ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր` Տ. Մուրադյան |
ԵԴ/1386/06/22 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
11 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հարություն Զաքարի Վարդիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, 2022 թվականի նոյեմբերի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 13741022 քրեական վարույթը։
2022 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Հարություն Զաքարի Վարդիկյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
2022 թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 13744022 քրեական վարույթը և միացվել թիվ 13741022 քրեական վարույթին։
2022 թվականի նոյեմբերի 17-ին Հարություն Վարդիկյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Հ.Վարդիկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը, ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի՝ հիմնավոր կասկածին վերաբերող դիրքորոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանների վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները, ինչի արդյունքում թույլ են տվել դատական սխալ: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Հ․Վարդիկյանին մեղսագրվող հանցագործությանը վերջինիս առնչությունն ակնհայտորեն բխում է Ա․Բազոյանի ցուցմունքից, որով նա նշել է, որ իր մոտ հայտնաբերված թմրամիջոցը ձեռք է բերել Հ․Վարդիկյանից։ Ավելին, նշված ցուցմունքը Ա․Բազոյանը պնդել է նաև Հ․Վարդիկյանի հետ առերես հարցաքննության ընթացքում։ Միևնույն ժամանակ, Հ․Վարդիկյանն իր ցուցմունքով չի հերքել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն իր առնչությունը։
Ստորադաս դատարանները կալանքի իրավաչափության վարույթի շրջանակներում վերլուծել են վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, որի արդյունքում գնահատել են Հ․Վարդիկյանին ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը, մինչդեռ հիմնավոր կասկածի առկայությունը գնահատելիս, անձին կալանավորելու միջնորդությամբ ներկայացված փաստերի ու տեղեկությունների հաշվառմամբ, անհրաժեշտ է հաստատել միայն կասկածվող անձի օբյեկտիվ կապը ենթադրյալ հանցագործության հետ։
Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը գտել է, որ Հ․Վարդիկյանին մեղսագրված հանցագործության կատարման մեջ հիմնավոր կերպով կասկածելու վերաբերյալ փաստական տվյալների անբավարարության մասին ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնելով դրանց փոխարինող դատական ակտ՝ բավարարել Հարություն Վարդիկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Հարություն Վարդիկյանի պաշտպան Զ․Սակովան վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն արձանագրել են, որ մեղսագրվող արարքին Հ․Վարդիկյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է, քանի որ Ա․Բազոյանի ցուցմունքից բացի որևէ այլ փաստական տվյալ այդ կապակցությամբ չի ներկայացվել։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելուց հետո մինչև դրա բողոքարկումը անցել է շուրջ 2 ամիս, որի ընթացքում հիմնավոր կասկածը հաստատող որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել։
8. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Զ․Սակովան խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Հարություն Վարդիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ այն արարքի համար, որ «(...) [Ն]ա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն` թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում իրացման նպատակով ձեռք է բերել չպարզված քանակության «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ: Այնուհետև իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ այն վաճառելու մտադրությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Արսեն Բազոյանի հետ և համաձայն ձեռք բերված պայմանավորվածության 2022թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ հանդիպելով Արսեն Դուրիկի Բազոյանին, վերջինցս ստանացել է 23.000 ՀՀ դրամ, որի դիմաց էլ վաճառել է խոշոր չափերի՝ 0.35 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է 2022թ. նոյեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում Արսեն Բազոյանի անձնական խուզարկությամբ (…)»1:
10․ Արսեն Բազոյանի՝ ձերբակալվածի կարգավիճակում տված ցուցմունքի համաձայն՝ իր անձնական խուզարկությամբ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն առավել հայտնի է «Կրիստալ» անվանումով, որը 2022 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 15․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում 23․000 ՀՀ դրամի դիմաց ձեռք է բերել իր ծանոթ Հարութից2։
10․1․ Նշված տեղեկությունները Արսեն Բազոյանը պնդել է Հարություն Վարդիկյանի հետ 2022 թվականի նոյեմբերի 16-ին կատարված առերես հարցաքննության ընացքում3։
11. Փորձագետի թիվ 1616 Ք-22 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ընդհանուր՝ 0,35 գրամ քաշով սպիտակ բյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց4։
12. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Հարություն Վարդիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ սույն որոշմամբ վկայակոչված՝ քննիչի միջնորդության մեջ նկարագրված արարքի համար:
Որպես հիշյալ արարքը Հարություն Վարդիկյանի կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածը հիմնավորող նյութեր՝ վարույթն իրականացնող մարմինը վկայակոչել է՝ 1) Արսեն Դուրիկի Բազոյանի որպես ձերբակալված հարցաքննության արձանագրությունը, 2) դատաքիմիական փորձաքննության թիվ 1616 Ք-22 եզրակացությունը, 3) Հարություն Զաքարի Վարդիկյանի որպես ձերբակալված հարցաքննության արձանագրությունը, 4) Հրաչյա Հակոբի Հակոբյանի որպես ձերբակալված հարցաքննության արձանագրությունը, 5) ձերբակալվածներ Հարություն Զաքարի Վարդիկյանի և Արսեն Դուրիկի Բազոյանի առերես հարցաքննության արձանագրությունը:
Վերոհիշյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ բացի Արսեն Բազոյանի տված ցուցմունքից, որևէ այլ փաստական տվյալներ առկա չեն, որոնք ուղղակիորեն կմատնանշեն Հարություն Զաքարի Վարդիկյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը:
Հատկանշական է, որ համաձայն միջնորդությանը կից ներկայացված նյութերի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/0210/01/22 գործով Արսեն Դուրիկի Բազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 11 րդ հոդվածի 2-րդ և 3 րդ կետերը և ՀՀ կաոավարության' 2018 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, իրացման նպատակով քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեոք է բերել, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակ, ապա 2021 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն Երևան քաղաքի էրեբունի փողոցի վրա տեղակայված «Սմարթ» զբոսայգում հանդիպել է Հարություն Զաքարի Վարդիկյանին և 10.000 ՀՀ դրամ գումարի դիմաց իրացրել զգալի չափերի' 0.07 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության էրեբունու բաժնում կատարված Հարություն Վարդիկյանի անձնական խուզարկությամբ»:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ «կասկածը» դեռևս չի կարող համարվել ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք կվկայեն կատարված արարքին Հարություն Վարդիկյանի առնչությունը, այդպիսք սակայն ներկայումս առկա չեն:
Այսպիսով, նախաքննության մարմնի կողմից Դատարան ներկայացված նյութերով չի հաստատվում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքին Հարություն Վարդիկյանի առնչվելու հիմնավոր կասկածը: Այսինքն՝ տվյալ դեպքում կասկածն «արժանահավատ և բարեխիղճ» չէ, հիմնված չէ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված անհրաժեշտ և բավարար փաստական տվյալների վրա: Իսկ երբ բացակայում է հիմնավոր կասկածը, անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է (…)»5:
13. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ վերլուծության ենթարկելով հիմնավոր կասկածի վերաբերյալ իրավանորմերը և Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները և դրա համատեքստում վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից ներկայացված նյութերը՝ իրավացիորեն արձանագրել է, որ «կասկածը» դեռևս չի կարող համարվել ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք կվկայեն կատարված արարքին Հարություն Վարդիկյանի առնչությունը, այդպիսիք սակայն ներկայումս առկա չեն։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ հիմնավոր հետևություններին հակադրվելիս Բողոքաբերն ըստ էության բավարարվել է մեղադրյալ Ա.Բազոյանի կողմից ցուցմունքով և առերես հարցաքննությամբ հայտնած տվյալների վկայակոչմամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, շեշտելով, որ նախաքննության փուլում պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար, կասկածը հիմնավորելու համար բավարար է հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայությունը, փաստում է, որ հատկապես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ Հ.Վարդիկյանի և Ա.Բազոյանի մասնակցությամբ մեկ այլ քրեական գործի առկայության, և Հ.Վարդիկյանին մեղսագրված արարքի հիմնավոր կասկածի առկայության համար հիմք հանդիսացող այլ փաստական տվյալների բացակայության պայմաններում Բողոքաբերի նշած փաստարկները բավարար չեն արձանագրելու, որ այդպիսիք տվյալ դեպքում առկա են և բավարար են փաստելու, որ Հ.Վարդիկյանն առնչություն ունի իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքին:
Այսինքն՝ ներկայացված նյութերում բացի Ա.Բազոյանի ցուցմունքներով հայտնած տեղեկություններից առկա չէ որևէ այլ փաստական տվյալ, որը թույլ կտար հաստատված համարել Հ.Վարդիկյանին մեղսագրված արարքին վերջինիս առնչությունը հիմնավորող՝ «որոշակի փաստական տվյալների» բավարարության շեմը, որպիսի հետևությունը բխում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից։ Այլ կերպ՝ թեև Ա.Բազոյանի ցուցմունքներով հայտնած տեղեկությունները բովանդակում են մեղադրյալ Հ.Վարդիկյանին մեղսագրված արարքին վերջինիս առնչության վերաբերյալ որոշակի տվյալներ, սակայն դրանք ողջամտորեն հիմնավորված չեն, չեն հաղթահարում կասկածի արժանահավատության ու բարեխղճության շեմը:
Հետևաբար բողոքաբերի պնդումները՝ հիմնավոր կասկածը հաստատված համարելու վերաբերյալ գործով ձեռք բերված բավարար փաստական տվյալների առկայության մասին, հիմնավոր չեն։
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ բողոքաբերի վկայակոչած հանգամանքներն ինչպես ինքնին, այնպես էլ գործի նյութերից բխող այլ հանգամանքների հետ համակցության մեջ, չեն բովանդակում հիմնավոր կասկածի համար բավարար նվազագույն շեմին համապատասխան փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտան գալ եզրահանգման, որ տվյալ դեպքում Հ.Վարդիկյանը ենթադրաբար իրացման նպատակով ձեռք է բերել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, պահել իր մոտ, և խոշոր չափերով վաճառել Արսեն Բազոյանին։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ թիվ ԵԴ/1386/06/22 դատական գործի նյութերում առկա փաստական տվյալների համակցությունը ոչ միայն բավարար չէ հաղթահարելու մեղադրյալ Հ.Վարդիկյանի կողմից իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի ապացուցողական չափանիշի շեմը, այլև չի պարունակում նույնիսկ այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտան ողջամիտ և հիմնավոր ենթադրություն կատարել վերոնշյալ դեպքի առնչությամբ մեղադրյալի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իրենց բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին:
Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հ.Վարդիկյանի՝ իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կերպով կասկածվելու մասին նյութերի անբավարարության մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններն ամբողջովին բխում են ներկայացված նյութերի համակցության պատշաճ և համալիր վերլուծությունից, հիմնավորված են և չեն հակասում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին (…)»6:
14․ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ռ․Արսենյանի՝ 2023 թվականի մայիսի 10-ի որոշմամբ, Հ․Վարդիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Նաև որոշվել է վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով7։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Հ.Վարդիկյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
16. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»։
17. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի8, Հարություն Խաչատրյանի9 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ10։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից11, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել12, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)13։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Հարություն Վարդիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, իրացման նպատակով ձեռք է բերել չպարզված քանակության «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և 2022 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ հանդիպելով Արսեն Դուրիկի Բազոյանին, վերջինիս 23.000 ՀՀ դրամով վաճառել է խոշոր չափերի՝ 0.35 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում Արսեն Բազոյանի անձնական խուզարկությամբ14,
- Արսեն Բազոյանը որպես ձերբակալված տված ցուցմունքով հայտնել է, որ իր անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է, որը 2022 թվականի նոյեմբերի 14-ին, 23․000 ՀՀ դրամի դիմաց, ձեռք է բերել իր ծանոթ Հարութից15,
- Արսեն Բազոյանը Հարություն Վարդիկյանի հետ կատարված առերես հարցաքննության ընթացքում պնդել է իր կողմից հայտնած տվյալները16,
- Փորձագետի թիվ 1616 Ք-22 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված թվով 4 նրբաթիթեղի փաթեթներում առկա զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց17,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ բացի Արսեն Բազոյանի տված ցուցմունքից, որևէ այլ փաստական տվյալներ առկա չեն, որոնք ուղղակիորեն կմատնանշեն Հարություն Զաքարի Վարդիկյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, հետևաբար տվյալ դեպքում կասկածն արժանահավատ և բարեխիղճ չէ, հիմնված չէ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված անհրաժեշտ և բավարար փաստական տվյալների վրա18,
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է որ Հ.Վարդիկյանի՝ իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կերպով կասկածվելու վերաբերյալ նյութերի անբավարարության մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններն ամբողջովին բխում են ներկայացված նյութերի համակցության պատշաճ և համալիր վերլուծությունից, հիմնավորված են և չեն հակասում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին19։
19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Հ․Վարդիկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալները։
20. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված և գործում առկա՝ Ա․Բազոյանի որպես ձերբակալված տված ցուցմունքը, որով վերջինս՝ որպես իր անձնական խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցը իրացնողի, ուղղակիորեն մատնանշել է Հ․Վարդիկյանին, Ա․Բազոյանի և Հ․Վարդիկյանի առերես հարցաքննության արձանագրությունը, ինչպես նաև փորձագետի թիվ 1616 Ք-22 եզրակացությունը, համակցության մեջ դատավարության տվյալ փուլում ողջամտորեն բավարար էին գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Հարություն Վարդիկյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին:
Նման պայմաններում, ստորադաս դատարանների դատողությունները հակասում են սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված` ենթադրյալ հանցանքի կատարման հիմնավոր կասկածի գնահատման չափանիշին` դուրս գտնվելով այդ չափանիշի հաղթահարման ողջամիտ հնարավորության ընդհանուր տրամաբանությունից։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը ողջամտորեն բավարար է գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Հ.Վարդիկյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը։
21. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Հ.Վարդիկյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձին մեղսագրված արարքի իրավական գնահատականի հետագա փոփոխությունը, անգամ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը՝ իրեն մեղսագրված արարքը կատարած չլինելու հիմքով, կամ արդարացման դատավճռի կայացումը, ինքնին հիմք չեն փաստելու, որ անձին մեղսագրված արարքը կատարելու հիմնավոր կասկածն ի սկզբանե անհիմն է եղել։
22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով Հ․Վարդիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է20, բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Հարություն Զաքարի Վարդիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-31:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 48-50:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 17-19:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 53-56:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 81-89:
6 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 32-36:
7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 109-120։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
12 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15:
14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 10․1-րդ կետը։
17 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
18 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
19 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
20 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան | |
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: