ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,նախագահող դատավոր` Դ. Հարությունյան |
ԵԴ/0059/01/22 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | |
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
30 մայիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Բագրատ Սարգսի Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 38-267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58200420 քրեական գործը։
1․1․ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ, թիվ 58200420 քրեական գործի նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 58223320 համարը։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Բագրատ Սարգսի Բադալյանը թիվ 58223320 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով։
2022 թվականի հունվարի 5-ին թիվ 58223320 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 21-ի դատավճռով Բագրատ Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Բ.Բադալյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի անձի ու նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ուղղակի դիտավորությամբ ծանր հանցանք կատարելը, որի համար օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը։ Նշվածի հետ համակցված բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը, եկամուտ ստանալու համար, ցանկացել է տևական ժամանակ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և միայն օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում է հնարավոր եղել այն խափանել։
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ ինքնին կամ համակցությամբ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Բ․Բադալյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։ Ավելին, մեղմացնող նշանակություն է տրվել այնպիսի հանգամանքների, որոնք նման նշանակությամբ օժտված չեն։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ Բ.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Բագրատ Բադալյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) [Թ]մրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող անձանց օժանդակելու նպատակով, «Telegram» համացանցային հավելվածի միջոցով 2020 թվականի օգոստոսի վերջին կապ է հաստատել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող, նույն հավելվածում «Davit Van Hoktemberyan» նույնականացման տվյալներով գրանցված օգտատիրոջ հետ և առաջարկել որոշակի վարձատրության դիմաց օժանդակել նրան թմրամիջոցներ իրացնելու հարցում՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցներ տեղադրելու եղանակով։ Նույն օրը՝ երեկոյան, նշված օգտատիրոջ ցուցումով, «Telegram» համացանցային հավելվածի միջոցով Բ․Բադալյանի հետ է կապվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող, նույն հավելվածում «Shaman» տվյալներով գրանցված օգտատերը, ով Բ․Բադալյանին առաջարկել է թմրամիջոցներ իրացնելու գործընթացում օժանդակել իրեն՝ իր կողմից փոխանցվելիք «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի յուրաքանչյուր փաթեթի տեղադրման համար խոստանալով վճարել 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Բ․Բադալյանը, ընդունելով հիշյալ օգտատիրոջ առաջարկը, վերջինի ցուցումով 2020 թվականի օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Դեղատան փողոցին հարակից փողոցներից մեկում գտնվող քարի տակից վերցրել է գործով չպարզված հանգամանքներում տեղադրված, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով 10 փաթեթները և «Shaman» տվյալներով օգտատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջինի կողմից թմրամիջոց իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ ընդհանուր 2,12 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով 5 փաթեթները հաջորդ օրը տեղադրել է Երևան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի 5 տան դրսային հատվածի ձախակողմյան մասում առկա երկաթյա թիթեղի, Երևան քաղաքի Շարա Տալյան փողոցի 1-ին տան պարսպի ներքևի հատվածում գտնվող երկաթի, Երևան քաղաքի Շարա Տալյան 5-րդ փողոցի 12-րդ տան մուտքի երկաթյա թիթեղի, Երևան քաղաքի Չարենցի փողոցի 60-րդ տանը կից՝ հոսանքի հաշվիչների արկղի, Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի 73-րդ տան դիմացի հատվածում գտնվող ավազի մեջ, լուսանկարել է դրանք և ուղարկել հիշյալ օգտատիրոջը»1:
8․ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Բ․Բադալյանի անձը բնութագրող հանգամանքներն են, մասնավորապես նախկինում դատված չլինելը, խոստովանական ցուցմունքներ տալը:
(․․․) Բ․Բադալյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
(․․․) [Հ]աշվի առնելով ամբաստանյալի կողմից կատարած հանցանքի համար զղջալը և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, նախկինում դատված չլինելը, քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու. ամբաստանյալի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի է»2:
9․ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) Բ․Բադալյանի նկատմամբ նշանակված պատ[իժը] (․․․) կրելու անհրաժեշտությունը որոշելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները (ամբաստանյալի կողմից կատարած հանցանքի համար զղջալը և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության փաստը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանը ճիշտ հետևության է հանգել (․․․) ամբաստանյալ Բ․Բադալյանի նկատմամբ (․․․) նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում, ինչը բխում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Բ.Բադալյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:
11․ Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4։
12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Բ․Բադալյանը մեղավոր է ճանաչվել թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու համար։ Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող անձանց օժանդակելու նպատակ ունենալով, նա, «Telegram» հաղորդակցության հավելվածի միջոցով՝ 2020 թվականի օգոստոսին կապ է հաստատել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող նույն հարթակում՝ «Davit Van Hoktemberyan» օգտահաշիվն օգտագործողի հետ և առաջարկել վարձատրության դիմաց թմրամիջոցների ապօրինի իրացման հարցում իր օժանդակությունը։ Նույն օրը, հիշյալ օգտահաշիվն օգտագործողի ցուցումով, Բ․Բադալյանի հետ կապ է հաստատել հաղորդակցության նույն հավելվածի՝ «Shaman» օգտահաշիվն օգտագործող անձը, ում հետ Բ․Բադալյանը համաձայնության է եկել վարձատրության դիմաց թմրամիջոցների ապօրինի իրացման գործունեությունում օժանդակելու շուրջ։ Հետագայում՝ 2020 թվականի օգոստոսի 31-ին, Բ․Բադալյանը, նշված օգտահաշիվն օգտագործողի ցուցումով, Երևան քաղաքի փողոցներից մեկում վերցրել է նախապես թաքցված ընդհանուր 2․12 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով տասը փաթեթ, որից հինգը, հաջորդ օրը, տեղադրել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել և ուղարկել «Telegram» հաղորդակցության հավելվածի՝ «Shaman» օգտահաշիվն օգտագործող անձին5,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարած արարքի համար զղջալը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, նախկինում դատապարտված չլինելը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմք են տալիս գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու6,
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին7։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված գործերով շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելը․
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր արարքը ոտնձգում է իրավական պաշտպանության ներքո գտնվող այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է անձի առողջությունը, կոնկրետ դեպքում անորոշ անձանց շրջանակի,
գ) հանցագործության շարժառիթը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այն, որ մեղադրյալ Բ․Բադալյանը, եկամուտ ստանալու նպատակով «Telegram» հաղորդակցության հավելվածի միջոցով կապ է հաստատել նույն հարթակում օգտահաշիվ ունեցող ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձի հետ, առաջարկել այդ գործունեությունում իր օժանդակությունը, արդյունքում այդ անձի միջոցով օժանդակության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն գործունեությամբ զբաղվող մեկ այլ անձի հետ, ստացել «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով տասը փաթեթ, որից հինգը տեղադրել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում՝ այդ մասին տեղեկացնելով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հիշյալ անձին։
14․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Բ․Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք կարող է հանդիսանալ հանցավորի պատիժը մեղմացնող հանգամանքների այնպիսի համակցությունը, որը կարող է վկայել ոչ միայն սոցիալական արդարությունը վերականգնելու, այլև անձի վերասոցիալականացման հնարավորության մասին՝ առանց ռեալ պատիժ կրելու։ Մինչդեռ, սույն վարույթով դատարանները ոչ միայն չեն վկայակոչել այդպիսի հանգամանքների համակցություն, այլ արձանագրել են դրանց բացակայությունը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Բ․Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
15․ Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Բ․Բադալյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է Բ․Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Բագրատ Սարգսի Բադալյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը փոփոխել։ Բագրատ Սարգսի Բադալյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Բագրատ Սարգսի Բադալյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 108-114:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 47-62:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 124-133:
4 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի գործով 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ ՍԴ/0015/01/23 և Անդրանիկ Ազատյանի ու Արտաշ Պողոսյանի գործով 2025 թվականի մարտի 14-ի թիվ ԵԴ1/1136/01/23 որոշումները:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: