ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/1946/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.04.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ն. Բաղդասարյան

ԵԴ/1946/01/21

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Ա. Բեկթաշյան  

դատավորներ՝

 Ա. Ղուկասյան

 

 Ա. Մաթևոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

25 ապրիլի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Երվանդ Արայիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 13877820 քրեական գործը։

2020 թվականի ապրիլի 27-ին Երվանդ Արայիկի Պետրոսյանն ապօրինի զենք պահելու, կրելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և նույն օրը ձերբակալվել է։

2020 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացվել ԵՊետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2020 թվականի ապրիլի 30-ին ԵՊետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2020 թվականի հունիսի 4-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 58157720 քրեական գործը։

2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Էդմոն Հրաչիկի Մարուքյանը թիվ 58157720 քրեական գործով ճանաչվել է տուժող։

2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ թիվ 58157720 քրեական գործը միացվել է թիվ 13877820 քրեական գործին, որին շնորհվել է 13877820 համարը։

2020 թվականի հունիսի 5-ին ԵՊետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով։

2020 թվականի հունիսի 5-ին քննիչի կողմից կայացվել է որոշում՝ ԵՊետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու և վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 6-ի որոշմամբ մերժվել է։

2020 թվականի հունիսի 8-ին Ե.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2021 թվականի հոկտեմբերի 20-ին թիվ 13877820 քրեական գործի նյութերով Ռուբեն Պետիկի Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 30-ին վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերված և առգրավված, փորձագետի թիվ 863-20 եզրակացության համաձայն ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 13877820/1 նոր քրեական գործը և առանձնացվել առանձին վարույթում։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին ԵՊետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

2021 թվականի դեկտեմբերի 21-ին թիվ 13877820 քրեական գործի նյութերով 2020 թվականի ապրիլի 27-ին ԵՊետրոսյանի բնակության վայրում, 2020 թվականի ապրիլի 28-ին Աշտարակի խճուղու 21 հասցեում գործող «Ար Մալի» ՍՊ ընկերության «Մագնում» գազալցակայանում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված և առգրավված, փորձագետի թիվ 806-20 և 863-20 եզրակացությունների համաձայն հրազեն հանդիսացող ատրճանակները և ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտները քրեական գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում անհայտ անձի կողմից ԵՊետրոսյանին իրացնելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է թիվ 13877820/2 քրեական գործը և առանձնացվել առանձին վարույթում։

2021 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Ե.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Պատժի ժամկետին հաշվակցվել է ԵՊետրոսյանի՝ անազատության մեջ գտնվելու 3 օրը՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 3 տարի 11 ամիս 27 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ԵՊետրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ԵՊետրոսյանը պարտավորեցվել է առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ իր նոր բնակության վայրի հասցեն երկօրյա ժամկետում հայտնել վերահսկողություն իրականացնող մարմնին։ Փորձաշրջանի սկիզբը հաշվվել է ԵՊետրոսյանին հաշվառման վերցնելու պահից: ԵՊետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Առաջին ատյանի դատարանի՝ դատական ակտի անհստակությունը լուծելու մասին 2024 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռի եզրափակիչ մասի անհստակությունը լուծվել է ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցվել է Երվանդ Պետրոսյանի՝ անազատության մեջ գտնվելու 3 օրը՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 11 ամիս 27 օր ժամկետով:

3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ.Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը թողել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱՎարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Երվանդ Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ՝ ապօրինի ձեռք է բերել, և բնակարանում, ինչպես նաև Աշտարակի խճուղու իր աշխատավայրում պահել է տարբեր հրազեններ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափերի բազմաթիվ փամփուշտներ (3 ատրճանակ և տարբեր տրամաչափերի ավելի քան 650 հատ փամփուշտ), առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է անարժանահավատ ցուցմունքներ այն մասին, որ ունեցել է գրանցված և չգրանցված զենքեր, և, քանի որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ են եղել, նպատակահարմար չի գտել անձամբ զենքերը տանել ոստիկանություն, այլ զանգահարել է լրագրող Գագիկ Շամշյանին, ով, իր իմանալով, ոստիկանության լրագրող է, և ցանկացել է այդկերպ գրանցել զենքերը, հրապարակայնորեն այն հանձնել, չի հայտնել հանցագործության առարկա հրազենի և ռազմամթերքի ձեռքբերման իրական աղբյուրը, դրա ապօրինի շրջանառության իրական նպատակն ու շարժառիթը։

Բողոքաբերը, անդրադառնալով ԵՊետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք գնահատված հանգամանքերին, փաստել է, որ դրանք այն աստիճան չեն նվազեցրել մեղադրյալի արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, որ հիմք հանդիսանային ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ե.Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։

Բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ինչպես ԵՊետրոսյանի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, այնպես էլ նրա անձը։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ԵՊետրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ ԵՊետրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Երվանդ Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, մեկ միասնական դիտավորությամբ քրեական գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ժամանակահատվածում և ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի «ЯД 1738» համարի 7,62 մմ (7,62x25) տրամաչափի ատրճանակը, ԽՍՀՄ գործարանային արտադրության, «ТК» մոդելի, «344921» համարի, 6,35մմ /6,35x15/ տրամաչափի ակոսափող ատրճանակը, գործարանային արտադրության, «Beretta М1934» մոդելի, «G08468» համարի, 9մմ /9x17/ տրամաչափի ակոսափող ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող 4 հատ 7,62 մմ (7,62x25) փամփուշտները, ատրճանակի պահեստատուփից թվով 8 հատ, գործարանային արտադրության, 6,35մմ /6,35x15/ տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտները, ատրճանակի պահեստատուփից թվով 4 հատ, գործարանային արտադրության, 9մմ /9x17/ տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտները, թվով 1 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x25/ տրամաչափի մարտական փամփուշտը, թվով 14 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 16 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 12 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 1 հատ, գործարանային արտադրության, 6,35մմ /6,35x15/ տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտը, որոնք տեղափոխել և ապօրինի պահել է Երևան քաղաքի Սարմենի փողոցի 13 շենքի 20 հասցեում գտնվող իր բնակարանում, որոնք 2020 թվականի ապրիլի 27-ին կատարված խուզարկությամբ հիշյալ հասցեից հայտնաբերվել և առգրավվել է:

Վերոնշվածից բացի, Երվանդ Պետրոսյանն ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող թվով 161 հատ գործարանային արտադրության, 5,45մմ /5,45x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 91 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 169 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ/7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 174 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի մարտական փամփուշտները, որոնք տեղափոխել և ապօրինի պահել է Աշտարակի խճուղու 21 հասցեում գործող, «Մագնում» գազալցակայանի տարածքում գտնվող իր աշխատասենյակում, իսկ 2020 թվականի ապրիլի 28-ին կատարված խուզարկությունով հիշյալ հասցեից հայտնաբերվել և առգրավվել է:

Բացի այդ՝ Երվանդ Արայիկի Պետրոսյանը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 11:15-ին և հունիսի 3-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, զանգահարել է ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ, հեռախոսազրույց է ունեցել նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, ապա խմբակցության ղեկավար էդմոն Հրաչիկի Մարուքյանի հետ, որի ժամանակ վերջինիս հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, այն է՝ էդմոն Մարուքյանի գլխին կանաչ լույս է վառվում, նշանառության տակ է, վերջինս դադարեցնի հրապարակային ելույթները, չխոսի, այլապես վիզը կթռցնի, իսկ այդ սպառնալիքները էդմոն Մարուքյանի մոտ ընկալվել են իրական՝ առաջացրել տագնապ իր կյանքի և առողջության համար (․․․)»1։

8. Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 425/21 եզրակացության համաձայն՝ «(․․․) Երվանդ Արայիկի Պետրոսյանը հետազոտվող իրավիճակում տառապել և ներկայումս տառապում է՝ «Օրգանական աֆեկտիվ խանգարում` գերարժեքային մտքերով, բարդացած ալկոհոլի չարաշահմամբ F06.3» ախտորոշմամբ հոգեկան գործունեության խանգարմամբ։ Փորձաքննվողի հոգեկան ոլորտի այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսին են մտածողության մածուցիկությունը, ռիգիդությունը, հանգամայնությունը, գլխավորը երկրորդականից տարբերակելու դժվարությունները, դատողությունների ցածր արդյունավետությունը՝ գերարժեքային բնույթի մտքերով, հուզական արտահայտված անկայունությունը, լալկանությունը, նախկինում նրան բնորոշ անձնային առանձնահատկությունների հարթվածությունը, քննադատական ունակությունների ձևականությունը, սեփական իմպուլսները և էմոցիաները վերահսկելու կարողության խանգարումը, բարձր կոնֆլիկտայնությունը՝ ագրեսիվ բռնկումների հակվածությամբ, շրջապատին մեղադրելու միտումներով՝ սեփական մեղքի զգացման և պատասխանատվության ցածր մակարդակով, իր արարքների հետևանքները կանխատեսելու ունակության անբավարարությամբ՝ էապես սահմանափակում են և իրեն մեղսագրվող արարքները կատարելիս ևս սահմանափակել են՝ իր կողմից կատարած գործողությունների բնույթը, նշանակությունը, վտանգավորությունը հասկանալու, դրանց համար իրեն հաշիվ տալու, հետևանքները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունները: Ուստի, Երվանդ Պետրոսյանին հարկ է իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչել սահմանափակ մեղսունակ: Ներկայիս հոգեվիճակով սոցիալապես վտանգ չի ներկայացնում, հարկադիր բուժման կարիք չունի: Ազատազրկվելիս կարիք ունի հոգեբույժի հսկողության՝ ՔԿՀ-ի պայմաններում (․․․)»2:

9. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(․․․)[Դ]ատարանը գալիս է այն եզրահանգման, որ թեև ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, այնուամենայնիվ ցուցմունքով հաստատեց, որ դեռևս 2005 թվականից իր մոտ պահել է ատրճանակները և երբևէ չի դիմել պատկան մարմիններին՝ դրանք օրինականացնելու համար։

(...) [Ա]մբաստանյալ Երվանդ Պետրոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ դատարանը հաշվի է առնում վերոհիշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Դատարանն ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի անձը բնութագրող հանգամանք է համարում այն, որ նա նախկինում դատված չի եղել, դատահոգեբուժական փորձաքննության փորձագետի թիվ 425/21 եզրակացությամբ ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Դատարանն ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում խնամքին երկու անչափահաս երեխաների (Սեդա Երվանդի Պետրոսյանի՝ ծնված 03082014թ, Ռաֆայել Երվանդի Պետրոսյանի՝ ծնված 12062012թ) առկայությունը։

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն։

Վերոգրյալ իրավանորմերի և դատողությունների համատեքստում քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի նկատմամբ, հաշվի առնելով ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այդ թվում՝ հանցագործության առարկայի տեսակները, քանակը, հատկությունները, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող տվյալների հետ և հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ինչն անհրաժեշտ և բավարար է պատժի նպատակների իրագործումն ապահովելու համար։

(...)

[Ք]ննարկելով ազատազրկման ձևով պատիժը Երվանդ Պետրոսյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցը, դատարանը հաշվի է առնում վերջինիս կատարած հանցավոր արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը (նախկինում դատված չլինելը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակը), դատարանի կողմից արձանագրված՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Այդ թվում, Երվանդ Պետրոսյանի ուղղման հնարավորությունը գնահատելիս, դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ վերջինս գործի քննության ընթացքում գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց:

Վերլուծելով և գնահատելով վերը նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել առանց ամբաստանյալի կողմից ազատազրկման ձևով պատիժը փաստացի կրելու, հետևաբար, նրա նկատմամբ նշանակվող պատիժը՝ 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը, պետք է պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով»3։

10. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով. առանց պատիժը փաստացի կրելու հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:

(...)

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդումներին, որ Երվանդ Պետրոսյանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև Աշտարակի խճուղու իր աշխատավայրում ապօրինի ձեռք է բերել և պահել տարբեր հրազեններ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափերի բազմաթիվ փամփուշտներ, որոնց առկայությունը ավելի են բարձրացնում կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, և որոնցով հնարավոր է ոտնձգություն կատարվեր անձի կյանքի և առողջության, հասարակական կարգի նկատմամբ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները պետք է պատշաճ պատճառաբանված լինեն, այլ ոչ թե հիմնված լինեն ենթադրությունների վրա։

(․․․)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից բավարար չափով հիմնավորված են, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա(․․․)»4:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Երվանդ Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5:

131. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Երվանդ Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա մեկ միասնական դիտավորությամբ, քրեական գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ժամանակահատվածում և ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի «ЯД 1738» համարի 7,62 մմ (7,62x25) տրամաչափի ատրճանակը, ԽՍՀՄ գործարանային արտադրության, «ТК» մոդելի, «344921» համարի, 6,35մմ (6,35x15) տրամաչափի ակոսափող ատրճանակը, գործարանային արտադրության, «Beretta М1934» մոդելի, «G08468» համարի, 9մմ (9x17) տրամաչափի ակոսափող ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող 4 հատ 7,62 մմ (7,62x25) փամփուշտները, ատրճանակի պահեստատուփից թվով 8 հատ, գործարանային արտադրության, 6,35մմ (6,35x15) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտները, ատրճանակի պահեստատուփից թվով 4 հատ, գործարանային արտադրության, 9մմ (9x17) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտները, թվով 1 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x25) տրամաչափի մարտական փամփուշտը, թվով 14 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 16 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 12 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 1 հատ, գործարանային արտադրության, 6,35մմ (6,35x15) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտը, որոնք տեղափոխել և ապօրինի պահել է Երևան քաղաքի Սարմենի փողոցի 13 շենքի 20 հասցեում գտնվող իր բնակարանում, որոնք 2020 թվականի ապրիլի 27-ին կատարված խուզարկությամբ հիշյալ հասցեից հայտնաբերվել և առգրավվել է:

Վերոնշվածից բացի, Երվանդ Պետրոսյանն ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող թվով 161 հատ գործարանային արտադրության, 5,45մմ (5,45x39) տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 91 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 169 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտները, թվով 174 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտները, որոնք տեղափոխել և ապօրինի պահել է Աշտարակի խճուղու 21 հասցեում գործող, «Մագնում» գազալցակայանի տարածքում գտնվող իր աշխատասենյակում, իսկ 2020 թվականի ապրիլի 28-ին կատարված խուզարկությունով հիշյալ հասցեից հայտնաբերվել և առգրավվել է8:

- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ազատազրկման ձևով նշանակված պատիժը Երվանդ Պետրոսյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցին, հաշվի է առել վերջինիս կատարած հանցավոր արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը՝ նախկինում դատապարտված չլինելը, ընտանեկան դրությունը, առողջական վիճակը՝ դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 425/21 եզրակացությամբ սահմանափակ մեղսունակ ճանաչվելը, խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Երվանդ Պետրոսյանի ուղղման հնարավորությունը գնահատելիս, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ վերջինս գործի քննության ընթացքում գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց։

Վերոնշյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ գնահատելով, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել առանց ամբաստանյալի կողմից ազատազրկման ձևով պատիժը փաստացի կրելու, և նրա նկատմամբ նշանակվող պատիժը՝ 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով9։

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ամբաստանյալ Երվանդ Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու, ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից բավարար չափով հիմնավորված են, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա10։

15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Երվանդ Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ առողջական վիճակը՝ սահմանափակ մեղսունակ ճանաչվելը, խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, նախկինում դատապարտված չլինելը, այն հանգամանքը, որ վերջինս գործի քննության ընթացքում գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ԵՊետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ԵՊետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երվանդ Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, ապօրինի ձեռք է բերել և բնակարանում պահել է տարբեր հրազեններ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափերի բազմաթիվ փամփուշտներ, ինչպես նաև հասարակական նշանակության տարածքում՝ գազալացակայանում գտնվող իր առանձնասենյակում պահել է ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափերի բազմաթիվ փամփուշտներ,

գ) զենքերի և փամփուշտների տեսակները և քանակը. հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի «ЯД 1738» համարի 7,62 մմ (7,62x25) տրամաչափի ատրճանակ, ԽՍՀՄ գործարանային արտադրության, «ТК» մոդելի, «344921» համարի, 6,35մմ (6,35x15) տրամաչափի ակոսափող ատրճանակ, գործարանային արտադրության, «Beretta М1934» մոդելի, «G08468» համարի, 9մմ (9x17) տրամաչափի ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 4 հատ 7,62 մմ (7,62x25) փամփուշտներ, ատրճանակի պահեստատուփից թվով 8 հատ, գործարանային արտադրության, 6,35մմ (6,35x15) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ, ատրճանակի պահեստատուփից թվով 4 հատ, գործարանային արտադրության, 9մմ (9x17) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ, թվով 1 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x25) տրամաչափի մարտական փամփուշտ, թվով 14 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներ, թվով 16 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներ, թվով 12 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներ, թվով 1 հատ, գործարանային արտադրության, 6,35մմ (6,35x15) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտ, ռազմամթերք հանդիսացող թվով 161 հատ գործարանային արտադրության, 5,45մմ (5,45x39) տրամաչափի մարտական փամփուշտներ, թվով 91 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներ, թվով 169 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներ, թվով 174 հատ, գործարանային արտադրության, 7,62մմ (7,62x39) տրամաչափի մարտական փամփուշտներ։

17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ե.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։

18. Ինչ վերաբերում է Երվանդ Պետրոսյանի առողջական վիճակին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 425/21 եզրակացության համաձայն՝ թեև վերջինս տառապում է «Օրգանական աֆեկտիվ խանգարում` գերարժեքային մտքերով, բարդացած ալկոհոլի չարաշահմամբ F06.3» ախտորոշմամբ հոգեկան գործունեության խանգարմամբ, սակայն ներկայիս հոգեվիճակով սոցիալապես վտանգ չի ներկայացնում և հարկադիր բուժման կարիք չունի, իսկ ազատազրկվելիս կարիք ունի հոգեբույժի հսկողության՝ քրեակատարողական հիմնարկի պայմաններում11, հետևաբար վերջինիս առողջական վիճակը չի խոչընդոտում ազատազրկման ձևով պատիժը կրելուն։

19 Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԵՊետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

20. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ԵՊետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի անհրաժեշտ է, ԵՊետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ ԵՊետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 11 ամիս 27 օր ժամկետով։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ե.Պետրոսյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 31-րդ, 34-րդ, 113-115-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Երվանդ Արայիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը փոփոխել։ Երվանդ Արայիկի Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Երվանդ Արայիկի Պետրոսյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 11 ամիս 27 օր ժամկետով։

2. Երվանդ Արայիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն՝ ըստ ազատազրկման կրման վայրի։

3. Երվանդ Արայիկի Պետրոսյանի պատժի սկիզբը հաշվել նրան արգելանքի վերցնելու օրվանից։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 127-128։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 2-9։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 146-161:

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 24-39:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

6  Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9  Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: