ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ս. Գզոգյան |
ԼԴ4/0001/01/17 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
27 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Սմբատի Ծառուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հուլիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19105916 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Աշոտ Գագիկի Միքայելյանը ճանաչվել է տուժող:
2016 թվականի դեկտեմբերի 19-ին Արմեն Սմբատի Ծառուկյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Արմեն Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի դեկտեմբերի 22-ին Ա.Ծառուկյանն ազատվել է արգելանքից, և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2017 թվականի հունվարի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Արմեն Ծառուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով մեկնաբանված ու հստակեցված՝ ապացույցների գնահատման չափանիշները և դրանց միակողմանի ու կամայական գնահատման արդյունքում հաստատված չի համարել Ա.Ծառուկյանին մեղսագրված հանցագործությունը։
Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով հանցագործության որոշ հանգամանքների վերաբերյալ տուժող Ա.Միքայելյանի և ամբաստանյալ Ա.Ծառուկյանի ցուցմունքներին և դրանք գնահատելով որպես նույնական, որևէ վերլուծության չի ենթարկել այդ ապացույցների ձևավորման ողջ ընթացքը, դրանց բովանդակությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև չի գնահատել նրանց ցուցմունքների փոփոխման հնարավոր պատճառներն ու դրանց վրա ազդող գործոնները, և դրանք չի համադրել գործում առկա մյուս ապացույցների հետ։
Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանը պատշաճ չի գնահատել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող տուժողի հակասական, իրարամերժ ցուցմունքները, մասնավորապես, ճիշտ չի գնահատել այն հանգամանքը, որ տուժողն իր յուրաքանչյուր ցուցմունքում տարբեր կերպ է նկարագրել դեպքի իրական հանգամանքները՝ այդ կերպ փորձելով խեղաթյուրել իրականությունը և դեպքը ներկայացնել որպես դժբախտ պատահար։ Մինչդեռ, ըստ բողոքի հեղինակի, վերջինիս պատճառաբանությունները հերքվել են ինչպես սույն գործով իրականացված փորձաքննությունների եզրակացություններով, այնպես էլ գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված այլ ապացույցներով։
Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ դատաքննությամբ հետազոտված թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների համակցությունն ավելի քան բավարար է Ա.Ծառուկյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատված համարելու համար:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները և ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումները.
7. Արմեն Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 6 խցում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ, 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, դանակով ուժգնությամբ և շեշտակի մեկ հարված հասցնելով խցում գտնված դատապարտյալ Աշոտ Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի՝ հետին անութային գծով 4-րդ միջկողի հատվածում՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած մարմնական վնասվածքի ձևով»1։
8. Ամբաստանյալ Արմեն Ծառուկյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ խցում եղել են հինգ հոգով, ժամը 15։00-ից սկսվում է իրենց զբոսանքի ժամը, Արկադին, Սամվելը և Հովոն գնացել են զբոսանքի, իսկ ինքն ու Աշոտը մնացել են խցում: Ինքն այդ ընթացքում հեռախոսով խոսելիս է եղել, հնարավոր է սանհանգույցում եղած լինի, բայց չի հիշում: Աշոտին տեսել է արդեն վիրավոր վիճակում, փորձել է օգնել, հարցրել է, թե ի՞նչ է պատահել, սակայն նա չի խոսել: Կանչել է հսկիչին: Աշոտի հետ ունեցել են նորմալ հարաբերություններ, ընտանիքներով էլ են մոտ եղել: Նա քրեակատարողական հիմնարկում որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել: Չի կարող ասել, թե ով է նրան մարմնական վնասվածք պատճառել2:
8.1. Ա.Ծառուկյանը, 2016 թվականի դեկտեմբերի 21-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս, ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 27-ին, ժամը 15-ի սահմաններում, Արկադին, Հովիկը և Սամվելը գնացել են զբոսանքի, իսկ ինքն ու Աշոտը չեն գնացել: Ժամը 15։30-ի սահմաններում նկատել է, որ Ա.Միքայելյանը կանգնած է ջեռուցման համակարգի մարտկոցի վրա, բայց ուշադիր չի եղել, թե ինչով է զբաղված: Այդ ժամանակ ինքը գտնվել է զուգարանում, լսել է «դխկ, շխկ» ձայներ, անմիջապես բացել է զուգարանի դուռը և տեսել, որ Ա.Միքայելյանն ընկած է գետնին՝ հեռուստացույցի և աջ մահճակալի միջև: Մոտեցել է նրան, ընկած տեղից բարձրացրել և նստեցրել մահճակալի վրա, վերջինիս վրա արյուն չի եղել, եթե լիներ, կտեսներ: Կրկին վերադարձել է զուգարան, մի քանի րոպե անց լսել է Ա.Միքայելյանի ձայնը՝ «արա ճղվեց»։ Գլուխը դուրս հանելով, տեսել է, որ նա կանգնած է մահճակալի մոտ՝ դեմքով դեպի իրեն և քայլելով առաջ է եկել՝ աջ ձեռքով բռնած ձախ թևատակը: Անմիջապես մոտեցել է նրան, տեսել է, որ ձախ թևատակի հատվածում արյուն կա, օգնել է նրան գնալ զուգարան, հանել շապիկը և լվանալ արյունոտ մարմինը: Անհանգստանալով ընկերոջ համար՝ ձայն է տվել հսկիչին: Հսկիչը եկել է և հարցրել, թե ի՞նչ է եղել, ինքն էլ ասել է, որ «Աշոտիկը ճղվելա»: Կարճ ժամանակ անց խցի դուռը բացել են մի խումբ աշխատակիցներ և Աշոտին տարել են բուժմաս: Հարցրել են, թե ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է, որ Աշոտիկն ընկել է: Դրանից հետո խուզարկություն են կատարել, իրենց խցում գտել են իր հեռախոսը, խաղաքարտեր և հացի դանակ: Ինքը հայտարարել է, որ դրանք իրենն են, իսկ այդ արգելված իրերի համար իրեն տեղափոխել են պատժախուց: Այդ դանակն իրենք օգտագործում են հաց կտրելու համար: Աշոտի ընկած վայրում սուր առարկա կամ արյան հետքեր չի նկատել: Ինքն Աշոտին չի հարվածել ո՛չ ձեռքով, ո՛չ էլ որևէ առարկայով: Իրենք չեն վիճվել, իր տեսածն այն է, որ Աշոտն ընկնելուց է ստացել այդ վնասվածքը: Դեպքի օրը` ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում, խցում այլ անձանց չի նկատել3:
8.2. 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, որպես մեղադրյալ հարցաքննվելիս, Ա.Ծառուկյանը պնդել է, որ Ա.Միքայելյանին չի հարվածել, մարմնական վնասվածք չի պատճառել4:
9. Տուժող Աշոտ Միքայելյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն ոչ ոք չի վնասել, ինքն է վայր ընկել և իրեն վնասել, իսկ Ա.Ծառուկյանին իզուր տեղը դատում են: Իրենք Արմենի հետ հարազատ մարդիկ են: Դեպքի օրը գտնվել է վեցերորդ խցում, մյուսները գնացել են զբոսանքի, իսկ ինքը և Արմենը երկուսով մնացել են ներսում: Բարձրացել է անտենան ուղղելու և վայր է ընկել: Հատակին ինչ-որ բան է եղել, որը մտել է իր կողքը: Երբ վայր է ընկել, Ա.Ծառուկյանը զուգարանում է եղել, իսկ խցի դուռը փակ է եղել։ Ծառուկյանն իր վնասվածքի մասին ընկնելուց հինգ րոպե հետո է իմացել, զուգարանից դուրս է եկել և օգնություն ցույց տվել: Հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը գար, իրեն խփեր, գնար5:
9.1. 2016 թվականի հուլիսի 28-ին Ա.Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում Արկադին, Հովոն և Սամվելը գնացել են զբոսանքի, իսկ ինքն ու Ա.Ծառուկյանը մնացել են խցում: Այդ ընթացքում ինքն ալեհավաքն է կարգավորելիս եղել, իսկ Ա.Ծառուկյանը զուգարանում մաքրություն է կատարել: Ժամը 15։30-ի սահմաններում բարձրացել է ջեռուցման համակարգի մարտկոցի վրա` պատուհանի մոտ դրված ալեհավաքը կարգավորելու համար, ոտքը սայթաքել է, ձախ կողմի վրա ընկել է պահարանի վրա, որի հետևանքով պարանոցը վնասվել է6:
9.2. Ա.Միքայելյանը, 2016 թվականի հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ին և դեկտեմբերի 13-ին լրացուցիչ հարցաքննվելիս, ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արմենը չի տեսել իր ընկնելու պահը, քանի որ նա գտնվել է զուգարանում: Ընկած տեղից ինքնուրույն է ոտքի կանգնել: Դրսում անձնական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով զայրացել է և պտուտակահանը վերցնելով, աջ ձեռքով մեկ անգամ ուժեղ խփել է ձախ թևատակին: Ընկնելուց մինչև խփելը տևել է մոտ մեկ րոպե։ Դա Ա.Ծառուկյանը չի տեսել, նա, ընկնելու ձայնը լսելով, դուրս է եկել զուգարանից, մոտեցել է իրեն, տեսել է վնասվածքն ու ձայն տվել հսկիչներին: Իրեն ոչ-ոք չի խփել և վնասվածք չի պատճառել, դրսում պարտքեր է ունեցել, հոգեբանական լավ վիճակում չի եղել, այդ իսկ պատճառով ինքն է իրեն հարվածել: Պտուտակահանը վաղուց է ունեցել, չգիտի, թե այն ինչպես է հայտնվել իրենց խցում: Քանի որ ինքն է այն գտել, պատկանել է իրեն, ոչ մեկը չի իմացել, որ ինքը պտուտակահան ունի։ Նշել է նաև, որ չի հիշում, թե հարվածելուց հետո պտուտակահանն ուր է գցել7:
9.3. 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, մեղադրյալ Ա.Ծառուկյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Ա.Միքայելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրն Արմենը զուգարանում էր, ինքն էլ հեռուստացույցի ալեհավաքն ուղղելու համար բարձրացել էր պատուհանի վրա, որտեղից ընկել է սեղանի և պահարանի արանքում, որտեղ իր ձեռքով պատրաստած սուր կտրող գործիքներ ուներ: Դրանք գետնի վրա թափված էին։ Ինքն ընկել է դրանց վրա ու այդ ընթացքում նկատել է, որ արյունոտվել է: Այդ ժամանակ Արմենը զուգարանից դուրս է եկել վայր ընկնելու ձայներից: Քանի որ բան չէր եղել, նա նորից գնացել է զուգարան, իսկ ինքը, ինչքանով որ հիշում է, նյարդայնացել է ու ինքն իրեն հարվածել, որի հետևանքով պարանոցը և այլ տեղերն էլ քերծվել են8:
9.4. Ա.Միքայելյանի` Առաջին ատյանի դատարանում հրապարակված` նախորդ դատաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն` մարմնական վնասվածքն ինքը ստացել է ալեհավաքի վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում ներքևում դրված գործիքների վրա վայր ընկնելու հետևանքով: Ընկնելուց հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, իսկ գործիքները քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն են հավաքել, դրանք պետք է նրանց մոտ լինեն: Ալեհավաքն ուղղելու ժամանակ վայր է ընկել հատակին, ընկած ժամանակ մի անգամ պտուտակահանի նման սուր առարկայով հարվածել է ինքն իրեն: Նշված պտուտակահանը եղել է ինքնաշեն, այն ինքն է պատրաստել: Ենթադրում է, որ խորը վնասվածքը ստացել է ընկնելու, այլ ոչ թե պտուտակահանով հարվածելու հետևանքով: Վայր ընկնելու հետևանքով խուցն արյունոտվել է, այն մաքրել են, իսկ գործիքը գցել է զուգարանում գտնվող խողովակի մեջ, որին Ա.Ծառուկյանն ականատես չի եղել, իսկ երբ տեսել է, որ ինքն արյունոտված է, բուժօգնություն է կանչել: Ա.Ծառուկյանն անմիջապես եկել և ընկած տեղից բարձրացրել է իրեն, բայց այդ ժամանակ չեն տեսել, որ վնասվածք ունի: Ընկնելուց պարանոցը կպել է պահարանին, որի հետևանքով պարանոցը նույնպես վնասվել է: Վնասվածքը ստացել է ժամը 15։00-ի սահմաններում, որից մոտ 5-10 րոպեի ընթացում խուցը մաքրել և գործիքները թափել է: Ա.Ծառուկյանին չի ասել, որ ինքնավնասում է կատարել: Ընկնելուց հետո մի քանի վայրկյան մնացել է այդ վիճակում, նյարդայնացել է և այդ պտուտակահանով հարվածել ինքն իրեն, որից հետո է միայն Ա.Ծառուկյանը զուգարանից մոտեցել իրեն: Տուփի մեջ շատ գործիքներ են եղել, այդ թվում նաև՝ դանակ, պտուտակահան: Գործիքների մի մասն ինքն է սարքել սրելու միջոցով, մի մասն էլ իր խնդրանքով ուղարկել են: Ինքն իրեն հարվածել է խառտոցի պոչով, որը նույնպես իր կողմից է պատրաստվել: Չի կարող ասել, թե որ գործիքի վրա է ընկել: Նկատելով, որ վայր ընկնելու հետևանքով վնասվածք է ստացել, սկսել են միասին խուցը մաքրել։ Այդ ընթացքում ինքը հատակին դրված գործիքները թափել է:
Հրապարակված ցուցմունքների վերաբերյալ տուժողը հայտնել է, որ դրանք ճիշտ են, խորը վնասվածքն ավելի շատ իր ընկնելու հետևանքով է առաջացել, այլ ոչ թե իր հարվածից, Ա.Ծառուկյանը դրա հետ կապ չունի, բացառում է նաև այլ անձի կողմից իրեն հարվածելը, այն էլ այն պարագայում, երբ խցի դուռը փակ էր9:
10. Վկա Տիգրան Դարբինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում որպես անվտանգության ապահովման բաժնի մասնագետ: Դեպքի օրը ծառայություն է իրականացրել 1-12-րդ խցերի համար: Ժամը 15։00-ի սահմաններում 6-րդ խցի դիտանցքից հարցրել է, թե ով է ցանկանում զբոսանքի դուրս գալ, այդպիսի ցանկություն են հայտնել Ա.Պապյանը, Ս.Թադևոսյանն ու Հ.Մարգարյանը, իսկ Ա.Ծառուկյանն ու Ա.Միքայելյանը հրաժարվել են: Դատապարտյալներին զբոսանքի տանելու համար բացել է խցի դուռը, Ա.Ծառուկյանը պառկած է եղել իր մահճակալին, իսկ Ա.Միքայելյանը դուրս գալով զուգարանից` նստել է իր մահճակալին: Դուրս եկածներին ուղեկցելով զբոսանքի համար նախատեսված վայր` վերադարձել է պահակակետ, լրացրել զբոսանքից հրաժարման մատյանը, որը ներկայացրել է Ա.Ծառուկյանին ու Ա.Միքայելյանին՝ նրանց առաջարկելով մոտենալ ու ստորագրել հրաժարման տողի դիմաց: Նրանք իրենց մահճակալներին նստած հեռուստացույց են նայել, իր կանչով մոտեցել են խցի դռանը և հայտարարել, որ հրաժարվում են ստորագրել մատյանը և վերադարձել իրենց տեղերը: Համոզված է, որ զբոսանքից հրաժարվելու մատյանը նրանց ներկայացնելու ժամանակ Ա.Միքայելյանը վնասվածք ստացած չի եղել, այլապես չէր կարող այդպես ազատ վեր կենալ մահճակալից և քայելելով մոտենալ խցի դռանը, բացի այդ դիտանցքից տեսել է, որ Ա.Միքայելյանի շորերը հագին են եղել, նրա մարմնին կամ հագուստներին հետք չի եղել, ձեռքն էլ թևի տակը բռնած չի եղել, եթե արյան հետքեր լինեին, դրանք կնկատեր, որովհետև Ա.Միքայելյանի հագի շապիկը սպիտակ էր: Դրանից հետո մասնաշենքի որևէ խցից բարձր ձայն, աղմուկ կամ այլ կասկածելի ձայն չի լսել: 6-րդ խցից իր հեռանալուց 45-50 րոպե հետո՝ մինչև ժամը 16:00-ը, խցի դռան թակոցի ձայն է լսել, պարզել, որ 6-րդ խուցն է, մոտեցել է։ Ա.Ծառուկյանը պահանջել է շտապ բժիշկ կանչել, քանի որ Ա.Միքայելյանն ընկել է և վատացել: Վայրկյաններ անց Ա.Միքայելյանին դուրս են բերել խցից, իր հարցին վերջինս պատասխանել է, որ «պառավոյի» վրա կանգնած եղունգները կտրելիս սայթաքել է, ընկել գետնին ու վնասվել: Ա.Ծառուկյանի ներկայությամբ խուզարկել են 6-րդ խուցը, հայտնաբերել են մեկ դանակ, խաղաքարտեր և բջջային հեռախոս, Ա.Ծառուկյանը հայտարարել է, որ դրանք իրենն են: Խուզարկությամբ արյան հետքեր են հայտնաբերել հեուստացույցի կողքի մահճակալի շորի վրա10:
11. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ Վահե Ամիրխանյանը, Կարեն Սարգսյանը և Արմեն Դանիելյանն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ երբ իմացել են, որ 6-րդ խցի դատապարտյալ Ա.Միքայելյանը լուրջ բուժօգնության կարիք ունի, անմիջապես գնացել են նշված խուց: Խցի դուռը Տ.Դարբինյանի կողմից բացելուց հետո իրենք տեսել են, որ այնտեղ են դատապարտյալներ Ա.Միքայելյանն ու Ա.Ծառուկյանը: Ա.Միքայելյանը մի արյունոտ շոր է սեղմած եղել ձախ թևատակին: Իրենց հարցին, թե ի՞նչ է պատահել, վերջիններս ասել են, որ Ա.Միքայելյանն ընկել է գետնին և վնասվածք ստացել: Ա.Միքայելյանին ուղեկցել են բուժկետ, իսկ խցում Ա.Ծառուկյանի ներկայությամբ կատարել են խուզարկություն և հայտնաբերել արգելված իրեր` խաղաքարտեր, խոհանոցային դանակ և բջջային հեռախոս: Ա.Ծառուկյանը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն: Ա.Միքայելյանն ու Ա.Ծառուկյանը միմյանց հետ լավ հարաբերություններ են ունեցել, երկուսն էլ պնդել են, որ Ա.Միքայելյանի վնասվածք ստանալու հետ Ա.Ծառուկյանը որևէ կապ չունի11:
11.1. Վահե Ամիրխանյանը նշել է նաև, որ եթե նույնիսկ Ա.Ծառուկյանն է Ա.Միքայելյանին վնասվածքը պատճառել, ապա վերջինս հաստատ դրա մասին չի հայտնի իրավապահ մարմիններին, որովհետև դատապարտյալների շրջանում դա համարվում է անպատիվ արարք, որն անելուց հետո մյուս դատապարտյալներն ու կալանավորներն ակնհայտ բացասական են տրամադրվում այդ անձանց դեմ12:
11.2. Վերոնշյալի մասին իր ցուցմունքով հայտնել է նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Արամ Ավետիքյանը13:
12. Վկաներ Սամվել Թադևոսյանը և Արկադի Պապյանն ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրենք նույն խցում պատիժ են կրել Ա.Ծառուկյանի և Ա.Միքայելյանի հետ, իրենք խցում ունեցել են շատ լավ, ընկերական փոխհարաբերություններ, երբեք չեն վիճել ու չեն կռվել միմյանց հետ: Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, իրենք և Հ.Մարգարյանը դուրս են եկել զբոսանքի, իսկ Արմենն ու Աշոտը մնացել են խցում: Իրենք խուց վերադարձել են ժամը 19-ից հետո և տեսել են, որ վերջիններս այնտեղ չեն: Չեն հետաքրքրվել և չեն իմացել, թե ինչ է եղել: Սուր առարկա, արյան կամ կասկածելի հետքեր չեն նկատել14:
13. Դեպքի վայրի զննության արձանագրության և կից լուսանկարչական հավելվածի համաձայն՝ դեպքի վայր է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքի թիվ 6-րդ խուցը: Խցի հյուսիսային պատի վերին մասում առկա է պատուհան, որը հատակից 1,7 մ բարձրության վրա է: Պատուհանի տակ դրված է հեռուստացույց` պահարան տակդիրի վրա, իսկ դրա դիմաց՝ սեղանիկ, մահճակալները գտնվում են հեռուստացույցի աջ և ձախ կողմերում: Խցի կենտրոնում՝ հատակին և սանհանգույցում հայտնաբերվել են արնանման հետքեր: Զննության մասնակից Ա.Ծառուկյանը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին` ժամը 15։00-ի սահմաններում, խցակիցները գնացել են զբոսանքի համար նախատեսված վայր, իսկ ինքն ու Ա.Միքայելյանը խցում մնացել են երկուսով, վերջինս բարձրացել է բաց պատուհանի մոտ՝ եղունգները դրսում կտրելու, իսկ ինքը գտնվել է սանհանգույցում, լսել է «դխկ, շխկ» ձայներ, հետո Ա.Միքայելյանի՝ «արա-արա» բացականչությունը, դուրս է եկել սանհանգույցից և տեսել, որ վերջինս ընկած է գետնին՝ հեռուստացույցի մոտ: Խցում որևէ սուր կտրող-ծակող կամ այլ կասկածելի գործիք կամ առարկա չի հայտնաբերվել15:
14. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց (դատապարտյալների) զբոսանքի հաշվառման մատյանի և դրա զննության արձանագրության համաձայն` Ա.Միքայելյանը և Ա.Ծառուկյանը 2016 թվականի հուլիսի 27-ին` ժամը 15։10-ին, հրաժարվել են զբոսանքից և մատյանի նշված գրառումների դիմաց ստորագրելուց16:
15. Դատաբժշկական փորձաքննության թիվ 0152/Հ եզրակացության համաձայն` Ա.Միքայելյանի մարմնական վնասվածքը` ձախից կրծքավանդակի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքը, հասցվել է սուր ծակող-կտրող առարկայով կամ գործիքով (հնարավոր է` դանակով), հնարավոր է` գործի հանգամանքներում նշված ժամկետում, որը նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, իսկ պարանոցի վնասվածքները կարող էին առաջանալ նաև վայր ընկնելու և վնասվածքի շրջանով բութ, կոշտ առարկային հարվածվելու հետևանքով։
Կրծքավանդակի ծակած-կտրած, թափանցող վիրավորումը պատճառվել է ուժգնությամբ և շեշտակի հարվածով, որը հաղթահարել է ստորադիր հյուսվածքների դիմադրությունը և թափանցել կրծքավանդակի խոռոչ17:
16. Համալիր դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական փորձաքննության թիվ 16-2109 եզրակացության համաձայն` Ա.Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի` հետին անութային գծով 4-րդ միջկողի մակարդակի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող և փորձաքննությանը ներկայացված նրա կիսաթև մայկայի թիկնային վերին ձախակողմյան հատվածում առկա ծակած-կտրած բնույթի վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայությամբ և առաջացման մեխանիզմով համապատասխանում են միմյանց, պատճառվել են երկկողմանի սուր սայր կամ միակողմանի սուր սայր և բութ կողմի մինչև 2 մմ հաստությամբ և ըստ խորաթափանցման մակարդակի արտաքին վերքի ու հագուստի վնասվածքի երկարության չափսը չգերազանցող շեղբի լայնություն ունեցող ծակող-կտրող գործիքի` դանակի մեկ ուղղակի ներգործությամբ, որի վնասող` ներթափանցող ներգործությունը տեղակայվել է Ա.Միքայելյանի կրծավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանում` հետին անութային գծով 4-րդ միջկողի մակարդակին` նրա կրծքավանդակի նկատմամբ ձախից աջ ուղղությամբ լայնականին մոտ կամ հետևից առաջ ներթափանցման ուղղությամբ, որը ստանալու պահին Ա.Միքայելյանը և վնասվածք պատճառողը տարածության մեջ կարող էին գտնվել այնպիսի փոխադարձ դիրքում, որը հնարավորություն կտար սուր ծակող-կտրող գործիքի՝ Ա.Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի նշված շրջանում կրծքավանդակի նկատմամբ ձախից աջ ուղղությամբ լայնականին մոտ կամ հետևից առաջ ուղղությամբ մեկ ուղղակի ներթափանցող ներգործություն: Հաշվի առնելով Ա.Միքայելյանի ստացած ծակած-կտրած վիրավորման թափանցող բնույթը, արտաքին վերքի և հագուստի վնասվածքի չափային տվյալները, ներկայացված դանակի շեղբի կառուցվածքային և ըստ խորաթափանցումների մակարդակների չափային տվալները, ինչպես նաև կատարված փորձարարությունների արդյունքները՝ բացառվում է Ա.Միքայելյանի նշված ծակած-կտրած թափանցող մարմնական և հագուստի վրա առկա վնասվածքի առաջացման հնարավորությունը ներկայացված դանակի շեղբի ներգործությամբ, այլ այդպիսիք պատճառվել են ըստ խորաթափանցման մակարդակի շեղբի մինչև մոտ 10 մմ լայնություն և վերը նշված կառուցվածքային հատկանիշներ ունեցող սուր ծակող-կտրող գործիքի` դանակի ներգործությունից: Ա.Միքայելյանի կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած վիրավորման արտաքին վերքի կրծքավանդակի հետին կողմնային մակերեսին` հետին անութային գծով 4-րդ միջկողի շրջանում տեղակայությունը և վերքի կրծքավանդակի խոռոչ թափանցող բնույթը հիմք են տալիս բացառել իր իսկ կողմից սուր ծակող-կտրող գործիքով տվյալ մարմնական և դրան համապատասխան հագուստի թիկնային շրջանի ծակած-կտրած վնասվածքի առաջացման հնարավորությունը: Նման տեղակայությամբ և բնույթի վնասվածքների առաջացմանը բնորոշ է մեկ այլ անձի կողմից պատճառված լինելը18:
17. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ ամբաստանյալ Արմեն Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, քանի որ գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն ամբաստանյալի անձի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար: (…)
Գործում առկա և դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` տուժողը ստացել է մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Այսինքն գործում առկա է հավաստի ապացույց, որ տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Սակայն բազմակողմանի, օբյեկտիվ ստուգման ենթարկելով ապացույցները, վերլուծելով դրանք, համադրելով միմյանց հետ Դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Արմեն Ծառուկյանի կողմից տուժողի կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս պատճառելը հիմնավորող բավարար հիմքեր առկա չեն: Դատարանի նման հետևությունը հիմնված է քրեական գործով ձեռք բերված հետևյալ փաստերով.
Ամբաստանյալ Արմեն Ծառուկյանը, տուժող Աշոտ Միքայելյանը թե նախաքննության ընթացքում, և թե դատաքննության ընթացքում ցուցմունք տալիս հայտնել են, որ ամբաստանյալ Արմեն Ծառուկյանը չի հարվածել տուժող Աշոտ Միքայելյանին, որ ամբաստանյալը որևէ կապ չունի տուժողի ստացած վնասվածքի հետ: Գործով ամբաստանյալի և տուժող Աշոտ Միքայելյանի թե նախաքննական, և թե դատաքննական ցուցմունքները նույնական են և այդ ապացույցներով հիմնավորվում է, որ տուժող Աշոտ Միքայելյանի վնասվածք պատճառելու պահին ամբաստանյալը գտվել է խցի զուգարանում, տուժողի մոտ չի եղել, այսինքն Արմեն Ծառուկյանը տուժողին դանակով չի հարվածել և մարմնական վնասվածք չի պատճառել:
Ինչ վերաբերում է վկաներ Տիգրան Դարբինյանի, Արկադի Պապյանի, Սամվել Թադևոսյանի, Արմեն Դանիելյանի, Վահե Ամիրխանյանի, Արեն Մխիթարյանի, Սյուզաննա Աշրաֆյանի, Արմեն և Արթուր Նասիբյանների ցուցմունքներին, ապա դրանց մի մասով միայն փաստվում է, որ նախ Արմեն Ծառուկյանը և Աշոտ Միքայելյանը վաղեմի ընկերներ են, ունեն ընկերական հարաբերություններ, այնուհետև, որ տուժողը ստացել է մարմնական վնասվածք, ընդ որում, Արմեն Ծառուկյանն է օգնության կանչել հսկիչներին, փորձել դադարեցնել Աշոտ Միքայելյանի արյունահոսությունը:
Այսինքն, սույն քրեական գործի դատաքննությամբ չհիմնավորվեց, որ Աշոտ Միքայելյանին պատճառված կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասը պատճառվել է Արմեն Ծառուկյանի կողմից: (…)
Վերոգրյալ ապացույցները վերլուծելու և գնահատելու արդյունքում Դատարանն արձանագրում է, որ.
- առկա է ենթադրյալ հանցագործություն, այն է՝ 2016 թվականի հուլիսի 27-ին Աշոտ Միքայելյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս,
- ապացուցված չէ Արմեն Ծառուկյանի մասնակցությունն այդ հանցագործությանը, այն է՝ միայն այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի խցում, իսկ խցում եղել են Արմեն Ծատուկյանը և Աշոտ Միքայելյանը, ուստի միայն Արմեն Ծառուկյանը կարող էր հարվածել տուժողին, ենթադրություն է, իսկ գործում առկա ապացույցները չեն կարող կազմել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն ամբաստանյալի մեղքը հիմնավորված համարելու համար,
- սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, այն է՝ քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են այդ օրը դեպքի վայրում գտնվող բոլոր վկաները, խցում կատարվել է խուզարկություն, չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, արդյունքում Արմեն Ծառուկյանի կողմից Աշոտ Միքայելյանին դանակով հարվածելու հանգամանքը հաստատող որևէ այլ տվյալներ ձեռք չեն բերվել:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ հնարավոր չէ հաստատված համարել ամբաստանյալ Արմեն Ծառուկյանի կողմից նրան վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու հանգամանքը (…)»19:
18. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա, ամբաuտանյալ Ա.Ծառուկյանի մեղավորության մաuին չփարատվող բոլոր կաuկածները նրա oգտին մեկնաբանելով և անդրադառնալով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, եկել է իրավաչափ եզրահանգման, որ բացակայում են տուժող Աշոտ Միքայելյանի կյանքի և առողջության համար վտանգավոր ծանր վնաս պատճառելուն ամբաստանյալ Արմեն Ծառուկյանի մասնակցությունը հաստատող բավարար ապացույցները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև դատաքննությամբ հիմնավորվել է, որ մարմնական վնասվածքը ստանալու պահին խցում գտնվել են միայն Տուժողը և Ամբաստանյալը, հերքվել են նաև բարձրությունից վայր ընկնելու կամ ինքնավնասման հետևանքով նման վնասվածք ստանալու վարկածները, սակայն քննվող հանցագործության դեպքի իրական հանգամանքների, դրան ամբաստանյալ Ա.Ծառուկյանի հնարավոր առնչության վերաբերյալ տուժող Ա.Միքայելյանի հակասական և իրարամերժ ցուցմունքների, վնասվածք պատճառելուն ականատես վկաների բացակայության պայմաններում դատաբժշկական փորձաքննության թիվ 0152/Հ և համալիր դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական փորձաքննության թիվ 16-2109 եզրակացությունների հետևությունները վերը նշված փաստական տվյալների հետ համադրությամբ կամ ինքնին բավարար չեն Տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ ամբաստանյալ Ա.Ծառուկյանի մեղավորությունը փաստելու համար:
Նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ Տուժողը և Ամբաստանյալը գտնվել են նորմալ, ընկերական փոխհարաբերությունների մեջ, առհասարակ, այդ թվում՝ քննվող դեպքին նախորդող պահին նրանց միջև վիճաբանություն տեղի չի ունեցել կամ առնվազն արձանագրվել, դեպքի օրը զբոսանքի գնալուց նրանց հրաժարվելը չի եղել արտառոց երևույթ:
Այլ կերպ՝ դատաքննությամբ հետազոտված վերոնշյալ անուղղակի ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման և այն Ամբաստանյալի կողմից կատարված լինելու հանգամանքները հիմնավորված համարելիս՝ քրեական հետապնդման մարմինները չեն պարզել Տուժողին մարմնական վնասվածք պատճառելու բուն պատճառը և շարժառիթը, բավարարվել են միայն մարմնական վնասվածք ստանալու մեխանիզմի վերաբերյալ Տուժողի իրարամերժ ցուցմունքներն ու վարկածները դատաբժշկական բնագավառի հատուկ գիտելիքների հիման վրա հերքելով: Մինչդեռ, քննարկվող փորձագիտական եզրակացությունների հետևությունները, ուղղակի որևէ ապացույցի, մասնավորապես՝ Տուժողի մեղադրող բնույթի ցուցմունքի, Ամբաստանյալի խոստովանական ցուցմունքի, ականատես վկաների ցուցմունքների և իրեղեն ապացույց հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքի և դրա վրա այն գործածած անձին անհատականացնող հնարավոր հետքերի բացակայության պայմաններում, բավարար չեն արձանագրելու, որ Տուժողին պատճառված վնասվածքը պատճառվել է ամբաստանյալ Ա.Ծառուկյանի կողմից, ընդ որում՝ հատկապես անուղղակի դիտավորությամբ, և այն չէր կարող պատճառվել, օրինակ՝ անզգուշությամբ, որի պայմաններում արձանագրվելու էր Ամբաստանյալին քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու փաստը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունը որակապես բավարար չէր և բավարար չէ արձանագրելու, որ ապացուցվել է Ա.Ծառուկյանի մասնակցությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նրան վերագրված հանցագործության կատարմանը, որի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևություն: (…)
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման խնդրին և դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
Դատավճռով փաստվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված հագուստներն ու արյան նմուշները ենթակա են ոչնչացման՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրեղեն ապացույցները տնօրինելու հարցում ճիշտ մոտեցում չի ցուցաբերել (...): Ա.Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով արդարացման դատավճիռ կայացնելու պայմաններում քրեական վարույթը չի ավարտվել (…), հանցանքը կատարած անձն անհայտ է, հետևաբար՝ իրեղեն ապացույցները չեն կարող ոչնչացվել, դրանք պետք է գտնվեն մինչդատական վարույթը շարունակող մարմնի՝ Քննիչի տրամադրության տակ, վերադարձվեն (հանձնվեն) նրա տնօրինությանը: (...)
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (…) Դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը սույն որոշման մեջ նշված լրացուցիչ պատճառաբանությամբ ենթակա է մերժման, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհրաժեշտ է թողնել անփոփոխ: (...)»20։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
19. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները:
21. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:
Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
21.1. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով21։
21.2. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ «ներքին համոզմունքը» սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է։ Այն ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ։ Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը։ Ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա22։
21.3. Անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր նախադեպային իրավունքում ձևավորած մոտեցումներն առ այն, որ. «(…) [Դ]ատարանը պարտավոր է դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները։ Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ և կհանգեցնեն կամայականության: Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (…)»23:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմինը Արմեն Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 6-րդ խցում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ, 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, դանակով ուժգնությամբ և շեշտակի մեկ հարված հասցնելով խցում գտնված դատապարտյալ Աշոտ Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի հատվածում՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած մարմնական վնասվածքի ձևով24։
Առաջին ատյանի դատարանը, Ա.Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, արձանագրել է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ ամբաստանյալ Ա.Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է։ Դատարանը նշել է, որ միայն այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի խցում, իսկ խցում եղել են Ա.Ծառուկյանը և Ա.Միքայելյանը, ուստի միայն Ա.Ծառուկյանը կարող էր հարվածել տուժողին, ենթադրություն է, իսկ գործում առկա ապացույցները չեն կարող կազմել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն ամբաստանյալի մեղքը հիմնավորված համարելու համար25։
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր հերթին փաստել է, որ թեև դատաքննությամբ հիմնավորվել է, որ մարմնական վնասվածքը ստանալու պահին խցում գտնվել են միայն տուժողը և ամբաստանյալը, հերքվել են նաև բարձրությունից վայր ընկնելու կամ ինքնավնասման հետևանքով նման վնասվածք ստանալու վարկածները, սակայն քննարկվող փորձագիտական եզրակացությունների հետևությունները, ուղղակի որևէ ապացույցի, մասնավորապես՝ տուժողի մեղադրող բնույթի ցուցմունքի, ամբաստանյալի խոստովանական ցուցմունքի, ականատես վկաների ցուցմունքների և իրեղեն ապացույց հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքի և դրա վրա անհատականացնող հնարավոր հետքերի բացակայության պայմաններում, բավարար չեն արձանագրելու, որ տուժողի վնասվածքը պատճառվել է ամբաստանյալ Ա.Ծառուկյանի կողմից, ընդ որում՝ հատկապես անուղղակի դիտավորությամբ, և այն չէր կարող պատճառվել, օրինակ՝ անզգուշությամբ, որի պայմաններում արձանագրվելու էր վերջինիս քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու փաստը26:
22.1. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության հաստատված են համարել հետևյալ փաստերը․
- տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործություն, այն է՝ 2016 թվականի հուլիսի 27-ին Ա.Միքայելյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս,
- մարմնական վնասվածքը ստանալու պահին խցում գտնվել են միայն ամբաստանյալ Ա.Ծառուկյանը և տուժող Ա.Միքայելյանը,
- դատաբժշկական փորձաքննության թիվ 0152/Հ և համալիր դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական փորձաքննության թիվ 16-2109 եզրակացություններով հերքվել են տուժողի և ամբաստանյալի նկարագրած հանգամանքներում՝ բարձրությունից վայր ընկնելու կամ ինքնավնասման հետևանքով նման վնասվածք ստանալու վարկածները:
Միևնույն ժամանակ, վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում, ստորադաս դատարաններն արձանագրել են, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատված համարելու, որ տուժողի մարմնական վնասվածքը պատճառվել է ամբաստանյալ Ա.Ծառուկյանի կողմից:
Ստորադաս դատարանները, որպես վերոնշյալ դատողությունը հիմնավորող փաստարկներ, մատնանշել են ամբաստանյալի և տուժողի նույնաբնույթ ցուցմունքներն այն մասին, որ Ա.Ծառուկյանը տուժողին մարմնական վնասվածք չի պատճառել և վնասվածք ստանալու պահին գտնվել է խցի զուգարանում, տուժողը և ամբաստանյալը՝ միմյանց հետ գտնվել են ընկերական հարաբերությունների մեջ, ինչպես նաև այն, որ Ա.Ծառուկյանի կողմից դեպքից հետո տուժողին օգնություն է ցույց տրվել, և հանցագործության գործիքը չի հայտնաբերվել։
23. Նախորդ կետերում շարադրված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 21-21.3-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա և իրենց իսկ դատական ակտերով հաստատած փաստական տվյալները։
Այսպես՝ ստորադաս դատարանները, անդրադառնալով դեպքի որոշ հանգամանքների վերաբերյալ տուժող Ա.Միքայելյանի և ամբաստանյալ Ա.Ծառուկյանի ցուցմունքներին և դրանք գնահատելով որպես նույնական, որևէ վերլուծության չեն ենթարկել ապացույցների ձևավորման ողջ ընթացքը, դրանց բովանդակությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը, դրանց փոփոխության հնարավոր պատճառները, ինչպես նաև դրանք չեն գնահատել գործում առկա մյուս ապացույցների համատեքստում: Մասնավորապես՝ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն, որ Ա.Միքայելյանն իր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքների վերաբերյալ հայտնել է իրարամերժ տեղեկություններ, մասնավորապես դեպքի հաջորդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 28-ին հարցաքննվելիս, տուժողը նշել է, որ իր վնասվածքը ստացել է հեռուստացույցի ալեհավաքը կարգավորելու ժամանակ ջեռուցման համակարգի վրայից վայր ընկնելու հետևանքով27։ 2016 թվականի հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ին և դեկտեմբերի 13-ին հարցաքննվելիս հայտնել է, որ վայր է ընկել, որից հետո, նյարդայնանալով իր ունեցած խնդիրներից, շուրջ մեկ րոպե անց պտուտակահանով ուժգին հարվածել է իր ձախ թևատակին28: 2016 թվականի դեկտեմբերի 22-ին՝ մեղադրյալ Ա.Ծառուկյանի հետ առերես հարցաքննության ժամանակ և դատաքննական ցուցմունքներով տուժողը պնդել է, որ ինքը վայր է ընկել գետնին՝ թափված սուր կտրող գործիքների վրա, որից հետո նյարդայնանալով՝ հարվածել է իրեն29:
Հատկանշական է, որ տուժող Ա.Միքայելյանը հակասական տեղեկություններ է հայտնել նաև իր ցուցմունքներով նշված պտուտակահանի և մյուս գործիքների վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով պտուտակահանի վերաբերյալ հարցերին՝ տուժողը նախ նշել է, որ այն գտել է, ապա հայտնել, որ այն ինքնաշեն է եղել, ինքն է պատրաստել, իսկ մյուս գործիքների վերաբերյալ մի դեպքում հայտնել է, որ դեպքից հետո դրանք քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն են հավաքել, մյուս դեպքում՝ որ իր ընկնելուց հետո, երբ Ա.Միքայելյանի հետ միասին սկսել են խուցը մաքրել, այդ ընթացքում ինքը հատակին դրված գործիքները թափել է 30: Մինչդեռ ամբաստանյալը տուժողի հայտնած վերոնշյալ հանգամանքերի մասին իր ցուցմունքներով ոչինչ չի հայտնել, ավելին՝ նշել է, որ Ա.Միքայելյանի ընկած վայրում սուր առարկա չի նկատել31:
Ստորադաս դատարանները որևէ կերպ չեն փորձել պարզել տուժողի հակասական և իրարամերժ ցուցմունքների հնարավոր պատճառները և դրան նպաստող գործոնները, քանի որ վերջինս, լինելով դատապարտյալ և պատիժը կրելով նույն քրեակատարողական հիմնարկում, ինչ ամբաստանյալ Ա.Ծառուկյանը, հնարավոր է, որ եղել է կաշկանդված, և այս առումով հատկանշական են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ Վ.Ամիրխանյանի և Ա.Ավետիքյանի ցուցմունքներն այն մասին, որ եթե նույնիսկ Ա.Ծառուկյանն է Ա.Միքայելյանին վնասվածքը պատճառել, ապա վերջինս հաստատ դրա մասին չի հայտնի իրավապահ մարմիններին, որովհետև դատապարտյալների շրջանում դա համարվում է անպատիվ արարք, որն անելուց հետո մյուս դատապարտյալներն ու կալանավորներն ակնհայտ բացասական են տրամադրվում այդ անձանց նկատմամբ32:
23.1. Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել ինչպես սույն գործի փաստական տվյալներով, այն է՝ տուժող Ա.Միքայելյանի, ամբաստանյալ Ա.Ծառուկյանի, վկաներ Տ.Դարբինյանի, Ա.Պապյանի, Ս.Թադևոսյանի ցուցմունքներով, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց (դատապարտյալների) զբոսանքի հաշվառման մատյանի և դրա զննության արձանագրությամբ հիմնավորված և իրենց իսկ կողմից հաստատված այն հանգամանքը, որ Ա.Միքայելյանի կողմից մարմնական վնասվածքը ստանալու պահին խցում տուժողի հետ գտնվել է միայն ամբաստանյալ Ա.Ծառուկյանը, այնպես էլ սույն գործով իրականացված դատաբժշկական փորձաքննության թիվ 0152/Հ և համալիր դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական փորձաքննության թիվ 16-2109 եզրակացությունները, իսկ դրանց՝ գործի լուծման տեսանկյունից ոչ բավարար լինելու հանգամանքը չեն հիմնավորել հստակ, որոշակի և համոզիչ հետևություններով։ Այսպես՝ ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ դեպքի պահին խցում գտնվել են միայն տուժողը և ամբաստանյալը, պատշաճ չեն վերլուծել վերոնշյալ փորձաքննությունների եզրակացությունների բովանդակությունը, մասնավորապես այն, որ Ա.Միքայելյանի մարմնական վնասվածքը` ձախից կրծքավանդակի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքը, հասցվել է սուր ծակող-կտրող առարկայով կամ գործիքով (հնարավոր է` դանակով), ուժգնությամբ և շեշտակի հարվածով: Ընդ որում՝ Ա.Միքայելյանի վերքի տեղակայությունը և բնույթը հիմք են տվել փորձագետներին բացառել իր իսկ կողմից սուր ծակող-կտրող գործիքով տվյալ մարմնական և դրան համապատասխան հագուստի թիկնային շրջանի ծակած-կտրած վնասվածքի առաջացման հնարավորությունը, և արձանագրել, որ նման վնասվածքների առաջացմանը բնորոշ է մեկ այլ անձի կողմից պատճառված լինելը33:
Անդրադառնալով հանցագործության գործիքը հայտնաբերված չլինելու, տուժողի և ամբաստանյալի՝ միմյանց հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվելու, Ա.Ծառուկյանի կողմից դեպքից հետո տուժողին օգնություն ցույց տալու վերաբերյալ ստորադաս դատարանի դատողություններին, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ հանցագործության գործիքի (տվյալ դեպքում` սուր ծակող-կտրող) հայտնաբերված չլինելը, ինչպես նաև տուժողի և ամբաստանյալի՝ միմյանց հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվելը, սույն գործի փաստական տվյալների ամբողջության համատեքստում, չեն կարող հիմք հանդիսանալ ամբաստանյալին մեղսագրված արարքը հիմնավորված չհամարելու համար:
Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ քննարկվող փորձագիտական եզրակացությունների հետևությունները բավարար չեն արձանագրելու, որ տուժողի վնասվածքը պատճառվել է ամբաստանյալ Ա.Ծառուկյանի կողմից, ընդ որում՝ հատկապես անուղղակի դիտավորությամբ, և այն չէր կարող պատճառվել, օրինակ՝ անզգուշությամբ, որի պայմաններում արձանագրվելու էր վերջինիս քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու փաստը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը նույնպես քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է, հետևաբար այդ փաստարկը ևս Ա.Ծառուկյանին արդարացնելու հիմք հանդիսանալ չէր կարող։
24. Վերոշարադարյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
25. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ Ա.Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքում արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա ապացույցները, թույլ են տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ և 387-րդ հոդվածների համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Արմեն Սմբատի Ծառուկյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 206:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 141-142:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 200-203:
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 210-212:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 142-143:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 17-18:
7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 30-31, 68-69, հատոր 2-րդ, թերթեր 125-126:
8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 212-214:
9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 144-145:
10 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 50-52, հատոր 2, թերթեր 146-148, հատոր 7-րդ, թերթեր 145-147։
11 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 74-77, 83-85, հատոր 2-րդ, թերթեր 29-31, հատոր 7-րդ, թերթեր 147-149, 151-153:
12 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 85։
13 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 81:
14 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 24-29, հատոր 7-րդ, թերթ 153:
15 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 4-10:
16 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 96-97, հատոր 2-րդ, թերթեր 149-150:
17 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 86-88:
18 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 104-115:
19 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 156-160:
20 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 9-րդ, թերթեր 80-88:
21 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31-րդ կետը։
23 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված որոշման 32-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը։
24 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
25 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը։
26 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։
27 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը։
28 Տե՛ս սույն որոշման 9.2-րդ կետը։
29 Տե՛ս սույն որոշման 9-րդ, 9.3-9.4-րդ կետերը։
30 Տե՛ս սույն որոշման 9.2-9.4-րդ կետերը։
31 Տե՛ս սույն որոշման 8-8.2-րդ կետերը։
32 Տե՛ս սույն որոշման 11.1-11.2-րդ կետերը։
33 Տե՛ս սույն որոշման 15-16-րդ կետերը։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|