ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0079/01/14 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության

առաջին ատյանի դատարան,

նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան

ԼԴ/0079/01/14

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Ս. Համբարձումյան  

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 

 Մ. Պետրոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

11 հուլիսի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Թովմաս Սեյրանի Մաթևոսյանի պաշտպան Ե.Դավթյանի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի հունիսի 18-ի դատավճռով Թովմաս Սեյրանի Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 275-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, նրա նկատմամբ վեջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

Նույն դատական ակտով դատապարտվել են նաև Լաերտ Մարգարյանը և Գուրգեն Սենեկերիմյանը։

2. Վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 18-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Թ.Մաթևոսյանի պաշտպան Մ.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Թ.Մաթևոսյանի պաշտպան Ե.Դավթյանը բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 12-ի որոշմամբ բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժվել է։

4. Թ.Մաթևոսյանի պաշտպան Ե.Դավթյանը բացառիկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքի հեղինակի՝ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը՝ հանգեցնելով «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտման։

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար, սակայն թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառությունը օրենսդրությամբ որևէ կերպ կանոնակարգված չէ։ Նման պայմաններում, բողոքի հեղինակի պնդմամբ, իրավակիրառողը զրկված է անձի գործողությունների հակաօրինակությունը գնահատելու, հետևաբար նաև անձի արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է հիմնարար խախտման հիմքով բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 18-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ի դատական ակտերը, հռչակել Թ.Մաթևոսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և ճանաչել նրան անպարտ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Թովմաս Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իր ծանոթ, Վանաձոր քաղաքի բնակիչ Լաերտ Մարգարյանից տեղեկացել է, որ վերջինս գնորդ լինելու դեպքում կարող է հայթայթել մետաղական սնդիկ և վաճառել այն։ Թովմաս Մաթևոսյանը խոստացել է մետաղական սնդիկի համար գնորդ գտնել՝ դրա վաճառքից ստացվելիք գումարի կեսը իրեն հատկացնելու պայմանով և Լաերտ Մարգարյանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել մետաղական սնդիկ վաճառելու վերաբերյալ: Թովմաս Մաթևոսյանը մետաղական սնդիկի վաճառքի վերաբերյալ հայտարարություն է տեղադրել ինտերնետային «list.am» կայքում, որի միջոցով 2013 թվականի հոկտեմբեր ամսին շփում է հաստատել Երևան քաղաքի բնակիչ Ռուբեն Մնացականյանի հետ: Այնուհետև Լաերտ Մարգարյանը և Թովմաս Մաթևոսյանը հեռախոսակապի միջոցով պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուբեն Մնացականյանի հետ՝ վերջինիս մետաղական սնդիկ վաճառելու վերաբերյալ։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում Լաերտ Մարգարյանն իր բնակության՝ Վանաձոր քաղաքի ՏՄեծի փողոցի 42 շենքի տանիքում գտնվող, իրեն պատկանող ինքնաշեն խորդանոցում դեռևս 2008 թվականից պահվող մետաղական սնդիկն իրացնելու նպատակով տեղափոխել է կնոջը՝ Թագուհի Թախտարյանին պատկանող, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի փողոցի 76 շենքի թիվ 5 բնակարան։ Նույն օրը ժամը 14-ի սահմաններում Թովմաս Մաթևոսյանը նախնական պայմանավորվածության համաձայն Վանաձոր քաղաքի «Գուգարք» հյուրանոցի շենքի մոտ հանդիպել է Ռուբեն Մնացականյանի հետ, ապա Լաերտ Մարգարյանը տաքսի ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և Թովմաս Մաթևոսյանի ու Ռուբեն Մնացականյանի հետ միասին այնտեղից մեկնել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի փողոցի 76 շենքի թիվ 5 բնակարան, որտեղ Թովմաս Մաթևոսյանը և Լաերտ Մարգարյանը փորձել են թունավոր նյութ հանդիսացող 12.6 կիլոգրամ ընդհանուր քաշով մետաղական սնդիկն ապօրինի իրացնել՝ վաճառել Ռուբեն Մնացականյանին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից միջամտելու և հանցագործությունը կանխելու պատճառով:

(…)

Բացի այդ, Թովմաս Մաթևոսյանը 2013 թվականի հոկտեմբեր ամսին իր կողմից ինտերնետային «list.am» կայքում տեղադրված հայտարարության միջոցով շփում է հաստատել Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Սենեկերիմյանի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել իրացման նպատակով նրանից մետաղական սնդիկ ձեռք բերելու վերաբերյալ: Այնուհետև Գուրգեն Սենեկերիմյանը իր բնակության՝ Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 5/3 շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում պահվող՝ ընդհանուր 235.51 գրամ քաշով մետաղական սնդիկն ամբողջությամբ իրացնելու նպատակով նույն՝ 2013 թվականի հոկտեմբեր ամսին Թովմաս Մաթևոսյանին որպես նմուշ ուղարկել է իր մոտ պահվող թունավոր նյութից 14.08 գրամ քաշով մետաղական սնդիկ, ինչը Թովմաս Մաթևոսյանը ձեռք բերելուց հետո այն որպես նմուշ ուղարկել է Երևան քաղաքի բնակիչ Ռուբեն Մնացականյանին, ով մետաղական սնդիկի այդ չափաքանակի դիմաց Թովմաս Մաթևոսյանին ուղարկել է 18.000 ՀՀ դրամ գումար և հեռախոսակապի միջոցով վերջինիս հայտնել է, որ պատրաստ է ձեռք բերել նման որակական հատկանիշներ ունեցող մետաղական սնդիկի որոշակի քանակություն: Այնուհետև, Թովմաս Մաթևոսյանը հեռախոսակապի միջոցով Գուրգեն Սենեկերիմյանին հայտնել է վերջինիս մոտ պահվող մետաղական սնդիկի ամբողջ չափաքանակը ձեռք բերելու պատրաստականության մասին և Գուրգեն Սենեկերիմյանը Թովմաս Մաթևոսյանին է ուղարկել ևս 221.43 գրամ քաշով մետաղական սնդիկ, ինչը Թովմաս Մաթևոսյանը ձեռք բերելով այն իրացման նպատակով ապօրինի պահել է իր մոտ: Այդ կերպ Թովմաս Մաթևոսյանը Գուրգեն Սենեկերիմյանից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր՝ 23551 գրամ քաշով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ: (…)»1:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, եկավ այն եզրահանգման, որ (…) Թովմաս Սեյրանի Մաթևոսյանը [կատարել է] ՀՀ քրեական օրենսգրքի 34-275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 275 հոդվածի 1-ին մասով (…) նախատեսված արարքներ, որի համար պետք է ենթարկվ[ի] քրեական պատասխանատվության և պատժի: (…)»2։

9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Գ.Սենեկերիմյանի, ամբաստանյալ Լ.Մարգարյանի և վերջինիս պաշտպան Կ.Գասպարյանի և ամբաստանյալ Թ.Մաթևոսյանի պաշտպան Մ.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու, դատավճիռը բեկանելու և ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի: (…)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Թ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման մեջ մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել արդյո՞ք այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

11. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում կրկին դատվի կամ պատժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել կամ դատապարտվել է:

(…)

3. Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ: (…)»:

Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակներում, անդրադառնալով հիմնարար խախտման՝ որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման հիմքին, Մկրտիչ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(…) [Ի]րավական որոշակիության (res jսdicata) և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքները մարդու իրավունքները երաշխավորող հիմնարար դրույթներ են: Միևնույն ժամանակ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար պահանջներից շեղումը թույլատրելի է (Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետ) (… )»:

Անդրադառնալով «հիմնարար խախտում» հասկացության մեկնաբանմանը` Վճռաբեկ դատարանը նույն որոշման շրջանակներում ընդգծել է. «(…) [Ի] տարբերություն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին (…)»4:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: (…)»:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:

12.1 Մեջբերված նորմերի համակարգված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է. «(…) [Մ]իայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (…): Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (…): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (…):

(…) օրենքի` իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է` օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը` ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Հետևաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է: (…)»5:

Վճռաբեկ դատարանը Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի, ինչպես նաև Գագիկ Սարգսյանի վերաբերյալ գործերով որոշումներում արձանագրել է. «[Ա]րարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող «օրենքով» նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:

Այսինքն` նշված սկզբունքի ներքո իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որդեգրած քրեական քաղաքականության արտացոլումն այնպիսի «օրենքում», որում նկարագրված կանոնները և դրանց խախտման դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բովանդակային առումով այնքան որոշակի կլինեն, որ հնարավորություն կտան իրավունքի հիմնական կրողին դրսևորելու սահմանված պահանջներին համապատասխանող վարքագիծ: Վերջինս կարող է ապահովված լինել «իրավական որոշակիության» երկու բաղադրիչներին, այն է` «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին համապատասխանող «օրենքի» առկայության պարագայում (…):

 (…)

«Օրենքի» համապատասխանությունը «կանխատեսելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք բովանդակային առումով ողջամտորեն ընկալելի է եղել անձանց համար: Այլ կերպ` արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտը, տեղեկանալով «օրենքով» նախատեսված պահանջների մասին, ծանոթանալով դրանց վերաբերյալ նորմատիվ վարքագծի կանոնների բովանդակությանը, դրանց վերաբերյալ տրված դատական մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում` ստանալով համապատասխան իրավական խորհրդատվություն, կարող էր կանխատեսել, թե որ գործողության/անգործության դրսևորումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի նշանակմանը: (…)»6:

13. Նախորդ կետում վկայակոչված չափանիշների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս, «օրենքը», լինելով որոշակի, պետք է հնարավորություն ընձեռի այդ օրենքի հասցեատիրոջը գիտակցելու իր իրավունքների և ազատությունների իրացման թույլատրելի շրջանակները, հարմարեցնելու իր վարքագիծն այդ շրջանակներն ամրագրող նորմերի պահանջներին և գնահատելու իր վարքագծի իրավաչափությունը` կանխատեսելով ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշվածը վերաբերում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած նկարագրական դիսպոզիցիայով ամրագրված հանցագործության պարտադիր և լրացուցիչ հատկանիշներին, այնպես էլ բլանկետային դիսպոզիցիայով նկարագրված հանցագործության հատկանիշները բացահայտող այլ իրավական ակտերի նորմերին, որոնց պահանջների խախտումը ևս հանգեցնում է քրեական պատասխանատվության: Միայն այդ դեպքում անձի համար կարող է երաշխավորվել իր իրավունքների և ազատությունների իրացման դիսպոզիտիվության թույլատրելի շրջանակներն ընկալելու հնարավորությունը: Հակառակ պարագայում այն իրավական նորմը, որի ենթադրյալ խախտումը մեղսագրվում է անձին, չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չի լինի բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա անձին դրա հետ համատեղելու իր վարքագիծը: Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ7:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

(…)

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (…)»

ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից պարզ է դառնում, որ անձի արարքում վերոնշյալ հանցակազմն առկա է, երբ նա իրացնելու նպատակով ապօրինի պատրաստում, վերամշակում, ձեռք է բերում, պահում, փոխադրում, առաքում կամ ապօրինի իրացնում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր։ Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերոնշյալ նյութերն անձը պատրաստի, վերամշակի, ձեռք բերի, պահի, փոխադրի, առաքի կամ իրացնի ապօրինի: Կոնկրետ դեպքում «ապօրինի» եզրույթը ենթադրում է, որ պետք է առկա լինի քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողություններն իրականացնելու նորմատիվ իրավական ակտով սահմանված օրինական կարգ, իսկ իրավակիրառողն այդ կարգի հաշվառմամբ պետք է քննության առարկա դարձնի և գնահատման ենթարկի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր իրացնելու նպատակով պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ իրացնելու օրինականությունը: Մինչդեռ վերոնշյալ ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հանցանքի կատարման պահին գործող՝ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ իրացնելու որևէ կարգ Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերով սահմանված չի եղել: Այլ կերպ` առկա էր օրենսդրական բաց, ինչի հետևանքով անհնար էր դառնում գնահատել անձի գործողությունների հակաօրինականությունը և նրան մեղսագրել համապատասխան հոդվածով արգելված արարքի կատարումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ որակական չափանիշին չբավարարող օրենքով անձին պատասխանատվության ենթարկելու պարագայում թույլ կտրվի օրինականության սկզբունքի ու դրա բաղադրատարր հանդիսացող` «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտում: Այդպիսի խախտումն իր բնույթով հիմնարար է և ի սկզբանե վկայում է կայացված դատական ակտի անօրինական ու չհիմնավորված լինելու մասին, ուստի դրա հիման վրա անձին դատապարտելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու արդյունքում կխաթարվի արդարադատության բուն էությունը և կխախտվի սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Թ.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, փորձել է ապօրինի իրացնել թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը, ինչպես նաև, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ8:

- Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Թ.Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար9:

- Վերաքննիչ դատարանը մերժել է ԹՄաթևոսյանի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ10։

- Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Թ.Մաթևոսյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Թ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու արդյունքում դատարանների կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի նորմերի հիմնարար խախտում, քանի որ այն չի բավարարել «օրենքի»` իրավական որոշակիության և կանխատեսելիության չափանիշներին: Մասնավորապես, այն պատասխանատվություն էր սահմանում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր իրացնելու նպատակով ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու համար, մինչդեռ իրավական որևէ ակտով համապատասխան գործողություններն իրականացնելու որևէ կարգ սահմանված չէր, ինչի արդյունքում նորմի հասցեատերը զրկված էր իր վարքագիծը դրա պահանջներին համապատասխանեցնելու և հնարավոր իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Թ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել օրինականության սկզբունքի և դրա բաղադրատարր հանդիսացող՝ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտում:

17. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Թ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

18. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմնարար խախտում, ինչը հիմք է Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի ապրիլի 10-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու, Թովմաս Մաթևոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում ճանաչելու, և մեղսագրված արարքները չկատարելու հիմքով արդարացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 401-403-րդ և 407-408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի ապրիլի 10-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում Թովմաս Սեյրանի Մաթևոսյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը բեկանել։

3. Ճանաչել Թովմաս Սեյրանի Մաթևոսյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 275-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում և արդարացնել՝ մեղսագրված արարքները չկատարելու հիմքով։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

__________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 289-290։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 397-400:

3 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 89-98:

4 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 18-19-րդ կետերը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԵԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 14-15-րդ կետերը, Գագիկ Սարգսյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0258/01/16 որոշման 12.1-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշման 20-րդ կետը, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ 630 որոշման 11-րդ կետը, 2015 թվականի հունիսի 9-ի թիվ ՍԴՈ-1213 որոշման 9-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան