ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0531/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ. Պողոսյան

ԵԴ/0531/01/21

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

դատավորներ՝

 Մ. Մելքոնյան

 Ռ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 11 հունիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գևորգ Մանուկի Չատալբաշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի և տուժողի իրավահաջորդ Լ.Սարգսյանի ներկայացուցիչ Վ. Կիրակոսյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում, հարուցվել է թիվ 60174020 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ կասկածյալ Գևորգ Մանուկի Չատալբաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Գ.Չատալբաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

2021 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ Գ.Չատալբաշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2021 թվականի ապրիլի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռով Գևորգ Չատալբաշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է Գ.Չատալբաշյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։ Գ.Չատալբաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում գտնվող և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանն ի պահ հանձնված «ԲՄՎ» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենան վերադարձնել Գ.Չատալբաշյանին՝ այն ազատելով կալանքից, տուժող Անահիտ Լիպարիտի Եղիազարյանի հագին եղած հագուստները՝ մեկ կիսաթև բլուզկան, մեկ սև անթև ժիլետը, սև տաբատը և մեկ հողաթափը հանձնել տուժողի իրավահաջորդ Լուիզա Համլետի Սարգսյանին, իսկ միկրոպրեպարատը պահել քրեական գործի նյութերի հետ՝ դրանք պահելու ամբողջ ընթացքում:

3. Ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել է՝ Գ.Չատալբաշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը և տուժողի իրավահաջորդ Լ.Սարգսյանի ներկայացուցիչ Վ.Կիրակոսյանը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, որոնք Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացված վճռաբեկ բողոքում, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:

5.1. Բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս հաշվի չի առել հանցավորի կողմից հանցանքի կատարման հանգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանը և հետևանքները:

Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Գ.Չատալբաշյանը ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված՝ 60 կմ/ժ արագությունը ոչ մեծ չափով՝ 12 կմ/ժ գերազանցող առնվազն 72 կմ/ժ արագությամբ, որը վկայում է նրա գործողություններում նվազ արտահայտված ինքնավստահության մասին, փաստել է, որ ո՛չ օրենսդրի կողմից, և ո՛չ էլ իրավաբանական գրականության մեջ նվազ արտահայտված կամ առավել արտահայտված տեսակներ սահմանված չեն, և տվյալ պարագայում, երթևեկելով բանուկ փողոցում երթևեկելի սահմանաչափից 12 կմ/ժ գերազանցող արագությամբ, Գ.Չատալբաշյանն առավել հավանական է դարձրել ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը:

Բողոքի հեղինակը փաստել է, որ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և անձը բնութագրող տվյալները բավարար չեն հակակշռելու արարքի հանրային վտանգավորությանը և հանցագործությամբ պատճառված վնասի չափին։

5.2. Բողոքաբերի փաստարկմամբ, այն, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու, պետք է հիմնված լինի գոյություն ունեցող այնպիսի օբյեկտիվ տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Մինչդեռ, մեղադրյալ Գ.Չատալբաշյանը նախաքննության փուլում չի ընդունել մեղադրանքը, դիրքորոշում չի հայտնել, ավելին, նախաքննական մարմնին իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողին նկատել է միայն 4-5 մետր հեռավորությունից՝ քաջ գիտակցելով, որ փորձագետի կողմից որպես ելակետային տվյալներ օգտագործման ենթակա են, ի թիվս այլնի, նաև իր հայտնած տվյալները և դրանով հետապնդել է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ, իսկ դատաքննության ընթացքում Գ.Չատալբաշյանի կողմից իրեն մեղավոր ճանաչելու հանգամանքը վերջինիս կողմից որոշակիորեն պարտադրված է եղել, քանզի նա քաջ գիտակցել է, որ հանցագործությունը բացահայտվել է և բոլոր ապացույցները վկայում են իր մեղավորության մասին:

Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, Գ.Չատալբաշյանի նկատմամբ նշանակված պատիժը փաստացի կրելու հետևության հանգելիս, պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել ինչպես վերջինիս կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, այնպես էլ նրա անձը։

5.3. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին:

6. Տուժողի իրավահաջորդ Լուիզա Սարգսյանի ներկայացուցիչ Վ.Կիրակոսյանը ներկայացված վճռաբեկ բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առերևույթ առկա են դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական և իրավական հանգամանքներ, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար։

6.1. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ Գ.Չատալբաշյանի կողմից թույլ է տրվել երկու խախտում՝ արագություն գերազանցելը նվազագույնը 72 կմ/ժ՝ 60 կմ/ժ-ի փոխարեն, ինչպես նաև հանցանքը կատարելու պահին վերջինս տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել, քանզի վարորդական իրավունքի ժամկետը լրացած է եղել, իսկ նոր վարորդական վկայականը նա ստացել է դեպքից հետո՝ 2020 թվականի հուլիսի 7-ին։

Բողոք բերած անձը, վկայակոչելով 2021 թվականի մարտի 12-ի թիվ 27982002 փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև փորձագետի ցուցմունքը, փաստել է, որ տվյալ դեպքում սահմանված արագության գերազանցումը վտանգ է առաջացրել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական է դարձրել վտանգավոր հետևանքների առաջացումը։ Բողոքաբերը նաև փաստել է, որ փորձագետը ցուցմունք տալիս նշել է, որ ավտոմեքենայի արագությունը՝ նվազագույնը 72 կմ/ժ որոշելիս, օգտագործվել է Խորհրդային Միության գրականությունը։ Եթե փորձաքննություն կատարելիս օգտագործվեր այժմեական գրականություն, ապա արագությունն ավելի մեծ կստացվեր՝ կապված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի առանձնահատկությունների հետ։

6.2. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ.Բատիկյանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի գրությունը, նշել է, որ Գ.Չատալբաշյանը մարտական գործողությունների շրջանում գտնվել է ընդամենը 1 օր և նույն օրն էլ լքել է այն։ Մինչդեռ, Գ.Չատալբաշյանը ներկայանում է որպես 44-օրյա պատերազմի մասնակից՝ փորձելով ազատվել պատասխանատվությունից, այնինչ մարտական գործողությունների շրջանում գտնվելը և նույն օրն այն ինքնակամ լքելը ինքնին խոսում են վերջինիս անձի և սոցիալական առանձնահատկությունների մասին։ Ինքնին հարց է առաջանում, թե մարտական գործողությունների շրջանը լքելուց երեք օր անց նա որտե՞ղ, ի՞նչ պայմաններում և ի՞նչ զենքով է ստացել հրազենային վնասվածք։

6.3. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել ամբաստանյալի՝ իր ընտանիքի միակ կերակրողը լինելու հանգամանքը, իսկ նրա ծնողների հիվանդ լինելը ինքնին չի ենթադրում նրանց անաշխատունակ լինելու և Գ.Չատալբաշյանի խնամքին գտնվելու մասին։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես մեղմացնող հանգամանք է գնահատել նաև ամբաստանյալի դրսևորած վարքագիծը վրաերթից անմիջապես հետո, ինչպես նաև վերջինիս կողմից հոգեբանական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու ցանկությունը, որը մերժվել է տուժողի իրավահաջորդների կողմից։ Մինչդեռ, դատաքննության ընթացքում ոչ Գ.Չատալբաշյանը, ոչ նրա հարազատները նույնիսկ ներողություն չեն հայցել, և նույնիսկ փորձ է արվել մեղքը վերագրել տուժողին։

6.4. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը պատժի մասով փոփոխել՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Գևորգ Մանուկի Չատալբաշյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, որ «(...) [Նա] 2020թ. հունիսի 19-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցով՝ Զ.Անդրանիկի փողոցի կողմից դեպի Շերամի փողոց՝ ուղեմասի ձախ եզրային գոտով, ձախակողմյան հատվածում գտնվող կանաչապատ գոտու եզրաքարից մոտ 1-1,5 մետր հեռավորությամբ, առնվազն 72 կմ/ժամ արագությամբ։

Հասնելով Րաֆֆու փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատվածին՝ Ամբաստանյալը թույլ է տվել ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 65-րդ և 67-րդ կետերի պահանջների խախտում՝ ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված առավելագույն 60 կմ/ժամ արագությունը գերազանցող՝ առնվազն 72 կմ/ժամ արագությամբ, և «ԲՄՎ» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի դիմացի աջ դռան մասով ճանապարհի երթևեկելի մասն իր ընթացքի ուղղության նկատմամբ աջից ձախ հատող հետիոտն Անահիտ Լիպարիտի Եղիազարյանին ենթարկել է վրաերթի՝ արդյունքում անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը, այսինքն՝ «BMW 523 I» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը՝ Ամբաստանյալը, տվյալ ճանապարհահատվածում երթևեկելով սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող՝ 72 կմ/ժ արագությամբ, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջի կատարումով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից»1։

8. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս արձանագրել է հետևյալը. «(...) [Պ]ատժի չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` դատարանը հաշվի է առնում, որ նա համաձայնվեց մեղադրանքի հետ, խոստովանել է կատարած հանցանքը և զղջաց դրա համար:

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, 44-օրյա պատերազմի մասնակից է:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատաքննությամբ ձեռք չբերվեցին:

(...)

Դատարանը, հաշվի առնելով Ամբաստանյալի անձը, հանցագործության կատարումից հետո նրա դրսևորած վարքագիծը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ելնելով գործի փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության հիման վրա դատարանի մոտ ձևավորված նրա բարոյահոգեբանական ու քրեաիրավական բնութագրից և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ ու 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, հանգում է հետևության, որ սոցիալական արդարությունը վերականգնելու և Ամբաստանյալի կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար նա պետք է դատապարտվի ազատազրկման՝ նկատի ունենալով, որ նրա ուղղվելը հնարավոր չէ առանց նրան հասարակությունից մեկուսացնելու, և որ նշված պատիժը կարող է ապահովել պատժի նպատակները:

Դատարանը, քննության առնելով Ամբաստանյալի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման ձևով պարտադիր լրացուցիչ պատժի նշանակման հարցը, գտնում է, որ Ամբաստանյալը պետք է երկու տարի ժամկետով զրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչը արդարացի և համաչափ լրացուցիչ պատիժ է:

(...)

Անդրադառնալով պաշտպան Է.Թումասյանի ճառով հայտնած հանգամանքներին և Ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին նրա խնդրանքին, դատարանն արձանագրում է, որ դատաքննությամբ չհիմնավորվեց, որ Ամբաստանյալն իր ընտանիքի միակ կերակրողն է։

Ինչ վերաբերվում է նույնանման փաստական հանգամանքներով (2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով) այլ դատարանների վարույթներում քննված և ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու մասին պաշտպանի կողմից ներկայացված դատողություններին, ապա դատարանը գտնում է, որ դրանցում նշված փաստական տվյալներն ու պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքները նույնական չեն, և դատարանի համոզմամբ սույն գործով Ամբաստանյալի կատարած արարքի համար ազատազրկման ձևով նշանակվելիք պատժի կրումն արդարացի է և օբյեկտիվ՝ հաշվի առնելով Ամբաստանյալի կողմից թույլ տրված խախտումների բնույթը։

Անդրադառնալով այն պատճառաբանությանը, որ Ամբաստանյալն ինքնակամ աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, դատարանը գտնում է, որ նրա գործողություններով չեն բացահայտվել այնպիսի հանգամանքներ, որոնք առանց նրա անհնար կլիներ բացահայտել վարույթի ընթացքում (...)»2։

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը.  «(...) Քննարկման առարկա դարձնելով Գ.Չատալբաշյանի կողմից կատարված հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ վերջինիս մեղավորության աստիճանը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, և դրա նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ամբաստանյալն ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված՝ 60կմ/ժ արագությունը ոչ մեծ չափով՝ 12 կմ/ժամով գերազանցող առնվազն 72 կմ/ժամ արագությամբ, ինչը վկայում է նրա գործողություններում նվազ արտահայտված ինքնավստահության առկայության մասին։ Բացի այդ, ԳՉատալբաշյանը փորձելով խուսափել վրաերթի ենթարկելուց՝ արգելակել է ավտոմեքենան և դեպի ձախ մանևրելով՝ վրաերթը կատարել է ավտոմեքենայի աջ կողմի դռան հատվածով, իսկ մեքենան հայտնվել է երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող կանաչապատ գոտու վրա։ Ընդ որում, տուժողը փողոցի երթևեկելի մասը հատել է դրա համար չնախատեսված տեղում։

Անդրադառնալով հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագծին, հարկ է նկատել, որ վրաերթից անմիջապես հետո Գ.Չատալբաշյանն իջել է ավտոմեքենայից, արդեն մարդիկ են եղել հավաքված, խնդրել է շտապ բուժօգնության բրիգադ կանչել, ինչի ժամանելուց հետո ինքն օգնել է տուժողին տեղավորել պատգարակի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ ինքը մնացել է դեպքի վայրում։

Միևնույն ժամանակ, հարկ է նաև նկատել, որ Գևորգ Չատալբաշյանը ցանկացել է թե հոգեբանական և թե ֆինանսական աջակցություն ցուցաբերել տուժողի հարազատներին, սակայն վերջիններս հրաժարվել են։ Գործով ներկայացված չէ նաև քաղաքացիական հայց։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված՝ զորահավաքային զորակոչին զորակոչված լինելու մասին տեղեկանքի համաձայն՝ Գևորգ Չատալբաշյանը հայտարարված զորահավաքի շրջանակներում 08.10.2020թ. զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զինվորական ծառայության և 15.10.2020թ. ներկայացել է Երևանի թիվ 1 ՏՍ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ի կողմից տրված էպիկրիզի համաձայն՝ «... Գևորգ Չատալբաշյանը 2020թ հոկտեմբերի 19-ին աջ սրունքի ս/3-ի հրազենային վնասվածք ախտորոշմամբ ընդունվել է ստացիոնար բուժման, ենթարկվել է վիրահատության և 24.10.2020թ դուրս գրվել բժշկական կենտրոնից»։

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Չատալբաշյանը «ԳԵՎ-ՍԱՏ» ՍՊԸ-ում աշխատում է որպես արտադրամասի բանվոր, իրեն դրսևորել է որպես համեստ, բարի, աշխատասեր անձնավորություն, բնակվում է ծնողների՝ Հասմիկ Հակոբի Չատալբաշյանի և Մանուկ Գևորգի Չատալբաշյանի հետ, ովքեր չեն աշխատում, գտնվում են նրա խնամքի տակ, կենսաթոշակառու են։ Բացի այդ, Գևորգ Չատալբաշյանի մայրն ունի առողջական խնդիրներ, մասնավորապես՝ տառապում է «շաքարային դիաբետ տիպ 2, ինսուլինապահանջ ձև» հիվանդությամբ /հիմք՝ «ԳԵՎ-ՍԱՏ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 01-2020 01.07.2020թ տեղեկանք հտ. 1, գ.թ. 65, թիվ 02-2021 10.07.2021թ բնութագիր հտ. 2 գ.թ. 69, Մ.Չատալբաշյանի N2901808651208 կենսաթոշակի վկայականի պատճենը՝ հտ. 2 գ.թ. 70, վերաքննիչ բողոքին կից ներկայացված Հ.Չատալբաշյանի N29022309858418 կենսաթոշակի վկայականի պատճենը, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի կողմից տրված N 1887 էպիկրիզի պատճենը հտ. 3, գ.թ. 86-88/։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ անմիջականորեն վկայում են մեղադրյալի անձի սոցիալական առանձնահատկությունների մասին, ինչի պայմաններում հանգում է այն հետևության, որ Գևորգ Չատալբաշյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկումը, ողջամտորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ ամբաստանյալի, և թե՛ վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա։

Վերոգրյալների հիման վրա, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Գևորգ Չատալբաշյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու և հնարավոր է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Միևնույն ժամամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գևորգ Չատալբաշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը (...)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12. Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի գործով որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով «դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`

ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (...),

բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (...): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ, ի թիվս այլոց, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: (...),

գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել (...):

Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,

դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (...),

ե. հանցագործությամբ պատճառված վնասը (...),

զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը (...)4»:

Էդմոն Ասատրյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու համար պետք է առանձնակի ուշադրություն դարձվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին։ Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը։ Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին»5։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

 - Գ.Չատալբաշյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցով՝ Զ.Անդրանիկի փողոցի կողմից դեպի Շերամի փողոց՝ ուղեմասի ձախ եզրային գոտով, ձախակողմյան հատվածում գտնվող կանաչապատ գոտու եզրաքարից մոտ 1-1,5 մետր հեռավորությամբ, առնվազն 72 կմ/ժամ արագությամբ։ Հասնելով Րաֆֆու փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատվածին՝ ամբաստանյալը թույլ է տվել ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 65-րդ և 67-րդ կետերի պահանջների խախտում՝ ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված առավելագույն 60 կմ/ժամ արագությունը գերազանցող՝ առնվազն 72 կմ/ժամ արագությամբ, և «ԲՄՎ» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի դիմացի աջ դռան մասով ճանապարհի երթևեկելի մասն իր ընթացքի ուղղության նկատմամբ աջից ձախ հատող հետիոտն Անահիտ Լիպարիտի Եղիազարյանին ենթարկել է վրաերթի՝ արդյունքում անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը, այսինքն՝ «BMW 523 I» մակնիշի 85 SZ 855 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը՝ ամբաստանյալը, տվյալ ճանապարհահատվածում երթևեկելով սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող՝ 72 կմ/ժ արագությամբ, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ կետի պահանջին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջի կատարումով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից6։

- Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ սոցիալական արդարությունը վերականգնելու և ամբաստանյալի կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար նա պետք է դատապարտվի ազատազրկման՝ նկատի ունենալով, որ նրա ուղղվելը հնարավոր չէ առանց նրան հասարակությունից մեկուսացնելու, և որ նշված պատիժը կարող է ապահովել պատժի նպատակները: Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ դատաքննությամբ չի հիմնավորվել, որ ամբաստանյալն իր ընտանիքի միակ կերակրողն է։ Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով այն պատճառաբանությանը, որ ամբաստանյալն ինքնակամ աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, գտել է, որ նրա գործողություններով չեն բացահայտվել այնպիսի հանգամանքներ, որոնք առանց նրա անհնար կլիներ բացահայտել վարույթի ընթացքում։

Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալը պետք է երկու տարի ժամկետով զրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչն արդարացի և համաչափ լրացուցիչ պատիժ է7:

- Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս, հաշվի է առել մեղադրյալի անձի սոցիալական առանձնահատկությունները` խնամքին կենսաթոշակառու ծնողների և մոր հիվանդության առկայությունը, ամբաստանյալի դրական բնութագրվելը, 44-օրյա պատերազմի մասնակից լինելը, հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ վերջինիս մեղավորության աստիճանը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, և դրա նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, և հանգել է այն եզրակացության, որ ամբաստանյալ Գևորգ Չատալբաշյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու8։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Չատալբաշյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները:

Մասնավորապես.

ա) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը. այն է՝ ամբաստանյալն ավտոմեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված առավելագույն 60 կմ/ժ արագությունը գերազանցող՝ առնվազն 72 կմ/ժամ արագությամբ,

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքը. այն է՝ ճանապարհային երթևեկության կանոններն ամբաստանյալի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով դիտավորությամբ են խախտվել,

գ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը. այն է՝ ամբաստանյալը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն՝ չհետևելով արագության պահպանման կանոններին, չի կարողացել ժամանակին արգելակել մեքենան, դրանով իսկ հնարավորություն չի տվել տուժողին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը և արդյունքում ստեղծել է վթարային իրադրություն՝ դրանով իսկ պայմանավորելով վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջի կատարումով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից,

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թույլ տրված խախտումը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը, և արդյունքում տուժողին անզգուշությամբ մահ է պատճառվել։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված՝ ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի անձը բնութագրող և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքերը չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և Գ.Չատալբաշյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

16. Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վ.Կիրակոսյանի՝ սույն որոշման 6.1-րդ կետում վկայակոչված փաստարկին առ այն, որ Գ.Չատալբաշյանը հանցանքը կատարելու պահին տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքն արտացոլված չէ Գ.Չատալբաշյանին ներկայացված մեղադրանքում, հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չէ դուրս գալ մեղադրանքի սահմաններից9։

17․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Գ.Չատալբաշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, Գ.Չատալբաշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել է հիմնավոր հետևության և թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Գևորգ Մանուկի Չատալբաշյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_____________________

1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 112։

2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 115-117։

3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 130-150։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 16-18-րդ կետերը:

6 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։

7 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։

9 Տե՛ս, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

լ. թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան