ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
20 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Լիանա Միհրանի Դաղբաշյանի և Կարեն Հաղթանակի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, հարուցվել է թիվ 10132116 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Լիանա Միհրանի Դաղբաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Կարեն Հաղթանակի Բաղդասարյանը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
2. 2017 թվականի հուլիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Լիանա Դաղբաշյանի և Կարեն Բաղդասարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։
4. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի նոյեմբերի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:
Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հունվարի 27-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
6.1. Այսպես, ըստ բողոքի հեղինակի՝ չափազանց ձևականացված ու գործնականում անիրագործելի է ստորադաս դատարանների այն մոտեցումը, որ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանն առնչվող հարաբերությունները ենթակա են մանրակրկիտ իրավական կարգավորման։ Բողոքաբերի պնդմամբ՝ կյանքի իրավունքի պաշտպանության պետության պոզիտիվ պարտականության ապահովման տեսանկյունից խնդրո առարկա ոլորտում իրավական որոշակիության սկզբունքի այդօրինակ կիրառման անթույլատրելիության մասին է վկայում այն իրավիճակը, երբ բժշկական օգնության ու սպասարկման ընթացքում թույլ է տրվում կոնկրետ իրավական ակտով չնախատեսված այնպիսի խախտում, որի արդյունքում անձը զրկվում է կյանքից։
6.2. Բողոք բերած անձը փաստել է, որ կոնկրետ դեպքում հանձնաժողովային փորձագիտական եզրակացության և փորձագետների ցուցմունքների համադրումը թույլ է տալիս փաստել, որ ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից հիվանդին ընդհանուր պրոֆիլի հիվանդասենյակ տեղափոխելու հստակ կանոն չի կարող լինել, և որ յուրաքանչյուր դեպքում տեղափոխումը կազմակերպվում է՝ անձի օբյեկտիվ վիճակից ելնելով, որն էլ հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը ծննդկանի տեղափոխումը համարել է վաղաժամ։
6.3. Բողոք բերած անձի պնդմամբ՝ ձևական մոտեցում է ցուցաբերվել նաև պատճառահետևանքային կապը գնահատելիս։ Այս առումով բողոքաբերը փաստարկել է, որ տուժողի մոտ առաջացած բարդությունները մեկուսի չեն կարող քննարկվել, դրանք փոխկապակցված են, և որ հանձնաժողովային դատաբժշկական փորձագիտական եզրակացության հետևությունների մանրամասն և փոխկապակցված վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ կրկնաորովայնահատումն իրականացվել է հետաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման պատճառով, որը զարգացել է այն ժամանակահատվածում, երբ տուժող Տ.Գասպարյանը գտնվել է բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած անձանց հսկողության տակ։ Բողոք բերած անձը շեշտել է, որ արյան կորուստը լրացնելու համար կատարվել է արյան բաղադրիչների փոխներարկում, ինչն էլ բերել է բուժմանը չենթարկվող թոքերի այտուցի՝ դառնալով Տ.Գասպարյանի մահվան պատճառ։ Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ ծննդկանի մոտ առաջացած բոլոր բարդությունները միմյանց հետ փոխկապված են, մեկի առաջացմամբ պայմանավորված՝ զարգացել է մյուսը, և որ հանձնաժողովային դատաբժշկական եզրակացությամբ նշվել են տուժողին բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու գործընթացում Լ.Դաղբաշյանի ու Կ.Բաղդասարյանի թույլ տված սխալները, որոնք էլ վարույթն իրականացնող մարմինը գնահատել է որպես մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում։
7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Լիանա Դաղբաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «[Ա]շխատելով «Սլավմեդ» բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015 թվականի դեկտեմբերի 25-ին բժշկական կենտրոնում հաշվառման է վերցրել և վարել Տ.Գասպարյանի հղիությունը: (…) 2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» ԲԿ-ում Տ.Գասպարյանի կեսարյան վիրահատությունից հետո Լ.Դաղբաշյանը՝ որպես բուժող բժիշկ իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ինտենսիվ թերապիայի բլոկ տեղափոխված ծննդկանի հետվիրահատական վիճակի մոնիտորինգը կազմակերպել է ցածր մակարդակի և վիրահատությունից հետո վաղաժամ է կազմակերպել հիվանդի տեղափոխումը մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել առավել վաղ ախտորոշել վերստամոքսային ներքին զարկերակից արյան կորուստը և հեմատոմայի առաջացումը: Այսինքն` մասնագիտական պարտականությունների նկատմամբ Լ.Դաղբաշյանի անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հնարավոր չի եղել առավել վաղ հայտնաբերել բուժվող հիվանդ Տ.Գասպարյանի մոտ առկա ենթաապոնևրոտիկ տարածության արյունահավաքը և ախտորոշել արյան կորուստը, որի վաղաժամ հայտնաբերման դեպքում հնարավոր կլիներ ավելի շուտ իրականացնել վիրահատական միջամտություն` դադարեցնելով արյունահոսությունը, ձեռնպահ մնալով նաև պլազմայի ներարկումից: Այնինչ` կեսարյան հատումից հետո ենթաապոնևրոտիկ տարածությունում առաջացած արյունահավաքի ուշ հայտնաբերման պատճառով Տ.Գասպարյանի կորցրած արյան քանակով պայմանավորված կատարվել է արյան կորստի դեֆիցիտի լրացում` 27.07.2016թ.` ժամը 02:02-ին, կատարված կրկնաորովայնահատման ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկմամբ, որի հետևանքով առաջացած, բուժմանը չենթարկվող թոքերի այտուցից 27.07.2016թ.` ժամը 14:30-ին, Տ.Գասպարյանը մահացել է»2:
8.1. Կարեն Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «[Ա]շխատելով «Սլավմեդ» բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2016 թվականի հուլիսի 26-ին (…) կատարելով «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան հերթապահ բժշկի պարտականությունները` ժամը 16:30-ից կազմակերպել է ծննդկան Տ.Գասպարյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը: Ժամը 20:00-ի սահմաններում բուժվող հիվանդ Տ.Գասպարյանի ինքնազգացողության վատացման գանգատների կապակցությամբ Կ.Բաղդասարյանը մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ՝ ժամանակին չի ձեռնարկել որակյալ ախտորոշիչ կարևորություն ունեցող հետազոտություններ նեղ մասնագետների կողմից` որովայնի օրգանների սոնոգրաֆիա, դինամիկ կլինիկո-լաբորատոր ուսումնասիրություններ` արյան ընդհանուր անալիզ, արյան կոագուլոգրամմա և այլն, ինչպես նաև հեմոդինամիկայի կարդիոմոնիտորինգային հսկողություն, ինչպես նաև լինելով ոչ նեղ մասնագետ, ժամը 21:00-ին շարժական սարքով կատարելով որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն` անհիմն եզրահանգել է, որ կեսարյան վիրահատությունից հետո բարդություններ` մասնավորապես ենթաապոնևրոտիկ արյունահավաք չի հայտնաբերվել և Տ.Գասպարյանի առողջական վիճակը բավարար է, մինչդեռ նեղ մասնագետի կողմից 27.07.2016 թվականին` ժամը 01:30-ին, կատարված որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է ենթաապոնևրոտիկ տարածության արյունահավաք: Այսինքն` մասնագիտական պարտականությունների նկատմամբ Կ.Բաղդասարյանի անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հնարավոր չի եղել առավել վաղ հայտնաբերել բուժվող հիվանդ Տ.Գասպարյանի մոտ առկա ենթաապոնևրոտիկ տարածության արյունահավաքը և ախտորոշել արյան կորուստը, որի վաղաժամ հայտնաբերման դեպքում հնարավոր կլիներ ավելի շուտ իրականացնել վիրահատական միջամտություն` դադարեցնելով արյունահոսությունը, ձեռնպահ մնալով նաև պլազմայի ներարկումից: Մինչդեռ` կեսարյան հատումից հետո ենթաապոնևրոտիկ տարածությունում առաջացած արյունահավաքի ուշ հայտնաբերման պատճառով Տ.Գասպարյանի կորցրած արյան քանակով պայմանավորված կատարվել է արյան կորստի դեֆիցիտի լրացում` 27.07.2016թ.` ժամը 02:02-ին, կատարված կրկնաորովայնահատման ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկմամբ, որի հետևանքով առաջացած, բուժմանը չենթարկվող թոքերի այտուցից 27.07.2016թ.` ժամը 14:30-ին, Տ.Գասպարյանը մահացել է»3:
9. «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կազմված՝ հղիի և ծննդկանի անհատական քարտերում ու ծննդաբերության պատմագրերում կատարված գրառումների համաձայն՝ բժշկական կենտրոնում հաշվառման վերցնելու և հղիության ընթացքում Տ.Գասպարյանի առողջական ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար։ Հղիության ընթացքում վերջինիս մոտ ախտորոշվել է «Հղիների անեմիա 1-ին աստիճան», ստացել է համապատասխան բուժում և դուրս գրվել բավարար վիճակում։ «Պտղի պարանոցին պորտալարի կրկնակի փաթաթում» ախտաբանությամբ պայմանավորված՝ ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատմամբ։ Վիրահատությունն անցկացրել են վիրահատող՝ հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգ Լ.Դաղբաշյանը, օգնական Վ.Ռափյանն ու անեսթեզիոլոգ Ա.Գրիգորյանը։ Ծննդալուծումից հետո մինչև կրկնավորովայնահատումը ծննդկանի հեմոդինամիկ տվյալները կայուն են եղել, վիճակը՝ բնորոշ հետվիրահատական շրջանին, գանգատները եղել են հետվիրահատական ցավերի տեսքով4։
10. Դատաբժշկական փորձաքննության թիվ 0850 եզրակացության համաձայն՝ «(...) Փափուկ հյուսվածքներ արյան մակարդուկներով որովայնի առաջային պատից՝ հատույթներում տարածուն արյունազեղումներ են, արյունահավաքներ և շերտավոր բնույթի արյան մակարդուկներ, թրոմբային զանգվածներ են, միմյանց շերտերով հաջորդող։ Հատույթներից մեկում արյունահավաքների կենտրոնական հատվածում նկատվում է միջին տրամաչափի զարկերակային անոթ, որ[ի] պատի ամբողջականությունը անհարթ կերպով խախտված է, պատռված, թելերի դասավորությունը խախտված է, պատը ներծծված է արյունով և մեռուկացած, տեղ-տեղ խիստ հոմոգենացված և միախառնված արյունային զանգվածների հետ։ Մեռուկացած անոթի պատին շերտ առ շերտ հաջորդում են արյան մակարդուկներ, թրոմբային զանգվածների նստեցումները, արյունահավաքները (…)»5։
10.1. Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 184/հձ եզրակացության համաձայն՝ «(...) Տ.Գասպարյանի մահվան պատճառն է հանդիսացել բուժմանը չենթարկվող թոքերի այտուցը, թոքերի սուր ռեսպիրատոր դիստրես համախտանիշից, վերջինիս զարգացման ամենահավանական պատճառն է հանդիսացել կրկնաորովայնահատման վիրահատության ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկումը(ները), որը կատարվել է ցուցումներով՝ կապված մինչվիրահատական և վիրահատությունների ընթացքում առաջացած արյունահոսություններից մոտ 1850մլ քանակությամբ արյան ընդհանուր կորուստը կոմպենսացնելու և հիվանդի ընդհանուր վիճակի հետ, նշված եզրահանգման մասին է վկայում դիակի դատաբժշկական փորձաքննության, հիվանդության պատմության նկարագրի տվյալները, ինչպես և անեսթեզիոլոգիական քարտի ու բուժանձնակազմի կողմից տրված ցուցմունքները: Այստեղ հարկ է նշել, որ Տ.Գասպարյանի ռելապարատոմիան (կրկնաորովայնահատում) իրականացվել է հիվանդի վիճակի վատացման կապակցությամբ՝ հետվիրահատական բարդության՝ հետապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման պատճառով, որը զարգացել էր կեսարյան հատումից հետո ընկած ժամանակահատվածում: Հեմատոմայի առավել վաղ չհայտնաբերմանը և արյան կորստի չախտորոշմանը նպաստել են հիվանդի վաղաժամ տեղափոխումն ինտենսիվ թերապիայի բլոկից մանկաբարձական ստացիոնարի հիվանդասենյակ, և ծննդկանի հետվիրահատական վիճակի ցածր մոնիտորինգի մակարդակը: Այսպիսով, արյան կորստի դեֆիցիտի լրացման նպատակով արյան բաղադրիչների փոխներարկման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել ոչ միայն հեմատոմայի առաջացումով, այլ նաև կեսարյան հատման և կրկնաորովայնահատման ժամանակ կորցրած արյան քանակով ու հիվանդի ընդհանուր վիճակով: Վերոգրյալի կապակցությամբ հանձնաժողովը հարկ է համարել նշելու, որ հաշվի առնելով բժշկական փաստաթղթերի և քրեական գործի տվյալները, եթե Տ.Գասպարյանի մոտ առաջացած ինքնազգացողության վատացման գանգատների կապակցությամբ ժամանակին ձեռք առնվեին որակյալ ախտորոշիչ կարևորություն ունեցող հետազոտություններ նեղ մասնագետների կողմից (որովայնի օրգանների սոնոգրաֆիա, դինամիկ կլինիկո-լաբորատոր ուսումնասիրություններ, արյան ընդհանուր անալիզ, արյան կոագուլոգրամմա և այլն, ինչպես նաև հեմոդինամիկայի կարդիոմոնիտորինգային հսկողություն), ապա բարդությունը, որը դրսևորվել է ենթաապոնևրոտիկ արյունահավաքի առաջացումով, ամենայն հավանականությամբ հնարավոր կլիներ ավելի շուտ հայտնաբերել և իրականացնել վիրահատական միջամտություն՝ դադարեցնելով արյունահոսությունը, ձեռնպահ մնալով նաև պլազմայի ներարկումից և այդպիսով մահվան ելքի հավանականությունը կհասցվեր նվազագույնի:
(...)
Տ.Գասպարյանի մոտ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման ժամանակը ստույգ որոշել հնարավոր չէ, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ 26.07.2016թ. ժամը 21.00-ին կատարված որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ չի հայտնաբերվել նշված պաթոլոգիան (ինչը կարող էր պայմանավորված լինել նաև սոնոգրաֆիա կատարողի նեղ մասնագետ չլինելու հանգամանքով), կարելի է եզրակացնել, որ հեմատոման զարգացել է նշված ժամանակից հետո մինչ 27.07.2016թ. ժամը 01.00-ի սահմանները, երբ ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է և ախտորոշվել հեմատոման:
(...)
Համաձայն ներկայացված բժշկական փաստաթղթերի և փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքների Տ.Գասպարյանը կենդանության օրոք չի տառապել որևէ այնպիսի հիվանդությամբ, որը պատճառահետևանքային կապի մեջ գտնվեր վերջինիս մահվան պատճառի հետ:
(...)
Կեսարյան հատման ժամանակ հնարավոր է որովայնի առաջային պատի անոթների հատում, որոնք ենթարկվում են հեմոստազի՝ արյունականգի և դադարեցվում է արյունահոսությունը:
Կեսարյան հատման ժամանակ որովայնի առաջային պատի անոթների, այդ թվում վերստամոքսային ներսային զարկերակի ամբողջականության խախտման հետևանքով հնարավոր է, որ առաջանար թրոմբի լուծում, ինչպես նաև կարի թուլացում, հանգեցնելով արյունահոսության, ինչը չի կարող համարվել բժշկական մասնագիտական բնույթի բացթողում, սակայն վերջինիս ժամանակին կանխումը հանդիսացել է անհրաժեշտություն:
(...)
Հեմոգլոբինի քանակի նվազումը սովորաբար, և տվյալ դեպքում Տ.Գասպարյանի մոտ մինչև 88գ/լ, չէր կարող պատճառ հանդիսանալ սուր այտուցի և ՌԴՍ-ի առաջացման համար: Նշվածի կապակցությամբ պետք է նշել, որ հեմոգլոբինի նշված քանակի նվազումն առանց հեմոռագիկ շոկի և ՆՏՄ համախտանիշի զարգացման, չեն հանդիսանում թոքերի սուր այտուցի և ՌԴՍ-ի առաջացման բժշկության մեջ հայտնի պատճառներ (գործոններ)»6:
11. Դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի անդամ՝
- անոթային վիրաբույժ Տ.Սուլթանյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ վիրահատության ընթացքում՝ կտրվածք կատարելիս, բժիշկները, այսպես թե այնպես, հատում են անոթներ։ Տվյալ դեպքում, կեսարյան հատման ընթացքում վնասվել է ստորին՝ միջին տրամաչափի զարկերակը։ Ենթադրում է, որ կեսարյան հատման ընթացքում՝ «վերքը» փակելու ժամանակ, այդ անոթը թրոմբացված է եղել, այսինքն, փակված արյան մակարդուկներով։ Արյունահոսության պատճառը կարող էր լինել թրոմբի պոկումը։ Վնասված անոթն այնքան մեծ չի եղել, որ անմիջապես արտահայտվեր ինչ-որ ձևով, ինտենսիվ արյունահոսություն չի եղել։ Դանդաղ արյունահոսության դեպքում օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները պահում են ճնշումը։ Հետվիրահատական շրջանում՝ մեկից երեք ժամ անց, պարզելու համար թե ինչ աստիճանի է նվազել հեմոգլոբինը, և անհրաժեշտության դեպքում արյան ներարկումներով դրա ցուցիչը բարձրացնելու նպատակով կատարում են համապատասխան հետազոտություն, ինչի համար պարտադիր չէ արյան կորուստ լինի7,
- Գ.Օկոևն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ վիրահատության, այդ թվում՝ կեսարյան հատման ընթացքում՝ «վերքը» լայնացնելու ժամանակ, կարող է անոթ վնասվել, ինչն ուղեկցվող բարդություն է։ Կեսարյան հատման ժամանակ, պտուղը հանելուց հետո, կարվում է արգանդը, մկաններն ու որովայնը և այդ ընթացքում անոթը կարող է թրոմբացված լինել, ինչի պատճառով արյունահոսություն չեն տեսել։ Հազալուց, փռշտալուց կամ շարժվելուց թրոմբը պոկվել ու սկսվել է արյունահոսություն, որն այն ինտենսիվությամբ չի եղել, որ հանգեցներ ճնշման անկման և պուլսի արագացման։ Այդ ախտանիշները զարգանում են այն ժամանակ, երբ օրգանիզմը չի կարողանում փոխհատուցել արյան կորուստը։ Այսինքն՝ հնարավոր է, որ արյան կորուստը չուղեկցվի նշված ախտանիշներով, քանզի օրգանիզմը դիմադրում է. ախտանիշներն ի հայտ են գալիս, երբ դիմադրողականությունն ընկնում է8,
- Գ.Հարությունյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ ցանկացած վիրահատության, հատկապես խոռոչավոր որովայնի դեպքում, առկա է բարդության վտանգ, որից մեկն էլ հենց արյունահոսությունն է։ Ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ծննդկանին ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական հիվանդասենյակ տեղափոխելու որոշումը կայացվում է հիվանդի օբյեկտիվ վիճակից ելնելով՝ առաջնորդվելով հիվանդի շահերից։ Այսինքն՝ այդ տեղափոխումը պետք է թույլ տա հիվանդի վիճակը։ Երբ հիվանդի ինքնազգացողությունը վատանում է, և վերջինս այդ մասին հայտնում է, ինչը նկատում են նաև հարազատները, դա կարելի է համարել առաջին ազդանշանը և այն պահը, երբ բուժանձնակազմը պետք է կատարի կոնկրետ գործողություններ։ Որովայնի առաջային պատի վրա չկա հատուկ մի պարկ, որտեղ պետք է հավաքվի արյունը. այն ձևավորվում է ժամանակի ընթացքում։ Վերջինիս կարծիքով ժամանակակից բժշկության մեջ ախտորոշումը չի կատարվում գործիքային հետազոտությամբ։ Գործիքային հետազոտությունը մեթոդ է, որով ուղղակի հայտնաբերվում է ինչ-որ փոփոխություն, ինչը համադրվում է հիվանդի օբյեկտիվ վիճակի և կլինիկական տվյալների հետ։ Եթե հնարավոր է հիվանդից ճշտել, թե ինչպիսին է նրա ինքնազգացողությունը, ինչն է նրան անհանգստացնում, ապա այդ տեղեկությունը ենթակա է համադրման գործիքային հետազոտության արդյունքների հետ։ Եթե հիվանդի վիճակը չի գնում լավացման, ապա առկա է խնդիր։ Եթե ուլտրաձայնային հետազոտությամբ խնդիր չի արձանագրվել, ապա կարելի է դիտարկել այն դինամիկայում իրականացնելու հնարավորությունը։ Դանդաղ արյունահոսության ժամանակ ախտանիշներն աստիճանաբար են առաջանում, բայց և այնպես ախտանիշների աստիճանաբար առաջացումը հիվանդի մոտ միշտ դրսևորվում է ինքնազգացողության ինչ-որ ձևով վատացմամբ։ Եթե դանդաղ արյունահոսություն է՝ 50-150 գրամ մեկ միլիլիտրում, ապա հնարավոր է այդ պահին գործիքային հետազոտությամբ այն չհայտնաբերվի, իսկ առաջին ազդակները հիվանդն է տալիս՝ իր ինքնազգացողության վատացմամբ։ Այսինքն, վիրահատված հիվանդի դեպքում մաշկի գունատությունը և ինքնազգացողության վատացումն արդեն հնարավոր խնդիրների վերաբերյալ ազդակներ են, ու այդ խնդիրներից առաջինը հնարավոր արյունահոսությունն է։ Ինքնազգացողության վատացումը կայացած արյունահոսության հետևանք է, այլ ոչ թե սկսվող։ Ժամը 21-ից 1-ն ընկած ժամանակահատվածում ոչ մի հետազոտություն չի կատարվել, որոնց կատարումը հնարավորություն կտար հայտնաբերել արյունահոսությունը։ Եթե հիվանդը մնար ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկում և իրականացվեր հսկողություն, հնարավոր է, որ ավելի շուտ արձանագրվեր, ու երկրորդ վիրահատությունն էլ ավելի շուտ իրականացվեր։ Արյան կորուստն է ընդհանուր առմամբ եղել արյան բաղադրիչների փոխներարկման պատճառը9։
12. Ամբաստանյալ Լ.Դաղբաշյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ եթե վիրահատության ընթացքում վնասվեր զարկերակ, ապա այն կնկատեր վիրահատական ողջ կազմը։ Ծննդկանի մոտ արյունահոսող անոթ չի հայտնաբերվել։ Հեմոդինամիկ ցուցանիշները՝ պուլսը, ճնշումը և սատուրացիան եղել են կայուն։ Ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում հեմոդինամիկ տվյալները պարբերաբար ստուգվել են, դրանք եղել են նորմայի սահմաններում։ Հեմոդինամիկ տվյալները, ինքնազգացողությունը, գույնն ու լեզուն ստուգվել են նաև տեղափոխելուց առաջ և հետո, դրանք եղել են նորմայի սահմաններում, կայուն։ Ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում ավելի երկար պահելու որևէ նախադրյալ չի եղել10։
13. Ամբաստանյալ Կ.Բաղդասարյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ հետազոտությունների ուշացում չի եղել։ Բացի հեմոգլոբինի քանակից՝ 88 գրամ մեկ լիտրի համար, որը դեռ ծայրահեղ արյունահոսության հետևանք չէ, մնացած ցուցանիշները, այդ թվում՝ հեմոդինամիկ, եղել են նորմայի սահմաններում։ Հիմնական գանգատները եղել են ցավերի տեսքով՝ հետվիրահատական վերքի երկայնքով, ինչը բնորոշ է կեսարյան հատմանը։ Արտառոց գանգատ չի եղել, զննությամբ պաթոլոգիական ոչինչ չի հայտնաբերել։ Ժամը 21-ին՝ համայցի ժամանակ, ծննդկանը գանգատվել է ցավերից՝ հետվիրահատական վերքի երկայնքով։ Վերջինս կատարել է շոշափելով զննում ու ուլտրաձայնային հետազոտություն, սակայն որևէ բարդություն չի հայտնաբերվել։ Մինչև ժամը 24-ի սահմաններում գանգատները եղել են հետվիրահատական շրջանին բնորոշ, լրացուցիչ անալիզներ հանձնելու անհրաժեշտություն չի եղել։ Ներքին արյունահոսությունը պետք է ուղեկցվի ճնշման կտրուկ անկմամբ, գիտակցության մթագնմամբ։ Նման երևույթներ ծննդկանի մոտ բացակայել են, հեմոդինամիկ տվյալների փոփոխություն չի եղել։ Մի փոքր, ոչ կրիտիկական, ճնշման անկում է եղել այն ժամանակ, երբ ծննդկանը փորձել է կերակրել երեխային, ինչը պայմանավորված է եղել երկարատև պառկելուց հետո դիրքի փոփոխությամբ՝ կտրուկ նստելուց, և պառկելուց հետո կարգավորվել է։ Նման երևույթը բժշկության մեջ կոչվում է կոլապս։ Սուրճ ըմպելն ինքն է խորհուրդ տվել, ինչն արգելված չէ, նույնիսկ հնարավոր է այն ըմպելուց հետո վիճակի բարելավում նկատվի։ Ժամը 24-ից հետո ծննդկանը գանգատվել է ավելի սաստիկ ցավերից, կատարվել է ցավազրկում։ Որովայնի առաջային պատի վերքի շրջանում շոշափելով հայտնաբերել է ասիմետրիա։ Ապոնևրոտիկ տարածության արյունահավաքի կասկածով կրկին կատարել է ուլտրաձայնային հետազոտություն։ Այնուհետև հրավիրել է հերթապահ սոնոգրոֆիստին, ով հաստատել է իր ախտորոշումը։ Ճնշման կայուն լինելը վկայում է, որ արյունահոսությունը սուր չի եղել։ Վերոգրյալից բացի հայտնել է, որ կեսարյան հատման ընթացքում արյունատար անոթները, բնականաբար, վնասվում են, ենթարկվում են թրոմբագոյացության ու արյունահոսությունն ինքն իրեն դադարում է։ Հնարավոր է, որ ինչ-որ շարժում կատարելու կամ հազալու պատճառով թրոմբը պոկվի և սկսվի արյունահոսություն։ Փոքր քանակի արյունահավաքի ժամանակ օրգանիզմի կոմպենսատոր մեխանիզմների շնորհիվ ճնշումը կարող է էական չտատանվել։ Չի զբաղվում կոնկրետ ուլտրաձայնային հետազոտությամբ, իր հիմնական մասնագիտական ուղղվածությունը մանկաբարձ գինեկոլոգիան է, ուստի, պարտավորություն չի ունեցել մասնակցելու ուլտրաձայնային հետազոտություններ կատարելու համար պարտադիր վերապատրաստման դասընթացներին11։
14. Վկա Վ.Ռափյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ մասնակցել է ինչպես կեսարյան հատմանը, այնպես էլ կրկնաորովայնահատմանը։ Կեսարյան հատման ընթացքում արյունահոսություն չի եղել, իրենց կողմից չի արձանագրվել։ Վնասված անոթը կարելի է նաև կարել։ Առաջին վիրահատության ժամանակ կարվել է։ Չի հիշում՝ որ դեպքում ինչ է արվել, բայց անոթները միանշանակ փակվել են։ Վնասված անոթ չի եղել. հնարավոր չէ չնկատել վնասված անոթ, քանի որ վնասված անոթի դեպքում առանց արյունահոսությունը կանգնեցնելու վիրահատությունը չես կարող շարունակել։ Նախաքննության ընթացքում հայտնած տեղեկությունը, թե ակնհայտ արյունահոսող հատված չի նկատել, որևէ անոթ իր հիշելով չի կարվել, վերաբերում է նրան, որ որևէ մեծ անոթ, որը վնասված լիներ և կարվեր, չի եղել։ Այնպիսի անոթ, որը կարող էր բերել այնպիսի արյունահոսությանը, որը առկա էր սույն դեպքում, չի վնասվել և չի կարվել12։
15. Վկա, անեսթեզիոլոգ Ա.Գրիգորյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական հիվանդասենյակ տեղափոխվելիս ծննդկանի վիճակը եղել է բավարար, գանգատներ չի ունեցել։ Ցավերը սկսվել են ողնուղեղային ցավազրկման ազդեցությունը թողնելուց հետո, ստացել է ադեկվատ ցավազրկում, ինչից հետո գանգատներ չեն ներկայացվել։ Պուլսի արագացումն ու ճնշման անկումն այն առաջնային նշաններից են, որոնք վկայում են ներքին արյունահոսության մասին։ Բացի այդ, եթե արյունը հավաքվում է որովայնի խոռոչում, ապա արյունահոսության նշաններից է նաև ցավային սինդրոմը։
16. Վկա, ծննդկանի մայր Հ.Ղազարյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական հիվանդասենյակ տեղափոխվելուց մեկից երկու ժամ անց երեխային կերակրելու փորձի ժամանակ դուստրն ունեցել է ցավեր։ Դուստրը երկու անգամ է փորձել կերակրել երեխային։ Հետագայում նկատել է, որ դստեր դեմքը գունատվել է, չափել են ճնշումը, որը ցածր է եղել։ Ի պատասխան բուժանձնակազմի հարցադրմանը, թե արդյոք ճնշումը միշտ է ցածր, հայտնել է, որ դստեր ճնշումը միշտ բարձր է եղել։ Ճնշումը կարգավորելու համար բուժքույրը կամ բժիշկը խորհուրդ է տվել սուրճ խմել և շոկոլադ ուտել։ Սուրճն ըմպելուց հետո, թեև ճնշումը փոքր-ինչ բարձրացել է, սակայն ինքնազգացողությունն ավելի է վատացել։ Հերթապահ բժիշկը սարքավորմամբ հետազոտություն է կատարել՝ հայտնելով, թե ամեն ինչ լավ է։ Այնուհետև դստեր վիճակը շարունակել է վատթարանալ։ Ցավերի պատճառով մի քանի անգամ ցավազրկում է կատարվել13։
17. Տուժողի իրավահաջորդ Ն.Հարությունյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ առաջին տեսակցության ժամանակ կինը բողոքել է վիրահատված շրջանում ցավերից։ Երկրորդ տեսակցության ժամանակ կինն արդեն գունատ է եղել։ Այդ ժամանակ հերթապահ բժիշկը խորհուրդ է տվել կնոջը սուրճ տալ, քանի որ ճնշումը ցածր է14։
18. Վկա Յ.Խաչատրյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ ժամը 24-ից հետո այցելել է ծննդկանին, ով, ըստ Կ.Բաղդասարյանի խոսքի՝ գանգատվել է ցավերից։ Հիվանդը երեկոյան փորձել է կանգնել, բայց չի հաջողվել, գլխապտույտ է ունեցել։ Միասին կատարել են ուլտրաձայնային հետազոտություն՝ հայտնաբերելով հեմատոմա։ Կրկնաորովայնահատումից առաջ որոշվել է հեմոգլոբինի քանակը, որ եղել է 88 գրամ մեկ լիտրի համար։ Վկայի կարծիքով շրջանառվող արյան ծավալն ադեկվատ փոխլրացվել է, ինչով պայմանավորված ճնշումը եղել է կայուն15։
19. Վկա, տնային հերթապահ սոնոգրաֆիստ Ա.Ղազարյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ Կ.Բաղդասարյանը, ծննդկանի մոտ որոշակի բարդություններ հայտնաբերելով, զանգահարել է իրեն և հրավիրել բժշկական կենտրոն՝ ուլտրաձայնային հետազոտություն կատարելու համար: Հետազոտությունը կատարել է երկու անգամ. առաջինը՝ փոքր սարքավորմամբ, երկրորդը՝ մեծ։ Երկու դեպքում էլ ունեցել է նույն տվյալները։ Մեծ սարքավորումը շատ ավելի մանրակրկիտ, տարբեր մոտեցումներով է զննում։ Ուլտրաձայնային հետազոտությամբ արյունահավաքի հայտնաբերման դժվարություններին վերաբերող դեպքերից է արյան կուտակման վայրը, օրինակ, որովայնի խոռոչում մի քանի միլիլիտրը կարող է չհայտնաբերվել, որովհետև ճարպաշերտը կարող է ծածկել սոնոգրաֆիկ պատկերը։ Այնուամենայնիվ, արյան զգալի քանակությունը հնարավոր չէ չհայտնաբերել։ Տվյալ դեպքում հեղուկ հայտնաբերվել է նաև որովայնի առաջային պատի շերտերում՝ կուտակված արյան տեսքով16։
20. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Քննարկվող դեպքում [Առաջին ատյանի] դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ ինչ մասնագիտական պարտականություններ ուներ ամբաստանյալ Լ.Դաղբաշյանը, մասնավորապես, ինչպես պետք է կազմակերպեր ծննդկան Տ.Գասպարյանի հետվիրահատական վիճակի մոնիտորինգը, երբ պետք է վիրահատությունից հետո ծննդկան Տ.Գասպարյանին ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից տեղափոխեր ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ և հատկապես ինչ նորմատիվ իրավական ակտերով են նախատեսված այդ պարտականությունները:
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների (մասնավորապես փորձագետներ Գ.Օկոևի, ամբաստանյալ Լ.Դաղբաշյանի ցուցմունքները, փորձագետի 184[հձ] եզրակացությունը) համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրահատված ծննդկանների տեղափոխումը ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ պայմանավորված է ծննդկանի՝ վիրահատությունից հետո ունեցած առողջական վիճակով, ցուցանիշներով:
(...) [Առաջին ատյանի] դատարանը հաստատված է համարում, որ ծննդկան Տ.Գասպարյանը վիրահատությունից հետո ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ տեղափոխելիս ունեցել է բավարար առողջական ցուցանիշներ և որևէ ցուցում չի ունեցել առավել ինտենսիվ մոնիտորինգի իրականացման համար:
Սույն քրեական գործի քննության ընթացքում չհիմնավորվեց, որ առկա է պարտադիր ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, որը կպարտադրեր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին, բժիշկներին, ծննդկաններին ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում պահել հստակ նախատեսված ժամանակ, որից հետո միայն իրականացնել վերջիններիս տեղափոխումն ընդհանուր բնույթի հիվանդասենյակ:
(...) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալ Լ.Դաղբաշյանը պարտականություն է ունեցել ծննդկան Տ.Գասպարյանին ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում պահել երեք ժամ քսան րոպեից ավելին այն պայմաններում, երբ ծննդկանի վիճակը գնահատվել է բավարար:
(...)
Անդրադառնալով ամբաստանյալ Կ.Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքին՝ [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է հետևյալը.
(...)
Քննարկվող դեպքում [Առաջին ատյանի] դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ երբ է ծննդկան Տ.Գասպարյանի մոտ առաջացել ենթաապոնևրոտիկ տարածության արյունահավաքը, երբ այն հնարավոր կլիներ ախտորոշել և արդյոք ավելի վաղ ախտորոշելու անհնարինությունը պայմանավորված է եղել սոնոգրաֆիա կատարող ամբաստանյալ Կ.Բաղդասարյանի նեղ մասնագետ չլինելու հանգամանքով:
(...) [Փ]որձագիտական հանձնաժողովը հստակ հետևության չի հանգել Տ.Գասպարյանի մոտ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման ստույգ ժամանակի մասին, այլ միայն մատնանշել է հեմատոմայի զարգացման մոտավոր ժամանակահատվածը՝ 2016 թվականի հուլիսի 26-ի ժամը՝ 21:00-ից մինչև ժամը 01:00-ն, մինչդեռ, ամբաստանյալ Կ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հեմատոման առավել վաղ չհայտնաբերելու համար:
Սույն քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ յուրաքանչյուր դեպքում հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում արնահոսության առկայության մասին վկայող առաջնային ախտանշաններն են պուլսի արագացումը և զարկերակային ճնշման անկումը, մինչդեռ նշված ցուցանիշները ծննդկան Տ.Գասպարյանի մոտ եղել են նորմայի սահմաններում: Նման պայմաններում [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ծննդկան Տ.Գասպարյանի մոտ կլինիկական դրսևորումների բացակայության պայմաններում, ուղղակի ցուցում չի եղել՝ իրավիճակից ելնելով դինամիկ կլինիկո-լաբորատոր ուսումնասիրություններ` արյան ընդհանուր անալիզ, արյան կոագուլոգրամմա, հեմոդինամիկայի կարդիոմոնիտորինգային հսկողություն իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության այն եզրահանգմանը, որ որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ պաթոլոգիայի չհայտնաբերելը կարող էր պայմանավորված լինել նաև սոնոգրաֆիա կատարողի՝ ամբաստանյալ Կ.Բաղդասարյանի նեղ մասնագետ չլինելու հանգամանքով, ապա [Առաջին ատյանի] դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ամբաստանյալը 2002 թվականի սեպտեմբերի 09-ից մինչև դեկտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնության նախարարությանն առընթեր Բժշկական բիոլոգիական և ծայրահեղ խնդիրների Դաշնային դեպարտամենտի Մասնագիտական վերապատրաստման Ինստիտուտում անցել է վերապատրաստում ուլտրաձայնային ախտորոշում անվանումով և պետական քննական հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Կ.Բաղդասարյանին տրված է իրավունք իրականացնելու մասնագիտական գործունեություն:
Ամփոփելով վերոգրյալը, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Տ.Գասպարյանի մոտ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման ստույգ ժամանակի մասին հաստատված հետևության բացակայության պայմաններում, չհիմնավորված է ինչպես ամբաստանյալ Կ.Բաղդասարյանի՝ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հեմատոման առավել վաղ չհայտնաբերելու մասին մեղադրանքը, այնպես էլ մեղադրանքն առ այն, որ 21:00-ին շարժական սարքով կատարված որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով ենթաապոնևրոտիկ արյունահավաք չհայտնաբերելը եղել է վերջինիս անհիմն եզրահանգումը:
[Առաջին ատյանի դ]ատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել նաև տուժող Տ.Գասպարյանի մահվանը հանգեցրած պատճառահետևանքային կապին:
Սույն քրեական գործի քննության արդյունքներով [Առաջին ատյանի] դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ծննդկան Տ.Գասպարյանի մահվան պատճառ չի հանդիսացել որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացումը: Մասնավորապես, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության 184/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ տուժող Տ.Գասպարյանի մահվան պատճառն է հանդիսացել բուժմանը չենթարկվող թոքերի այտուցը, թոքերի սուր ռեսպիրատոր դիստրես համախտանիշից վերջինիս զարգացման ամենահավանական պատճառն է հանդիսացել կրկնաորովայնահատման վիրահատության ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկումը (ները), որը կատարվել է ցուցումներով՝ կապված մինչվիրահատական և վիրահատությունների ընթացքում առաջացած արյունահոսություններից մոտ 1850մլ քանակությամբ արյան ընդհանուր կորուստը կոմպենսացնելու և հիվանդի ընդհանուր վիճակի հետ: Նշվածը հաստատեցին նաև փորձագետներ Գ.Օկոևը, Գ.Հարությունյանը և Տ.Սուլթանյանը եզրակացության պարզաբանման շուրջ հարցաքննության ընթացքում:
(...) [Ք]րեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը հնարավորություն կտա փաստել, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրի՝ Լ.Դաղբաշյանի և Կ.Բաղդասարյանի գործողությունները կամ անգործությունն անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում առաջացած հետևանքի, այն է՝ բուժմանը չենթարկվող թոքերի այտուցի հետ, ավելին, նշված հետևանքի առաջացման պատճառը, ըստ եզրակացության ևս հստակ չէ, այլ ներկայացված է հավանականության շրջանակում, այն է՝ կրկնաորովայնահատման վիրահատության ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկումը:
Վերոգրյալի հիման վրա, [Առաջին ատյանի] դատարանը չի կարող այլ եզրահանգում անել, քան այն, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրի՝ Լ.Դաղբաշյանի և Կ.Բաղդասարյանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով Տ.Գասպարյանին անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունը ենթադրություն է, վարկած, գնահատողական դատողություն, կարծիք, քանի որ այն չի հաստատվում գործում առկա և դատարանում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտված փոխկապակցված թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ»17։
21. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է. «(…) Փորձագետներ Գ.Օկոևի, ամբաստանյալ Լ.Դաղբաշյանի ցուցմունքների, փորձագետի 184 [հձ] եզրակացության համադրված վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ վիրահատված ծննդկանների տեղափոխումն ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ պայմանավորված է ծննդկանի՝ վիրահատությունից հետո ունեցած առողջական վիճակով, ցուցանիշներով: Գ]ործի ըստ էության քննության ընթացքում չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին, որ օրենքով սահմանված պարտադիր կարգով գոյություն ունի հստակ սահմանված ժամ, թե երբ կարելի է կատարել ծննդկանների տեղափոխումն ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:
Տ.Գասպարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին վիրահատությունից 3 ժամ 20 րոպե անց անեսթեզիոլոգ Ա.Գրիգորյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Լ.Դաղբաշյանի համատեղ որոշմամբ տեղափոխվել է հիվանդասենյակ, որի համար տվյալ պահին հակացուցումներ չեն եղել, ծննդկանի վիճակը գնահատվել է բավարար, որպիսի պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքները, որ վիրահատված ծննդկանների ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ տեղափոխելու համար հստակ ժամ որևէ նորմատիվ-իրավական ակտով սահմանված չէ, [հետևաբար] իրավաչափ չեն Լ.Դաղբաշյանի կողմից Տ.[Գասպարյանին] վաղաժամ հիվանդասենյակ իջեցնելու մասին պնդումները, իսկ սույն պարագայում բժիշկներն առաջնորդվել են ըստ ընդունված կարգի՝ այսինքն ըստ ծննդկանի ընդհանուր հետվիրահատական վիճակի, ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտային Վերաքննիչ դատարանին գալու եզրահանգման առ այն, որ Լ.Դաղբաշյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:
(…) [Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 184/հձ] եզրակացությունից ակնհայտ է, որ Տ.Գասպարյանի մոտ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման ժամանակը ստույգ որոշել հնարավոր չէ, փորձագիտական եզրակացությամբ սահմանված ժամանակահատվածը՝ 26.07.2016թ. ժամը 21:00-ից մինչև 27.07.2016թ. ժամը 01:00-ի սահմանները, հիմնվում է կատարված ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքների վրա, համաձայն որոնց ժամը 21:00-ին Կ.Բաղդասարյանի կողմից այդ հեմատոման չի հայտնաբերվել, իսկ ժամը 01:00-ի սահմաններում կատարված հետազոտության ժամանակ հայտնաբերվել է: Ինչ վերաբերում է Կ.Բաղդասարյանի սոնոգրաֆիա կատարողի նեղ մասնագետ չլինելու հանգամանքին, ապա եզրակացության համաձայն՝ նշված փաստը որպես հեմատոմայի վաղ հայտնաբերման արգելք, նշվել է որպես հնարավոր, ոչ միանշանակ, այսինքն հաստատապես պնդել, որ հեմատոման առկա է եղել ժամը 21:00-ին Կ.Բաղդասարյանի կողմից կատարված հետազոտության ժամանակ՝ հնարավոր չէ: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում շեշտել այն փաստը, որ ըստ էության փորձաքննությունը հենվել է հենց Կ.Բաղդասարյանի կատարած սոնոգրաֆիայի արդյունքի վրա և հեմատոմայի հնարավոր առաջացման սկիզբը նշել ժամը 21:00-ից:
Ինչ վերաբերում է Կ.Բաղդասարյանի նեղ մասնագետ չլինելու հանգամանքին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի՝ 2002 թվականի սեպտեմբերի 09-ից մինչև դեկտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնության նախարարությանն առընթեր Բժշկական բիոլոգիական և ծայրահեղ խնդիրների Դաշնային դեպարտամենտի Մասնագիտական վերապատրաստման Ինստիտուտում ուլտրաձայնային ախտորոշում անվանումով վերապատրաստում անցնելու և պետական քննական հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Կ.Բաղդասարյանին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք տրված լինելը բավարար է գալու եզրահանգման առ այն, որ Կ.Բաղդասարյանն իրավասու է եղել իրականացնելու մասնագիտական գործունեություն՝ ուլտրաձայնային հետազոտություններ:
(…) [Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 184/հձ եզրակացությունից] պարզ է դառնում, որ մահվան հիմնական պատճառը Տ.Գասպարյանի մոտ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոման չէ, այլ կրկնաորովայնահատման վիրահատության ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկման(ների) արդյունքում Տ.Գասպարյանի մոտ առաջացած բուժմանը չենթարկվող թոքերի այտուցը: Համաձայն փորձագետներ Գ.Օկոևի, Գ.Հարությունյանի և Տ.Սուլթանյանի եզրակացության պարզաբանման շուրջ հարցաքննության ընթացքում տրված բացատրությունների՝ կրկնաորովայնահատման վիրահատության ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկումը (ները) կատարվել է ցուցումներով՝ կապված մինչվիրահատական և վիրահատությունների ընթացքում առաջացած արյունահոսություններից մոտ 1850մլ քանակությամբ արյան ընդհանուր կորուստը կոմպենսացնելու և հիվանդի ընդհանուր վիճակի հետ:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության 184/հձ եզրակացության համաձայն՝ կրկնաորովայնահատման վիրահատության ընթացքում թարմ սառեցված պլազմայի փոխներարկումն ինքնին հանդիսանում է Տ.Գասպարյանի մոտ առաջացած բուժմանը չենթարկվող թոքերի այտուցի ամենահավանական պատճառ, ըստ էության միանշանակ պնդել, որ թոքերի այտուցն առաջացել է պլազմայի փոխներարկման արդյունքում, ևս հնարավոր չէ:
(…) Սույն գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գալու այն հիմնավոր եզրահանգման, որ Լ.Դաղբաշյանի և Կ.Բաղդասարյանի գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են մահվան պատճառ հանդիսացած թոքերի այտուցի առաջացման, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ինչպես վերևում արդեն նշվեց, թոքերի այտուցի առաջացման հստակ պատճառը ևս չի պարզվել, որպիսի պայմաններում հավանական դատողությոնները և ենթադրությունները չեն կարող հիմք հանդիսանալ անձի մեղավորությունը հաստատված համարելու համար»18։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Լ.Դաղբաշյանի և Կ.Բաղդասարյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
23. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 25-րդ հոդվածը սահմանում է. «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
23.1. Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի ու մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով19:
24. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածը, որը Կոնվենցիայի հիմնարար դրույթներից մեկն է և որն ամրագրում է ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքներից մեկը, ոչ միայն անդամ պետություններին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կյանքից «դիտավորյալ» զրկելուց, այլ նաև ձեռնարկել պատշաճ քայլեր իր իրավասության ներքո գտնվող անձնանց կյանքը երաշխավորելու համար20:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այս դրույթները վերաբերում են նաև հանրային առողջության ոլորտին: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի լույքի ներքո պետությունը պոզիտիվ պարտականություն ունեն պարտավորեցնել հիվանդանոցներին՝ թե հանրային և թե մասնավոր, պատշաճ միջոցներ ձեռնարկել իրենց հիվանդների կյանքը պաշտպանելու համար: Պետության պոզիտիվ պարտականությունը պահանջում է նաև արդյունավետ դատական համակարգի առկայություն, որը թույլ կտա բացահայտել թե հանրային և թե մասնավոր ոլորտում բժշկական մասնագիտական խնամքի ներքո գտնվող անձի մահվան պատճառը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության21:
25. Սույն գործով Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ.
ա) ամբաստանյալ Լ.Դաղբաշյանի մեղավորությունն ապացուցված չէ, քանի որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից հետևում է, որ ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից ընդհանուր պրոֆիլի մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ տեղափոխելը պայմանավորված է եղել վիրահատությունից հետո ծննդկանի առողջական վիճակով։ Տեղափոխման ժամանակ ծննդկան Տ.Գասպարյանն ունեցել է բավարար առողջական ցուցանիշներ ու որևէ ցուցում չի ունեցել առավել ինտենսիվ մոնիտորինգ իրականացնելու համար, և միաժամանակ առկա չէ որևէ նորմատիվ իրավական ակտ, որով սահմանված կլինի ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում ծննդկանին պահելու հստակ ժամանակ, որից հետո միայն կարող է իրականացվել տեղափոխումը։ Այսինքն՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Լ.Դաղբաշյանը պարտականություն է ունեցել ծննդկան Տ.Գասպարյանին ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում պահել երեք ժամ քսան րոպեից ավել, այն պայմաններում, երբ ծննդկանի վիճակը գնահատվել է բավարար,
բ) ամբաստանյալ Կ.Բաղդասարյանի մեղավորությունն ապացուցված չէ, քանի որ փորձագիտական եզրակացությամբ տուժող Տ.Գասպարյանի մոտ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման ստույգ ժամանակը որոշված չէ, ուստի հիմնավորված չէ մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հեմատոման առավել վաղ չհայտնաբերելու մեղադրանքը։ Բացի այդ, ըստ գործի փաստական հանգամանքների՝ հետվիրահատական շրջանում արյունահոսության առկայության մասին վկայող առաջնային ախտանշաններն են պուլսի արագացումը և զարկերակային ճնշման անկումը, մինչդեռ նշված ցուցանիշները տուժողի մոտ եղել են նորմայի սահմաններում։ Այսինքն՝ կլինիկական դրսևորումների բացակայության պայմաններում ուղղակի ցուցում չի եղել, իրավիճակից ելնելով, մեղադրանքում նշված ուսումնասիրություններն իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է հանձնաժողովային փորձաքննության այն եզրահանգմանը, որ ուլտրաձայնային առաջին հետազոտությամբ հեմատոմա չհայտնաբերելը կարող է պայմանավորված լինել Կ.Բաղդասարյանի նեղ մասնագետ չլինելու հանգամանքով, հարկ է նշել, որ Կ.Բաղդասարյանը 2002 թվականին, «ուլտրաձայնային ախտորոշում» թեմայով վերապատրաստում է անցել՝ ստանալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք,
գ) ծննդկանի մահվան պատճառը ոչ թե որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացումն է, այլ բուժման չենթարկվող թոքերի այտուցը։ Առկա չէ որևէ ապացույց, որը հնարավորություն կտար փաստելու, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունը կամ անգործությունն անմիջական պատճառական կապի մեջ է գտնվում բուժման չենթարկվող թոքերի այտուցի հետ։ Բացի այդ, բուժման չենթարկվող թոքերի այտուցի առաջացման պատճառը հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ ներկայացված է հավանականության մակարդակում22,
- Վերաքննիչ դատարանն ըստ էության նույն պատճառաբանությամբ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը23։
26. Հաշվի առնելով վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող՝ սույն որոշման 9-19-րդ կետերում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, եզրահանգելով, որ հետվիրահատական շրջանում Լ.Դաղբաշյանը որևէ ցուցում չի ունեցել ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում ծննդկան Տ.Գասպարյանին ավելի երկար պահելու և առավել ինտենսիվ հսկողություն իրականացնելու, իսկ Կ.Բաղդասարյանը՝ մեղադրանքում ձևակերպված բժշկական բնույթի գործողությունները ձեռնարկելու համար, որոնց արդյունքում հնարավոր կլիներ առավել վաղ ախտորոշել արյան կորուստն ու հեմատոմայի առաջացումը, պատշաճ չեն գնահատել ամբաստանյալների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների հնարավոր ոչ պատշաճ կատարման մասին վկայող՝ սույն գործով ձեռքբերված ապացույցները: Այսպես, գործում առկա՝ վերը հիշատակված ապացույցների և, մասնավորապես, վկաների, փորձագետների ցուցմունքների և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրված վերլուծությունը թույլ է տալիս փաստելու, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել հետևյալ հանգամանքները՝
- Տ.Գասպարյանը կենդանության օրոք չի տառապել այնպիսի հիվանդությամբ, որը պատճառահետևանքային կապի մեջ կգտնվեր վերջինիս մահվան պատճառի հետ24,
- 2016 թվականի հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին՝ կեսարյան վիրահատությունից 3 ժամ 20 րոպե անց, ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո, ծննդկանի վիճակը շարունակաբար վատացել է, ինչն ուղեկցվել է որովայնի շրջանում ցավերով, ճնշման անկմամբ, գունատությամբ25: Թեև տուժողի հեմոդինամիկ տվյալները եղել են կայուն, այնուամենայնիվ արձանագրվել է ինքնազգացողության վատթարացում, ինչը, ըստ փորձագետ Գ.Հարությունյանի ցուցմունքի՝ առաջնային ազդակներից է, որը, որովայնի խոռոչի տարածությունում վիրահատություն կրած հիվանդի դեպքում, պահանջում է առողջական վիճակը գնահատելու համար բժշկական բնույթի գործողությունների կատարում, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտությամբ որովայնի խոռոչի՝ դինամիկայում ուսումնասիրություն26: Մինչդեռ ծննդկանի ճնշումը կարգավորելու նպատակով Կ.Բաղդասարյանը Տ.Գասպարյանին խորհուրդ է տվել սուրճ խմել, ինչի մասին հենց ինքը՝ Կ.Բաղդասարյանն է հայտնել իր ցուցմունքում27,
- դատաբժշկական փորձագիտական թիվ 0850 եզրակացությամբ արձանագրվել է, որ կեսարյան հատման վիրահատության ընթացքում, որն իրականացրել է Լ.Դաղբաշյանը, տուժողի որովայնի առաջային պատի միջին տրամաչափի զարկերակային անոթի ամբողջականությունը խախտվել է28, ինչը, ըստ hանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 184/հձ եզրակացությունը տված փորձագետների ցուցմունքների, կեսարյան հատմանն ուղեկցող բարդություն է, իսկ ինչ վերաբերում է արյունահոսությունը չտեսնելուն, ապա դա կարող է լինել անոթի թրոմբացվեու պատճառով, իսկ թրոմբը հետվիրահատական շրջանում հազալուց, փռշտալուց կամ շարժվելուց կարող է պոկվել ու դառնալ արյունահոսության պատճառ, որը կոնկրետ դեպքում այն ինտենսիվությամբ չի եղել, որ հանգեցներ ճնշման անկման և պուլսի արագացման, քանի որ դանդաղ արյունահոսության դեպքում օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները պահում են ճնշումը։ Այս առնչությամբ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի անդամ՝ անոթային վիրաբույժ Տ.Սուլթանյանի ցուցմունքն առ այն, որ հետվիրահատական շրջանում՝ մեկից երեք ժամ անց, պարզելու համար, թե ինչ աստիճանի է նվազել հեմոգլոբինը, և անհրաժեշտության դեպքում արյան ներարկումներով դրա ցուցիչը բարձրացնելու նպատակով կատարում են համապատասխան հետազոտություն, ինչի համար պարտադիր չէ արյան կորուստ լինի29,
- Տ.Գասպարյանի ինքնազգացողության վատացումից հետո՝ 2016 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 21:00-ին, Կ.Բաղդասարյանի կողմից կատարվել է որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում արյունահավաք չի հայտնաբերվել30, սակայն վերջինս նեղ մասնագետ չի հանդիսանում։ Ինչ վերաբերում է վերջինիս մասնագիտական գիտելիքների առնչությամբ ստորադաս դատարանների կողմից արձանագրված այն փաստին, որ Կ.Բաղդասարյանը 2002 թվականին «ուլտրաձայնային ախտորոշում» թեմայով վերապատրաստում է անցել՝ ստանալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք, ապա հենց ինքը՝ Կ.Բադասարյանն իր ցուցմունքում հայտնել է, որ չի զբաղվում կոնկրետ ուլտրաձայնային հետազոտությամբ, իր հիմնական մասնագիտական ուղղվածությունը՝ մանկաբարձ գինեկոլոգիան է, ուստի, պարտավորություն չի ունեցել մասնակցելու ուլտրաձայնային հետազոտություններ կատարելու համար պարտադիր վերապատրաստման դասընթացներին31։ Այսինքն՝ ստորադաս դատարանները բավարարվել են սոսկ 2002 թվականին համապատասխան վերապատրաստում անցած լինելու փաստի արձանագրմամբ, մինչդեռ այդ կապակցությամբ հիմնավոր եզրահանգման գալու համար անհրաժեշտ էր պարզել, թե 2002 թվականին որակավորում ստանալու, նման հիմնական գործառույթ չունենալու և վերապատրաստում անցած չլինելու պարագայում Կ.Բաղդասարյանը շուրջ տասնչորս տարի անց ունեցել է արդյո՞ք բավարար հմտություններ ուլտրաձայնային հետազոտություն կատարելու և հիմնավոր եզրահանգումներ անելու համար՝ հատկապես հաշվի առնելով շարունակական մասնագիտական զարգացման օրենսդրական պահանջը։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, որ ըստ հանձնաժողովային դատաբժշկական փորձագիտական եզրակացության՝ Կ.Բաղդասարյանի նեղ մասնագետ չհանդիսանալն ուլտրաձայնային առաջին հետազոտությամբ հեմատոման չհայտնաբերելու հավանական, և ոչ թե միանշանակ պատճառն է, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանը Կ.Բաղդասարյանին ներկայացված մեղադրանքը չի դիտարկել վերջինիս մեղսագրված փաստական հանգամանքների ամբողջության մեջ՝ անտեսելով այն, որ որպես Կ.Բաղդասարյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման դրսևորում մատնանշված է ոչ միայն ժամանակին ուլտրաձայնային հետազոտությունը նեղ մասնագետի կողմից չկազմակերպելը և նեղ մասնագետ չլինելով այն կատարելը, այլ նաև դինամիկ կլինիկո-լաբարատոր ուսումնասիրություններ ժամանակին չձեռնարկելը32։ Այս առնչությամբ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել նաև փորձագետ Գ.Հարությունյանի ցուցմունքն այն մասին, որ գործիքային հետազոտությունը մեթոդ է, որով ուղղակի հայտնաբերվում է ինչ-որ փոփոխություն, ինչը համադրվում է հիվանդի օբյեկտիվ վիճակի և կլինիկական տվյալների հետ, և որ եթե հնարավոր է հիվանդից ճշտել նրա ինքնազգացողությունը, ապա ստացված տեղեկությունը ենթակա է համադրման գործիքային հետազոտության արդյունքների հետ։ Փորձագետն իր ցուցմունքում նշել է, որ դանդաղ արյունահոսության ժամանակ ախտանիշներն աստիճանաբար են առաջանում, հնարավոր է սկզբնական պահին գործիքային հետազոտությամբ դրանք չհայտնաբերվեն, սակայն առաջին ազդակները հիվանդն է տալիս՝ իր ինքնազգացողության վատացմամբ։ Այսինքն, վիրահատված հիվանդի դեպքում մաշկի գունատությունը և ինքնազգացողության վատացումն արդեն հնարավոր խնդիրների վերաբերյալ ազդակներ են, ու այդ խնդիրներից առաջինը հնարավոր արյունահոսությունն է։ Փորձագետն ընդգծել է, որ ժամը 21։00-ից մինչը 01։00-ն ընկած ժամանակահատվածում ոչ մի հետազոտություն չի կատարվել, որոնց կատարումը հնարավորություն կտար հայտնաբերել արյունահոսությունը, և որ եթե հիվանդը մնար ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկում և իրականացվեր հսկողություն, հնարավոր է, որ արյունահոսությունն ավելի շուտ արձանագրվեր, ու երկրորդ վիրահատությունն էլ ավելի շուտ իրականացվեր33։
- Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 184/հձ եզրակացությամբ ևս հստակ արձանագրվել է, որ եթե Տ.Գասպարյանի մոտ առաջացած ինքնազգացողության վատացման գանգատների կապակցությամբ ժամանակին ձեռք առնվեին որակյալ ախտորոշիչ կարևորություն ունեցող հետազոտություններ նեղ մասնագետների կողմից (որովայնի օրգանների սոնոգրաֆիա, դինամիկ կլինիկո-լաբորատոր ուսումնասիրություններ, արյան ընդհանուր անալիզ, արյան կոագուլոգրամմա և այլն, ինչպես նաև հեմոդինամիկայի կարդիոմոնիտորինգային հսկողություն), ապա բարդությունը, որը դրսևորվել է ենթաապոնևրոտիկ արյունահավաքի առաջացումով, ամենայն հավանականությամբ հնարավոր կլիներ ավելի շուտ հայտնաբերել և իրականացնել վիրահատական միջամտություն՝ դադարեցնելով արյունահոսությունը, ձեռնպահ մնալով նաև պլազմայի ներարկումից և այդպիսով մահվան ելքի հավանականությունը կհասցվեր նվազագույնի34:
27. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Լ.Դաղբաշյանը և Կ.Բաղդասարյանը, ունենալով բժշկական կրթություն և մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում, որպես առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք, հիմք ընդունելով ծննդկանի գանգատները, իրենց մասնագիտական գիտելիքների ուժով պարտավոր էին և կարող էին նախատեսել ծննդալուծումը կեսարյան հատման եղանակով իրականացնելու դեպքում անոթների վնասման, և որպես արդյունք՝ արնահոսության հնարավոր ռիսկը:
Հիմք ընդունելով դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը և փորձագետների ցուցմունքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել կեսարյան հատման պարագայում ծննդկանի առողջական վիճակի շարունակական վատթարացման պայմաններում Լ.Դադբաշյանի կողմից հիվանդի առողջական վիճակի նկատմամբ պատշաճ հսկողություն կազմակերպելու, իսկ Կ.Բաղդասարյանի կողմից անհրաժեշտ բժշկական հետազոտություններ ժամանակին ձեռնարկելու պարագայում ներքին արյունահոսության վաղ հայտնաբերման և կանխման հնարավորության մասին վկայող հանգամանքները:
28. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների դիրքորոշմանն առ այն, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակում ծննդկանին պահելու հստակ ժամանակահատված, ապա` հարկ է արձանագրել, որ սույն գործով ամբաստանյալներն իրենց մեղսագրվող արարքները կատարելու պահին գործող խմբագրությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի ուժով առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս պարտավոր են եղել առաջնորդվել պացիենտի շահերով՝ ելնելով նրա օբյեկտիվ վիճակից35։
Բացի այդ, առողջապահության բնագավառում գործունեությունը, ընդհանուր առմամբ, բուժաշխատողի՝ իր կրթությանը, որակավորմանը և աշխատանքային պարտականություններին համապատասխան աշխատանք է36։ Ընդ որում, օրենսդրական նման պահանջները պահպանվել են նշված օրենքի գործող խմբագրությամբ։ Այսինքն՝ բուժաշխատողի գործողությունների բնույթը և ծավալն յուրաքանչյուր դեպքում որոշվում է հիվանդի վիճակով՝ հաշվի առնելով նաև բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը։ Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ և փորձագետների ցուցմունքներով փաստվել է, որ ինտենսիվ թերապիայի վիրահատական բլոկի հիվանդասենյակից հիվանդին ընդհանուր պրոֆիլի հիվանդասենյակ տեղափոխելը կազմակերպվում է անձի օբյեկտիվ վիճակով պայմանավորված, որի հաշվառմամբ էլ տեղափոխումը համարվել է վաղաժամ37։
29. Անդրադարձ կատարելով ստորադաս դատարանների այն մոտեցմանը, որ որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման ստույգ ժամանակը պարզված չէ՝ Վճռաբեկ դատարանը նախ՝ հարկ է համարում նշել, որ ծննդկան Տ.Գասպարյանի հետվիրահատական բարդությունները սկսվել են այն ժամանակահատվածում, երբ ծննդկանը գտնվել է բժշկական հսկողության տակ։ Բացի այդ, հեմատոմայի առաջացման ստույգ ժամանակը որոշելու անհնարինության արձանագրման հետ մեկտեղ, փորձագիտական հանձնաժողովը հետևություն է արել, որ հեմատոմայի զարգացման պահը կարելի է համարել ուլտրաձայնային առաջին հետազոտությունը կատարելուն հաջորդող ժամանակահատվածը։ Մինչդեռ, ստորադաս դատարանները քննության առարկա չեն դարձրել առաջին և կրկնակի ուլտրաձայնային հետազոտությունների միջև ընկած ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի՝ շուրջ չորսուկես ժամ, տուժողի հետվիրահատական վիճակի որակյալ ախտորոշման համար Կ.Բաղդասարյանի ձեռնարկած գործողությունների բնույթն ու դրանց պիտանելիությունը՝ հաշվի առնելով անհրաժեշտ այն հետազոտությունները, որոնք ձևակերպված են մեղադրանքում։
30. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ ծննդկանի մահվան, ընդ որում, հավանական պատճառը, ըստ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության, ոչ թե որովայնի առաջային պատի ենթաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացումն է, այլ բուժման չենթարկվող թոքերի այտուցը, որի հետ ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունը կամ անգործությունն անմիջական պատճառական կապի մեջ չի գտնվում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքը, որ նույն եզրակացությամբ ուղղակիորեն նշված է, որ Տ.Գասպարյանի ռելապարատոմիան (կրկնաորովայնահատում) իրականացվել է հիվանդի վիճակի վատացման կապակցությամբ՝ հետվիրահատական բարդության՝ հետաապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման պատճառով, որը զարգացել է կեսարյան հատումից հետո ընկած ժամանակահատվածում, և որ հեմատոմայի առավել վաղ չհայտնաբերմանը և արյան կորստի չախտորոշմանը նպաստել են հիվանդի վաղաժամ տեղափոխումն ինտենսիվ թերապիայի բլոկից մանկաբարձական ստացիոնարի հիվանդասենյակ, և ծննդկանի հետվիրահատական վիճակի ցածր մոնիտորինգի մակարդակը:
Ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ կրկնաորովայնահատման պատճառը հանդիսացել է կեսարյան հատումից հետո առաջացած ներքին արյունահոսությունն ու արյան կորուստը։ Արյան կորուստն է պայմանավորել արյան դեֆիցիտի լրացման նպատակով փոխներարկման անհրաժեշտությունը, ինչը բերել է արյան փոխներարկման հայտնի բարդություններից մեկին՝ թոքերի այտուցի38։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ ծննդկանի մոտ առաջացած բոլոր բարդությունները միմյանց հետ փոխկապված են, և որ մեկի առաջացմամբ պայմանավորված՝ զարգացել է մյուս բարդությունը39։ Մինչդեռ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել ամբաստանյալներին մեղսագրվող արարքի և տուժողի մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող վերոնշյալ հանգամանքները:
31. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ.Բաղդասարյանի և Լ.Դաղբաշյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:
32. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, առաջադրված մեղադրանքում ամբաստանյալների մեղավորության հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Լիանա Միհրանի Դաղբաշյանի և Կարեն Հաղթանակի Բաղդասարյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 169-198։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 169-198։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 35-87։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 165-182։
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 222-234։
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 2-7։
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 2-7։
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 2-7։
10 Տե՛ս նույն տեղում։
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 2-7։
12 Տե՛ս նույն տեղում։
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 2-7։
14 Տե՛ս նույն տեղում։
15 Տե՛ս նույն տեղում։
16 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 2-7։
17 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 8-100։
18 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 1-86։
19 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 ու Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
20 Տե՛ս, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` L.C.B. v. the United Kingdom գործով 1998 թվականի հունիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 23413/94, 36-րդ կետը, Calvelli and Ciglio v. Italy գործով 2002 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32967/96, 48-րդ կետը:
21 Տե՛ս, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Calvelli and Ciglio v. Italy գործով վերը հիշատակված վճռի 49-րդ կետը։
22 Տե՛ս սույն որոշման 20-րդ կետը։
23 Տե՛ս սույն որոշման 21-րդ կետը։
24 Տե՛ ս սույն որոշման 9-րդ և 10.1-րդ կետերը։
25 Տե՛ ս սույն որոշման 13-րդ, 16-18-րդ կետերը։
26 Տե՛ ս սույն որոշման 11-րդ կետը:
27 Տե՛ ս սույն որոշման 13-րդ կետը:
28 Տե՛ ս սույն որոշման 10-րդ կետը:
29 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
30 Տե՛ ս սույն որոշման 13-րդ կետը:
31 Տե՛ս նույն տեղում։
32 Տե՛ ս սույն որոշման 8.1-րդ կետը:
33 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
34 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։
35 Տե՛ս Լ.Դաղբաշյանին և Կ.Բաղդասարյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.3-րդ հոդվածը։
36 Տե՛ս նույն օրենքի 1-ին հոդվածը։
37 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ և 11-րդ կետերը։
38 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։
39 Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան | |
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: