ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Տ. Թադևոսյան |
ԼԴ1/0059/01/17 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
9 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սարգիս Սամվելի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ պաշտպան Հ.Արսենյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 71108816 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Սարգիս Սամվելի Գրիգորյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի՝ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։
1.2. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով Ս.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով՝ պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվելով 2017 թվականի մարտի 16-ից:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Մ.Ալեքսանյանը։
1.3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Արսենյանի միջնորդությունը, տուժողի իրավահաջորդ Ս.Թադևոսյանի վերաքննիչ բողոքը, մասնակիորեն բավարարել է ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Արսենյանի և ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքները՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճիռը և գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:
1.4. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանի միջնորդությունը՝ այն գրավի կամ տնային կալանքի կիրառմամբ փոխարինելու վերաբերյալ:
1.5. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ պաշտպան Հ.Արսենյանի միջնորդությունը՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք ու գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
1.6. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ պաշտպան Հ.Արսենյանի միջնորդությունը՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:
1.7. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ պաշտպան Հ․Արսենյանի միջնորդությունը՝ Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է մասնակիորեն, խափանման միջոց կալանավորումը փոխվել է և ընտրվել է գրավը` գրավի չափը սահմանվելով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը:
2. Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռ.Մինասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշումը բեկանել է և ամբաստանյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացրել՝ վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։ Որպես խափանման միջոց կիրառված գրավի գումարը` 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձվել է գրավատուին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Արսենյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
4.1. Բողոքաբերի պնդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը բեկանել է հենց այն պատճառով, որ վերջինիս հիմքում դրված էր վկա Գ.Հարությունյանի ցուցմունքը, և դատարանը չէր կարողացել ապահովել վերջինիս ներկայությունը։ Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը նշել է, որ դատարանը հաշվի չի առել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանման հիմքի և նշված միջանկյալ ակտերի փաստական հիմքերի միջև առկա կապը, քանզի միջանկյալ դատական ակտերի հիմքում դրված է եղել և հիմնավոր կասկածի շեմը հաղթահարվել է նույն Գ.Հարությունյանի տված ցուցմունքների հիմքով, հետևաբար, եթե վերադաս ատյանը կասկածի տակ է դրել այդ հիմքերը, ապա այն պետք է նաև ուղղակիորեն ազդեր Ս.Գրիգորյանի կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի շեմի հաղթահարելիության վրա, քանզի եթե դատարանը չհայտնաբերի Գ.Հարությունյանին, ապա այդ ցուցմունքները պետք է հանվեն ապացույցների շարքից և միակ մեղադրական ապացույցն այլևս գոյություն չի ունենա։ Նման պայմաններում բողոքաբերը կասկածի տակ է դրել հիմնավոր կասկածի առկայությունը։
4.2. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը չի վկայակոչել այնպիսի ելակետային տվյալներ առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոցի փոփոխումն իրավաչափ չէ այն պայմաններում, որ գործով անցնող երկու վկաները դեռևս չեն հարցաքննվել, վկաներից մեկը հարցաքննվել է նախորդ քննության ընթացքում, իսկ մյուս վկայի հայտնաբերելն այս պահին իրատեսական չէ։
Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ դեռևս նախաքննության փուլում պաշտպանական կողմը միջնորդել է վկա Գ.Հարությունյանին հակընդդեմ հարցման ենթարկել, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել։ Գ.Հարությունյանի վերաբերյալ կայացվել է բերման ենթարկելու որոշում, վերջինս մի քանի անգամ դիտավորությամբ չի ներկայացել դատական նիստերին՝ նիստերի օրերին բացակայելով Հայաստանի Հանրապետությունից։ Նման պայմաններում հնարավոր է, որ Գ.Հարությունյանը երբեք չներկայանա, իսկ դատարանն էլ իր հերթին բավարար ջանքեր չգործադրի՝ նրա ներկայությունն ապահովելու համար, առավել ևս, որ այս պահին Գ.Հարությունյանի գտնվելու վայրն անհայտ է, իսկ դատարանի գործադրած բոլոր ջանքերը՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, ապարդյուն են։ Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը փաստել է, որ Ս.Գրիգորյանի՝ կալանքի տակ մնալու հիմքերից մեկի համար պատասխանատվությունը կրում է դատարանը, որը պետք է ապահովի Գ.Հարությունյանին հակընդդեմ հարցման ենթարկելու մեղադրյալի իրավունքը։
Բողոքի հեղինակը, անդրադառնալով վկա Հենրիկ Վարդանյանին հարցաքննելու անհրաժեշտությանը, նշել է, որ վերջինս արդեն իսկ հարցաքննվել է սույն գործով առաջին դատաքննության ընթացքում։
Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը պայմանավորել է բացառապես պատժաչափով, և առկա չէ որևէ փաստական տվյալ առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են նոր հանցագործության կատարումը, կամ ռիսկը, որ վերջինս կխուսափի արդարադատությունից կամ կխոչընդոտի դրա իրականացմանը։ Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե այլընտրանքային խափանման միջոցներն ինչու՞ բավարար երաշխիք չեն հանդիսանում Ս.Գրիգորյանի պատշաճ վարքագիծը և դատական նիստին ներկայանալն ապահովելու համար։
Բողոքաբերի պնդմամբ՝ կալանքն արդեն իսկ վերածվել է պատժի, և հնարավոր է, որ Ս.Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակվի ավելի կարճ ժամկետով, քան, Ս.Գրիգորյանի կողմից խափանման միջոց կալանքի շարունակական կրումն է։
Բողոքաբերը փաստել է, որ վերոգրյալ պայմաններում Ս.Գրիգորյանի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի հաղթահարումն իրավաչափ չէ։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը՝ oրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Սարգիս Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա, 2016 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի հարակից տարածքում, Մելսիկ Ալեքսանյանի հետ, չպարզված շարժառիթով, վիճաբանել են Հարություն Աղաջանյանի հետ և առանց նախնական համաձայնության ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խմբով, իրենց մոտ գտնվող դանակներով հարվածներ են հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին՝ ձախից կրծքավանդակի վերին, կրծոսկրի ստորին երրորդի, աջից որովայնի ստորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ստորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ստորին երրորդի ներսային մակերեսի, ծոծրակային ձախ ուսագոտու հետին մակերեսի, կրծքավանդակի հետին մակերեսի ստորին աջ ու ձախ հատվածների, գոտկային շրջանի հետին մակերեսի աջից և ձախից նստային շրջաններին՝ պատճառելով կտրած, ծակած-կտրած թվով 15 վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ և սպանել նրան»1:
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ սույն փուլում պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդությունը քննելիս ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը շարունակում է թեև նվազ, սակայն առկա լինել, որը Դատարանը համադրում է ոչ միայն մեղսագրվող արարքի բնույթի և ծանրության աստիճանի հետ, այնպես էլ այն հանգամանքի հետ, որ ամբաստանյալը ձերբակալվել է դեպքից շուրջ 4 ամիս անց, ընդ որում դեպքից անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակվել, սակայն Դատարանը գտնում է, որ այս հիմքը չի կարող նույնական լինել քննության սկզբնական փուլում և գործի քննության սույն փուլում, քանի որ գնալով այդ հիմքը չեզոքանում է, որի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է նոր փաստական հանգամանքների առկայություն, որը սույն դեպքում առկա չէ։ Ինչ վերաբերում է Սարգիս Գրիգորյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են վկաների մեծամասնությունը, դեռևս չեն հարցաքննվել վկաներ Գոռ Հարությունյանը և Հենրիկ Վարդանյանը։ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ըստ ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների և սահմանահատումների պատմության՝ վկա Հենրիկ Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 02-ին դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, իսկ ինչ վերաբերում է վկա Գոռ Հարությունյանին, ապա Դատարանը վկայի ներկայությունն ապահովելու համար որոշում է կայացրել դատական հանձնարարությամբ Ֆրանսիայի իրավապահ մարմիններին դիմելու համար, Դատարանը նրա հետ կապ հաստատելու համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները և չի բացառվում, որ իրավական օգնության հարցման շրջանակներում Դատարանը վկայի հարցաքննությունն իրականացնի տեսակապի միջոցով, կամ առհասարակ վկան չհայտնաբերվի, չնայած վերջինիս դատական նիստին ներկայանալու համար ուղղված ծանուցագիրը թարգմանությունն ստանալուց հետո նոր պետք է ուղարկվի և հանձնվի Ֆրանսիայի իրավապահ մարմիններին։ Գործի քննության այս փուլում կատարված դատավարական գործողությունների և հարցաքննված վկաների պայմաններում Դատարանը գտնում է, որ թեև նվազ, սակայն դեռևս շարունակվում է առկա լինել Սարգիս Գրիգորյանի կողմից դատավարությանը մասնակցող վկայի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, որը ևս ինչպես նախորդ հիմքը գնալով չեզոքանում է, քանի որ գնալով հնարավոր չի լինում հայտնաբերել և Դատարան ներկայացնել վկային։ Միևնույն ժամանակ Դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ գործի քննության ընթացքում վկայի հետ կապ հաստատելու և հարցաքննելու համար կարող է պահանջվել որոշակի տևական ժամանակահատված, որի բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ վկա Գոռ Հարությունյանի դեռևս Դատարանում չհարցաքննվելը որևէ կերպ կախված չի եղել ամբաստանյալի վարքագծից, ով արդեն շուրջ 7 տարի 5 ամիս գտնվում է կալանքի տակ, հետևաբար նրան շարունակել կալանքի տակ պահելը նույնանում է պատժի հետ, նամանավանդ այն պայմաններում, որ եթե նույնիսկ վերջինիս նկատմամբ նախկինում կայացված դատավճիռը մտած լիներ ուժի մեջ, ապա ամբաստանյալն այժմ լեգիտիմ ակնկալիք կունենար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում նրա պահման պայմանների ռեժիմի փոփոխություն տեղի կունենար և ամբաստանյալը կարող էր օժտվել հավելյալ իրավունքներով, որոնցից փաստացի զրկվել է ոչ իր մեղքով՝ գործի քննության երկարատևության պատճառով, ուստի այդ հանգամանքները կալանավորման հիմքերի վերաբերյալ վերևում կատարված վերլուծությունների համատեքստում թույլ են տալիս Դատարանին եզրակացնել, որ գործի քննության սույն փուլում խափանման միջոցի նվազ հիմքերը կարող են չեզոքացվել այլ խափանման միջոցի կիրառմամբ:
Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցին անդրադառնալիս Դատարանի համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ գործը քննվում է տևական ժամանակ, իսկ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը դեռևս 2017 թվականի մարտի 16-ից գտնվում է անազատության մեջ (...):
(...)
Համեմատական վերլուծություն կատարելով սույն գործի և Մուրադխանյանի վերաբերյալ քննված գործի փաստական հանգամանքների և քննության ընթացքի (երկարատևության) միջև, պարզ է դառնում, որ երկու գործերն էլ փաստական հանգամանքներով (ամբաստանյալներին վերագրվող արարքի ծանրության աստիճան, ամբաստանյալներին սպառնացող պատժի խստություն, նրանց կալանքի երկարատևություն, գործի քննության բարդություն և այլն) և քննության երկարատևությամբ գրեթե նույնանում են: Ընդ որում՝ Մուրադխանյանի վերաբերյալ գործով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով թե՛ գործի բարդությունը, թե՛ վերագրվող արարքի բնույթը, թե՛ սպառնացող պատժի խստությունը և մյուս հանգամանքները, այնուամենայնիվ արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում:
Նման պայմաններում Դատարանն այլևս չի կարողանում որևէ էական ու վճռորոշ փաստարկով սույն գործով հաղթահարել Եվրոպական դատարանի՝ Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռով արտահայտած նախադեպային դիրքորոշումները, հատկապես գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել է ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից վարույթից թաքնվելու և խոչընդոտելու հիմքերը, ուստի Դատարանը գտնում է, որ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել և քննության ընթացքում նրա պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով անհրաժեշտ ու բավարար երաշխիքի կիրառմամբ նրան ազատ արձակել կալանքից:
(...)
Դատարանը, (...) գտնում է, որ պատշաճ երաշխիքի ապահովմամբ՝ մասնավորապես գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի պատշաճ վարքագիծը, ուստի և դրա չափը պետք է համապատասխանի այդ նպատակին: Դատարանը գտնում է, որ, ելնելով մեղսագրվող արարքի ծանրության աստիճանից ու ամբաստանյալի անձից, նրա գույքային դրությունից, որպես նրան կալանքից ազատելու համար գրավի գումար պետք է սահմանել 5․000.000 ՀՀ դրամ, և գումարի այդ չափի վճարումը, դատարանի համոզմամբ կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար (...)»2:
8. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով, չնայած, Առաջին ատյանի դատարանի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կայացվել է դատավճիռ, սակայն Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ նշված դատավճիռը բեկանվել է և ուղարկվել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (մանրամասն տե՛ս Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 9-ի որոշման պատճառաբանությունները և եզրահանգումները)։ Ուստի սույն գործով դեռևս հարցաքննված չեն թվով 2 վկաներ, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում և միջոցներ են ձեռնարկվում նրանց հարցաքննելու ուղղությամբ, ինչն էլ հիմք է տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ դեռևս առկա են և որոշ չափով չեն նվազել մեղադրյալի կողմից իր վրա օրենսգրքով դրված պարտականություններից խուսափելու, մասնավորապես գործի քննությանը ապօրինի խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:
Առաջին ատյանի դատարանը վիճարկվող որոշման պատճառաբանական մասում նշել է, որ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը շարունակում է թեև նվազ, սակայն առկա լինել, իսկ գործի քննությանը խոչընդոտելու մասով նշել է, որ դեռևս չեն հարցաքննվել վկաներ Գոռ Հարությունյանը և Հենրիկ Վարդանյանը, սակայն հակադարձել է իր իսկ կողմից արձանագրած էական և որոշիչ հանգամանքներին և հանգել է ոչ իրավաչափ հետևության՝ կայացնելով վարույթի ելքի վրա ազդող որոշում։
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ փաստարկները՝
- Սարգիս Գրիգորյանին վերագրվում է մարդու դեմ ուղղված ենթադրյալ առանձնապես ծանր հանցագործության կատարում,
- Սարգիս Գրիգորյանին վերագրվող հանցագործության բնույթը, կատարման եղանակը, վտանգավորության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղսագրվող արարքը դասվում է առանձնապես ծանր հանցանքների շարքին, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում):
- դեռևս չեն հարցաքննվել վկաներ Գոռ Հարությունյանը և Հենրիկ Վարդանյանը,
- Սարգիս Գրիգորյանը արդեն իսկ նախաքննության հենց սկզբնական փուլից խոչընդոտել է քննությանը ցանկացել թաքցնել հանցագործության հետքերը, մասնավորապես, դեպքից անմիջապես հետո ոստիկանություն բերվելուց հետո իր կոշիկի վրա առկա տուժողի արյան հետքը ներկայացրել է որպես կենդանու կղանքի հետք և հայտնել, որ առհասարակ ինքն այդ օրը դեպքի վայրում չի եղել:
Հաշվի առնելով մեղադրյալ Սարգիս Գրիգորյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին վկայող վերոգրյալ հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն, մասնավորապես՝ գրավը անբավարար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն պնդումներին, որ (...) Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում նշված հիմնավորումները՝ մասնավորապես այն, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցի քննարկման համար ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը դեռևս չի կրել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված ժամկետներով համապատասխան պատժի չափը, ուստի եթե նույնիսկ Առաջին ատյանի դատավճիռը մտներ օրինական ուժի մեջ, այնուամենայնիվ ամբաստանյալը դեռևս չէր կարող պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար դիմում ներկայացնել դատարան։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խափանման միջոցի գործողության ընթացքում չեն փոխվել կամ վերացել դրա իրավաչափության պայմանները, այսինքն՝ դեռևս առկա է ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի հավանական գործողությունների մասին հետևությունները հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, հետևաբար՝ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը դատաքննության տվյալ փուլում ենթակա է վերացման և փոփոխման (...)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
10. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(...)
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը (…)»:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (…)»։
11. Մինչև դատաքննությունն ազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչև դատարանի առջև կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջև: Մինչև դատապարտումն անձը համարվում է անմեղ, և այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլևս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից և առանձնահատկություններից ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ4:
11.1. Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, և իրավասու մարմինները պետք է ներկայացնեն կալանքը հիմնավորող անհրաժեշտ և բավարար հիմքեր5: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական և վերացական բնույթի6, այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին և անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը7: Կալանքի տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետ8:
11.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից՝ վարույթից թաքնվելու վտանգի առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ այն չի կարող հիմնվել միայն ակնկալվող պատժի խստության վրա9: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թաքնվելու վտանգը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին զուգահեռ նվազում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ արդեն իսկ կալանքի տակ եղած ժամանակահատվածը հաշվակցվելու է վերջնական պատժի ժամկետից10:
11.3. Ինչ վերաբերում է վարույթի պատշաճ ընթացքին մեղադրյալի կողմից խոչընդոտելու վտանգին, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական և պետք է հաստատվի փաստական տվյալներով11: Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլերում12, սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ13: Ընդ որում, երկարատև ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են և ստուգվում14:
11.4. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը15։
12. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում: Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից և հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալանքի պարագայում վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Ընդ որում, առավել բարձր պետք է լինի վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերադաս դատական ատյանի կողմից բեկանելիս կալանքի անհրաժեշտության հիմնավորվածության շեմը:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել է Ս.Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ էականորեն նվազել են նրա կողմից վարույթից թաքնվելու և դրա պատշաճ ընթացքին խոչընդոտելու հիմքերը: Մանավորապես, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Ս.Գրիգորյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը չի կարող նույնական լինել քննության սկզբնական փուլում և գործի քննության սույն փուլում, քանի որ գնալով այդ հիմքը չեզոքանում է, և որ դրա առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է նոր փաստական հանգամանքների առկայություն, որը սույն դեպքում առկա չէ։ Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգի՝ աստիճանաբար նվազելուն՝ դատարանն արձանագրել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են վկաների մեծամասնությունը, իսկ ինչ վերաբերում է դեռևս չհարցաքննված վկաներ Գոռ Հարությունյանին և Հենրիկ Վարդանյանին, ապա Հենրիկ Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 2-ին դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, իսկ Գոռ Հարությունյանի ներկայությունն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ իրավական փոխօգնության շրջանակում, որոնք կարող են պահանջել տևական ժամանակ, որի բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ վկա Գոռ Հարությունյանի չհարցաքննվելը որևէ կերպ կախված չի եղել ամբաստանյալի վարքագծից: Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալն արդեն ավելի քան 7 տարի 5 ամիս գտնվում է կալանքի տակ, հետևաբար նրան շարունակաբար կալանքի տակ պահելը նույնանում է պատժի հետ՝ ընդգծելով այն, որ եթե վերջինիս նկատմամբ նախկինում կայացված դատավճիռը մտած լիներ ուժի մեջ, ապա ամբաստանյալը կունենար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու իրավունք: Արդյունքում վկայակոչելով Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով արտահայտված դիրքորոշումները, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել են ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից վարույթից թաքնվելու և խոչընդոտելու հիմքերը, գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը16,
- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով դեռևս հարցաքննված չեն երկու վկաներ, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում և միջոցներ են ձեռնարկվում նրանց հարցաքննելու ուղղությամբ, եկել է հետևության, որ դեռևս առկա են և որոշ չափով չեն նվազել մեղադրյալի կողմից իր վրա օրենսգրքով դրված պարտականություններից խուսափելու, մասնավորապես գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Ս.Գրիգորյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, ակնկալվող պատժի խստությունը, նաև այն հանգամանքը, որ Ս.Գրիգորյանը նախաքննության հենց սկզբնական փուլից խոչընդոտել է քննությանը, ցանկացել թաքցնել հանցագործության հետքերը (դեպքից անմիջապես հետո ոստիկանություն բերվելուց հետո իր կոշիկի վրա առկա տուժողի արյան հետքը ներկայացրել է որպես կենդանու կղանքի հետք և հայտնել, որ առհասարակ ինքն այդ օրը դեպքի վայրում չի եղել), փաստել է, որ խափանման միջոցի գործողության ընթացքում չեն փոխվել կամ վերացել դրա իրավաչափության պայմանները, այսինքն՝ դեռևս առկա են ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերը17։
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ որպես գործով վարույթն իրականացնող մարմին, Ս.Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս, համակողմանի գնահատման է ենթարկել անձին շարունակաբար կալանքի տակ պահելու հիմքերի, մասնավորապես վարույթից թաքնվելու և դրա բնականոն ընթացքին խոչընդոտելու հիմքերի չեզոքացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ դատավարության փուլը, հետազոտված ապացույցների շրջանակը, անձին կալանքի տակ պահելու տևողությունը, իրավական փոխօգնության կառուցակարգերին դիմելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթի հնարավոր ձգձգումը՝ արդյունքում իրավաչափորեն եզրահանգելով, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն ի զորու է չեզոքացնելու ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը։ Ընդ որում, անդրադառնալով շարունակական կալանքի համատեքստում ամբաստանյալ Ս.Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածին և վարույթի հնարավոր երկարատև ընթացքն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վտանգները, սակայն բարձրացնում են նրան շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում արդեն իսկ ձեռնարկված դատավարական գործողությունների և հետազոտված ապացույցների ծավալի պայմաններում Ս.Գրիգորյանի տևական՝ առավել քան 7 տարի 5 ամիս կալանքի տակ գտնվելու փաստն Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրելու հանգամանքը: Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Առաջին ատյանի դատարանի փաստարկն առ այն, որ վարույթի ընթացքում վկային հայտնաբերելու, նրա հետ կապ հաստատելու և հարցաքննելու համար կարող է պահանջվել որոշակի տևական ժամանակահատված, որի բացասական հետևանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ տվյալ վկայի՝ դեռևս դատարանում չհարցաքննվելը որևէ կերպ կախված չի եղել Ս.Գրիգորյանի վարքագծից։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Ս.Գրիգորյանը դեպքից անմիջապես հետո ոստիկանություն բերվելուց հետո իր կոշիկի վրա առկա տուժողի արյան հետքը ներկայացրել է որպես կենդանու կղանքի հետք և հայտնել, որ առհասարակ ինքն այդ օրը դեպքի վայրում չի եղել, ինչը վկայում է վերջինիս կողմից նախաքննության հենց սկզբնական փուլից քննությանը խոչընդոտելու մասին (ցանկացել է թաքցնել հանցագործության հետքերը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն նույնպես իր բնույթով այնպիսին չէ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դարձնի ոչ իրավաչափ։
14.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 4.1.-րդ կետում վկայակոչված պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաքննության փուլում, հատկապես այն պայմաններում, երբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որը հետագայում բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության, խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։
15. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը, չի մատնանշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել քրեական վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ս.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
16. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սարգիս Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Սարգիս Սամվելի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Ամբաստանյալ Սարգիս Սամվելի Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել կալանքից։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________________
1 Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 1-42:
2 Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 117-127:
3 Տե՛ս հավելված, հատոր 2, թերթեր 30-42:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Buzadji v. the Republic of Moldova գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, 89-90-րդ կետերը:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Merabishvili v. Georgia գործով Մեծ պալատի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 72508/13, 222-րդ կետը, Merabishvili v. Georgia գործով վերը հիշատակված վճռի 102-րդ կետը:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, 142-րդ կետը:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Rubtsov and Balayan v. Russia գործով 2018 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատներ թիվ 33707/14 and 3762/15, 142-րդ կետը, Perstner v. Luxembourg գործով 2023 թվականի ետրվարի 16-ի վճիռտ, գանգատ թիվ 7446/21, 33-րդ կետը:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Tase v. Romania գործով 2008 թվականի հունիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 29761/02, 40-րդ կետը:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, 106-րդ կետը:
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, 10-րդ կետը:
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/03, 59-րդ կետը:
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Jarzyński v. Poland գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 15479/02, 43-րդ կետը:
13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Merabishvili v. Georgia վերը հիշատակված գործով Մեծ պալատի վճռի 224-րդ կետը:
14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Clooth v. Belgium գործով 1991 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12718/87, 44-րդ կետը:
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19, Արքա Մադաթյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումները։
16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: