երկու տարի առաջ՝ հոկտեմբերի 31-ին (...) Լիլիթ Համբարձումյանը գիշերային ժամի զանգել է իրեն ու ասել, որ խուզարկություն կատարելու համար ոստիկաններին ընթերակա է պետք, ինքն էլ գնացել է: (...) Քանի որ Հայկը երրորդ հարկում էր բնակվում, մի խումբ ոստիկանների հետ բարձրացել են այնտեղ, (...) հետո մտել են ննջասենյակ, մի քանի դարակներ բացել, ինչպես նաև՝ սանհանգույցն են նայել: Այնուհետև մտել են խոհանոց, հետո հյուրասենյակ (...)։ Այդ ամենը տևել է մի քանի րոպե, որից հետո իջել են երկրորդ հարկ, որտեղ հենց մուտքի մոտ զամբյուղով դրված էր Հայկի նորածին աղջիկը: Նրա մայրը կանգնած էր կողքին, մտան ներս, չգիտի, թե ինչ պատահեց, երեխան զամբյուղի միջից ընկավ ու սկսեց շատ բարձր լացել: Դրանից հետո քրոջ երեք տարեկան տղա երեխան արթնացավ ու սկսեց բարձր լացել: (...) Այդ ամենի պատճառով իջել են առաջին հարկ, որտեղ Հայկը մի քանի ոստիկանի հետ նստած էր: Այդ ժամանակ Հայկն իրեն ներկայացրեց որպես հորեղբոր կին: Դրա մասին Հայկը սկզբից չի ասել, քանի որ երևի իրեն չէր նկատել: Պարզվել է նաև, որ Արմինե Պետրոսյանը Հայկի զոքանչն է: Այդ ամենի արդյունքում ոստիկաններն իրենց ամոթանք են տվել, թե արդյոք չգիտեին, որ եթե բարեկամ են, չեն կարող ընթերակա լինել: (...) Իրենց դուրս են հրավիրել (...), երկու ոստիկան հեռախոսները ձեռքներին դուրս են եկել (...) և մի քանի րոպե հետո երկու տղամարդու հետ վերադարձել: Այդ տղամարդիկ ներս են մտել, և այնպիսի տպավորություն էր, որ նրանք մտել են, ստորագրել և դուրս եկել, քանի որ հնարավոր չէր հինգ րոպեի ընթացքում խուզարկել, առավել ևս երեք հարկանի առանձնատունը: (...) Երկրորդ հարկի խոհանոցում երկու դարակ են բացել-փակել, բացել են նաև սանհանգույցի դուռը, որպիսի գործողություններն ինքը չի համարում մանրազննին խուզարկություն:

Երկրորդ հարկում Կարինե Առաքելյանի և Լիլիթ Համբարձումյանի ննջասենյակներ ոստիկանները չեն մտել, հնարավոր չէր իր բացակայության պայմաններում մտնել, քանի որ ամբողջ ընթացքում ինքն այնտեղ է եղել: (...) 

Դատաքննության ընթացքում վկա Արմինե Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ (...) իրեն զանգել ու կանչել է Կարինե Առաքելյանի աղջիկ Լիլիթը, իրեն դիմավորել են ոստիկանները և բարձրացել է երկրորդ հարկ (...), այնտեղ Հայկի երեխան էր ընկել, լացում էր (...), ստեղծվել էր լարված իրավիճակ: Հետո (...) բարձրացել են երրորդ հարկ, այնտեղ դարակներ քանդեցին, մանրամասն զննեցին, նույնիսկ երեխայի փափուկ խաղալիքն են ճղել: Նայեցին անգամ աղջկա ներքնաշորերը, երեխայի տակդիրները:

Երկրորդ հարկը չեն մտել նայել: Խառը վիճակ էր, ճչոց, գոռոց, դրա համար էլ չնայեցին: Հետո իջել են առաջին հարկ, Հայկն ասել է, ահա հորեղբոր կինը և զոքանչը: (...) Երբ իմացան իրենց բարեկամական կապերը, ուրիշ մարդկանց կանչեցին: (...) 

Երբ տուն է մտել, բարձրացել է երկրորդ հարկ: Հետո ոստիկաններն ասել են, որ պետք է երրորդ հարկը ստուգեն: (...) Երկրորդ հարկում խուզարկություն չի եղել:

Եթե այդ հարկը նայած լինեին, այնտեղ կլիներ: Չի հիշում, թե երկրորդ հարկի սենյակներում, սանհանգույցում կամ խոհանոցում խուզարկություն եղել է, թե ոչ: Տունը դեպքերից առաջ արդեն իսկ վերանորոգված էր: Երբ Հայկն ազատություն մեջ էր, չի տեսել, որ նրա ընկերները գան տուն, իր գնացած ժամանակ չի եղել նման բան: Կարինե Առաքելյանի մտերիմ ընկերուհին է, սակայն չի եղել այնպես, որ առանց թույլտվության մտնի Կարինե Առաքելյանի ննջասենյակ:

Դատաքննության ընթացքում վկա Էրիկ Գրիգորյանը ցուցմունք է տվել, որ երեք տարի է անցել, շատ բան չի հիշում: (...) [Գ]իշերվա ժամ էր (...), երբ իրեն մոտեցել են վեց հոգի, նրանցից մեկը նշել է, որ հանդիսանում է քրեականի պետը, ներկայացրել է վկայականը և ասել, որ կարող է օգտակար լինել, մի բան ստորագրել ու գնալ: Մտել են տուն, այնտեղ շատ մարդ կար, չի հասկացել, թե ով ով է, ոստիկանները խուզարկություն են կատարել, իրեն ցույց են տվել, թե ինչ են հայտնաբերել, իր հիշելով փաթեթ էր: Իր ներկայությամբ խուզարկություն կատարվել է: Իր հիշելով խուզարկում էին ավտոտնակը: (...) Սկզբից մտել են ավտոտնակ, ինչ-որ բան է հայտնաբերվել: Դրանից հետո մի սենյակ են մտել, որտեղ փոքր երեխա կար քնած: (...) Չի հիշում՝ այլ սենյակ մտել են, թե ոչ: Իր հիշելով ինքը մեկ սենյակ է մտել: (...) Իր մտնել-դուրս գալը տևել է մոտ քսան րոպե: Չգիտի, թե ինչ են հայտնաբերել, չի կարդացել ինչ փաստաթղթի տակ է ստորագրել: (...) Ավտոտնակից դեպի տուն բարձրացել են աստիճաններով, որի մոտ կանգնած էին ընտանիքի անդամները: Մտել են սենյակ, ներքնակ են բարձրացրել, այդ սենյակում իր հիշելով մի աղջիկ կար: (...) 

Արձանագրությունը կազմելուց հետո բարձրաձայն կարդացել են, դրանում նկարագրված էր կատարվածը, ուստի ստորագրել է: Չի հիշում, թե մանրամասն խուզարկվել է, թե ոչ: Իրեն կանչել են գիշերը մեկն անց կես կամ երկուսին մոտ: Ինքը չի կարում մեկ ժամից ավել կանգնել, մեջքի խնդիր ունի:

Խուզարկություն կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 5-ի արձանագրության համաձայն՝ (...) խուզարկության ժամանակ հյուրասենյակից աջ առաջին ննջարանի մահճակալի տակից հայտնաբերվեց սև, «SEPHORA» գրառմամբ պայուսակ, որի մեջ առկա էր փայլաթիթեղի մեջ սպիտակ թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված: (...) Ըստ Կարինե Առաքելյանի՝ նշված ննջասենյակում քնում է ինքը, հայտնաբերված պայուսակն իրենն է եղել, սակայն պարունակությունից տեղյակ չէ, այն իրենը չէ: Պայուսակից հայտնաբերվեց նաև «DIGITAL SCALE» գրառմամբ էլեկտրական կշեռք: (...) Տան խոհանոցից հայտնաբերվեց 2 կաթուցիչ ապակի, որոնք օգտագործված էին և դրված էին ջրի տաքացուցիչի վրա: (...) Խուզարկությամբ ներքևի նկուղային հարկում դրված թղթյա տուփի միջից հայտնաբերվեց փոքր թղթյա տուփ, որի մեջ առկա էին բազմաթիվ փոքր պոլիէթիլենային տոպրակներ և ստվարաթղթեր: (...) 

2018 թվականի փետրվարի 8-ի փորձագետի թիվ 56Ք-18 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված, Կարինե Առաքելյանի ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերված, 4.91 գրամ քաշով բաց կրեմագույն փոշենման զանգվածը հանդիսանում է MDMB(N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոց:
Փորձաքննությանը ներկայացված պայուսակում առկա կշեռքի մակերեսին հայտնաբերվեցին MDMB(N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցի հետքեր: (...) 

Փորձաքննությանը ներկայացված կաթուցիչի թվով երկու ապակյա խողովակների ներքին մակերեսներին հայտնաբերվեցին MDMB(N)-2201 տեսակի թմրամիջոցի հետքեր:

2018 թվականի մարտի 29-ի փորձագետի թիվ 092 եզրակացության համաձայն՝ Կարինե Առաքելյանից վերցված մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, որոնց օգտագործման ժամանակահատվածը համապատասխանում է մինչև հինգ ամիսների վաղեմության։ (...) 

2018 թվականի մայիսի 21-ի փորձագետի թիվ 0245 եզրակացության համաձայն՝ 2018 թվականի մայիսի 4-ին Կարինե Ռոբերտի Առաքելյանից վերցված մեզի փորձանմուշում կանաբինոիդների, ափիոդային, ֆենիլակիլամինների և սինթետիկ կանաբինոիդների խմբերի թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել:

2018 թվականի մայիսի 4-ին Կարինե Ռոբերտի Առաքելյանի մազի 10 սմ երկարության (...) փորձանմուշում կանաբինոիդների, ափիոդային, ֆենիլակիլամինների և սինթետիկ կանաբինոիդների խմբերի թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: (...)

2018 թվականի մայիսի 23-ի փորձագետի թիվ 2018-2 եզրակացության համաձայն՝ Կարինե Առաքելյանից վերցված մազի և մեզի փորձանմուշների մեջ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: (...) 

2018 թվականի հոկտեմբերի 4-ի զննում կատարելու մասին արձանագրության համաձայն՝ զննության [է] ենթարկ[վել] թիվ 10852617 քրեական գործից դուրս բերված և թիվ 10101418 քրեական գործին կցված 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի Առաքելյան 64-րդ հասցեում և դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը (...)։ Խուզարկության արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «խուզարկությունն սկսելուն պես Հ.Համբարձումյանին ընթերակաների ներկայությամբ ծանոթացվել է դատարանի որոշումը, խուզարկությամբ թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով առաջարկվեց Հ.Համբարձումյանին ներկայացնել թմրամիջոցներ, եթե դրանք պահվում են նշված հասցեում, որից հետո Հ.Համբարձումյանն իր տան ավտոտնակի հետնամասում տեղադրված կանաչ գույնի սեղանի տակ գտնվող օդամղիչ շարժիչի հետնամասից՝ պատի և օդամղիչ շարժիչի արանքից, ներկայացրեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 7 հատ առանձին պոլիէթիլենային տոպրակներ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով (...)։ Նույն ավտոտնակի մուտքից ներս՝ ձախակողմյան հատվածում տեղադրված պահարանի վերևի հատվածում՝ կպչուն ժապավենի միջնամասում, փայլաթիթեղի փաթեթով հայտնաբերվեց սպիտակ գույնի 6 կտորներ (...)։ Հ.Համբարձումյանը բանավոր հայտարարեց, որ 7 փաթեթի մեջ առկա դեղնականաչավուն զանգվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է, իսկ փայլաթիթեղի փաթեթի միջի զանգվածը հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որոնք պատկանում են իրեն: (...) Բնակարանի խուզարկությամբ ուրիշ ոչինչ չհայտնաբերվեց» (...)»3:

10.1. Վերլուծելով հետազոտված ապացույցները՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է. «(...) [Դ]ատարանը գտնում է, որ Կարինե Առաքելյանին առաջադրված մեղադրանքում նրա մեղավորությունը հավաստելու համար անհրաժեշտ է թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որով հնարավոր կլինի հավաստել հանցագործության առարկայի (թմրամիջոցի) առկայությունը, դրա տեսակի ու չափի նկարագրությունը (համապատասխան փորձաքննության եզրակացությամբ), կապը վերջինի և հանցագործության առարկայի միջև, դրա նպատակը, դիտավորությունը:

Տվյալ դեպքում պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Կարինե Առաքելյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու և իր բնակության վայրում ապօրինի պահելու համար, սակայն ամբաստանյալի մոտ իրացման նպատակի առկայությունը հիմնավորող փաստական տվյալները, ըստ էության, բացակայում են։ (...)

Դատարանի գնահատմամբ (...) փաստական տվյալները մեծամասամբ հաստատում են այն հանգամանքը, որ Առաքելյան 64 հասցեում գտնվող բնակարանի՝ Կարինե Առաքելյանի կողմից օգտագործվող ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից թմրամիջոց է հայտնաբերվել, սակայն որևէ կերպ չեն հաստատում թմրամիջոցները փաստացի Կարինե Առաքելյանին պատկանելու, առավել ևս վերջինի կողմից դրանք իրացնելու նպատակով ձեռք բերելու և պահելու հանգամանքը: (…)

 [Վկաներ Անդրանիկ Եսայանի, Ելիզավետա Մխիթարյանի, Արմինե Պետրոսյանի, Լիլիթ Համբարձումյանի և Էրիկ Գրիգորյանի] դատաքննական ցուցմունքների (…) համադրությունից բխում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության ընթացքում, ամենայն հավանականությամբ, ընթերակաների հետ կապված խնդիր է առաջացել, քանի որ ի սկզբանե հրավիրված Ելիզավետա Մխիթարյանն ու Արմինե Պետրոսյանը հանդիսացել են ամբաստանյալի ընտանիքի մտերիմները և ոստիկանները ստիպված են եղել ներգրավել նոր ընթերակաների: Ընդ որում, նոր ընթերակաների ժամանելուն պես ամբողջական խուզարկություն ողջամտորեն պետք է որ կատարված չլինի, այլ նրանց ներկայությունը մեծապես պայմանավորված է եղել կատարված քննչական գործողության արձանագրությունը ստորագրելու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության արձանագրությունը ստորագրած ընթերականերից Էրիկ Գրիգորյանի պնդմամբ ոստիկաններն իրեն կանչել են գիշերը՝ 01։30 կամ 02։00-ին մոտ, խուզարկությունը տևել է մոտ քսան րոպե, ավելին՝ երկար չէր կարող տևել, քանի որ վերջինը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի և մեկ ժամից ավելի կանգնած չի կարողանում մնալ: Այս համատեքստում հարկ է նկատել, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության արձանագրության համաձայն՝ քննչական գործողությունը սկսվել է ժամը 22:00-ին, ավարտվել՝ 01:15 րոպեին: Նման պայմաններում հարց է առաջանում, թե արդյոք այդ գործողությանը հենց սկզբից ներկա են եղել նույն ընթերակաները, եթե այո, ապա ինչպես է հնարավոր ընթերակա Էրիկ Գրիգորյանի կողմից նշված կարճ ժամանակահատվածում ամենայն մանրամասնությամբ խուզարկել երեքհարկանի բնակարանը:

Հետևաբար, նույն վկաների հայտնած տվյալների համադրումն առաջացնում է այն տրամաբանական հարցադրումը՝ արդյոք 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության ընթացքում Առաքելյան 64 հասցեում գտնվող բնակարանի երկրորդ հարկում տեղակայված, Կարինե Առաքելյանի կողմից օգտագործվող ննջասենյակում մանրամասն խուզարկություն կատարվել է, թե ոչ: Բանն այն է, որ ըստ վկաներ Ելիզավետա Մխիթարյանի, Արմինե Պետրոսյանի և Լիլիթ Համբարձումյանի պնդման՝ Առաքելյան 64 հասցեում գտնվող բնակարանի երկրորդ հարկում մանրամասն խուզարկություն չի կատարվել, քանի որ լարված իրադրություն է եղել՝ կապված մանկահասակ երեխաների և նրանց ծնողների անհանգստության ու լարված իրավիճակի հետ:

Բացի այդ, մանրամասն խուզարկություն կատարված լինելու հանգամանքը չի հաստատվում նաև հենց 2017 թվականի հոկտեմբերի 31-ի խուզարկության արձանագրությամբ: Մասնավորապես՝ դրանում նշված է, որ խուզարկության սկզբում Հ.Համբարձումյանին առաջարկվել է ներկայացնել թմրամիջոցներ, եթե դրանք առկա են խուզարկվող բնակարանում: Վերջինը բնակարանի ավտոտնակի նկարագրված հատվածից ներկայացրել է փաթեթներ և հայտարարել, որ դրանք պարունակում են թմրամիջոցներ: Իսկ հայտնաբերվածի մանրամասն նկարագրությունից հետո մեկ նախադասությամբ ընդամենը նշված է, որ բնակարանի խուզարկությամբ ուրիշ ոչինչ չի հայտնաբերվել: Նման պայմաններում Դատարանի մոտ տրամաբանորեն առաջանում է այն հարցադրումը, թե ինչու համապատասխան բնակարանի այլ հատվածներում կատարված խուզարկության և կոնկրետ գործողությունների մասին որևէ հանգամանք, նկարագրություն նշված չէ: Ասվածից ողջամտորեն կարող է բխել, որ եթե մանրամասնությամբ խուզարկություն կատարված լիներ, ապա բնակարանի մյուս հատվածներում ձեռնարկված գործողությունների մասին ևս կշարադրվեր քննչական գործողության արձանագրության մեջ կամ առնվազն կնշվեր, թե երեքհարկանի բնակարանի որ հարկի որ հատվածներում է վարույթն իրականացնող մարմինն ուսումնասիրություն իրականացրել:

Սույն դեպքում, երբ մանրամասն խուզարկություն կատարված չլինելու վերաբերյալ առկա են վկաների կողմից հայտնած տեղեկություններ, իսկ խուզարկության արձանագրությունը, ըստ էության, սպառիչ կերպով չի բացառում վերջինների հայտնածի օբյեկտիվ լինելու հնարավորությունը, Դատարանը չի կարող հստակ դիրքորոշում ունենալ, թե ինչ խորությամբ է կատարվել բնակարանի խուզարկությունը և միանշանակ կերպով բացառել այն ողջամիտ կասկածը, որ դեռևս առաջին խուզարկության կատարման ժամանակ Կարինե Առաքելյանի մահճակալի ներքնակի տակ թմրամիջոց է թաքցված եղել: Այսինքն՝ չկա փաստարկված տրամաբանություն բացառելու համար այն կասկածը (չփարատված կասկածը), որ 2018 թվականի փետրվարի 5-ին կատարված խուզարկությամբ Կարինե Առաքելյանի ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերված թմրամիջոցները կարող էին նույն տեղում (կամ գոնե բնակարանի այլ հատվածում դրանք գտնված լինեին) առկա լինել դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության ժամանակ:

Այս համատեքստում Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե անգամ խուզարկության լրիվության ու ամբողջականության վերաբերյալ ոստիկանության աշխատակից, վկա Անդրանիկ Եսայանի հայտնած տվյալներն ամբողջովին արժանահավատ համարվեն և որևէ կասկածների տեղիք չտան, ապա քրեադատավարական կանոն է, որ քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով:

Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը Կարինե Առաքելյանի մոտ իրացման նպատակի առկայությունը հիմնականում բխեցրել է բացառապես թմրամիջոցի առկայության, դրա տեսակի և առանձնապես խոշոր չափերի լինելու հանգամանքներից, ինչպես նաև՝ հայտնաբերման վայրից: Մինչդեռ (…) թվարկված հանգամանքներն ինքնին բավարար չեն իրացման նպատակի առկայությունը հաստատված համարելու համար, քանի որ գործի նյութերում առկա չեն բավարար տվյալներ, որոնք հիմք կտային հաստատված համարելու Կարինե Առաքելյանի մասնակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Մասնավորապես՝ Դատարանին չեն ներկայացվել Կարինե Առաքելյանի կողմից կասկածելի կամ թմրամիջոցների հետ կապված հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հետ պարբերական շփումների, կապերի, հեռախոսազանգերի կամ հանդիպումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կարող էին թեկուզև անուղղակի կերպով վկայել վերջինի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մասին: Այլ կերպ ասած՝ բացի թմրամիջոցի հայտնաբերված լինելու փաստից, չկա գեթ մեկ այլ տվյալ, որ Կարինե Առաքելյանն այս կամ այն կերպ առնչություն ունի թմրամիջոցի հնարավոր իրացման գործընթացի հետ (…):

(…) Դատարանը հարկ է համարում Կարինե Առաքելյանի վարքագիծը գնահատել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համատեքստում: (…)

Տվյալ դեպքում քրեական գործի նյութերում առկա են տոքսիկոքիմիական փորձաքննության երկու իրարամերժ եզրակացություններ, որոնցից 2018 թվականի մարտի 29-ի թիվ 092 եզրակացության համաձայն՝ Կարինե Առաքելյանից վերցված մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, որոնց օգտագործման ժամանակահատվածը համապատասխանում է մինչև հինգ ամիսների վաղեմության, մինչդեռ 2018 թվականի մայիսի 21-ի թիվ 0245 եզրակացության համաձայն՝ 2018 թվականի մայիսի 4-ին Կարինե Ռոբերտի Առաքելյանից վերցված մեզի փորձանմուշում կանաբինոիդների, ափիոդային, ֆենիլակիլամինների և սինթետիկ կանաբինոիդների խմբերի թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: 2018 թվականի մայիսի 4-ին Կարինե Ռոբերտի Առաքելյանի մազի 10 սմ երկարության (...) փորձանմուշում կանաբինոիդների, ափիոդային, ֆենիլակիլամինների և սինթետիկ կանաբինոիդների խմբերի թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել:
Հիշյալ երկու եզրակացությունների առնչությամբ դատաքննության ընթացքում հարցաքննվել են փորձագետներ Մարինա Ակոպովան և Կարինե Պետրոսյանը: Ընդ որում, երկու փորձագետներն էլ, չնայած իրենց եզրակացությունների տարբերություններին, նշել են, որ անձի մազի ու մեզի փորձանմուշներում կարող են թմրամիջոցներ հայտնաբերվել ոչ միայն այն դեպքում, երբ վերջինը թմրամիջոց գործածող է, այլև այն դեպքում, երբ անձը պասիվ օգտագործող է, այսինքն՝ նրա մոտ թմրամիջոց է օգտագործել մեկ ուրիշ անձ:

(…) Փորձագետների ցուցմունքների (…) համալիր վերլուծությունը վկայում է, որ Կարինե Առաքելյանի մազի և մեզի փորձանմուշներում առաջին փորձաքննությամբ թմրամիջոցի հայտնաբերումը միանշանակ չի վկայում, որ վերջինը թմրամիջոց գործածող է: Բանն այն է, որ փակ տարածքում վերջինի մոտ թմրամիջոցների օգտագործումը նույնպես կարող էր հանգեցնել նրա կողմից տրամադրված փորձանմուշներում թմրամիջոցների հայտնաբերման: Ուստի Դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Կարինե Առաքելյանի մազի և մեզի փորձանմուշներում տոքսիկոքիմիական առաջին փորձաքննությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել, չի կարող միանշանակ վկայել այն մասին, որ նա թմրամիջոց օգտագործող է, քանի որ երկրորդ փորձաքննությունը տրամագծորեն հակառակ եզրակացությունն է ունեցել, ավելին՝ փորձաքննությունների եզրակացությունները կազմած փորձագետները ցուցմունքով նշել են, որ թմրամիջոցի ներթափանցումն անձի օրգանիզմ տեղի է ունենում ոչ միայն անձամբ օգտագործելու ճանապարհով, այլև պասիվ օգտագործման դեպքում, այն է՝ անձի մոտ փակ տարածքում թմրամիջոցներ գործածելու պայմաններում:
Հետևաբար, Դատարանը չի կարող հետևություն անել Կարինե Առաքելյանի արարքում առանց իրացման նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցակազմի առկայության մասին, քանի որ միայն վերջինի ննջասենյակում թմրամիջոցի հայտնաբերումն ուղղակի վկայություն չէ այն հանգամանքի, որ դա պատկանում է նրան: Ավելին՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների համաձայն՝ Կարինե Առաքելյանի ննջասենյակը բացառապես վերջինի օգտագործման համար նախատեսված չի եղել, ինչպես նաև միայն վերջինը չէ, որ այդ սենյակ ելումուտ է ունեցել: Իսկ տարածքով մեծ բնակության վայրում բազմանդամ ընտանիքի առկայության պայմաններում որևէ անձին առնչվող տեղանքում արգելված առարկայի հայտնաբերումը միանշանակ չի վկայում այն մասին, որ դա պատկանում է հենց վերջինին:

Ընդ որում, պետք է նկատել, որ 2018 թվականի փետրվարի 5-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերված և Կարինե Առաքելյանի նմուշներում հայտնաբերված թմրամիջոցները չեն նույնանում: (…) Վերը նշվածին հակառակ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ 2018 թվականի փետրվարի 5-ին կատարված խուզարկությամբ Կարինե Առաքելյանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերված և 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկությամբ նույն բնակարանի ավտոտնակից հայտնաբերված թմրամիջոցները միևնույն տեսակի են, այն է՝ հանդիսանում են «MDMB(N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցներ, որպիսի պայմաններում ողջամտորեն առաջանում է այն կասկածը, որ հնարավոր է դրանց ամբողջ խմբաքանակը նույն անձին կամ նրա շրջապատին են պատկանելիս եղել: Եվ այստեղ էլ ավելի կարևորվում է այն հանգամանքը, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկությամբ ամբողջ տունը, ամենայն հավանականությամբ, մանրամասն չի խուզարկվել: Այսպիսով՝ Դատարանը գալիս է այն հետևության, որ քրեական գործում չկա այնպիսի տվյալ, որով կարելի է ողջամտորեն հաստատված համարել Կարինե Առաքելյանի դիտավորությունը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ պահելու հարցում կամ գոնե փաստարկված տրամաբանությամբ հերքել այն վարկածը, որ ամբաստանյալը չի իմացել, որ իր մահճակալի ներքնակի տակ գտնվող պայուսակում թմրամիջոց է պահված: (...) [Տ]վյալ դեպքում չի բացառվում նաև, որ Կարինե Առաքելյանը տեղյակ է եղել կամ որոշակի պատկերացումներ ունեցել է իրենց տանը պահվող թմրամիջոցի, դրա վտանգավորության, արգելված լինելու մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով չի բարձրաձայնել կամ միջոցներ չի ձեռնարկել թմրամիջոցներից ազատվելու ուղղությամբ: Սակայն միայն տեղյակ լինելը չի կարող վկայել Կարինե Առաքելյանի վարքագծում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով սահմանված արարքի առկայության մասին (պահելու ձևով), քանի որ Դատարանին չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վկայում են, որ Կարինե Առաքելյանը գործուն միջոցներով կամ ակտիվ վարքագծով նպաստել է թմրամիջոցների ձեռքբերմանը և պահմանը, այսինքն՝ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ՝ դրանք երկար ժամկետով կամ կոնկրետ նպատակով թաքցնելու ուղղությամբ:

Այսինքն՝ հավանական է նաև այն վարկածը, որ եթե անգամ Կարինե Առաքելյանն իմացել է իր մահճակալի ներքնակի տակ թաքցված թմրամիջոցների մասին, ապա ամենայն հավանականությամբ դրանց մասին չի բարձրաձայնել որդուն չվնասելու կամ վերջինի իրադրությունը չբարդացնելու նկատառմամբ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Համբարձումյանն արդեն իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդման է ենթարկվում: (...)

Իսկ հնարավոր այն մեկնաբանությունը, որ բերված օրինակում Կարինե Առաքելյանին կարող է մեղսագրվել որդուց հետո վերջինին պատկանող թմրամիջոցն անգործությամբ պահելու հանցակազմ, ապա նախ նման մեղադրանք առաջադրված չէ, ուստի Կարինե Առաքելյանը զրկված է եղել վերագրվող այդպիսի գործողություններից պաշտպանվելու հնարավորությունից (առաջադրված մեղադրանքի սահմաններից դուրս կդիտվի), երկրորդ՝ Դատարանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ այն դեպքում, երբ անձը ձեռք բերի և պահի թմրամիջոցը, իսկ դրանից հետո տան մյուս անդամը զուտ միջոցներ չձեռնարկի դրանից ազատվելու համար (մինչ այդ ձեռք բերելու և պահելու ուղղությամբ որևէ բան արած չլինի), ապա վերջինը կարող է հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 268–րդ հոդվածով նախատեսված հանցակազմի կրողը: (…)

Այսպիսով՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Կարինե Առաքելյանի մեղավորությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության գործընթացում չի հաստատվում4։

11. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված վերոշարադրյալ ապացույցները ինքնին բավարար են հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով Կարինե Առաքելյանի մեղքը հաստատված համարելու համար:

(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Կարինե Առաքելյանի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Առաքելյան փողոցի 64 տանը և դրան կից օժանդակ շինություններում, 2018թ-ի փետրվարի 5-ին կատարված խուզարկության արդյունքում նրա ննջասենյակում՝ մահճակալի տակից, հայտնաբերվել է «SEPHORA» գրառմամբ Կ.Առաքելյանին պատկանող պայուսակ, որի մեջ, ըստ փորձագիտական եզրակացության, առկա է եղել փայլաթիթեղի մեջ սպիտակ թղթով փաթեթավորված 4,91 գրամ քաշով «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոց: Կարինե Առաքելյանին պատկանող «SEPHORA» գրառմամբ պայուսակից հայտնաբերվել է նաև «DIGITAL SCALE» գրառմամբ էլեկտրական կշեռք, որի մակերեսին փորձաքննությամբ հայտնաբերվել են «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցի հետքեր: Ամբաստանյալի բնակության վայրի խոհանոցում հայտնաբերվել է թվով երկու կաթուցիչի ապակյա խողովակներ, որոնց ներքին մակերեսներին փորձաքննությամբ հայտնաբերվել են «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցի հետքեր: Խուզարկության արդյունքում տան նկուղային հարկում հայտնաբերվել են նաև բազմաթիվ փոքր պոլիէթիլենային տոպրակներ և ստվարաթուղթ:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Երևան քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 64 եռահարկ տանը 2018թ-ի փետրվարի 5-ին կատարված խուզարկության արդյունքում միայն Կարինե Առաքելյանի ննջասենյակում՝ մահճակալի տակից, և նրան պատկանող պայուսակում, այսինքն՝ նրա կողմից անմիջականորեն շահագործվող վայրերից և օգտագործվող իրերից, առանձապես խոշոր չափի թմրամիջոցի հայտնաբերումը, թմրամիջոցի հետ նույն պայուսակում թմրամիջոցի հետքեր պարունակող կշեռքի հայտնաբերումը, որն ամենայն հավանականությամբ օգտագործվել է իրացվող թմրանյութի չափաբաժինների առանձնացումն դյուրացնելու նպատակով, տան խոհանոցում թվով երկու կաթուցիչի ապակյա խողովակների հայտնաբերումը, որոնց ներքին մակերեսներին փորձաքննությամբ արձանագրվել են «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցի հետքեր, ինչպես նաև տան նկուղային հարկում բազմաթիվ պոլիէթիլենային տոպրակների և ստվարաթղի հայտնաբերումն իրենց համակցությամբ վկայում են, որ Կարինե Առաքելյանն իրացման նպատակով ձեռք է բերել և պահել է առանձնապես խոշոր չափի «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոց:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ 2018թ-ի փետրվարի 5-ի խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցը չի նույնանում (…) փորձագետի թիվ 092 եզրակացությամբ Կարինե Առաքելյանից վերցված մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերված թմրամիջոցներին (…): Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Կարինե Առաքելյանից վերցված մեզի և մազի փորձանմուշներում քիմիկոտոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի 2018թ-ի փետրվարի 5-ի խուզարկությամբ նրա ննջասենյակից հայտնաբերված թմրամիջոցի հետ նույնական չլինելը վերը վկայակոչված հանգամանքների համակցության մեջ ևս անուղղակիորեն վկայում է Կարինե Առաքելյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցն իրացնելու նպատակի առկայության մասին:

Վերաքննիչ դատարանը Կարինե Առաքելյանի կողմից թմրամիջոց իրացնելու նպատակի առկայության վերաբերյալ իր հետևության հիմքում դնում է նաև այն հանգամանքը, որ 2018թ-ի փետրվարի 5-ի խուզարկության ընթացքում հայտնաբերված «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցը փաթեթավորված է եղել ստվարաթղթի մեջ, և մեծ քանակությամբ ստվարաթուղթ հայտնաբերվել է նաև տան նկուղային հարկում:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն առ այն, որ առկա է ողջամիտ կասկած, որ դեռևս 2017թ-ի հոկտեմբերի 31-ի խուզարկության ժամանակ Կարինե Առաքելյանի մահճակալի ներքնակի տակ թմրամիջոց է թաքնված եղել, հիմնավոր չէ և չի բխում գործի փաստական հանգամանքներից:

(…) [Վ]երաքննիչ դատարանի մոտ ձևավորվում է համոզվածություն առ այն, որ Երևան քաղաքի Առաքելյան փողոցի 64 տանը 2017թ-ի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության արձանագրությամբ ամրագրված գործողությունները կատարվել են ընթերակաների ներկայությամբ, նրանցից Էրիկ Գրիգորյանն իր ցուցմունքով պնդել է, որ արձանագրությունը ստորագրել է, քանի որ դրանում նկարագրվածը համապատասխանել է իր ներկայությամբ կատարվածին: Դեռ ավելին, Էրիկ Գրիգորյանի և Կարինե Առաքելյանի դատաքննական ցուցմունքների համադրությամբ հաստատվում է, որ խուզարկվել է նաև Կարինե Առաքելյանի ննջասենյակը, քանի որ վկան հայտնել է, որ խուզարկվել է ննջասենյակ, որտեղ քնած է եղել երեխա, իսկ Կ.Առաքելյանը ցուցմունք է տվել, որ թոռն իր հետ քնում է իր ննջասենյակում, ինչը Անդրանիկ Եսայանի ցուցմունքների հետ համակցության մեջ բավարար է հանգելու եզրակացության, որ տան երկրորդ հարկում՝ մասնավորապես Կարինե Առաքելյանի ննջասենյակում, խուզարկություն ընդհանրապես կատարված չլինելու կամ թերի կատարված լինելու վերաբերյալ վկայություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս առումով վերաքննիչ դատարանն անարժանահավատ է համարում Արմինե Պետրոսյանի և Ելիզավետա Մխիթարյանի հայտնած տվյալները, քանի որ եթե նույնիսկ ընդունենք, որ ի սկզբանե նրանք էին ընդգրկված որպես ընթերակա, ապա ըստ իրենց իսկ ցուցմունքների՝ Հայկ Համբարձումյանի հետ նրանց բարեկամական կապը հայտնի դառնալուց հետո ոստիկանները նրանց դուրս են հրավիրել, և նրանք մինչև խուզարկության ավարտը գտնվել են ավտոտնակում, ուստի և չէին կարող իմանալ, թե իրենց դուրս հրավիրելուց հետո տան որ մասում և ինչ խորությամբ է խուզարկություն կատարվել: Ինչ վերաբերում է Լիլիթ Համբարձումյանին, ապա հաշվի առնելով նրա՝ Կարինե Առաքելյանի դուստրը, այսինքն՝ գործի ելքով շահագրգիռ անձ լինելու, ինչպես նաև իր ցուցմունքով այլ վկաների ցուցմունքներին էապես հակասող տվյալներ հայտնելու, դրանք Անդրանիկ Եսայանի և Էրիկ Գրիգորյանի ցուցմունքներով ժխտվելու հանգամանքները, վերաքննիչ դատարանը նրա ցուցմունքները ևս արժանահավատ չի համարում:

Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանը (...) 2017թ-ի հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի Առաքելյան 64 հասցեում և դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությ[ունը ևս] վկայում է այն մասին, որ Հայկ Համբարձումյանի կողմից որոշակի քանակության թմրամիջոցներ ներկայացնելուց հետո վարույթն իրականացնող մարմինը շարունակել է խուզարկությունը, հայտնաբերել նաև այլ՝ մետամֆետամին տեսակի թմրամիջոց, և տվյալ պահին բնակարանում առկա լինելու դեպքում կհայտնաբերվեին նաև 2018թ-ի փետրվարի 5-ի խուզարկությամբ տան տարբեր մասերում հայտնաբերված ու առգրավված «MDMB (N)-2201» կրճատ անվամբ թմրամիջոցը, «MDMB (N)-2201» թմրամիջոցի հետքեր պարունակող թվով երկու կաթուցիչի ապակյա խողովակները, բազմաթիվ փոքր պոլիէթիլենային տոպրակներն ու ստվարաթուղթը:

Վերաքննիչ դատարանը, գնահատելով 2018թ-ի փետրվարի 5-ի խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցն այլ անձանց՝ Հայկ Համբարձումյանին, նրա ընկերներին, տան վերանորոգումն իրականացնողներին պատկանելու հնարավորության վերաբերյալ ցուցմունքները, արձանագրում է, որ Կարինե Առաքելյանը և Լիլիթ Համբարձումյանը հայտնել են, որ պարբերաբար հատակի շոր և ավել օգտագործելու եղանակով մաքրել են Կ.Առաքելյանի ննջասենյակը, այդ թվում՝ անկողնու տակը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ ըստ Կարինե Առաքելյանի՝ տան երկու-երեք տարվա ընթացքում իրականացվող շինարարությունը տևել է ընդհուպ մինչև որդու՝ Հայկ Համբարձումյանի ձերբակալումը, իսկ Արմինե Պետրոսյանը հայտնել է, որ ինչպես մինչև Հայկ Համբարձումյանին ձերբակալելը, այնպես էլ դրանից հետո չի տեսել, որ նրա ընկերները գան տուն, իսկ ինքը, հանդիսանալով նաև Կ.Առաքելյանի մտերիմ ընկերուհին, առանց թույլտվության երբեք չի մտել նրա ննջասենյակ:

Վերոգրյալի հիմքով վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության, որ ամբաստանյալ Կարինե Առաքելյանի ննջասենյակում հայտնաբերված թմրամիջոցն այլ անձանց, այդ թվում՝ Հայկ Համբարձումյանի կողմից անկողնու տակ թողնելու կամ այլ անձանց պատկանելու ողջամիտ հավանականությունը խիստ ցածր է:

Անդրադառնալով 2017թ-ի հոկտեմբերի 31-ի խուզարկության ոչ լրիվության և դրա արդյունքում մեղադրանքի նպատակներով հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով լրացնելու անթույլատրելիության վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հետևությանը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առումով առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ եզրակացության:

Այսպես, 2017թ-ի հոկտեմբերի 31-ի խուզարկության արձանագրությամբ նկարագրված է տան այն հատվածներում խուզարկության ընթացքը, որտեղ հայտանաբերվել են թմրամիջոցներ՝ արձանագրելով, որ բնակարանի խուզարկությամբ ուրիշ ոչինչ չի հայտնաբերվել:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ խուզարկության արձանագրությամբ տան՝ քննությանը հետաքրքող նյութեր չհայտնաբերված հատվածներում կատարված խուզարկության ընթացքի մանրամասնեցված չլինելն (այդ հատվածներում խուզարկության փաստն արձանագրությամբ հաստատված լինելու պայմաններում) չի կարող մեկնաբանվել որպես կատարված քննչական գործողության արձանագրության ոչ լրիվություն: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ խուզարկության մասնակիցների, այդ թվում՝ ընթերակաների և անձի, ում մոտ կատարվում է խուզարկությունը, կողմից իրենց ստորագրություններով խուզարկությամբ կատարված գործողությունների, տվյալ դեպքում՝ տան այլ հատվածներում խուզարկություն կատարելու և քննությանը հետաքրքրող առարկաներ չհայտնաբերելու մասով արձանագրության հաստատված լինելու պարագայում դրանում փաստված տեղեկության իսկությունը կասկածի տակ դնելն իրավաչափ չէ: Այս առումով վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ խուզարկության և առգրավման արձանագրության կազմման կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածը սպառիչ թվարկում է արձանագրության մեջ պարտադիր շարադրման ենթակա տվյալները, որոնց մեջ բացակայում է խուզարկված յուրաքանչյուր օբյեկտի մասին առանձին նշում կատարելու պահանջ, եթե դրանում խուզարկվող առարկա չի հայտնաբերվել: Մինչդեռ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում խուզարկության արձանագրությամբ պետք է ամենայն մանրամասնությամբ արձանագրվեն խուզարկվող օբյեկտի բոլոր հատվածները (օրինակ, պահարանի յուրաքանչյուր դարակ, պայուսակի յուրաքանչյուր գրպան և այլն), որպեսզի հետագայում նույն օբյեկտում կրկին խուզարկության կատարման դեպքում լիովին փարատվի փնտրվող առարկայի՝ նախկին խուզարկության ժամանակ այդ օբյեկտում գտնվելու հավանականությունը:

(…)

Անդրադառնալով տոքսիկոքիմիական փորձաքննությունների թիվ 092 և թիվ 0245 փորձագիտական եզրակացությունների հետևություններին (…) վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության, որ մազի մեջ առկա թմրամիջոցի հետքերը հնարավոր է վերացնել խիստ քիմիական ազդեցության ներքո: Այս առումով վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ 092 փորձագիտական եզրակացության փորձանմուշները վերցվել են Կարինե Առաքելյանի ձերբակալված լինելու ընթացքում՝ 2018թ-ի փետրվարի 16-ին, այնուհետև Կարինե Առաքելյանի և նրա պաշտպան Ս.Ոսկանյանի միջնորդությամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որով փորձանմուշները վերցվել են ավելի քան երկուսուկես ամիս հետո՝ 2018թ-ի մայիսի 4-ին: Կրկնակի փորձաքննությամբ արձանագրվել է Կարինե Առաքելյանից վերցված մազի փորձանմուշի խիստ քիմիական մշակման ենթարկված լինելու հանգամանքը, և դատելով Կ.Առաքելյանի դատաքննական ցուցմունքից՝ նա տարբեր նորկոլոգներից հետաքրքրվել է թմրամիջոցների օգտագործման արդյունքում օրգանիզմում դրանց հետքերի գոյացման և հետքերը վերացնելու եղանակների մասին:

Վերոշարադրյալի հիմքով վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ մինչ կրկնակի տոքսիկոքիմիական փորձաքննության համար փորձանմուշ վերցնելն ամբաստանյալ Կարինե Առաքելյանը նախօրոք մազերը ենթարկել է խիստ քիմիական մշակման՝ նպատակ հետապնդելով բացառելու մազի փորձանմուշում թմրամիջոցների հետքերի հայտնաբերման հավանականությունը: (…)

Քննարկման առարկա դարձնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումն առ այն, որ Կարինե Առաքելյանի կողմից թմրամիջոցների հետ կապված հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հետ պարբերական շփումների, կապերի, հեռախոսազանգերի կամ հանդիպումների վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում նրա մասնակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը չի կարող հաստատված համարվել, վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նյութերում առկա վերը վկայակոչված փաստական հանգամաքներն իրենց համակցությամբ կոնկրետ դեպքում բավարար են հաստատված համարելու Կարինե Առաքելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռք բերելու և պահելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով Կարինե Առաքելյանի ննջասենյակում՝ անկողնու տակ, թմրամիջոցների առկայության մասին նրա տեղեկացվածության ողջամիտ հավանականությունը, հանգել է սխալ եզրակացության՝ Կարինե Առաքելյանի կողմից թմրամիջոցն իր ննջասենյակի անկողնու տակ պահելու շարժառիթների վերաբերյալ՝ կատարելով գործի փաստական հանգամանքներով չհաստատվող ենթադրություններ: Այս առումով վերաքննիչ դատարանը գտնում է, որ թմրամիջոց պահելու հանցակազմն առկա է նաև այն դեպքերում, երբ անձը թաքցնում է այլ անձի կողմից պահելու նպատակով տրված կամ հետագայում իրեն վստահված թմրամիջոցը:

Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կարինե Առաքելյանի կողմից ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ դատարանում չի ներկայացվել խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցների՝ իր ննջասենյակի անկողնու տակ հայտնվելու ողջամիտ բացատրություն: (…)

[Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ առանձին հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց դեմ պայքարը հռչակված է որպես համընդհանուր առաջնահերթություն, դատարանն իր ներքին համոզմամբ կարող է հավանականության բարձր աստիճանով հաստատված համարել գործի որևէ հանգամանք՝ հիմք ընդունելով գործով հաստատված այլ հանգամանքների համակցությունը, եթե հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձն առաջ չի քաշել մեղադրանքը հերքող ողջամիտ բացատրություն: Ընդ որում, այդ հանգամանքները համապատասխան իրավիճակներում պետք է օժտված լինեն հավանականության այնպիսի բարձր աստիճանով, որը կվկայի հակառակի ոչ ողջամիտ լինելու մասին: Այլ կերպ՝ այդ հանգամանքի հավանականությունը պետք է լինի ավելի բարձր, քան հակառակինը: (…)

Վերոշարադրյալ իրավական վերլուծությունները համադրելով գործի փաստական հանգամանքների հետ, այն է՝ 2018թ-ի փետրվարի 5-ի խուզարկությամբ թմրամիջոցը միայն Կարինե Առաքելյանի ննջասենյակում հայտնաբերվելը, նրան պատկանող պայուսակում թմրամիջոցի հետքեր պարունակող կշեռքի առկայությունը, խուզարկությամբ մեծ քանակությամբ ստվարաթղթի և պոլիէթիլենային տոպրակների հայտնաբերումը, 2017թ-ի հոկտեմբերի 31-ի խուզարկությամբ նրա ննջասենյակում թմրամիջոցի և առգրավված այլ իրերի հայտնաբերված չլինելը, և դրանք գնահատելով Կարինե Առաքելյանի կողմից նշված հանգամանքների կապակցությամբ ողջամիտ բացատրություն չներկայացնելու համատեքստում, վերաքննիչ դատարանը հավանականության բարձր աստիճանով հաստատված է համարում խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցն ամբաստանյալ Կարինե Առաքելյանի կողմից իրացնելու նպատակով ձեռք բերելու և պահելու հավանականությունը»5։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Կ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնել[ն է] ():

3. Սույն հոդվածի առաջին () մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

(…)

2) առանձնապես խոշոր չափերով՝ ()»։

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքել[ն է] ():

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝ ()»։

13.1. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի վերլուծությունից երևում է, որ դրանք օբյեկտով, առարկայով, օբյեկտիվ կողմի հատկանիշներով ըստ էության նույնանում են։ Դրանց տարբերությունը միայն հանցակազմի սուբյեկտիվ կողմի, մասնավորապես՝ հանցագործության նպատակի մեջ է։ Ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում բացակայում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի իրացման նպատակը6։

13.2. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշ համարվող իրացման նպատակի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Մարտիկ Բոլյանի գործով որոշմամբ։ Ըստ այդ որոշման` «(…) Իրացման նպատակի տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութերի տարածման ցանկացած եղանակ, այդ թվում նաև նախնական պատվերով: Իրացման նպատակի մասին կարող է վկայել ինչպես ձեռք բերողի (ստացողի, սպառողի) հետ համապատասխան պայմանավորվածության առկայությունը, այնպես էլ գործի մյուս հանգամանքները. թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը դրանք չգործածող անձի կողմից, զգալի քանակությունը, իրացման համար հարմար փաթեթավորումը և այլն: Ընդ որում, հանցավորից առգրավված թմրամիջոցների մեծ քանակությունն ինքնըստինքյան դրանք իրացնելու անվիճելի ապացույց չէ. դա պետք է գնահատել միայն իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ (…)»7։

14. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 18-րդ հոդվածի համաձայն` «(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:

Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

 Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով «ապացույցների բավարարության» հասկացության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները8, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]պացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։

(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ (…) [Դա] ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։ (…)

[Հ]անցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: (…) [Մ]եղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը: (…)

(…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով` պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»9:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- նախաքննության մարմնի կողմից Կ.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով10,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ դատաքննության ընթացքում հետազոտված փաստական տվյալները բավարար չեն առաջադրված մեղադրանքում Կ.Առաքելյանի մեղավորությունը հաստատված համարելու համար: Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ, մեղադրանքի հիմքում դրված ապացույցները մեծամասամբ հաստատում են այն հանգամանքը, որ Կ.Առաքելյանի կողմից օգտագործվող ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից թմրամիջոց է հայտնաբերվել, սակայն որևէ կերպ չեն հաստատում թմրամիջոցները փաստացի Կ.Առաքելյանին պատկանելու, առավել ևս վերջինիս կողմից դրանք իրացնելու նպատակով ձեռք բերելու և պահելու հանգամանքները11:

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք է տալիս, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալը մեղավորությամբ կատարել է իրեն վերագրվող արարքը12։

16. Սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները, ինչպես նաև Կ.Առաքելյանի և վերջինիս պաշտպանի բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը նախևառաջ իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողություններին, որ հիմնավոր չեն և գործի փաստական հանգամանքներից չեն բխում 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության ոչ լրիվության, դրա արդյունքում մեղադրանքի նպատակներով հետաքննության մարմնի աշխատակցի և այլ անձանց ցուցմունքներով այն լրացնելու անթույլատրելիության, ինչպես նաև դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 31-ի խուզարկության ժամանակ Կ.Առաքելյանի մահճակալի ներքնակի տակ թմրամիջոց թաքցրած լինելու ողջամիտ կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Կարինե Առաքելյանի, վկաներ Անդրանիկ Եսայանի, Էրիկ Գրիգորյանի, Լիլիթ Համբարձումյանի, Ելիզավետա Մխիթարյանի և Արմինե Պետրոսյանի ցուցմունքների պատշաճ գնահատման, ինչպես նաև 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքի Առաքելյան 64 հասցեում և դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրության և վերաբերելի իրավանորմի համադրված վերլուծության արդյունքում իրավաչափ հետևության է հանգել 2017 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված խուզարկության լրիվության ու դրա արձանագրության իրավաչափության վերաբերյալ, և Վճռաբեկ դատարանի համար լիովին ընդունելի են դրանց առնչությամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա պատճառաբանություններն ու հիմնավորումները։

16.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ սույն գործի փաստական հանգամաքներն իրենց համակցության մեջ կոնկրետ դեպքում բավարար են հաստատված համարելու Կ.Առաքելյանի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու հանգամանքները: Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում իրավացիորեն կարևորել է ոչ միայն Երևան քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 64 եռահարկ տանը 2018 թվականի փետրվարի 5-ին կատարված խուզարկության արդյունքում միայն Կ.Առաքելյանի ննջասենյակում՝ մահճակալի տակից, և նրան պատկանող պայուսակում, այսինքն՝ նրա կողմից անմիջականորեն օգտագործվող վայրից և իրերից թմրամիջոցի հայտնաբերման փաստը, այլև նշված հանգամանքի կապակցությամբ Կ.Առաքելյանի կողմից ողջամիտ բացատրություն չներկայացնելը և հայտնաբերված թմրամիջոցն այլ անձանց, այդ թվում՝ Հայկ Համբարձումյանի կողմից անկողնու տակ թողնելու կամ այլ անձանց պատկանելու ողջամիտ հավանականության խիստ ցածր լինելը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքները, որ 2017 թվականի հոկտեմբերի 31-ի խուզարկությամբ Կ.Առաքելյանի ննջասենյակից թմրամիջոց չի հայտնաբերվել, որից անմիջապես հետո Հ.Համբարձումյանը ձերբակալվել է, և մինչև երկրորդ խուզարկությունը՝ 2018 թվականի փետրվարի 5-ը, գնտվել է անազատության մեջ13:

Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է նաև, որ առանձին հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց դեմ պայքարը հռչակված է որպես համընդհանուր առաջնահերթություն, դատարանն իր ներքին համոզմամբ կարող է հավանականության բարձր աստիճանով հաստատված համարել գործի որևէ հանգամանք՝ հիմք ընդունելով գործով հաստատված այլ հանգամանքների համակցությունը, եթե հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձն առաջ չի քաշել մեղադրանքը հերքող ողջամիտ բացատրություն: Ընդ որում, այդ հանգամանքները համապատասխան իրավիճակներում պետք է օժտված լինեն հավանականության այնպիսի բարձր աստիճանով, որը կվկայի հակառակի ոչ ողջամիտ լինելու մասին: Այլ կերպ՝ այդ հանգամանքի հավանականությունը պետք է լինի ավելի բարձր, քան հակառակինը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերջին դիրքորոշումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած կայուն նախադեպային պրակտիկայից առ այն, որ քրեական գործի շրջանակում անմեղ համարվելու անձի իրավունքը և նրան ներկայացված մեղադրանքի ապացուցման բեռը կրելու պետության իրավասու մարմինների համար սահմանված պահանջը բացարձակ չեն, քանի որ քրեական իրավունքի ցանկացած համակարգում գործում են փաստի կամ իրավունքի կանխավարկածներ, և պետությունները որոշակի պայմաններում կարող են անձին պատժել պարզ կամ օբյեկտիվ փաստի հիման վրա՝ անկախ դրա հիմքում հանցավոր դիտավորության կամ անզգուշության առկայությունից14։

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում ևս արձանագրել է Կ.Առաքելյանի՝ իր անկողնու տակ թմրամիջոցների առկայության վերաբերյալ տեղեկացվածության ողջամիտ հավանականության մասին, սակայն հանգել է սխալ եզրակացության, ինչն իրավացիորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը և փաստել, որ թմրամիջոց պահելու հանցակազմն առկա է նաև այն դեպքերում, երբ անձը թաքցնում է այլ անձի կողմից պահելու նպատակով տրված կամ իրեն վստահված թմրամիջոցը:

16.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Կ.Առաքելյանի գործողություններում իրացման նպատակի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Կ.Առաքելյանն իրացնելու նպատակով է ապօրինի ձեռք բերել և իր ննջասենյակի մահճակալի տակ պահել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով ամբաստանյալ Կ.Առաքելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը, առավելապես հիմնվել է ենթադրական բնույթի դատողությունների վրա և չի մատնանշել գործի նյութերից բխող կոնկրետ փաստական տվյալների այնպիսի համակցություն, որը հիմք կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Կ.Առաքելյանը թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել և պահել իրացման նպատակով:

Այսպիսով, սույն գործի փաստական տվյալների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով Կ.Առաքելյանի կողմից իր ննջասենյակի մահճակալի տակ առանձնապես խոշոր չափերով ապօրինի թմրամիջոց պահելու փաստը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատապես պնդելու, որ Կ.Առաքելյանն այն պահել է իրացման նպատակով: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ առանց իրացման նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու հանցակազմի համար նշանակություն չունի, թե այն ինչ շարժառիթով է պահվում՝ անձնական օգտագործման, այլ անձի կողմից պահելու նպատակով իրեն տրված կամ վստահված թմրամիջոցը թաքցնելու, թե այլ շարժառիթով:

17. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

18. Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, Կ.Առաքելյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելով, թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, սույն որոշման 16-16.2-րդ կետերում արված եզրահանգումների լույսի ներքո, մի կողմից նկատի ունենալով գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի ապահովման անհրաժեշտությունը15, մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելն է։

18.1. Ուստի հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 23-ի դատական ակտերը պետք է բեկանել, Կ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել նույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով։

18.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Առաքելյանի կողմից կատարված՝ 2003 ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի վրա, հետադարձության կարգով պետք է տարածել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները։

Մասնավորապես, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ: (…)»։

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա է արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ամբաստանյալ Կ.Առաքելյանի մեղադրանքը ներառում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ: Միաժամանակ, նախկին և գործող քրեական օրենսգրքերով, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ նշված արարքի համար որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով, մինչդեռ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով սահմանված էր ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով։ Հետևաբար, նոր օրենսդրության գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձի վրա։

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Առաքելյանի արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների16 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով Կ.Առաքելյանի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեաիրավական քաղաքականությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքների, այն է` նախկինում դատապարտված չլինելու, մշտական աշխատանք ունենալը, աշխատավայրում դրական բնութագրվելու, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության17 հետ՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ նրա նկատմամբ այդ հոդվածով պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Վերոգրյալի հետ մեկտեղ` հաշվի առնելով, որ Կ.Առաքելյանին մեղսագրվող արարքը կատարվել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, ու Կ.Առաքելյանի նկատմամբ՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը կիրառելու արգելքները բացակայում են, ուստի նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Կ.Առաքելյանը նշանակված պատժից ենթակա է ազատման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կարինե Ռոբերտի Առաքելյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 23-ի որոշումը բեկանել և փոփոխել։

2. Կարինե Ռոբերտի Առաքելյանին մեղավոր ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Կարինե Ռոբերտի Առաքելյանին ազատել պատժից:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտը մնացած մասերով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 30:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 112-134:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 134-157:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 63-119:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անդրանիկ Ասլանյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0125/01/09 որոշումը։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մարտիկ Բոլյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ 135/07 որոշումը:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10, Մարգար Հակոբյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշումները։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 30-րդ և 33-րդ կետերը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 49։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Salabiaku v. France գործով 1988 թվականի հոկտեմբերի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10519/83, կետ 27, Janosevic v. Sweden գործով 2003 թվականի մայիսի 21-ի վճիռը, գանգատ թիվ 34619/97, կետ 100, Joost Falk v. the Netherlands գործով 2004 թվականի հոկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 66273/01, Busuttil v. Malta գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 48431/18, կետ 46։

15 Անձի՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի առնչությամբ առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14, Արման Բաղդասարյանի գործով 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԱԴԴ/0066/01/17 որոշումները։

16 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշման 24-րդ կետը և այդ որոշմամբ վկայակոչված վերաբերելի որոշումները։

17 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 117:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: