ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Տ. Թադևոսյան |
ԼԴ1/0059/01/17 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
9 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 71108816 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և Սարգիս Սամվելի Գրիգորյանի՝ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
1.2. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով Մ.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվելով 2016 թվականի նոյեմբերի 21-ից:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ս.Գրիգորյանը։
1.3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Արսենյանի միջնորդությունը, տուժողի իրավահաջորդ Ս.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, մասնակիորեն բավարարել է ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Արսենյանի և ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքները՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճիռը և գործն ուղարկվելով նույն դատարան՝ նոր քննության:
1.4. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանի միջնորդությունն այն գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ:
1.5. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ին որոշմամբ պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը՝ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
1.6. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը՝ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է մասնակիորեն, խափանման միջոցը փոխվել է և խափանման միջոց է ընտրվել գրավը՝ գրավի չափ սահմանվելով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը:
2. Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռ.Մինասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշումը բեկանել է և կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնելով անփոփոխ։ Որպես խափանման միջոց կիրառված գրավի գումարը` 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձվել է գրավատուին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթում առկա չէ փաստական տվյալ առ այն, որ Մ.Ալեքսանյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից այն պարագայում, երբ վերջինս ոչ միայն հենց դեպքի օրն է կամովին և մեղայականով ներկայացել ՀՀ ոստիկանության Բազումի բաժին, տվել խոստովանական ցուցմունքներ և աջակցել գործի քննությանը, այլ նաև ներկայացել է իրավապահ մարմիններին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման կատարումն ապահովելու համար, որպիսի իրողությունները, վարույթի տևականության պայմաններում, Մ․Ալեքսանյանի կողմից թաքնվելու վտանգի մասին հետևությունները դարձնում են հիմնազուրկ։
Ըստ բողոքաբերի՝ Մ.Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու, այդ թվում նաև` գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ ստորադաս դատարանի ենթադրությունները հիմնավոր չեն։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը չի հիմնավորել գործի նյութերում առկա փաստական տվյալներով և բացառապես բավարարվել է առաջադրված մեղադրանքի (հիմնավոր կասկածի) վերաբերյալ դատողությունները որպես կալանքի տակ պահելու հիմք ներկայացնելով՝ դրանով թույլ տալով անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ բողոքարկվող դատական ակտում առկա չէ որևէ համոզիչ փաստարկ, թե գրավի կիրառմամբ ինչո՞ւ հնարավոր չէ ապահովել Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը։
Բողոք բերած անձը փաստարկել է, որ վարույթում առկա տվյալներով վկա Գոռ Հարությունյանը ներկայումս էլ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, և Առաջին ատյանի դատարանը տվյալ վկայի ներկայությունն ապահովելու համար միջազգային իրավական փոխօգնության խնդրանքով դիմել է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիններին և հայտնի չէ, թե արդյոք ի՞նչ ժամկետում կամ ընդհանրապես հնարավոր կլինի՞ նրան ներկայացնել դատարան, թե՝ ոչ։ Բողոքաբերն ընդգծել է, որ Մ.Ալեքսանյանն անազատության մեջ է եղել 2016 թվականի նոյեմբերի 21-ից, և չնայած Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված ծավալին, որը ենթադրում էր միայն վկա Գոռ Հարությունյանի հարցաքննությունը դատարանում` նոր քննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են տուժողի իրավահաջորդը, վկաները և գործի քննությունն ըստ էության դադարեցվել է՝ վկա Գոռ Հարությունյանին հայտնաբերելու, ծանուցելու կամ դատարան ներկայացնելու համար: Արդյունքում՝ բողոքաբերի պնդմամբ՝ Մ․Ալեքսանյանն անորոշ ժամանակով պահվում է կամ պահվելու է անազատության մեջ։
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Մ.Ալեքսանյանն արդեն իսկ կրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով նշանակված 14 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժի մեկ երկրորդից ավելին՝ 7 տարին, մինչդեռ ստեղծված իրավիճակում վերջնական դատական ակտի բացակայության պատճառով նա զրկված է քրեական օրենքով սահմանված՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից օգտվելու հնարավորությունից, ինչը ևս իրավացիորեն հաշվի է առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից գրավ կիրառելիս։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը՝ oրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Մ.Ալեքսանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա, 2016 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի հարակից տարածքում, Սարգիս Գրիգորյանի հետ, չպարզված շարժառիթով, վիճաբանել են Հարություն Աղաջանյանի հետ և առանց նախնական համաձայնության ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խմբով, իրենց մոտ գտնվող դանակներով հարվածներ են հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին՝ ձախից կրծքավանդակի վերին, կրծոսկրի ստորին երրորդի, աջից որովայնի ստորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ստորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ստորին երրորդի ներսային մակերեսի, ծոծրակային ձախ ուսագոտուհետին մակերեսի, կրծքավանդակի հետին մակերեսի ստորին աջ ու ձախ հատվածների, գոտկային շրջանի հետին մակերեսի աջից և ձախից նստային շրջաններին՝ պատճառելով կտրած, ծակած-կտրած թվով 15 վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ և սպանել նրան»1:
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ սույն փուլում պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդությունը քննելիս ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը շարունակում է թեև նվազ, սակայն առկա լինել, որն ինչպես նախորդ որոշմամբ է արձանագրվել, համադրվել է ոչ միայն մեղսագրվող արարքի բնույթի և ծանրության աստիճանի հետ, այնպես էլ այն հանգամանքի հետ, որ ամբաստանյալը ներկայացել է մեղայականով և իր կողմից կատարած ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվել է ցուցմունքներ, սակայն Դատարանը գտնում է, որ այս հիմքը չի կարող նույնական լինել քննության սկզբնական փուլում և գործի քննության սույն փուլում, քանի որ գնալով այդ հիմքը չեզոքանում է, որի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է նոր փաստական հանգամանքների առկայություն, որը սույն դեպքում առկա չէ։ Ինչ վերաբերում է Մելսիկ Ալեքսանյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են վկաների մեծամասնությունը, դեռևս չեն հարցաքննվել վկաներ Գոռ Հարությունյանը և Հենրիկ Վարդանյանը։
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ըստ ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների և սահմանահատումների պատմության՝ վկա Հենրիկ Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 02-ին դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, իսկ ինչ վերաբերում է վկա Գոռ Հարությունյանին, ապա Դատարանը վկայի ներկայությունն ապահովելու համար որոշում է կայացրել դատական հանձնարարությամբ Ֆրանսիայի իրավապահ մարմիններին դիմելու համար, Դատարանը նրա հետ կապ հաստատելու համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները և չի բացառվում, որ իրավական օգնության հարցման շրջանակներում Դատարանը վկայի հարցաքննությունն իրականացնի տեսակապի միջոցով, կամ առհասարակ վկան չհայտնաբերվի, չնայած վերջինիս դատական նիստին ներկայանալու համար ուղղված ծանուցագիրը թարգմանությունն ստանալուց հետո նոր պետք է ուղարկվի և հանձնվի Ֆրանսիայի իրավապահ մարմիններին։ Գործի քննության այս փուլում կատարված դատավարական գործողությունների և հարցաքննված վկաների պայմաններում Դատարանը գտնում է, որ թեև նվազ, սակայն դեռևս շարունակվում է առկա լինել Մելսիկ Ալեքսանյանի կողմից դատավարությանը մասնակցող վկայի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, որը ևս ինչպես նախորդ հիմքը գնալով չեզոքանում է, քանի որ գնալով հնարավոր չի լինում հայտնաբերել և Դատարան ներկայացնել վկային։ Միևնույն ժամանակ Դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ գործի քննության ընթացքում վկայի հետ կապ հաստատելու և հարցաքննելու համար կարող է պահանջվել որոշակի տևական ժամանակահատված, որի բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ վկա Գոռ Հարությունյանի դեռևս Դատարանում չհարցաքննվելը որևէ կերպ կախված չի եղել ամբաստանյալի վարքագծից, ով արդեն ավելի քան 7 տարի 8 ամիս գտնվում է կալանքի տակ, հետևաբար նրան շարունակել կալանքի տակ պահելը նույնանում է պատժի հետ, նամանավանդ այն պայմաններում, որ եթե նույնիսկ վերջինիս նկատմամբ նախկինում կայացված դատավճիռը մտած լիներ ուժի մեջ, ապա ամբաստանյալն այժմ լեգիտիմ ակնկալիք կունենար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում նրա պահման պայմանների ռեժիմի փոփոխություն տեղի կունենար և ամբաստանյալը կարող էր օժտվել հավելյալ իրավունքներով, որոնցից փաստացի զրկվել է ոչ իր մեղքով՝ գործի քննության երկարատևության պատճառով, ուստի այդ հանգամանքները կալանավորման հիմքերի վերաբերյալ վերևում կատարված վերլուծությունների համատեքստում թույլ են տալիս Դատարանին եզրակացնել, որ գործի քննության սույն փուլում խափանման միջոցի նվազ հիմքերը կարող են չեզոքացվել այլ խափանման միջոցի կիրառմամբ:
Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցին անդրադառնալիս Դատարանի համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ գործը քննվում է տևական ժամանակ, իսկ ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանը դեռևս 2016 թվականի նոյեմբերի 21-ից գտնվում է անազատության մեջ (…):
(...)
Համեմատական վերլուծություն կատարելով սույն գործի և Մուրադխանյանի վերաբերյալ քննված գործի փաստական հանգամանքների և քննության ընթացքի (երկարատևության) միջև, պարզ է դառնում, որ երկու գործերն էլ փաստական հանգամանքներով (ամբաստանյալներին վերագրվող արարքի ծանրության աստիճան, ամբաստանյալներին սպառնացող պատժի խստություն, նրանց կալանքի երկարատևություն, գործի քննության բարդություն և այլն) և քննության երկարատևությամբ գրեթե նույնանում են: Ընդ որում՝ Մուրադխանյանի վերաբերյալ գործով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով թե՛ գործի բարդությունը, թե՛ վերագրվող արարքի բնույթը, թե՛ սպառնացող պատժի խստությունը և մյուս հանգամանքները, այնուամենայնիվ արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում:
Նման պայմաններում Դատարանն այլևս չի կարողանում որևէ էական ու վճռորոշ փաստարկով սույն գործով հաղթահարել Եվրոպական դատարանի՝ Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռով արտահայտած նախադեպային դիրքորոշումները, հատկապես գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել է ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից վարույթից թաքնվելու և խոչընդոտելու հիմքերը, ուստի Դատարանը գտնում է, որ Մելսիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել և քննության ընթացքում նրա պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով անհրաժեշտ ու բավարար երաշխիքի կիրառմամբ նրան ազատ արձակել կալանքից:
(...)
Դատարանը (...) գտնում է, որ պատշաճ երաշխիքի ապահովմամբ՝ մասնավորապես գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը, ուստի և դրա չափը պետք է համապատասխանի այդ նպատակին: Դատարանը գտնում է, որ, ելնելով մեղսագրվող արարքի ծանրության աստիճանից ու ամբաստանյալի անձից, նրա գույքային դրությունից, որպես նրան կալանքից ազատելու համար գրավի գումար պետք է սահմանել 5.000.000 ՀՀ դրամ, և գումարի այդ չափի վճարումը, դատարանի համոզմամբ կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։(...)»2:
8. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 12-ի ԼԴ1/0059/01/17 որոշումը, փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով պաշտպան Գ.Հարությունյանի՝ ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և գնահատելով մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում քննությանը խոչընդոտելու և թաքնվելու հավանականությունը, իրավաչափորեն փաստել է դրանց առկայությունը, սակայն առանց հիմնավոր պատճառաբանության հանգել է հետևության, որ դրանք նվազել են, ինչը գերազանցապես պայմանավորել է նրանով, որ արդեն իսկ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, ինչպես նաև հաշվի է առել ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ չնայած սույն քրեական գործը չի գտնվում դատաքննության սկզբնական փուլում, հարցաքննված են մեղադրական եզրակացությանը կցված դատակոչի ցուցակում ընդգրկված վկաների մեծամասնությունը, սակայն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ պահպանվում է և չի վերացել ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի կալանքի տակ պահելու հիմքն առ այն, որ ազատության մեջ գտնվելով` նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:
Վերաքննիչ դատարանի նման հետևությունը, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է այն իրավական իրողությամբ, որ թեպետ մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որով ոչ միայն ամփոփվում են նախնական քննության արդյունքները, հիմնավորվում մեղադրանքի կողմի ենթադրությունները՝ ամբաստանյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին, այլև դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները, մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շրջանակներում, սակայն յուրաքանչյուր քրեական գործով փաստական հանգամանքների շուրջ քննությունը չի սահմանափակվում միայն մեղադրական եզրակացության մեջ նշված ապացույցների հետազոտմամբ: Այսպես՝ դատաքննության ավարտին դատավարական յուրաքանչյուր կողմ իրավասու է դատաքննությունը լրացնելու միջնորդություն ներկայացնել դատարանին՝ նշելով ինչպիսի ապացույցների հետազոտմամբ և գործի որ հանգամանքները բացահայտելու համար: Ավելին, դատական վիճաբանությունների փուլում դատավարական կողմերն իրենց հետևությունները հիմնավորելու համար նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կարող են միջնորդություն հարուցել դատաքննությունը վերսկսելու մասին՝ նշելով, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն և ինչպիսի նոր ապացույցների հիման վրա: Ընդ որում, դատաքննությունը վերսկսելու հնարավորություն քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է նույնիսկ այն դեպքում, երբ ամբաստանյալն իր վերջին խոսքում հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք:
Ուստի այս դատողությունների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հավանական է ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի կողմից հետագայում փոխադարձ պայմանավորվածությունների միջոցով այս քրեական գործի ընթացքում ձեռք բերված փաստերը համաձայնեցված խեղաթյուրելու, դրանք՝ իրեն առաջադրված մեղադրանքը կասկածի տակ դնող միմյանց հետ համաձայնեցված ու փոխլրացված մեկնաբանություններ տալով՝ քննությանը խոչընդոտելու հնարավորությունն ու հավանականությունը:
Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև Բողոքաբերի այն դիտարկմանը, որ Առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել, թե գրավի կիրառմամբ ինչպես կարող են չեզոքացվել իր նախորդ որոշմամբ արձանագրված ռիսկերը: Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը, փաստելով, գրավ խափանման միջոցի կիրառմամբ Մելսիկ Ալեքսանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, չի պատճառաբանել, թե իր նախորդ որոշումից հետո ի հայտ եկած ինչպիսի հանգամանքների վերլուծության արդյունքում է հանգել նման հետևության: Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանի կողմից չի հիմնավորվել, թե նախորդ որոշումից հետո ինչպիսի ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալի՝ կալանքի տակ պահելու արձանագրված հիմքերը։
(...)
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դեռևս շարունակում է առկա լինել ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից քրեական գործի քննությանը խոչընդոտելու և թաքնվելու բարձր հավանականությունը, որի չեզոքացումը նրա նկատմամբ գրավի կիրառմամբ հնարավոր չէ։ Այլ կերպ ասած՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառումը չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոն:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի մեղսագրված արարքի ծանրության, հանցագործությունից պաշտպանվող հասարակական հարաբերությունների կարևորության, ակնկալվող պատժի խստության և ենթադրյալ հանցագործության կատարման եղանակը հաշվի չառնելու դեպքում անգամ բավարար են հանգելու հիմնավորված հետևության՝ խափանման միջոցի կիրառման քննարկվող նպատակների բարձր հավանականության մասին:
Սակայն Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ կիրառված գրավ խափանման միջոցը նրա պատշաճ վարքագիծը երաշխավորելու տեսանկյունից անհամաչափ գնահատելիս, կարևորում է նաև դեպքի կոնկրետ հանգամանքները, ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ամբաստանյալ Մ.Ալեքսանյանին վերագրված ենթադրյալ հանցագործության՝
- հանրային վտանգավորության բնույթը, մասնավորապես այն, որ ամբաստանյալին մեղսագրվել է անձի կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանք,
- ծանրության աստիճանը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով նախատեսված արարքը դասվում է առանձնապես ծանր հանցանքների շարքին, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ,
- կատարման եղանակը, մասնավորապես այն, որ ըստ մեղադրանքի՝ [Մ.Ալեքսանյանը] 2016 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի հարակից տարածքում, Սարգիս Գրիգորյանի հետ, չպարզված շարժառիթով, վիճաբանել է Հարություն Աղաջանյանի հետ և առանց նախնական համաձայնության ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խմբով, իրենց մոտ գտնվող դանակներով հարվածներ են հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին՝ ձախից կրծքավանդակի վերին, կրծոսկրի ստորին երրորդի, աջից որովայնի ստորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ստորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ստորին երրորդի ներսային մակերեսի, ծոծրակային ձախ ուսագոտուհետին մակերեսի, կրծքավանդակի հետին մակերեսի ստորին աջ ու ձախ հատվածների, գոտկային շրջանի հետին մակերեսի աջից և ձախից նստային շրջաններին,
- հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և հետևանքները, մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Մ.Ալեքսանյանի կողմից Հարություն Աղաջանյանին պատճառված մարմնական վնասվածքը դրսևորվել է կտրած, ծակած-կտրած 15 վերքերի տեսքով, ինչը հանգեցրել է նրա մահվան,
գտնում է, որ բացառապես կալանավորումն է այն խափանման միջոցը, որը կարող է ապահովել Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում:
Անդրադառնալով ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի տևական ժամանակահատված կալանքի տակ գտնվելուն՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այդ հանգամանքի գնահատումը չպետք է մեխանիկական բնույթ կրի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն ենթակա է գնահատման գործի բնույթի և բարդության համակցության մեջ։ Այս կապակցությամբ փաստելով նաև, որ խափանման միջոցի կիրառման տևողությունն ինքնին դրա համաչափության գնահատման գործոն չէ, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ կալանքի կիրառման անհրաժեշտությունն իրապես առկա լինելու պայմաններում միայն կալանքի տակ գտնվելու երկար ժամանակահատվածը չի կարող բավարար համարվել՝ այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետևության հանգելու համար և տվյալ դեպքում՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Մ.Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոն։ Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով իրականացվում է նոր քննություն, ամբաստանյալ Մ.Ալեքսանյանը սույն քրեական գործի շրջանակներում արդեն իսկ մեղավոր էր ճանաչվել հանցանք կատարելու մեջ և դատապարտվել էր ազատազրկման` 14 (տասնչորս) տարի ժամկետով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի մարտի 09-ի որոշման հիմքում դրվել էր ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից վկա Գոռ Հարությունյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման անհնարինության և վկայի ցուցմունքները միակ և վճռորոշ չդիտարկելու վերաբերյալ դատարանի հետևությունները հիմնավոր չլինելու հանգամանքը (...)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
10. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(…)
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (…)»։
11. Մինչև դատաքննությունն ազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչև դատարանի առջև կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջև: Մինչև դատապարտումն անձը համարվում է անմեղ, և այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլևս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից և առանձնահատկություններից ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ4:
11.1. Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, և իրավասու մարմինները պետք է ներկայացնեն կալանքը հինավորող անհրաժեշտ և բավարար հիմքեր5: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական և վերացական բնույթի6, այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին և անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը7: Կալանքի տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետ8:
11.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից՝ վարույթից թաքնվելու վտանգի առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ այն չի կարող հիմնվել միայն ակնկալվող պատժի խստության վրա9: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թաքնվելու վտանգը կալանքի տակ գնտվելու ժամանակահատվածին զուգահեռ նվազում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ արդեն իսկ կալանքի տակ եղած ժամանակահատվածը հաշվակցվելու է վերջնական պատժի ժամկետից10:
11.3. Ինչ վերաբերում է վարույթի պատշաճ ընթացքին մեղադրյալի կողմից խոչընդոտելու վտանգին, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական և պետք է հաստատվի փաստական տվյալներով11: Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլերում12, սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ13: Ընդ որում, երկարատև ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են և ստուգվում14:
11.4. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի) ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը15։
12. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում: Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից և հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալաքի պարագայում, վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ, աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին (ամբաստանյլաին) կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Ընդ որում, առավել բարձր պետք է լինի վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերադաս դատական ատյանի կողմից բեկանելիս կալանքի անհրաժեշտության հիմնավորվածության շեմը:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը բավարարել է Մ.Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ էականորեն նվազել են նրա կողմից վարույթից թաքնվելու և դրա պատշաճ ընթացքին խոչընդոտելու հիմքերը: Մանավորապես, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Մ.Ալեքսանյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը չի կարող նույնական լինել քննության սկզբնական փուլում և գործի քննության սույն փուլում, քանի որ գնալով այդ հիմքը չեզոքանում է, և որ դրա առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է նոր փաստական հանգամանքների առկայություն, որը սույն դեպքում առկա չէ։ Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգի՝ աստիճանաբար նվազելուն՝ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են վկաների մեծամասնությունը, իսկ ինչ վերաբերում է դեռևս չհարցաքննված վկաներ Գոռ Հարությունյանին և Հենրիկ Վարդանյանին, ապա Հենրիկ Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 2-ին դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, իսկ Գոռ Հարությունյանի ներկայությունն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ իրավական փոխօգնության շրջանակում, որոնք կարող են պահանջել տևական ժամանակ, որի բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ վկա Գոռ Հարությունյանի չհարցաքննվելը որևէ կերպ կախված չի եղել ամբաստանյալի վարքագծից: Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալն արդեն ավելի քան 7 տարի 8 ամիս գտնվում է կալանքի տակ, հետևաբար նրան շարունակաբար կալանքի տակ պահելը նույնանում է պատժի հետ՝ ընդգծելով այն, որ եթե վերջինիս նկատմամբ նախկինում կայացված դատավճիռը մտած լիներ ուժի մեջ, ապա ամբաստանյալը կունենար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու իրավունք: Արդյունքում վկայակոչելով Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով արտահայտված դիրքորոշումները, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել են ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից վարույթից թաքնվելու և խոչընդոտելու հիմքերը, գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը16,
- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ թեև քրեական գործը չի գտնվում դատաքննության սկզբնական փուլում, հարցաքննված է դատակոչված վկաների մեծամասնությունը, այնուամենայնիվ գտել է, որ պահպանվում է և չի վերացել ամբաստանյալ Մ.Ալեքսանյանին կալանքի տակ պահելու հիմքն առ այն, որ ազատության մեջ գտնվելով, նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ դատական վիճաբանությունների փուլում նոր ապացույցներ ներկայացնելու և դատաքննությունը վերսկսկելու օրենսդրական հնարավորության պայմաններում, առկա է Մ.Ալեքսանյանի կողմից հետագայում փոխադարձ պայմանավորվածությունների միջոցով քրեական գործի ընթացքում ձեռք բերված փաստերը համաձայնեցված խեղաթյուրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, փաստելով խափանման միջոց գրավի կիրառմամբ Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, չի պատճառաբանել, թե իր նախորդ որոշումից հետո ինչպիսի՞ ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքերը։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Մ.Ալեքսանյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և հետևանքները, փաստել է, որ բացառապես կալանավորումն է այն խափանման միջոցը, որը կարող է ապահովել Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, և որ այդ պայմաններում միայն կալանքի տակ գտնվելու երկար ժամանակահատվածը չի կարող բավարար համարվել՝ այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետևության հանգելու համար17։
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ որպես գործով վարույթն իրականացնող մարմին, ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս, համակողմանի գնահատման է ենթարկել անձին շարունակաբար կալանքի տակ պահելու հիմքերի, մասնավորապես՝ վարույթից թաքնվելու և դրա բնականոն ընթացքին խոչընդոտելու հիմքերի չեզոքացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ դատավարության փուլը, հետազոտված ապացույցների շրջանակը, անձին կալանքի տակ պահելու տևողությունը, իրավական փոխօգնության կառուցակարգերին դիմելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթի հնարավոր ձգձգումը՝ արդյունքում իրավաչափորեն եզրահանգելով, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն ի զորու է չեզոքացնելու ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը։ Ընդ որում, անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին և վարույթի հնարավոր երկարատև ընթացքն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վտանգները, սակայն բարձրացնում են նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում արդեն իսկ ձեռնարկված դատավարական գործողությունների և հետազոտված ապացույցների ծավալի պայմաններում Մ.Ալեքսանյանի տևական՝ առավել քան 7 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվելու փաստն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքը: Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Առաջին ատյանի դատարանի փաստարկն առ այն, որ վարույթի ընթացքում վկային հայտնաբերելու, նրա հետ կապ հաստատելու և հարցաքննելու համար կարող է պահանջվել որոշակի տևական ժամանակահատված, որի բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ տվյալ վկայի՝ դեռևս դատարանում չհարցաքննվելը որևէ կերպ կախված չի եղել Մ.Ալեքսանյանի վարքագծից։
14.1. Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ թեև քրեական գործը չի գտնվում դատաքննության սկզբնական փուլում, հարցաքննված են մեղադրական եզրակացությանը կցված դատակոչի ցուցակում ընդգրկված վկաների մեծամասնությունը, սակայն պահպանվում են և չեն վերացել ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի կալանքի տակ պահելու հիմքերն առ այն, որ ազատության մեջ գտնվելով, նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, իր դիրքորոշումը հիմնավորել է ոչ թե գործի նյութերից բխող ծանրակշիռ փաստարկերով, այլ վերացական այն դատողությամբ, որ դատաքննությունը վերսկսելու օրենսդրական կարգավորման առկայության պայմաններում, շարունակում է պահպանվել ենթադրյալ նոր ապացույցների հետազոտման գործընթացի վրա ամբաստանյալի ազդեցության հավանականությունը: Վերաքննիչ դատարանի նման մոտեցման պարագայում, ապացուցողական ողջ զանգվածը հետազոտելուց հետո անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող հիմքերի բացակայության պայմաններում անգամ, զուտ քննարկվող օրենսդրական կարգավորման հիման վրա վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության առկայության արձանագրումը ոչ այլ ինչ է, քան կալանքի տակ պահելու ժամկետի մեխանիկական երկարաձգում, ինչն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխինքերի հետ:
15. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը չի պատճառաբանել, թե իր նախորդ որոշումից հետո ինչպիսի՞ ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքերը, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման ենթակա է անձին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը, այլ ոչ թե համապատասխան երաշխիքների կիրառմամբ անձին ազատ արձակելը:
16. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալ Մ․Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը, չի մատնանշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել քրեական վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մելսիկ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Ամբաստանյալ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2․ Ամբաստանյալ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանին անհապաղ ազատ արձակել կալանքից։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________
1 Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 1-42:
2 Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 117-127:
3 Տե՛ս հավելված, հատոր 2, թերթեր 43-48:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Buzadji v. the Republic of Moldova գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, 89-90-րդ կետերը:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Merabishvili v. Georgia գործով Մեծ պալատի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 72508/13, 222-րդ կետը, Merabishvili v. Georgia գործով վերը հիշատակված վճռի 102-րդ կետը:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, 142-րդ կետը:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Rubtsov and Balayan v. Russia գործով 2018 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատներ թիվ 33707/14 and 3762/15, 142-րդ կետը, Perstner v. Luxembourg գործով 2023 թվականի ետրվարի 16-ի վճիռտ, գանգատ թիվ 7446/21, 33-րդ կետը:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Tase v. Romania գործով 2008 թվականի հունիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 29761/02, 40-րդ կետը:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, 106-րդ կետը:
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, 10-րդ կետը:
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/03, 59-րդ կետը:
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Jarzyński v. Poland գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 15479/02, 43-րդ կետը:
13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Merabishvili v. Georgia վերը հիշատակված գործով Մեծ պալատի վճռի 224-րդ կետը:
14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Clooth v. Belgium գործով 1991 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12718/87, 44-րդ կետը:
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19, Արքա Մադաթյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումները։
16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|