ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Ս. Մնոյան |
ԱՐԱԴ/0072/01/19 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
23 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էդիկ Խորենի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի օգոստոսի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 54103116 քրեական գործը։
1․1․ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, թիվ 54103116 քրեական գործի նյութերով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ենթադրյալ դեպքի առթիվ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 54101219 համարը։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Էդիկ Խորենի Ամիրխանյանը թիվ 54101219 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2019 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 54101219 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով Էդիկ Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ զրկելով հանքարդյունահանման ոլորտում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով։ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Է․Ամիրխանյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից: Վճռվել է դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել, ու Է․Ամիրխանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 7․528․654 (յոթ միլիոն հինգ հարյուր քսանութ հազար վեց հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
3․ Մեղադրյալ Է․Ամիրխանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 30-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը բեկանելու ու փոփոխելու մասին։ Ճանաչվել ու հռչակվել է Է․Ամիրխանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ներկայացված մեղադրանքում՝ մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։
Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Պապոյանը Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Այսպես, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալ Է․Ամիրխանյանին ներկայացված մեղադրանքը հաստատվում է քրեական վարույթով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների ամբողջությամբ, իսկ հակառակի մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնված է ենթադրությունների վրա։
Ըստ բողոքի հեղինակի՝ բողոքում վկայակոչված՝ սույն վարույթի փաստական տվյալները նախ հաստատում են, որ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը՝ առանց գործողության ժամկետի փոփոխության, այսինքն, մինչև 2017 թվականի մարտի 21-ը, փոխանցվել է «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, և երկրորդը, 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ Մաստարայի պեռլիտի հանքավայրի բացահանքի եզրագիծը մեկ այլ փորձագիտական եզրակացությամբ՝ 2017 թվականի ապրիլի 21-ի դրությամբ փաստագրված եզրագծի նկատմամբ փոփոխության է ենթարկվել։ Բացահանքի՝ հիշյալ օրերին փաստագրված եզրագծերի համակարգչային համադրումը ցույց է տվել, որ բացահանքը 2017 թվականի ապրիլի 21-ից հետո առանց համապատասխան թույլտվության շահագործվել է, ավելին, արձանագրվել է նաև արդյունահանման աշխատանքների տեղամասը։ Միաժամանակ հաստատվում է, որ այլ անձինք կամ կազմակերպություններ հիշյալ հանքավայր մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, որևէ գործողություն չեն իրականացրել, հանքավայրը գտնվել է մեղադրյալի հսկողության ներքո՝ գիշերային պահակություն իրականացնող աշխատակիցների ներգրավմամբ, հանքավայրի տարածքում է գտնվել մեղադրյալին պատկանող տեխնիկան և այնտեղ գործունեություն է իրականացրել բացառապես Է․Ամիրխանյանը։
Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ բողոք ներկայացրած անձը եզրահանգել է, որ ապացուցված է մեղադրանքում նշված ժամանակահատվածում մեղադրյալի կողմից առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, մասնավորապես, շահագործվել է Մաստարայի պեռլիտի հանքավայրը՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
5․1․ Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ 2017 թվականի հուլիսի 10-ի դրությամբ «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ունեցել է 15․800 խորանարդ մետր պեռլիտի ավազ, մինչդեռ այդ տեղեկատվությունը փորձագիտական համապատասխան եզրակացության մեջ բացակայում է՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ փորձագիտական եզրակացությունը հիմնավորված է և կասկած չի հարուցում, դրա հիմքում դրված ապացույցներն անթույլատրելի չեն ճանաչվել ու չի խախտվել փորձաքննության կատարման դատավարական կարգը։ Բացի այդ, անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական կազմին է տրամադրվել Մաստարայի պեռլիտի հանքավայրը, հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված պեռլիտի ավազի առկա ծավալին անդրադարձ կկատարվեր փորձագիտական եզրակացությամբ, ինչը չի կատարվել, ուստի նման զանգված առկա չի եղել։
5․2․ Է․Ամիրխանյանին ներկայացված մեղադրանքի որոշակիության առումով Վերաքննիչ դատարանի փաստարկի կապակցությամբ բողոքի հեղինակն արձանագրել է, որ մեղադրյալին վերագրված արարքը հատուկ սուբյեկտով հանցագործություն չէ, այսինքն, կարող է կատարվել և ֆիզիկական անձի և կազմակերպաիրավական ցանկացած ձև ունեցող իրավաբանական անձի ղեկավարի կամ աշխատակցի կողմից․ տվյալ դեպքում հաստատված է Է․Ամիրխանյանի կողմից ապօրինի ընդերքօգտագործումը, իսկ ընդերքօգտագործման նկատմամբ վերահսկողական գործառույթ իրականացնող պետական մարմնի կողմից դրան չարձագանքելը խոչընդոտ չէ քրեադատավարական համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու համար։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Էդիկ Ամիրխանյանին ներկայացված մեղադրանքի փաստական կողմը ձևակերպված է հետևյալ կերպ՝ վերջինս․ «21.04.2017-14.09.2018թթ. ժամանակահատվածում իրականացրել է առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործում, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:
Այսպես.
17.04.2013 թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի N 65-Ա հրամանով «ԳԵՎՈՐԳ-Ա» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքը, հավաստված 2005 թ. մարտի 21-ին տրամադրված ՇԱԹՎ-29/329 արդյունահանման թույլտվությամբ, ընդերքօգտագործման թիվ Պ-329 պայմանագրով և լեռնահատկացման թիվ Լ-329 ակտով, փոխանցվել է «Էդիկ Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը՝ գործողության ժամկետը թողնելով անփոփոխ՝ մինչև 21.03.2017 թ.: «Էդիկ Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Ամիրխանյանն ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարացման համար 11.11.2016թ. թիվ 01 գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, սակայն նրա դիմումը մերժվել է` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը բաց թողնելու հետևանքով: Էդիկ Ամիրխանյանը, չունենալով ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք, խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 20-րդ հոդվածի 1-ին մասի և 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, 2017թ. ապրիլի 21-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ շահագործել է Մաստարայի պեռլիտի հանքավայրը և հանքավայրից արդյունահանել է 7006 խորանարդ մետր պեռլիտ տեսակի օգտակար հանածո, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 7․528․654 ՀՀ դրամի վնաս պատճառելով՝ չի վճարել այդ գործունեության համար պարտադիր բնապահպանական ու բնօգտագործման վճարները` 7․028․654 ՀՀ դրամի չափով և հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարը 500․000 ՀՀ դրամի չափով»1:
8․ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/329 (նախկին 14/324) թույլտվության համաձայն՝ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է տրամադրվել Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը՝ մինչև 2017 թվականի մարտի 21-ը2։ Ըստ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ցուցակում փոփոխություն կատարելու մասին 2012 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1 արձանագրության՝ Է․Ամիրխանյանին է պատկանել այդ ընկերության բաժնեմասերի 5 տոկոսը3։
8․1․ «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության համաձայն՝ «(․․․) [Ը]նկերությ[ան] (․․․) հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Խորենի Ամիրխանյանը։
Ընկերությունը ստեղծվել է «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (․․․) առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան։
(․․․)
Ընկերության կանոնադրական կապիտալի 100% չափով միակ բաժնեմասը (բաժնեմասի անվանական արժեքը՝ 500․000 դրամ) պատկանում է Ընկերության հիմնադրին, որը հանդիսանում է ընկերության միակ մասնակիցը»4։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ 2013 թվականի ապրիլի 17-ի թիվ 65-Ա հրամանով «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրամադրված՝ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվել է «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գործողության ժամկետը թողնվելով անփոփոխ՝ մինչև 2017 թվականի մարտի 21-ը5։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի կողմից «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Է․Ամիրխանյանին հասցեագրված՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ի գրության համաձայն՝ «ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման Ձեր դիմումը մերժվում է, (․․․)»6։
9․ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից արված քաղվածքի համաձայն՝ «Ա Պեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, Է․Ամիրխանյանն է7։ Նույն ընկերության կանոնադրության համաձայն՝ «(․․․) 4․1․ Ընկերության կառավարման մարմիններն են Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և Ընկերության գործադիր մարմինը՝ Տնօրենը։
(․․․) 4․4․ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Տնօրենը (․․․)։
Տնօրենն իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել Ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ից»8։
10․ Դատահողագիտական, դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության թիվ ՀՄ 18-0912 եզրակացության՝ հետազոտական մասի համաձայն՝ «(․․․) [Քրեական գործով նախկինում կատարված] թիվ 16-3453 փորձաքննության շրջանակներում, 2017 թվականի ապրիլի 21-ին կատարված փորձաքննության հետազոտությունների օրվա դրությամբ՝ «Էրիկ Ամիրխանյան» ՍՊԸ-ին պատկանող Մաստարայի պեռլիտի հանքավայրի բացահանքն ունեցել է հետևյալ եզրագիծը։
(․․․) Արդյունահանված տեղամասի ընդհանուր մակերեսը կազմել է 1․73հա։
(․․․)
Համաձայն ելակետային տվյալների՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ բացահանքի եզրագիծը՝ 21․04․2017 թ-ին փաստարկված եզրագծի նկատմամբ փոփոխվել է։
(․․․)
14․09․2018 թ-ի դրությամբ՝ հանքավայրի արդյունահանված տարածքի (բացահանքի) ընդհանուր մակերեսը կազմում էր 1․88հա։
Նախորդ և ներկայիս (․․․) եզրագծերի համակարգչային համադրումը ցույց է տալիս, որ բացահանքը նախորդ փորձաքննությունից հետո (21․04․2017թ) շահագործվել է։
(․․․) Համաձայն համադրման արդյունքների՝ վերոնշյալ ժամանակահատվածում օգտակար հանածոյի արդյունահանված տեղամասի մակերեսը կազմել է 0․15հա, (․․․)։
Շահագործված հատվածն ամբողջությամբ գտնվում է «Էդիկ Ամիրխանյան» ՍՊԸ-ի լեռնահատկացման սահմաններում։
(․․․)
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել են տարածքներ հանածոյի արդյունահանման թարմ հետքերով (պարզ նկատվում են ծանր տեխնիկայի օգտագործման թարմ հետքեր)» 9։
10․1․ Նույն եզրակացության՝ «հետևություններ» բաժնի համաձայն՝ «(․․․) 21․04․2017-14․09․2018թթ ժամանակահատվածում հանքավայրը շահագործվել է» Շահագործման աշխատանքները կատարվել են «Էդիկ Ամիրխանյան» ՍՊԸ-ի լեռնահատկացման սահմաններում։ (․․․)։
(․․․)
Փորձագետների կողմից հանքավայրում կատարված փորձագիտական հետազոտությունների արդյունքներով՝ 21․04․2017-14․09․2018թթ ժամանակահատվածում հանքավայրի 0․15հա մակերեսով տեղամասից արդյունահանվել է 8731․0խմ լեռնային զանգված, որն իր մեջ ներառում է տեղամասի մակաբացման ապարանքը և օգտակար հանածոն։
(․․․)
Մակաբացման ապարների 1․15մ միջին հզորության պայմաններում ընկերության կողմից արդյունահանված 8731․0խմ լեռնային զանգվածից 1725․0խմ կազմում են մակաբացման ապարները, 7006․0խմ-ը՝ օգտակար հանածոն։ Բնամասերում 27․8% նախագծային կորուստների հաշվարկի պայմաններում ստացվում է, որ 21․04․2017-14․09․2018թթ ժամանակահատվածում հանքավայրում մարվել է 8955․3խ․մ օգտակար հանածո (պեռլիտ), այդ թվում՝ արդյունահանվել է 7006․0խմ պեռլիտ, նախագծային կորուստները բնամասերում կազմել են 1947․7խմ։
(․․․)
Ընդերքի շահագործման իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/329 թույլտվություն, թիվ ԼՎ-329 լեռնահատկացման ակտ, թիվ Պ-329 ընդերքօգտագործման պայմանագիր) ուժի մեջ են եղել մինչև 2017 թ․ մարտի 21-ը, հետևաբար՝ նշված ժամկետից մինչև 2018 թ-ի սեպտեմբերի 14-ը (փորձաքննության իրականացման օրը) ընդերքը շահագործվել է առանց շահագործման իրավունքի»10։
11․ Մեղադրյալ Է․Ամիրխանյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ 2017 թվականի մարտի 21-ից, այսինքն, ընդերքօգտագործման իրավունքը դադարելուց հետո Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրում պեռլիտ չի քանդվել և չի տեղափոխվել։ Բացառված է փորձագետների կողմից նշված ծավալի պեռլիտ արդյունահանված կամ գողացված լինի, քանի որ նման ծավալի պեռլիտ, ինչը կազմում է մոտ 700 մեքենա, աննկատ տեղափոխել հնարավոր չէ։
Վկա, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար, Ա․Պապիկյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ համայնքի տարածքում պեռլիտի արդյունահանմամբ և մշակմամբ է զբաղվել նաև «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Վերջին տարիներին Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը պատկանել է Է․Ամիրխանյանին։ Բացառված է այլ անձի կամ կազմակերպության կողմից հանքավայրի աննկատ շահագործումը։
Վկա Ա․Ավետիսյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ 2018 թվականի ընթացքում, որպես բեռնիչի վարորդ, պարբերաբար աշխատել է Է․Ամիրխանյանի ղեկավարած ընկերության քարի արտադրամասում։ Աշխատելու ընթացքում չի տեսել, որ Է․Ամիրխանյանի կողմից շահագործած հանքավայրից այլ անձինք հանքաքար տեղափոխեն։
Վկա Ա․Գևորգյանն իր ցուցմունքով, ի թիվս այլնի, հայտնել է, որ 2017-2018 թվականների ընթացքում, որպես գիշերային պահակ, աշխատել է Է․Ամիրխանյանի ղեկավարած ընկերությունում։ Աշխատելու ժամանակ, այսինքն, գիշերային ժամերին, չի տեսել, որ Է․Ամիրխանյանի կողմից շահագործած հանքավայրից այլ անձինք հանքաքար տեղափոխեն։
Վկա Ա․Գևորգյանի ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև վկա Ս․Հովհաննիսյանը, ով 2018 թվականի ապրիլից աշխատել է Է․Ամիրխանյանի ղեկավարած ընկերությունում՝ որպես գիշերային պահակ11։
11.1. Է․Ամիրխանյանի մասնակցությամբ կատարված զննության արձանագրության համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 6-ին «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պեռլիտի հանքաքարի մշակման արտադրամասից նույն ընկերության տնօրեն Է․Ամիրխանյանի կողմից կատարվել է պեռլիտի ավազի և խճի տեղափոխում դեպի երկաթուղու բեռների բարձման կայարան և դրանց բարձում երկաթուղային վագոններ։ Նույն ժամանակ Մաստարայի պեռլիտի հանքավայրում եղել է մեկ էքսկավատոր և մեկ էլեկտրական եռակցման սարք12։
12․ Առաջին ատյանի դատարանն իր մեղադրական դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) [Գ]նահատելով սույն քրեական գործով հետազոտված ապացույցները, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների և դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալ Էդիկ Ամիրխանյանի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդվածների պահանջները, [Առաջին ատյանի] դատարանն ապացուցված է համարում Է․Ամիրխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն այն բանի համար, որ նա 21.04.2017-14.09.2018թթ. ժամանակահատվածում իրականացրել է առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործում, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի` 7․528․654 ՀՀ դրամի վնաս պատճառելով:
(․․․)
(․․․) [Հ]աշվի առնելով, որ ամբաստանյալ Է․Ամիրխանյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-ին մասով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով, ՀՀ նոր քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ է նախատեսված՝ ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում, կամ ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, այսինքն, նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Է․Ամիրխանյանը պետք է մեղավոր ճանաչվի 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով»13:
13․ Վերաքննիչ դատարանն իր արդարացման դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) [Մ]իայն դատահողագիտական, դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության թիվ 18-0912 եզրակացությունն է հիմք տալիս արձանագրելու, որ 21․04․2017-14․09․2018թթ․ ժամանակահատվածում Մաստարայի պեռլիտի հանքավայրն առանց հատուկ թույլտվության շահագործվել է, սակայն այդ եզրակացությունը չի պարունակում տվյալներ այն մասին, թե ու՞մ կողմից է այն շահագործվել։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Էդիկ Ամիրխանյանին 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից չի երևում, թե վերջինիս 21․04․2017-14․09․2018թթ․ ժամանակահատվածում պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել որպես «Էդիկ Ամիրխանյան» ՍՊ ընկերության տնօրենի, թե որպես ֆիզիկական անձ Է․Ամիրխանյանի։
Քրեական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ 21․04․2017-14․09․2018թթ․ ժամանակահատվածում Մաստարայի պեռլիտի հանքավայրը որևէ ձևով հանձնված է եղել «Էդիկ Ամիրխանյան» ՍՊ ընկերության կամ Է․Ամիրխանյան ֆիզիկական անձի տիրապետմանը կամ նա որևէ ձևով պատասխանատու է եղել այդ հանքավայրի համար։
Ինչ վերաբերում է քննիչի կողմից 06․04․2018թ․ կազմված զննության արձանագրությանը, որի համաձայն՝ «(․․․) [Զ]ննության պահին «Ա-Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Է․Ամիրխանյանի կողմից իրականացվել է պեռլիտի ավազի և խճի տեղափոխում Արագածավան գյուղի տարածքում գտնվող երկաթուղու բեռների բարձման կայարան և դրանց բարձում թվով 10 բեռնատար վագոնների մեջ (․․․)», ապա Է․Ամիրխանյանի ցուցմունքի համաձայն՝ «(․․․) [Ա]յդ ժամանակ արտադրամասը վաճառված է եղել «Ա-Պեռլիտ» ՍՊ ընկերությանը և իրացումը կատարվել է այդ ընկերության կողմից (․․․)»։
Բացի այդ, քրեական գործում առկա է 10․07․2017թ․ կազմված՝ ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, որի համաձայն՝ «Էդիկ Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը «Ա-Պեռլիտ» ՍՊ ընկերությանն է վաճառել նաև 15․800 խմ պեռլիտի ավազ։
Այս փաստը հիմք է տալիս գալու այն եզրահանգման, որ «Էդիկ Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը 10․07․2017թ․ ունեցել է 15․200 խմ պեռլիտի ավազ, որի մասին տվյալները դատահողագիտական, դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության թիվ 18-0912 եզրակացության մեջ բացակայում են, և այն զգալիորեն ավելի մեծ քանակություն է, քան 21․04․2017-14․09․2018թ․ առանց հատուկ թույլտվության արդյունահանված 7006 խմ պեռլիտը։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ 21․04․2017-14․09․2018թթ․ ժամանակահատվածում (մոտավորապես 1 տարի և 5 ամիս) ապօրինի ընդերքօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին ֆիքսել և օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ է ձեռնարկել Մաստարայի պեռլիտի հանքավայրի՝ առանց թույլտվության շահագործման կապակցությամբ։
(․․․)
Այսպիսով՝ ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները:
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Է․Ամիրխանյանի կողմից 21․04․2017-14․09․201թթ․ ժամանակահատվածում Մաստարայի պեռլիտի հանքավայրն առանց հատուկ թույլտվության շահագործելու (զուգորդված պետությանն առանձնապես խոշոր վնաս պատճառելով) վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը ենթադրություն է, քանի որ այն չի հաստատվում գործում առկա և դատարանում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտված, փոխկապակցված, թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ: Այլ կերպ ասած՝ հիշյալ հանգամանքների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտ առկա է չփարատված կասկած, ուստի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի հիման վրա և «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու» (in dubio pro reo) կանոնի կիրառմամբ այն պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Է․Ամիրխանյանի»14:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Պապոյանը Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի՝ գտնելով, որ Է․Ամիրխանյանին ներկայացված մեղադրանքն ապացուցված է քրեական վարույթով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով15։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Է․Ամիրխանյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
15․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Է․Ամիրխանյանին վերագրվող արարքը նրա կողմից կատարելն ապացուցված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
16․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 25-րդ հոդվածը սահմանում է. «1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով»:
Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի ու մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով16:
16.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է. «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:
Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին17:
17․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Է․Ամիրխանյանին մեղադրանք է ներկայացվել 2017 թվականի ապրիլի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որը զուգորդվել է Հայաստանի Հանրապետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով։ Մասնավորապես, «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2017 թվականի մարտի 21-ը գործողության ժամկետով փոխանցված Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նույն ընկերության տնօրեն Է․Ամիրխանյանի դիմումն իրավասու պետական մարմնի կողմից մերժվելուց հետո վերջինս, չունենալով նշված հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք, խախտելով վերաբերելի նորմատիվ իրավական ակտերի պահանջները, 2017 թվականի ապրիլի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ը շահագործել է Մաստարայի պեռլիտի հանքավայրը՝ արդյունահանելով 7006 խորանարդ մետր պեռլիտ տեսակի օգտակար հանածո18,
- դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել վերագրված հանցանքը կատարելու մեջ Է․Ամիրխանյանի մեղավորությունը19,
- վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ մեղադրական դատական ակտը հիմնված է ենթադրությունների վրա, քանի որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հաստատվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրն առանց համապատասխան թույլտվության շահագործվել է Է․Ամիրխանյանի կողմից։ Որպես հիմնավորում նշվել է, որ փորձագիտական համապատասխան եզրակացությամբ արձանագրված է հանքավայրն առանց թույլտվության շահագործելու փաստը, սակայն չի պարունակում տվյալներ թե ու՞մ կողմից է շահագործվել։ Մեղադրանքի փաստական նկարագրությունն այդ առումով ևս որոշակի չէ, քանզի պարզ չէ, թե ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեղադրանքը ներկայացվել է «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, թե ֆիզիկական անձ Է․Ամիրխանյանին։ Վերոգրյալի հետ մեկտեղ, վարույթի նյութերում առկա չէ փաստական տվյալ առ այն, որ մեղադրանքում նշված ժամանակահատվածում հանքավայրը որևէ ձևով հանձնված է եղել «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ Է․Ամիրխանյանի տիրապետմանը կամ վերջինս որևէ ձևով պատասխանատու է եղել այդ հանքավայրի համար։ Ինչ վերաբերում է զննության արձանագրությամբ փաստարկված այն հանգամանքին, որ 2018 թվականի ապրիլի 6-ին Է․Ամիրխանյանն իրականացրել է պեռլիտի ավազի և խճի տեղափոխում, ապա այդ առումով Է․Ամիրխանյանը պարզաբանել է, որ այդ ժամանակ արտադրամասը վաճառված է եղել «Ա-Պեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և իրացում կատարվել է այդ ընկերության կողմից։ Բացի այդ, «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2017 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ունեցել է 15․200 խորանարդ մետր պեռլիտի ավազ, որն ավելի մեծ քանակություն է, քան մեղադրանքում նշված ծավալը, մինչդեռ այդ տեղեկատվությունը դուրս է մնացել դատական փորձաքննության շրջանակներից։ Վերաքննիչ դատարանը նաև նկատել է, որ 2017 թվականի ապրիլի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ընդերքօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող որևէ պետական մարմին չի արձանագրել Մաստարայի պեռլիտի հանքավայրի՝ առանց թույլտվության շահագործվելու փաստը20։
18․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Է․Ամիրխանյանի կողմից նրան ներկայացված մեղադրանքում նկարագրված արարքը կատարելն ապացուցված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը մեղադրյալի անմեղության վերաբերյալ հետևության հանգելիս պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը:
Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը, վերագրված հանցանքը կատարելու մեջ մեղադրյալ Է․Ամիրխանյանի մեղավորության հարցում հանգել է ճիշտ հետևության՝ իրավացիորեն փաստելով, որ մեղադրյալ Է.Ամիրխանյանը 2017 թվականի ապրիլի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ն առանց հատուկ թույլտվության իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն, այն է՝ շահագործել է Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:
18․1․ Այսպես` վարույթի փաստական տվյալներից հետևում է, որ Է․Ամիրխանյանը «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրն է և հանդիսանում է ընկերության միակ մասնակիցը՝ իրականացնելով ընկերության կառավարումը։ Ընկերությունը ստեղծվել է մեկ այլ՝ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առանձնացման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը21։ Վերակազմակերպման արդյունքում, 2013 թվականի ապրիլի 17-ին, «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է փոխանցվել «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվությունը․ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը թողնվել է անփոփոխ՝ մինչև 2017 թվականի մարտի 21-ը22։ Հատկանշական է, որ Է․Ամիրխանյանը մասնակցություն է ունեցել նաև «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում23։ Մաստարայի պեռլիտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Է․Ամիրխանյանի դիմումն իրավասու պետական մարմնի կողմից մերժվել է24։ «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության վայրում՝ մեղադրանքում նշված ժամանակահատվածում, գործունեություն է ծավալել նաև «Ա Պեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Այս առումով ուշագրավ է, որ ըստ մեղադրյալ Է․Ամիրխանյանի ցուցմունքի՝ «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող պեռլիտի հանքաքարի մշակման արտադրամասը վաճառվել է «Ա Պեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, և առնվազն 2018 թվականի ապրիլի 6-ի դրությամբ այդ ընկերությունը նշված արտադրամասից պեռլիտի ավազի և խճի տեղափոխում է իրականացրել, իսկ այդ գործընթացը ղեկավարվել է Է․Ամիրխանյանի կողմից25։ «Ա Պեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, դարձյալ մեղադրյալ Է․Ամիրխանյանն է, ով ի պաշտոնե օժտված է ընկերության կառավարման, այդ թվում՝ ընթացիկ գործունեության ղեկավարման գործառույթով, և իրավունք է ունեցել առանց հատուկ լիազորության որոշակի գործարքներ կատարել ընկերության անունից26։
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրում տարբեր ժամանակահատվածներում գործունեություն ծավալած վերը նշված երեք ընկերություններում Է․Ամիրխանյանն ունեցել է որոշակի մասնակցություն։ Մասնավորապես, առաջին դեպքում հանդիսացել է բաժնեմասերի սեփականատեր, երկրորդ դեպքում՝ ընկերության հիմնադիրը և միակ մասնակիցը՝ իրականացնելով ընկերության կառավարումը, և երրորդ դեպքում՝ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը՝ ունենալով առանց լիազորության գործարքներ կատարելու հնարավորություն։ Հատկանշական է նաև, որ «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առանձնացման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը։ Ստացվում է, որ Մաստարայի պեռլիտի հանքավայրի տարածքում գործունեություն ծավալած առնվազն վերջին երկու ընկերություններում Է․Ամիրխանյանն օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ավելին, ընդերքօգտագործման իրավունքը պատկանել է հենց մեղադրյալ Է․Ամիրխանյանի հիմնադրած և նրա կողմից միանձնյա կառավարվող ընկերությանը։ Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նկատել, որ մեղադրյալ Է․Ամիրխանյանը, հանդիսանալով Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործող ընկերության միանձնյա ղեկավար, հաստատապես տեղեկացված է եղել հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները՝ 2017 թվականի մարտի 21-ից հետո դադարեցնելու պարտականության մասին։
Մինչդեռ, թիվ ՀՄ 18-0912 փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի բացահանքի եզրագիծը 2017 թվականի ապրիլի 21-ի դրությամբ փաստագրված եզրագծի նկատմամբ փոփոխության է ենթարկվել, հետևաբար, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության գործողությունը դադարելուց հետո հանքավայրը շահագործվել է։ Բացահանքի՝ փաստագրված եզրագծերի համակարգչային համադրումը ցույց է տվել, որ հիշյալ օրերի միջև ընկած ժամանակահատվածում շահագործված տեղամասի մակերեսը կազմել է 0,15 հեկտար, որն ամբողջությամբ գտնվել է այն տեղամասի սահմաններում, որը որոշված է «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ լեռնահատկացման ակտով, իսկ արդյունահանված պեռլիտի զանգվածը կազմել է 7006 խորանարդ մետր։ Ավելին, 2018 թվականի սեպտեմբերի 14-ին, Մաստարայի պեռլիտի հանքավայրում ակնադիտական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են հանածոյի արդյունահանման թարմ հետքերով տարածքներ, նկատվել են նաև ծանր տեխնիկայի օգտագործման հետքեր27։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ նշված ժամանակահատվածում այլ անձինք կամ կազմակերպություններ հիշյալ հանքավայր մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, որևէ գործողություն չեն իրականացրել, հանքավայրը գտնվել է մեղադրյալ Է․Ամիրխանյանի հսկողության ներքո՝ գիշերային պահակություն իրականացնող աշխատակիցների ներգրավմամբ, հանքավայրի տարածքում գործունեություն են ծավալել Է․Ամիրխանյանի ղեկավարած ընկերությունները և այդտեղ է գտնվել նրանց պատկանող տեխնիկան։
18․2․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը բացառապես Է․Ամիրխանյանի հիմնադրած ընկերության պատկանելը, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության գործողությունը դադարելուց հետո հանքավայրից օգտակար հանածոներ արդյունահանվելը, հանքավայրը մեղադրյալի հսկողության տակ գտնվելը, հանքավայրում մեղադրյալի հետ չփոխկապակցված անձանց կամ կազմակերպությունների կողմից գործունեություն չծավալելը, ինչպես նաև՝ մեղադրանքում նշված ծավալի օգտակար հանածո աննկատ արդյունահանելու անհնարինությունը, ինչը պնդել է մեղադրյալը, հաստատում է ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության գործողությունը դադարելուց հետո՝ մեղադրանքում նշված ժամանակահատվածում, Մաստարայի պեռլիտի հանքավայրն Է․Ամիրխանյանի կողմից առանց հատուկ թույլտվության շահագործվելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը, քանի որ Մաստարայի պեռլիտի հանքավայրում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեցել է միայն Է․Ամիրխանյանը՝ իր կողմից ղեկավարվող ընկերությունների միջոցով։
19․ Ինչ վերաբերում է Է․Ամիրխանյանին ներկայացված մեղադրանքի որոշակիության առումով Վերաքննիչ դատարանի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված մեղադրանքում հստակ ձևակերպված է, որ Է․Ամիրխանյանը, չունենալով Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք, շահագործել է այն՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։ Այս համատեքստում ուշագրավ է նաև բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ մեղադրյալին վերագրված արարքը հատուկ սուբյեկտով հանցագործություն չէ, այսինքն՝ արարքը կարող է կատարվել և՛ ֆիզիկական անձի, և՛ կազմակերպաիրավական ցանկացած ձև ունեցող իրավաբանական անձի ղեկավարի կամ աշխատակցի կողմից։ Տվյալ դեպքում, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է մեղադրյալ Է․Ամիրխանյանի կողմից ապօրինի ընդերքօգտագործումը։
Անդրադարձ կատարելով արդարացման դատական ակտի հիմքում դրված մեկ այլ փաստարկին, ըստ որի՝ վարույթի նյութերով ապացուցված չէ, որ Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրը հանձնված է եղել «Էդիկ Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ Է․Ամիրխանյանի տիրապետմանը կամ վերջինս պատասխանատու է եղել այդ հանքավայրի համար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանքավայրը ընդերքօգտագործողի տիրապետման հանձնված կամ նրա կողմից այդ հանքավայրի նկատմամբ պարտավորություններ ստանձնած չլինելն ընդերքօգտագործման ապօրինությունը բացառող հանգամանք չէ, և երկրորդը, վարույթի նյութերով հաստատված է, որ մեղադրանքում նշված ժամանակահատվածում Մաստարայի պեռլիտի հանքավայրում գործունեություն ծավալելու հնարավորություն է ունեցել միայն մեղադրյալ Է․Ամիրխանյանը՝ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունների միջոցով։
Ինչ վերաբերում է 2018 թվականի ապրիլի 6-ին պեռլիտի ավազի և խճի տեղափոխման աշխատանքները «Ա Պեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված լինելուն՝ հարկ է կրկնել, որ այդ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մեղադրյալ Է․Ամիրխանյանն է, ով ի պաշտոնե օժտված է եղել ընկերության կառավարման, այդ թվում՝ ընթացիկ գործունեությունը ղեկավարելու գործառույթով։ Բացի այդ, նշված տեղեկատվության ապացուցողական արժեքը ոչ միայն հանքանյութի տեղափոխման փաստի արձանագրումն է, այլ նաև մեղադրանքի մեջ ընդգրկված ժամանակահատվածում՝ 2018 թվականի ապրիլի 6-ին, մեղադրյալի՝ դեպքի վայրում գտնվելու և աշխատանքներ կազմակերպելու ու ըստ այդմ, Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրի ապօրինի շահագործման փաստի հաստատումն է։ Ընդ որում, վերը նշված տեղեկատվությունը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է փոխկապակցվեր 2018 թվականի սեպտեմբերի 14-ին հանքավայրում հանածոյի արդյունահանման թարմ հետքերով տարածքներ և տեխնիկայի օգտագործման հետքեր հայտնաբերված լինելու փաստերի հետ։
Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ 2017 թվականի հուլիսի 10-ի դրությամբ Է․Ամիրխանյանի հիմնադրած ընկերությունն ունեցել է մեղադրանքում նշված ծավալը գերազանցող ծավալի պեռլիտի ավազ, սակայն այդ հանգամանքը դուրս է մնացել փորձագիտական թիվ ՀՄ 18-0912 եզրակացության առարկայից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը չի պատճառաբանել, թե ընկերության հաշվեկշռում որոշակի ծավալի հանքանյութի առկայությունն ինչպե՞ս է կասկածի տակ դնում փորձագետների հետևությունն առ այն, որ 2017 թվականի ապրիլի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ն Արագածոտնի մարզի Մաստարայի պեռլիտի հանքավայրը շահագործվել է ապօրինի։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ իրավասու պետական մարմնի կողմից ապօրինի ընդերքօգտագործմանը չարձագանքելը քրեադատավարական համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու խոչընդոտ չէ, ուստի, Վերաքննիչ դատարանի վերաբերելի պնդումը ևս Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստարկ չէ։
20․ Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Է․Ամիրխանյանին վերագրվող արարքը նրա կողմից կատարելն ապացուցված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ։
21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ճանաչելով և հռչակելով Է․Ամիրխանյանի անմեղությունն այն փաստական հանգամանքներով, որոնք դրված էին մեղադրանքի հիմքում, թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ և 127-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա։ Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանելու համար։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Էդիկ Խորենի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 31-42:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 19:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 26-27:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 5-17:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 18:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 163:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 225-226:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 227-230:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 161-174:
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 161-174:
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 138-148:
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 195-202:
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 138-148:
14 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 51-87:
15 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 125-141:
16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 ու Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:
17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշումները:
18 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
19 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
20 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
21 Տե՛ս սույն որոշման 8․1-րդ կետը:
22 Տե՛ս նույն տեղում:
23 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
24 Տե՛ս սույն որոշման 8․1-րդ կետը:
25 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 77-80 և սույն որոշման 11․1-րդ կետը:
26 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
27 Տե՛ս սույն որոշման 10-րդ և 10․1-րդ կետերը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: