ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արմավիրի մարզի առաջին ատյանի |
ԱՐԴ/0288/01/22 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
25 հունիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մնացական Խաչիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝
2024 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 48154622 քրեական գործը։
2022 թվականի փետրվարի 16-ին Մնացական Խաչիկի Հարությունյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ Մնացական Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
2022 թվականի սեպտեմբերի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով, Մ․Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ մեղադրյալ Մ․Հարությունյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից:
Նույն դատավճռով ներկայացված մեղադրանքում մեղավոր են ճանաչվել նաև Լևոն Հակոբի Սահակյանը և Արամ Արթուրի Հարությունյանը։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը մասնակիորեն փոփոխելու մասին։ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետը, վերջինիս՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցելու արդյունքում, դարձվել է 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օր: Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Մ․Հարությունյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի անձի ու նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ուղղակի դիտավորությամբ ծանր հանցանք կատարելը, որի համար օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը։ Նշվածի հետ համակցված բողոքի հեղինակը փաստարկել է, որ թմրամիջոցներ ապօրինի շրջանառության պարագայում պատժողական մեղմ քաղաքականությունն արդարացված համարվել չի կարող․ պատժողական խիստ քաղաքականության իրացման դեպքում միայն հնարավոր կլինի հակազդել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելու հակմանը։
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Մ․Հարությունյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ։ Ավելին, մեղմացնող նշանակություն է տրվել այնպիսի հանգամանքներին, որոնք նման նշանակությամբ օժտված չեն։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի որոշումը՝ վերացնելով մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մնացական Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա․ «(․․․) [Խ]ախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2֊րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու թույլտվություն, իր կողմից ցանած և աճեցրած «Կանեփ» տեսակի բույսերից իրացնելու նպատակով պատրաստել է խոշոր չափերի՝ 24 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 2022թ․ փետրվարի 16-ին ժամը՝ 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի տարածքում՝ իրեն պատկանող «Վազ 2107» 36 МZ 909 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ 35․000 ՀՀ դրամով իր ազգական Լ․Սահակյանին վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է խոշոր չափերի՝ թվով 8 փաթեթներում գտնվող 22․68 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նշված թմրամիջոցից թվով 3 փաթեթը՝ 7․82 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, Լ․Սահակյանը նախապես պայմանավորվածության համաձայն ձեռք բերելով Ա․Հարությունյանի համար փոխանցել է վերջինիս, որը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից 2022թ․ փետրվարի 16-ին ժամը 22։30-ին՝ Ա․Հարությունյանի անձնական խուզարկությամբ, իսկ մնացած 5 փաթեթներում գտնվող խոշոր չափերի՝ 14․86 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից 2022թ․ փետրվարի 16-ին ժամը 23։05-ին Լ․Սահակյանի անձնական խուզարկությամբ։ Նշված 24 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցից նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի տարածքում Բ․Բաղդասարյանի օգտագործման համար, հյուրասիրության կարգով, վերջինիս ապօրինի իրացրել է զգալի չափերի՝ 1․32 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ով նշված թմրամիջոցը պահել է իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի 36 ZQ 339 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ, որը հայտնաբերվել է 2022թ․ փետրվարի 17-ին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ»1:
8․ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) [Ո]րպես Մ․Հարությունյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ նա մասնակցել է 2016թ․ տեղի ունեցած քառօրյա պատերազմին, նախկինում դատված չի եղել։
(․․․) [Ո]րպես մեղադրյալ Մ․Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար։
(․․․) Մ․Հարությունյանի (․․․) պատասխանատվություն[ն] ու պատիժ[ը] ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
(․․․)
Հիմք ընդունելով Մ․Հարությունյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ [Առաջին ատյանի դ]ատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, այդ թվում` պատժի ենթարկված անձի ուղղմանը, նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան 5 (հինգ) տարի ժամկետով (․․․)»2:
9․ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(․․․) Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով սույն գործով առկա փաստական տվյալները՝ Վերաքննիչ դատարանն իր հերթին գտնում է, որ Մ․Հարությունյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում նրա անձը բնութագրող տվյալների համակցությունը բավարար են հանգելու այն հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման համար։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել նույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (․․․):
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը․ (․․․) մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետն ամբողջությամբ հաշվակցվում է ազատազրկման ժամկետի մեջ։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, Մ․Հարությունյանի նկատմամբ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, դատավճռով նշանակված պատժին չի հաշվակցել Մեղադրյալի փաստացի անազատության մեջ գտնվելու՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 6 (վեց) օր ժամկետը, ըստ էության անտեսելով այն ողջ ժամանակահատվածը, որը Մ․Հարությունյանն անցկացրել է կալանքի տակ մինչև դատավճռի կայացումը»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Մ․Հարությունյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:
11․ Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4։
12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Մ․Հարությունյանը մեղավոր է ճանաչվել իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։ Մասնավորապես՝ իր կողմից ցանած և աճեցրած «կանեփ» տեսակի բույսից իրացնելու նպատակով պատրաստել է խոշոր չափերի՝ 24 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 22․68 գրամը՝ բաժանված ութ փաթեթի, 35․000 ՀՀ դրամով, 2022 թվականի փետրվարի 16-ին ապօրինի իրացրել է Լ․Հակոբյանին։ Վերջինս, Ա․Հարությունյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, ձեռք բերած հիշյալ քանակից ընդհանուր 7․82 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով երեք փաթեթը փոխանցել է Ա․Հարությունյանին։ 24 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մնացած մասը՝ 1․32 գրամը, նույն օրը, Մ․Հարությունյանը հյուրասիրելու եղանակով, ապօրինի իրացրել է Բ․Բաղդասարյանին5,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում նրա անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, 2016 թվականին ռազմական գործողություններին մասնակցելը, նախկինում դատապարտված չլինելը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, կատարած արարքի համար զղջալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելն ու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու6,
- Վերաքննիչ դատարանը, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին7։
13․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված գործերով որոշումներում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
Այս համատեքստում ստորադաս դատարանը համարժեք իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ արարքը կատարելու պահին Մ․Հարությունյանն աշխատել է ՀՀ ոստիկանության զորքերում8։ Այսինքն, լինելով ոստիկանության համակարգի աշխատակից, Մ․Հարությունյանն ուղղակիորեն օրենքի ուժով պարտականություն է կրել պայքարելու հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ9։ Այնինչ, անտեսելով հասարակական կարգի ապահովման իր պարտականությունը` կատարել է բնակչության առողջության դեմ ուղղված, հանրային բարձր վտանգավորությամբ օժտված հանցագործություն։
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր արարքը ոտնձգում է իրավական պաշտպանության ներքո գտնվող այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է անձի առողջությունը,
գ) թմրամիջոցի չափը, այն, որ մեղադրյալին մեղսագրվում է իրացնելու նպատակով խոշոր չափերով՝ 24 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն,
դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալ Մ․Հարությունյանը, իրացնելու նպատակով, իր ցանած և աճեցրած «կանեփ» տեսակի բույսից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մեղադրանքում նշված զանգվածի մեծամասնությունը մասնատել է առանձին փաթեթներով, որն էլ վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է, իսկ մնացած մասը՝ հյուրասիրելու եղանակով։
14․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես` սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունն ինքնին կանխորոշում է մեղադրյալի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
15․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ․Հարությունյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է Մ․Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Մնացական Խաչիկի Հարությունյանի մասով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի փետրվարի 12-ի որոշումը փոփոխել։ Մնացական Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Մնացական Խաչիկի Հարությունյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 54-78:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 71-87:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 64-82:
4 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի գործով 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ ՍԴ/0015/01/23 և Անդրանիկ Ազատյանի ու Արտաշ Պողոսյանի գործով 2025 թվականի մարտի 14-ի թիվ ԵԴ1/1136/01/23 որոշումները:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 35 և 210-211:
9 Տե՛ս «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածները։
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան | |
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: