ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաննախագահող դատավոր` Ս. Գզոգյան |
ԵԴ1/0701/06/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
9 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ Մանուկ Ալբերտի Նալբանդյանի պաշտպան Մ.Ամիրյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է թիվ 11808723 քրեական վարույթը:
2023 թվականի օգոստոսի 21-ին Մանուկ Ալբերտի Նալբանդյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
Նույն օրը որոշում է կայացվել Մ.Նալբանդյանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու մասին:
2023 թվականի օգոստոսի 22-ին թիվ 11808723 քրեական վարույթի նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է թիվ 11809423 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 11808723 քրեական վարույթին։
Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Դ.Թադևոսյանի՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ, Մ.Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և հաջորդ օրը նրան մեղադրանք է ներկայացվել։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Մ.Նալբանդյանի ձերբակալումը ճանաչվել է իրավաչափ, բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և մեղադրյալ Մ.Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և Մ.Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 21-ը։
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարանի)՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն և մեղադրյալ Մ.Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, համակցված գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների հետ՝ գրավի չափ սահմանելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը: Մ.Նալբանդյանը պարտավորեցվել է չլքել իր բնակարանը: Տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում մեղադրյալ Մ.Նալբանդյանին արգելվել է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակարանում հյուրընկալել այլ անձանց (բացառությամբ իր պաշտպանի):
4. Դատախազ Դ.Թադևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը, կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը, մեղադրյալ Մ.Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի կրման սկիզբը հաշվելով սույն որոշման հիմքով վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հաշվակցելով տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, իսկ սահմանված 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գրավը վերադարձվել է գրավատուին։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Մ.Նալբանդյանի պաշտպան Մ.Ամիրյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ հիմնավորումներով.
6. Բողոքաբերը նշել է, որ սույն բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես՝ քրեադատավարական օրենքի 116-րդ և 118-րդ հոդվածներով սահմանված պահանջների էական խախտում, որոնք ազդել են գործի ելքի վրա:
6.1. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններից, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը պետք է դատական ակտը վերանայեր բողոքաբերի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, որոնք վերաբերում են մեղադրյալի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցը փոխելու իրավաչափությանը, ուստի Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքում:
6.2. Ըստ բողոքաբերի՝ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազ Դ. Թադևոսյանն իր բողոքի՝ «3. Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները» վերտառությամբ բաժնում ընդհանրապես չի անդրադարձել և անգամ չի հիշատակել այն հանգամանքը, որ ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ Մանուկ Նալբանդյանը նախկինում դատապարտված է եղել, իսկ ներկայումս նրա վերաբերյալ դատարանի վարույթում են գտնվում երկու քրեական գործեր, որոնց շրջանակում նա մեղադրվում է գողության և գերեզմանն անարգանքի ենթարկելու հոդվածներով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, մատնանշելով, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանի վերաբերյալ ինֆորմացիոն կենտրոնում առկա տվյալները չեն կարող հաշվի չառնվել հնարավոր կրկնահանցագործության կատարման ռիսկը գնահատելու ժամանակ՝ դիտարկելով այն որպես փաստական հանգամանք, որոշել է բավարարել դատախազի բողոքը, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Բողոքաբերը եկել է եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումները պարունակում են էական փաստարկներ, որոնք հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում ներկայացված չեն, ուստի Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 4-րդ մասով և 359-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավական պահանջը:
6.3. Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության այն մասին, որ Մ.Նալբանդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ տնային կալանքը համակցված գրավի և բացակայելու արգելքի հետ, կարող են բավարար երաշխիք հանդիսանալ ապահովելու վերջինիս պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում և չեզոքացնել քրեական գործի քննությանը խոչընդոտելու վտանգը:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Մանուկ Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հետևյալ արարքի կատարման համար. «(...) [Ն]ա շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 1,75 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Այսպես.
Մանուկ Նալբանդյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, պահել և 2023 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխել է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707 որոշման 1-ին հավելվածով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով՝ 1.75 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը Երևանյան լճին հարակից Շենգավիթ փողոցում, Օնիկ Հակոբյանի կողմից շահագործվող «Օպել» մակնիշի, 88 UF 886 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ, այն Օնիկ Հակոբյանի և Շահանե Միսկարյանի կողմից տարածելու նպատակով փոխանցել է Օնիկ Հակոբյանին, ով Շահանե Միսկարյանի հետ նախնական համաձայնությամբ` խմբի կազմում, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով, թմրամիջոցն ապօրինի տարածելու համար, այն ապօրինի կերպով ձեռք բերելով Մանուկ Նալբանդյանից, միմյանց փոխլրացնող գործողություններով, կշռել, 15 նրբաթիթեղների մեջ են լցրել հիշյալ թմրամիջոցի տարբեր չափաքանակներ, որոնք փաթաթել են սև գույնի կպչուն ժապավենով, ինչպես նաև 1 «ZIP» փականով պոլիէթիլենային թաղանթից փաթեթի մեջ են լցրել հիշյալ թմրամիջոցի չափաքանակ, ինչից հետո նույն օրը հայտնաբերվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հիշատակված փաթեթները հայտնաբերվել և վերցվել են Օնիկ Հակոբյանի անձնական խուզարկությամբ»1:
9. Առաջին ատյանի դատարանը, քննելով միջնորդությունը, արձանագրել է հետևյալը. «(…) [Հ]աշվի առնելով մեղադրյալին մեղսագրված արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, խափանման միջոց ընտրելու հիմնավորումները՝ Դատարանը գտնում է, որ այս պայմաններում շարունակվում է առկա լինել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ մատնանշած հիմքերը և հիմնավորումները, (…) Դատարանը հիմնավոր է համարում քրեական վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն առ այն, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և իր վրա օրենքով դրված պարտականությունները չկատարելով։ Նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ դեռևս պետք է պարզել դեպքի կատարման բոլոր հանգամանքները, հնարավոր մեղսակից անձանց ողջ շրջանակը, թմրանյութեր ապօրինի իրացրած մյուս անձանց ինքնությունը։
Դատարանը հիմնավոր է համարում քրեական վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն առ այն, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք: Նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ դատվածության տեղեկանքից երևում է, որ Մանուկ Նալբանդյանը նախկինում դատապարտվել է, թեև դատվածությունը մարված է, բացի այդ, նրա վերաբերյալ երկու այլ քրեական գործ է գտնվում նախաքննության փուլում։
Հետևաբար, նման պայմաններում առկա է երկու հիմք, որ մեղադրյալ Մանուկ Ալբերտի Նալբանդյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և իր վրա օրենքով դրված պարտականությունները չկատարելու և կատարել նոր հանցանք։
(…)
Վերոգրյալի հետ մեկտեղ, Դատարանը հարկ է համարում նշել, որ արդեն իսկ հարցաքննվել են գործով անցնող, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկությունների տիրապետող անձինք, որի արդյունքում ձեռք են բերվել արժեքավոր ապացույցներ, ուստի, նախաքննական մարմնի կողմից արված ենթադրությունը՝ մեղադրյալ Մ.Նալբանդյանի կողմից վարույթի մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին էականորեն նվազել է:
(…)
Որոշմամբ շարադրված իրավադրույթների և Վճռաբեկ դատարանի մոտեցումների համատեքստում գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հիմք ընդունելով կալանավորման՝ քննարկվող միջնորդությամբ ներկայացված հիմքերի կապակցությամբ շարադրված վերլուծությունը՝ Դատարանն անթույլատրելի է համարում այս դեպքում անձի նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի կիրառումը: Դատարանի վերջին դատողությունը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ Մ.Նալբանդյանն արդեն շուրջ չորս ամիս գտնվել է անազատության մեջ, ինչն ըստ Դատարանի բավարար էր նախաքննական մարմնին բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար: Բացի այդ, ըստ էության, նախաքննական մարմինը պետք է ամփոփի ձեռք բերած տվյալները, այսինքն՝ կատարի փաստաթղթային աշխատանք, որի պարագայում, հաշվի առնելով ամբողջ վերը նշվածը, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանի կողմից վարույթին խոչընդոտելու վտանգը էապես նվազում է՝ հաշվի առնելով հաստատված հիմնավորումները:
(…)
Այլ խոսքով՝ Դատարանը գտնում է, որ այլ խափանման միջոցը կարող է բավարար երաշխիք հանդիսանալ՝ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում և չեզոքացնելու քրեական գործի քննությանը խոչընդոտելու վտանգը: Հետևաբար մեղադրյալ Մ.Նալբանդյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Քննիչի միջնորդությունը պետք է բավարարել մասնակիորեն և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառել տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով համակցված գրավի և բացակայելու արգելք խափանման միջոցների հետ՝ գրավի չափ սահմանելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի գումարը (…)»2:
10. Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ նշելով հետևյալը. «(…) Մասնավորապես, գտնում եմ, որ Դատարանի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ հետևությունները բավարար չափով պատճառաբանված չեն:
Այսպես, առավելապես համաձայնելով Դատարանի՝ խնդրո որոշմամբ արտահայտված մի շարք դիրքորոշումների հետ, այդուհանդերձ, հարկ է փաստել, որ վարույթն իրականացնող քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարացնելու վերաբերյալ հիշյալ միջնորդությունը պատճառաբանել է կատարված թվային խուզարկությամբ հայտնաբերված տվյալների կապակցությամբ դրանցում նշված անձանց ինքնությունը և կատարված ենթադրյալ հանցագործություններին առնչակցությունը պարզելու, Մանուկ Նաշբանդյանին ապօրինի թմրամիջոցներ իրացրած անձին կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև վերջինիցս թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերած անձանց ողջ շրջանակը պարզելու, Մանուկ Նալբանդյանի և մյուսների գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու և վարույթի վերջնական ընթացքը լուծելու անհրաժեշտությամբ, ինչն իր հերթին, նախատեսում է և չի բացառում հետագա քննության ընթացքում այդպիսի անձանց հարցաքննելու անհրաժեշտություն։ Նշվածը հիմք է տալիս չհամաձայնել մեղադրյալ Մ.Նալբանդյանի կողմից վարույթի մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն էականորեն նվազելու, ինչպես նաև քննիչի կողմից բացառապես փաստաթղթային աշխատանք նախատեսված լինելու վերաբերյալ Դատարանի հետևությունների հետ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ միաժամանակ քննիչի կողմից քննության ընթացքում պատշաճ ջանասիրության առկայությունը և մեղադրյալի կողմից քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունն արձանագրելու պայմաններում, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցն առավել մեղմով (թեկուզև՝ այլ խափանման միջոցների հետ զուգակցված) փոխարինելու անհրաժեշտությունը, գտնում եմ, բավարար չափով պատճառաբանված չէ, ինչն էլ հանգեցրել է տվյալ դեպքում անհրաժեշտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու:
Այսպիսով, Դատարանը, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ միջնորդությունը մասնակի բավարարելով, թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է քրեական վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»3:
11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Անդրադառնալով մեղադրյալ Մ.Նալբանդյանի նկատմամբ կիրառված և հատուկ վերանայման բողոքում Բողոքաբերի կողմից վիճարկվող համակցված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման իրավաչափության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է գործում առկա տվյալներից բխող ոչ իրավաչափ հետևության։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ըստ դատական գործում առկա ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ մեղադրյալ Մանուկ Նալբանդյանը նախկինում դատապարտված է եղել, իսկ ներկայումս նրա վերաբերյալ դատարանի վարույթում են գտնվում երկու քրեական գործ, որոնց շրջանակում նա մեղադրվում է գողության և գերեզմանն անարգանքի ենթարկելու հոդվածներով:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև մարված կամ հանված դատվածությունը որևէ քրեաիրավական հետևանք չի կարող առաջացնել անձի համար, սակայն այն ենթակա է գնահատման հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման տիրույթում, քանի որ հանցանք կատարելու ռիսկն ածանցվում է անձի անձնական հատկանիշներից և հանրային որոշակի վտանգավորությունից: Այսինքն՝ այս փուլում, երբ որոշակի հանգամանքներ հաստատելու կամ հերքելու համար բավարար են ոչ միայն ապացույցները, այլև տեղեկություններն ու տվյալները, ապա մեղադրյալ Մ.Նալբանդյանի վերաբերյալ ինֆորմացիոն կենտրոնում առկա տվյալները չեն կարող հաշվի չառնվել հնարավոր կրկնահանցագործության կատարման ռիսկը գնահատելու ժամանակ՝ դիտարկելով այն ոչ թե որպես իրավական, այլ փաստական հանգամանք: Այլ կերպ ասած՝ մարված կամ հանված դատվածությունը չի կարող խոչընդոտ լինել քրեադատավարական կառուցակարգերում մեղադրյալի՝ հանցանք կատարելու հիմքը հիմնավորելիս, այն պարզ պատճառով, որ այն կարող է բնութագրվել որպես նախկինում հանցավոր վարքագծի վերաբերյալ բնութագրական տվյալ:
Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Բողոքաբերի այն դիտարկմանը, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանի կողմից քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունն արձանագրելու պայմաններում, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ փոխարինելու անհրաժեշտությունը Առաջին ատյանի կողմից բավարար չափով պատճառաբանված չէ:
Վերաքննիչ դատարանը բարձր է գնահատում նաև հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Մանուկ Նալբանդյանը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները։ Մասնավորապես, քրեական վարույթի ընթացքում առկա է մտավախություն, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանը քննությունն իր համար բարենպաստ ուղով շեղելու, ինչպես նաև իր համար ցանկալի դատավարական կարգավիճակ ստանալու նպատակով կարող է անօրինական ազդեցություն գործադրել ինչպես արդեն իսկ հարցաքննված, այնպես էլ դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ։
(...)
Նման հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև մեղադրյալ Մանուկ Նալբանդյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, մեղադրական դատավճռի դեպքում ակնկալվող պատժի խստությունը, որպիսիք գործի մյուս փաստական հանգամանքների հետ համակցված առանցքային նշանակություն ունեն մեղադրյալի կողմից գործի քննությանը միջամտելու ռիսկի աստիճանի գնահատման տեսանկյունից, մասնավորապես՝ հանդիսանում են այնպիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ նախաքննությունը դեռևս ավարտված չէ։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հանցանքը ենթադրաբար նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը ևս բարձրացնում է քրեական գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
(...)
Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինիս պատշաճ վարքագծին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքներն ու ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության այս փուլում մեղադրյալ Մանուկ Նալբանդյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի պահպանմամբ է հնարավոր հասնել ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների կատարմանը (...)»4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 22-ի որոշմամբ դուրս է եկել հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններից։
13. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում:
4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»:
13.1. Վճռաբեկ դատարանը Արթուր Սաքունցի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Վ]երաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում:
Նպատակային մեկնաբանման ենթարկելով դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ (…)»5:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Մ.Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ նա, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 1,75 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց6:
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առկա է խափանման միջոց կիրառելու երկու հիմք՝ մեղադրյալ Մ.Նալբանդյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և իր վրա օրենքով դրված պարտականությունները չկատարելու ճանապարհով, և կատարել նոր հանցանք։ Առաջին հիմքի առկայությունը պայմանավորված է համարել նրանով, որ դեռևս պետք է պարզել դեպքի կատարման բոլոր հանգամանքները, հնարավոր մեղսակից անձանց ողջ շրջանակը, թմրանյութեր ապօրինի իրացրած մյուս անձանց ինքնությունը։ Երկրորդ հիմքի առկայությունը պայմանավորված է համարել նրանով, որ դատվածության տեղեկանքից երևում է, որ Մ.Նալբանդյանը նախկինում դատապարտվել է, թեև դատվածությունը մարված է, բացի այդ, նրա վերաբերյալ երկու այլ քրեական գործ է գտնվում նախաքննության փուլում։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Մ.Նալբանդյանի կողմից վարույթին խոչընդոտելու վտանգը էապես նվազել է, և գտել, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում և չեզոքացնել քրեական գործի քննությանը խոչընդոտելու վտանգը7։
- Դատախազն իր հատուկ վերանայման բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները մեղադրյալ Մ.Նալբանդյանի կողմից վարույթի մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն էականորեն նվազելու, ինչպես նաև քննիչի կողմից բացառապես փաստաթղթային աշխատանք նախատեսված լինելու վերաբերյալ իրավաչափ չեն, քանզի քննիչն իր միջնորդությունը պատճառաբանել է կատարված թվային խուզարկությամբ հայտնաբերված տվյալների կապակցությամբ դրանցում նշված անձանց ինքնությունը և կատարված ենթադրյալ հանցագործություններին առնչակցությունը պարզելու, Մանուկ Նալբանդյանին ապօրինի թմրամիջոցներ իրացրած անձին կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև վերջինիցս թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերած անձանց ողջ շրջանակը պարզելու, Մ.Նալբանդյանի և մյուսների գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու և վարույթի վերջնական ընթացքը լուծելու անհրաժեշտությամբ, ինչն իր հերթին, նախատեսում է և չի բացառում հետագա քննության ընթացքում այդպիսի անձանց հարցաքննելու անհրաժեշտություն։
Վերոգրյալի հիման վրա, դատախազը գտել է, որ Մ.Նալբանդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն առավել մեղմով փոխարինելու անհրաժեշտությունը պատճառաբանված չէ8։
- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ըստ դատական գործում առկա՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի, մեղադրյալ Մ.Նալբանդյանը նախկինում դատապարտված է եղել, այդ հանգամանքը դիտարկել է որպես նախկինում հանցավոր վարքագծի վերաբերյալ բնութագրական տվյալ, իսկ ներկայումս նրա վերաբերյալ դատարանի վարույթում երկու քրեական գործերի առկայությունը, որոնց շրջանակում նա մեղադրվում է գողության և գերեզմանն անարգանքի ենթարկելու հոդվածներով, դիտարկել է որպես կրկնահանցագործության կատարման ռիսկը բնութագրող փաստական հանգամանք։
Վերաքննիչ դատարանը բարձր է գնահատել նաև հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանը կարող է չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները, քանզի առկա է մտավախություն, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանը քննությունն իր համար բարենպաստ ուղով շեղելու, ինչպես նաև իր համար ցանկալի դատավարական կարգավիճակ ստանալու նպատակով կարող է անօրինական ազդեցություն գործադրել ինչպես արդեն իսկ հարցաքննված, այնպես էլ դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ։ Նման հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև մեղադրյալ Մ.Նալբանդյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցանքը ենթադրաբար նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը, մեղադրական դատավճռի դեպքում ակնկալվող պատժի խստությունը, որպիսիք գործի մյուս փաստական հանգամանքների հետ համակցված առանցքային նշանակություն ունեն մեղադրյալի կողմից գործի քննությանը միջամտելու ռիսկի աստիճանի գնահատման տեսանկյունից, հատկապես այն պայմաններում, երբ նախաքննությունը դեռևս ավարտված չէ։
Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ քննության այս փուլում մեղադրյալ Մ.Նալբանդյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի պահպանմամբ է հնարավոր հասնել ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների կատարմանը9։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ համաձայն սույն վարույթի նյութերի՝ դատախազն իր հատուկ վերանայման բողոքը ներկայացրել է բացառապես այն հիմքով, որ մեղադրյալ Մ.Նալբանդյանի կողմից վարույթի մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն էականորեն նվազելու, ինչպես նաև քննիչի կողմից բացառապես փաստաթղթային աշխատանք նախատեսված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ չեն, որը հիմնավորել է այն հանգամանքով, որ առկա է մի շարք անձանց հարցաքննելու անհրաժեշտություն։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով հատուկ վերանայման բողոքի սահմաններից, մեղադրյալ Մ.Նալբանդյանի՝ նախկինում դատապարտված լինելը, և ներկայումս նրա վերաբերյալ դատարանի վարույթում երկու քրեական գործերի առկայությունը դիտարկել է համապատասխանաբար որպես նախկինում հանցավոր վարքագծի վերաբերյալ բնութագրական տվյալ և կրկնահանցագործության կատարման ռիսկը բնութագրող փաստական հանգամանք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև նշված հանգամանքը Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրվել էր մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս, սակայն, բողոքաբերն այդ հիմքով վերաքննիչ բողոք չէր ներկայացրել, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հատուկ վերանայման բողոքի սահմաններից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը Մ.Նալբանդյանի կողմից քրեական գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ հետևության հանգելիս, ի թիվս այլնի, հաշվի է առել այն հանգամանքը, որ վերջինս հանցանքը ենթադրաբար նախնական համաձայնությամբ խմբի կազմում է կատարել, որպիսի հանգամանքը բողոքաբերը ևս չէր վկայակոչել իր վերաքննիչ բողոքի հիմքը հաստատող փաստերում։
16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններից։
17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ նախաքննությունը դեռևս ավարտված չէ, որպիսի պայմաններում մեղադրյալ Մ.Նալբանդյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել ինչպես արդեն իսկ հարցաքննված, այնպես էլ դեռևս չհարցաքննված անձանց վրա, ինչպես նաև դրան համակցված նրան մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա համար նախատեսված պատժի խստությունը, մեղադրյալի կողմից վարույթին միջամտելու ռիսկի բարձր աստիճանի առկայության վերաբերյալ հանգել է հիմնավոր հետևության և իրավաչափորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ հատուկ վերանայումը բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում իրականացնելու իրավական պահանջը, որը, սակայն, չի ազդել վարույթի ելքի վրա, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Մանուկ Ալբերտի Նալբանդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
________________
1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 100-101։
2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 30-44։
3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 3-7։
4 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 23-31։
5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշումը:
6 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
7 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:8 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
9 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: